«Ազգային Միաբանություն կուսակցության» կանոնադրություն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Ազգային Միաբանություն կուսակցությունը» (այսուհետև` ԱՄԿ) միավորում է Հայաստանի Հանրապետության ընտրական տարիքի, քաղաքական ընդհանուր հայացքներ ու գաղափարներ ունեցող անձանց, արտահայտում է նրանց հետաքրքրություններն ու համոզմունքները, գործում է ինքնակառավարման հիմունքներով և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, գործող օրենսդրության, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնադրության համաձայն:
1.2. ԱՄԿ-ն գործում է ՀՀ տարածքում: Իր գործունեությունն իրականացնում է կամավորության, անդամների հավասարության, ինքնակառավարման, օրինականության և հրապարակայնության սկզբունքներով: ԱՄԿ-ը կուսակցական տարածքային կազմակերպություններ (մասնաճյուղեր) և կառուցվածքային ստորաբաժանումներ է ստեղծում ու դրանց գործունեությունը կազմակերպում տարածքային հատկանիշով: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ներկայացուցչություններ ունենալ:
1.3. ԱՄԿ-ն պետական գրանցման պահից հանդիսանում է իրավաբանական անձ: Օրենքով սահմանված կարգով կարող է ունենալ սեփականություն, ձեռք բերել գույքային, անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտավորություններ, լինել հայցվոր և պատասխանող դատարաններում: ԱՄԿ-ն օրենքով սահմանված կարգով կարող է ունենալ իր հաշվարկային հաշիվները բանկերում:
1.4. ԱՄԿ-ն ունի կլոր կնիք, դրոշմ և խորհրդանշան, ձևաթղթեր ու անհրաժեշտ այլ գործառնական ձևեր (ատրիբուտիկա): Խորհրդանշանն իրենից ներկայացնում է կլոր շրջանակ, որի վերին կիսաշրջանը եզրավորված է ՀՀ պետական դրոշի գույներով և դրանց հատման կետում տեղադրված է խաչ, ներքևի կիսաշրջանում կապույտ գույնով գրված է ԱՄ (Ազգային Միաբանություն կուսակցության սկզբնատառերը), իսկ տրամագծի վրա` Արարատ լեռան պատկերը:
1.5. ԱՄԿ-ն իր գործունեությունը պետական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միությունների, միավորումների, դաշինքների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ իրականացնում է ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն:
1.6. ԱՄԿ-ն իր գործունեության հիմքում դնում է գաղափարներ, որոնց իրականացումը տեսնում է ազգային միաբանության ու համաձայնության մեջ, որով էլ միջազգային նոր իրադրության պայմաններում հնարավոր է լուծել հայ ժողովրդի առջև ծառացած սոցիալ-քաղաքական և պատմական խնդիրները:
1.7. ԱՄԿ-ն գտնում է, որ միայն ազգային միաբանությամբ և համաձայնությամբ կարելի է հասնել հասարակական-բարոյական մնայուն այնպիսի արժեքների հաստատմանը, ինչպիսիք են Ազատությունը, Համերաշխությունը, Արդարությունը:
1.8. ԱՄԿ-ն համոզված է, որ հայ ժողովրդի ձգտումը` պահպանել իր հողը, լեզուն, հավատքը, ընտանիքը, ապահովել հայրենիքի բարգավաճումը, պաշտպանել անկախ պետականությունը և անձնական ազատությունը, չպետք է կորչի Հայաստանի ապագայի համար բախտորոշ նշանակություն ունեցող, սոցիալիստական, լիբերալ և ժողովրդավարական հոսանքների, ինչպես նաև տնտեսության և քաղաքականության մեջ գերիշխանության ձգտող կորպորատիվ զանազան խմբավորումների միջև մղվող անհաշտ պայքարում:
1.9. Կազմակերպության ամբողջական անվանումն է` «Ազգային Միաբանություն կուսակցություն», իսկ հակիրճ ձևը` ԱՄԿ: Երկու անվանումներն էլ հավասարազոր են:
1.10. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում ԱՄԿ-ն ազատ է որոշելու իր ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության եղանակները, մեթոդներն ու ձևերը:
2. ԱՄԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. ԱՄԿ-ն իր առջև խնդիր է դնում ձևավորել տնտեսական և հասարակական այնպիսի կարգեր, որոնք համապատասխանեն ազգաբնակչության մեծ մասի շահերին. կառուցել քաղաքացիական հասարակություն, որը կհենվի անձնական, քաղաքացիական և հասարակական ներդաշնակության վրա` վեր դասելով այդ հարաբերությունները դասակարգային, նեղ խմբակային, կլանային շահերից:
2.2. Հայրենիքի համար փորձությունների ժամին ԱՄԿ-ը ցուցաբերում է փոխզիջման պատրաստակամություն` հանուն ժողովրդի համար համընդհանուր նշանակություն ունեցող արժեքների ու ազգային իղձերի իրականացման:
2.3. ԱՄԿ-ն իր գաղափարների և նպատակների մարմնավորումը կապում է այնպիսի տնտեսակարգի կառուցման հետ, որի հիմքում դրված է սոցիալական շուկայական տնտեսությունը, ուր ազատության գաղափարը զուգակցված է պատասխանատվության հետ:
ԱՄԿ-ն մշակում և հաստատում է տնտեսական, հասարակական-քաղաքական ծրագրեր, որոնց իրականացման գործում կարող են ընդգրկվել հասարակության բոլոր շերտերը, քաղաքական, հասարակական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները:
2.4. ԱՄԿ-ն տնտեսական բարեփոխումները նպատակաուղղում է երկրի շահերի, ազգային անվտանգության ապահովմանը, գտնելով, որ դրանք չպետք է զոհաբերվեն սեփականության այս կամ այն ձևերին: Նա պաշտպանում է շուկայական այնպիսի տնտեսությունը, որի հիմնորոշ բաղադրիչներն են` ազատ մրցակցությունն ու անձնական, սոցիալապես պարտավորեցնող սեփականությունը, տնտեսության կենտրոնացված և ապակենտրոնացված վարման ու կարգավորման սկզբունքների զուգակցումը:
2.5. ԱՄԿ-ն սոցիալական քաղաքականության հայեցակարգի հիմքում դնում է դեպի ներկան և ապագան սոցիալապես կողմնորոշված տնտեսական քաղաքականությունը, որը զուգակցում է եկամտաբերությունն ու մարդասիրությունը, արմատախիլ է անում աղքատությունը` որպես սոցիալական չարիք: 2.6. ԱՄԿ-ն ագրարային քաղաքականության մեջ գլխավոր գերակայությունը համարում է ՀՀ-ում պարենային անվտանգության ապահովումը: Նա հանդես է գալիս հօգուտ գյուղացիական այնպիսի տնտեսության, ուր գյուղացին իր սեփականության ազատ տնօրինման հիման վրա թեև հնարավորին չափով մնում է պետությունից անկախ, բայց օգտվում է վերջինիս բազմակողմանի աջակցությունից :
2.7. ԱՄԿ-ն կարևորում է ընտանիքը` որպես սոցիալական ճիշտ քաղաքականության իրականացման ամենագործուն ձևի:
2.8. ԱՄԿ-ն ձգտում է, որպեսզի երիտասարդներն ակտիվորեն մասնակցեն պետության հիմնական արժեքների հաստատմանն ու դրանց զարգացմանը, գիտակցեն իրենց պատասխանատվությունը երկրի արմատական բարեփոխումների իրականացման գործում:
2.9. ԱՄԿ-ն ազգային գաղափարախոսությանը վերաբերվում է որպես ինքնապահպանման հավաքական բնազդի գիտակցված աստիճանի և գոյատևման երաշխիքի: Այն վեր է բոլոր դասերի ու կուսակցությունների շահերից, որի վերջնական նպատակը հասարակական համաձայնությունն է: Նա հասարակական կյանքի բոլոր պրոցեսները գնահատում է ազգի համախմբման, ազգային նկարագրի, բարոյականության և ոգու պահպանման տեսանկյունից:
2.10. Արտաքին քաղաքականության բնագավառում ԱՄԿ-ն կարևորում է անհատի, հասարակության և պետության պաշտպանությունը, Հայաստանի հուսալի անվտանգության ապահովումը, Հանրապետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը, բոլոր երկրների հետ իրավահավասար ու գործնական հարաբերությունների հաստատումը: Հանուն ազգային շահերի` ԱՄԿ-ը կողմնակից է վիճահարույց սուր հարցերը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն:
2.11. ԱՄԿ-ն իր գործունեությունը նպատակաուղղում է ի պաշտպանություն արտաքին և ներքին խաղաղության, հայ ժողովրդի անվտանգության և անկախության:
3. ԱՄԿ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. ԱՄԿ-ին ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1.1. ԱՄԿ անդամակցությունը կամավոր է և անհատական:
3.1.2. ԱՄԿ անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է ԱՄԿ ծրագիրն ու կանոնադրությունը և պատրաստ է մասնակցել ԱՄԿ ծրագրերի իրագործմանը: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:
3.1.3. Կուսակցությունում անդամագրվելու համար քաղաքացին գրավոր դիմում է ԱՄԿ տարածքային կազմակերպություն (մասնաճյուղ), առանձին դեպքերում` ԱՄԿ նախագահություն:
3.1.4. ԱՄԿ-ն անդամագրվելու որոշումն ընդունում է ԱՄԿ տարածքային կազմակերպությունը (մասնաճյուղը), առանձին դեպքերում` ԱՄԿ նախագահությունը:
3.1.5. ԱՄԿ անդամների կողմից անդամավճարի մուծման չափը կամավոր է:
3.1.6. ԱՄԿ անդամությունից դուրս գալը կատարվում է կամավոր սկզբունքով:
3.1.7. ԱՄԿ անդամությունը դադարեցվում է անդամի կուսակցությունից հեռացման կամ նրա շարքերից դուրս մնալու դեպքում:
3.1.8. Կուսակցության անդամը համարվում է կազմակերպությունից դուրս մնացած հետևյալ դեպքերում.
ա) երբ ներկայացրել է դիմում` կուսակցությունից դուրս գալու մասին.
բ) երբ զրկվել է ՀՀ քաղաքացիությունից.
գ) երբ Ճանաչվել է անմեղսունակ.
դ) երբ մահացել է.
ե) երբ կուսակցությունը լուծարվել է:
3.1.9. Կուսակցությունից դուրս մնալու ժամկետը հաշվվում է վերը նշված դեպքերի արձանագրման պահից:
3.1.10. Կուսակցության անդամ չեն կարող լինել`
1) դատավորները.
2) դատախազները.
3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցները.
4) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների աշխատակիցները.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ծառայողները.
6) այլ կուսակցության անդամ անձինք:
3.2. ԱՄԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» կանոնադրությամբ նախատեսված իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար իրավունք ունի`
3.2.1. Թեկնածուներ առաջադրել Ազգային Ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում:
3.2.2. Մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը:
3.2.3. Ստեղծել տարածքային կազմակերպություններ (մասնաճյուղեր) և կառուցվածքային ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ: Ինչպես նաև կազմալուծել դրանք:
3.2.4. Այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ):
3.2.5. Հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ հանդես գալ նախաձեռնություններով, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ցանկացած հարցով առաջարկներ ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
3.2.6. Կապեր և շփումներ հաստատել ու պահպանել օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ, մտնել միջազգային միությունների ու ասոցիացիաների մեջ:
3.2.7. Ծավալել հրատարակչական գործունեություն, ունենալ իր լրատվական միջոցները:
3.2.8. Տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր նպատակներն ու խնդիրները:
3.2.9. Օրենքով սահմանված կարգով կազմակերպել ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և հասարակական-քաղաքական այլ միջոցառումներ:
3.2.10. Ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:
3.2.11. Ունենալ աշխատողների վճարովի հաստիքներ:
3.2.12. Որպես սեփականություն ձեռք բերել շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային և կապի միջոցներ ու օրենքով չարգելված շարժական և անշարժ գույք:
3.2.13. Աշխատանքների և հանձնարարությունների կատարման համար կարող է ներգրավել մասնագետների, աշխատանքի դիմաց վճարել ըստ պայմանագրի:
3.3. ԱՄԿ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄԿ անդամն իրավունք ունի.
3.3.1. Ընտրել և ընտրվել ԱՄԿ ու նրա տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) մշտական գործող ղեկավար ու վերահսկողություն իրականացնող մարմիններում:
3.3.2. ԱՄԿ համագումարում, նրա ղեկավար մարմիններում, զանգվածային լրատվության միջոցներում ազատորեն քննարկել ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կառուցման հարցերը, բացահայտ արտահայտել ու պաշտպանել սեփական կարծիքը:
3.3.3. Անձամբ մասնակցել համաժողովներին, կուսակցության ընտրովի մարմինների նիստերին, երբ քննարկվում են իր կողմից բարձրացված կամ դրանց հետ կապված հարցերը:
3.3.4. Սպառիչ տեղեկություններ ստանալ ԱՄԿ գործունեության մասին:
3.3.5. Ազգային Ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարող է ներկայացնել իր թեկնածությունը կամ պաշտպանել այլ թեկնածուների:
3.3.6. Գործող կանոնադրության սահմաններում` կուսակցության կողմից ստանում է իրավական և բարոյական աջակցություն:
3.3.7. Պետական, գործադիր իշխանություններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում կուսակցության կողմից ստանում է լիակատար տեղեկատվություն և աջակցություն:
3.3.8. Ունենում է կուսակցական տոմս, որը վավերացնում է նրա անդամությունը կուսակցությանը:
3.3.9. Կուսակցության անդամը կարող է դուրս գալ կուսակցության շարքերից` դիմում ներկայացնելով ԱՄԿ տարածքային կազմակերպություն (մասնաճյուղ) կամ հանրապետական ղեկավար մարմիններին: Անձը, որը դուրս է եկել կուսակցությունից, կարող է վերականգնվել ԱՄԿ շարքերում իր դիմումի համաձայն` ԱՄԿ նախագահության որոշմամբ:
3.4. ԱՄԿ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄԿ անդամը պարտավոր է .
3.4.1. Կատարել սույն կանոնադրության պահանջները:
3.4.2. Կուսակցական գործունեության ընթացքում ղեկավարվել վերադաս մարմինների որոշումներով:
3.4.3. Պրակտիկ գործունեությամբ և նյութական միջոցներով աջակցել կուսակցության գործունեությանը:
3.4.4. Պետական, ներկայացուցչական, գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցության շահերի:
3.4.5. Կատարել կուսակցության կողմից տրված բոլոր հանձնարարությունները :
3.4.6. Չխոչընդոտել տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) որոշումների իրականացմանը:
3.5. ԱՄԿ ԱՆԴԱՄԻՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԱՄԿ անդամը կուսակցական պատասխանատվության կարող է ենթարկվել տարածքային կազմակերպության (մասնաճյուղի), առանձին դեպքերում ԱՄԿ նախագահության կողմից:
3.6. ԱՄԿ ԱՆԴԱՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԻՑ ՎՏԱՐՈՒՄԸ
ԱՄԿ անդամը կուսակցության շարքերից կարող է վտարվել.
3.6.1. այն տարածքային կազմակերպության (մասնաճյուղի) ընդհանուր ժողովի որոշմամբ, որտեղ նա գրանցված է, բացառիկ դեպքերում` նախագահության կողմից.
3.6.2. կանոնադրությամբ իր վրա դրված պարտավորությունների չկատարման դեպքում.
3.6.3. տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) որոշումների կատարմանը խոչընդոտելու դեպքում.
3.6.4. այլ կուսակցության կամ հասարակական-քաղաքական կազմակերպության մեջ անդամագրվելու դեպքում.
3.6.5. դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, որով կուսակցության անդամը հանցագործություն կատարելու մեջ ճանաչվել է մեղավոր.
3.6.6. կատարել է գործողություններ, որոնք հակասում են կուսակցության շահերին:
Կուսակցության ղեկավար, վերստուգիչ մարմիններում կամ դրանց տարածքային կազմակերպություններում (մասնաճյուղերում) ընտրված անդամը կարող է հեռացվել կուսակցությունից միայն այն մարմնի որոշմամբ, որը նրան ընտրել է վերադաս ղեկավար կամ վերստուգիչ մարմիններում:
3.7. ԱՄԿ ԱՆԴԱՄԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Կուսակցության անդամը հաշվառման է ենթարկվում ԱՄԿ տարածքային կազմակերպությունում (մասնաճյուղում) և նախագահության կողմից պարբերաբար ենթարկվում է վերահաշվառման:
4. ԱՄԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
4.1. ԱՄԿ բարձրագույն մարմինը «Ազգային Միաբանություն կուսակցության» համագումարն է, որը հրավիրվում է ԱՄԿ նախագահության որոշմամբ 2 տարին մեկ անգամ:
4.2. ԱՄԿ նախագահության նախաձեռնությամբ, ինչպես նաև ԱՄԿ անդամների 1/3-ի պահանջով կարող են հրավիրվել արտահերթ համագումարներ:
4.3. ԱՄԿ համագումարի հրավիրման կարգը, ներկայացուցչական կազմը, պայմանները, ժամանակը և տեղը որոշում է ԱՄԿ նախագահությունը և առնվազն մեկ ամիս առաջ հայտնում ԱՄԿ անդամներին:
4.4. ԱՄԿ-ի տարածքային կազմակերպությունները (մասնաճյուղերը) ստեղծվում են ըստ տարածքային սկզբունքի Հայաստանի Հանրապետության բնակավայրերում` քաղաքներում, ավաններում, գյուղերում:
200 և ավելի անդամ ունեցող տարածքային կազմակերպությունները 2 տարին մեկ հրավիրում են կոնֆերանսներ: Կոնֆերանսների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպության աշխատանքները ղեկավարելու համար կոնֆերանսի կողմից 2 տարի ժամկետով ընտրվում է վարչություն: Վարչության նախագահը նշանակվում է ԱՄԿ-ի նախագահության կողմից, տեղակալները ընտրվում են կոնֆերանսում:
50-ից մինչև 200 անդամ ունեցող տարածքային կազմակերպությունները 6 ամիսը մեկ հրավիրում են ժողովներ: Ժողովում կազմակերպության աշխատանքները ղեկավարելու համար 2 տարի ժամկետով ընտրվում է խորհուրդ: Խորհրդի նախագահը նշանակվում է ԱՄԿ նախագահության կողմից, տեղակալները ընտրվում են ժողովում:
Մինչև 50 անդամ ունեցող կազմակերպությունները 6 ամիսը մեկ հրավիրում են ժողովներ: Ժողովի նախագահը նշանակվում է ԱՄԿ-ի նախագահության կողմից 2 տարի ժամկետով, տեղակալները նույն ժամկետով ընտրվում են ժողովում:
ԱՄԿ համագումարը և կազմակերպության նախագահությունը հանդիսանում են վերադաս մարմին տարածքային կազմակերպությունների և կառուցվածքային ստորաբաժանումների համար: Համագումարի և նախագահության որոշումները պարտադիր են տարածքային կազմակերպությունների և կառուցվածքային ստորաբաժանումների համար:
4.5. ԱՄԿ կուսակցական կառուցվածքի ղեկավարման սկզբունքներն են.
- ԱՄԿ ղեկավար մարմինների ընտրովի լինելը.
- դրանց աշխատանքի ժողովրդավարությունը.
- որոշումների ընդունումը` ձայների պարզ մեծամասնությամբ.
- հարգալից վերաբերմունքը փոքրամասնության կարծիքի նկատմամբ:
4.6. ԱՄԿ տարածքային կազմակերպություններն (մասնաճյուղերն) ինքնուրույն են տեղական հարցեր լուծելիս, եթե ընդունված որոշումները չեն հակասում ԱՄԿ ծրագրային դրույթներին:
4.7. ԱՄԿ ղեկավար մարմիններում ընտրությունները կատարվում են այլընտրանքային սկզբունքով, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
4.8. Տարածքային կազմակերպությունները hամարվում են ԱՄԿ մասնաճյուղերը:
4.8.1. Տարածքային կազմակերպություն (մասնաճյուղ) է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:
4.8.2. Տարածքային կազմակերպությունները (մասնաճյուղերը) իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատված կանոնադրությունների հիման վրա:
4.8.3. Տարածքային կազմակերպությունները (մասնաճյուղերը) ստեղծված են Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում կուսակցության նախագահության որոշմամբ:
4.9. ԱՄԿ տարածքային կազմակերպությունները (մասնաճյուղերը) և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում և կազմալուծվում են կուսակցության նախագահության որոշմամբ:
5. ԱՄԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
5.1. Ընդունում է ԱՄԿ կանոնադրությունը, դրանում կատարում փոփոխություններ և լրացումներ:
5.2. Ընտրում է ԱՄԿ նախագահություն, ԱՄԿ նախագահ, առաջին փոխնախագահ և փոխնախագահներ, լսում նախագահության հաշվետվությունը:
5.3. Ընտրում է ԱՄԿ վերստուգիչ հանձնաժողով և լսում նրա հաշվետվությունը:
5.4. Սահմանում է ԱՄԿ գործունեության հիմնական ուղղություները և հաստատում նրա ծրագիրը:
5.5. Համագումարն իրավասու է քննարկելու և լուծելու ԱՄԿ գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
5.6. Համագումարը լսում է ԱՄԿ ընտրովի մարմինների, հանձնախմբերի հաշվետվությունը և գնահատում դրանց գործունեությունը:
5.7. Համագումարը իրավազոր է, եթե նրա աշխատանքներին ներկա են (գրանցված են) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
5.8. ԱՄԿ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Համագումարի մնացած որոշումներն ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
5.9. ԱՄԿ նախագահությունն ընտրվում է համագումարի կողմից 2 տարի ժամկետով և իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
5.10. Համագումարի պատվիրակներն ընտրությունների ժամանակ իրավունք ունեն վիճարկելու թեկնածությունները, քննարկելու դրանք: Ընտրված են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին քվեարկել է համագումարին մասնակից պատվիրակների կեսից ավելին:
5.1. ԱՄԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
5.1.1. Ղեկավարում է ԱՄԿ գործունեությունը համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում:
5.1.2. Ազգային Ժողովի ընտրություններում կատարում է պատգամավորության թեկնածուների առաջադրում: Այս նիստին պարտադիր կարգով մասնակցում են ԱՄԿ տարածքային կազմակերպությունների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
5.1.3. ԱՄԿ անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները:
5.1.4. Նշանակում է ԱՄԿ թերթի խմբագիր, որը հաշվետու է ինչպես համագումարին, այնպես էլ ԱՄԿ նախագահությանը:
5.1.5. Նախապատրաստում ու հրավիրում է հերթական և արտահերթ համագումարներ, կոնֆերանսներ:
5.1.6. Քննարկում է կազմակերպության գործունեության վերաբերյալ այլ հարցեր, որոնք չեն մտնում համագումարի իրավասության մեջ:
5.1.7. Հաստատում է ԱՄԿ հաստիքային ցուցակը և հաստիքադրույքները:
5.1.8. Ստեղծում և լուծարում է տարածքային կազմակերպությունները (մասնաճյուղերը) և կառուցվածքային ստորաբաժանումները, նշանակում է դրանց ղեկավարներին` 2 տարի ժամկետով:
5.1.9. Համագուրմարների միջև ընկած ժամանակահատվածում կատարում է փոփոխություններ նախագահության և մյուս ղեկավար մարմինների կազմում:
5.1.10. Նախագահության նիստերը իրավազոր են, եթե ներկա է նրա անդամների պարզ մեծամասնությունը: Որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
5.1.11. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները նախագահության նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
5.1.12. Նախագահության անունից կնքվող փաստաթղթերում պետք է լինի նահագահի, նրա բացակայության դեպքում` փոխնախագահի ստորագրությունը:
5.2. ԱՄԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
5.2.1. ԱՄԿ նախագահն ընտրվում է բաց քվեարկությամբ և հաշվետու է համագումարին:
5.2.2. Նախագահը`
- կոորդինացնում է ԱՄԿ նախագահության, տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.
- ներկայացնում է ԱՄԿ-ն պետական և այլ կազմակերպություննի հետ ունեցած հարաբերություններում.
- կնքում է պայմանագրեր, որոնք վավերացվում են նախագահության կողմից:
5.2.3. ԱՄԿ փոխնախագահները ընտրվում են բաց քվեարկությամբ և հաշվետու են համագումարին: Անհրաժեշտության դեպքում փոխարինում են նախագահին, կոորդինացնում են ստորադաս կառույցների աշխատանքները:
5.2.4. Նախագահի, փոխնախագահների նկատմամբ անվստահության հարցը համագումարում կարող է քննարկման դրվել կուսակցության անդամների 1/3-ի պահանջով:
5.3. ԱՄԿ-ի, ՆՐԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
5.3.1. Վերստուգիչ հանձնաժողովները հանդիսանում են վերահսկիչ – վերստուգիչ մարմիններ, որոնք վերահսկում են ԱՄԿ կանոնադրության, որոշումների կատարումը, ԱՄԿ շարքերի ընդունելությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը: Վերստուգիչ հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ԱՄԿ նախագահության անդամները և ԱՄԿ հաստիքային աշխատակիցները: Տարեկան մեկ անգամ վերստուգիչ հանձնաժողովները կատարում են պլանային ստուգում: Արտահերթ ստուգում կատարում են ԱՄԿ նախագահության և տարածքային կազմակերպությունների վերադաս մարմինների որոշմամբ:
5.3.2. ԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովը ընտրվում է համագումարի կողմից 2 տարի ժամկետով և հաշվետու է նրան:
5.3.3. ԱՄԿ-ի տարածքային կազմակերպությունների վերստուգիչ հանձնաժողովներն ընտրվում են համապատասխան կազմակերպությունների կոնֆերանսների, ժողովների կողմից 2 տարի ժամկետով և հաշվետու են նրանց:
5.4. ԱՄԿ-ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄԿ-ի տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) վարչությունները, խորհուրդները.
5.4.1. Ղեկավարում են տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) գործունեությունը կոնֆերանսների և ժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
5.4.2. Նախապատրաստում ու հրավիրում են հերթական և արտահերթ կոնֆերանսներ, ժողովներ:
5.4.3. Որոշումներ են կայացնում կուսակցության շարքերի ընդունելության, ԱՄԿ-ի անդամներին կուսակցական տույժերի ենթարկելու, ինչպես նաև կազմակերպությանը վերաբերող այլ հարցերի մասին:
5.5. ԱՄԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄԿ տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) վարչության, խորհրդի նախագահը ղեկավարում է վարչության, խորհրդի աշխատանքները, կազմակերպում, հրավիրում և ղեկավարում է նիստերը:
5.6. ԱՄԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄԿ տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) վարչության նախագահի տեղակալը, խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է վարչության, խորհրդի նախագահին` նրա բացակայության ժամանակ:
6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
6.1. Կուսակցությունը որպես սեփականություն կարող է ունենալ հողատարածք, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, բնակելի ֆոնդ, մշակութային, գիտահետազոտական, կրթական, առողջապահական ոլորտներին պատկանող ունեցվածքներ, դրամական միջոցներ:
6.2. Կուսակցության միջոցները գոյանում են անդամավճարներից, առանձին քաղաքացիների, կազմակերպությունների, ոչ պետական ձեռնարկությունների օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվություններից, քաղաքացիական-իրավական գործարքներից, հրատարակչական գործունեությունից և այլ մուտքերից, որոնք արգելված չեն գործող օրենսդրությամբ:
6.3. Կուսակցությունն ինքնուրույն տնօրինում և օգտագործում է իր գույքը: Իրավունք ունի իրեն պատկանող շենքերը, շինությունները, սարքավորումները, տնտեսական միջոցները և նյութական մյուս արժեքները վաճառել, փոխանցել, տալ վարձակալության, հատկացնել անվարձ ժամանակավոր օգտագործման կամ փոխանցել տարբեր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և առանձին քաղաքացիների: Համաձայն գործող օրենսդրության` ԱՄԿ-ը կարող է տնտեսական և նյութական միջոցներ դուրս գրել իր հաշվեկշիռից: Կուսակցությունը կարող է վարձակալական հիմունքներով ձեռք բերել իր գործունեության համար անհրաժեշտ ունեցվածք: Կուսակցությունն իրավունք ունի ազատ արժութային միջոցները որպես ավանդ պահել բանկային կազմակերպություններում:
6.4. Կուսակցությունն իր գործունեությամբ չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ: Ստացված ներդրումները չի բաժանում անդամների միջև, այլ օգտագործում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների ու խնդիրների լուծման, ինչպես նաև` աշխատակազմի պահպանման համար (ըստ նախահաշվի):
6.5. ԱՄԿ ստացած, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը կուսակցությունն է: Կուսակցության անդամը ԱՄԿ-ին պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունք չունի: Նա պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար: ԱՄԿ-ը պատասխանատվություն չի կրում անդամների պարտավորությունների համար:
6.6. ԱՄԿ տարածքային կազմակերպությունները և կառուցվածքային ստորաբաժանումները գույքը և տնտեսական միջոցները օգտագործում են կուսակցության նախագահության կողմից սահմանված կարգով:
7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ
Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնելիս`
7.1. Օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող նյութական ու ֆինանսական միջոցները:
7.2. Օրենքով սահմանված կարգով հիմնադրում է զանգվածային լրատվական միջոցներ, իրականացնում է տեղեկատվություն, հրատարակչական, լուսավորչական, գիտահետազոտական գործունեություն, պատրաստում է կուսակցության գործունեության հետ կապված կինո- տեսաֆիլմեր, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ:
7.3. Հաստատում և պահպանում է միջազգային կապեր, կատարում է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ:
7.4. Սահմանված կարգով, իրավաբանական անձի կարգավիճակով ստեղծում է տնտեսական ընկերություններ` ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեություն ծավալելու նպատակով:
7.5. Կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, կոնֆերանսներ, աջակցում է մասնագետների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացին:
7.6. Կատարում է հասարակագիտական, սոցիոլոգիական հարցումներ և ուսումնասիրություններ:
7.7. Նպաստում է այդ թվում նաև երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը:
7.8. Գործող օրենսդրության համաձայն կազմակերպում, իրականացնում և մասնակցում է քաղաքական միջոցառումների` շքերթների, ցույցերի, հանրահավաքների, ժողովների, ստորագրահավաքի:
7.9. Հանդես է գալիս որպես տարբեր ֆոնդերի և հասարակական միությունների հիմնադիր:
7.10. Մասնակցում է Ազգային Ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
7.11. Կատարում է համախոհների գրանցում և հաշվառում:
7.12. Իրականացնում է գործունեության այլ ձևեր, որոնք չեն հակասում գործող օրենսդրությանը:
8. ԱՄԿ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. ԱՄԿ-ն կարող է իր համագումարի պատվիրակների ընդհանուր ձայների մեծամասնության որոշմամբ վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) այլ կուսակցության (կուսակցությունների):
8.2. ԱՄԿ-ն կարող է լուծարվել իր համագումարի պատվիրակների ընդհանուր ձայների մեծամասնության որոշմամբ, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
8.3. ԱՄԿ-ի լուծարման դեպքում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որը կատարում է ԱՄԿ ֆինանսական վերջնահաշվարկը:
8.4. ԱՄԿ-ի լուծարման դեպքում նրա դրամանյութային միջոցներն ու գույքը անցնում է պետությանը:
«Ազգային Միաբանություն կուսակցության»
գտնվելու վայրը`
ք. Երևան, Մոսկովյան 33ա, 5-րդ հարկ
Հեռախոսներ`
53-36-32, 53-03-51, 53-03-31