ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄՈՆԱՑՈՒՄԸ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ՀԱՆԳԵՑՆԻ
10.03.2015, Արմենպրեսս
18.03.2015, Իրավունք
2015 թ. փետրվարի 18 – 20-ը Վիեննայում, «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի տասնչորսերորդ նիստը։ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն այդ խորհրդաժողովում ներկայացնում էր նրա ղեկավար, Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ա. Մ. Գեղամյանի պատասխանները մեր թղթակցի հարցերին։
– Պարոն Գեղամյան, ինչո՞վ էր հատկանշական ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովը, և ինչպե՞ս կգնահատեք հայկական պատվիրակության աշխատանքն այնտեղ, ինչպիսի՞ն էր Ձեր անձնական մասնակցությունը։
Ա. Գ. – ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի նշանակությունը, առանց չափազանցության, կարելի է ասել, առանձնահատուկ էր։ Չէ՞ որ այն տեղի էր ունենում միջազգային իրադրության չափազանց լարված պայմաններում, երբ լուծվում է ոչ միայն Եվրոպայի կենտրոնում, Ուկրաինայի հարավարևելքում խաղաղության հաստատման ճակատագիրը, այլև կատարվում է նոր աշխարհակարգի ձևավորման չափազանց ցավագին գործընթաց։ Եվ միանգամայն սպասելի էր, որ ս. թ. փետրվարի 19-ին ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների հատուկ համատեղ նիստում առանձին քննարկման առարկա դարձավ «ԵԱՀԿ արձագանքը Ուկրաինայում և նրա շուրջ ճգնաժամին» հարցը։ Քննարկումը բուռն էր և զգացմունքային. բավական է ասել, որ հարցի շուրջ բանավիճեց ավելի քան 60 հռետոր, այդ թվում` Ձեր խոնարհ ծառան։ Մանրամասների մեջ չխորանալով՝ կարելի է վստահաբար ասել, որ ձմեռային խորհրդաժողովն ամենայն համոզչությամբ ցույց տվեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը շարունակում է հանդիսանալ բավական կարևոր և պատասխանատու համաժողով` արդի աշխարհի կենսականորեն ամենակարևոր խնդիրների ազնիվ և բաց քննարկման, մեր օրերի մարտահրավերների համատեղ հաղթահարման ուղիների որոնման համար։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքի գնահատականին, դժվարանում եմ այդ հարցում, քանի որ սույն պարագայում դա ինքնագնահատական կլիներ, որովհետև ինձնից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի այս համաժողովում Հայաստանի Ազգային ժողովը միայն ես էի ներկայացնում։ Ասեմ, որ ձմեռային խորհրդաժողովի ժամանակ ես ինն անգամ ելույթ եմ ունեցել։
Առաջինը, ինչի մասին կուզեի ասել, այն է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հանձնարարությամբ ես պատիվ ունեցա Ավստրիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի հետ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Իլկե Կաներվային հանձնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը։ Հանձնման արարողության ընթացքում նախագահ Իլկե Կաներվան տեղեկացվեց ողբերգական այդ օրվա հետ կապված հիշատակի միջոցառումների մասին։ Եվ խորապես օրինաչափ էր, որ իմ ելույթներում ես քանիցս հնչեցրել եմ Հայոց ցեղասպանության թեման։ Ավելին, արդեն որերորդ անգամ այդ հեղինակավոր լսարանի առջև, որտեղ ներկայացված են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 57 երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի խորհրդարանականները, ինչպես նաև միջերկրածովյան երկրների խորհրդարանների պատվիրակությունները, հենվելով պատմական փաստերի վրա՝ ստիպված եմ եղել ցրել թուրքական և ադրբեջանական քարոզչության առասպելները, որոնք խեղաթյուրում են XIX դարավերջին – XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում կատարված ողբերգական իրադարձությունները։ Ելույթներիցս մեկում ես ստիպված եղա խոսել 1992 թ. Խոջալուում կատարված իսկական իրադարձությունների մասին, փաստերի հիման վրա տալ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության գծում իրերի դրության օբյեկտիվ գնահատականը։
– Պարոն Գեղամյան, գուցե ավելի հանգամանալիորեն անդրադառնանք Ձեր ելույթներին։
Ա. Գ. – Համաձայն եմ, ինձ թվում է, որ ավելի ազնիվ կլինի, եթե ընթերցողի դատին ամբողջությամբ ներկայացնեմ իմ ելույթները, իսկ եթե պարզաբանումների հարկ լինի, ապա պատրաստ եմ դրանք տրամադրել։ Եվ այսպես, ձմեռային խորհրդաժողովը բացվեց փետրվարի 18-ին ԵԱՀԿ ԽՎ Միջերկրածովյան համաժողովով, որտեղ ունեցա առաջին ելույթս, որի տեքստը ներկայացնում եմ ստորև։
Հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի անունից, հայկական պատվիրակության անունից ուզում եմ անկեղծ ցավակցություն հայտնել եգիպտացի մեր գործընկերներին, մեզ բոլորիս՝ Լիբիայում 21 քրիստոնյա ղպտիների ողբերգական վախճանի կապակցությամբ, որոնց գլխատեցին։ Ի՞նչ է՝ դա պատահակա՞ն էր։ Իհարկե ոչ։ Համարձակվում եմ ձեզ հիշեցնել Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ աս-Սիսիի ելույթի խոսքերը, որոնցով նա մուսուլմանական աստվածաբաններին կրոնական հեղափոխության կոչ էր անում։ Հունվարի 3-ին՝ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը, Ալ-Ազհար համալսարանում ելույթ ունենալով եկեղեցական, մուսուլմանական առաջնորդների առջև, աս-Սիսին, մասնավորապես, ասաց. «Աներևակայելի է, որ այն մտքերը, որոնք մենք ամբողջ ումմայի (իսլամական ազգ, ողջ աշխարհի մուսուլմանական համայնք) համար ամենասրբազանն ենք համարել, վերածվեն մտահոգության, վտանգի, սպանությունների և ավերումների աղբյուրի ողջ աշխարհում։ Դա անհնա՛ր է... Դրանք մտքեր են, և ես չեմ ասում կրոն, ես ասում եմ՝ մտածելակերպ, տեքստերի և գաղափարների հավաքածու, որոնք մեզ համար դարձել են այնքան նվիրական, սրբազան, որ ցանկացած շեղում դրանցից գրեթե անհնար է դառնում. սրանով իսկ մենք մեր դեմ ենք հանում ամբողջ աշխարհը»։ Եգիպտոսի նախագահը հետո շարունակել է. «Մի՞թե հնարավոր է, որ 1,6 միլիարդ մուսուլման ցանկանա սպանել մնացյալ ողջ աշխարհը հանուն այն բանի, որպեսզի իրենք կարողանան ապրել։ Անհնա՛ր է։ Դուք դա չեք հասկանա, եթե մնաք այդ մտածելակերպի ծուղակում։ Դուք պետք է դուրս գաք ինքներդ ձեր սահմաններից, որպեսզի նայեք դրան կողքից և հասկանաք ավելի լուսավորյալ տեսակետից։ Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ մեզ կրոնական հեղափոխություն է անհրաժեշտ։ Դուք՝ իմամներդ, պատասխանատու եք Ալլահի առջև։ Ողջ աշխարհը, կրկնում եմ, ողջ աշխարհը սպասում է Ձեր հետագա գործողություններին... որովհետև ումման խարխլված է, ումման քայքայված է, որովհետև ումման կորցրել է ինքն իրեն, և դրա մեղավորը միայն մենք ենք»։
Եգիպտոսի նախագահի այս հիրավի պատմական ելույթից մեկ ամիս հետո՝ 2015 թ. փետրվարի 15-ին, Իրաքի և Լևանտի Իսլամական պետության (ԻԼԻՊ) հետ կապված լիբիացի ջիհադականները, կարծես թե ի վրեժ աս-Սիսիի, ցանցում տեսանյութ տեղադրեցին, որտեղ ցուցադրված է եգիպտացի 21 քրիստոնյա ղպտիների սպանությունը։ Շատ մեկնաբաններ, ինչպես նաև հարգարժան քաղաքական գործիչներ ասացին, որ նման ևոչ մի բան մուսուլմանական աշխարհում տեղի չէր ունեցել Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի ժամանակներից ի վեր։ Ի՞նչ նկատի ունեին նրանք՝ օրինակ բերելով Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքին։ Մեջբերում կատարեմ նրա՝ Օսմանյան Թուրքիայի զինվորական դատարանում ունեցած ելույթից՝ այդ տարիներին իշխող երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքը» կուսակցության գործի վերաբերյալ։ Դատարանն իր աշխատանքն սկսել էր 1919թ. փետրվարին։ Ահա թե ինչ է ասել Քեմալ Աթաթյուրքն այդ ժամանակ. «Փաշաները, որոնք չտեսնված և աներևակայելի ոճիրներ են կատարել և դրանով իսկ երկիրը հասցրել ներկայիս իրավիճակին՝ իրենց անձնական շահն ապահովելու նպատակով, կրկին դժգոհություն են հրահրում, նրանք հիմք են դրել ամեն տեսակ բռնակալության, կազմակերպել են աքսոր և ջարդեր, կրծքի երեխաների վրա նավթ լցնելով՝ այրել են նրանց, բռնաբարել կանանց ու աղջիկների, բռնագրավել շարժական ու անշարժ գույք։ Նրանք նավերն են լցրել հազարավոր անմեղ մարդկանց և ծով հանել նրանց»։ 6 տարի անցՔեմալ Աթաթյուրքը «Լոս Անջելես էկզամիներ» թերթին տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Ես պետք է ոչնչացնեմ և վերացնեմ Իթթիհադի (նկատի ունի «Իթթիհադ վե թերաքքը» կուսակցությունը – Ա.Գ.) բոլոր անդամներին։ Հենց այս կուսակցությունը հետագայում իր ցավալի քաղաքականությամբ բնաջնջեց և աքսորեց մեկ միլիոն քրիստոնյաների»։ Այդ քաղաքականության կրկնությունը մեր օրերում, ավելի փոքր ծավալներով, մենք տեսնում ենք այսօր ԻԼԻՊ-ի գործողություններում։ Դա խիստ անհանգստացնում է Հայաստանին և հայ ժողովրդին, բազմամիլիոնանոց հայ սփյուռքին։ Եվ դա բացատրելի է, քանի որ սեպտեմբերի 21-ին ՝ Հայաստանի անկախության օրը, ԻԼԻՊ-ի իսլամ զինյալները քարուքանդ արեցին Քեսաբը. պղծեցին Քեսաբի եկեղեցին, թալանեցին տները և ոչնչացրին կառավարական մի շարք հաստատություններ։ Քեսաբը քաղաք է Սիրիայում, թուրքական Հաթայ գավառի հետ սահմանին։ Քեսաբը հիմնականում հայաբնակ է. նրանք այն հայերն են, ովքեր 1909 թ. Օսմանյան կայսրությունում առաջին անգամ ենթարկվեցին ցեղասպանության։ 1915 թ. Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան գտան թուրքական յաթաղանից փրկված հայերը։ Մինչ այդ ԻԼԻՊ խմբավորման անդամները ականապատել և պայթեցրել էին Դեր-էզ-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ իրենց վերջին հանգրվանն էին գտել և թաղվել Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկուկես միլիոն հայերից շատերի աճյունները։ Ընդ որում՝ ամենացավալին այն է, որ երբ նայում ես այդ տարածաշրջանի քարտեզին, տեսնում ես, որ այդ զինյալները Քեսաբ կամ Դեր-էզ-Զոր ուրիշ որևէ տեղից գալ չէին կարող՝ Թուրքիայի սահմանը հատելուց բացի։ Այս բարբարոսական գործողություններից հետո, ցավոք, մենք այդպես էլ կարեկցանքի խոսքի չարժանացանք թուրքական ղեկավարության կողմից, չդատապարտվեց այդ սրբապիղծ վերաբերմունքը Քեսաբի քրիստոնյա բնակչության հանդեպ։
Ավա̃ղ, հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնվում է։ Պատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ներողամիտ կգտնվենք բարբարոսության դրսևորումների հանդեպ, որոնց ականատեսն ենք այսօր։ Այս առնչությամբ նշեմ, որ 10 տարի առաջ հայկական միջնադարյան եզակի հուշարձան-խաչքարերը բարբարոսաբար ոչնչացվեցին Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Միևնույն ժամանակ, կուզենայի նշել, որ Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան նշանակելիս կոնգրեսականները նրան հանձնարարել էին, որ նա անձամբ լինի այն տարածքում, որտեղ ոչնչացվել էին միջնադարյան գերեզմանաքար-խաչքարերը և տեղում պարզի եղելությունը։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ եղավ հետո։ Այո, սկզբում Բաքվի իշխանությունները թույլ տվեցին Մորնինգսթարին գնալ Նախիջևան, որը հեռու չէ Նոր Ջուղայից (միջնադարյան դամբանատեղի), իսկ արդեն այդտեղ ասացին, որ անվտանգության նպատակով իշխանությունները խորհուրդ չեն տալիս այցելել ազերիների կողմից ոչնչացված ճարտարապետական հուշարձանների գտնվելու վայրը։ Քանի դեռ այս բացառապես զգացական հարցերում կշարունակեն գործել երկակի չափորոշիչները, մենք այսուհետ ևս ստիպված չենք լինի զարմանալ, որ տեղի են ունենում քրիստոնյա ղպտիների բարբարոսական սպանություններ։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր Լիբիայում են սպանել քրիստոնյա ղպտիների, իսկ մեր անգործության դեպքում վաղը հերթը կհասնի նաև Եվրոպային։ Ավա̃ղ, Հայաստանն այդ դառը փորձը ճաշակել է սեփական մաշկի վրա վերջին 100 տարվա ընթացքում։
– Ձեր խոսքերից պարզ դարձավ, որ ադրբեջանական պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ այս խորհրդաժողովում ևս բարձրացրել է Խոջալուի ողբերգության հարցը։ Ձեզ ճի՞շտ հասկացան։
Ա. Գ. – Իրավացի եք, այո, այդ մասին իր ելույթում խոսեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար խանումը։ Հենվելով ռուսական և ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա` ես ստիպված եղա կրկին ելույթ ունենալ և պարզություն մտցնել այդ հարցում։ Ի դեպ, ստորև ներկայացվող ելույթս կարդալով՝ ընթերցողը համապատասխան կարծիք կկազմի։
«Ինչպես ասում են այն խոջալվեցիները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ էր գործում Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր հստակ և գործիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին ադրբեջանցիներին թույլ տալ իրենց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր ստանալ։ Կարելի է ենթադրել, թե ինչ-որ մեկը շահագրգռված է այն բանում, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տան Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանում և ամեն բան կենտրոնացնեն իմ անձի վրա»։ Սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի՝ «Նեզավիսիմայա գազետա»-ի համար չեխ անկախ լրագրող Դանա Մազալովային 1992 թ. ապրիլի 2-ին, այսինքն՝ Խոջալուի ողբերգությունից հինգ օր հետո տված հացազրույցից։ «Եթե ես ասում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց չարախոսում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին անցնել, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Ինչո՞ւ, ուրեմն, նրանք պետք է կրակեին։ Իրենք՝ ադրբեջանցիներն են յուրայիններին կրակել, հետո, օգտագործելով այդ արյունալի հաշվեհարդարը, փոխեցին իշխանությունը»։
Ահա նաև մեջբերում Ռամիզ Ֆաթալիևի՝ «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոյի թղթակցի հարցազրույցից. «Դրանք ժամանակներ էին, երբ բոլորը պայքարում էին իշխանության համար։ Բոլորը գիտեն, թե ում միջև էր ընթանում պայքարը։ Ոմանք ուզում էին իշխանափոխություն (Ադրբեջանում), մյուսները հասնում էին դրան։ Ոմանք ուզում էին, որ հանձնաժողովը հանի Խոջալուի ողբերգության մեղավորների (Ադրբեջանի ներսում) բոլոր մեղադրանքները, իսկ մյուսներն ուզում էին, որ մենք հնարավորության դեպքում նրանց վրա ցեխ շպրտենք, այն բանի համար, որպեսզի առաջինը կարողանան իշխանության հասնել»։
Այն, ինչ դուք այստեղ լսեցիք, պետական ահաբեկչության վառ արտահայտություն է, երբ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրում են փաստերը՝ այդ իրադարձությունների և այդ արյունալի հաշվեհարդարի կենդանի մասնակիցների հիշողության կորստի հույսով։ Անկանխակալ աշխարհը գիտի, որ 1992 թ. Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատը՝ իշխանությունը զավթելու նպատակով։ Ողջ աշխարհը գիտի նաև, որ այդ սպանդին անմիջապես հաջորդած հարցազրույցից հետո Այազ Մութալիբովը ստիպված էր շտապ հեռանալ Ադրբեջանից, թե չէ շատ լավ հասկանում էր, որ վտանգում է կյանքը։
Ինչ վերաբերում է տիկին Բահար Մուրադովայի հիշատակած «ԱՍԱԼԱ» կազմակերպությանը, հարգելի՛ գործընկերներ, մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ Օսմանյան Թուրքիայի Բարձրագույն զինվորական դատարանը հայ ժողովրդի դահիճներ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին դատապարտել էր մահապատժի։ Թուրքական պետությունն անզոր էր ի կատար ածել, գործադրել այդ դատավճիռը։ Այո, հայ վրիժառուներն ի կատար ածեցին թուրքական սուլթանական զինվորական դատարանի դատավճիռը։
– Չեմ կասկածում, որ բարձրացվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր։
Ա.Գ. – Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական պատվիրակությունը, նստաշրջան առ նստաշրջան խեղաթյուրելով փաստերը, կեղծ գնահատական է տալիս Ղարաբաղի և նրա շուրջ ընթացող իրադարձություններին։ Եվ այս անգամ էլ ադրբեջանցի իմ գործընկերներն արդեն վատաբանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։ Նրանք հանկարծ հանդես եկան ԵԱՀԿ ՄԽ-ն ընդլայնելու նախաձեռնությամբ՝ դրանում առաջարկելով ներառել Թուրքիայի և ԳԴՀ-ի ներկայացուցիչներին։ Բնականաբար, հաջորդեց իմ արձագանքը։ Ստորև մեջբերում եմ ելույթիս տեքստն այս հարցի վերաբերյալ։
Հարգելի՛ գործընկերներ։ Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձևաչափը փոխելու ադրբեջանական պատվիրակության առաջարկի՝ իբր, նրա աշխատանքի անարդյունավետությամբ պայմանավորված, կուզենայի նշել հետևյալը։ Ինձ վիրավորական է թվում, երբ այստեղ անվստահություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հանձինս նրանց նախագահների։ Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներն անցած տարիներին հինգ անգամ անդրադարձել են այս խնդրին իրենց գրավոր հայտարարություններով, և հինգ անգամ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նրանց կոչերն արգելակվել են Ադրբեջանի և ոչ թե Հայաստանի կողմից։
Երկրորդ հարցը։ ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի ընդգրկումը զուրկ է իմաստից, և ահա թե ինչու։ Այդ պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները մեկ անգամ չէ, որ ասել են, թե իրենց պարագայում մենք ունենք երկու պետություն, մեկ ազգ։ Այնպես որ, Թուրքիան հանձին Ադրբեջանի արդեն ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբում։
Երրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների ազատ արձակմանը, որոնք գերի են վերցվել Լեռնային Ղարաբաղի բանակի զինվորականների կողմից, երբ, իբր, ուզում էին այցելել Քելբաջարի շրջան՝ իրենց հարազատների գերեզմաններին։ Թող ոչ մեկի համար գաղտնիք չլինի, որ, այսպես կոչված, «խաղաղ քաղաքացիներն» իրականում սովորական դիվերսանտներ էին, որոնք կալանման պահին զինված էին ամենաժամանակակից հետախուզական հանդերձավորմամբ։ Ավելին, ինչպես այստեղ ասվեց, «իրենց տուն գնալու ճանապարհին» նրանք «հաջողացրել» էին սպանել սահմանամերձ գյուղի մի բնակչի՝ 17-ամյա դեռահասի։
Եվ չորրորդ հարցը՝ կապված ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դադիչի՝ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության շրջան այցելության հետ։ Հարգելի՛ պարոն Դադիչ, նախ՝ բարի գալուստ։ Երբ լինեք մեր տարածաշրջանում, անպայման հետաքրքրվեք, թե ով է կռվում Ադրբեջանի կողմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ դիմակայության գծում։ Այդ ժամանակ Դուք, անկասկած, կիմանաք, որ, այո, կռվում են էթնիկ ադրբեջանցիները, որոնք եղել են ԻԼԻՊ-ում։ Նրանց մի մասը, Ադրբեջան վերադառնալուց հետո, նստած է Բաքվի բանտերում, իսկ այդ ահաբեկիչներից առավել ճարպիկներն ուղարկվում են ղարաբաղա-ադրբեջանական սահման։ Եթե Դուք լավ մտածեք և ուշադիր ուսումնասիրեք դա, ապա Ձեզ, հավանաբար, բազմաթիվ փաստեր կառաջարկվեն։
– Մամուլում սակավ հրապարակումներից դատելով՝ Դուք կոշտ քննադատության եք ենթարկել թուրքական ղեկավարությանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախօրեին նրա գործողությունների հետ կապված։ Կարելի՞ է մի փոքր մանրամասն անդրադառնաք այդ հարցին։
Ա.Գ. – Ինձ թվում է, որ իմ ելույթը ԵԱՀԿ ԽՎ շատ պատգամավորների համար բացեց հայկական այդ մեծ ողբերգության՝ իրենց մինչ այդ անհայտ կողմերը։ Նշեմ, որ ձմեռային խորհրդաժողովի սկսվելուց տասն օր առաջ էլեկտրոնային փոստով ԵԱՀԿ աշխատանքային լեզուներով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի բոլոր պատվիրակներին անխտիր ուղարկվել են ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, այնպես էլ այդ ժամանակ լույս տեսած իմ գիրքը՝ «Արտաշես Գեղամյան. Թուրքիան պետք է ապաշխարի սեփական պատմական անցյալի համար»։ Դա բնավ պատահաբար չի արվել, այսինքն՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներից շատերը հնարավորություն ունեին սեփական կարծիք կազմել հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին։ Կարծում եմ, որ ծանոթանալով իմ ելույթին՝ այս մասին հնարավոր հարցերից շատերը պարզապես կհանվեն։
Նախ՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Իզաբել Սանթոշին փայլուն, ըստ էության, խորապես բարոյական ելույթի համար, որն ինձ մտորելու տեղիք տվեց, ինչի շուրջ էլ ուզում եմ հաղորդակցվել ձեզ հետ։
Ցավոք, մեր շատ դժբախտություններ բխում են նրանից, որ արտաքին քաղաքականությունը, ինչպես և նախկինում, շարունակում է լինել անբարոյական։ Իսկ հաճախ էլ մեր օրերում այն դարձել է խորապես անբարոյական։ Կոնկրետ օրինակներ բերեմ XX դարի պատմությունից։
Եվ այսպես, Օտոմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Վանգենհեյմի զեկուցագիրը ռեյխսկանցլեր Բեթման-Հոլվեգին՝ 1915 թ. հուլիսի 7-ով թվագրված. «Ստեղծված իրավիճակը և այն, թե ինչպես է իրականացվում այդ տեղահանությունը, ցույց են տալիս, որ կառավարությունն իսկապես հետապնդում է հայ ազգի լիակատար ոչնչացման նպատակ Թուրքիայի սահմաններում»։
Ահա մեջբերումներ նաև Օտոմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ ԱՄՆ պետքարտուղար Ռ. Լանսինգին ուղղած հեռագրից` հայ ազգի ոչնչացման թուրքական քաղաքականության մասին (1915 թ. հուլիսի 16). «Խաղաղ հայերի տեղահանումը և անօրինությունները նրանց դեմ անընդհատ ավելանում են, և ականատեսների հոգեցունց տեղեկություններից պարզ է դառնում, որ ապստամբների դեմ պատասխան գործողությունների պատրվակով ծավալվում է քրիստոնեական ցեղի բնաջնջման գործողություն»։
Մեջբերում կատարեմ նաև հանրահայտ Դեյվիդ Լլոյդ Ջորջի «Ճշմարտությունը խաղաղության պայմանագրերի մասին» երկհատորյակից, որը 1916 – 1922 թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը. «Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին։ Ռուսները ստիպված էին հեռանալ. դժբախտ հայերը նորից ճզմվեցին իրենց հին ճնշողների կրնկի տակ, որոնք պարտավորվել էին բարեփոխումներ անցկացնել հայերով բնակեցված գավառներում... Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895-1897 թվականների սարսափելի սպանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին։ Այդ ոճրագործությունների արդյունքում, որոնք նախադեպը չեն ունեցել անգամ թուրքական բռնակալության պատմության մեջ, հայ բնակչության թիվը Թուրքիայում կրճատվեց ավելի քան մեկ միլիոնով։ Ուշադրության առնելով այն, որ հենց մենք ենք թուրքերին հնարավորություն տվել գործելու այդ հանցագործությունները, մեզ վրա է ընկած բարոյական պարտքը՝ օգտվել առաջին ընձեռված առիթից՝ շտկելու մեր կատարած անարդարությունը և, որքանով որ մեր ուժը կների, անհնարին դարձնել այն սարսափների կրկնությունը, որոնց համար պատմությունը միշտ մեր վրա կբարդի մեղքը»։
Ինչո՞ւ բերեցի այս պատմական փաստերը։ Այն պարզ պատճառով, որ քաղաքականության բարոյազրկությունը շարունակվում է ցայսօր։ Այսպես, ընթացիկ տարվա ապրիլի 24-ին աշխարհի 11 միլիոնանոց հայությունը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ նշելու են Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օրը։ Բառեր չեմ գտնում բնութագրելու այն ցինիզմն ու սրբապղծությունը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշում է ընդունում այդ նույն օրը տոնել Չանաքկալեի ճակատամարտի հաղթանակի հարյուրամյակը և այդ առիթով հրավերներ է ուղարկում 102 պետությունների ղեկավարներին՝ մասնակցելու այդ հանդիսություններին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ վերջին մի քանի տասնամյակում այդ ճակատամարտի օրը նշվել է մարտի 18-ին։ Այս առնչությամբ կուզենայի հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը նախագահ Էրդողանի երդմնակալության օրը՝ 2014 թ. օգոստոսի 28-ին, Հայաստանի արտգործնախարարի միջոցով նրան հրավիրել է մասնակցել Հայաստանում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցին, դրանով իսկ երկխոսության պատրաստակամություն հայտնելով։ Ավելին, մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ բարի կամք և քաղաքական խիզախություն էր դրսևորել, երբ 2009 թ. հավանություն էր տվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։ Թուրքական կողմի գործողությունների անբարոյությունն այնտեղ է հասել, որ այն պայմաններում, երբ բարի կամքի տեր բոլոր մարդիկ ոգեկոչելու են անմեղ զոհված մեկուկես միլիոն հայերին, Թուրքիայում հանդիսավորապես տոնակատարություն են անելու։ Ահա այնքան ժամանակ, քանի դեռ մենք կհամբերենք նման սրբապղծությունները, չենք ձերբազատվի քաղաքականությունում երկակի չափորոշիչներից, մենք դառնալու ենք ոչ միայն վկաները, այլև համամասնակիցներն այն բանի, որ ամենուրեք արյուն է հեղվելու, և այդ արյունը, ցավոք, կրկնում եմ, լինելու է նաև մեր խղճին։
– Պարոն Գեղամյան, համաձայնեք, որ ԵԱՀԿ խորհրդարանականները, որքան էլ որ լավ վերաբերվեն Հայաստանին, հայ ժողովրդին, իրավունք ունեն մեր պատվիրակությունից սպասելու նաև դրական գնահատականներ Ձեր գործընկերների հասցեին։ Դուք համաձա՞յն եք նման հարցադրմանը։
Ա.Գ. – Դուք, անշուշտ, իրավացի եք։ Բայց կարծում եմ, որ ծանոթանալով իմ ելույթներից մեկին՝ Դուք կստանաք Ձեր առաջադրած հարցի պատասխանը։
Հարգելի՛ գործընկերներ։ Ես կօգտվեմ հնարավորությունից, որպեսզի առանձնահատուկ երախտագիտությունս հայտնեմ այն պետությունների պատվիրակություններին, որոնք հայկական համայնքներ ունեն։ Մեր կազմակերպության 57 անդամ պետություններից, առնվազն 30-ում հայկական հոծ բնակչություն կա, և մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ երկրներում ոչ միայն ընդհանրապես չեն ոտնահարվում հայ բնակչության իրավունքները, այլև դրանցից շատերում ստեղծվել են բոլոր հնարավորությունները մեր ժողովրդի մշակութային ավանդույթների պահպանման համար։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ռուսական պատվիրակությանը, ամերիկյան, ֆրանսիական, լեհական պատվիրակություններին, ԵԱՀԿ անդամ պետությունների պատվիրակություններին, որտեղ հայերն իրենց զգում են ինչպես իրենց տանը, պատմական հայրենիքում։ Հատկապես ուզում եմ ընդգծել, որ հայկական Սփյուռքն Իրանի Իսլամական Հանրապետությունում իրեն շատ հարմարավետ է զգում, ավելին՝ ծանրաբեռնված չէ որևէ բանով, ինչը կարող է նսեմացնել մեր ժողովրդի ազգային արժանապատվության զգացողությունը։ Այս փաստը շատ էական է, որովհետև մենք ունենք վառ օրինակն այն բանի, որ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչները՝ հայերը, շատ արժանավայել կերպով ապրում են մի երկրում, որը ներկայացնում է հնագույն իսլամական քաղաքակրթությունը։ Բնավ պատահական չէր,որ բերեցի այս օրինակը, այլ լոկ մի ցանկություն ունեի՝ ընդգծել, որ եթե պետության մեջ ճիշտ կառուցվի ազգային քաղաքականությունը, ոչ մի խնդիր միջկրոնական և ազգամիջյան հարաբերություններում չի ծագի։ Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ երկրում ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, ապա դա այդ երկրում բնակվող ժողովուրդների մեղքը չէ, դա վայ-քաղաքական գործիչների մեղքն է, ովքեր, ջանալով ստանալ իրենց երկրում բնակվող այս կամ այն ազգային փոքրամասնության աջակցությունը, կամ էլ հուսալով նվաճել իրենց երկրի ծայրահեղական տրամադրություններ ունեցող բնակիչների աջակցությունը, բնակչության առանձին շերտերի մղում են կանգնելու ազգամիջյան պառակտման լպրծուն ու վտանգավոր ճանապարհին։ Ուստի, կարծում եմ, որ մեթոդաբանական տեսակետից, հավանաբար, ճիշտ կլինի, եթե մենք, վերլուծելով ազգային փոքրամասնությունների ճնշման դեպքերը, ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն երկրներին, որտեղ նման ճնշում չկա։ Եվ միևնույն ժամանակ փորձենք խորապես հասկանալ, թե ինչի վրա է հիմնված ազգամիջյան համաձայնության պահպանումը։ Կարևոր է, որպեսզի դրական փորձի, դրական օրինակի վրա կառուցվի մեր ամբողջ քաղաքականությունն այս խիստ զգայուն հարցում։ Հենց այդ ժամանակ է, որ մեր ամենօրյա աշխատանքում մենք կկարողանանք հատիկը տարբերել որոմից։ Հենց այդ ժամանակ է, որ այն երկրների օրինակով, որտեղ գրագետ աշխատանք է տարվում ազգային փոքրամասնությունների հետ, որտեղ ճիշտ ժամանակին են լուծվում նրանց հուզող հարցերը, մենք կկարողանանք անկյուն քշել, մարգինալացնել քաղաքական այն ուժերին և պետությունները, որոնցում առկա է ազգային փոքրամասնությունների խտրականությունը, որտեղ էլ որ դա տեղի ունենա։
– Կարծում եմ, որ մեր ընթերցողը շատ կուզենա իմանալ, թե ինչպես են անցել բանակռիվներն Ուկրաինայի վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները։
Ա.Գ. – Ինչպես արդեն վերը նշեցի, դրանք խիստ բուռն, հուզական բանակռիվներ էին։ Աչքի էր զարնում այն, որ ելույթ ունեցողներից շատերը՝ ավելի քան 60 պատվիրակ, չափազանց միակողմանիորեն էին տեղեկացված Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձությունների մասին։ Երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե հռետորներից շատերի նպատակը Ռուսաստանն անվանարկելն էր, ռուսական պատվիրակության անդամների համոզիչ փաստարկների մեջ չխորանալը, ովքեր շատ համբերատար, հենվելով կոնկրետ փաստերի վրա, կարողացան, ըստ իս, ճկել անհասկացողության պատը։ Ուզում եմ հուսալ, որ իմ ելույթով ես հանձնակատար ավանդ ունեցա այդ շնորհակալ գործում։ Թե որքանով եմ օբյեկտիվ եղել՝ թող դատի ընթերցողը, ծանոթանալով այդ թեմայի վերաբերյալ ստորև բերվող իմ ելույթի տեքստին։
Հարգելի՛ պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Ելույթս ուզում եմ սկսել Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի բառերով, որոնք նա հնչեցրել է 2015 թ. փետրվարի 4-ին Վատիկանում, իր Գլխավոր ուղերձում։ Այս իմաստուն հովվապետն իր քարոզում դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին. «Որերորդ անգամ ես մտածում եմ սիրեցյալ ուկրաինացի ժողովրդի մասին։ Ցավոք, իրավիճակը վատթարացել է, շարունակվում է կողմերի միջև լուրջ դիմակայությունը»։ Այնուհետև հովվապետը հավատացյալներին հորդորել է աղոթել, որպեսզի «Տերը որքան հնարավոր է շուտ դադարեցնի այդ սարսափելի եղբայրասպան բռնությունը»։ Հռոմի պապի այս հորդորին, ի մեծ գոհունակություն մեզ, անմիջապես արձագանքեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։ Մի քանի ժամ գործադրված անասելի ջանքերի գնով «Նորմանդական քառյակի» առաջնորդներին ս. թ. փետրվարի 12-ին հաջողվեց հասնել Մինսկյան համաձայնագրերի ստորագրմանը։ Համաձայնագրեր, որոնց առաջին կետը կոչ է անում հակամարտող կողմերին ապահովել «անհապաղ և համապարփակ հրադադար Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում և դրա խիստ կատարում՝ սկսած 2015 թ. փետրվարի 15-ի ժամը 00.00-ից (Մոսկվայի ժամանակով)»։ Այո, դեռ շարունակվում են միջադեպերը զինտեխնիկայի կիրառմամբ, և, ցավոք, դեռ զոհվում են զինվորականներ ու խաղաղ բնակիչներ։ Բայց ամենագլխավորն այն է, որ այդ համաձայնագրերի ստորագրումից հետո հակամարտող կողմերի զանգվածային արյունահեղությունը կասեցվեց։ Ես այս մասին հատուկ ընդգծում եմ հենց իմ ելույթում, որովհետև, եթե լավ, բարի գործ է արվել, այդ մասին մոռանալը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հարգելի գործընկերների ուշադրությունը մասնավոր դեպքերի վրա կենտրոնացնելը, միևնույն ժամանակ փորձելով ամեն գնով դեմոնացնել Ռուսաստանը, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Արժեր, որ մեր գործընկերները հիշեին, որ դեռ 1994 թ., այո, հենց Ռուսաստանի շնորհիվ, կասեցվեց մեկ այլ արյունահեղություն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում։ Այո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ կասեցվեց խոշոր աղետը ԵԱՀԿ տարածքում, ինչը չէր լինի, եթե տեղի չունենար նախագահ Բաշար Ասադին աջակցող սիրիական կառավարական բանակի քիմիական զինաթափումը։ Այո, Ռուսաստանի նախագահի և, իհարկե, Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայի հարավ-արևելքում։ Եվ հիմա եկեք բոլորս միասին գործենք դրական ուղղությամբ։ Եկեք մեր ելույթներով ուժ և վստահություն հաղորդենք Ուկրաինայում ամուր խաղաղության հաստատման կողմնակիցներին՝ ընդգծելով, որ Մինսկյան համաձայնագրերում մշակվել է ճիշտ ճանապարհ։ Մեր ելույթներում անընդհատ չլարենք ուշադրությունն այն խնդիրների վրա, որոնք, ավա̃ղ, դեռ պահպանվում են Ուկրաինայի հարավ-արևելքում, և որոնք պետք է հաշվի առնել մեր աշխատանքում։ Մենք ընդառաջ ենք գնում նշանավոր մի օրվա՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի քառասնամյակին։ Խորհուրդը ստեղծվել է 1975 թ. Հելսինկիում։ Մեր ավագ սերունդը, քառասուն տարի առաջ ստորագրելով Հելսինկիի Եզրափակիչ ակտը, կարողացավ հասնել պատերազմը սանձելու հնարավորությանը։ Լավ, թե վատ, բայց աշխարհն արդեն ապրում է առանց գլոբալ աղետների։ Ուրեմն, եկեք մեր բոլոր ջանքերը, մեր բոլոր գործողություններն ուղղենք դրական փորձի բացահայտմանն ու դրա համակողմանի տարածմանը պետությունների միջև փոխհարաբերություններում, այլ ոչ թե կենտրոնանանք այն բացասականի վրա, որը, ավա̃ղ, դեռ թույլ չի տալիս ամբողջովին կանգնեցնել եղբայրասպան պատերազմն Ուկրաինայում։ Ես կուզենայի գործընկերներիս կոչ անել զգալ իրենց հատուկ պատմական պատասխանատվությունը գալիք սերունդների առջև, որպեսզի 40, 80 տարի հետո մեր երեխաներն ու թոռները, հավաքվելով այս նույն դահլիճում, երախտագիտության բառեր ասեին մեզնից յուրաքանչյուրի հասցեին՝ հպարտորեն խոստովանելով, որ մենք ենք կանխել Երկիր մոլորակի հնարավոր գլորումը դեպի գլոբալ աղետ, համաշխարհային պատերազմ։
Իմ հաջորդ ելույթում ես, մասնավորապես, ասացի.
Հարգելի՛գործընկերներ։ՏառացիորենմիքանիժամառաջԵԱՀԿԽորհրդարանական ՎեհաժողովիպատվավորնախագահՌանկոԿրիվոկապիչըշատհետաքրքիր, խորհայտարարությունարեց։ՆախոսեցԵԱՀԿգործողնախագահի՝ՍերբիայիարտգործնախարարԻվիցաԴադիչիհետիրներկափոխհարաբերություններիմասին։ՄիտասնամյակառաջռազմականդիմակայությամբպարուրվածԲալկաններումնրանքբարիկադիհակառակկողմերումէին։Այդժամանակվանիցիվերայնտեղշատարյունէհոսել, հարյուրհազարավորմարդկանցարյունը, այդթվումևտասնյակհազարավորերեխաների։Այսօրերկուքաղաքականգործիչնէլհաջողությամբհամագործակցում են։ Նրանցմիջևնորմալգործընկերայինհարաբերություններենհաստատվել։ՀարգարժանՌանկոյիասածիբովանդակություննուպատգամնայնէին, որեթեմենքվաղթեուշ, միևնույնէ, գիտակցումենք, որխաղաղություննայլընտրանքչունի, ապաարդենհիմապետքէանպայմանգանքընդհանուրհայտարարի, համաձայնությանխաղաղությանհաստատմանգործում։Հարկավորէհիմամերընդհանուրջանքերովսանձելպատերազմը։ԱյսոգովէրնաևռուսականպատվիրակությանղեկավարՆիկոլայԿովալյովիելույթը։Չնայածորոշհուզականությանը, միանգամայնհասկանալիէրնաևուկրաինականպատվիրակությաններկայացուցիչԱրկադիԳերասիմովիելույթը։Նրանցիցյուրաքանչյուրը, անվիճելիորեն, նույնպեսխաղաղությունէուզում, բայցնրանցիցյուրաքանչյուրնայդխաղաղությանըհասնելուիրտեսլականնունի։Բայցչէ՞որդրաբանալինկա։Եվայդբանալիններկայացրինմերմեծառաջնորդները՝չվախենանքայդբառից, հանձինսԳԴՀկանցլերի, Ֆրանսիայի, ՌուսաստանիևՈւկրաինայինախագահների, որոնքստորագրեցինՄինսկյանհամաձայնագրերը։Ուստի, մերբոլորմտքերըևգործողություններըպետքէուղղվենմեկգլխավորնպատակիիրականացմանը՝որպեսզիՄինսկյանպայմանավորվածություններնիրականումկենսագործվեն։Եվիմելույթիվերջումուզումեմկրկինհղումկատարելմեծհովվապետի՝Ֆրանցիսկոս 1-ինիքարոզին, որընակարդացս.թ. փետրվարի 4-ին՝Ուկրաինայումտեղիունեցողիրադարձություններնանվանելով «եղբայրասպանություն»։Ուրեմն, մերսրբազանպարտքնէ՝կանխելհետագա «եղբայրասպանությունը», սանձելպատերազմնՈւկրաինայում։
– Դուք Ձեր ելույթներում քանիցս պաշտպանել եք ռուսական պատվիրակության դիրքորոշումը։ Հետաքրքիր է իմանալ՝ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ ռուսական պատվիրակությունն աջակցել է հայ խորհրդարանականների դիրքորոշմանը ԵԱՀԿ ԽՎ-ում։
Ա.Գ. – Չեմ թաքցնի, եթե անկանխակալ վերլուծաբանն ուշադիր հետևի ռուսական և հայկական պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներին, ապա անպայման իր համար եզրակացություն կանի. Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, իսկ հիմա արդեն Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իրենց լիակատար մարմնավորումն են գտնում մեր պատվիրակությունների համատեղ կարգավորված աշխատանքում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի համաժողովներում։ Կարծում եմ, որ ռուսական պատվիրակության ղեկավար, հարգելի Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյովը կհամաձայնի իմ գնահատականին։ Ընթերցողներին կխնդրեմ օրինակներին ծանոթանալ ստորև բերվող իմ ելույթում, իսկ հետո կպատմեմ, թե ինչ հետևեց դրան։
Հարգելի՛ գործընկերներ։ Անդրադառնալով հարգելի լորդ Փիթեր Բոունեսի առաջարկած լրացմանը՝ կուզենայի հիշեցնել ռուսական հայտնի արտահայտությունը. «Заблудиться в трех соснах», այսինքն՝ ամենապարզը, ամենատարրականը չհասկանալ։ Մենք ունենք ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Արարողակարգի գործող կանոններ։ Բայց որքան կարդում եմ այսօր գործող 22-րդ կանոնի 10-րդ պարագրաֆը, որն ասում է` «Ձեռագիր կամ բանավոր լրացումները կարող են դիտարկվել միայն կոմիտեի կամ լիագումար նիստի անդամների միահամուռ համաձայնության առկայության դեպքում», համոզվում եմ այս սահմանման բացառիկ մատչելիության մեջ։ Մտաբերում եմ Նապոլեոնին վերագրվող ասույթը. «Ամենապարզ լուծումները միևնույն ժամանակ ամենալավն են»։ Այսինքն՝ Արարողակարգի կանոններում շատ հստակ, շատ պարզ ամեն բան գրված է։ Ինչո՞ւ ենք մենք տրվում ինչ-որ բարդությունների, որոնք հետո պետք է դեռ լրացուցիչ պարզաբանվեն ու բացատրվեն՝ հնարավոր տարընթերցումներ թույլ չտալու նպատակով։ Կրկնում եմ, Արարողակարգի կանոններում սևով սպիտակի վրա ամեն բան շատ հստակ գրված է։ Եթե ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Բաքվի խորհրդաժողովում ինչ-որ խնդիրներ եղել էլ են, դրանք վաղուց վերացվել են, ստացել են իրենց լուծումը, այդ հարցերը բարձրացրած գործընկերները հասկացել են խոսքն ինչի մասին էր։ Ես կարծում եմ՝ հիմա անհրաժեշտություն չկա ավելորդ բարդացնել և պարզաբանել առանց այդ էլ պարզ բանը։
Իմ ելույթից հետո խոսք խնդրեց ռուսական պատվիրակության ղեկավար, բանակի գեներալ Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյովը, որն ասաց, որ ռուսական պատվիրակությունը պաշտպանում է հայկական պատվիրակության առաջարկությունը։ Մեր դիրքորոշումը պաշտպանեցին բելառուսական և իտալական պատվիրակությունները։ Լորդ Բոունեսի առաջարկած և ադրբեջանական պատվիրակության բուռն պաշտպանությանն արժանացած լրացումը չանցավ։ Եվ դա սկզբունքային կարևոր նշանակություն ունեցավ այս կամ այն երկրի հասցեին, շրջանցելով ԵԱՀԿ ԽՎ Արարողակարգի սահմանված կանոնները, ամեն տեսակ հայտարարություններ ընդունելը կանխելու համար։
– Պարոն Գեղամյան, որքանո՞վ է հայկական պատվիրակությանը հաջողվում լսելի լինել այն հարցերում, որոնք սկզբունքային նշանակություն ունեն ԵԱՀԿ ԽՎ ղեկավար մարմինների կազմավորման գործում։
Ա.Գ. – Շատ հետաքրքիր հարց է։ Այդքան հեղինակավոր կազմակերպությունում լսելի լինելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովների ընթացքում, այլև, որը պակաս կարևոր չէ, նաև խորհրդաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում։ Օրինակ, ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի (2013 թ.) խորհրդաժողովում բոլոր պատվիրակությունների ղեկավարները ստացան «Արտաշես Գեղամյան. «Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ» գիրքը՝ թարգմանված ԵԱՀԿ աշխատանքային լեզուներով։ ԵԱՀԿ ԽՎ Բաքվի խորհրդաժողովից (2014 թ.) առաջ պատվիրակները հնարավորություն ստացան ծանոթանալու մեկ այլ գրքի՝ «Արտաշես Գեղամյան. «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»։ Այս գրքերը թույլ տվեցին ԵԱՀԿ ԽՎ 56 անդամ երկրների պատվիրակությունների անդամներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ակտուալ հարցերին, որը հենվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա։ Նման հարգալից վերաբերմունքը ԵԱՀԿ ԽՎ գործընկերների հանդեպ հիմնականում փոխադարձ է։ Եվ այս պայմաններում լսարանը շատ ուշադիր է լինում քո ելույթների հանդեպ։ Բացառություն չեղավ նաև ստորև ներկայացվող ելույթս։
Հարգելի՛ գործընկերներ։ Նախևառաջ կուզենայի շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հարգելի նախագահ պարոն Իլկե Կաներվային, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար պարոն Սփենսեր Օլիվերին՝ իրենց համատեղ բեղմնավոր աշխատանքի համար։ Երբ քո երկիրը հայտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և դու գիտակցում ես, որ հոգիդ թեթևացնելու միակ վայրը հենց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովն է, հասկանում ես, որ դա հիմնականում հնարավոր է դառնում շնորհիվ Ձեր համբերատարության, շնորհիվ Ձեր համակողմանի ցանկության՝ անպայման կոնսենսուս գտնել հակամարտող կողմերի միջև։ Եվ դու չես կարող բարձրաձայն չասել այդ մասին։ Մենք ԵԱՀԿ ԽՎ-ում անգամ ամենաբարդ իրավիճակներում, այնուամենայնիվ, առաջ ենք գնում։ Ահա, օրինակ, այսօրվա նիստի սկզբին տեղի ունեցավ, չեմ թաքցնում, շատ կառուցողական երկխոսություն ադրբեջանական պատվիրակության ղեկավարի և անդամների, թուրքական պատվիրակության ղեկավարի հետ։ Մենք անձնական ոչ մի թշնամանք չունենք, չնայած լուրջ խնդիրներին, որոնք առկա են մեր երկրների միջև, և դա շատ բանով կախված է նաև ծառայողական պարտքը կատարելու հանդեպ Ձեր պրոֆեսիոնալ վերաբերմունքից։ Դուք չեք ոտնահարում պատվիրակություններից և ոչ մեկի իրավունքները, Դուք համբերատար լսում եք բոլոր խորհրդարանականների ելույթները, գուցե շատ խնդիրների մասին՝ տասներորդ, հարյուրերոդ անգամ, ստիպված եք լինում դիմել այն հարցերին, որոնք Ձեզ վաղուց հայտնի են։ Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր կազմակերպությունն իր ամենօրյա աշխատանքում, իր հանդուրժողականությամբ նպատակաուղղված է հենց Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ տարածքում համագործակցության ու անվտանգության ապահովմանը։ Մենք ընդառաջ ենք գնում Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին։ Դա պահանջում է ուժերի մեծ լարում, դա պահանջում է մեր վեհաժողովի բոլոր պատվիրակությունների աշխատանքի համախմբում, որպեսզի մենք միառժամանակ հետո կարողանանք հպարտորեն ասել, որ այն մեծ գործը, որը քառասուն տարի առաջ սկսել են մեր ավագ սերունդները, որոնց մասին շատ արդարացիորեն այստեղ նշեց ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյովը, պատվով շարունակվել է մեր կողմից։ Պարոն Կաներվա, Ձեր խոսքերն այն մասին, որ Դուք ԵԱՀԿ ԽՎ գխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու թեկնածու չունեք, ես ընկալում եմ որպես դեմոկրատիզմի համոզիչ արտահայտություն։ Դուք Ձեր ելույթով մեզ հասկացրիք, որ չեք ուզում Ձեր կարծիքը պարտադրել մեր լսարանին։ Բայց այսօր սա այն դեպքն է, երբ Դուք պետք է ներկայացնեք Ձեր նախապատվությունները, որովհետև Խորհրդարանական Վեհաժողովի Հելսինկյան ամառային խորհրդաժողովի հաջող անցկացման պատասխանատվությունը բավական չափով կախված է ինչպես անձամբ Ձեր, այնպես էլ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ենթադրվող գլխավոր քարտուղարի հատկանիշներից։ Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքը, ինչ միասին աշխատում ենք, հայկական պատվիրակությանը լիակատար հիմք է տալիս ուշադիր և բարյացակամ վերաբերվել Ձեր առաջարկությանը գլխավոր քարտուղարի թեկնածուի կայանալիք ընտրությանը։ Ինձ կանխակալության մեջ մեղադրելը դժվար կլինի, մանավանդ հաշվի առնելով այն, որ պարոն Սփենսեր Օլիվերին ես գիտեմ 15 տարի՝ ոչ մեծ ընդմիջումներով, դեռ այն ժամանակներից, երբ ԵԱՀԿ ԽՎ նախագահն էր ԱՄՆ կոնգրեսական, հարգելի Էլսի Հասթինգսը։ Եվ ահա, Սփենսեր Օլիվերը միշտ եղել է իր բարձր դիրքում և բաց է եղել ազնիվ երկխոսության համար, անգամ հաճախ ոչ այնքան հաճելի հարցերի վերաբերյալ։ Եվ երկրորդը, ինչի մասին կուզենայի ասել։ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի որոշումը Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից մեկի՝ Ղրիմից սենատոր Օլգա Կովիտիդիի լիազորությունները չհաստատելու մասին արդեն ընդունված է։ Բայց եկեք միասին մտածենք ահա թե ինչի մասին. համաձայնեք, որ ինչ-որ մեկն այս կամ այն կերպ պետք է, չէ՞, ներկայացնի այսօրվա Ղրիմը։ Ուրեմն, պետք է գտնել մի կարգավիճակ, որի համաձայն՝ կնշվի այն անձը, ով ԵԱՀԿ ԽՎ-ում կներկայացնի Ղրիմի բնակչության որոշակի հատվածը։ Ես ողջունում եմ, որ երեկ այստեղ ելույթ ունեցավ պարոն Մուսթաֆա Ջեմիլևը, որը ներկայացնում էր Ղրիմի թաթարների որոշակի հատվածը, բայց պետք է, չէ՞, որպեսզի այլընտրանք լինի, որպեսզի մենք օբյեկտիվ կարծիք կազմենք այսօր Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եվ այս հարցում պետք է ելնել հենց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հիմնարար փաստաթղթերից։ Ես համոզված եմ, որ Դուք, պարոն Կաներվա, Ձեր գործընկերների հետ միասին, կգտնեք նաև այս հարցի լուծման բանալին, որպեսզի ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովն իր 40-ամյակին ներկայանա համախմբված ձևով։ Միևնույն ժամանակ, սկզբունքորեն կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ անդամ պետությունների 57 պատվիրակությունների անդամներից յուրաքանչյուրը կարողանա մնալ և պաշտպանել իր կարծիքը։ Սա՛ է մեր կազմակերպության էությունը, առավելությունը և ակտուալությունը։
http://armenpress.am/arm/news/797176/rusastani-demonacumy-och-mi-lav-bani-chi-hangecni-artashes.html