ԱՄ նախագահ

Արտաշես Գեղամյանի ելույթից

ԱՄ կուսակցության Երևանի քաղաքային ակտիվի ժողովում Երևան,

Գրողների Միության տուն,

22.03.2002թ.

Այսօրվա հանդիպման հրատապությունը պայմանավորված է այն բարդ իրավիճակով, որ ստեղծվել է թե` հանրապետության ներսում, թե` հանրապետությունից դուրս: Թմբկահարված տնտեսական հաջողությունները իրականում ոչ այլ ինչ էին քան փուչիկ, որը բնականաբար պայթեց հենց այն օրը, երբ հրապարակվեց Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականի սոցիալ-տնտեսական զարգացումները լուսաբանող ժողովածուն: Ցասում ես ապրում այն բանի համար, որ բավական չէ անդունդ են գլորել երկիրը և դեռ գլուխ են գովում, թե ձեռք է բերվել աննախադեպ աճ: Թիվ էլ են բերում` համախառն արդյունքի 9,6 տոկոս: Մինչ դեռ իրականում իրավիճակը ծայր աստիճան մտահոգիչ է: Հարկային եկամուտների պլանը կատարվել է 93,9 տոկոսով, ավելացված արժեքի հարկը` 96,3 տոկոսով, շահութահարկը` 73 տոկոսով, ակցիզային հարկը` 89,9 տոկոսով: Ինչպես տեսնում ենք հարկային բոլոր մուտքերի գծով պլանների թերկատարում է տեղի ունեցել: Էկոնոմիկայից քիչ թե շատ հասկացողը կզարմանա, թե հարկային եկամուտների պլանների այս թերկատարումների պայմաններում ինչպես է ապահովվել համախառն արդյունքի 9,6 տոկոս աճ կամ եթե այդ աճը կա ուրեմն առնվազն այդքան էլ (9,6 տոկոս) պետք է աճեին բոլոր տեսակի եկամուտները:

Ահա իրականությունը: Ասեմ ավելին` միայն 2001թվականի ընթացքում գերավճարները ներառյալ 2000 թվականինը գերազանցել են 30 միլիարդ դրամի ցուցանիշը, միայն 2001թվականին այդ թիվը աճել է 8 միլիարդ դրամով: Այսինքն աշխատող ձեռներեցներից, տնտեսավարող սուբյեկտներից մսխում են, գերավճար են վերցնում` վիժեցնելով ընլայնված վերարտադրությունը: Որովհետև այդ գերավճարները ոչ այլ ինչ են, քան շրջանառու միջոցներ: Բերեմ մեկ այլ ցուցանիշ` միայն տույժերը, տուգանքները, ապառքները կազմում են 134 միլիարդ դրամ, այսինքն Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ է և այս պայմաններում փոխանակ տագնապի շեփոր հնչեցնեն, փոխանակ ժողովրդին ասեն, որ իրենք անկարող են այլևս երկիրը ղեկավարել, շարունակում են ինքնագոհ կեցվածքով թոզ փչել մարդկանց աչքերին, թե այսքան աճ կա, այսքան գործարան ու աշխատատեղ ենք բացել և այլն: Իսկ իրականում միայն Ռոբերտ Քոչարյանի վարչապետ և նախագահ եղած տարիներին, այսինքն 1996 թվականից մինչև հիմա Հայաստանում 160հազար 700 մարդ զրկվել է աշխատանքից, դարձել է գործազուրկ:

Խիստ մտահոգիչ է այն, որ վերջին տարիներին զգալի աճել է թոքախտով հիվանդների թիվը (իսկ այդ հիվանդության մասին 50-ական թվականներից այս կողմ Հայաստանում մոռացել էին): Մասնավորապես 100.000 բնակչին ընկնող շնչառական օրգանների տուբերկուլյոզով հիվանդների թիվը 2001 թվականին 2000 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով, իսկ մինչև 14 տարեկան երեխաների գծով` 42 տոկոս: Իսկ սա կիսաքաղց ապրելու, թերի սնվելու հետևանք է. մարդկանց կերած-խմածները ցամաք հաց ու ջուր է:

Այս պայմաններում, երբ ժողովուրդն ու ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ձայն են բարձրացնում, իշխանությունները փորձում են փակել նրանց բերանը: Ի՞նչ են անում, փակում են դահլիճների դռները, եթերից զրկում են «Ա1+», «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին, փորձում են ամեն կերպ խլացնել ճշմարիտ խոսքը: Բայց ասեմ հենց հիմա, որ` պարոն Քոչարյան, չի ստացվի, թույլ չենք տա, չեք կարող լռեցնել մի ամբողջ ժողովուրդ: Մենք համոզված կերպով ասում ենք, այս իշխանությունները իսկական չարիք են մեր ժողովրդի համար և օր առաջ պետք է հեռանան և ոչ միայն Ռ.Քոչարյանը, այլ նաև իր ամբողջ վարչախումբը պետք է հեռանա:

Աղաղակող ձախողումներ կան արտաքին քաղաքականության բնագավառում: Գնալով ավելի մեծ է դառնում թուրքական էկոնոմիկայի էքսպանսիան Հայաստանում: Ապրանքաշրջանառությունը Թուրքիայի և Հայաստանի միջև, Հայաստանի համար եղել է խիստ բացառական, այսինքն, մենք ունեցել ենք բացասական առևտրային սալդո` 32 մլն դոլարին համարժեք: Այսպես որ շարունակվի որոշ ապրանքատեսակների գծով, ամբողջությամբ կախման մեջ կնկնենք Թուրքիայից: Եվ այս պայմաններում Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե` որպես վարչապետ չեմ բանակցի թուրքերի հետ: Խնդրեմ, տղայական մոտեցում, ուրիշ ոչինչ:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը մտցրել են փակուղի, իսկ Ղարաբաղին` որպես բանակցությունների ինքնուրույն կողմ, դուրս են թողել բանակցային գործընթացից:

Որ բնագավառը վերցնեմ ես կեղտ է: Ազգաբնակչության բևեռացումը այն աստիճանի է հասել, որ լավագույն դեպքում 10 տոկոս կազմող ամենահարուստների եկամուտները ամենաչքավորների եկամուտներից գերազանցում են 32 անգամ, մինչ դեռ` 5-ից 6 անգամ գերազանցելու դեպքում հեղափոխական իրավիճակ է առաջանում: Միտումնավոր մարդկանց հասցրել են աղքատության այն աստիճանի, որ ստիպված լինեն մի կտոր հացի համար իրենց ձայնի իրավունքը վաճառել:

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսին ուղղված պետ դեպարտամենտի ուղերձում նշված է, որ Հայաստանում էկոնոմիկայի 40-60 տոկոսը գտնվում է ստվերում: Դա նշանակում է, որ մենք ականատես ենք ծայր աստիճան կոռումպացված համակարգի և այս պայմաններում ոչ Ռուսաստանի և ոչ էլ ԱՄՆ-ի պրեզիդենտները չեն կարող Հայաստանի կաշառված վարչակարգին սատարել: Ավելացնեմ, որ արդեն 2 տարի է ինչ նույն ԱՄՆ պետ.դեպարտամենը նշում է, որ 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ, հօգուտ Ռ.Քոչարյանի Հայաստանում կեղծվել է 100.000 ձայն, հիշատակվել է նաև այն, որ Հայաստանում լավագույն դեպքում բնակվում է 2 մլն մարդ: Իսկ դա նշանակում է` ԱՄՆ-ը զգուշացնում է Հայաստանի ղեկավարությանը` որ չմտածեք, թե բնակչության թիվը մեկ միլիոն ավելացնելով կկարողանաք կեղծել 2003թ. նախագահական ընտրությունները:

Հերթական անգամ դիմելով կուսակցության Երևանի քաղաքային ակտիվին, ուզում եմ ասել, որ ներկայիս վարչակազմը հոգևարքի մեջ է և իրենց անզգույշ, անհեռանկար գործողությունները գալիս են ապացուցելու, որ մեր համախմբվածությամբ, մեր շարքերի կուռ լինելով, մենք կկարողանանք սահմանադրական ճանապարհով քշել այս ազգադավ իշխանությունները, ուստի սա է մեր գերխնդիրը և նպատակը: Եվ այս ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու այն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ, ում համար թանկ է մեր հայրենիքը, ովքեր լրջորեն մտահոգված են Հայաստանի ապագայով:

ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի հանդիպումը կուսակցուն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բնակելի ավանի և հարակից տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ

18.09.2001թ.


Ընդդիմադիր եռյակի ղեկավարության հանդիպումը «Ազգային Միաբանության» Երևանի Աջափնյակի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Համաքաղաքային ծառատունկին 30.03.2002թ.

Ակտիվի շրջապատում

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր