Արտաշես Գեղամյանը հերքում է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցիների ներկայացրած բանաձևին կողմ քվեարկելու լուրերը

09.07.2015, Արմենպրեսս

ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած ու ընդունված բանաձևին:

«Դա ի սկզբանե հերյուրանք էր, որն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում է: Այդ բանաձևը քվեարկության է դրվել հուլիսի 9-ին, որից առաջ ես խոսք ուզեցի, հիմնավորեցի՝ ինչու ենք մենք դեմ քվեարկելու և կարծում եմ, որ հիմնավորումս շատ համոզիչ էր, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Եվ ոչ միայն ես, այլ նաև պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը և Ստեփան Մարգարյանը, դեմ ենք քվեարկել այդ բանաձևին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամյանը:

Պատգամավորը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հալած յուղի տեղ են ընդունում ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքները: «Սա մտահոգիչ է, սակայն հատկանշական է, որ հարկ էլ չեն համարում հղում տալ, որովհետև գիտեն, որ դա ակնհայտ սուտ է: Բարեբախտաբար, այդ ամենը տեսագրվել է, և այն կտեղադրվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում և այդ լրատվամիջոցները հերթական անգամ կխայտառակվեն, որ աշխատում են ադրբեջանական քարոզչության օգտին»,- նշեց Գեղամյանը:

 

Մանրամասնելով ասվածը՝ Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել  Հելսինկյան հռչակագիրը, որի 4-րդ կետն ադրբեջանական պատվիրակության ներկայացրած այդ չարաբաստիկ բանաձևն է: «Այդ կետը մենք չպետք է արհեստականորեն վերցնենք և տարածենք Լեռնային Ղարաբաղի վրա, որովհետև քանիցս ամենաբարձր իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը իրենց հրապարակային դիրքորոշումն արտահայտել են առ այն, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է ԽՍՀՄ օրենքների համաձայն: Հայաստանի Հանրապետության Նախագահն էլ մշտապես ասել է՝ ի՞նչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղը մինչ Ադրբեջանի Հանրապետության հռչակվելն արդեն ինքնորոշվել էր»,- ասաց Գեղամյանը:

Գեղամյանը մանրամասնեց, որ ադրբեջանցիների ներկայացրած բանաձևում ընդամենը ընդհանուր դատողություններ են եղել, սակայն Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չի եղել: Նրա խոսքով՝ քանի որ երկրների մեծամասնության մոտ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հստակ դիրքորոշում կա, ադրբեջանցիներն այդ բանաձևը ներկայացրել են Ուկրաինայի զարգացումների քողի ներքո՝ մտածելով, որ կանցնի իրենց խորամանկությունը: «Ասեմ ավելին, երբ ես հակառակ փաստարկներով ելույթ ունեցա, անմիջապես ինձանից հետո ելույթ ունեցավ ուկրաինական պատվիրակության ղեկավարը, ով ասաց, որ այս հարցը բացարձակ ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը:

Վեհաժողովի 300  պատվիրակներից  քվեարկությանը մասնակցել են 130-ը: Գեղամյանը հայտնեց, որ 170 պատվիրակ ընդհանրապես չի մասնակցել:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, որ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած բանաձևին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը տարածել են նաև մի շարք հայկական լրատվամիջոցներ:

 

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր