Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է հանձնել Համահայկական հռչակագիրը
23.02.2015, Արմենպրեսս
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին է հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Այս մասին Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց ԱԺ նիստի ընթացքում՝ ելույթ ունենալով վարման կարգի վերաբերյալ: «Ես նոր եմ վերադարձել Վիեննայից, որտեղ մասնակցել եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Պետք է ասեմ, որ ես անձամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին եմ հանձնել Համահայկական հռչակագիրը՝ կատարելով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրեց Գեղամյանը:
Նա նաև ընդգծեց, որ ավելի վաղ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատվիրակների հասցեով 6 լեզուներով ուղարկվել է Համահայկական հռչակագիրը, ինչպես նաև «Թուրքիան պետք է ապաշխարի իր պատմական անցյալի համար» խորագրով գիրքը՝ 7 լեզուներով:
Գեղամյանը վստահեցրեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում բոլորը մեծ հարգանքով են վերաբերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը:
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՄԵՂՔԵՐԸ
25.01.2015, Արմենպրեսս
Արդեն մեկնարկած 2015-ն օբյեկտիվորեն կոչված է դառնալու XX դարում կատարված ողբերգական իրադարձությունների խոր իմաստավորման տարի։ Չէ՞ որ հենց այս թվականին են քաղաքակիրթ բոլոր պետությունները և ժողովուրդները նշելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մայիսի 9-ին նշելու են նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և սովետական ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որը 25 միլիոն խորհրդային քաղաքացու կյանք արժեցավ։ Ավստրալացիների և նորզելանդացիների համար ապրիլի 25-ը ԱՆԶԱԿ-ի օրն է (ANZAC Day)՝ Հայրենիքի պաշտպանի ոգեկոչման օրը։ 100 տարի առաջ հենց այդ օրն ավստրալական և նորզելանդական բանակային կորպուսը (Australian and New Zealand Army Corps-ANZAC) ափ հանվեց Գալիպոլիում (Թուրքիա)։ Թուրքական Գալիպոլի թերակղզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավստրալացի 8000 և նորզելանդացի 2700 զինվոր։ Շատ ավստրալացիների և նորզելանդացիների գիտակցության մեջ արմատացել է այն միտքը, թե Երկրագնդի մյուս ծայրում երիտասարդ տղաների զանգվածային սպանությունը բրիտանական հրամանատարության ապաշնորհության և մարդկային կորուստների հանդեպ թքողական վերաբերմունքի հետևանք էր։ Նշենք նաև, որ ահա արդեն քանի տասնամյակ մարտի 18-ին Թուրքիայում հանդիսավորապես նշում են Չանաքկալեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտ, որը հայտնի է նաև Դարդանելի գործողություն անվամբ) հերթական ամյակը. 1915թ. մարտի 18-ին Բրիտանական կայսրության և Ֆրանսիայի նավերը հետ շպրտվեցին Չանաքկալեի (Դարդանել) նեղուցն անցնելու փորձ կատարելիս։ Նշենք նաև, որ Դարդանելի գործողության ժամանակ Բրիտանական կայսրությունն ունեցավ 119.7 հազար սպանված, վիրավոր, անհայտ կորած, Ֆրանսիան՝ 26,5 հազար, Օսմանյան կայսրությունը՝ 186 հազար։
Մեր օրերում հատկապես կարևոր են ողբերգական այս իրադարձությունների խոր իմաստավորումն ու դրանցից դաս առնելը, քանի որ մենք վկան ենք այն բանի, թե ինչպես Ուկրաինայի Հարավ-արևելքում չեն դադարում մարտական գործողություններն Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների միջև, թե ինչպես Սիրիան դեռևս ծվատվում է դաժան քաղաքացիական պատերազմի հետևանքով, թե ինչպես դեռևս շարունակվում են ԻԼԻՊ-ի մարտական գործողություններն Իրաքում և Սիրիայում, որոնց ընթացքում զոհվում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ծերեր, կանայք և երեխաներ։
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է»
19.01.2014, Արմենպրեսս
20.01.2014, Իրավունք
«Այն ինչն ինձ չի սպանում,
դարձնում է ավելի ուժեղ»
Ֆրիդրիխ Նիցշե
(Կուռքերի մթնշաղը, կամ ինչպես են փիլիսոփայում մուրճով)
Ս.թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, ժամկետային զինծառայողը գնդակահարել է հայկական մի ընտանիք՝ 6 հոգու։ Ողբերգությունը բուռն հասարակական արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ ութմիլիոնանոց հայկական սփյուռքում։ Մեր ժողովրդի համար տագնապալի այս օրերին մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում բոլոր քաղաքական, պետական գործիչներին և ողջ աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ովքեր համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին և մեզ հետ միասին կիսում մեր ցավը։
«...Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է այս զազրելի հանցագործությունը։ Գոյություն չունի որևէ պատճառ, որը կարողանար արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը։ Մենք վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժն օրենքի ողջ խստությամբ։ Հույս ունենք, որ այս ողբերգական իրադարձությունը չի ազդի մեր երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա». այս մեջբերումն արված է Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի ցավակցական հեռագրից՝ հասցեագրված Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին։ Կարելի է տասնյակ ցավակցական հեռագրեր նշել Հայաստանի ղեկավարության և ժողովրդի հասցեին, որոնք ստացվել են Հայաստանում հավատարմագրված, մասնավորապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների դեսպանություններից։ Եվ հանկարծ այս ֆոնին հունվարի 17-ին ադրբեջանական կառավարամետ կայքում (ru.apa.az/news/285120) հրապարակվում է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հարցազրույցը՝ «Եթե չլինեին ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա» վերնագրով։ Այս գործչի հարցազրույցը կարդալուց հետո առաջին բանը, որ հատկապես տագնապեցրեց, հեղինակի ցինիզմն ու ատելությունն է, կարծում եմ, իր հայրենիքի՝ Ռուսաստանի հանդեպ։ Այո, այո, ես չսխալվեցի։ Ինքներդ դատեք։
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԿՆ Է՝ ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ
06.11.2014, Արմենպրես
Մեկ ամսից մի փոքր քիչ ժամանակ է անցել Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության համար նշանակալի այն օրվանից, երբ 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում գումարված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը պետությունների ղեկավարների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուն։ Եվ տառացիորեն հենց հաջորդ օրը հայ ընթերցողի վրա տեղաց Հայաստանի քաղաքական ղեկավարության ու անձամբ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հասցեին ուղղված քննադատության, ազգային շահերին դավաճանելու մեղադրանքների և ուղղակի սպառնալիքների տարափը։ Բնական է, որ առաջնության դափնին քաղաքական այս անգրագետ վայրահաչության մեջ ստանձնեցին արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող տխրահռչակ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցները։ Չէի ցանկանա անվանապես թվարկել դրանք՝ շատ մեծ պատիվ կլիներ ու լավ գովազդ դրանց թրջված հեղինակության համար։ Էլ չեմ ասում այն մասին, որ լուրջ վերաբերմունքը դրանց հրապարակումների հանդեպ նրանց գործատուներին կդրդեր շարունակել այդ բացահայտորեն հակապետական գրչակների ֆինանսավորումը։ Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ հայոց պետականության հիմքերը սասանող գործունեության համար դրանց պատասխանատվության չեն ենթարկում օրենքի ամբողջ խստությամբ։ Առաջին հայացքից միանգամայն իրավացի հարց է թվում, մանավանդ որ հենց այդ էլեկտրոնային ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Lragir.am-ի էջերում է տպագրվել նրանց բնորոշմամբ՝ ռուսամետ, ասել է թե՝ եվրասիամետ քաղաքական գործիչների ցուցակը, որոնք ենթակա են ֆիզիկական ոչնչացման։ Ցավով եմ նշում, որ իմ ազգանունն այդ ցուցակում լոկ չորրորդ տողում էր։ Չեմ թաքցնում, ես հույս ունեի, որ եթե ոչ առաջինը, ապա գոնե երկրորդը կլինեի։ Եվ ահա, այդ լրատվամիջոցները, լինելով հայտնի հատուկ ծառայությունների ազդեցության գործակալները, նաև բավական դրական դեր են կատարում։ Այո, այո, ես չսխալվեցի, դրական դեր այն իմաստով, որ դրանց հոդվածներն ուշադիր վերլուծելիս կարելի է «բռնել» Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքական ղեկավարության դեմ վարվող տեղեկատվական պատերազմի տրամաբանությունը։
Կարդալ ավելին...