Սահմանադրական բարեփոխումների պահանջվածությունը Հայաստանում
20.07.2015, Արմենպրես
21.07.2015, Հայոց աշխարհ
21.07.2015, Իրավունք
Համակ ուշադրությամբ ծանոթացա տարբեր հեղինակների, քաղաքական գործիչների հրապարակումներին ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության առաջին 7 գլուխների վերաբերյալ։ Դրանցում գտա ինչպես հետաքրքիր շատ մտքեր՝ ի պաշտպանություն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց անհրաժեշտությունը վիճարկող մոտեցումներ։ Կային նաև հրապարակումներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ և կրում էին լոկ ցածրահարգ անձնավորված հայհոյախոսության ու այն հսկայական աշխատանքի վատաբանման լիցք, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Նշեմ, որ նման հրապարակումները, որոնց հետևից ցցված են հասարակության մեջ քաղաքական նեցուկ չունեցող հավակնոտ քաղաքական գործիչների ականջները, նույնպես հարկավոր էին, քանի որ դրանցում հստակ երևում էր դրանց հեղինակների մտավոր սնանկությունը։ Բայց խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է ոչ թե նրանց, այլ առաջարկվող բարեփոխումների էությանը և դրանց անհրաժեշտության աստիճանին։
Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ, վերլուծելով հրապարակումները՝ գալիս էի այն եզրակացության, որ դրանց հեղինակների մեծ մասն իր փաստարկները և եզրահանգումները կատարում է՝ Սահմանադրության առանձին հոդվածներ և պարագրաֆներ (դրանց նոր խմբագրմամբ) համեմատելով մեր կյանքի այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունեցել գործող Սահմանադրության պայմաններում։ Միանգամայն բնական կլինի, եթե ընթերցողը հարցնի. իսկ այդ դեպքում ինչի՞ հետ համեմատել դրանք։ Այսպիսի հարցադրումն առաջին հայացքից կարող է տեղին թվալ։ Բայց միայն առաջին հայացքից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ձևավորեց խմբակցություն, որը ձայների պարզ մեծամասնություն ունի՝ 50%+1 միավոր (ձայն)։ Այսպիսով, Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որը միաժամանակ կառավարող Հանրապետական կուսակցության նախագահն է, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է ակնկալել խորհրդարանի աջակցությունն իր նախաձեռնած օրենքների ընդունման հարցում։ ՀՀ ԱԺ-ում ստեղծված քաղաքական ուժերի հարաբերակցությունն անցած 8 տարիներին թույլ է տվել ՀՀ Նախագահին հանդես գալ Հայաստանի համար բավական վճռորոշ հայտարարություններով և նախաձեռնություններով։ Անշուշտ, դրանց թվին պետք է դասել 2009թ. հոկտեմբերի 10-ին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման» մասին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը։
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյանը հերքում է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցիների ներկայացրած բանաձևին կողմ քվեարկելու լուրերը
09.07.2015, Արմենպրեսս
ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած ու ընդունված բանաձևին:
«Դա ի սկզբանե հերյուրանք էր, որն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում է: Այդ բանաձևը քվեարկության է դրվել հուլիսի 9-ին, որից առաջ ես խոսք ուզեցի, հիմնավորեցի՝ ինչու ենք մենք դեմ քվեարկելու և կարծում եմ, որ հիմնավորումս շատ համոզիչ էր, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Եվ ոչ միայն ես, այլ նաև պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը և Ստեփան Մարգարյանը, դեմ ենք քվեարկել այդ բանաձևին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամյանը:
Պատգամավորը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հալած յուղի տեղ են ընդունում ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքները: «Սա մտահոգիչ է, սակայն հատկանշական է, որ հարկ էլ չեն համարում հղում տալ, որովհետև գիտեն, որ դա ակնհայտ սուտ է: Բարեբախտաբար, այդ ամենը տեսագրվել է, և այն կտեղադրվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում և այդ լրատվամիջոցները հերթական անգամ կխայտառակվեն, որ աշխատում են ադրբեջանական քարոզչության օգտին»,- նշեց Գեղամյանը:
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյանի հոդվածները տպագրվել են յոթ լեզվով. երկու նոր գիրք ընթերցողի սեղանին
01.04.2015, ԱՐՄԵՆՊՐԵՍ
Քաղաքական գործիչ, հրապարակախոս Արտաշես Գեղամյանի էլեկտրոնային հոդվածներն երկու առանձին գրքույկներով, յոթ լեզվով դրվել են ընթերցողի սեղանին:
ԵԱՀԿ խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջաններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթները, նրա հարցազրույցները,վերլուծական հոդվածերը մամուլում և համացանցում մշտապես լայն արձագանք են գտել երկրում ու նրա սահմաններից դուրս: Դրանք լուրջ դեր են կատարում ժողովրդի կենսական շահերը համաշխարհային հանրությանը հասցնելու,միջազգային հասարակական կարծիքները կողմնորոշելու գործում: Արտաշես Գեղամյանի ելույթները նվիրված են նոր աշխարհակարգի ձևավորման բարդ գործընթացի մի շարք հիմնախնդիրների: Այդ ելույթներում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ աշխարհում ներկայում ընթացող բազում իրողություններ տեղի չէին ունենա, եթե ժամանակին դրանք դատապարտվեին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լույս ընծայված գրքերից մեկում զետեղված է Գեղամյանի հոդվածը, որը լույս է տեսել հունվարի 25-26-ին «Արմենպրես» և «Ռեգնում» լրատվական գործակալությունների կայքերում: Հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իսպաներենով և թուրքերենով աշխարհին հասանելի կլինի Արտաշես Գեղամյանի «Թուրքիան պետք է ապաշխարի սեփական պատմական անցյալի համար» խորագրով հոդվածը: Դրանում հեղինակը հեռուն թափանցող հայացքով հիմնավոր ու համոզիչ գնահատական է տալիս այսօրվա Թուրքիայի, նրա հաճոյակատար Ադրբեջանի ու հայատյաց մի շարք մեկնաբանություններին, որոնց հակահայկական և հակամարդկային բովանդակությունը շարունակ քողազրկում է հայկական կողմը:
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄՈՆԱՑՈՒՄԸ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՆԻ
10.03.2015, Արմենպրեսս
18.03.2015, Իրավունք
2015 թ. փետրվարի 18 – 20-ը Վիեննայում, «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի տասնչորսերորդ նիստը։ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն այդ խորհրդաժողովում ներկայացնում էր նրա ղեկավար, Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ա. Մ. Գեղամյանի պատասխանները մեր թղթակցի հարցերին։
– Պարոն Գեղամյան, ինչո՞վ էր հատկանշական ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովը, և ինչպե՞ս կգնահատեք հայկական պատվիրակության աշխատանքն այնտեղ, ինչպիսի՞ն էր Ձեր անձնական մասնակցությունը։
Ա. Գ. – ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի նշանակությունը, առանց չափազանցության, կարելի է ասել, առանձնահատուկ էր։ Չէ՞ որ այն տեղի էր ունենում միջազգային իրադրության չափազանց լարված պայմաններում, երբ լուծվում է ոչ միայն Եվրոպայի կենտրոնում, Ուկրաինայի հարավարևելքում խաղաղության հաստատման ճակատագիրը, այլև կատարվում է նոր աշխարհակարգի ձևավորման չափազանց ցավագին գործընթաց։ Եվ միանգամայն սպասելի էր, որ ս. թ. փետրվարի 19-ին ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների հատուկ համատեղ նիստում առանձին քննարկման առարկա դարձավ «ԵԱՀԿ արձագանքը Ուկրաինայում և նրա շուրջ ճգնաժամին» հարցը։ Քննարկումը բուռն էր և զգացմունքային. բավական է ասել, որ հարցի շուրջ բանավիճեց ավելի քան 60 հռետոր, այդ թվում` Ձեր խոնարհ ծառան։ Մանրամասների մեջ չխորանալով՝ կարելի է վստահաբար ասել, որ ձմեռային խորհրդաժողովն ամենայն համոզչությամբ ցույց տվեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը շարունակում է հանդիսանալ բավական կարևոր և պատասխանատու համաժողով` արդի աշխարհի կենսականորեն ամենակարևոր խնդիրների ազնիվ և բաց քննարկման, մեր օրերի մարտահրավերների համատեղ հաղթահարման ուղիների որոնման համար։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքի գնահատականին, դժվարանում եմ այդ հարցում, քանի որ սույն պարագայում դա ինքնագնահատական կլիներ, որովհետև ինձնից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի այս համաժողովում Հայաստանի Ազգային ժողովը միայն ես էի ներկայացնում։ Ասեմ, որ ձմեռային խորհրդաժողովի ժամանակ ես ինն անգամ ելույթ եմ ունեցել։
Առաջինը, ինչի մասին կուզեի ասել, այն է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հանձնարարությամբ ես պատիվ ունեցա Ավստրիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի հետ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Իլկե Կաներվային հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը։ Հանձնման արարողության ընթացքում նախագահ Իլկե Կաներվան տեղեկացվեց ողբերգական այդ օրվա հետ կապված հիշատակի միջոցառումների մասին։ Եվ խորապես օրինաչափ էր, որ իմ ելույթներում ես քանիցս հնչեցրել եմ Հայոց ցեղասպանության թեման։ Ավելին, արդեն որերորդ անգամ այդ հեղինակավոր լսարանի առջև, որտեղ ներկայացված են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 57 երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի խորհրդարանականները, ինչպես նաև միջերկրածովյան երկրների խորհրդարանների պատվիրակությունները, հենվելով պատմական փաստերի վրա՝ ստիպված եմ եղել ցրել թուրքական և ադրբեջանական քարոզչության առասպելները, որոնք խեղաթյուրում են XIX դարավերջին – XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում կատարված ողբերգական իրադարձությունները։ Ելույթներիցս մեկում ես ստիպված եղա խոսել 1992 թ. Խոջալուում կատարված իսկական իրադարձությունների մասին, փաստերի հիման վրա տալ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության գծում իրերի դրության օբյեկտիվ գնահատականը։
– Պարոն Գեղամյան, գուցե ավելի հանգամանալիորեն անդրադառնանք Ձեր ելույթներին։
Ա. Գ. – Համաձայն եմ, ինձ թվում է, որ ավելի ազնիվ կլինի, եթե ընթերցողի դատին ամբողջությամբ ներկայացնեմ իմ ելույթները, իսկ եթե պարզաբանումների հարկ լինի, ապա պատրաստ եմ դրանք տրամադրել։ Եվ այսպես, ձմեռային խորհրդաժողովը բացվեց փետրվարի 18-ին ԵԱՀԿ ԽՎ Միջերկրածովյան համաժողովով, որտեղ ունեցա առաջին ելույթս, որի տեքստը ներկայացնում եմ ստորև։
Հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի անունից, հայկական պատվիրակության անունից ուզում եմ անկեղծ ցավակցություն հայտնել եգիպտացի մեր գործընկերներին, մեզ բոլորիս՝ Լիբիայում 21 քրիստոնյա ղպտիների ողբերգական վախճանի կապակցությամբ, որոնց գլխատեցին։ Ի՞նչ է՝ դա պատահակա՞ն էր։ Իհարկե ոչ։ Համարձակվում եմ ձեզ հիշեցնել Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ աս-Սիսիի ելույթի խոսքերը, որոնցով նա մուսուլմանական աստվածաբաններին կրոնական հեղափոխության կոչ էր անում։ Հունվարի 3-ին՝ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը, Ալ-Ազհար համալսարանում ելույթ ունենալով եկեղեցական, մուսուլմանական առաջնորդների առջև, աս-Սիսին, մասնավորապես, ասաց. «Աներևակայելի է, որ այն մտքերը, որոնք մենք ամբողջ ումմայի (իսլամական ազգ, ողջ աշխարհի մուսուլմանական համայնք) համար ամենասրբազանն ենք համարել, վերածվեն մտահոգության, վտանգի, սպանությունների և ավերումների աղբյուրի ողջ աշխարհում։ Դա անհնա՛ր է... Դրանք մտքեր են, և ես չեմ ասում կրոն, ես ասում եմ՝ մտածելակերպ, տեքստերի և գաղափարների հավաքածու, որոնք մեզ համար դարձել են այնքան նվիրական, սրբազան, որ ցանկացած շեղում դրանցից գրեթե անհնար է դառնում. սրանով իսկ մենք մեր դեմ ենք հանում ամբողջ աշխարհը»։ Եգիպտոսի նախագահը հետո շարունակել է. «Մի՞թե հնարավոր է, որ 1,6 միլիարդ մուսուլման ցանկանա սպանել մնացյալ ողջ աշխարհը հանուն այն բանի, որպեսզի իրենք կարողանան ապրել։ Անհնա՛ր է։ Դուք դա չեք հասկանա, եթե մնաք այդ մտածելակերպի ծուղակում։ Դուք պետք է դուրս գաք ինքներդ ձեր սահմաններից, որպեսզի նայեք դրան կողքից և հասկանաք ավելի լուսավորյալ տեսակետից։ Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ մեզ կրոնական հեղափոխություն է անհրաժեշտ։ Դուք՝ իմամներդ, պատասխանատու եք Ալլահի առջև։ Ողջ աշխարհը, կրկնում եմ, ողջ աշխարհը սպասում է Ձեր հետագա գործողություններին... որովհետև ումման խարխլված է, ումման քայքայված է, որովհետև ումման կորցրել է ինքն իրեն, և դրա մեղավորը միայն մենք ենք»։
Կարդալ ավելին...