Սահմանադրական բարեփոխումների պահանջվածությունը Հայաստանում

20.07.2015, Արմենպրես

21.07.2015, Հայոց աշխարհ

21.07.2015, Իրավունք

Համակ ուշադրությամբ ծանոթացա տարբեր հեղինակների, քաղաքական գործիչների հրապարակումներին ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության առաջին 7 գլուխների վերաբերյալ։ Դրանցում գտա ինչպես հետաքրքիր շատ մտքեր՝ ի պաշտպանություն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց անհրաժեշտությունը վիճարկող մոտեցումներ։ Կային նաև հրապարակումներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ և կրում էին լոկ ցածրահարգ անձնավորված հայհոյախոսության ու այն հսկայական աշխատանքի վատաբանման լիցք, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Նշեմ, որ նման հրապարակումները, որոնց հետևից ցցված են հասարակության մեջ քաղաքական նեցուկ չունեցող հավակնոտ քաղաքական գործիչների ականջները, նույնպես հարկավոր էին, քանի որ դրանցում հստակ երևում էր դրանց հեղինակների մտավոր սնանկությունը։ Բայց խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է ոչ թե նրանց, այլ առաջարկվող բարեփոխումների էությանը և դրանց անհրաժեշտության աստիճանին։

Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ, վերլուծելով հրապարակումները՝ գալիս էի այն եզրակացության, որ դրանց հեղինակների մեծ մասն իր փաստարկները և եզրահանգումները կատարում է՝ Սահմանադրության առանձին հոդվածներ և պարագրաֆներ (դրանց նոր խմբագրմամբ) համեմատելով մեր կյանքի այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունեցել գործող Սահմանադրության պայմաններում։ Միանգամայն բնական կլինի, եթե ընթերցողը հարցնի. իսկ այդ դեպքում ինչի՞ հետ համեմատել դրանք։ Այսպիսի հարցադրումն առաջին հայացքից կարող է տեղին թվալ։ Բայց միայն առաջին հայացքից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ձևավորեց խմբակցություն, որը ձայների պարզ մեծամասնություն ունի՝ 50%+1 միավոր (ձայն)։ Այսպիսով, Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որը միաժամանակ կառավարող Հանրապետական կուսակցության նախագահն է, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է ակնկալել խորհրդարանի աջակցությունն իր նախաձեռնած օրենքների ընդունման հարցում։ ՀՀ ԱԺ-ում ստեղծված քաղաքական ուժերի հարաբերակցությունն անցած 8 տարիներին թույլ է տվել ՀՀ Նախագահին հանդես գալ Հայաստանի համար բավական վճռորոշ հայտարարություններով և նախաձեռնություններով։ Անշուշտ, դրանց թվին պետք է դասել 2009թ. հոկտեմբերի 10-ին  «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման» մասին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը։

Իհարկե, այս շարքին պետք է դասել նաև ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային, իսկ այնուհետև նաև Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին։ Այս առնչությամբ հարկ է հատկապես նշել նաև ՀՀ Նախագահի հայտարարության երկրորդ մասը, որտեղ նա հստակ հայտարարում է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ համակողմանի հարաբերությունների հետագա զարգացման աշխատանքը շարունակելու մտադրության մասին։ Ավելին, Սերժ Սարգսյանը Հայկական պետության անունից հայտնում է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ նպատակ ունենալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը չի պարունակի այնպիսի դրույթներ, որոնք անհամատեղելի կլինեն Հայաստանի այն պարտավորությունների հետ, որոնք ընդունվել են ըստ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանների։ Անցած ժամանակը համոզիչ կերպով ցույց տվեց, որ երկրի նախագահի ընդունած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումն այլընտրանք չունի։ Բավական է հիշել այն իրադարձությունները, որոնք վերջին երկու տարիներին, «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո, տեղի են ունենում Ուկրաինայում։ Այստեղ տեղին է հիշել նաև այն, ինչ գրված է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ռիգայի հռչակագրում (2015թ. մայիսի 22)։ Համատեղ հռչակագրում ասված է. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013թ. վիլնյուսյան գագաթաժողովից հետո ձեռնարկված քայլերը՝ ԵՄ-ի և նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջև տարբերակված երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնումը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»։ Այստեղ պետք է հատուկ նշել «ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնում» ձևակերպումը։ Չէ՞ որ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի քաղաքականությունն այս հարցում ոչ մի փոփոխության չի ենթարկվել, իսկ ահա ԵՄ քաղաքականությունը սրբագրվել է, դարձել ավելի պրագմատիկ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը հաշվի առնելու հարցում։ Կարծում ենք, որ ԵՄ քաղաքականության վրա ազդել են նաև ուկրաինական իրադարձությունները։ Եվ այս առնչությամբ կուզենայի հիշեցնել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին։ «Հայաստանն այս իրավիճակում ընտրել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն մտնելը և այսպիսով հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի մասին համաձայնագրի նախաստորագրումից։ Իհարկե, մենք ընդունում ենք այդ որոշումը։ Միևնույն ժամանակ, մենք ուղիներ ենք որոնում ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համագործակցության համար։ Այն չի ունենա համագործակցության հատուկ որակ, ինչպես Վրաստանի և Մոլդովայի պարագայում է, բայց Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է հանդիսանում»։ Երկու տարի անց՝ 2015թ. մայիսի 20-ին, «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողով մեկնելու նախօրեին ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Եվրամիությունը հաստատում է «Արևելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության իրավունքը՝ փնտրել զարգացման սեփական ուղիներ՝ միաժամանակ պահպանելով համագործակցությունը ԵՄ-ի հետ... Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների հետ միասին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ»։

Բնավ պատահական չէր, որ հատկապես նշեցի Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների (2009թ.) նախաստորագրման մեծ նշանակությունը։ Հայաստանի քաղաքական ղեկավարության հենց այս բացառիկ կշռադատված քայլն աշխարհին ցույց տվեց պետական մտածողության բարձր մակարդակը Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում լարվածության ծայրահեղ աճի պայմաններում, որը նպատակ ուներ մեղմել լարվածությունը մեր տարածաշրջանում։ Այս քայլը նորովի ընդգծեց Հայաստանի կառուցողական մոտեցումը մեր ազգի համար անգամ այնքան զգայուն հարցում, ինչպիսին է Թուրքիայի Հանրապետության՝ Օսմանյան կայսրության (որը 1915-1923թթ. իրականացրեց Հայոց ցեղասպանությունը) իրավահաջորդի հետ հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիայի հետ, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։ Ավելի քան վստահ եմ, որ հենց Հայաստանի կառուցողական դիրքորոշումն է առաջացրել առաջադեմ համաշխարհային հանրության հարգանքն ու համակրանքը, որոնք դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի օրերին։ Այստեղ դժվար է գերագնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը՝ արտասանված 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ։ Հիշեցնենք, որ հովվապետն իր քարոզի գլխավոր մասը նվիրեց հայերի սպանություններին Օսմանյան Թուրքիայում։ Ֆրանցիսկոս պապն այդ իրադարձություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ «Հայոց ցեղասպանությունը նախորդեց այն սարսափներին, որոնք մարդկությանն սպասում էին հաջորդ հարյուրամյակում»,- ընդգծեց հովվապետը։

Սահմանադրական բարեփոխումներից թվում է, թե շեղվելուց հետո փորձենք պատկերացնել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մեծամասնություն չունենար Ազգային ժողովում։ Մենք, իհարկե, հիանալի հիշում ենք, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված բնավ ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ հիացմունքով ընդունեցին Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրումը, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը։ Չէ՞ որ, եթե Ազգային ժողովը հավանություն չտար այդ հիրավի վճռորոշ որոշումներին, աշխարհի առաջատար երկրները հանձին Հայաստանի անհուսալի գործընկեր կտեսնեին։ Էլ չեմ ասում հնարավոր աղետալի հետևանքների մասին, որոնք կարող էին լինել իրադարձությունների այդօրինակ զարգացման պարագայում։

Պակաս վտանգավոր չէին լինի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հետևանքները։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ՝ այս ասելով։ Հայաստանի Նախագահը, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը քանիցս ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում։ Նորություն չէ, որ խորհրդարանական խմբակցություններից մեկի ներկայացուցիչները քանիցս հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Եթե նման բան պատահեր, նախագահի, արտաքին գործերի նախարարության բազմամյա ջանքերը ջուրը կընկնեին, իսկ ադրբեջանական ղեկավարությունը կստանար երկար սպասված նվերը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտի լուծարումը, որը, փաստորեն, կնախաձեռնվեր հայկական կողմից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նրանց նախագահների վերաբերմունքը մեր երկրի հանդեպ, որոնք հինգ անգամ հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություններով և հռչակագրերով։

Եվ ահա, նման բան կարող էր պատահել, եթե երկրի նախագահը չհենվեր ՀՀ ԱԺ մեծամասնության վրա։

Այժմ՝ ամենագլխավորի մասին։ Առաջարկվող սահմանադրական բարեփոխումներն այն մասով, որտեղ սահմանված են նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և կառավարության լիազորությունները, գրեթե անհնար են դարձնում այնպիսի իրավիճակը, երբ հնարավոր է խզում մեր պետության կարևորագույն խնդիրների և նրա առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ մոտեցումներում։ Թե ինչ մեխանիզմների և լծակների միջոցով է լուծվում Հայոց պետության կայունության ապահովման այս բացառիկ կարևոր խնդիրը՝ Սահմանադրական իրավունքի մասնագետ գիտնականներին ուղղված հարց է։ Կցանկանայի գոհունակությամբ նշել նրանց բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, այն մասին, որ գերակշռել է պետական մոտեցումը ՀՀ Սահմանադրության՝ ապագային միտված տեքստը մշակելիս։ Խոսքն, իհարկե, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի բոլոր անդամներին է վերաբերում։

Իմ հնչեցրած գնահատականների հաստատումը ցանկացած անաչառ քաղաքական գործիչ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և Սահմանադրական իրավունքի մասնագետ կարող է տեսնել և լսել՝ դիտելով Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի տեսագրությունը, որն արվել է ս.թ. հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի

մշտական պատվիրակության ղեկավար,  «Ազգային միաբանություն»

կուսակցության և  «Հյուսիսային հեռանկար» հասարակական

կազմակերպության նախագահ

 

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր