ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
10.03.2006
Սիրելի քույրեր, եղբայրներ, բոլորս էլ ականատես ենք այն բարդ զարգացումներին, որոնք ընթանում են թե Հայաստանի ներսում, և թե, ինչու չէ, տարածաշրջանում: Այդ իսկ առումով մենք չէինք կարող Ձեզ հետ չհավաքվել, խելք-խելքի չտալ, և, որն ամենակարևորն է, ելքերը չորոնել՝ երկիրը, ժողովրդին պայթյունավտանգ այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց անցկացնել «Ազգային Միաբանություն կուսակցության» կոնֆերանսը, որպեսզի Ձեզ հետ կարողանանք մեր երկրի առաջ ծառացած հարցերին ավելի մանրակրկիտ անդրադառնալ: «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունն առաջարկում է, որ կուսակցության մոտեցումները ես Ձեր դատին ներկայացնեմ, որից հետո փորձենք դրա շուրջ վերլուծություն անել, այն է՝ նախ և առաջ պատասխանենք Ձեզ հուզող բոլոր հարցերին: Եթե նման աշխատակարգի հետ համաձայն եք, ապա անցնենք գործի:
Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ Ձեր դժգոհությունը, որ օպերատորները տեսադաշտը ծածկել են, ոչինչ, ժողովուրդ ջան, հիմա ձայնս լսեք, երեկոյան հեռուստաալիքներն առանց ձայնի ցույց են տալու դեմքս, բնականաբար, աղավաղելով ասածս: Այնպես որ, դեմքս երեկոյան կտեսնեք: (Ծափահարություններ, ծիծաղ):
Բարեկամներ, չթաքցնեմ, երեկոյան քնելուց առաջ կամ ընթերցում եմ իշխանական թերթերը, որ լավ երազներ տեսնեմ, կամ էլ Հին Հունաստանի և Հին Հռոմի իմաստունների, փիլիսոփաների ասած-գրածները: Երեկ էլ վերընթերցեցի Պլուտարքոսին, որն ասում էր. ելույթ ունենալիս, խոսքդ պետք է կամ կարճ լինի, կամ պետք է հաճելի բաների մասին լինի: Դե, հիմա արի, այսօրվա Հայաստանի քաղաքական իրավիճակն իմանալու պայմաններում կամ կարճ խոսի, էլ չեմ ասում հաճելի բաների մասին: Դժվարին խնդիր դրեց իմ առջև Պլուտարքոսը: Բայց փորձեմ հաղթահարել: Նախ, խոսենք հաճելի բաների մասին:
Սրտանց շնորհավորում եմ դահլիճում գտնվող կանանց և այստեղ ներկա տղամարդկանց տներում սպասող կանանց անցած մարտի 8-ի առթիվ: (Դահլիճից՝ շնորհակալություններ): Կանանց, քույրերին, ովքեր անցած տարիների ընթացքում իրենց ուսերի վրա անտրտունջ տարան 90-ական թվականների բեռն ու լուծը, ցուրտ ու մութ գիշերներին դիմակայեցին, չկոտրվեցին գիշերային թաղումներից, երբեք չկորցրեցին կանացիությունը: Շնորհավորում եմ այն կանանց, հարազատներին կորցրած այն մայրերին, որոնք իրենց վիշտը սպանելով Եռաբլուրից գնում էին հեռուստատեսությամբ ելույթ ունենում և քաջալերում Ղարաբաղում կռվող ազատամարտիկներին: Ես ուզում եմ ամենաջերմ խոսքս ուղղել նաև այն կանանց, ովքեր այսօր էլ պաշտպանում են հայոց երկիրը, հայոց հողը: Չէ՞ որ սահմանամերձ շրջաններում մնացել են, ավա՜ղ, ծերերը և կանայք, որովհետև նրանց որդիները և ամուսինները հարկադրված են եղել գնալ արտագնա աշխատանքների, որ հանապազօրյա հացի վաստակն անեն և ուղարկեն այստեղ: Ես չեմ կարող չշնորհավորել և չողջունել լրագրող այն կանանց, մասնավորապես, մեր Աննա Իսրայելյանին, ովքեր 2004 թ. ապրիլի 5-ին և ապրիլի 12-ին մեզ հետ էին: Ես չեմ կարող չշնորհավորել այն կնոջը, որն ապրիլի 12-ին վիրավորված լինելով, այն էլ ոտքից, անշարժ վիճակում բղավում էր, խնդրում էր (ոչ թե սեփական անձի անվտանգությունն էր աղերսում), որ ընդդիմության ղեկավարներին փրկեն, փախցնեն ջարդից: Ես շնորհավորում եմ նաև այնտեղ ծեծուջարդ կազմակերպած էդ լկտիների մայրերին, նույնպես, որովհետև նրանք, ավելի, քան որևէ կին, կարեկցանքի կարիք ունեն: Ձեզ հետ աղերսում եմ Տիրոջը, որ դարձի բերի նրանց որդիներին ու ամուսիններին: Ես նաև շնորհավորում եմ այսօրվա իշխանությունների մայրերին, քույրերին, կանանց, որոնք իրենց վարքագծով, լռակյաց վարքագծով, ըստ էության, հիշեցրեցին Եզոպոսի հայտնի թռչնորսի առակը: Երբ վերջինս ուզում էր վայրի աղունիկներ որսալ, դաշտում ցանց էր փռում և ընտանի աղունիկներին կապում էր դրան: Վայրի աղունիկները տեսնում էին իրենց ցեղակիցներին, իսկ ցեղակցից ոչ ոք վտանգ չէր սպասում, թռչում, գալիս էին ցանցերի մեջ էին ընկնում և դառնում որսի զոհը: Թակարդում հայտնված վայրի աղունիկները փորձում էին հասկանալ՝ ի՞նչն էր պատճառը, որ ցեղակիցները դավաճանեցին, վտանգի մասին չզգուշացրեցին իրենց: Ավա՜ղ, ընտանի աղունիկներն խոստովանում էին, որ մեզ ավելի հեշտ էր ձեզ մատնել, քան մեր տիրոջ` թռչնորսի կշտամբանքը լսել: Այնպես որ, 2004 թ. ապրիլին կոալիցիային, ընտանի աղունիկների օրինակով, ավելի հեշտ էր զոհաբերել իրենց ընդդիմադիր գործընկերներին, մի ամբողջ ազգի, միայն թե հանկարծ թռչնորսը՝ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ հանկարծ իրենց չկշտամբեին: Այսքանը, հաճելի մասով:
Անցնենք խնդրո առարկա հարցերին: Եվ, այսպես, ի՞նչ վիճակում է հիմա Հայաստանը: Հանրապետությունում ստեղծված իրավիճակը բնութագրելու համար Ձեզ հետ մտովի վերադառնանք 2001 թվականը: 2001 թ. ձմռանը ճիշտ այդ նույն Ռամբուեում տեղի ունեցավ հանդիպում Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Դիվանագիտական նորագույն պատմության մեջ եզակի դեպք էր, երբ բանակցություններն անընդմեջ շարունակվել էին 8 ու կես ժամ՝ Ժակ Շիրակ, Հեյդար Ալիև, Ռոբերտ Քոչարյան կազմով: Այդ ընթացքում հնարավոր էր եղել մշակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման սկզբունքները: Երկու ամիս անց, երբ արդեն նոր էր պաշտոնավարման անցել Ջորջ Բուշ կրտսերը, նախագահների այդ նույն երկյակն արդեն մեկնեց Ֆլորիդա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Քի Վեսթ, որտեղ էլ տեղի ունեցավ հաջորդ հանդիպումը՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և պետքարտուղար Քոլին Փաուելի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ում ամրագրվեցին մինչ այդ Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն դրանից հետո երկու նախագահներն էլ խնդրեցին դադար այդ գործընթացի մեջ՝ հիմնավորելով, որ առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Պատճառաբանությունն էլ այն էր, որ ընդունված պայմանավորվածությունները անընդունելի կլինեն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար, ուստիև իրենցից և ոչ ոք չի ընտրվի նախագահ, և բանակցային ողջ գործընթացը հարկադրված կլինեն սկսել զրոյից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն անսացին նախագահների աղաչանքները: Այնուհետև տեղի ունեցավ 2003 թ. նախագահական խայտառակ ընտրությունները, երբ բոլորիս աչքի առաջ ամենաբիրտ կերպով կեղծվեցին դրա արդյունքները: Միջազգային հանրությունը լռեց: Տարակուսեցինք ձեզ հետ. ինչպե՞ս կարող էր ժողովրդավարության ջատագով և իրականում այդպիսին հանդիսացող ԱՄՆ-ն, ականատեսը լինելով բացահայտ օրինազանցություններին և լայնածավալ խախտումներին, սահմանափակվել միայն ու միայն կոշտ հայտարարությամբ՝ հաշվի չառնելով կեղծված ընտրությունների արդյունքները չընդունող և փողոց դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց արդարացի բողոքը: Էլ չասենք, որ ԱՊՀ երկրների դիտորդական առաքելությունն էլ, ինչպես հիշում եք, հանդես էր եկել զեկուցագրով, որի համաձայն մինչ այդ աշխարհում նման արդար ընտրություն չէր եղել: «Ընտրության միջազգային դատավորները» պարզապես գիտակցում էին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործումը յոթ սարի հետևում չէ, ուստի անհրաժեշտ է անպայմանորեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Էս մարդիկ էլ արդեն խոսք էին տվել, որ ստորագրելու և կյանքի են կոչելու Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները, և միջազգային հանրությունը լռեց: Սակայն հայ ժողովուրդը չհանգստացավ: 2004 թ. գարնանը, ապրիլ ամսին ավելի մեծ ընդվզում տեղի ունեցավ: Օրը ցերեկով ծեծուջարդի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, մարսեցին, բռնարարքների կազմակերպիչներն ու իրականացնողներն էլ մնացին անպատիժ: Իսկ այդ օրվա «հերոսները», դրանից 8-9 ամիս անց «ՏԷՑ-ի կռուգում» արդեն մարդասպանություն կատարեցին, 2 ամիս նստեցին, և որպես «պատիժ» խրախուսվեցին՝ «Համմեր» մեքենա նվեր ստանալով: Եվ այս ամենը դարձյալ նույն միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների աչքերի առաջ: Գիտակցելով սեփական անձերի «կարևորությունը» ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործում, հայաստանյան իշխանավորները արդեն իսկ նոր պայմաններ դրեցին նույն այդ կազմակերպությունների առաջ: Եթե վերջիններս ուզում են լիարժեք լուծումներ տալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ուրեմն պետք է համապատասխան երաշխավորություններ տրվեն Հանրապետության Նախագահին: Նա պետք է լինի անձեռնմխելի: Ռոբերտ Քոչարյանը հասկանում է՝ ի՞նչ է նշանակում ստեղծված իրավիճակում ժողովրդի վզով պարտադրել այն լուծումները, որոնք այսօր սեղանին են դրված իրենց իսկ պարտվողական արտաքին քաղաքականության արդյունքում: Իրեն ապահովագրելու առիթը պարոն Քոչարյանը բաց թողնել չէր կարող. սկսվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքը: Դրա ընթացքում միջազգային կառույցների ամենաբարձր պաշտոնյաները եղան Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հաստինգսը: Հայաստան էր ժամանել նաև Եվրոպայի և Եվրասիայի գծով ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Հնարավորություն եմ ունեցել երեքի հետ էլ հանդիպել: Հանդիպումների ընթացքում հարցադրումներից է եղել նաև այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որ մարդիկ գոնե համոզված լինեն, որ այս իշխանությունները դարձի են գալիս: Որ, իրոք, Հայաստանի Հանրապետությունում էլ կխորանան ժողովրդավարական այն գործընթացները, որոնք անցած տարիների ընթացքում ճնշվել են: Բարձրաստիճան պաշտոնյաներն ասուլիսներում հստակ նշեցին իրենց այն պահանջը, համաձայն որի քաղաքական բոլոր ուժերը պարտադիր կարգով պետք է համապատասխան հեռուստաեթերով ժամեր ունենան: Դրա անհրաժեշտության մասին բազմիցս շեշտել էին նաև Եվրամիության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանները, նաև ԱՄՆ-ի դեսպանը: Արդյունքը բոլորդ գիտեք. անգամ իսկ մեկ րոպե եթերաժամանակ չտրվեց «Ազգային Միաբանություն կուսակցությանը»: Գեթ մեկ րոպե: Իսկ մեր մարդիկ, բնականաբար, տրամաբանել կարողանալով, մտածում էին. լավ, էս իշխանություններն առյուծի սի՞րտ են կերել, որ էսքան նախազգուշացումներից հետո էլ արհամարհում են թե՛ եվրոպացիների, թե՛ ամերիկացիների և թե՛ միջազգային կառույցների պահանջները:
Տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը, ինչպես բոլորս գիտենք, աննախադեպ, խայտառակ կամայականությունների դրսևորում էր: Այս պարագայում էլ միջազգային կազմակերպությունները կրկին ու կրկին լռեցին: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը: Պատճառն այն էր, որ սահմանադրական փոփոխություններում ամրագրված էր 56-1 հոդվածը, ըստ որի «Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: 81-րդ հոդվածով էլ Ազգային ժողովի իրավասությունների մեջ էր մտցվել միջազգային այն պայմանագրերի վավերացումը, որոնք նախատեսում են պետական սահմանի փոփոխություն: Ակնհայտ է, որ սահմանադրական կարևորագույն այս երկու դրույթները փրկօղակ կդառնային, եթե Ռամբուեում ստորագրվեր առաջարկվող պայմանագիրը: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Պարոն Քոչարյանն իրեն՝ վոյինին ներհատուկ կեցվածքով բանակցությունների սրահի դուռը շրխկացնում, պատի ծեփերը թափվում են, և նա, հերոսական կեցվածք ընդունելով, վերադառնում է Հայաստանի Հանրապետություն: «Հաղթարշավը» շարունակվում է. պարոն Քոչարյանը տալիս է իր հանրահայտ ասուլիսը 2 իշխանական և ղարաբաղյան հեռուստաալիքներին, ակնկալելով, որ ժողովուրդն էլ հրես կհիանա: Բայց մինչ այդ կազմակերպվել էր շատ մտահոգիչ մի հանրահավաք: Խոսքը փետրվարի 28-ին իշխանությունների կողմից անտաղանդ ու անշնորհք կերպով կազմակերպված այն բողոքի հանրահավաքի մասին է, որ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում: Ի դեպ, դպրոցականներին, ուսանողներին դեռ մեկ շաբաթ առաջ ասել էին, որ այդ օրը դասեր չեն լինելու, այլ ձեզ բերելու են Հանրապետության հրապարակ ճառեր լսելու: Ճիշտ այն մարդկանց ճառերը, ովքեր պապանձվել էին, լռում էին ապրիլի 12-ի վայրագություններից հետո, ովքեր լռում էին, երբ զոհված ազատամարտիկների ծնողներին, հարազատներին հանում, տնից դուրս էին շպրտում, որովհետև նրանք ի վիճակի չէին եղել լույսի վարձը մուծելու: Արդյունքում իշխանություններն ինչքան էլ ձև անեն, որ ոչ մի բան չի պատահել, հասկացան, որ իրենց կոչով, իրենց խոսքով, երբեք ու երբեք, ցավով եմ ասում, հիասթափված հայ մարդը չի գնա հրապարակ: Ականատեսը դարձանք, որ նա անգամ տեր չի կանգնի այնպիսի մի սուրբ օրվա հիշատակին, ինչպիսին Սումգայիթի զոհերի տարելիցը անմար պահելու օրն էր, քանի որ դա իշխանություններն էին կազմակերպել: Այսօր թերթերից մեկում կարդացի Արամ Զավենի Սարգսյանի այն շատ նրբին դիտարկումը, ըստ որի Վագեն Սարգսյանի շիրիմին՝ իր ծննդյան օրը՝ մարտի 5-ին, թվով ավելի շատ ու շատ մարդ էր եկել, քան նախորդ տարիներին: Արամի արած հետևությունը, թերևս, կարելի է վիճարկել: Սակայն ակնհայտ է նաև այն, որ Վազգեն Սարգսյանի շիրիմին վաղուց Քոչարյանն այցի չի գնում, Սերժն էլ վախվորած է գնում: Այ, դրա համար էլ, մարդիկ այդ սուրբ տեղն անցյալում այդչափ շատ չէին այցելում, քանի դեռ իշխանություններն իրենք էին գնում: Ահա սա է մեր դիտարկումը, ահա սա է հետևությունը:
Եվ այս պարագայում, բնականաբար, մտածում ես՝ ի՞նչ անես, ո՞նց անես: Իսկ դրա համար, բացի ներքին իրավիճակի լուրջ վերլուծությունից, դու պարտավոր ես նաև հակառակորդիդ եղած-չեղածը, տնտեսությունը վերլուծես: Ուստի, չալարեցի և ուսումնասիրեցի Ադրբեջանի տնտեսական վիճակը բնութագրող համապատասխան վիճակագրական թվերը: Հիմա այդ թվերը, որ հրապարակեմ, վաղը, մյուս օրը բախտախնդիր մի լրագրող կարող է գրի՝ ազերիների գովքն է անում: Բայց ես ազերիների գովքը չեմ անում, ես տագնապի շեփոր եմ հնչեցնում, որ սրանց չորացած, կարծրացած ուղեղներին տեղ հասնի: Եվ ի՞նչ է փաստում վիճակագրությունը. վերջին 3 տարիների ընթացքում, ամեն տարվա կտրվածքով, Ադրբեջանի Հանրապետության բյուջեն աճել է 70 %-ով: Լեզվի սայթաքում չարեցի կոալիցիոն կոլեգաներիս նման, երբ պատերազմը խաղաղության հետ էին խառնել: 2006 թ. Ադրբեջանի բյուջեն կազմում է ոչ ավել, ոչ պակաս 4 միլիարդ դոլար: Ուրեմն, հայրենյաց կոալիցիան, այս տարվա մեր բյուջեի հաստատման ժամանակ, որ հեռուստաալիքը միացնում էիր, հրճվանքից աքլորականչ, ծուղրուղու էին անում. ժողովո՜ւրդ, ցնծա, 2006 թ. Հայաստանի բյուջեն հատել է 1 միլիարդ դոլարի սահմանը: Ազերիները լուռումունջ՝ 4 միլիարդ դոլարի հասցրեցին իրենց երկրի բյուջեն: Ադրբեջանի տնտեսության նման աճի տեմպերի պահպանման պարագայում 2007 թ. բյուջեն կհասնի արդեն 6 մլրդ 800 մլն դոլարի: Բա, լավ, միթե սա մտահոգվելու հարց չէ՞: Լավ, այս թվերը, որ ես մեջբերում եմ, ի՞նչ է, դրանով դարձնելու եք ինձ թուրքի բարեկամը: Ճիշտ հակառակը. ես հայ ժողովրդի ճակատագրի համար դարդ քաշող, մտածող մարդ եմ:
Խոսեմ մեկ այլ երևույթի մասին: Իշխանությունները ռազմավարական ընկերությունից, բարեկամությունից են բարբաջում: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում ռուսական ընդամենը մեկ ֆիրմա՝ ՌՈՒՍԱԼ-ը, Ադրբեջանում 1 մլրդ դոլարի ներդրումներ է անելու: Մեկ միլիարդ դոլարի: Ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունն անցյալ տարվա ընթացքում կրկնակի աճել է և կազմում է 1 մլրդ դոլար: Փետրվարի 22-ին Բաքվում Ռուսաստանի տարվա օրերի տոնակատարության ընթացքում պրեզիդենտ Պուտինն իր ելույթում շատ հետաքրքիր և ուշագրավ հայտարարություն կատարեց: Ասածն այն էր, որ եթե չլիներ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելու հանգամանքը, ապա ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը կկազմեր ոչ ավել, ոչ պակաս, քան 5 մլրդ դոլար: Դե լավ, հիմա մտածեք՝ ի՞նչ էր ուզում ասել մեր ռազմավարական դաշնակից երկրի և մեր երկրի բարեկամ պրեզիդենտը…
Այսքան ժամանակ, որ ԼՂՀ-ի հիմնահարցի կարգավորումը տեղից չի շարժվում և մեր երկրին էլ չեն նեղում, դա ոչ թե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հնարամտությունների արդյունքն է, այլ այն, որ հայ ժողովրդին են աշխարհում ընդունում, հայ ժողովրդին են սիրում: Ահա սա է գաղտնիքը: Ճիշտ այն հայ ժողովրդին, որին ութ տարի շարունակ բռնաբարում է այս իշխանությունը: Անգամ իսկ այս օրերին փոխանակ մտածեն ազգը միաբանելու, ազգը կոնսոլիդացիայի ենթարկելու մասին, արածներն ի՞նչ է: Արածներն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության գրասենյակն են փակում: Ի դեպ, առիթն օգտագործելով ուզում եմ նաև նրա տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի մարտի 8-ն էլ շնորհավորել, որը նույնպես հալածանքի է ենթարկվում: «Հանցանքն» էլ ո՞րն է. շնորհք է ունեցել, դրսից գրանտներ է բերել, որ մեր դպրոցների հասարակագիտական առարկաներ դասավանդող բարձր դասարանի ուսուցիչների վերապատրաստման հարցը կարգավորեն: Տղերքը պարապ են մնացել, գործ են գտել: Էլ ի՞նչ են անում. Արամ Կարապետյանի ճամպրուկներն են դատարկում: Հա, լավ, ի՞նչ եք ման գալիս, կարո՞ղ է Փարաքարը փակելու բանալին եք փնտրում: (Ծիծաղ դահլիճում, ծափահարություններ): Արամը դա հո ի նկատի չուներ, նա ի նկատի ուներ, որ ժողովրդին հասցրել եք էն վիճակի, որ չեն թողնելու անգամ իսկ փախնեք: Իշխանություններն այդ զգուշացումից ճիշտ հետևություն են արել: Դրա համար էլ «Միկա Արմենիան» հիմա «Արմավիայում» մի երկու հերթապահ ինքնաթիռ է պահում: Այլ բան չես էլ մտածի. մի օր թռնում են, մի ամիս գովազդում են, որ կանանց համար տոմսերը 25%-ով էժանացնելու են: Սա էլ նոր հնարք է. գոյություն չունեցող չվերթների տոմսի էժանացնելը ի՞նչ մեղքս էր, ես չեմ հասկանում: (Ծիծաղ, աշխուժություն դահլիճում):
Փորձենք Ձեզ հետ խորհել, թե ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում: Այն, որ միջազգային կազմակերպությունները և դրանց հետևում կանգնած երկրները չեն ներելու իշխանությունների խաբեությունն օրեցօր ակնհայտ է դառնում: Փաստ է, որ 2004 թ. գարնանը Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ Մամեդյարովի և Օսկանյանի միջև, և պրահյան հայտնի սկզբունքները, որոնք ամրագրվել էին մեկ տարի հետո՝ 2005 թ. արդեն Վարշավայում ԵԱՀԿ երկրների գագաթնաժողովի ժամանակ Քոչարյան - Ալիև կրտսերի կողմից, Ռամբուեում իրենց տրամաբանական ավարտին չհանգեցին: Իսկ ինչո՞ւ: Է, որովհետև Հայաստանն ամերիկացիներին մի բան է խոստացել, Ռուսաստանին մեկ այլ բան, Եվրամիությանը մեկ ուրիշ: Պարսկաստանին` մեր հարևան Իրանին էլ տրամագծորեն այլ բան է խոստացել: Եվ հիմա, ուզեն, թե չուզեն, այդ տրված խոստումների կատարումից խուսափել չեն կարող սեփական դեմքը փրկելու համար: Հետն էլ նաև լսեցնել են տալիս, որ երբ ԼՂՀ-ի շուրջ համաձայնագիրը կստորագրվի, միայն դրանից հետո խաղարար ուժերը կգան: Իսկ դրանք ու՞ր են գալու: Խաղարար ուժերը գալու են տեղաբաշխվեն ճիշտ Արաքս գետի երկայնքով: Եվ լավ է, որ գալու են, թե չէ սրանց վրա հույս դնելու չէ: Այս իշխանությունների օրոք միայն խաղաղարար ուժերը կայուն անվտանգության երաշխիք կարող են հանդիսանալ: Իսկ Իրանին տված նրանց խոստումնե՞րը: Չէ՞ որ աշխարհաքաղաքական ստեղծված այս ծայրաստիճան բարդ իրավիճակում Իրանը գիտակցում է՝ ինչ է նշանակում, որ իր սահմանի երկայնքով տեղակայվեն խաղարար ուժեր: Բա, լավ, ինչպե՞ս կարելի էր արտաքին քաղաքականության ոլորտը դարձնել «ղումար»: Ինչպե՞ս կարելի էր, ըստ էության, երկիրը դնելով ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակում, մինչ օրս չունենալ ազգային անվտանգության հայեցակարգ: Եկեք տեսեք, որ հիմա, վերջերս, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշներն են հրապարակ իջեցրել, մեր հարգարժան Աննա Իսրայելյանն էլ, Նաիրա Զոհրաբյանի հետ «Առավոտ» և «Հայկական ժամանակ» թերթերում ծանոթացնում են, թե ինչ լավ բաներ են դրանում գրված: Է, հա, ես էլ կարդացի: Գրված է, որ պետք է պաշտպանվեն մարդու իրավունքներն ու ազատությունները: Է, պաշտպանեիք, դրա համար ի՞նչ, անվտանգության ռազմավարություն էր պետք: Ի՞նչ, կարո՞ղ է մարդու իրավունք եք դուք պաշտպանելու: Պաշտպանող եք գնայիք գոնե կանանց պաշտպանեիք: Սրտներս մղկտում էր, որ Բուզանդի փողոցի նախկին բնակիչ կանայք մարտի 8-ի օրով նստած էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ: Ուզածներն էլ այն էր, որ իրենցից շորթած գումարները կարողանան հետ վերցնել: Պաշտպանեիք: Ի՞նչ, որ Ամերիկա ու Ռուսաստան եք ուղարկում այդ ուղենիշները փորձաքննության, դրանց պատասխանը պետք է ստանաք, որ նո՞ր պաշտպանեք: Գրում են նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացվելու է, որովհետև դրա առկայությունը մեծապես թուլացնում է մեր երկրի ազգային անվտանգությունը: Մալադե՜ց: Ալիկ Կարապետյանը Ազգային ժողովի ամբիոնից մեկիկ-մեկիկ թվարկեց կոռուպցիայի աղբյուրները: Մասնավորապես, հիշատակեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշորթման փաստը, երբ 132 միլիոնով սեփականաշնորհվել է այն ձեռնարկությունը, որը 110 միլիոնի չափով տարեկան եկամուտ ուներ: Հիմա էլ գլուխ են գովում, ասում են՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում 152 միլիոնի ներդրում են անելու: Այ մարդ, ձե՞ռ եք առնում. կոմբինատի մաքուր եկամուտներից` այդ ներդրումները հնարավոր էր 2 տարում էլ անել: Ո՞ւմ եք խաբում, ո՞ւմ աչքերին եք թոզ փչում: Բա, լավ, միթե՞ կարելի է այսքան խաբեբա լինել:
Դե, լավ, որ մի քիչ լիցքաթափվենք, պատմեմ Եզոպոսի հայտնի առակը: Առյուծն ու էշը գնում են որսի, այծի որսի: Պայմանավորվում են, որ այծերին քշեն քարանձավ, հետո էշը քարանձավում պետք է զռռար: Առյուծը մտածում էր, որ այծերը էշի զռռոցից լեղապատառ դուրս կպրծնեն, ինքն էլ կորսա: Այդպես էլ անում են: Էշն էլ ոգևորված, որ առյուծի հետ որսի է գնացել, քարանձավում մի զռռալ է զռռում, որ գնա, գալիս եմ: Այծերը սարսափահար փախչում են, առյուծն էլ դրսում բոլորին հանգիստ բռնում է: Էշը գալիս է, պարծենում. է, լավ որս արեցինք, չէ՞: Առյուծն էլ, դե թագավոր է, արդարասեր է, պատասխանում է. գիտե՞ս, հո չէիր զռռում, ես էլ կվախենայի, եթե չիմանայի, որ զռռացողը էշ է: Հիմա սրանցն է, ինչ ուզում եք գրեք, քանի որ դուք եք հեղինակը, ձեզ հավատացող չկա, միևնույն է, սուտ է: (Բուռն, երկարատև ծափահարություններ):
Սիրելի ժողովուրդ, ինձ շատ և շատ մտահոգում է այն, որ անգամ իսկ այնպիսի լուրջ հարցի կապակցությամբ, ինչպիսին է պատերազմի և խաղաղության խնդիրը, այսօր տեսնում ենք վտանգավոր դրսևորումներ ու զարգացումներ: Որո՞նք են դրանք: Ռ.Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո կոալիցիայի անդամ կուսակցությունների լիդերներից մեկն ասում է, որ, այո, դա համարժեք պատասխան էր ազերիներին, մյուսն էլ, թե դա պատերազմի մարտահրավեր էր: Եթե վերլուծենք, թե ի՞նչ է սա ցուցանում, ապա կեզրակացնենք, որ սա նշանակում է. անգամ իսկ փորձությունների այս վտանգավոր փուլում իշխանությունները չունեն մշակված ոչ մարտավարություն, ոչ էլ ռազմավարություն: Իսկ եթե դրանք չկան նման իրավիճակում, ապա երկիրը դատապարտված է պարտության: Եվ փոխանակ նստեն, այս բոլոր հարցերի մասին խորհեն, մտածեն, խորհրդակցեն և, որն ամենակարևորն է, համապատասխան լուծումներ առաջարկեն, յուրաքանչյուրը միայն մտածում է իր գովազդի մասին: Ընդդիմության առաջ էլ ինչպես փակ էին հեռուստալրատվամիջոցների դռները, այնպես էլ շարունակվում են փակ մնալ: Այդ տեսանկյունից, երբ փորձում եմ վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ, մասնավորապես իմ ելույթների ճակատագրի հետ, շատ ծանր եզրահանգման եմ գալիս: Անցած մեկուկես տարվա ընթացքում 6 անգամ հնարավորություն է ստեղծվել ելույթով հանդես գալ Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից, 3 անգամ էլ ելույթ եմ ունեցել ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից: Եվ, ի՞նչ եք կարծում, ամեն ելույթիցս հետո, երբ տեսնում էի թուրք կամ ազերիներին, մտածում էի, որ եթե սրանց ձեռը ճար լիներ, բառիս իսկական առումով, սիրտս կերել էին: Եվ, հանկարծ, 2 օր առաջ ստահակների թերթը հեգնելով գրում է, որ Գեղամյանը 2-3 րոպե էր խոսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում… Հեգնանքի են ենթարկում Վիեննայում հնչեցրած խոսքս ճիշտ այն նույն ոճով, ինչպես թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցները: Մարդ ես, մտածում ես, այդ ինչպե՞ս է լինում, երբ այնտեղ կռիվ ես տալիս Արցախի համար, իսկ այստեղ ելույթներս անգամ արցախյան ոչ մի թերթում և Արցախի հեռուստատեսությամբ ոչ տպագրվում են և ոչ էլ հեռարձակվում: Լավ, ինչպե՞ս բացատրենք սա, ինչպե՞ս հասկանանք, որ ամենանենգ հրապարակումները լինում են բյուջեից և իշխանավորներից սնվող հայաստանյան թերթերում ու բյուջեից սնվող հեռուստաալիքում: Ինչպե՞ս հասկանանք դա: Անգամ իսկ անկուսակցական մարդիկ առաջարկում են, թե ասա՝ ի՞նչ անենք, թեկուզ ամենամեծ գումարը տանք, միայն ելույթներդ եթեր արձակվեն, որովհետև ժողովրդի ոգին կբարձրանա: Բայց ոչ, ելույթներիս վրա արգելք է դրված: Այո, արգելք են դրել, որովհետև իրենք Արցախի արդար, միամիտ ժողովրդին համոզել են, որ եթե Երևանում չլինի Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, «էրևանցիք կծախեն Արցախը»: Արցախն արդեն իսկ Ռոբերտն ու Սերժն են ծախել, երբ հանդուրժեցին, որ իրենց հարազատները Կալիֆորնիայում շենքեր կառուցեն: Անտուն սևամորթների կամ մեքսիկների համար, եկեք տեսեք, որ տղերքը բարեգործություն են անում, շենքեր են կառուցում, ինչի մասին թերթում էլ հարցազրույցներ են տալիս: (Ծափահարություններ):
Հիմա էլ նոր բան մոգոնեցին. մեր հարգելի Նաիրա Զոհրաբյանը հարցազրույց էր ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ: Մեկ էլ հանկարծ վերջինս ասում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հանդես է եկել համապատասխան գրությամբ՝ իրենց իրավաբանական դեպարտամենտի ղեկավարի ստորագրությամբ: Ըստ այդմ, Հ1-ով 3 շաբաթը մեկ Ազգային ժողովում հնչած հայտարարությունների հեռարձակումը, պարզվում է, խոսքի ազատության ոտնահարում է: Ավելին էլ է ասում. ամեն կիրակի 45 րոպե Հ1-ով հեռարձակվող «Խորհրդարանական շաբաթը» նույնպես խոսքի ազատության ոտնահարում է: Է, լավ, խելքներիդ ձյուն գա, մի ձեզ հարց տվեք, էդ ԱԺ ասածը, անգամ ընտրակեղծիքների պարագայում, չէ՞ որ ոչ բարով-խերով հայ ժողովրդի հավաքական ընտրանին է: Դա է, չէ՞: Ստացվում է, իշխանություններն անգամ 6 րոպե հեռուստաեթերից են սարսափում: Ինչո՞ւ եմ ասում՝ 6 րոպե. 3 րոպե «Արդարություն» դաշինքի գործընկերների հայտարարություններից, 3 րոպե էլ «Ազգային Միաբանության»: Բա, այ եվրոպացի հեռարձակողների միություն, էն որ 1 րոպե անգամ և ոչ մի հեռուստաալիք արդեն տարուց ավել է ուղիղ եթեր չի տրամադրել, մասնավորապես ինձ, բա էդ ինչի՞ եք լռում, ասես, էշի ականջին քնել եք: Ինչի՞ էիք էշի ականջին քնած մնացել, երբ սահմանադրական փոփոխությունների ընդունումից անմիջապես հետո կոպտորեն ոտնահարվեց նոր, փոփոխված Սահմանադրության մայր պահանջը: Չէ՞ որ Սահմանադրությունում պարզորոշ նշված է, որ որոշակի հարցերում ԱԺ-ն ունի ինքնուրույն գործելու իրավունք: Խոսքը, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության իրավունքի մասին է:
Մի երկու անգամ արդեն էշի անուն տվեցի: Հետևեմ Պլուտարքոսի խորհրդին, խոսեմ հաճելի բաների մասին: Եվ, այսպես, պատկերացրեք, որ էս կոալիցիան գնում է շուկայից ավանակ առնի: Գնում են ավանակին, բայց վաճառողի առաջ պայման են դնում, որ մի երկու օր փորձաշրջանում լինի էշը: Հետո նոր կասեն՝ առնում են, թե՞ չեն առնում: Վաճառողն էլ համաձայնվում է, որովհետև շատ մեծ գին է պահանջած լինում էդ ավանակի համար: Էշին բերում, բաց են թողնում ախոռում: Էս ավանակն էլ գնում, ախոռում եղած 10-15 ավանակներից ամենաշատակերի ու ամենածույլի կողքն է կանգնում: Դա տեսնելով, գնորդն էլ մտածում է. այ մարդ, չէ, սրան տանեմ, հետ տամ, որովհետև նմանը զնմանին կձգե: Տանում, հետ է տալիս: Ո՞րն է էս առակի իմաստը: Ինչպես տարած ու հետ բերած էշը իր էությամբ ի սկզբանե դատապարտված էր ծույլ և շատակեր լինել, այնպես էլ այս իշխանությունների օրոք ցանկացած Սահմանադրություն դատապարտված է ոտնահարման: Ահա սրանք են սրանց բնութագրող գործերը:
Հիմա ես փորձեմ առակից անցնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին առնչվող մի քանի հարցերի: Մասնավորապես, դիմում եմ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ հարգելի Բոյանա Ուռումովային, դիմում եմ նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինին: Ես խնդրում եմ, որ դուք Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչներին հուշեք, որ արդեն իսկ իրենց այդ վերը հիշատակված գրությունով նրանք հեղինակազրկում են այդ կառույցը: Հեղինակազրկում են այն պարզ պատճառով, որովհետև հայ հասարակությունը այդ միության գոյության մասին ոչ մի տեղեկություն չի ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ ընդդիմությանն ընդհանրապես զրկել էին ձայնի իրավունքից: Մենք բացարձակապես չզգացինք, որ նման կազմակերպություն կա, երբ 2003 թ. մայիսի 23-ից հետո, մասնավորապես ես զրկված եմ եղել Հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավորությունից: Լավ, բա ո՞ւր էր այդքան ժամանակ Եվրոպական հեռարձակողների միությունը: Հիմա նրանց միջոցով 6 րոպե եթերաժամանակից էլ են ուզում զրկել ընդդիմությանը: Տղերքը եվրոպաներում գործ են արել: Ես զարմանում եմ Ալեքսան Հարությունյանի վրա. Տաթևիկ ջան (Ա. Գեղամյանը դիմում է դահլիճում գտնվող «Հայլուրի» թղթակից Տաթևիկ Նալբանդյանին.- խմբ.), էս մասը, որ հիմա ասելու եմ, տեսագրի, առանց աղավաղելու իրեն փոխանցի: Ալիկը վտանգը զգացող մարդ է, բա չի՞ զգում, որ իշխանափոխություն է լինելու: Ինչո՞ւ է այդպես վարվում: Թող կանգնի ու տղամարդավարի ասի. «Չէ, Գեղամյանին ուղիղ եթեր եմ հրավիրելու, էլ չեմ լսելու՝ ինչ է ասում ինձ Արմեն Գևորգյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը»: Էդ ժամանակ Ալիկը մեր գլխի վրա էլ տեղ կունենա, հանգիստ կքնի հին ու նոր իշխանությունների պարագայում: Էլ չեմ նշում, որ եվրոպացիներն էլ կասեն. մալադեց, Ալի՛կ, նոր համոզվեցինք, որ դու իրականում ժողովրդավար ես: Այլապես, այսպես չի կարելի շարունակել:
Պլուտարքոսի պատգամը վերստին կատարեմ, հաճելի բաներից խոսեմ: Կարծիք կա, որ բորենիները տարին մեկ անգամ սեռը փոխելու հատկություն ունեն. մեկ որձ են լինում, մեկ՝ էգ: Ութ տարի է, ինչ մեր ժողովուրդը բռնաբարվում է այս «որձ իշխանությունների» կողմից: Բայց մեկ է, թող իմանան, որ բորենիների նման իրենց տեղն էլ է փոխվելու: Այդ ժամանակ պատկերացնո՞ւմ եք իշխանությունների վիճակը: (Ծափահարություններ):
Ելույթ ունենալուց առաջ ինձ գործընկերներս հուշեցին. չծավալվես, որ հարցերին ավելի շատ ժամանակ հատկացնելու հնարավորություն լինի: Ավարտելով խոսքս՝ հիշեմ արդեն Էլեոնորա Ռուզվելտին կամ Մահատմա Գանդիին: Երկուսն էլ գրեթե նույն մտքերն են հայտնել դեռ անցյալ դարի 30-ական թվականների վերջին: Որոնք են դրանք. «Ոչ ոք չի կարող ձեզ ցավ պատճառել առանց ձեր համաձայնության» և «Մեզ հնարավոր չէ զրկել ինքնահարգանքից, եթե մենք՝ ինքներս, դա չթույլատրենք»:
Սիրելի ժողովուրդ, համոզված լինենք, որ մենք ենք այսքան ժամանակ հանդուրժել, այսքան ժամանակ թույլ տվել, որ ընդամենը երկու հոգի և իրենց «ընտանի աղունիկները» կարողանան մեր ազգին նվաստացնել, խոհեմ, աշխատասեր ժողովրդին թռչնորսի ցանցերը գցել: Եվ, բնականաբար, մտածում ես, թե ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր կա՞ն: Իհարկե, կան, և խնդիրը միայն այն է, որ գիտակցենք. իշխանափոխություն ասածն իրապես հաղթական է, եթե անարյուն է լինում:
Վերջերս ընթերցեցի շատ հետաքրքիր մի գիրք, մի աշխատություն. դա ամերիկացի Սթիվեն Կովիի հանրահայտ բեստսելլերն էր՝ «Բարձր էֆեկտիվություն ունեցող մարդկանց 7 հմտությունները» վերնագրով: Ընդամենը 7 խորհուրդ, որոնց եթե հետևում ես, ապա պարտադիր հաղթանակում ես թե՛ անձնապես, և՛ թե հասարակությունն է հաղթում: Եվ աշխատության հիմքում առաջին հմտությունը, որ նշում է Սթիվեն Կովին, դա համակողմանի ակտիվություն հանդես բերելն է այն գիտակցումով, որ մեր ճակատագիրը մեր իսկ ձեռքերում է: Ասել կուզի, որ մենք մեր դժգոհությունները ոչ թե տանը, խոհանոցներում, բակերում հայտնենք, այլ հարկ եղած դեպքում դուրս գանք հրապարակ և մինչև վերջ կանգնենք: Որ մենք նաև հասկանանք. այո, այսօր Հայաստանը չի բռնկվում ներսից, այո, այսօր Հայաստանում հեղափոխություն չի լինում ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդը համակերպվել է իրավիճակին, ոչ թե նրա համար, որ մեզանում քաղաքական կամքն է պակասում: Պարզապես ճշմարտությունն այն է, որ մարդիկ հասկանում են՝ դրսից էլ վտանգ կա: Ահա հենց սրա վրա են խաղում արդեն 8 տարի շարունակ այս իշխանությունները՝ շանտաժի ենթարկելով մի ամբողջ ազգի: Ուստի, օգտագործելով ընձեռած հնարավորությունը, դիմելով միջազգային ներկայացուցչություններին՝ ուզում եմ վերստին նշել. այս իշխանությունների օրոք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծում մի ակնկալեք և վերջ տվեք իշխանությունների անօրինականությունները չտեսնել տալուց: Մի ակնկալեք դրական լուծումներ ԼՂՀ-ի հարցում այն պարզ պատճառով, որովհետև դեռ 1998 թ. իրականացնելով հեղաշրջում՝ նրանք մեծ-մեծ խոստումներ էին տվել մեր ազգին, որ կա ավելի լավ լուծում, քան առաջարկվում էր, դա 7 սարերի հետևում չէ: Անցել է արդեն 8 տարի: Տարեցտարի զգում ենք, որ վիճակն էլ ավելի է վատթարանում, տարեցտարի ականատես ենք դառնում, որ եթե դրսից 1 միլիարդ 200 միլիոն դոլարի օգնություն չգա Հայաստան մեր բարեկամներից, մեր հարազատներից, ովքեր դեգերելով օտարության մեջ հանապազօրյա հացի փող են մեզ ուղարկում, ապա Հայաստանի բնակչությունը սովամահ կլինի:
Ըստ Սթիվեն Կովիի, երկրորդ և երրորդ հմտություններն են. սկսենք մեր պայքարը, երբ պատկերացնում ենք վերջնական նպատակը, և նախապես կատարենք այն քայլերը, որոնք առաջնային են: Ազգային հեռահար նպատակներին հասնելու միջոցը ազգային միաբանությունն է, խոսքը ոչ թե կուսակցության մասին է, այլ հայ ժողովրդի, հայ ազգի միաբան լինելու: Հիմա ես խոսքս ավելի շատ ուղղում եմ կոալիցիային և իշխանամետ խումբ-խմբակցություններին, որոնք իրենց լռակյաց համաձայնությամբ սատարում էին երկիրն անդունդի եզրը հասցրած Ռ.Քոչարյանին ու Ս.Սարգսյանին: Չէ՞ որ կոալիցիայի, իշխանամետների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կարող են արծիվ լինել, բայց, չգիտես ինչու, չեն հավատում իրենց սեփական ուժերին, գնացել են ու գող կաչաղակների կողքը կանգնել:
Սիրելի ժողովուրդ, կարծում եմ, որ այն, ինչ մեզ վերջին տարիներին խոչընդոտում էր, այլևս արգելք չի կարող լինել: Իսկ մեզ խոչընդոտում էր այն, որ միջազգային հանրությունը՝ լինի դա Մինսկի խմբի համանախագահողները, թե Եվրամիությունը, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, թե ԱՄՆ-ն, ասես թե հայտնվել էին մոլորության մեջ: Որովհետև եթե չլիներ նրանց լռակյաց համաձայնությունը, չէր լինի 2003 թ. նախագահական խայտառակ ընտրությունը, չէին լինի ԱԺ նույնպես կեղծված ընտրությունները և երբեք ու երբեք անպատիժ չէին մնա 2004 թ. ապրիլի 5-ի, 12-ի ծեծուջարդերի կազմակերպիչները: Եվ, վերջապես, չէր լինի 2005 թ. նոյեմբերի 27-ի պղծված հանրաքվեն: Ու եթե մեր ժողովրդի աչքերը վաղուց էին բացվել, հիմա արդեն, հուսանք, միջազգային հանրության աչքերը նույնպես բացվել են, և նրանք, բացի Ռոբերտից ու Սերժից, կտեսնեն ողջ հայ ժողովրդին: (Բուռն ծափահարություններ):
* * *
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Շատ հարցեր կան, ես կարդում եմ հերթականությամբ: Արտաշես Մամիկոնովիչ, այնուամենայնիվ, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի, ինչպիսի՞ն է լինելու մեր կուսակցության դիրքորոշումը:
- Հարցը շատ տեղին է և իրոք մտորելու տեղիք է տալիս: Պատերազմի ձևակերպումը թերևս շատ դիպուկ է արել Կլաուզևիչը, նա ասել է. պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է արդեն զենքի ուժով: Ուրեմն եթե լինի պատերազմ նախ մենք պետք է ի սկզբանե պատերազմի պատճառները տեսնենք որտեղ են և փորձենք մինչև պատերազմ սկսելը վերացնենք այդ պատճառները: Անգամ հպանցիկ վերլուծությունները գալիս են համոզելու, որ պատերազմի պատճառները ոչ թե հայ ժողովրդի ռազմատենչ լինելու մեջ են, այլ այսօրվա իշխանությունների վարած՝ ի սկզբանե դատապարտված պարտության քաղաքականության մեջ են: Պատերազմի պատճառները, եթե դա լինի, պայմանավորված են մեծապես նրանով, որ արդեն այս իշխանությունները հասկանում են, որ հատուցման պահն է եկել, որ ժողովուրդը արդեն իսկ չի դիմանա ըստ որում, թե Հայաստանում և թե Արցախում, կհամախմբվի համ սեփական երկիրը ու հողը պաշտպանելու, համ էլ այս իշխանություններից ձերբազատվելու: Աստված մի արասցե, եթե լինի պատերազմ, Աստված մի արասցե, ի՞նչ պետք է անենք թուրքին պետք է հաղթենք, սրանց էլ պետք է քշենք, էդ պետք է լինի:
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Իշխանությունները մեծ-մեծ խոսում են մեր երկրի անվտանգության, տարածաշրջանում ամենազորեղ բանակ ունենալու մասին: Այնինչ սահմանամերձ գյուղերը գնալով դատարկվում են, երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև աշխատանք չունեն, տուն չունեն, պայմաններ չունեն: Շատ գյուղերում մահը գերազանցում է ծնունդը: Միթե այս իշխանությունները չեն գիտակցում, որ սպիտակ եղեռն է իրականացվում մեր ժողովրդի նկատմամբ:
- Սիրելի ժողովուրդ, այս հարցի հետևում փաստացի առկա բոլոր վերլուծությունները «Ազգային Միաբանությունը» ունի: Ես կարող եմ, այո որոշ բաներ հիմա հրապարակել, բայց շատ բաներ հրապարկելուց ձեռնպահ կմնամ, որովհետև դա մեծագույն նվեր կլինի ադրբեջանական և թուրքական հետախուզությունների համար: Բայց ցավը կայանում է նրանում, որ լրատվամիջոցը քաղաքացիական արիություն է իր մեջ գտնում և իր պարտքն է կատարում հրապարակ իջեցնելով, այն խոցելի տեղերը, այն բացերը, որոնք թուլացնում են Ազգային Անվտանգությունը, հլը տեսեք գլխներին ինչ են ուզում բերել: Ասում են ազերիների, թուրքերի թերթ է, բայց հայալեզու թերթ է: Տնաշեններ հիմա ազերիների թերթն որն է, էդ վատի մասին ասողը, թե վատը տեսնողը ու հիվանդությունը ներս քցողը: Առաջին անգամ եմ լսում, որ դիագնոզ դնողին են մեղադրում, փոխանակ հիվանդացնողին մեղադրեն: Եվ դա է պատճառը, որ կանգնում և ասում ենք. այ մարդիկ դուք սպառել եք: Ալան-թալանն արել եք, Կալիֆորնիայում շենք եք կառուցում, վերջի երկու պենտ հաուզում էլ գնացեք և դուք ապրեք: Գնացեք, էս ժողովուրդը իր գլխի ճարը կտեսնի առանց ձեզ և կտեսնի փայլուն, փառահեղ ձևով: (Ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Գարունը մտել է իր իրավունքների մեջ: Սակայն գյուղացին պատրաստ չէ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին: Վառելանյութը գնալով թանկանում է մարդիկ սերմնացու չունեն, վարի փող չունեն, պարարտանյութ չունեն: Ամեն գյուղում նույն մարդիկ գերշահույթներ են ստանում, օգտվելով մարդկանց անպաշտպանվածությունից ու չքավարությունից: Գյուղացու համար չկա պետություն, չկա գյուղ նախարարություն: Եթե նրանք գյուղում հարց չեն լուծելու, ավելորդ չեք համարում նրանց գոյությունը:
- Ավելի լավ չէր ձայն տայիք էդ մարդուն ելույթ ունենար: Ճիշտ է ասում, իհարկե, ցավոք սրտի, ճիշտ է ասում: Բայց ընթացքում ակամայից հիշեցի, երբ 40-ական թվականներին Մախատմա Գանդիին մեղադրում էին նրանում, որ նա ռազմատենչ, հեղափոխական կոչերով հանդես չէր գալիս այլ պարզապես կարող էր տարվա 12 ամիսը շրջել Հնկաստանով մեկ և հանդիպում էր նույն գյուղացիների հետ, համապատասխանաբար բրձի դաշտերում: Եվ հանդիպելով գյուղ առ գյուղ, նահանգ առ նահանգ բրձնի դաշտերում, նա ընդամենը պայմանավորվում էր մի բան, որ օրը կգա 300 միլիոն հնդիկները, այն ժամանակ 300 միլիոն էին, հիմա 1 միլիարդից անցան, հայտարարում են համազգային անհնազանդության օր, երբ պարալիզացվում է ամբողջ վերնախավի գործունեությունը: Եվ առանց մի փամփուշտ արձակելու Հնդկաստանը ազատագրվեց այն ժամանակ բրիտանական գաղութատիրությունից: Այ հիմա մենք էլ ամպայման գյուղ առ գյուղ գնալու ենք, խնդրենք, որ հանկարծ չմտածի հայ գյուղացին, որ իր փոխարեն Երևանում ինչ որ խելոքներ պետք է հեղափոխություն անեն և վիճակը բարելավվենք: Ազգովի կկանգնենք մի մարդու նման: ԿԿարողանանք հնդիկների նման համախմբված, միաբանված ազգային անհանզանդության համազգային դրսևորում ունենանք: Իմացեք կհաղթենք, իմացեք պարարտանյութն էլ կլինի, սերմնացանն էլ կլինի: (Ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Երևանում, ամենուր հայաստանյան իրականությունը անհարիր՝ վատ, բացասական բարքերի ենք հանդիպում (մարմնավաճառություն, գողություն ու ավազակություն, մարդասպանություն, ինքնասպանություն և այլն): Ժողովուրդը արագացված տեմպերով բարոյալքվում է: Ի՞նչ է լինելու սրա վերջը:
- Դե ասինք էլի վերջը, քշելու ենք սրանց: (Ծիծաղ, ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Պարոն Գեղամյան, 2003 թվականին և ձեր նախագահական և ազգային ժողովի ընտրությունները խայտառակ կերպով կեղծվեցին, այն ժամանակ դուք մեզ դիմեցիք, որ հանուն Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծմանը երկրի կայունությունը չխաթարվի: Փաստորեն, այժմ ոչ Ղարաբաղի հարցը հայանպաստ լուծվեց, ոչ էլ այս իշխանությունները օրինապաշտ դառան, մի բան էլ ավելի լկտիացան դրա վառ ապացույցը անցյալ տարվա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազում կեղծիք-անօրինականությունններն էին: Ինչպիսի հույսեր ունենաք, որ 2007 թվականին ազգային ժողովի ընտրությունները այս հանցավոր իշխանությունները, իրոք կկազմակերպեն ազատ ու արդար:
- 2003 թ. աշխարհաքաղաքական վիճակը արմատապես տարբերվում էր 2006, առավել ևս 2007 թ.: Արդեն իսկ կարելի է շատ համարձակ կերպով ասել, որ միջազգային հանրությունը ի դեմս, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համոզվել են, որ այնպիսի խրթին հարց ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդիրը, ի զօրու են լուծել միայն և միայն քաղաքական այն գործիչները, քաղաքական այն ուժերը ովքեր կգան իշխանության արդար, ազատ ընտրությունների պայմաններում: Եվ համոզված կարող եմ ասել, որ գալիք ընտրությունները, կարող է արտահերթ լինի, անտարակույս լինելու են այդպիսին: Եթե անգամ իսկ այդքան չկարևորենք դրսի ուժերի միջամտությունը այդ հարցում, մասնավորապես, վերջերս կարող եմ ասել «Ազգային Միաբանության» կողմից, նույն Ալեքսան Կարապետյանի, Կորյուն Առաքելյանի կողմից համապատասխան առաջարկություններ են արվել և այդ առաջարկությունները կլինեն այն փորձաքարը, որով մենք իրապես կհամոզվենք իրոք ուզում են ազատ, արդար ընտրություններ իշխանությունները, թե ոչ: Բոլորը տեսագրվելու է և այս պայմաններում ես համոզված կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, որը քանիցս, ի դեմս իր ղեկավարների ասել է, որ շահագրգռված է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում արդարացի ընտրությունների անցկացման, կմիջամտի, որ համապատասխան սարք-սարքավորումները գնվեն: Ինչ վերաբերում է «Ազգային Միաբանություն կուսակցությանը», ապա համոզված կարող եմ ասել հետևյալ պարզ ճշմարտությունը. 2003 թ., մենք ցավով եմ ասում այսքան զորեղ չէինք տա, մենք այսքան տարածքային կուռ կազմակերպություններ չունեինք, ինչքան ունենք, մենք այսքան թրծված չէինք այն անցած ճանապարհով, որը մեզ շատ և շատ բան սովորեցրեց, որ ամենակարևորն է ասեց, որ այս իշխանությունները միայն և միայն հաշվի են նստում ուժի հետ, մենք էլ մեր հող ու ջրի վրա մեր ուժը ցույց կտանք համախմբված բոլորիդ հետ: (Ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Այդ ի՞նչ վերլուծության հիման վրա է հայտարարվում, որ հանրապետությունում աղքատության մակարդակը բնակչության 55%-ից իջել է 34%-ի …
- Լավ ընդունենք իջել է 34%: Չէի ուզում այդ թիվը ասել, Ադրբեջանի Հանրապետությունում 49%-ից իջել է 29%: Ուրիշ թիվ էլ բերեմ, ուրեմն պետական սոցիալ-տնտեսական զարգացման ռեգիոնների համար ծրագիր են արել, որի իրականացման արդյունքում նույն այդ հարևան երկրում 340 հազար աշխատատեղեր է ստեղծվելու առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Բա լավ ոնց կարելի է գլուխ գովալ, հպարտանալ, որ ամեն 3-ը թեկուզ իրենց գրածով կիսաքաղցած կյանքով է ապրում: Էն որ քառասուն քանիսից իջել է 33%, դա հո իրենց հունարը չի իրենց շնորհքը չի, բյուջեից 100-150 մլն դոլարից ավելի դրսից օգնություն է գալիս, միայն միլիարդ 200 միլիոն դոլար: Դա ֆիքսված օգնությունն է, եթե դա չլիներ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը սովամահ կլիներ: Բա ոնց կարելի է այս թվերով հպարտանալ, ոնց կարելի է գետինը չմտնել, բա լավ 98 թ. որ էդքան մեծ-մեծ խոսում էիք էս ենք անելու, էն ենք անելու, մենք էլ սխալվեցինք մի երկու ամիս հավատացինք, բա արեք ով է ձեզ խանգարում: Ասել եմ ու կասեմ ընդդիմությունն է ձեռքերդ բռնել, ընդդիմությունն է ձեզ խանգարում: Չեն կարող, որովհետև խճճվել են, իրենք կերել էին, հսկայակ մի բանակ զինվորագրեցին, որ կեղծ ընտրությունների արդյունքում գան իշխանության, եկան իշխանության, հիմա ով կեղծիքն արել է ինքն էլ է արդեն փոքր ծավալի թալան անում: Հլա թող փորձեն մեկի ձեռը բռնեն, է կասեն քեզ ադաթ է մեզ բեդաթ է: Այ դրա համար էլ հանցավոր աշխարհում “Круговая порука” կա, մեկին որ ուզում են իրանցից պոկ չկա ստիպում են, որ հանցագործություն կատարի: Հանցագործությունը կատարում է չեն պատժում, բայց օրը գա քթից են բերում: Ոնց քթից բերեցին, երբ կոպտորեն խախտելով սահմանադրական ընդունված նոր տարբերակը պարտադրեցին կոալիցիան, որ ձայնը տա մարդու իրավունքների այն պաշտպանին, որը այսօր ընտրվել է: Անձի դեմ ես ոչ մի բան չունեմ, ես երևույթն եմ ասում: Երբ նույն ազգային ժողովի ամբիոնից կանգնեցի ասացի այս իշխանությունների պարագայում, բացարձակապես նշանակություն չունի ինչ է լինելու, չէին հավատում: Տեսաք ոնց եկավ հատիկ-հատիկ ականջները ոլորեց, մեջներն էլ տղերք կան տեղն եկած տեղը դուխից են խոսում, իրենց անցած ուղուց են խոսում, դեմները խաղ չլինելու մասին են խոսում, եկավ սիրուն, չեմ հիշում որտեղից եկավ, Ռամբուեից երևի, եկավ սիրուն ականջները ոլորեց պիոների պես շարան-շարան գնացին, հլա պլյուս 8 ձայն էլ ավել բերեցին: Էս են սրանք: (Ծափահարություններ): Երբ այս բոլորի մասին հանկարծ բարձրաձայն ասում ես այ մարդ մեկ էլ տեսար մյուս օրը էսինչ շառ ու շուռեր են անում, ըհը Արբակ Խաչատրյանը դուսր է եկել, Գեղամյանի գործը բուրդ է: Արբակ Խաչատրյանին 2003 թ. իրենց դանոսների համար բռնեցին, ամեն ինչ արեցին, որ տղային տանեն բերդ մտցնեն: Հիմա ազատվել է, իհարկե շատ ավելի շուտ պետք է ազատվեր, հիմա ազատվել է իրենց սիրտը դող է ընկել, գցում են վրաս: Այ մարդ հանգստացեք, Արբակին կխնդրեմ, հիմա էլ կապի մեջ եմ, ձեզ ձեռք չի տա, ձեզ ժողովուրդը պետք է դատի, ոչ թե էն առանձին անհատները ում տարել, բերդերում փորձել եք փտացնել: Այ սա է իրական իրավիճակը: Այ մարդ կերածս, խմածս, դրանից հետո վերարտադրածս խոշորացույցով նայում են, գոնե իրականը գրեն, շառ են անում վրաս: Ես գնում եմ լողի, զանգ են տալիս անծանոթ ձայնով. խաշը համով էր: Հա համով էր: Եթե կարմիր խաչի բասեինում լողանալուց հետն էլ խաշ ենք կերել, ուրեմն տեսեք ինչ շնորհքով տղա եմ: Ինչի՞, որովհետև շարան-շարան շառ պետք է անեն, որ վաղը մյուս օրը ժողովրդի մոտ կասկածանք մտնի. այ մարդ ասեն չէ, էսքան որ գրում են, մի բան կա: Իսկ իրենք այստեղ անգնահատելի են, անգերազանցելի են: Ինչ են անում. մի թերթով շառը գրում են իրենք, հետո երեկոյան մամուլի տեսության սիրունադեմ աղջիկ լուրջ-լուրջ դեմքով կարդում է. ինչպես գրում է այսինչ թերթը Գեղամյանը սենց, Գեղամյանը ընեց: Այ մարդ, Գեղամյանը էս է: Ձեռները մի հատ շանս լիներ վաղուց կախել էին, չկա այդ շանսը: (Ծափահարություններ): Իհարկե չի էլ լինի: Բայց ճարահատյալ են անում, բա լավ սազում է այ մարդ, երկիրը այսքան հոգս ունի, այսքան խնդիր ունի, այսքան պրոբլեմ ունի, փոխանակ երկրի անվտանգության հարցերով զբաղվեն իրենց յուրայիններին կամ առանձին կաչաղակ թղթակիցներին ասում եմ «Ազգային Միաբանությունը» նոր ընտրվելիք ԱԺ-ում տեղի չի ունենա: Այ մարդ, դե չեղավ էլի: Եվ ասողներն էլ, Կենտրոնը գիտենք որտեղ է, ակամայից դու էլ հիշում ես արդեն երևանյան մի պատմություն. բոլորից շատ կույս են ձևանում այն կանայք, արդեն քարտուացած, որոնք անչափահաս հասակում հոժարակամ են կուսությունը կորցրել, այնպես էլ այս իշխանական քաղաքական գործիչները: (Ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Հանրապետությունում անտառային խտությունը 11,2-ից հասել է 3,4 խտության, առավել օրհասական է վիճակը մայրաքաղաքում՝ Երևանում և նրա շրջակայքում: Անխնա ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել Երևանի կանաչ տարածքները, շրջակա անտառները: Երևանի կենտրոնը բնութագրվում է որպես էկոլոգիապես աղետալի: Ի՞նչ հետևանքներ կարող է այս ամենը թողնել մայրաքաղաքի բնակիչների վրա:
- Էս հարցը ինձ համար առավել ցավոտ է, որովհետև ակամայից մտքով վերադառնում եմ իմ մանկության տարիները, երբ դեռ երեխա հասակում բոլորս գնում էինք Մանումենտի փեշերին խիտ այգի էր, այնտեղ թուզի պես կանաչ, բայց ոչ սնդարար ինչ որ ուտելու չէ թունավոր բույսեր կային ասում էին լորտուներն ու օձերն են: Անտառ էր լրիվ այս մեր Նորքի ամբողջ փեշերը ամբողջությամբ անտառ էր: նաբերեժնին ամբողջությամբ անտառ էր: Է հա, կծառահատեն, բա եթե առանց անհարմար զգալու բռնում Հաղթանակի զբոսայգում, որը մեծագույն իմաստ ունի, այն է այդ այգին հիմնվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, այնտեղ ամեն մի այգի ամեն մի ծնող իր ծառութուփն է ունեցել, որը գնացել արցունքով է ջրել: Բա դու կանգնում ասում ես այստեղ ամայի տարածություն էր Գոլդեն Փալաս ես կառուցում: Բա եթե ամենաբարձր իշխանություններին հովանու ներքո անտառը հատեն, ծառը հատեն տեղը Գոլդեն Փալաս կառուցեն Երևանն էլ կլինի այս վիճակում: Երևանն էլ կլինի այն ողբերգական վիճակում երեկ մի փոքր քամի արեց, մեկ մետրի վրա մարդուն չէիր տեսնի, մի մետրի վրա փոշի անասելի չկան թոքերը: Է դրանց համար ինչ թոքերը կան չկան, մի մասն էլ նարկոման է, քթով պառաշոկ է շնչում ոչ էլ զգում են, որովհետև ջիպերից դուրս չեն գալիս: Իսկ էդ սեսմակայնության հետ կապված ես հիշում եմ 90-ական թվականը, երբ մենք ուզում էինք օպերամերձ հրապարակը, էն ճանապարհային հանգուցալուծումը, որ տրված է այն է Սայաթ Նովա Բաղրամյան Մաշոտցի Պողոտա և Մոսկովյան, անվանակոչել Անդրեյ Սախարովի անունով, որովհետև Սախարովը շատ հետաքրքիր մի հայտարությամբ էր հանդես եկել, ուր ուղղակի ասել էր հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար ամբիցիայի հարց է, ամբիցիայի խնդիր է: Լեռնային ղարաբաղի հարցը բախտորոշ է Թուրքիայի համար: Թվում է, թե ինչ կապ ունի որ Թուրքիայի համար է ասում, որովհետև դա արգելք է պանթուրանիզմի տարաշմանը դեպ Խաղաղ օվկիանոս: Անգամ այս պարագայում մեր ճարտարապետները, մեր մտավորականները շատ լուրջ հանդիմանեցին ինձ, այն ժամանակ քաղաքապետն էի, որ չի կարելի այդ հրապարակը, որտեղ Կոմիտասն է կոչել հա շատ պատվավոր մարդու՝ Սախարովի անունով: Թող այդպես մնա: Եվ հետո Մեշադի Ազիզբեկովի հրապարակը վերանվանեցինք Անդրեյ Սախարովի հրապարակ: Բա հիմա ուր են, ինչի են լռում: Ինչի չեն ուզում հիշեն Էլեոնորա Ռուզվելդի խոսքերը, ինչու չեն ուզում հիշել Մախատմա Գանդիի խոսքերը, որ դրանով վիրավորում են իրենց յուրաքանչյուրին, որովհետև իրենք էին հեղինակը նույն այն կոթողների, որոնք քանդում էին, որոնց օգտագործումը գտան շենքը քանդելուց առաջ սահմանադրական փոփոխություններին «Այո» գրեցին, խոսքս Երիտասարդական պալատի մասին է: Եվ բացարձակ համեստություն չունեն: Բացարձակ համեստություն չունեն, որովհետև գիտակցում են հատուցման պահը եկել է: Չեք տեսնում մամուլով ինչ խաղեր են տալիս սիրուն կերպով: Լինելով նույն մարդը Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սաղ դաշտն են իրար դեմ հանում, իբր մեկը Սերժի կողմնակիցն է, մյուսը Ռոբերտի կողմնակիցը: Սրանք էլ կուտը ուտում են, բացահայտում են հետո եկուսն էլ սկսում են շանտաժով վերացնել քաղաքական ասպարեզից: Համաստեություն ասածը չունեն: Երկուսն էլ ցավոք սրտի, հյուրի վիճակով եկան այստեղ, մինչև վերջ էլ ոչ միայն հյուր մնացին, այլ մնացին մարդ ով տան եղած չեղածը տանում է դուրս մեքսիկների համար, սևամորթների համար Կալիֆորնիայում տուն է սարքում: Էս է սրանց դիմանկարը: Սախարովին ասացի Եգուդի Մենուխինին հիշեցի: Եգուդի Մենյուխինին հիշեցի ու սրա հետ մի հետաքրքիր պատմություն: Էն որ մի քիչ լիցքաթափվենք: Ուրեմն երկուսով Դավիդ Օեստրախն ու Եգուդի Մենյուխինը աշխարհահռչակ ջութակահարներ, երկուսով նույն համերգում պետք է ելույթ ունենան: Երկուսն էլ մեկը մյուսին չի զիջում, անգամ մեր հարգարժան Արամ Լևոնիչը, որը երաժշտագետ է կդժվարանա ասել Մենյուխինն էր ավելի կատարյալ ջութակահար, թե Դավիդ Օեստրախը: Երկու ջութակահարաներն էլ երկրորդ ջութակի պարտյան են նվագում, որովհետև, ոնց ասեմ, այդքան տաղանդավոր, այդքան մեծ են: Այ մարդ սրանք իրար հրելով, ամեն մեկը մի բան չարած ուզում է ցույց տա մեծ գործ է արել, որովհետև կյանքում ոչ տաղանդ ունեն, ոչ գիրք են կարդացել, արածները շառ ու շուռ անելն է, այստեղ ոչ մեկը հետները քայլ չգցի, կատարյալ են, կամ էլ իրար դեմ խառնելը: (Ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Անամոթաբար հարցնում են, թե աղետի գոտին դարձել է զարգացման գոտի: 4000-ից ավելի ընտանիքներ դեռևս անօթևան են, նրանց մի մասն էլ ստիպված լքել են Գյումրին: Որ նայեք փողոցների վիճակին, թեկուզ շրջեք շուկայի շրջակայքում ինքներդ կզգաք զարգացման գոտում եք հայտնվել, թե գավառական խեղճ միջավայրում: Մինչև երբ է այս աղքատությունը շարունակվելու:
- Ուրեմն, հասարակ թվեր և օրինակներ բերեմ հիմա: Այս շինարարական բումը, որ կա, մասնավորապես Երևանի կենտրոնում, ընդամենը 24 ժամ է պետք, որ բոլոր խախտումները ի հայտ բերեն, նույն Գոլդեն Փալասի, մի անգամ ասացի, դե թող տեր կանգնեն: Այ մարդ այդ շենքը սարքողների, մի հատ նայեք, սոցիալական հիմնադրամին գոնե մի քոռ լումա մուծել են թե ոչ: Հլա մի հատ նայեք, այդ պատը, որ շարել են էդ շինանյութը, որ օգտագործել են հլա նայեք էդ շինանյութի ավելացած արժեքի հարկը մուծվել է թե ոչ: Եվ այդպես ցանկացած շենք հիմա, որ բերես միլիոններ կլինի, ասում են փող չկա: Ոնց չկա, ինչքան ասես փող կա: Այդ հարցի մասին հայտարարության մեջ Կորյուն Առաքելյանը ուղակի ասաց, միայն աղետի գոտում՝ Գյումրիում, 4000 մարդ կա կարիքավոր: Բա լավ 3 տարի առաջ աղետի գոտի հասկացողությունը խոստացել էր մինչև նախագահական ընտրությունները, որ չի լինելու: Բա տեր կանգնի խոսքիդ: Ռուսական ցարական բանակում ամենամեծ կշտամբանքի արժանանում էր, այն որ հանկարծ սպան խոսքը չի կատարում: Երբ սպան խոսքը չէր կատարում, էլ չէր սպասում, որ ընկերը զենքը տ,ա, ինքնասպան էր լինում: Այ մարդ, ինքնասպան մի եղիր, թոռ ունես, Աստված իրեն երկար տարիների կյանք տա, բայց թասիբ նամուս ունեցիր, ղարաբաղցու թասիբդ ըտեղ օգտագործի: Մի ամբողջ ազգ չի ընդունում քեզ, նամուսով պատվով հեռացիր: (Ծափահարություններ):
Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Ազգային Ակադեմիայի մասին ի՞նչ կասեք:
- Ուրեմն Հայաստանի Ազգային Ակադեմիայի հետ կապված հարցը: Գիտեք Ազգային Ակադեմիան, մեր երաժշտանոցը՝ Կոնսերվատորիան, Օպերային թատրոնը թերևս այն, փարոս ասեմ, այն անգնահատելի արժեքներն էին, որ մեր ազգը ասես թե քաղաքակիրթ աշխարհին նորովի էին ներակայացնում: Ազգային Ակադեմիայի հետ կապված խնդիրները առաջ քաշելուց առաջ մի հատ հլա մենք իրենց հարց տանք. Իշխանություններ Հայաստանի հեռանկարային զարգացման հայեցակարգը որն է, ինչպիսին եք դուք ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը 2020 թ. և այդպիսին դառնալու համար դուք Հայաստանի գիտության առաջ ինչ խնդիրներ եք դնում: Կախվել են Հայաստանի ազգային Ակադեմիայից: Այ մարդ երկիրը պատերազմական վիճակում է, Ազգային անվտանգության հայեցակարգ չկա, մի հատ լուրջ քննարկում դրա մասին չարեցին ու չասեցին: Հիմա նոր նոր են ինչն որ ուղենիշներ մեջտեղ բերել, հրապարակ բերել: Ինչ խնդիր եք դրել ազգային Ակադեմիայի համար, կառավարության որ որոշմամբ, նախագահի որ հրամանագրով, ինչ լուծումներ եք առաջարկել, որ չեն կատարել: Ես մասնգիտորեն չեմ կարող վերլուծել լավ է թե վատ, ես սկզբունքն ու մոտեցումն եմ ասում: Սովորաբար վատ են գնահատում այն աշխատանքը, որի հանձարարությունը դու տվել ես, բայց չեն կատարել: Ո՞ւր է ասեք հատիկ-հատիկ, այ հեռանկարային այս-այս հարցերը առաջարկել էինք Ակադեմիայի առաջ, որ գիտությանը, կրթությանը հասանելիք գումարը օրենքով նախատեսված մինչև վերջին լուման տվել էինք: Բացարձակ չեն ասի երբեք, է կրկին ուշադրությունեը շեղելու խնդիր է, կրկին մարդկանց իրար դեմ հանելու խնդիր է, որովհետև պառակտված գիտական համաստեղությունը որ կա Հայաստանում երբեք ու երբեք արդեն ժամանակ չի ունենա երկրի արատների մասին խոսելու, որովհետև իրենք կմտածեն Ֆադեյ Տաճատիչին հանում են թե չեն հանում: Կմտածեն տեղը ով է գալու: Կմտածեն հիմա ինչ բանսարկություն անենք: Այ մարդ հանգիստ թողեք էդ մարդկանց: Էդ մարդկանց օգնեք հետո պահանջեք: Բա այդ Ակադեմիայի հարցը բարձրացնողը մի հատ ինքը չի մտածում, որ ցանկացած լուրջ հասարակարգում կգնար կնստեր մեղադրյալի ամբաստանյալի աթոռին: Հարցերք ինչու պատասխանեմ, որովհետև խախտել են օրենքը, Հայաստանի Հանրապետության բյուջեի մասին օրենքը 2004 թ. էլ, 2005 թ. էլ: Հիմա մեր լրագրողներն ինձ կհիշեցնեն, 3% պետք է տան չէ՞ գիտությանը, է երբ են տվել: Միլիարդներով չեն տալիս: Էս մարդիկ իրենց հին կապերով, իրենց շնորհքով կարողանում են գնալ այստեղից այնտեղից գրանտներ են հայթայթում, բերում, որ շնչեն այս գիտական կազմակերպությունները: Փոխարենը ինչ են անում, ուշադրությունը շեղելու միջոց է: Իսկ Ակադեմիայի խնդիրները, ճիշտ կլինի ակադեմիկոսներին հնարավորություն ընձեռեն իրենք առանց կաշկանդվելու, տարիների ընթացքում կուտակված հոգսի, ցավի մասին խոսեն: Խոսեն այն մասին, թե ինչպես են գիտական ինստիտուտները կազմալուծվում ինչ է թե շենքերը կենտրոնում են գտնվում, որ հետո շան մսի գնով սեփականաշնորհեն:
Սիրելի ժողովուրդ, այդ հմտությունների 7-ից 2-3ը ասացի, բայց մի շատ հետաքրքիր հմտություն կա, որի մասին առանձահատուկ է գրում Սթիվեն Կովին: Որն է դա: Դա սիներգիայի հմտությունն է: Այսինքն դա եզակի մի իրավիճակ է, երբ վերջնական արդյունքը շատ ավելի մեծ է, քան գումարելիների արդյունքը: Ասածս նա է, որ եթե մեր ժողովուրդը համախմբվի չնայելով հետևում է կանգնած այս կամ այն զանգվածը, լինի դա Հանրապետական, Դաշնակցական, լին դա «Ազգային Մաիաբնություն», թե «Օրինաց երկիր» մեր հավաքական ուժը շատ ավելի զորեղ կլինի, քան այն 3 միլիոն մարդկանց պոտենցիալ ուժը, որը վիճակագրական շառայություններով եմ ասում և այդ ժամանակ երբ ազգը համախմբված լինի, համոզված կարող եմ ասել և ոչ մի ազերի լեզուն չի պտտվի խոսել պատերազմի մասին, իսկ եթե խոսեց նույն օրը պարտության կմատնվի: Շնորհակալություն: (Ծափահարություններ):
Սիրելի ժողովուրդ ես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, հարցեր ոնց որ չկային: Ասում են 30 հատ էլ կա, ձևը կգտնենք, մամուլի միջոցով անպայման կփորձենք Ձեզ իրազեկել մեր մոտեցումների մասին: Համոզված կարող եմ ասել մի բան: Հազարամյակների պատմություն ունեցող ազգ, ազգ, որը կարողացել էր 21-րդ դար հասնել մի քանի ապիկարի, մի քանի բախտախնդրի կառավարման արդյունքում, համոզված եղեք չի վերանա 21-րդ դարի քաղաքական քարտեզից: Յուրաքանչյուրդ ձեր օջախում կլինի, կլինի ձեր բակում, էս էլ Արշակ Սադոյանի մոտեցումն է, անպայմանորեն ասեք, որ կա ժողովրդի հավաքական կամք, որ ժողովրդի հավաքական կամքը կենտրոնացված է «Ազգային Միաբանություն կուսակցությունում», որը հաղթանակի կուսակցություն է: Շնորհակալություն բոլորիցդ: (Բուռն, երկարատև ծափահարություններ):
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
09.03.2005
Սիրելի՛ ժողովուրդ, կոնֆերանսի պատվիրակներ են ընտրվել 617 մարդ, բայց, ինչպես տեսնում եք, եռակի ավելի մարդ է եկել ներկա լինելու մեր աշխատանքներին: Ով ոտքի վրա է հարկադրված լինելու մասնակիցը դառնալ համաժողովին, նրանցից խոնարհաբար ներողություն եմ խնդրում:
Սիրելի՛ ժողովուրդ, «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և «Ազգային Միաբանություն կուսակցության» խնդիրները» հարցը դարձել է օրակարգային, քանի որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը հայտնվել են ծայրաստիճան վտանգավոր զարգացումների նախաշեմին: Եվ ամենևին պետք չէ լինել Սողոմոն իմաստուն, որ գիտակցես այն վերահաս վտանգները, որոնք ծառացած են մեր ազգի, մեր ժողովրդի, հայության և հայոց պետականության առջև: Դրա ամենավառ ապացույցներն այն բոլոր հանդիպումներն ու քննարկումներն են, որոնց մասնակիցը դարձան «Ազգային Միաբանություն կուսակցության» Ազգային Ժողովի այն պատգամավորները, ովքեր ականատեսն են եղել թե՛ Եվրախորհրդում, թե՛ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, թե՛ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ծավալված քննարկումներին: Բնականաբար, ելույթ ունենալուց առաջ մտածում էի՝ լավ, ստեղծված իրավիճակը ո՞ր իրավիճակի հետ համեմատեմ, ի՞նչ զուգահեռներ անցկացնեմ, որն ընդունելի ու հասկանալի դառնա ոչ թե մեր ժողովրդի համար, ժողովուրդը բնազդով զգում է այդ վտանգները, այլ ըմբռնելի լինի իշխանությունների համար, ովքեր ինքնահանգստության թմբիրից մինչ օրս դուրս չեն եկել, ովքեր առիթը բաց չեն թողնում ասելու, որ տնտեսական աննախադեպ աճ կա, երկիրն էլ իր ապրուստով արդեն մոտենում է շվեյցարական կոնֆեդերացիային: Ասես թե այս մարդիկ Հայաստան աշխարհի հետ բացարձակապես և ոչ մի առնչություն չունեն: Իրողություն, որը մեզ համար պարզ ու հասկանալի էր դեռ տարիներ առաջ: Այդ մարդկանց պորտալարը հայոց հողի հետ և ոչ մի առնչություն չունի: Կրկնում եմ, հայոց հողի հետ՝ Արցախը ներառյալ…
Եվ ակամայից մտորումները տանում-հասցնում են 1915 թ., Եղեռնի զարհուրելի օրերը, որի 90-ամյա տարելիցը ձեզ հետ այս տարի պետք է նշենք: Հիշում ես մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որը տեղ ու դադար չուներ, անքուն գիշերներ էր անցկացնում, Թիֆլիսից գնում էր Ալաշկերտ, Արդահան, գնում էր Սարիղամիշ, որբուկ մանչուկներին հավաքում, Իգդիրի վրայով բերում Էջմիածին, տեր կանգնում նրանց: Կինը՝ Օլգան, նամակ էր գրում Հովհաննեսին՝ տրտնջում, ասելով. 4-5 տարեկան որբուկներին տեր ես կանգնել, չէ՞ որ քո տղաները 18-19 տարեկան են և տասը երեխայի հայր ես: Քո որդուն, ավագին՝ Համլիկին, տանում են ռազմաճակատ, որովհետև ուսման վարձը չի կարողացել տալ, իսկ դու օտարի երեխային ես տեր կանգնում: Այդ դժնդակ օրերին ամենուր համաճարակ էր՝ տիֆ էր, խոլերա էր, տրախոմա էր, դիզինտերիա էր, դիակները չէին հասցնում հողին հանձնել, ջրերն էլ վարակված էին: Մեծ բանաստեղծը ջրկիրների հետ կում-կում երեխաներին ջուր էր տանում: Ո՞ւր է և ո՞վ է այսօր այդ բանաստեղծը, չէ՞ որ վտանգված է մեր ազգը: Ունենք բարոյականությունը բարձր պահած մի կին՝ Սիլվա Կապուտիկյան, որի ծննդյան 85-ամյակը այդպես էլ պետականորեն չնշեցին: Ո՞վ է այն Թումանյանը, որ վաղը մյուս օրը վերահաս վտանգի ժամանակ կոչով դիմի ժողովրդին, վերջինս էլ անսա նրան, իմանա, որ այդ կոչի հետևում ոչ թե սեփական երեխաների բարեկեցությունն ապահովելու տենչանքն ու ցանկությունն է, այլ ժողովրդին ամոքելու, ժողովրդին փրկելու, ճիշտ ճանապարհը ցույց տալու մղումը… Եվ պատահական չէ, որ ակամայից մտաբերում ես բարոյալքության այն դրսևորումները, որոնք հետագայում բերեցին ավելի մեծ բարոյալքության: Արդեն իսկ Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թ. խռովության ժամանակ, փետրվար ամսին, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է դիմում օգնության համար: Դիմում է Մուստաֆա Քեմալին՝ ասում է, զորքերդ բեր իշխանությունս պահեմ…
Ինչո՞ւ եմ պատմական այս զուգահեռները տանում, որովհետև այսօր ազգը պառակտված է: Պառակտել են ոչ թե ժողովրդին, այլ ժողովրդի երբեմնի ընտրանուն: Ազգի մտավորականությանը տարան Ազգային ակադեմիայի դահլիճ, ստիպեցին, պարտադրեցին, որ երդվեն հավատարմության մեջ առ պարոն Քոչարյանը, ասեն, որ խելքներն իրենցը չի, ուզում են հենց նա դառնա երկրի նախագահը: Կարիքից կքված, հարկադրված, ստիպված էին դա անել մեր ազգի երևելիները: Իսկ այնտեղ կային բոլորիս համար դեռ մինչ այդ օրերն ընդունելի մարդիկ, հայի անունը բարձր պահող, բարոյական բարձր չափանիշներ ունեցող մարդիկ: Ո՞ւր են այժմ նրանք, չկան, անգամ իսկ անհարմար են զգում փողոց դուրս գալ, որովհետև հայ մարդը՝ պարկեշտ լինելով, խոհեմ լինելով, կարող է երեսներին չթքել, բայց գլուխը հաստատ կթեքի:
Եվ, ահա, այստեղ է, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը»՝ կրելով այդ անունը, պարտավոր է, այո՛, պարտավոր է, փնտրել միաբանության այն եզրերը, որոնք կհամախմբեն ժողովրդին, ուժ, վճռականություն և կամք կհաղորդեն նրան՝ վերահաս վտանգները դիմակայելու, դիմագրավելու համար: Եվ մեր այս կեցվածքը, չգիտես ինչու, խանդ է առաջացնում մեր գործընկերների մոտ, և թշնամանք՝ հին ու նոր իշխանավորների շրջանում: Երկու տարվա ընթացքում հազիվ կարողացանք ինֆորմացիոն շրջափակումը ճեղքել և երկու օր առաջ վերջապես ուղիղ եթեր տվեցին: Այն էլ հարկադրված էին գնալ այդ քայլին այն պարզ պատճառով, որովհետև Ստրասբուրգում հնչած իմ ելույթներն այլևս լռեցնել չէին կարող, և ոչ մեկի համար հասկանալի ու պարզ չէր դառնա՝ պատճառն ի՞նչ է: Եվ այդ ընթացքում անամոթաբար ասում են՝ Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն չկա, Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր քաղաքական ուժ չկա: Դե եկեք ու նայեք, աչքերդ էլ կպնի, կա, թե՞ չկա: (Բուռն ծափահարություններ):
Բնականաբար, այսօր իշխանություններին փնովելու ժամանակը չէ, տեղից վարկաբեկված են. մի երկու նախշ ավել, մի երկու նախշ պակաս, մեկ է՝ սատանան հրեշտակի տեղ չի կարող անցնել: Ուստի, եկեք հասկանանք, գիտակցենք՝ տնտեսապես և սոցիալապես ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, արդյոք այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհները տեսանելի՞ են իշխանությունների համար և կա՞ն արդյոք դրանք: Իհարկե, կան: Հենց վերջերս՝ 3 օր առաջ, լույս տեսավ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկագիրքը: Պարզ է, նույն օրը փորձեցի խորին վերլուծության ենթարկել այնտեղ նշված փաստերն ու թվերը: Եվ ի՞նչ եք կարծում՝ ավելի ողբալի վիճակ, քան այսօր Հայաստանում է նկարագրել հնարավոր չէ: Մի քանի թվերով ու փաստերով հիմնավորեմ ասածս, որ վաղը, մյուս օրը հանկարծ, ավա՜ղ, շատ ազնիվ լրագրողներ ստիպված չլինեն իրենց տերերի կողմից թելադրված՝ հարկադրաբար գրելու և ասելու, որ Գեղամյանը մերկապարանոց հայտարարություններ արեց: Ահա, այսպես, անցյալ տարի 700 աշխատատեղեր են կրճատվել Հայաստանի Հանրապետությունում: Թվերն էլ ասեմ, ուշադիր գրեք, որ վաղը, մյուս օրը շառ չանեք. 1 միլիոն 111 հազար 600 մարդ զբաղված է եղել 2003 թ., 1 միլիոն 110 հազար 900 մարդ՝ անցյալ տարի՝ 700-ով աշխատատեղերը կրճատվել են: Բայց խնդիրը դա չէ, գրում են, որ ոչ բյուջետային յուրաքանչյուր հիմնարկում աշխատողի միջին աշխատավարձը ամսական կտրվածքով կազմում է 54-ից 56 հազար դրամ: Մինչդեռ ոչ բյուջետային ոլորտում աշխատում են ընդամենը 890 հազար 900 մարդ, որոնք իրենցից բացի պետք է կերակրեն 2 միլիոն 300 հազար մարդու: Այսինքն՝ 2 աշխատող ապահովում են 5 հոգու ապրուստ: Եթե անգամ իսկ այդ գումարը կարողանանք հավասարաչափ բաշխել ազգաբնակչության միջև, յուրաքանչյուրին ամսական բաժին է ընկնում 21 հազար դրամ: Դա էլ այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը 28 հազար է: Բայց մենք գիտենք չէ՞, որ հավասար չի բաշխվում: Մի ամբողջ ազգ սովի է մատնված, մի ամբողջ ազգ թերսնված է: Երբ կարմրուկի, վարակիչ մյուս սուր հիվանդությունների վտանգավոր աճի մասին հայտարարեցի խորհրդարանական 3 րոպեանոց հնարավոր հեռուստաեթերով, ի՞նչ եք կարծում, վիճակագրական ծառայության պաշտոնական տարեկան տեղեկագրքից այդ տվյալներն արդեն հանել են: Փոխանակ հիվանդին դարմանեն, հիվանդին բուժեն՝ տողերն են հանել:
Մի ամբողջ ազգ թերսնված լինելու պայմաններում ի՞նչ են անում իշխանությունները: Իշխանություններն իրենց լրատվամիջոցներով դիմում են մեզ՝ ընդդիմությանը, ասում են, Դուք միայն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին եք քննադատում, ինչո՞ւ չեք ասում՝ թալանը որտեղից է: Երեկ չէ առաջին օրը հեռուստատեսությամբ հուշեցի՝ որտեղից է : Արձագանք չկա, բայց չէ, որ հասցեներ տվեցի: Բա կանգնեք ասեք՝ կամ ես զրպարտիչ եմ, կամ գողին աշխատանքից անհապաղ հեռացրեք: Գողերին: Որպեսզի հանկարծ չստացվի, որ մեր իշխանավորները, որևէ մեկը պատճառաբանեն, որ այդ հաղորդումը չեն լսել, բարեբախտաբար, այստեղ ամենատարբեր հեռուստաալիքներից լրագրողներ կան, թվային որոշ փաստեր հիմա էլ ներկայացնեմ բոլորիդ դատին և ուշադրությանը: Ուրեմն, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ, 2003 թ. ցորենի ռեսուրսը 151 հազար տոննայով ավելի պակաս է եղել Հայաստանում, քան 2004 թվականին: Մոտավորապես ճիշտ այդքան ավելի պակաս է եղել ցորենի ռեսուրսը 2002 թվականից նույնպես: Բա էդ ո՞նց է ստացվում: Ստացվում է շատ պարզ, որովհետև մաքսային կետերում այդ խմբաքանակները չեն գրանցվում: Իսկ 151 հազար տոննան, սիրելի ժողովուրդ, երեք հազար վագոն է, մեկը չի, երկուսը չի, որ արանքում պլստացնեն: Երեք հազար վագոն ո՞ւր է գնացել: Ամեն տոննայից պարտավոր էին 22% ավելացված արժեքի հարկ մուծեին, 10% էլ՝ մաքսային տուրք, այսինքն՝ 32% գանձվեր բյուջե: 140 դոլար էլ մեկ տոննայի արժեքն է՝ հստատագրված: Տասնյակ միլիոններ գրպանվել են: Այդ ինչո՞ւ 2003 թվականին գրպանվեցին, որովհետև ճիշտ 2 տարի առաջ՝ հենց այս նույն օրը՝ փետրվարի 19-ին, նախագահական ընտրություններ էր: Բա տղերքը փող են ծախսել չէ՞, կաշառել են չէ՞ մեր, ցավոք սրտի, խեղճ ու կրակության գիրկը նետված տասնյակ հազարավոր մարդկանց: Փողեր են չէ՞ բաժանել ընտրական հանձնաժողովին, բա պետք է հետ բերեն չէ՞ տղերքը:
Մի քանի օր առաջ պարոն Քոչարյանը հանդիպեց հարկային ծառայության պետի հետ: Նշվեց, որ 2005 թ. հունվար ամսին բյուջեն հավելյալ 2 միլիարդ դրամ է մուտքագրվել, սոցիալական ապահովության հիմնադրամ հավելյալ 1 միլիարդ 100 միլիոն դրամ՝ 2004 թ. հունվար ամսվա համեմատ: Է, մենք էլ գիտենք՝ նոր հարկատուներ չեն գոյացել, աշխատատեղերն էլ, ասացի, դեռ 700-ով պակասել են: Որտեղի՞ց այդ փողերը: Թալանը մի քիչ կտրեցին, որովհետև տեսան՝ թալանի գլխում կանգնածների հետ ոնց է վարվում ժողովուրդը Վրաստանում և Ուկրաինայում, վախեցան: Ախորժակները մի փոքր սահմանափակեցին, համ էլ հիվանդություն ստանալու վտանգը կար՝ արդեն սրտի յուղակալում կարող է ստանային այդքան ուտելու պայմաններում: Այ, սա է ճշմարտությունը: Եվ եթե տարրական թվաբանության հիմքերին տիրապետում են, իսկ տղերքը գումարել ու բազմապատկել գիտեն (անօրեն դիզած հարստությունը վկա), հանել ու բաժանել չգիտեն, ապա պետք է քաջատեղյակ լինեն, որ միայն այս պարագայում տարեկան կտրվածքով 70 միլիոն դոլարին համարժեք գումար շրջանցել է Հայաստանի Հանրապետության բյուջեն: 70 միլիոն դոլարի հետ խա՞ղ ենք անում: Հետո էլ ասում ենք, չհասկացա՞նք, այս ոնց է, որ դոլարի փոխարժեքը Հայաստանում ընկնում է, մինչդեռ եվրոյի նկատմամբ աճում: Անշուշտ, այդ 70 միլիոն չհաշվարկված գումարը տղերքը հո դրամով ադեի բալիշի տակ չեն դնում պահում, չէ՞: Դոլարի են վերածում, Հայաստանից դուրս հանում: 70 միլիոն դոլար: Տասնյակ միլիոններ էլ, ասացի, գրպանվում է ցորենի հետ կապված: Է, հիմա, էլի եմ դիմում Ձեզ՝ լրագրողներ, ասածս տեսագրեք, հեռուստատեսությամբ էլ ցույց տվեք, պրն Քոչարյանն էլ թող տեսնի. եթե ի զօրու է հիմա պայքար ծավալել համատարած կոռուպցիայի դեմ, գնանք կողքը կանգնենք՝ միայն կաշառակեր գողերին բռնենք, թալանչիներին դնենք համաժողովրդական դատի, որ մնացած բոլորի համար խրատ լինի՝ ինչ է նշանակում թերսնված 3 միլիոն ժողովրդին կողոպուտի ենթարկել: Թերթերին էլ՝ ասացի հասցեները, բա մի հետաքրքրվեք, ցորենը կա՞րող է Գեղամյանը, Կարապետյանը, Առաքելյանն են ներկրում Հայաստան կամ Մուրադխանյան Սաքոն՝ իր քաղաքային ակտիվով, կամ էլ ընդդիմադիր մյուս դաշտի մեր գործընկերները: Իհարկե, ոչ: Դե թող ընդդիմադիրներից մեկը փորձի բիզնեսով զբաղվի՝ տեսեք գլխին ինչ օյիններ կբերեն: Ի՞նչ, կարծում եք մոռացել ենք, թե ինչպիսի զարհուրելի հաշվեհարդար տեսան մեր անվանի բիզնեսմենների նկատմամբ: Մտաբերենք երջանկահիշատակ Վանիկ Թորոսյանին, Դիոնիս Մարգարյանին՝ դաժանաբար սպանված Հայաստանից դուրս, բայց, անկասկած, հայաստանյան պատվերով: Հիշենք Ռաֆիկ Շահմուրադյանին, որը վերջերս դարձյալ սպանվեց Հայաստանից դուրս՝ հայաստանյան պատվերով: Նրանք բոլորն էլ ազնիվ բիզնեսով էին զբաղվում, իրենց «կտուր» կոչեցյալն էր մենք էինք, ժողովուրդն էր և ոչ թե բարձրաստիճան առանձին չինովնիկներ կամ նրանց քաղաքական սազանդարները: Հրաշքով մազապուրծ եղավ անվանի ձեռներեց, «Լևոն Մարկոս» ֆիրմայի տնօրեն Լևոն Գրիգորի Հովհաննիսյանը: 17 միլիոն դոլարի չափով «քցեցին» մարդուն: Հետո էլ գրասենյակի վրա գրանատամյոտով կրակեցին: 17 միլիոն օրը ցերեկով: Մաքուր հայ մարդ է, արդարության հասնելու հույսը դեռ չի կորցրել՝ պրեզիդենտին բաց նամակներ է գրում: Էլ ինչ շառ, շուռ ասես չկպցրեցին մարդուն: Է, եթե այդքան շառ ու շուռ եք անում, պարոնայք իշխանավորներ, իսկ այդ ո՞նց է նրա բիզնեսը Ռուսաստանում ծաղկում: Իսկ ի՞նչպես է ծաղկում մեր մյուս հայրենակիցների բիզնեսը, նրանց բոլորի անունները հատիկ-հատիկ կարող եմ տալ, բայց այստեղից այնտեղ կարող է իրենց վնասեն: Այնուամենայնիվ, մի երկուսինը նշեմ, որ չասեն՝ էդ ինչո՞ւ է միայն Լևոն Մարկոսինը տալիս: Կրասնոյարսկում, Խաբարովսկում՝ Ալեքսանդր Միկոյանը, փառահեղ բիզնեսմեն է: Առիթ է եղել հարցրել, հետաքրքրվել եմ, լավ, տղերք, այս ո՞նց հասկանանք, ինչո՞ւ չեք գալիս, չեք շենացնում մեր հայրենի ոստանը: Ասում են՝ Լյովայի գլխին բերածը բոլորիս դաս եղավ: Նույնն ասում են Կալինինգրադի մեր ընկերները: Նույնն ասում են Արևմտյան Եվրոպայի երկրներում հայ ձեռներեցները: Է, որովհետև նրանք սովոր են բնականոն զարգացող բիզնեսի, որովհետև սովոր են պաշտպանված լինել ոչ թե զանազան «կռիշաներով», որոնց երբ գործից հանում են, իրենց հովանու ներքո գտնվող ձեռներեցների սպանությունն անհապաղ տեղի է ունենում, այլ սովոր են պաշտպանված լինել օրենքով:
Այնուհետև, բոլորս գիտենք, երկրում տնտեսական ահավոր հիվանդություններ կան. բերեմ հետևյալ խոսուն փաստը: Անցյալ տարի, համաձայն դատական որոշումների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և սոցիալական ապահովության հիմնադրամ պետք է բռնագանձվեր 37 միլիարդ դրամ, այնինչ գանձվել է ընդամենը լուրջ 6 միլիարդ դրամ: 31 միլիարդ դրամը, որը պետությանն էր, որը թոշակառուներինն էր, 520 հազար թոշակառուներինը, չի գանձվել: Համատարած չի գանձվում: Արդյունքում՝ ի՞նչ. ով, ժողովրդական լեզվով ասած, պետական «թավանի» տակ է, հարկադրված է փակել իր բիզնեսը կամ էլ մտածում է ոնց անի այն դուրս բերի Հայաստանի Հանրապետությունից: Իսկ առավել համարձակները մտածում են, ինչպես անեն, որ կարողանան բիզնեսը պահպանելով՝ սեփական դեմքը չկորցնեն, որովհետև եթե իշխանավորների ստրուկն ես՝ ճանապարհ ունես, եթե իրենց ստրուկը չես՝ բացարձակապես հույսդ կտրի, որ Հայաստանում կարող ես ձեռներեցությամբ զբաղվել:
Ահա, այսպես, բյուջե չմուտքագրված 70 միլիոն դոլարը այնտեղ, տասնյակ միլիոններ բյուջեն շրջանցած ցորենի գործով գրպանված գումարներ, 31 միլիարդ չբռնագանձված միջոցներ, երբ այս բոլորը գումարում ենք, թիվ է անում: Բյուջեին համահավասար թիվ: Ահա սա է, որ ասում էինք՝ կարելի է բյուջեն կրկնապատկել, միայն թե թալանչիների առաջն առնենք: Հարցնում էին աղբյուրը որն է, ասում եմ աղբյուրը: Տե՛ր կանգնեք: Նեղն եք ընկել արդեն, վաղը, մյուս օրը դիմելու եք ժողովրդին, պաշտպան էլ չունեք Ձեր թիկունքին կանգնած, հարկադրված եք արդեն 19-րդ դարից տղա բերել Ձեզ պաշտպան, հեռուստաեթերով էլ ասում են՝ միաբանվեք իշխանությունների շուրջ: Հարցազրույցներ են տալիս, խրատներ անում… Այս ասածս էլ գրեք, ամեն թվի համար պատասխանատու եմ, ամեն ասածիս տերն եմ: Իհարկե, չեն անի: Իսկ կա՞ն վիճակը շտկելու ուրիշ ռեզերվներ: Բազմաթիվ են: Եվ, այսպես, կարելի է դրա մասին ժամերով խոսել: Բայց արդյոք դա իշխանավորներին հետաքրքրո՞ւմ է: Իհարկե, ոչ: Ինձ հուշեցին, ասացին. գիտես, իշխանություններին կրակն ես գցել ԱԼՄ-ի քո ելույթով: Հարցրի՝ ինչո՞ւ, նրանց համար, ի՞նչ է, դա պարզ չէր: Չէ, ասում են, կողոպտելով պետությանը, իրար էլ էին տղերքը «քցել»: «Քցվածները» չգիտեին, որ թվերն այդքան մեծ են: Այ, սա է վիճակը: (Ծափահարություններ):
Տնտեսական վերլուծություններով չծանրաբեռնեմ ձեզ, անդրադառնամ դրսից եկող վտանգներին: Բայց մինչ այդ, բերեմ մի քանի թիվ և փաստ, որ իմ հարցազրույցներում նշեցի, սակայն ցավով եմ ուզում ասել, որ և ոչ մի թերթ այդպես էլ չտպագրեց, մինչդեռ ես չէ որ խնդրել էի հարցազրույց ունենալ: Հունվարի 26-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, ելույթ ունեցավ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հաշվետու էր լինում եվրոպացիներին, թե իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ինչպիսի հաջողություններ և ինչպիսի դժվարություններ են եղել ու որոնք են դրանք: Մի քանի թիվ: Ուշադիր լսելով՝ գրում էի, ոմանք էլ նեղսրտեցին, հարցրեցին՝ Սահակաշվիլու ասածը ինչո՞ւ ես կոնսպեկտավորում: Վիրավորվել էին: Ես էլ ուսման ծարավ մարդ եմ, ասի, գրեմ էլի: Ուրեմն ի՞նչ եք կարծում. Վրաստանի Հանրապետության բյուջեն մինչև «Վարդերի հեղափոխություն» կազմել է 380 միլիոն դոլար: Մի տարվա ընթացքում, և ոչ մի նոր հզորություն շահագործման չհանձնելու պայմաններում, բյուջեն դարձել է 1 միլիարդ 780 միլիոն դոլար: Դե, թվերը համեմատեք: Եվրոպացիները հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց, ո՞րն էր հնարը, ո՞րն էր էդ կախարդական փայտիկը, ասա, էնտեղ էլի քամբախ երկրներ կան, լսեն, սովորեն, ականջներին էլ օղ անեն: Պատասխանեց՝ թալանն է կրճատվել: Սա է: Դե համեմատեք 380 միլիոնը 1 միլիարդ 780 միլիոնի հետ: Ավելին, անկախ հետազոտական փորձագիտական կենտրոնները հարցախույզ են արել. եթե մինչև «Վարդերի հեղափոխություն» իշխանություններին և հատկապես ոստիկանությանը Վրաստանի ազգաբնակչության 4-ից 5%-ն է վստահել, ապա մեկ տարվա ընթացքում արդեն իսկ 90%-ը վստահում է իր երկրի իշխանություններին, վստահում է իր երկրի ոստիկանությանը: Եվ այդ երկիրը, անշուշտ, կծաղկի, ինչքան էլ մենք ընդունենք, թե ոչ Վրաստանի այս կամ այն դրվածքն ու ներքին կյանքը, որովհետև մարդիկ չեն թալանում: Իսկ թալանը, այն էլ համատարած, գիտենք ինչ ողբերգական հետևանքների է հասցրել հենց մեր Հայաստանում: Հիմա Դուք ինքներդ ասեք, Դուք, ձեզանից յուրաքանչյուրը ձեռքը դնի սրտին, խղճին ու ասի՝ ո՞նց կարող է վստահի այն ոստիկանին, որը ապրիլի 12-ին ծեծուջարդի ենթարկեց անզեն հայ մարդուն: Կամ էլ՝ որի աչքի առաջ ապրիլի 5-ին, հենց ձեր իսկ, մեր բոլորի ուժերով, բոլորիս ջանքերով կազմակերպված հանրահավաքի ժամանակ, երբ խուժան սափրագլուխը ծեծի, ջարդի էր ենթարկում մեր համարձակ լրագրողներին և օպերատորներին, 250-300 ոստիկանների աչքի առաջ և նրանցից ոչ մեկը չարձագանքեց: Դրա պտուղները զգացինք սրանից 1 ամիս առաջ «ՏԷՑ-ի կռուգում», երբ ճիշտ այդ խուժանը, սափրագլուխը արդեն ավտոմատային կրակահերթերով մի քանիսի կյանքը խլեց: Դե արի ու այս ոստիկանությանը վստահի: Ո՞նց կվստահես: Ի՞նչ, անպայման պետք է իրար մեջ այդ ռազբոռկաները լինեին, մարդ սպանվեր, որ նոր հասկանայիք, թե ինչ է նշանակում, որ երբ ոստիկանի աչքի առաջ մարդ են ծեծում, մարդ են ջարդում ու նա չի արձագանքում, ապա դրա հետևանքները ինչպիսին կլինեն…
Արտաքին վտանգների մասին: Մեծ են այդ վտանգները, և տարիներ շարունակ առիթի դեպքում դրանց մասին ասել եմ, մինչև դանակը ոսկորին չհասավ այս մարդիկ բացարձակապես չհասկացան ու չգիտակցեցին որն է: Մեռա ասելով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան կառուցվող նավթի այդ խողովակաշարը քյալակ է բերելու մեր ժողովրդի գլխին, հոգնեցի ասելով, բացատրելով, որ եթե միլիարդների գումար են ներդնում Ադրբեջանում, հետո այդ գումար դնողը տեր է կանգնելու նրանց պայքարին, անկախ նրանից, որ անարդարացի պայքար է: Ասած ռուսի՝ “ծՌ Չ ջցո վՏչՏռ”: Բացարձակապես ոչ մեկի պետքը չէ: Հիմա գործը հասավ դիվանբաշուն, հիմա ականատեսն ենք, երբ երկուշաբթի օրվա «Նեզավիսիմայա գազետա»-ում Իլհամ Ալիևն արդեն լոթիաբար ասում էր. Հայաստանը մեզ համար ոչ հոգս է, ոչ էլ մտածմունքի առարկա, որովհետև այս տարի մենք ակնկալում ենք համախառն ներքին արդյունքի 15%-անոց աճ, էլ չեմ ասում, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմական բյուջեն երկու անգամ ավել է, քան Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն: Դե, պատկերացրեք, թե մի քանի տարի հետո ինչ է լինելու: Վստահ ու լկտի ասում է: Է, լավ, մինչև երբ իշխանավորների անխելքության զոհ պետք է դառնա քաջարի հայ ազատամարտիկը, մինչև երբ մեր իշխանությունների ընչաքաղցության հետևանքով ավերածություններ պետք է լինեն երկրում: Երբ այս ամենի մասին ասում ես, ճիշտ այն նույն մարդիկ, ովքեր պապանձվում են միջազգային ասպարեզում, երբ օրումեջ հնարավորություն ունեն ելույթ ունենալու, ասում են՝ Գեղամյանն Ադրբեջանի գովքն է անում: Բախտիցս էր երևի, որ Ստրասբուրգում ելույթներ ունեցա, թե չէ հիմա էլ շառ կանեին՝ մտածում է, բայց տեղն եկած ժամանակ չի ասում: Է, կասեն, նրանց լեզուն անոսկոր է: Դե թող մի օրինակ բերեն, ես չեմ ասել, դրա համար եմ ասում, մի օրինակ բերեն, որ միջազգային ամենաբարձր ամբիոններից ասվեր: Ասվեր, որ 1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականությունը գլխատվեց Կոստանդնուպոլսում: Թող ասվեր, որ 1896 թ. բրիտանական կայսրության վարչապետ Ռոբերտ Սոլսբերին ասաց՝ «Բրիտանական նավերը չեն կարող մագլցել Արարատ լեռը և հայկական լեռնաշխարհ»: Է, ասեիք, այդքան էլ ելույթներ եք ունենում, ամեն ելույթն էլ, հեռուստացույցը, երբ միացնես, օրը 10 անգամ ցույց են տալիս: Բա այդ ասելը, ի՞նչ, կարծում եք, հեշտ է, կարծում եք, հե՞շտ եմ մարսել: Իհարկե, ո՛չ: Իսկ ով չգիտի, որ ադրբեջանցիները և նրանց հովանավորները միլիարդներ են ծախսում աշխարհին ապատեղեկացնելու համար, դու էլ մերկացնում ես իրենց, այն էլ եվրոպական ամբիոնից: Կանգնում Կիպրոսի թասիբն ես պահում, որ վաղը հույնը հայի թասիբը պահի, գոնե իմանանք, որ հարևաններից մեկը բարոյական պարտավորվածություն կունենա: Ամենաջերմ խոսքով հիշում ես ֆրանսիացուն: Հիմա էլ առիթը բաց չեմ թողնի, նորից կհիշեմ, շնորհակալությունս կհայտնեմ: Շնորհակալությունս կհայտնեմ այն ֆրանսիացիներին, ովքեր ողջ են, ում նախնիները 1915 թ. ռազմական հածանավով քաջարի մուսալեռցիներին փրկեցին, տարան հասցրեցին Մարսել: Խոնարհաբար շնորհակալությունս կհայտնեմ, որ թե՛ 1915 թ. մեր թասիբը պահեցին և թե՛ մեր թասիբը պահեցին՝ Եվրոպայում առաջիններից մեկն իրենց ազգային ասամբլեայով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և կազմակերպիչներին դատապարտելու փաստով: Շնորհակալությունս կհայտնեմ այն պարզ պատճառով, որ հենց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ Ստրասբուրգում 45 երկրներից ընդամենը մեկ երկրի ներկայացուցիչ թասիբներս պահեց, այն է՝ Ռոժ Բլուանը, ֆրանսիացի, ողջունենք՝ ծափերով: (Բուռն ծափահարություններ):
Երբ լսում ենք Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Վարդան Մինասիչին, Օսկանյանին, ըստ որում, որպես մարդ ազնիվ է, ուրեմն, հայերի գլխին ինչ փորձանք գալիս է, բանից պարզվում է, դա մեր դիվանագիտության հաղթանակն է, ժողովուրդ: Մնում է խղճները կորցնեն, մեզ էլ, ուրեմն, անգրագետի տեղ դնեն, ասեն, ժողովուրդ ջան, էն, որ ցունամիից միայն Ինդոնեզիան ու Թայլանդը, մասամբ էլ Հնդկաստանը տուժեցին, Հայաստանը չտուժեց, դա էլ է մեր արտաքին դիվանագիտական լուրջ հաղթանակը: (Ծիծաղ դահլիճում): Բա էս ժողովրդին կարելի՞ է այդքան միամիտի տեղ դնել: Դիվանագիտական ասպարեզում էլ տեղ չմնաց, որ, ցավոք սրտի, պարտություն չկրեն: Վերցրեք, ուրեմն, Պուտրաջայան՝ Մալազիայի ադմինիստրատիվ կենտրոնը, որտեղ սրանից մոտ մեկ տարի առաջ իսլամական բոլոր երկրներն իրենց «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» համաժողովում բավական չէ միաձայն որոշում ընդունեցին, որի համաձայն ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Հայաստանին ագրեսոր համարեցին, ղարաբաղցիներին՝ զավթիչ-անջատողական, միաժամանակ արձանագրեցին, թե, իբր, Ադրբեջանում 1 միլիոն փախստականներ կան և տարածքի 20% էլ ագրեսորի, այն է՝ մեր կողմից զավթված է: Եվ այդ փաստաթղթի տակ ստորագրողների շարքում էին նաև մեր դաշնակիցները, «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր կազմակերպության» անդամ երկրները՝ Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը: Բա, ստացվում է, որ դաշնակիցդ էլ է մեջքից դաշույնով խփում, բա, էս գովվական արտաքին քաղաքականությանդ, դիվանագիտությանդ հաղթանակն էլ ո՞րն է, մի ասեք, բացատրեք՝ հասկանամ: Էդ ո՞ր հաղթանակն է: Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի օրակարգ են մտցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Էթնիկ զտումների հարցը, որոնք, իբր, իրականացրել ենք մենք՝ խոհեմ, ուշիմ, շինարար, ռանչպար, շինական հայերս, ադրբեջանցիների նկատմամբ: Հարցը միաձայն մտնում է օրակարգ: Գոնե մի երկիր՝ նմուշի համար, ձեռք բարձրացներ, ասեր՝ էս ի՞նչ եք անում, ես դեմ եմ: Վերջերս՝ հունվարի 25-ից 28-ը Ստրասբուրգում կայացած Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, ցավոք, ծայրաստիճան վտանգավոր բանաձև ընդունվեց: Մեր իշխանավորները կանգնում, ասում են՝ ոչ մի երկիր, այն էլ խոշոր երկիր, իբր, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 100%-անոց սուտ: Որ երկրի առաջին դեմքն առիթ է լինում, անպայման հարկ է համարում նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Բա այս պարագայում, երբ աշխարհը, փաստորեն, այս հարցում մեջքով է շուռ եկել մեզ, ի՞նչ են մտածում մեր իշխանավորները: Այս պարագայում, երբ, ցավոք, գնալով շիկանում է իրավիճակը հարևան Իրանի շուրջ, ո՞րն է մեր պաշտոնական պետական քաղաքականությունն այս գործում: Եկեք ձեզ հետ մտորենք. Իրանը մեր հարևանն է, մեծ գաղութ ունենք այնտեղ, 1992-94 թվականներին, երբ պարտադրված էինք պատերազմել, համատարած շրջափակման մեջ էր Հայաստանը, կյանքի ճանապարհը Իրանով էր գնում, ցորենը, սննդամթերքը հիմնականում գալիս էր Պարսկաստանով: Մյուս կողմից ԱՄՆ-ը նույնպես մեր բարեկամն է: Ցրտի, մթի տարիներին, նավթն էլ, բենզինն էլ, հիշում եք, ալյուրն էլ, երբ մեզ ընդհանրապես խեղդել էին, 7 օրվա հացի պաշար էր մնացել Հանրապետությունում, ԱՄՆ-ը ապահովեց, որ Թուրքիայով քարավաններով հաց եկավ: Էլ չեմ ասում, որ 1,5 միլիոն հայ էլ բնակվում է այնտեղ, էլ չեմ ասում, որ անկախության տարիներին 2 միլիարդ դոլարից ավել օգնություն են ցույց տվել մեզ ամերիկացիները: Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեկ շնչին ցույց տված օգնությամբ Հայաստանը աշխարհում գտնվում է երկրորդ տեղում: Առաջինն Իսրայելն է: Ո՞րն է մեր քաղաքականությունը: Բա երկիր ենք՝ մտածեք, իշխանությունն էլ, ոչ բարով-խերով, Դուք եք՝ խորհեք: Վաղը, մյուս օրը, արդեն հայտարարվել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգությունը ապահովելու համար ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը գալու են անվտանգության գոտի ստեղծեն և պարսկական սահմանը վերահսկեն: Դա նրանց որոշումն է: Եվ դրա մասին մամուլում հայտարարվել է: Ես չեմ խորանում՝ հիմքեր կան, թե չկան, որովհետև ես այդ հարցի գիտակն ու մասնագետը չեմ: Իսկ ո՞րն է այդ սահմանը: Փորձենք դա էլ վերհիշել, մտովի պատկերացնենք աշխարհագրական քարտեզը: Այսպես, Իրանը հարևան Ադրբեջանի հետ էլ սահման ունի, Թուրքիան է՝ ԱՄՆ-ի դաշնակիցը, Իրաքն է, որտեղ հակաահաբեկչական կոալիցիայի 28 երկրների զորքերն են տեղակայված՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Մյուս կողմից, համապատասխանաբար, Պակիստանն է (գիտեք, Փերվեզ Մուշարաֆը Ամերիկայի հետ վարում է մերձեցման քաղաքականություն), մյուսից՝ Աֆղանստան է (այդտեղ էլ նույն ՆԱՏՕ-ի զորամիավորումներն են), մյուս կողմից՝ Կասպից ծովով գնացող սահմանն է, որը անվերահսկելի չէ, որովհետև 5 երկրներ են այդտեղ խաչվում: Եվ Հայաստանի սահմանն է, ոչ միայն 46 կմ Մեղրու հատվածը, այլ նաև ազատագրված այն, երկարաձիգ ասենք, սահմանը, որն այսօր վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի կողմից: Այսինքն՝ Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի… Իսկ եթե մեքենայացված արձագանքման զորամիավորումները գան սահմանի անվտանգությունը պաշտպանելու, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք անելու, ո՞րն է քաղաքականությունը: Պրն Օսկանյան, էդ հաղթանակների շարանի հետ՝ Դուք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ասեք, ո՞րն է մեր քաղաքականությունը ստեղծված իրավիճակում: Ասեք, մարդիկ իմանան: Բա որ վտանգն արդեն ավելի առարկայական դարձավ, ի՞նչ ենք անելու: Հիմա էլ, ի՞նչ, ողջ աշխարհին եք թշնամացնելու ձեր ապիկար, անհեռատես քաղաքականության արդյունքում: Ակնհայտ է, որ իշխանություններն ընկել են կրակը, եթե հիշել ու խոսում են ազգային միաբանության անհրաժեշտության մասին: Լավ, այսքան տարի մենք ինչ էինք ասում, այսքան տարի ահազանգում էինք, բա ո՞ւր էիք, հիմա էլ չենք չարախնդում, որովհետև մեր երեխաների ապագան այստեղ է որոշվելու, այստեղ հարազատների շիրիմներ ունենք, այստեղ ենք առաջին անգամ «Դլե յամանը» լսել:
Եվ, ահա, այս իրողությունների պայմաններում, երբ միացնում ենք հեռուստա¬ալիքները, դիտում պաշտոնական հանդիպումների մասին հաշվետվությունները, ապա մնում ես շիվար: Կամ էլ կարդում ես թերթերն ու զարհուրում. ինչպե՞ս կարելի է այդ աստիճան մակերեսորեն մոտենալ հարցերին, ինչպե՞ս կարելի է այս վտանգները չզգալ, չհասկանալ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ վտանգված է ոչ թե պրն Քոչարյանի պաշտոնը, այլ` Հայաստանի Հանրապետությունը: Ինչպե՞ս չեն հասկանում ու չեն գիտակցում, որ երկիրը կանգնած է պայթյունավտանգ զարգացումների շեմին, որ այդ հեղափոխություն ասածը Հայաստանում կատարվելու է այն պարզ պատճառով, որովհետև ժողովուրդն էլ համբերելու, էլ դիմանալու հնար ու հունար չունի: Ո՞նց դա չեն գիտակցում, ի՞նչպես չեն գիտակցում, որ սելավի պես այդ հեղափոխություն ասածը կքշի ոչ միայն իրենց, այլ նաև հայոց պետականությունը: Ո՞նց չեն գիտակցում, որ հենց այդ ժամանակ գլուխը կբարձրացնի ասքյարը: Եվ այդ վիճակում, ասես, թե հաճույք են ստանում, որ թերթը բացում ես` նախկին իշխանությունների կերակրատաշտից սնվող թերթերը ձայնակցելով գործողներին, անթաքույց հրճվանքով ավետում են ժողովրդին, թե, իբր, ընդդիմությունը մեռած է: Այդ ֆոնին էլ՝ մարդիկ ականատեսն են լինում նաև, որ կոալիցիան էլ իրար միս է ուտում Ազգային ժողովում բոլորի աչքի առաջ: Լավ, հին ու նորեր, բա չեք մտածում, թե ի՞նչ եք անում, այս ժողովուրդը գնա կորի՞: Ո՞ւմ հավատա, ինչի՞ն հավատա, ո՞ւմ հետևից գնա: Ի՞նչ անի: Ո՞ւմ լսի: Իրենց՝ իշխանավորներին, չի լսի, չի էլ հավատա, որովհետև տեսել ու համոզվել է, որ նրանց խոսքը գործի հետ ոչ մի առնչություն չունի, որովհետև ճաշակել է 2003 թ. փետրվարի 19-ի Հանրապետության Նախագահի ու մայիսի 25-ի Ազգային Ժողովի խայտառակ ընտրությունները: Որովհետև նա տեսել ու ճաշակել է այս կեղծավորությունը, որը կա, երբ 2004 թ. ապրիլի 12-13-ի ծեծուջարդից հետո կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն առանձին-առանձին մեղայականով են եկել, անվերջ մեզ համոզելով, որ մեղավորը Ռոբերտն ու Սերժն էին, տղերք, մենք կապ չունենք: Հիմա, ես էլ ասում եմ, հիշեմ էլի Բրունո Յասենսկու իմաստուն խոսքերը` «Անտարբերների դավադրությունը»: Ասում է. այն, որ մարդասպանը մարդ պետք է սպանի, մի զարմացեք, դրա համար էլ մարդասպանի պիտակը դաջված է ճակատին: Այն, որ գողը պետք է գողանա, մի զարմացեք, այն, որ պոռնիկը պոռնիկություն պետք է անի, դարձյալ մի զարմացեք: Դուք զարմացեք ու զարհուրեք անտարբերներից, որոնց անտարբերության պայմաններում հնարավոր են սպանությունները, պոռնկությունը և գողությունը: Եվ այս ամենը, երբ գիտես, իսկ ես գիտեմ, և դա իմանալով հանդերձ, համոզված ես և ասում ես` աչքի լույս, եթե ունեմ, աչքիս լույսը՝ հայոց պետականությունն է և ոչ թե սեփական նկրտումներս, կանգնում, անամոթաբար վերադարձնում են ինձ՝ ասելով. էս չլինի՞ «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարների հետ իշխանությունները լեզու են գտել, բան-ման են խոստացել: Ուրեմն, հերթական անգամ ուզում եմ ասել. պրն Ռոբերտ Քոչարյան, պրն Սերժ Սարգսյան, պարոններ կոալիցիա. իմացեք Դուք և հուշեք Ձեր գովքն անող լրատվամիջոցներին, որ այն, ինչ ես եմ ուզում, ոչ Դուք, ոչ ձեր իմացած մարդիկ տալ չեն կարող: Ես ուզում եմ` ժողովրդի նվիրվածությունը և աջակցությունը, որն էլ ունեմ: (Բուռն, երկարատև ծափահարություններ):
Սիրելի՛ ժողովուրդ, փորձեմ կրքերը դնել մի կողմ, սակայն առանց կրքի խոսելն էլ, կնշանակի սիրտ չունես, հոգի չունես: Իսկ ես, ցավոք, գիտեմ, որ վիճակը ծանր է, ուստի լռելը կրկնակի հանցագործություն է, ուզում եմ բղավել, իրենց կպնել, ուզում եմ գութը շարժեմ, բայց գիտեմ, որ այսօրվա իշխանությունների դեպքում դա անօգուտ զբաղմունք է: Իրենց թասիբի գցելով՝ ուզում եմ այս խայտառակությունների առաջ պատնեշ կանգնեն: Խայտառակություններ, որոնք հենց իրենցից է գալիս: Իշխանությունների անզորությունն ու չկամությունը, ասես թե, հուշում են մեզ, որ երկրի փլուզման առաջն առնելը միայն զենքով է հնարավոր: Իսկ այսօր սխալ է, որ Հայաստանում հայը հայի դեմ զենք օգտագործի: Թե հիշեցնեմ 1908 թ. պատմությունը Ռուբեն Տեր-Մինասյանի՝ Ռուբեն փաշայի հետ կապված: Դաշնակցական հատուկ հանձնաժողովը, որի կազմում էին Զավարյանը, Սմբատ զորավարը՝ Մախլուտոն, բժիշկ Հայկը և ուրիշ հեղինակավոր դաշնակցականներ, ժողովուրդ ջան, ապացուցեցին, հիմնավորեցին, որ Ռուբեն Տեր-Մինասյանը կրակել ու սպանել է Գևորգ Չաուշին: Անցան տարիներ` Ռուբեն փաշան Առաջին Հանրապետության ռազմական նախարարը դարձավ: Լավ, այս բոլորի հետ մենք զուգահեռներ չպե՞տք է անցկացնենք: Այս ամենը իմանալով հանդերձ` չպե՞տք է գիտակցենք, որ դա այժմ էլ կործանարար ճանապարհ է: Խորհեք ինքներդ, չեմ ուզում անուններ տալ: Մտածեք ինքներդ, մենք դա տեսել ենք, մենք դա անցել ենք: Մենք ականատեսը, եթե անգամ իսկ չենք եղել, ապա այսօր էլ հասկանում ենք և գիտակցում` ի՞նչ է նշանակում որբ մանչուկը, ի՞նչ է նշանակում բորոտ երեխան, որոնք հազարներով անցյալ դարասկզբին Էջմիածնի վանքի պատերի տակ էին: Եվ մի ուշագրավ հուշ, որի մասին գրում է Նվարդ Թումանյանը` մեծն լոռեցու դուստրը: Ասես, թե երկինքն էլ էր երես թեքել այն ժամանակ հայերից, կնճռոտվել, ամպոտվել էր Էջմիածնի երկինքը, տեղատարափ անձրև էր տեղում և որբ երեխաները կոչ էին եկել եկեղեցիների պատերի տակ: Ամենայն հայոց բանաստեղծը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսին` ասելով. բացե՛ք բոլոր եկեղեցիների դռները: Վեհափառն անսաց բանաստեղծի խոսքին` բացվեցին եկեղեցիների դռները, բացառությամբ Վեհարանի, որը նոր էր կառուցվել: Մեծ բանաստեղծն ասաց. Վեհարանի դուռն առաջինը պետք է բացվեր: Եվ ենթարկվեց կաթողիկոսը Մեծ բանաստեղծին, որովհետև նրա հեղինակությունը շատ էր բարձր: Եվ Վեհարանում անձրևից պատսպարվեցին երեխաները, փրկվեցին երեխաները: Ինչո՞ւ եմ կրկին անդրադառնում Թումանյանին: Նրան եմ մտաբերում, որովհետև հայ ժողովուրդն այդ արհավիրքներից կարողացավ դուրս գալ, քանի որ ուներ այդպիսի մարդիկ, որովհետև ուներ բարոյականության փարոսներ: Որովհետև Թումանյանի օրինակն ունենալով, հաջորդ` սովետական իշխանությունը պետք է գոնե փորձեր առաջնորդվել այդ բարոյական չափանիշներով, որովհետև հասկանում էր, որ հայ մարդը միայն նման չափանիշներ է ընդունում, միայն նման չափանիշների է ենթարկվում: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Միթե՞ պատերազմում մեծ կորուստների գնով հաղթանակ տարած ժողովուրդը արժանի էր այս ճակատագրին: Երբ հայ մարդը ականատեսը դարձավ, թե ինչպես են իշխողները իրենց վարքուբարքով, ցոփ կյանքով, թալանով, անբարոյականությամբ հայոց պետականության պատվանդանը պղծում…
Սիրելի՛ ժողովուրդ, այնուամենայնիվ, ո՞րն է բանալին: Բանալին ժողովրդավարության հաստատումն է, որովհետև այսօր աշխարհը դա է ճանաչում: Որովհետև աշխարհի քաղաքական քարտեզի վրա Դուք այսօր չեք գտնի և ոչ մի պետություն, որը, իրոք, ժողովրդավարական է և որը, հանկարծ, միջազգային հանրության կողմից պաշտպանված չէ: Իսկ այդ ժողովրդավարություն ասվածը Հայաստանում կա՞ արդյոք: Իհարկե, չկա: Չորս հիմնական բաղկացուցիչ մաս ունի ժողովրդավարություն ասվածը, չորս հենասյուներ, որոնք եթե կան, ժողովրդավարություն կա: Եթե ժողովրդավարություն կա, ուրեմն զարգացում ու փրկություն կա: Եվ որո՞նք են դրանք:
Նախ և առաջ, ժողովրդավարության քաղաքական հենարանը կարող է խարսխվել և կառուցվել միայն մի պարագայում, եթե այդ երկրում իշխանությունները ձևավորվում են ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ ընտրությունների արդյունքում: Մեզանում, ավա՜ղ, դա չկա: Դրա ամենավառ ապացույցը 2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններն էին:
Երկրորդ հենասյունը ազատ շուկայական տնտեսության ձևավորումն է: Ի՞նչ, դա կա՞ Հայաստանում: Իհարկե, չկա: Ի՞նչ ազատ շուկայական տնտեսության մասին կարելի է խոսել, երբ կենսաապահովման բոլոր ոլորտները Հայաստանի Հանրապետությունում մենաշնորհային կարգավիճակում են: Եվ դրա ամենապարզ օրինակը յուրաքանչյուրդ ձեզ վրա տեսել եք և յուրաքանչյուրդ ճաշակել: Դրամը, իբր, արժևորվում է, դոլարն՝ արժեզրկվում, բայց գները բարձրանում են, ինչո՞ւ: Որովհետև հիմնական ներկրողները 5-6 հոգի են, այն էլ իշխանական կլանից, իրենք էլ կամայականորեն սահմանում են գները: Իսկ որտեղ օլիգարխիկ տնտեսություն է, այնտեղ չի կարող լինել ազատ մրցակցություն, չի կարող լինել ազատ գնագոյացում, չի կարող լինել մեկնարկային հավասար պայմաններ ձեռներեցություն ծավալելու համար: Այսինքն` ժողովրդավարության երկրորդ բաղկացուցիչ մասն էլ, երկրորդ հենասյունն էլ է բացակայում մեզանում:
Երրորդը դատական համակարգն է, նրա անկախ գործելը: Իսկ ի՞նչ անկախ դատական համակարգի մասին կարելի է խոսել, կարելի է հիշատակել, երբ բոլորիդ աչքի առաջ էր, որ զանգվածային ընտրակեղծիքների արդյունքում` թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների, և ոչ մի մարդ չպատժվեց: Նմուշի համար մեկին պատժեին: Իսկ փոխարենը, ճիշտ հակառակը, քաղաքական պատվեր կատարելով` տղերքը եկան, 9 հոգով էլ լցվեցին մեր տուն` խուզարկության: Թնդանոթներ էին ման գալիս, «CC-300» հրթիռներ էին որոնում: Սա է դատական համակարգի անկախ լինելը: Մտան Ալեքսան Կարապետյանենց տուն: Երկու անգամ ձերբակալեցին Արմավիրից Թադևոսյան Մյասնիկին, տասնյակ հարյուրավոր ուրիշ մարկանց: Պատվեր չէր, ի՞նչ էր: Եվ ինչպե՞ս կարող է դատական համակարգն անկախ լինել, եթե «Արդարադատության խորհուրդ» ասվածը պրն Քոչարյանի համար գրպանային ինչ-որ մի կազմակերպություն է: Ինքը նշանակում է այդ խորհուրդը նշանակողին: Ուրեմն, երրորդ հենասյունն էլ է բացակայում մեզանում:
Եվ, վերջապես, չորրորդ իշխանության անկախ գործելը: Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք գնալ, այն էլ չորրորդ իշխանության, երբ, կրկնում եմ, շուրջ երկու տարի անընդմեջ ինֆորմացիոն շրջափակում ասեմ, էմբարգո ասեմ, դրված է իմ հրապարակային ելույթները ուղիղ եթերով հեռարձակելու վրա: Մեկ անգամ հրավիրեցին, որ «Կենտրոն»-ով ելույթ ունենամ` այն էլ մոնիտորինգային խմբի սուր քննադատության արդյունքում: Ես չեմ ասում, որ «Կենտրոն»-ի ստեղծագործական կոլեկտիվը չէր ուզում, իհարկե, ուզում էր: Բայց Եվրախորհրդում հարցը պետք է լսվեր, Խորհրդարանական վեհաժողովում հարցը պետք է քննարկվեր, արդյունքում մի զարմանալի իրողության ականատեսն էին դարձել ուսումնասիրողները: Ո՞րն է այդ իրողությունը: Երբ նայում են քաղաքական ընդդիմադիր գործիչներին եթերաժամ տալու ժամաքանակին, տեսնում են, որ վերջիններիս ավելի շատ եթերաժամ են տրամադրել, քան իշխանավորներին: Բայց երբ ասացի` այնտեղ մեկն էլ կա՝ Արտաշես Գեղամյան, նրա ժամերն էլ նայեք, նայեցին տեսան՝ ոչ մի րոպե: Իշխանություններն իրենք ծնում են ընդդիմություն, իրենց ծնած ընդդիմությանն ամբիոն են տալիս, օրը 12 ժամ խոսում են, քննադատում են իրենց: Թող ներվի ասելը, այս դեպքում նրանց համար հաչան շունը կծան չի: (Ծիծաղ դահլիճում): Այս է իրականությունը: Այսինքն` չորրորդ իշխանություն ասածն էլ չի կայացել:
Վերջերս տեղի ունեցավ մի զավեշտալի հրապարակում: Ո՞րն էր դրա մեխը: Սրանից 25 օր առաջ այստեղ էր գտնվում շատ պատկառելի մի հանձնախումբ, այն է` Մարշալի կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի 12 սենատորների և կոնգրեսականների խորհրդականների խումբը, որին հանդիպեցինք ընդդիմադիր դաշտի մյուս գործիչների հետ՝ «Երևան» հյուրանոցում: Հանգամանքի բերումով այնպես ստացվեց, որ «Ազգային Միաբանություն»-ից այդ օրը ներկա էի միայն ես: Մեր գործընկերները փոքր-ինչ ավելի մեծ կազմով էին, թվով 7-8 հոգի: Բնականաբար, տրամաբանական կլիներ, ասացի, սկզբից լսեն իմ գործընկերների կարծիքը, որից հետո իմը, որովհետև իմ և խմբակցության կարծիքը նույն է, ոչ թե մարդ-ֆրակցիա եմ, այլ այդ բոլոր հարցերը վաղուց ի վեր քննարկել ենք, թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության, թե՛ մեր խմբակցության նիստերում: Այդպես էլ ստացվեց, վերջում խոսեցի: Փոքր-ինչ երկար էր իմ խոսքը, որովհետև քննարկվող հարցերը յոթն էին և բավականաչափ սուր: Ես հարկ համարեցի այդ բոլոր հարցերի վերաբերյալ իմ տեսակետները հաղորդել: Եվ, ի՞նչ եք կարծում, 10 օր հետո ընդդիմադիր թերթերից մեկը գրում է. էս Գեղամյանն էլ դրանց զահլեն էնքան տարավ, որ երբ սկսեց շատ երկար խոսել, նրանք սկսեցին մենյուն նայել: Ասեմ, որ հանդիպմանը թղթակիցներ չկային, այդ ապատեղեկատվությունը ո՞ր սրիկան էր տարածել, դա էլ թող մնա նրա խղճին: Այ, գլխներիդ ձյուն գա, այ, թղթակիցներ, այնտեղ մենյու ընդհանրապես չկար, և երբ ես իրենց հետաքրքրող հարցերին էի պատասխանում, արդեն իսկ կերել, խմել պրծել էին, կոֆե էին խմել, իհարկե: Ոմանց մեջ թույնը եռում է, եռում… Լավ է, որ այնտեղ համապատասխան դեսպանատան շատ հեղինակավոր մարդիկ կային: Բնականաբար, հենց հոդվածը կարդացի, զանգահարեցի նրանց, ասացի, այ, տեսնո՞ւմ եք, ընդհանրապես, ցավոք սրտի, մամուլն ազատ չի, կարդացեք այսինչ հոդվածը, բարեբախտաբար, Դուք եղել եք այդ հանդիպման անմիջական մասնակիցը, տեսել եք ցուցաբերված հետաքրքրությունը և, վերջին հաշվով, կարող եք գնահատել: Անշուշտ, կարդացել էին և զարմացել նենգափոխված ապատեղեկատվությունից… Ահա դրա համար էի ասում, որ հեռուստաալիքներից շատ լրագրողներ կան այստեղ, և, բացառված չէ, որ նրանցից ոմանք մեր հանդիպումը ներկայացնեն իրենց ուզած մեկնաբանություններով: Հիմա ես տեսնում եմ, որ այստեղ բոլորը համակ ուշադրությամբ լսում են, հեչ որ չէ, սրանից 2 ժամ հետո փողոցից մեկին կգտնեն, կբերեն, կնստացնեն, կասեն՝ խռռացրու: Հեռուստացույցով էլ ցույց կտան, կասեն՝ Գեղամյանի ասածներից այնքան էր հոգնել, որ խռռացնում էր: Մի 100 մանեթ էլ փող կտան, կասեն մի երկու քննադատական խոսք էլ ասա: Էս է սրանց լրատվությունը, էս է սրանց չորրորդ իշխանությունը: (Ծափահարություններ):
Օգտվելով այսօրվա մեր հանդիպումից՝ ուզում եմ ընդամենը մի նախադասություն ասել բոլոր տեսակի իշխանավորներին, թե՛ ստվերային և թե՛ ի պաշտոնե: Ուշքի եկեք, մենք արդեն ի վիճակի չենք լինի կանգնեցնել համաժողովրդական ցասումը: Իսկ ժողովուրդը, որ ոտքի կանգնեց, հանկարծ մի վայրկյան չկասկածեք, դրոշակն առաջից բռնած կգնանք, բայց արյունահեղության համար ողջ պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնելու: (Բուռն, երկրարատև ծափահարություններ):