«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ »
հասարակական – քաղաքական կազմակերպության

ԾՐԱԳԻՐ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Ազգային Միաբանություն» կուսակցությունը (այսուհետև` «Ազգային Միաբանություն») ժողովրդավարական, հայրենասիրական ուժերի, գործի մարդկանց միավորում է: Կազմակերպությունը բաց է Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիների համար, որոնց նպատակը երկրում օրենքի, կարգուկանոնի գերիշխանության հաստատումն է: «Ազգային Միաբանությունը» ժողովրդավարական, քաղաքացիական կուսակցություն է: Կյանքում և քաղաքականության մեջ մեզ համար աներկբայելի են մարդու և նրա կարևորագույն արժեքների` բարության, սիրո ու բարոյականության գերակայությունը:
Քաղաքականությանը, էկոնոմիկային, անվտանգությանը, երկրի կյանքի բոլոր ոլորտներին մենք նայում ենք շարքային քաղաքացու տեսանկյունից, այն «հասարակ մարդու», որի հետ արդեն տասը տարի ոչ մի գործ չունեն հաճախակի փոփոխվող կառավարություններն ու «խոշոր քաղաքական գործիչները»:
Մենք կողմ ենք հասարակության, կյանքի բոլոր կողմերի նորացմանը, ստեղծարար ներուժի, ձևավորված ավանդույթների և կուտակված պատմական փորձի վերածնմանը:
Մենք կողմ ենք ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսությանը: Մենք հանդես ենք գալիս հօգուտ պետության ուժեղ սոցիալական քաղաքականության ոչ միայն այն պատճառով, որ դա մեզ համար անվիճելի բարոյական պարտավորություն է, այլև որովհետև նա կարող է և պետք է ծառայի որպես էկոնոմիկայի շարժիչ, դառնա տնտեսական քաղաքականության իմաստն ու նպատակը:
Մենք դեմ ենք քաղաքական խնդիրներն ուժային և արյունալի միջոցներով լուծելու փորձերին, չենք հանդուրժում կոռուպցիան և անօրինությունները պետական մարմիններում, պաշտոնատար անձանց նշանակումը անձնական նվիրվածության սկզբունքով:
«Ազգային Միաբանությունը» միավորում է անձանց, ովքեր ապացուցել են, որ կարող են կառուցել, արտադրել, կառավարել, օգնել մարդկանց, պաշտպանել երկիրը: Կուսակցությունը միավորում է պետական մտածելակերպ ունեցող ուժերին, այսինքն նրանց, ովքեր ձգտում են պետական մեքենայի բոլոր բաղադրիչներն ու հնարավորություններն օգտագործել ի շահ երկրի բարօրության:
Մենք անհրաժեշտ ենք համարում խիստ վերահսկողություն իրականացնել, որպեսզի չխախտվի օրենքը, ժողովրդավարությունը զուգակցվի կարգուկանոնի հետ, մարդիկ պաշտպանված լինեն օրինազանց ստահակների կամայականություններից: Պետությունն ունի բոլոր միջոցները երկրում անհրաժեշտ կարգուկանոն հաստատելու համար:
Մենք ձգտում ենք պետական լծակները նպատակաուղղել հանրապետությունում շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին, մասնավոր գործարարությանը, հարկատուների շահերին նպաստող պրոցեսները կարգավորելու նպատակով: Էկոնոմիկան պետք է ծառայի ոչ թե մի բուռ խաբեբաների հարստացմանը, այլ ազգաբնակչության ամենալայն զանգվածների բարեկեցությանը:
«Ազգային Միաբանությունը» քաղաքացիների, այլ ոչ թե «պետերի» կուսակցություն է և արտահայտում է հասարակ մարդկանց` բանվորի, ուսուցչի, բժշկի, գիտնականի, ձեռներեցի, ֆերմերի և մյուսների շահերը:
«Ազգային Միաբանությունը» ապագայի և ոչ թե երեկվա օրվա կուսակցություն է, նա հուսո կուսակցություն է:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԸ

Արդի իրականությունը Հայաստանի Հանրապետությունում

XXI դարի սահմանագծին Հայաստանը գտնվում է տնտեսական և հասարակական հարաբերությունների անկայունության, հասարակության հոգևոր, գաղափարական և բարոյական խորը ճգնաժամի վիճակում, ինչը սպառնում է վերաճելու համազգային աղետի:
Դրական ենք համարում այն, որ «բարեփոխումների» սկզբից անցած տասը տարիների ընթացքում պաշտոնապես ճանաչվել է տնտեսական գործունեության ազատականությունը, ինչը հնարավոր է դարձրել բազմակացութաձև տնտեսության հիմքերի ձևավորումը, մասամբ ամրապնդել ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` խոսքի ազատությունը, խղճի ազատությունը, ժողովների և միավորումների ազատությունը. նախկինի համեմատ մենք ավելի բաց ենք այլ երկրների և ժողովուրդների հետ մեր շփումներում:
Սակայն անցկացվող նորափոխումների հիմնական հետևանքները ողբալի են: «Բարեփոխումների» կործանարար գիծը հանգեցրեց այն վիճակին, որ հանրապետությունն ապրում է իր պաշարների արտահանման, նախկինում կուտակված արտադրական և գիտատեխնիկական ներուժի, օտարերկրյա վարկերի, ինչպես նաև մոտիկ և հեռավոր արտերկրից` ազգականներին, Հայաստանի քաղաքացիներին ուղարկված օգնության հաշվին: Թմրանյութերի պես դրանք խլացնում են ցավը, սակայն չեն ապաքինում խորացող հիվանդությունը:
Անհատուցելի վնաս է հասցվել էկոնոմիկայի ագրարային ոլորտին, որը յուրաքանչյուր երկրի գոյատևման հիմքն է: Քայքայվում է հողը, ավերվում են ագրոհամալիրի մյուս արտադրողական ուժերը: Կառավարության տնտեսական քաղաքականությունը գյուղին դրել է ստրկական, կախյալ վիճակի մեջ: Ազգային եկամուտը ագրարային ոլորտից քամվում-անցնում է վերավաճառողների և միջնորդների ձեռքը: Թալանչիական գնային, ֆինանսա-վարկային, հարկային քաղաքականությունը ոչ շահութաբեր ու անիմաստ է դարձրել գյուղատնտեսական մթերքների շատ տեսակների արտադրությունը: Պարենի շուկան, ի վնաս տեղական արտադրողների, ողողվում է արտասահմանից ներկրվող անորակ արտադրանքով: Ագրոհամալիրի հարյուրավոր ձեռնարկություններ և ֆերմերային տնտեսութուններ հայտնվել են արտադրական գործունեության իսպառ դադարեցման եզրին: Գյուղի նկատմամբ կառավարության խտրական քաղաքականության հետևանքով գյուղացիությունն անկարող է ձեռք բերել նյութական միջոցներ և նորացնել ֆոնդերը: Խարխլվում է գյուղի սոցիալական ենթակառուցվածքը, գյուղը ավելի ու ավելի է ետ մնում քաղաքից, գրեթե չեն կատարվում կապիտալ շինարարություն և մելիորատիվ աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետությունում աճում է գործազուրկների թիվը, սպառնալի ծավալներ է ընդունում ազգաբնակչության արտագաղթի նոր ալիքը:

Ճգնաժամի պատճառները
Առաջին. պետական շինարարության ստրատեգիայի և դրա հիմնարար բաղադրատարրի` ազգային անվտանգության հայեցակարգի բացակայությունը պատճառ դարձավ ետսոցիալիստական Հայաստանի տնտեսական ողջ համակարգի անկարողության, դրա շրջանակներում հնարավոր չեղավ ստեղծել կուտակման ու զարգացման համարժեք մեխանիզմ, որը հետևանք էր.
- տնտեսական գործունեության, ներքին և արտաքին շուկայի արմատական ազատականացման` տնտեսական կյանքի պետական կարգավորման իսպառ բացակայությամբ հանդերձ.
- պետական ձեռնարկությունների «նոմենկլատուրային», «գողական» սեփականաշնորհման, որը հանգեցրեց բնակչության թալանին և պետական սեփականությունը հին ու նոր «նոմենկլատուրայի» միջև բաժանելուն, մի բան, որը կատարվեց «սեփականաշնորհված» ձեռնարկությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շուկայական միջավայրի բացակայության պայմաններում.
-  բյուջետային դեֆիցիտի ծածկման նպատակով պետական պարտքի ավելացման` ուղեկցված համաժամանակյա անցկացվող սահմանափակիչ դրամական քաղաքականությամբ.
-  սղաճի դեմ պայքարելու նպատակով ազգային դրամական միավորի` «դրամի» ռեալ փոխանակային կուրսի արհեստական բարձրացման.
-  Կառավարության և Ազգային Ժողովի անգործունեության, որևէ միջոց չձեռնարկելու ներդրումային ակտիվությունը խրախուսելու ուղղությամբ, ներքին շուկան պաշտպանելու, հայրենական ապրանքարտադրողների մրցունակության բարձրացման համար:
Երկրորդ. հանրապետությունում լրիվ ապամոնտաժվել են կենտրոնացված պլանային էկոնոմիկայի հիմքերը: Հետադարձ ճանապարհը հղի է սեփականության նոր վերաբաժանումով, խռովությամբ և ավելի մեծ քայքայմամբ:
Երրորդ. փաստորեն ձախողվել են դրսից պարտադրված արմատական-ազատական «բարեփոխումները», որոնց նպատակն էր, իբր, էկոնոմիկայում առավելագույնս արագացնել շուկայական տնտեսության արմատավորումը և դրա հիման վրա շուտափույթ ներգրավվել համաշխարհային էկոնոմիկայի մեջ:
Չորրորդ. օրախնդիր է դարձել բովանդակ սոցիալ-կառուցվածքային քաղաքականության արմատական փոփոխման խնդիրը, քանի որ կլանային տնտեսության ձևավորումը և որպես դրա հետևանք` խոշոր սեփականատերերի խավի անչափ հարստացումը, ինչին շարունակ նպաստում էին միմյանց փոխարինող կառավարությունները, հանգեցրին բնակչության նշանակալի մասի սրընթաց աղքատացման, հրեշավոր ունեցվածքային շերտավորման, երբ 20 տոկոս առավել ապահով մարդկանց եկամուտները 32,2 անգամ գերազանցում եմ 20 տոկոս ամենասակավ ապահովվածների եկամուտները:
Հինգերորդ. տագնապի տեղիք է տալիս հոգեկան խորը ճգնաժամը, որն ուղեկցվում է ազգային մշակույթի, գիտության և կրթության անկմամբ, հայոց ավանդական արժեքների ու նպատակների ավերմամբ, որոնք կարող են համախմբել ժողովրդին ու ոտքի հանել` պայքարելու հանուն Հայրենիքի վերածնման: Բնակչության լայն շերտերին անմատչելի են առողջապահության ու կրթական համակարգերը: Երկիրը հեղեղած կոռուպցիան, կաշառակերությունը, պետական ունեցվածքի թալանը հասնում են ահագնացող չափերի: Մշակույթի բնագավառում, կենցաղում ներդրվում են հայ ժողովրդին խորթ «արժեքներ»: Երիտասարդության նշանակալի մասը օտարված է գիտելիքներից, հարազատ ժողովրդի հոգևոր գանձերից: Մարմնավաճառության, թմրամոլության տարածումը, հանցագործությունների աճը, փողի ամենակուլ իշխանությունը, քաղաքացիների վստահության կորուստը տարբեր մակարդակի պետական իշխանության մարմինների ու դրանց լիդերների նկատամբ սպառնալի չափեր են ընդունում:
Վեցերորդ. պետության արյունաքամ օրգանիզմը մոտենում է վտանգավոր սահմանագծին. նա ի վիճակի չէ պատշաճ մակարդակի վրա պահելու իր գլխավոր գործառույթները` բնակչության վերարտադրությունը, բանակի, գիտության , կրթության , արտադրական ենթակառուցվածքների կենսագործունեությունը:
Յոթերորդ. օրենսդիր և գործադիր իշխանությունները չկարողացան մեր հասարակության մեջ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի առանձին շարժումների և կուսակցությունների, դասերի ու աշխարհայացքների շահերը, լիդերների խառնվածքները և մղումները ենթարկվեին մեկ միասնական նպատակի` քաղաքացիների ստրատեգիական դաշինքի ձևավորմանը` հանուն քայքայված էկոնոմիկայի վերականգնման: Փոխարենն ունենք կուսակցությունների ու խմբավորումների, տեղական և գյուղական հայրենակցական միավորումների, եկեղեցիների ու կրոնական համայնքների, աղանդների ու կիսագաղտնի (գաղտնի) կազմակերպությունների թվի աննախադեպ աճ: Խորանում է ազգի մասնատվածությունը: Ավելին, յուրաքանչյուր կուսակցություն, անտեսելով ոչ հեռավոր անցյալի պատմական դասերը, իրեն համարում է հանրության առանցք և իրեն վերապահում ազգային լիդերի մենաշնորհը:
Խարխլված է հավատը, երկփեղկված են հոգիները, որոնք անօգնական են արտաքին ոտնձգությունների հանդեպ: Ազգային ինքնատիպությանը սպառնացող վտանգը, մեր խորին համոզմամբ, պահանջում է համազգային գոյապայքար, որը կհամախմբի հայ ժողովրդի բոլոր առողջ ուժերը:
Հայ հասարակությունը պառակտված է, սաստկացող անելանելիության զգացումը կաթվածահար է անում ժողովրդի հավաքական կամքը: Իշխանություններն անընդունակ եղան համախմբելու հանրապետության բոլոր հայրենասիրական ուժերը` ազգային գաղափարախոսության հիմքի վրա: Հայաստանի ժողովուրդը հարցը շեշտակի է դնում` ինչպե՞ս ապրել այսուհետ:
«Ազգային Միաբանությունը» սույն Ծրագրում առաջարկում է այդ հարցի լուծման ուղիները:
Ծրագրի գլխավոր նպատակն է ` կանխել ազգային աղետը, ամրապնդել անկախ հայկական պետականությունը` Հայրենիքի հոգևոր վերածնության հիմքի վրա:

* * *

«Ազգային Միաբանությունն» իր առջև խնդիր է դնում Հայաստանի Հանրապետությունում ձևավորել.
- քաղաքացիական հասարակություն, որը ներդաշնակում է անձնական, քաղաքացիական և հասարակական շահերը, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, գերակա են դասակարգային, կլանային և կորպորատիվ շահերի նկատմամբ.
- քաղաքակիրթ պետական կարգ, որի պայմաններում պետությունը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, չի գողանում, չի ստում, թույլ չի տալիս բռնություններ և ծառայության չի անցնում մաֆիոզ, կլանային, ռազմականացված խմբավորումների մոտ.
- մրցունակ, սոցիալապես կողմնորոշված շուկայական էկոնոմիկա, երբ բարձրանում են աշխատավարձերը, աճում է աշխատատեղերի թիվը:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

«Ազգային Միաբանության» գաղափարներն ըստ էության համահունչ են պահպանողական կուսակցությունների գաղափարներին, քանի որ մեր կուսակցությունը կոչված է աջակցելու հայ ժողովրդին ներհատուկ կայուն արժեքների հաստատմանը, որոնցից ամենագլխավորն են` սերն ու նվիրվածությունը իր նախնիների հողին և նրա սրբություններին, Հայրենիքի ազատությունը և հասարակության մեջ յուրաքանչյուր մարդու ինքնաիրացման իրավունքի պաշտպանությունը, նորի զգացումը, խորին կարեկցանքն ու արձագանքը նեղ վիճակում հայտնված մարդկանց ճակատագրին, ընտանիքի և գերդաստանի անսասանությունը, համերաշխությունը բախտորոշ փորձությունների պահին:
«Ազգային Միաբանության» գաղափարները համահունչ են նաև ազատական բնույթի կուսակցությունների գաղափարներին, քանի որ մենք ևս հանդես ենք գալիս ի շահ քաղաքացու իրավունքների, նրա տնտեսական ազատության, որը հիմնվում է մասնավոր ձեռներեցության և շուկայի ազատության վրա, ի շահ մեծամասնության ժողովրդավարական կամքի կենսագործման և ի պաշտպանություն փոքրամասնության իրավունքների:
«Ազգային Միաբանության» գաղափարները համահունչ են նաև սոցիալական կուսակցությունների գաղափարներին, քանի որ մենք հանդես ենք գալիս հանուն այն ըմբռնման, որ մարդու կյանքը, նրա արժանապատվությունն ու խիղճը անպայմանորեն առաջնային են պետական իշխանության համեմատ:
Դրա հետ մեկտեղ «Ազգային Միաբանությունը» համարում է, որ.
- մոլորության մեջ են ազատականության այն կողմնակիցները, ովքեր կարծում են, թե ժողովրդավարության, սոցիալականության և իրավունքի սահմանադրորեն ամրագրված գերակայությունները կարող են ստեղծվել ու պահպանվել մի հասարակությունում, ուր առկա է բնակչության խորը սոցիալական շերտավորում, ուր չկա համաընդգրկուն համերաշխություն.
- մոլորության մեջ են արդյունաբերողների, հողատերերի և մտավորականների միավորումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե կարելի է կացութաձևի ու նպատակների ճշգրիտ հավասարակշռություն պահպանել հարուստների և աղքատների միջև, թե բոլորի համար հնարավոր է իրավական և քաղաքական ազատություն ապահովել` տնտեսական, սոցիալական և մշակութային ազատությունը թողնելով որպես զուտ ընտրանի փոքրամասնության արտոնություն.
- մոլորության մեջ են ազգայնական շարժումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե համերաշխ, իրավական, ժողովրդավարական հասարակությունը կարող է կառուցվել մարդկանց սկզբունքային անհավասարության թույլատրման հիման վրա և առանց «ազգ-կազմակերպությունից» դուրս գտնվող առանձին անհատի ազատության ապահովման.
- մոլորության մեջ են սոցիալիստական շարժումների այն կազմակերպությունները, ովքեր համարում են, թե միայն կենտրոնացված կառավարվող էկոնոմիկան կարող է նպաստել մարդու ինքնուրույն, ներդաշնակ զարգացմանը, չխոչընդոտելով ազատ անհատի կազմավորմանը:
«Ազգային Միաբանությունը» կյանքում և քաղաքականության մեջ ղեկավարվում է պարզ ու հասկանալի սկզբունքներով:
Պատասխանատվության սկզբունքը
Պատասխանատու քաղաքականությունը ենթադրում է պատասխան տալ ստանձնած պարտավորությունների համար: Յուրաքանչյուր քաղաքագետի պատվի գործն է հեռանալ իշխանությունից այն պահին, երբ պարզվում է, որ ինքը չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները և չպետք է խոստանա այն, ինչը մտադիր չէ անել: Մեր պատասխանատվությունը ներառնում է իր մեջ պատասխանատվությունն ապագայի համար: Հայաստանի ապագան մեզ համար ունի նույնպիսի խոշոր նշանակություն, ինչպես և մերձավորագույն հեռանկարները:
«Ազգային Միաբանությանը» մեղադրում են այն բանի համար, որ չենք համաձայնել աշխատել «ազգային համաձայնության կառավարության» կազմում:
«Ազգային Միաբանությունը» պատասխանում է. մենք քաղաքականությանը մասնակցում ենք ոչ այն բանի համար, որպեսզի ամեն գնով իշխանության հասնենք: Մեզ հարկավոր չէ իշխանություն` հանուն իշխանության: Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել վարվող սխալ պետական քաղաքականության մեջ, վերածել դա այնպիսի քաղաքականության, որն արտահայտի երկրի ազգաբնակչության մեծամասնության շահերը:
Բարոյականության սկզբունքը
«Ազգային Միաբանությունը» հրաժարվում է լինել անբարոյական քաղաքականության կրող: Քաղաքականությունը պետք է վարվի մաքուր ձեռքերով, նպատակը չի արդարացնում միջոցները: Քաղաքական նպատակներին հասնելու միջոցները մեզ համար պակաս կարևոր չեն, քան բուն նպատակները, ավելին` օրինականությունը չի կարող զոհաբերվել նպատակահարմարությանը: «Ազգային Միաբանությունը» հրաժարվում է քաղաքականություն վարել այն կերպ, որպեսզի որոշ մարդկանց և սոցիալական խմբերի առավելությունը ձեռք բերվի ուրիշների տառապանքների հաշվին, երբ նեղլիկ մի խավ ծաղկում է զանգվածային աղքատացման ֆոնի վրա:
Կանխատեսելիության սկզբունքը
Քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի: Նրա յուրաքանչյուր քայլը պետք է հաշվարկվի մարդկանց համար դրա հետևանքների տեսակետից: Նրանք, ովքեր 1993 թվականին թույլ տվեցին գների աճ 109 անգամ, չէին մտածել հետևանքների մասին: Այդ պատճառով բազմահազար մարդիկ զրկվեցին իրենց խնայողություններից: «Ազգային Միաբանությունը» դեմ է բախտախնդրությանը քաղաքականության մեջ, քանի որ գիտենք` ամեն փորձարարություն քաղաքականության մեջ փորձարարություն է մարդկանց վրա:
«Ազգային Միաբանությանը» մեղադրում են, թե մենք «անհաշտվողական ենք», որ մեզ հետ հնարավոր չէ պայմանավորվել, որ մենք միշտ դեմ ենք և այլն:
Պատասխանում ենք. մեր բովանդակ հրապարակային դիրքորոշումը արտահայտությունն է մեր բարոյական դիրքորոշման և ծրագրային դրույթների: Այս իմաստով մենք միանգամայն կանխատեսելի ենք և խաղաղասեր, մենք պատրաստ ենք բանակցել, ստեղծել դաշինքներ, զիջումների գնալ այն դեպքերում, երբ արդյունքը լինելու է Հայաստանի առաջընթացը դեպի մեր հռչակած իդեալները:
Ցավոք, քաղաքական գործիչների զգալի մասը ղեկավարվում է միայն իշխանությունը զավթելու նպատակով, այլ ոչ թե երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:
Պրոֆեսիոնալիզմի սկզբունքը
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ պետությունը չեն կարող ղեկավարել «հրացանավոր մարդը», «խոհարարուհին» կամ նմանները. պետությունը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Պրոֆեսիոնալը ոչ միայն իր գործի մասնագետն է, այլև բարոյական անձ, որը հավատարիմ է մասնագիտական պատվո կոդեքսին և ենթարկվում է կատարողական կարգապահությանը: Հայաստանի Հանրապետությունում կան հարյուրավոր մարդիկ, ովքեր պետական իշխանության մարմիններում աշխատանքի մեծ և բազմազան փորձ ունեն: Մենք ունենք հայացքների միասնություն և բարձր փոխըմբռնում: Սա էլ հենց կոչվում է «թիմ»: Մենք կարող ենք և պատրաստ ենք ստանձնել երկիրը համընդհանուր ճգնաժամից հանելու պատասխանատվությունը:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ համընդհանուր ճգնաժամի հաղթահարումը նախ և առաջ այն միստիկայից և ճամարտակությունից ազատվելու մեջ է, որոնք կապված են «բարեփոխումներ» բառի հետ:
Դա նշանակում է .
Առաջին. այժմ անցկացվող բոլոր փոփոխությունները, տնտեսական փոխակերպումները պետք է հարաբերակցել երկրի արտադրական շահերի, ազգային անվտանգության շահերի հետ: Գլխավոր հարցն այն է, թե ինչ են տալիս այդ նորամուծությունները արտադրության խթանմանը, հայկական պետականության և ազգային անկախության ամրապնդմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Երկրորդ. ժողովրդի շահերը, ազգային անվտանգության պահպանումը չպետք է զոհաբերվեն սեփականության այս կամ այն ձևին: Չի կարելի պետական հատվածում ավերել այն, ինչը դեռևս չկա և ամենամոտ ժամանակներս չի կարող լինել մասնավոր հատվածում: Խոսքը ոչ թե վարչա-հրամայական համակարգի վերականգնման մասին է, այլ չսեփականաշնորհված ձեռնարկությունների կառավարման փոխադրումը ազատականության շրջանակների մեջ:
Երրորդ. Հայաստանի էկոնոմիկան մանր ու միջին մասնավոր ձեռներեցությանն ու ֆերմերությանն աջակցող պետական ծրագրերի կարիք ունի: Մեր ազգաբնակչությունը առաջին անհրաժեշտության հայրենական ապրանքների, ոչ թանկ ծառայությունների, նոր, բարձր որակավորում չպահանջող աշխատատեղերի կարիք է զգում: Մեր կոնկրետ կողմնորոշիչները համանման են 30-ական թվականներին Ֆրանկլին Ռուզվելտի կողմից ամերիկացիներին առաջարկած Նոր ուղեգծի հիմնադրույթներին. պետական ծրագիր, որը պետք է խրախուսի հասարակական շինարարական աշխատանքները, ագրարային հատվածը, բնակչության գնողունակության բարձրացման միջոցով ներքին շուկայի զարգացումը և զանգվածային գիտակցության կողմնորոշումը դեպի ազգային արտադրություն: Ընդ որում, գտնում ենք, որ բացառիկ կարևոր է արդյունաբերական և ագրարային համալիրների ուժերի համախմբման և սերտ համագործակցության ապահովումը:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի գլխավոր կապիտալը նրա մարդիկ են: Որպեսզի այդ կապիտալը բարգավաճում բերի հանրապետությանը, անհրաժեշտ է նպատակասլաց պետական սոցիալական քաղաքականություն:
«Ազգային Միաբանության» սոցիալական քաղաքականության հայեցակարգի հիմքում ընկած է դեպի ներկան և ապագան սոցիալապես կողմնորոշված տնտեսական քաղաքականությունը, որն ունի կանխարգելիչ բնույթ, զուգակցում է եկամտաբերությունն ու մարդասիրությունը, արմատախիլ է անում աղքատությունը և սոցիալական չարիքը: «Ազգային Միաբանությունը» իր սոցիալական քաղաքականության մեջ ելակետ ունի այն նախադրյալը, համաձայն որի անհատը հասարակության հանդեպ պարտականություններ ունի և պատասխանատվություն է կրում ճիշտ այնպես, ինչպես և հասարակությունը` անհատի հանդեպ:
«Ազգային Միաբանության» հռչակած հիմնական արժեքները հաստատվում են հետևողական սոցիալական քաղաքականությամբ, որն ուղղված է հետևյալ նպատակներին.
- Հայաստանի քաղաքացիների սոցիալական անվտանգության ապահովում իշխանության բոլոր ատյանների կողմից` մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանման հիման վրա: Խնդիրն է` նախ և առաջ կերակրել ու հագցնել մարդկանց, ավագներին ապահովել արժանապատիվ աշխատանքով, նախադպրոցական տարիքի երեխաներին` լիարժեք սննդով ու անվճար բժշկական սպասարկմամբ, աշակերտներին` դասագրքերով ու դպրոցական նախաճաշով, կենսաթոշակառուներին` դեղերով ու արտոնություններով, որոնք կապահովեն նվազագույն կենսամիջոցներ, պետական աջակցություն և պաշտպանություն.
- ընտանիքի ամրապնդում, մայրության և մանկության, կանանց իրավունքների պաշտպանություն, նրանց աշխատանքի և կենցաղի պայմանների բարելավում, աջակցություն բազմազավակ ընտանիքներին, ժողովրդագրական ճգնաժամից դուրս գալու համազգային ծրագրի ընդունում, պետական զորակցություն երիտասարդությանը.
- տնտեսական, սոցիալական, քաղաքական նախադրյալների ստեղծում` հասարակության մեջ սոցիալական համաձայնության հասնելու նպատակով: Դրա հիմքում պետք է լինեն փոխօգնության սկզբունքները` ուժեղն օգնում է թույլին, առողջը` տկարին, հարուստը` աղքատին.
- աշխատանքի վարձատրության ամենացածր մակարդակի, սոցիալական կենսաթոշակի փուլ առ փուլ մոտեցում նվազագույն կենսապահովման աստիճանին, սոցիալական երաշխիքների մակարդակի բարձրացում անաշխատունակների, հատկապես հաշմանդամների և երեխաների համար:
«Ազգային Միաբանությունը» հասարակության համար վտանգավոր է համարում երեսպաշտությունն ու կենսամակարդակի աճի մասին ամբոխավարական խոստումները, երբ չեն բացատրում և մատնանշում, թե ինչի հաշվին են դրանք իրականացվելու:
«Ազգային Միաբանությունը» իր բովանդակ գործունեությամբ պետք է ձգտի, որպեսզի սոցիալական շուկայական տնտեսությունը քաղաքականապես կարգաբերված ամբողջության մեջ միավորի շուկայական կարգերն ու սոցիալական սպասարկումների համակարգը:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՆ

«Ազգային Միաբանությունը» համարում է, որ հասունացել է տնտեսական ուղեգիծը փոխելու անհրաժեշտությունը. Հայաստանին հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն:
Այդօրինակ տնտեսական քաղաքականության բաղադիրչներն են. հարկերի վճռական և համապարփակ իջեցումը, հասարակական խստիվ վերահսկողության հաստատումը արտահանման և բնական պաշարների օգտագործման վրա, ներքին պահանջարկի և դրա միջոցով ներքին արտադրության զարգացումը և այս հիմքի վրա` ռեալ էկոնոմիկայի հիմնափոխումը: Վերջապես` պետական հովանավորչությունը կրթության բնագավառում, ինչը հանդիսանում է Հայաստանի էկոնոմիկայի, նրա ներուժի զարգացման կարևորագույն տարրերից մեկը: Ընդ որում, «Ազգային Միաբանությունը» գտնում է, որ նոր տնտեսական քաղաքականության իրականացման նախապայմանն է իշխանությունների նկատմամբ մարդկանց և գործարարների վստահության վերականգնումը` կառավարության գործողությունների կանխատեսելիության, էկոնոմիկայի վիճակի ճշմարիտ գնահատման, ռեալ բյուջեի կազմման, պետության ունեցած ռեսուրսների թափանցիկ օգտագործման, ներդրողների հետ ազնիվ ու կայուն հարաբերությունների հաստատման հիման վրա:
1. Դրամավարկային քաղաքականության բնագավառում միջին հրատապության հեռանկարում գլխավոր խնդիրն ենք համարում դրամական զանգվածի այնպիսի աճի ապահովումը, որը համապատասխանի հետևյալ պահանջներին.
- դրամական զանգվածի աճի տեմպերի վերահսկում, կայունություն և կանխատեսելիություն.
- դրույքների էական իջեցում և էկոնոմիկայի ռեալ հատվածի վարկավորման համար արտոնյալ պայմանների ստեղծում.
- դրամական պաշարների բավարար քանակության ապահովում էկոնոմիկայում, ինստիտուցիոնալ(համակարգային) ծրագրերի և կառուցվածքային հիմնափոխումների, ագրոարդյունաբերական հատվածին պետական աջակցության նպատակային միջոցառումների խրախուսման համար:
«Ազգային Միաբանությունը» իրեն հաշիվ է տալիս, որ այսպիսի նպատակային դրույթները նշանակում են դրամական քաղաքականության մեղմացում` ներկայումս վարվող քաղաքականության համեմատ, ինչի հետևանք կարող է դառնալ սղաճի մակարդակի բարձրացումը: Հիշեցնենք նման մոտեցման քննադատներին, որ դրամական զանգվածի աճի տեմպերի համեմատ, ներքին համախառն արտադրանքի աճի առաջանցիկ տեմպերի պարագայում, սղաճը վտանգավոր չէ:
2. Հարկային քաղաքականության բնագավառում «Ազգային Միաբանությունը» գտնում է, որ հարկային համակարգը չի համապատասխանում ներկայիս պայմաններին. բանն այն է, որ նախապես ենթադրվել է, թե առկա է լինելու վճարողական կարգապահություն, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսների թափանցիկություն և հարկային մարմինների կողմից դրանց վերահսկողության բարձր մակարդակ: Հանրապետությունում նմանօրինակ նախադրյալների բացակայության պայմաններում հարկային համակարգը դարձել է օրինապահ հարկատուների և թույլերի պատժամիջոց և «ստվերայինների» ու կլանայինների` խրախուսող: Ելնելով դրանից, «Ազգային Միաբանությունը» հանդես է գալիս հանուն հարկային բեռի արմատական թեթևացման (որը կխթանի տնտեսական աճը), վարչա-տնտեսական միջոցների ձեռնարկման` էկոնոմիկան «ստվերայինից» հանելու նպատակով (հակառակ դեպքում հարկային եկամուտները կհանգեցնեն բյուջեի համար աղետալի հետևանքների): Թույլ հարկային վարչարարության պայմաններում հարկային լուծի թեթևացումը պետք է ուղեկցվի հարկային համակարգի պարզեցմամբ:
Շահութահարկի տեսակետից տնտեսավարող սուբյեկտների համար կարևոր է ոչ այնքան շահութահարկի դրույքաչափը, որքան ռեալ ներդրումային ծախսերի չափով հարկվող բազան նվազեցնելու իրավունքը: Ծախսերի կառուցվածքի ազատականացումը շահութահարկի հաշվարկման ժամանակ մեծապես կնպաստի Հայաստանի էկոնոմիկայում ներդրումային կլիմայի բարելավմանը:
Եկամտահարկի առումով` անցումը հարկերի և պահումների համակարգի միասնական հիմքին թույլ կտա վճարողներին էապես իջեցնել հարկային վճարումների չափը: Այստեղ սկզբունքային հիմնադրույթն է` չմեծացնել շարքային հարկատուների հարկային բեռը:
Սոցիալական վճարումների առումով` դրույքների որոշ իջեցում (հիմնված համապատասխան ֆոնդերի համալիր ստուգման վրա) գումարած կենսաթոշակային ֆոնդին կատարվող վճարումների անջատումը մյուս հարկային վճարումներից` գործատուների հարկային դրույքաչափերը աստիճանաբար մոտեցնելով աշխատողներից գանձվող հարկաչափերին: Ընդ որում, միագումար վճարումները Կենսաթոշակային ֆոնդին պետք է ավելանան ռեգրեսիվ սանդղակով` նկատի առնելով ներկայիս իրողությունները, երբ որքան մեծ է եկամուտը, այնքան նրա ավելի մեծ մասն է գնում «ստվերային» ոլորտ, համապատասխանաբար պակաս է վճարվում հարկերի տեսքով: Իրադրությունը անհնար է փոխել միայն պատժամիջոցներով, ուստի հարկավոր է ստեղծել մի համակարգ, որը կխրախուսի անցումը ստվերայինից օրինական ոլորտ :
Էկոնոմիկայի բնագավառում տագնապալին, ըստ էության, տնտեսական գործունեության նշանակալի մասի «ստվերայինի» անցնելու վտանգն է: Ոչ պաշտոնական էկոնոմիկայի դերի մեծացման մասին են խոսում հաշվարկային ոլորտում օրեցօր աճող, սակայն չբացահայտվող խախտումները. տնտեսավարող սուբյեկտները զանգվածաբար չեն կատարում իրենց պարտավորությունները միմյանց հանդեպ և, դրա հետ մեկտեղ, տարիներով շարունակում են նույն գործունեությունն ու կապերը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ իրենց որդեգրած օրենքներն ու կանոնները չեն համընկնում պաշտոնապես ընդունվածների հետ:
«Ազգային Միաբանությունը» անհրաժեշտ է համարում ստեղծել տնտեսվարող սուբյեկտները «ստվերից» հանելու տնտեսական և իրավական պայմաններ` հայտարարելով հարկային համաներում, որի պարագայում հարկային մուծումները չեն գերազանցի 15%-ը: «Ստվերից» դուրս գալը, որը կուղեկցվի բարձր եկամուտների ստացումով, պետք է դառնա ավելի շահեկան, քան գործելը ոչ պաշտոնական, հարկային օրենքները շրջանցող էկոնոմիկայում:
3. Ներդրումային քաղաքականության բնագավառում
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ առանց ներդրումների անհնար է ակնկալել տնտեսական աճ, ուստի կարևոր է ապահովել ոչ միայն վարկային ցածր տոկոսադրույքների մակարդակը, այլև խթանել ձեռնարկատերերի շահագրգռվածությունը` ստացած եկամուտները արտադրության մեջ ներդնելու համար:
«Ազգային Միաբանությունը» պնդում է, որ անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականություն` կողմնորոշված դեպի «արդյունավետ սեփականատիրոջ» ստեղծումը, սեփականատիրոջ, որը շահագրգռված լինի իր ձեռնարկության հեռանկարային զարգացման համար: Մենք կողմնակից ենք հարկային այնպիսի օրենսդրության ընդունման, որը կխթանի ներդրումները, կսահմանի հարկային արտոնություններ և կայունության երաշխիքներ կապահովի խոշոր ներդրումների համար (տեղական ներդրողների առաջնահերթությամբ): Կարևորում ենք նաև պետպատվերի լայն կիրառումը հանրապետության էկոնոմիկայի մրցունակ ճյուղերում:
4. Արտաքին տնտեսական գործունեության բնագավառում
«Ազգային Միաբանությունը», դրական գնահատելով արտաքին մատակարարների մասնակցությամբ մրցակցային միջավայրի օգտակարությունը հայրենական արտադրողների համար, անհրաժեշտ է համարում տեղական արտադրությունը խթանող, ներկրումը հավասարակշռող հովանավորչական քաղաքականության կիրառումը:
Առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում այն միջոցառումները, որոնք խրախուսելու են հումք և կիսաֆաբրիկատներ արտադրող հայրենական ձեռներեցների անցումը վերջնական արտադրանքի թողարկման:
«Ազգային Միաբանությունը» ընդգծում է սեփականաշնորհման ընթացքում թույլ տրված սխալների շտկման կարևորությունը: Մենք գտնում ենք, որ դրանց ազգայնացումը կհանգեցնի ավելի ծանր հետևանքների, քան ունենք ներկայումս: Պրոբլեմը պետք է լուծել ցածր հարկերի, չվճարումների հանգուցալուծման, փոխադարձ հաշվանցումների ծավալների կրճատման միջոցով: Դա պահանջում է անհատական մոտեցում յուրաքանչյուր առանձին արտադրության նկատմամբ: Սակայն էությունն այն է, որ եթե ձեռնարկատերը չի կարող վարձատրել աշխատողներին, ապա այդ ձեռնարկության նկատմամբ պետք է կիրառել առողջացման այնպիսի հայտնի մեխանիզմներ, ինչպիսիք են` սնանկացումն ու սանացիան, որոնց միջոցով կիրականացվի հանձնումը մեկ ուրիշ սեփականատիրոջ, ով կկարողանա կազմակերպել տվյալ արտադրությունը, վճարելով պետական հարկերը և աշխատավարձերը: Դա է այն ուղին, որը թույլ կտա շտկել հիմնական թերություններն ու հատուցել կորուստները, որոնք մենք կրել ենք վերջին տարիներս իրականացված ապաշնորհ, հոռի սեփականաշնորհման պատճառով:
5. Բյուջետային քաղաքականության բնագավառում
Բյուջետային քաղաքակության մեջ, որպես գլխավոր խնդիր, մենք տեսնում ենք բարենպաստ պայմանների ստեղծումը` ազգային գերակայությունների իրացման համար: Սկզբունքորեն սխալ ենք համարում կառավարության որդեգրած քաղաքականությունը, որը բյուջետային դիֆիցիտի պրոբլեմի լուծմանը ուզում է հասնել սոսկ հարկային բեռի ավելացման և բյուջետային ֆինանսավորման ծավալներր կրճատելու հաշվին: Բյուջետային մուտքերն ու ծախսերը անկախ մեծություններ չեն. ծախսերի կրճատումն անխուսափելիորեն տանում է դեպի հարկվող բազայի կրճատում և հարկային եկամուտների հետագա նվազեցման: Այդ իսկ պատճառով պետական ֆինանսների իրական, երկարաժամկետ, կայուն առողջացումը անքակտելիորեն կապված է հանրապետության ամբողջ էկոնոմիկայի առողջացման հետ:
Միաժամանակ «Ազգային Միաբանությունը» մատնանշում է վերջին տարիների բյուջետային ծախսերի քաղաքականության արատավորությունը, որպիսիք են.
- գործնականորեն չեն ֆինանսավորվում անվճարունակ ձեռնարկությունների վերակազմավորումը, դրանց առողջացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը.
- ռեալ միջոցներ չեն ձեռնարկվում զանգվածային չվճարումների և փոխհաշվանցումների արատավոր գործելակերպի վերացման ուղղությամբ.
- կարևորագույն դոտացիոն բնագավառներին արվող հատկացումների կառուցվածքում շարունակում են գերակշռել աշխատավարձերին, ձեռնարկությունների սոցիալական ենթակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը.
- չեն առանձնացվել էկոնոմիկայի գերակայությունները, և ֆինանսավորման որևիցե համակարգ չի ստեղծվել սոցիալական ոլորտի, գիտության և մշակույթի համար.
- դեռևս աննշան է ինստիտուցիոնալ փոփոխությունների հետ կապված բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը.
- մի ամբողջ շարք հոդվածների առումով, անկանխատեսելի է օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների իրական ստացումը:
Էական ենք համարում բյուջեի ծախսային մասի կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը: Ծախսերի ավելացումը պետք է իրականացվի այն հոդվածներով, որոնք հետագայում ռեալ հատուցում կտան` աջակցություն մանր և միջին բիզնեսին, վնասով աշխատող ճյուղերի, ձեռնարկությունների առողջացման ֆոնդի մեծացում, ոչ արդյունավետ ձեռնարկությունների սնանկացման արհեստական արգելակման դադարեցում, հակամենաշնորհային, պետական արդյունաբերական քաղաքականության ակտիվ կիրառում, վերջնական մրցունակ հայրենական արտադրանքի թողարկման խրախուսում և այլն:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային միաբանությունը» ագրարային քաղաքականության մեջ գլխավոր գերակայությունը համարում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովումը: Հիմնական խնդիրն է` դադարեցնել անկումը, հասնել կայունացման և դրա հիման վրա` ագրոարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման: Համալիր, որը ուժեղ, ծաղկուն Հայաստանի ստեղծման գլխավոր պայմանն է, բնակչության կենսապահովման ոլորտը: Մենք գյուղը դիտում ենք ոչ միայն որպես սննդամթերք արտադրողի, այլև` որպես հայության բնամիջավայր:
Ագրոարդյունաբերական համալիրում «Ազգային Միաբանությունը» իր գործունեության գլխավոր ուղղություններն է համարում.
- պայմանների ստեղծումը սեփական բազայի վրա ընդլայնված վերարտադրության և ագրոհամալիրի բոլոր օղակների հստակ փոխգործողության համար: Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի ռեալ գների ապահովումը, ագրարային ապրանքարտադրողի ազատագրումը մենատերերի և ապրանքամիջնորդային կիսաքրեական տարրերի թելադրանքից.
- հայրենական գյուղատնտեսական ապրանքարտադրողների պետական պաշտպանությունը այն սննդամթերքների ներկրումից, որոնք արտադրվում են Հայաստանում.
- հարկման համակարգի կատարելագործումը, որը պետք է նպաստի գյուղատնտեսական ապրանքների արտադրության և եկամտի աճին, դրանց համար միասնական տարբերակված հողային հարկի սահմանումը և մյուս հարկերի վերացումը.
- յուրաքանչյուր գյուղացու իրավունքի հաստատումը` ինքնուրույնաբար ընտրելու գործունեության տեսակը, տնտեսվարման բազմազան ձևերի կիրառումը (կոոպերատիվներ, բաժնետիրական ընկերություններ, գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ, ժողովրդական և կոլեկտիվ ձեռնարկություններ, կոմբինատներ), արտադրության կազմակերպման և կառավարման գործում նրանց ինքնուրույնության զարգացումը:
- օրենքով խստիվ հետապնդել տնտեսավարման ձևերի ամեն վարչական պարտադրանք, որն անտեսում է բուն արտադրողների կամքն ու ցանկությունը:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխությունները Հայաստանում պետք է հենվեն, որպես մեր ընդհանուր հարստություն, շրջապատող բնության պահպանման ու հարստացման վրա, որի համատերերը ներկայիս և ապագա սերունդներն են:
Բնապահպանական քաղաքականությունը հիմնականում պետք է նպատակաուղղված լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում ապրելու քաղաքացիների իրավունքների ապահովմանը: Անհրաժեշտ ենք համարում բացառել շրջակա միջավայրին վնասող տնտեսական վերափոխումների բացասական հետևանքները, բնապահպանական մոտեցումների ձևավորումը բնակչության զանգվածային գիտակցության մեջ:
«Ազգային Միաբանության» բնապահպանական քաղաքականության երկարաժամկետ ուղղություններն են.
- չվերականգնվող բնական պաշարների օգտագործումից տնտեսության վերակողմնորոշումը վերականգնվող պաշարների օգտագործման.
-  Սևանա լճի փրկության ազգային ծրագրի ընդունումն ու իրականացումը.
- էրոզիայի ենթարկված հողերի բնապահպանական վերականգնմանը, օգտանյութերով դրանց վերամշակմանը, աղտոտված տարածքների վերականգնմանն ուղղված ծրագրերի հաստատումն ու իրագործումը.
- էկոնոմիկայի կառուցվածքային վերափոխումներին իրապես շոշափելի բնապահպանական արդյունքներ տալը:
«Ազգային Միաբանությունը» հույժ կարևորության խնդիր է համարում այնպիսի օրենքների ընդունումը, որոնք սահմանեն բնապահպանական անվտանգության ոլորտի` օդի, ջրի, հողերի, անտառների պաշտպանության առաջնահերթ միջոցառումներ:

* * *

Այս ամենը միասին վերցրած` նոր տնտեսական քաղաքականության հենց այն համառոտ հայեցակարգն է, որն առաջարկում է «Ազգային Միաբանությունը»: Դրա իմաստն է` ցածր հարկեր, ձեռնարկությունների լիիրավ տնտեսական ազատություն այն հաշվով, որ կարողանան իրենք իրենց հատկացնել ներդրումներ սեփական միջոցներից, հայրենական ապրանքարտադրողի պաշտպանություն, նոր բիզնեսի հիմնման համար բարենպաստ պայմանների ապահովում, ներդրումային կլիմայի կտրուկ բարելավում, էկոնոմիկայում մրցակցային միջավայրի ստեղծում:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ հայկական ազգային մշակույթի պահպանումը, վերածնումը և զարգացումը կյանքի բոլոր բնագավառնեում ակնկալվող հաջողությունների գլխավոր պայմանն է, ազգային համախմբման կարևորագույն միջոցը: Մենք համոզված ենք, որ այսօր, հայկական պետականության կայացման դժվարին ժամանակներում միայն մշակույթը կարող է ապահովել ազգի ինքնությունը, երկրի ու հասարակության սոցիալական, բարոյական, հոգեբանական նկարագիրը:
Մշակույթի բնագավառում մեր խնդիրն է աջակցել մշակույթի գործիչների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը, պետության կողմից մշակույթի պատասխանատու հովանավորչության հաստատմանը: Ընդ որում, կարևոր է, որ մշակույթի գործիչների և ստեղծագործողների նյութական և բարոյական խրախուսումը պայմանավորված լինի զուտ գեղագիտական նկատառումներով` անկախ քաղաքական կոնյունկտուրայից:
«Ազգային Միաբանությունը» վստահ է, որ կրթությունը, որպես գիտելիքների հաղորդման, վարպետության ու ավանդույթների փոխանցման համակարգ, այսօր կանխորոշում է ամեն ազգի ճակատագիրն ու նրա պատմական հաջողությունը: Հայաստանի Հանրապետությունը կարող է արժանապատիվ ապագա ունենալ միայն կրթության բարձր մակարդակի պահպանման և նրա ըստ ամենայնի զարգացման ճանապարհին:
Կրթությունը պետք է զարգանա իր իսկ բարձր պահանջարկի ֆոնի վրա: Նա պետք է դառնա կարևորագույնը ազգային գերակայությունների մեջ:
Թե պետական և թե մասնավոր կրթության հիմքում պետք է լինեն դաստիարակությունը ազատության և պատասխանատվության ոգով, հավասար, արդարացի պայմանների ստեղծումը մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման համար: Միաժամանակ անհրաժեշտ է կիրառել մասնավոր բուհերի հավատարմագրման և արտոնագրման ավելի խիստ կանոններ:
«Ազգային Միաբանությունը» հանրակրթական դպրոցի առջև կանգնած հիմնական խնդիրներն է համարում.
- ամբողջ կրթական համակարգի արտոնյալ ֆինանսավորումը.
- պարտադիր տարրական կրթությունը, միջնակարգ կրթության մեծ մասնաբաժինը, մարզերի ղեկավարության գործունեությունը գնահատելիս բնակչության կրթական մակարդակի կարևորումը.
- դպրոցական շենքերի կառուցման, ուսուցիչների համար բնակշինարարության ընդարձակման, ուսումնական ձեռնարկների ու սարքավորումների (ներառյալ համակարգիչները) ձեռքբերման, ուսուցչական կադրերի պլանային պատրաստման պետական ֆինանսավորումն ու ապահովումը.
- կրթության բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձի աստիճանական բարձրացումը.
- օգնությունը մոտիկ և հեռավոր արտերկրում գործող հայկական հանրակրթական դպրոցներին, Սփյուռքում հայկական դպրոցի դերի բարձրացումը, նրա հեղինակության ապահովումը:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ գիտությունը, գիտական դպրոցները, ազգի գիտական միտքը և վերջինիս նպատակային օգտագործումը երրորդ հազարամյակում Հայաստանի գոյատևման կարևորագույն նախապայմաններն են:
Գիտության բնագավառի կարևորագույն խնդիրներն են.
- Հայաստանի տնտեսական, քաղաքական, հոգևոր վերածննդին նպաստող գիտական հետազոտությունների սատարման պետական ծրագրերի իրագործումը.
- աջակցել գիտական ծրագրերին և նախագծերին, այլ ոչ թե` քարացած բյուրոկրատական կառուցվածքներ ունեցող գիտական հիմնարկներին` զարգացնելով պետական դրամաշնորհների համակարգը.
- ըստ ամենայնի սատարել գիտական երիտասարդությանը, ներդնել երիտասարդական հատուկ դրամաշնորհների և կրթաթոշակների, կրթություն ստանալու համար պետական վարկերի համակարգեր:
«Ազգային Միաբանությունը» ժողովրդի առողջությունը գնահատում է որպես նորմալ հասարակության և զորեղ պետության թե նպատակ և թե պայման:
Գիտակցելով, որ առողջապահության նախկին չափանիշներն ու հնարավորությունները կորսված են, «Ազգային Միաբանությունը» անհրաժեշտ է համարում սահմանել բժշկական օգնության նվազագույն չափերն ու հնարավորությունները, որոնք պետությունը պարտավոր է երաշխավորել: Այստեղից հետևում է բժշկական ծառայությունների ստանդարտացման, պետական (բյուջետային) և ապահովագրական բժշկության հարաբերակցության օպտիմալացման անհրաժեշտությունը:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանությունը» կարող է հենվել միայն ազգային գաղափարախոսության վրա:
Ազգային գաղափարախոսությունը արժեքների գնահատման և վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար: Նա կոչված է համազգային շահերի տեսակետից հետազոտել պատմական իրողությունները, ի հայտ բերել սխալները` կանխելու համար դրանց կրկնությունը:
Ազգային գաղափարախոսությունը ինքնապահպանման հավաքական բնազդի գիտակցված աստիճանն է, հավաքական գոյատևման երաշխիքը:
Ազգային գաղափարախոսությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, դա պանթյուրքիզմի գաղափարական հակակշիռն է, մի գաղափարախոսություն, որը մշտապես ճգնաժամային իրավիճակներ է ստեղծում մեր ժողովրդի համար` վերջնական նպատակ ունենալով ոչնչացնել հայկական պետականությունը: Այս իրողությունը չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր ձգտում են ժխտել ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը, նենգափոխելով դա պատեհապաշտ կոչերով, դրսից պարտադրված փորձարարական ծրագրերով:
«Ազգային Միաբանությունը» ազգային գաղափարախոսության հիմքն է համարում համազգային հավաքականությունը, որը պահանջում է մշտական պայքար պառակտման ամեն դրսևորման դեմ: Ազգային գաղափարախոսությունը պետք է վեր կանգնած լինի բոլոր դասերից և կուսակցություններից, ելնի նրանց շահերից, քանի որ ազգի կորուստը չի կարող կորուստ չլինել նաև իրենց համար:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ ազգային գաղափարախոսության և բարոյականության հիմքում պետք է դրված լինի սոցիալական արդարությունը, վերջինիս բացակայությունն անհնար է դարձնում հասարակական համաձայնությունը:  Ազգային գաղափարախոսությունը մերժում է ծայրահեղությունները, խիստ սոցիալական բևեռացումը, երբ չկայացած միջին դասը չի կարող կապող օղակ դառնալ ազգի միավորման, կայուն ազգային համաձայնության և համերաշխության համար:
Ազգային գաղափարախոսությունը վնասակար ու անընդունելի է համարում ամեն վերափոխություն, որը թեկուզ ժամանակավորապես թուլացնում է միջին դասը, քանի որ դա համազգային ուժի թուլացում է :
Ազգային գաղափարախոսությունը կտրուկ սահմանափակում է իշխանությունների` սխալ գործելու իրավունքը: Ոչ ոք, ոչ մի խումբ, ոչ մի կուսակցություն իրավունք չպետք է ունենա արդարացնելու այն սխալները, որոնք վտանգում են ամբողջ մի ժողովրդի, նրանց, ովքեր խաբված են:
Ազգային գաղափարախոսությունը էկոնոմիկայի ոլորտում առաջնային նշանակություն է տալիս արդյունաբերության և գյուղատնտեսության այն ճյուղերին, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայրենիքում մեծ թվով մարդկանց ապրուստի համար, նպաստում են տարածաշրջանների, հատկապես փոքր քաղաքների ու գյուղական վայրերի համաչափ զարգացման, բնապահպանական ծրագրերի իրականացման համար:
Ազգային գաղափարախոսությունը հատուկ ուշադրություն է պահանջում գիտության այն բնագավառների նկատմամբ, որոնց զարգացման կենտրոնը օբյեկտիվորեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ կրողն է հայկական էթնոսը: Քանի որ գիտությունը, մշակույթը և արվեստը բնութագրում են ազգի դեմքը, որոշում նրա տեղը աշխարհում, ազգային գաղափարախոսությունը անթույլատրելի է համարում ամեն կարգի նահանջ ձեռք բերած մակարդակից:
Ազգային գաղափարախոսությունը լեզվական և մշակութային ընդհանրության (հայկական էթնոսի) պահպանման պարտադիր պայման է համարում հետևողական պետական լեզվա-մշակութային քաղաքականության իրականացումը, քաղաքականություն, որն ընդունակ է համախմբել հասարակությանը:
Ազգային գաղափարախոսությունը հասարակական կյանքի բոլոր պրոցեսները գնահատում է ազգի համախմբման, ազգային դեմքի, բարոյականության և ոգու պահպանման տեսակետից: Ազգային գաղափարախոսության իրականացման մեջ «Ազգային Միաբանությունը» հատուկ տեղ է հատկացնում Սփյուռքին: Առանց Հայրենիքի չկա Սփյուռքի ազգային կեցությունը և, ընդհակառակն, առանց Սփյուռքի քաղաքական, բարոյական, մշակութային և նյութական օժանդակության անհնար է հայկական պետության արագ և արդյունավետ կառուցումը:
Ազգային գաղափարախոսությունը վճռական, բեկումնային պահերին իշխանությունների (լիդերների, կուսակցությունների ) գործունեությունը արժեվորում է կորուստները նվազագույնի հասցնելու, դրանց համար պատասխանատվություն ստանձնելու, ժողովրդավարությունը զարգացնելու կարողության տեսակետից: «Ազգային Միաբանությունը» ձգտում է ազգային գաղափարախոսությունը դարձնել հայկական պետականության հիմք, անելով անեն ինչ, որպեսզի ազգային գաղափարախոսությունը իր դրոշի ներքո միավորի հայ հասարակության բոլոր շերտերն ու դասակարգերը` հասնելով բովանդակ հայության ընդհանուր նպատակի իրականացմանը, Ազգ-Պետության ստեղծմանը:
«Ազգային Միաբանությունը» ազգային գաղափարախոսության առանցքն է համարում.
- բոլոր ազգային ուժերը մեկ գերխնդրի` Ազգ-Պետության ստեղծման շուրջ միավորելը, զուգակցելով դա այդ ուժերի քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական և այլ համոզմունքների պահպանման հետ:Կարևորվում է նաև համապատասխան իրավական և կազմակերպական կառուցվածքների ձևավորումը, որոնք ողջ հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ` լուծելու համազգային խնդիրները:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանությունը» գործուն արտաքին քաղաքականության գլխավոր պայմաններ է համարում դրա ռեալիզմի ապահովումը, ներքին զարգացման երկարաժամկետ խնդիրների հետ շաղկապելը և հանրապետության իրական հնարավորությունների և ռեսուրսների հետ չափակցելը: Արտաքին քաղաքականության բարձրագույն գերակայությունն ենք համարում անհատի, հասարակության, պետության պաշտպանությունը: Այստեղից էլ` բոլոր միջոցներով Հայաստանի հուսալի անվտանգության ապահովումը, նրա առաջընթաց զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը, աջակցությունը տարածաշրջանային և վերտարածքային գործընթացներին, որոնք ուղղված են կայուն, արդարացի և ժողովրդավարական աշխարհակերտման նպատակին:
Հայկական պետությունը պետք է ձգտի ստեղծելու բարիդրացիական հարաբերություններ սահմանակից երկրների հետ: Դրա հետ մեկտեղ, չի կարող կասկածի ենթակա լինել այն փաստը, որ համակովկասյան կայունացման միջուկն ու առանցքը պետք է լինեն միայն և բացառապես Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը: Մյուս շահագրգիռ պետությունները, մեր համոզմամբ, կարող են ներգրավվել Կովկասի ստեղծարար կարգավորման պրոցեսի մեջ` չհավակնելով իրենց կամքը արմատավորել կամ առավել ևս թելադրել: Այս հիմքի վրա կարելի է և պետք է երկխոսություն վարել նախ և առաջ Իրանի, ինչպես նաև Թուրքիայի հետ:
Կոլեկտիվ անվտանգությամբ շահագրգռված ԱՄՆ-ը և Եվրամիությունը մեծապես կարող են նպաստել համագործակցության և շահավետ փոխգործողությունների, տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների ընդհանուր սկզբունքների հաստատմանը: Այդ գործում նրանց դերը և տեղը դժվար է գերագնահատել:
Ելնելով Հայկական պետության և հայ ժողովրդի շահերից, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է նպատակամղվի Հայաստան-Արցախ վերամիավորված երկրի միջազգային ճանաչմանը: «Ազգային Միաբանությունը» համարում է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին ենթակա չէ վերանայման և, հետևաբար, անհրաժեշտ է ձգտել դրա միջազգային ճանաչմանը:
Արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ քայլեր պետք է կատարել ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերի, հումքի և սպառման շուկաների վերականգնման, Ռուսաստանի հետ բարեկամության և փոխօգնության էլ ավելի ամրապնդման ուղղությամբ` անկախ նրա պետական կառուցվածքից: Կարևորում ենք նաև Հայաստանի ներգրավումը տարածաշրջանում իրականացվող միջազգային տնտեսական ծրագրերում:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանությունը» ազգային քաղաքականության մեջ ղեկավարվելու է հետևյալ սկզբունքով. կանխել առանձին անհատների ու խմբավորումների ազգային-մշակութային իրավունքների օգտագործումն` ի վնաս հասարակության և այլ անձանց շահերի:
«Ազգային Միաբանության» ազգային քաղաքականության առաջնահերթ խնդիրներն են.
- ճանաչել Հայաստանի Հանրապետության էթնո-մշակութային բազմազանությունը, որը, որպես հասարակության սեփականություն, ենթակա է պետական պաշտպանության.
- տնտեսական վերափոխումներ կատարելիս հաշվի առնել էթնիկական փոքրամասնությունների ավանդական տնտեսավարման առանձնահատկությունները.
- խստիվ արգելել ազգային խտրականության դրսևորումները, ճիշտ նույն կերպ` չսահմանել արտոնություններ և առավելություններ` ըստ ազգային հատկանիշների.
- ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները ռուսների, քրդերի, եզդիների, ասորիների հույների, հրեաների և այլ ազգային փոքրամասնությունների լեզվի, կրոնի, մշակույթի, ավանդույթների պահպանման և հետագա զարգացման համար:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ    ՄՇԱԿՈՒԹԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի բովանդակ մշակութային ժառանգությունը համարվում է ժողովրդի ընդհանուր սեփականությունը` անկախ դրա ստեղծման ժամանակից, դրա հեղինակների կրոնական և քաղաքական հայացքներից:
Հայաստանի Հանրապետությունը (1918-1920թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991թթ.) հանդիսանում են միասնական հայկական պետականության ձևերը, որոնք նախորդել են մեր օրերի Հայաստանի Հանրապետությանը: Անվիճելի են Հայկական ԽՍՀ ծառայությունները երկրի, ժողովրդի զարգացման, անկախ հայկական պետականության բազիսային հիմքի ստեղծման գործում: Հայաստանի Հանրապետությունը ժառանգորդն է այն ամեն դրականի, որը ստեղծել են հայկական պետականության նախորդ ձևերը:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ստեղծմամբ մասամբ լուծվել է «Հայկական հարցը»: Այսօր Հայդատի պրոբլեմը չի կարող լինել պետական ռեալ քաղաքականության առարկա: Սակայն դա չի նշանակում, թե պետությունը ժողովրդի պատմական հիշողության ջնջման կողմնակիցն է: 1915-22թթ. հայ ժողովրդի ցեղասպանության մասին հիշողությունը պետք է վառ պահվի, որպեսզի անհրաժեշտության դեպքում հակահարված տրվի այդ մարդատյաց քաղաքականության դրսևորումներին:

* * *

«Ազգային Միաբանությունը» ազգային համախմբման կազմակերպություն է: Նրա նշանաբանն է` «Ազատություն, Համերաշխություն, Արդարություն»:
Ազատությունը «Ազգային Միաբանության» ըմբռմամբ նշանակում է ազատ լինել պարտադրված կախվածությունից, որը մարդուն, հասարակությանը, երկիրը զրկում է ստեղծարար ուղիներ, կենսակերպ ընտրելու հնարավորությունից, ոտնահարում է անձնական և ազգային արժանապատվությունը:
«Ազգային Միաբանությունը» ձգտելու է, որպեսզի Ազատությունը Հայաստանում հասարակական իրողություն դառնա, երբ հանրապետության բոլոր քաղաքացիներին կընձեռվեն փաստացի տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային ազատ զարգացման հնարավորություններ:
«Ազգային Միաբանությունը» ձգտելու է Արդարության, որը օրենքի ուժով ամեն առանձին վերցրած քաղաքացու հասարակության մեջ կերաշխավորի հավասար իրավունքներ և համարժեք կենսական հնարավորություններ` անկախ նրա զորությունից, իշխանությունից, դիրքից:
«Ազգային Միաբանությունը» ձգտելու է հասարակության մեջ հաստատելու Համերաշխության սկզբունքը, որին հետևելով` շատ դարեր պետականությունից զրկված հայ ժողովուրդը կարողացել է տոկալ և գոյատևել: Հասարակության անդամները կարող են նոր պայմաններում մարդավայել գոյակցել, համագործակցել սոսկ այն դեպքում, երբ պատասխանատվություն կզգան իրենց և ուրիշների համար ու կօգնեն միմյանց:
Համերաշխությունն, իբրև այդպիսին, իրականանում է լոկ այն դեպքում, երբ գործում է նաև ուժով անհավասարների, հակառակ շահեր հետապնդող ախոյանների միջև: Բնավ չնշանակելով նահանջ հայացքներից ու սկզբունքներից, նման մոտեցումը պարտադրում է ուժեղին սատարել թույլերին, իսկ ամենքիս` համատեղ ջանքեր գործադրել` ի շահ յուրաքանչյուր մարդու, ի շահ ազգի, ի շահ Հայրենիքի` իր ամբողջության մեջ: «Ազգային Միաբանությունը» Համերաշխության է ձգտելու հատկապես այնտեղ, ուր դա առանձնապես դժվար հասանելի է :

* * *

«Ազգային Միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը բաց է բոլոր այն անձանց համար, ում հուզում է Մայր Հայրենիքի ճակատագիրը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիների բարգավաճումը, Հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայերի ազգային կեցությունը:
«Ազգային Միաբանությունը» գտնում է, որ ձգտումը հասարակության արդյունավետ կենսագործունեության և այն համոզվածությունը, որով կազմակերպությունը կհաստատի իր հիմնական գաղափարները, վճռական նշանակություն կունենան, որպեսզի հայ ժողովուրդը գիտակցի սեփական ազգային շահերը, բարձրանա դրանց մակարդակին` պատասխանատվության իր բաժինը բերելով արդի քաղաքակիրթ աշխարհին:

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր