ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է»
19.01.2014, Արմենպրեսս
20.01.2014, Իրավունք
«Այն ինչն ինձ չի սպանում,
դարձնում է ավելի ուժեղ»
Ֆրիդրիխ Նիցշե
(Կուռքերի մթնշաղը, կամ ինչպես են փիլիսոփայում մուրճով)
Ս.թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, ժամկետային զինծառայողը գնդակահարել է հայկական մի ընտանիք՝ 6 հոգու։ Ողբերգությունը բուռն հասարակական արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ ութմիլիոնանոց հայկական սփյուռքում։ Մեր ժողովրդի համար տագնապալի այս օրերին մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում բոլոր քաղաքական, պետական գործիչներին և ողջ աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ովքեր համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին և մեզ հետ միասին կիսում մեր ցավը։
«...Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է այս զազրելի հանցագործությունը։ Գոյություն չունի որևէ պատճառ, որը կարողանար արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը։ Մենք վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժն օրենքի ողջ խստությամբ։ Հույս ունենք, որ այս ողբերգական իրադարձությունը չի ազդի մեր երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա». այս մեջբերումն արված է Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի ցավակցական հեռագրից՝ հասցեագրված Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին։ Կարելի է տասնյակ ցավակցական հեռագրեր նշել Հայաստանի ղեկավարության և ժողովրդի հասցեին, որոնք ստացվել են Հայաստանում հավատարմագրված, մասնավորապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների դեսպանություններից։ Եվ հանկարծ այս ֆոնին հունվարի 17-ին ադրբեջանական կառավարամետ կայքում (ru.apa.az/news/285120) հրապարակվում է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հարցազրույցը՝ «Եթե չլինեին ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա» վերնագրով։ Այս գործչի հարցազրույցը կարդալուց հետո առաջին բանը, որ հատկապես տագնապեցրեց, հեղինակի ցինիզմն ու ատելությունն է, կարծում եմ, իր հայրենիքի՝ Ռուսաստանի հանդեպ։ Այո, այո, ես չսխալվեցի։ Ինքներդ դատեք։
Մեկնաբանելով Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց մասին նա լավագույն դեպքում կարծիք կարող էր կազմել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի կայքում զետեղված տեսագրությունը դիտելով, Մարկովն անառարկելիորեն հայտարարում է. «Բոլոր նրբությունները ցույց են տալիս, որ սա (հայկական ընտանիքի 6 անդամի սպանությունը) կատարողը խելագար է»։ Այսինքն՝ Ռուսաստանից Գյումրի եկած քրեագետները, քննիչները, երևանցի նրանց գործընկերները թող հետևություններ անեն, քանզի կատարված ոճրագործության դրդապատճառների և էության մասին վճիռն արտահայտել է ոչ այլ ոք, քան ինքը՝ Սերգեյ Մարկովը։ Նա, ինչպես հասկանում եք, բնավ հասարակ մեկը չէ՝ ՌԴ Հանրային պալատի անդամ է, ինստիտուտի տնօրեն. սա՝ իմիջիայլոց, անտեղյակների համար, իսկ իրականում... Իրականում նա, ինչպես հետևում է նրա հարցազրույցից, լիազորված է խոսել Ռուսական պետության անունից. «Ռուսաստանն առայժմ չի ուզում պաշտոնական դիրքորոշում հայտնել Գյումրիում կատարվածի առիթով։ Մենք սպասում ենք (ինչպես հասկանում եք՝ անգամ ոչ թե Արև-արքա Լյուդովիկոս XIV-ը, այլ հենց ինքը՝ Ս. Մարկովն է սպասում), որ հայկական պետությունը և հայ ժողովուրդը տեղը դնեն սադրիչներին»։ Նրա համար, հավանաբար, գրոշի արժեք չունեն պաշտոնական Մոսկվայի՝ կատարված ողբերգության գնահատականի վերաբերյալ մոտեցումները, որոնք արտահայտել էին Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներում։ Մարկովը Մոսկվայից՝ Գյումրիից 2000 կմ հեռավորությունից, «նրբություններից» դատելով՝ կտրիճավարի որոշում է այս սահմռկեցուցիչ ոճրագործության դրդապատճառները՝ ամեն բան հանգեցնելով նրան, որ հանցագործը խելագար է։ Միևնույն ժամանակ, նրան բնավ չի հետաքրքրում, թե ինչպես է պատահել, որ խելագարը զորակոչվել է ռուսաստանյան զինված ուժեր, ավելին՝ ժամկետային ծառայության է ուղարկվել էլիտար 102-րդ ռազմակայան, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում։ Նրա համար կարևոր է մեկ այլ բան՝ ընթերցողներին պարտադրել իր այն համոզմունքը, որ հանցագործը պատիժը կկրի ոչ թե «բանտում, այլ հոգեկան հիվանդների համար նախատեսված խիստ ռեժիմի հոգեբուժարանում»։ Ռուսական արդարադատության այս ինքնահռչակ տնօրինողն այսքանով չի սահմանափակվում։ Հետո շատ ավելի հեռուն է գնում՝ դիմելով պատմությանը, որն, ավաղ, չի էլ իմանում. «Ռուսաստանը վերջին 10 տարիներին շատ է օգնել Հայաստանին։ Անգամ ոչ թե վերջին 10 տարիներին, այլ, ես կասեի՝ վերջին 100 տարիներին... Եթե չլինեին Ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա։ Ի հաշիվ Ռուսաստանի օգնության և ռուս հազարավոր զինվորների կյանքի գնով Հայաստանն այսօր գոյություն ունի որպես պետություն»։ Այս հարցում Մարկովը տարրական անգիտություն է ցուցաբերում, խեղաթյուրում 19-20-րդ դդ. պատմությունը։ Ասենք, որ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատագրվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ժողովուրդները։ Օսմանյան լծի տակ մնացած ամենամեծաթիվ քրիստոնյա ժողովուրդը արևմտահայերն էին։ Արևմտյան Հայաստանը, արևմտահայերը խոչընդոտ ու սեպ էին համարվում Իրանի հյուսիսից ու Կովկասից մինչև Սայաններ «մեծ Թուրանի» ստեղծման ճանապարհին։ Քաղաքական հետազոտություններից զերծ, անկանխակալ պրոֆեսիոնալ պատմաբանները կասկած չունեն այն անվիճելի փաստի առնչությամբ, որ հայերի կոտորած կազմակերպելու պատճառը դեռ XIXդ. հայ ժողովրդի ռուսամետ դիրքորոշումն է եղել։ Մեր ժողովուրդը, անասելի զրկանքների և կորուստների գնով, հավատարիմ է մնացել իր քրիստոնեական, քաղաքակրթական արմատներին ու արժեքներին։ Հիշեցնենք ինստիտուտի տնօրեն Մարկովին, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ կամավորական ջոկատները՝ ավելի քան 25 հազար մարդ, իրենց զինակից եղբայրների՝ Ռուսական կայսերական բանակի փառապանծ զինվորների հետ արդեն 1914թ. նոյեմբերին աչքի ընկան հերոսությամբ Վանի, Դիլմանի, Բիթլիսի, Մուշի, Էրզրումի, Բայազետի և Արևմտահայաստանի այլ քաղաքների համար մղվող ճակատամարտերում։ Հայ կամավորական ջոկատների հերոսության համար հայ ժողովուրդը վճարեց Արևմտահայաստանում ապրող իր մեկուկես միլիոն խաղաղ հայրենակիցների կյանքով։ 1915թ. ապրիլից սկսած՝ մեր ժողովուրդը ենթարկվել է մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությանը։ Հիշեցնենք քաղաքական հետազոտությունների գծով տնօրենին նաև այն, որ 1917թ. դեկտեմբերի 5-ին (18-ին) ռուսական և թուրքական զորքերի միջև կնքվել է այսպես կոչված Երզնկայի հաշտությունը, ըստ որի՝ ռուսական զորքերը Արևմտահայաստանից (Թուրքահայաստանից) զանգվածաբար հետ քաշվեցին դեպի Ռուսաստանի տարածք։ 1918թ. սկզբի դրությամբ Անդրկովկասում թուրքական ուժերին փաստորեն դիմակայում էին միայն մի քանի հազար կովկասցի (հիմնականում հայ) կամավորականներ՝ երկու հարյուր հայ և ռուս սպաների հրամանատարությամբ։ Իսկ արևմտահայերի արտաքսման և բնաջնջման գործընթացն ավարտվեց մի շարք ռազմական գործողություններով 1920թ. Կիլիկիա վերադարձող փախստականների նկատմամբ, և Զմյուռնիայի կոտորածի ժամանակ, երբ Մուսթաֆա Քեմալի գլխավորած զորքերը կոտորած իրականացրին Զմյուռնիայի հայկական թաղամասում, իսկ հետո, արևմտյան տերությունների ճնշման տակ, թույլ տվեցին, որպեսզի ողջ մնացածները տարհանվեն։ Այնուհետև, 1920թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ «Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ և անկախ պետություն։ Թուրքիան և Հայաստանը համաձայնում են ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների սահմաններում իրավարարության հարցում և ընդունել նրա պայմանները դեպի Սև ծով (Բաթումով) Հայաստանի ելքի վերաբերյալ»։ Այս պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավորվում էր հայերին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը՝ 100.000 քառ. կմ մակերեսով։
Բայց վիճակված չէր կյանքի կոչել Սևրի հաշտության պայմանագիրը, սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որի հիմնական փուլերն էին՝ Սարիղամիշի (1920թ. սեպտեմբերի 20), Կարսի (1920թ. հոկտեմբերի 30) և Գյումրիի (1920թ. նոյեմբերի 7) գրավումները։ Բավական հեղինակավոր պատմաբաններ իրենց հետազոտություններում նշում են, որ հայերի, ինչպես նաև հետագայում հույների դեմ պատերազմում քեմալականների ռազմական հաջողություններում վճռական նշանակություն ուներ ՌԽՖՍՀ բոլշևիկյան կառավարության կողմից ցուցաբերված զգալի ֆինանսական և ռազմական օգնությունը՝ սկսած 1920թ. աշնանից ընդհուպ մինչև 1922 թվականը։ Նշենք, որ արդեն 1920թ., ի պատասխան Լենինին 1920թ. ապրիլի 26-ին Քեմալ Աթաթյուրքի գրած նամակի, որով օգնություն էր խնդրվում, ՌԽՖՍՀ կառավարությունը քեմալականներին ուղարկեց 6 հազար հրացան, ավելի քան 5 մլն հրացանի փամփուշտ, 17600 արկ և 200,6 կգ ոսկու ձուլակտոր։ Մի բանում Մարկովն իրավացի է, այն, որ 1920թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի հռչակումից հետո, նոր կազմավորված Հայկական պետության իշխանությունները, ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ, 1921թ. հոկտեմբերի 13-ին, ի կատարումն ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի, կնքեցին Կարսի պայմանագիրը Հայկական, Ադրբեջանական և Վրացական ԽՍՀ-ների՝ մի կողմից և Թուրքիայի միջև՝ մյուս կողմից։
Այսպիսին են պատմական փաստերը։ Կուզենայի հատկապես ընդգծել, որ, չնայած այն տարիների պատմության ողբերգականությանը, երախտապարտ հայ ժողովուրդը սրբորեն հարգում է Ռուսաստանի՝ 1853-1856 և 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված և վերքերից մահացած փառապանծ զավակների հիշատակը։ 2010թ. օգոստոսի 10-ին տեղի ունեցավ վերականգնված հուշահամալիրի՝ «Պատվո բլրի» բացման արարողությունը. այստեղ թաղված են Ռուսական կայսրության սպաներ, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմներում։ Հուշահամալիրի բացմանը ներկա էին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը։
Հիշում եմ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև սիրո և եղբայրության այն մթնոլորտը, որը տիրում էր այդ օրը Գյումրիում, և համեմատում եմ այն Սերգեյ Մարկովի ցինիզմի հետ, որն իր հարցազրույցում հայտարարում է. «...մենք պահանջում ենք, որպեսզի հայկական պետությունը և ժողովուրդը դադարեցնեն հակառուսական հիստերիան, պատժեն Գյումրիի իրադարձությունների մեղավորներին։ Առաջին հերթին, հարկավոր է պատժել նրանց, ովքեր օգտվել են ռուս զինծառայողի հանցագործությունից»։ Սրանով նա չի սահմանափակվում և շարունակում է. «Հայտնի է, որ բոլոր դաշնակիցները չէ, որ հուսալի են։ Այդ փորձը Ռուսաստանը ձեռք է բերել նրանց հետ աշխատանքի վերջին 100 տարվա ընթացքում։ Այդպես եղել է միշտ։ Փոքր ժողովուրդները զարգանալու և պաշտպանվելու համար թաքնվում են մեծերի թիկունքում։ Իսկ երբ խոշոր պետությունները դժվարություններ են ունենում, դրանք իրենց համար նոր հենարան են փնտրում։ Ցավոք, աշխարհի կարգն է այդպես»։ Եվ սա ասվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց ընդամենը երկու շաբաթ հետո, ՀԱՊԿ անդամ պետության հասցեին։ Էլ չեմ ասում այն մասին, որ այս տնօրենը անթաքույց անարգում է մեր հայրերի ու պապերի հիշատակը։ Այս «սպեց»-ը կամ վայրենության աստիճանի անտեղյակ է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների վերջին շրջանի հերոսական պատմության մասին, կամ էլ միտումնավոր լռության է մատնում այն, որ 1941-1945թթ. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը՝ գրեթե ողջ հասուն բնակչությունը՝ ավելի քան 500 հազար իմ հայրենակիցներ, ռազմաճակատ են կանչվել և ցուցաբերել բացառիկ քաջություն և հերոսություն Հայրենական մեծ պատերազմում։ Ռազմական գործողությունների ընթացքում հայ զինվորները վիթխարի թվով զոհեր են տվել. զոհվել է մոտ 300 հազար հայ, 175 հազարը՝ միայն Հայաստանից, իսկ 106 հայ դարձել է Խորհրդային Միության հերոս։ Ինչի՞ էր պետք, որ Մարկովն այսքան լկտիաբար ստեր. հայկական պետության և հայ ժողովրդի ի՞նչ հակառուսական հիստերիայի մասին է խոսքը։ Չէ՞ որ անգամ «Ազատություն» ռադիոկայանի կայքում տեղակայված ութժամյա տեսանյութերը համոզչորեն վկայում են հանրահավաքների մասնակիցների պահանջների գլխավոր ուղղվածության մասին՝ սպանության մեջ կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայ արդարադատության ձեռքը։ Միևնույն ժամանակ, միանգամայն մտահոգիչ է, որ ռուսական դրոշի այրման եզակի փորձը, որն, անշուշտ, դատապարտվում է մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից, նրա կողմից օգտագործվում է հայկական պետությանն ու հայ ժողովրդին վիրավորելու համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ սովորական ռուսատյացություն։ Այո, ամենաիսկական ռուսատյացություն, երբ խեղաթյուրելով Գյումրիում տեղի ունեցած հուզումների էությունը՝ տնօրեն Մարկովն իր հրապարակումներով Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդներին տրամադրում է միմյանց դեմ։ Ավելին՝ նա բացահայտորեն զրպարտում է, երբ ասում է. «Բայց վանդալիզմ կատարելը՝ ոտքերի տակ նետելով ռուսական դրոշը, Գյումրիի ռուսական ռազմակայանի դեմ ուժ կիրառելը, այս ամենը վրդովմունք է առաջացնում։ Մեզ թվում է, թե սա ահավոր երախտամոռություն է»։ Ռուսական ռազմակայանի դեմ կիրառված ի՞նչ ուժի մասին է բարբառում քաղաքագետը։ Հավանաբար, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետությունների ապակայունացման մեջ մասնագիտացած ոչ անհայտ կենտրոններում մշակվել են սցենարներ, որոնց իրագործումը Հայաստանը կնետեր արյունահեղ մայդան...
Բարեբախտաբար, Ռուսաստանի Հանրային պալատում այլ մարդիկ էլ կան, իրենց հայրենիքի իսկական նվիրյալներ։ «Ռուսաստանի դժբախտությունը մի տեսակ խորհրդային, սոլդաֆոնական սովորությունն է՝ հարևանների հետ շրթունքները սեղմած խոսել։ «Ո՞ւր են փախչելու». մեր գորշ բաճկոնավորներն այսպես էին ասում Մերձբալթիկայի, Վրաստանի, Ուկրաինայի մասին... Հիմա հաստակզակ այս վայ-մեծապետականներն անփութորեն մեկնաբանում են իրավիճակը Հայաստանում՝ մոռանալով, որ Գյումրիի ահավոր ողբերգությունը տեղի է ունեցել մի երկրում, որը ցեղասպանություն է ապրել, անցել Սումգայիթի ջարդերի միջով։ Հայերի մտքով անգամ չէր անցնի, որ նման «օսմանյան» վայրագություն հնարավոր է սպասել ռուսական զինվորական համազգեստ կրող մարդուց»,- այսպիսի սրտառուչ միտք է գրառել իր ֆեյսբուքյան էջում հրապարակախոս, ՌԴ Հանրային պալատի անդամ, «Հանուն արդարադատության բացության» հանրային կոմիտեի նախագահ Դենիս Դվորնիկովը։ Եվ կարծես թե ի խրատ Սերգեյ Մարկովին ու նրա նմաններին՝ մեծահարգ Դենիս Վլադիմիրովիչը շարունակել է. «Չի կարելի շրթունքները սեղմած խոսել անգամ մանրադիտակային կղզեպետության հետ, եթե դու իսկապես գիտակցում ես, որ մեծ երկիր ես ներկայացնում... Եվ մի՞թե անելու շատ բան կար։ Երկու րոպեանոց սյուժե առաջին ալիքով ողբերգության օրը, ընկալելի և համբերատար բացատրություններ Գյումրիի հավաքված ժողովրդի համար, օբյեկտիվ տեղեկատվություն իրենց համաքաղաքացիներին և անկեղծ ցավակցություն եղբայրական ժողովրդին»։
Կուզենայի իմ վերաբերմունքը Սերգեյ Մարկովի հարցազրույցին ավարտել «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հրապարակումներից մեկի (վերնագրված է՝ «Ների՛ր, Հայաստան. մարդասպան զինվորը բարեկամ ժողովուրդ չարժե») տողերով։ Ահա այն, ինչ գրում է Ռուսաստանի իսկական հայրենասերն այդ հոդվածում. «Տաքգլուխները Հայաստանում արդեն հանրահավաքների են դուրս գալիս հակառուսական կարգախոսներով, ինչ-որ մեկը նույնիսկ փորձել է այրել Ռուսաստանի դրոշը։ Եվ այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որ իրենց հողում հեղվի իրենց անմեղ հայրենակիցների արյունը։ Դժվար դրության մեջ է հայտնվում նաև տեղի ռուսամետ իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը։ Բայց Պերմյակովին քննելու և դատելու համար Հայաստանին հանձնելը, ես կարծում եմ, քիչ է։ Հայաստան պետք է թռչեն և ներողություն խնդրեն կարգով ավելի բարձր մարդիկ, քան փոխնախարարն է, մանավանդ որ նա լիազորված էլ չէ անել դա պետության անունից։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է որ հանդիպեն և՛ Հայաստանի նախագահի, և՛ մարդկանց հետ։ Խոսքեր գտնեն։ Եվ ոչ միայն։ Ռուսական զինվորական համազգեստով հանցագործի սպանած մարդկանց հարազատները պետք է ցմահ բավարարում ստանան Ռուսաստանից։ Եվ վերջապես, դեսպանություն պետք է գնան մարդիկ ու մարդիկ, այնտեղ պետք է ծաղիկների բուրգեր լինեն և մոմեր վառվեն։ Սա արդեն պետությանը չեմ ասում, այլ բոլորիս։ Ահա այդժամ մենք այլևս բարեկամներ չենք կորցնի։ Մարդկանց և պետություններ։ Եվ այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն իսկապես մեծ տերություն է։ Իսկ մինչ այդ հայերից ինքս ներողություն կխնդրեմ։ Ներեք ինձ, եղբայրներ»։
Ես հավատում եմ, որ Ռուսաստանը մեծ և Հայաստանի համար բարեկամական տերություն է։ Եվ այդ հավատն առաջնորդում է ինձ, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից ներկայացնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, ես համոզված առաջ եմ տանում Հայաստանի, ասել է, թե՝ նաև Ռուսաստանի շահերը, չէ՞ որ դրանք ընդհանուր են մեզ համար՝ կերտել մեր ընդհանոր խաղաղ ապագան։
Հ.Գ.
«Կարծում եմ, որ սկզբունքային էր իմ դիտողությունը (Տիրանայում հոկտեմբերի 5-7-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նիստում) ԵԱՀԿ ԽՎ իմ գործընկերների հասցեին առ այն, որ մեր աշխատանքում դեռևս շարունակում է տեղ գտնել երկակի չափորոշիչների կիրառումը անգամ միանգամայն կոնկրետ իրադարձությունները գնահատելիս։ Իմ պնդումը ես հիմնավորեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բացառիկ անձնական դերակատարության անվիճելի փաստի արձանագրմամբ՝ սիրիական ղեկավարությանը քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին ՄԱԿ 1997թ. ապրիլի 29-ի կոնվենցիային միանալ հորդորելու հարցում։ Ավելին՝ փաստվեց, որ ռուսական ղեկավարության ջանքերի շնորհիվ չեղյալացվեց Արևմուտքի մի շարք երկրների ղեկավարների՝ Սիրիայի կառավարության զինված ուժերին ռազմական հարվածներ հասցնելու մտադրությունը։ Այնուհետև ես արդարության և այն պարզ ճշմարտությունն ընդունելու կոչ արեցի, թե եթե անկեղծ խոսելու լինենք, ապա Խաղաղության Նոբելյան մրցանակը հարկ էր շնորհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի քիմիական զինանոցը զինաթափելու նախաձեռնողին, այլ ոչ թե այն «գործիքին», որն իրականացնում էր այդ զինաթափման մոնիթորինգը։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ իմ դիտողությունը եթե ոչ համընդհանուր հավանությամբ, բայց և ըմբռնումով և առանց առարկությունների ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ բոլոր պատվիրակությունների կողմից»։
(Մանրամասները՝ http://www.regnum.ru/news/polit/1722746.html#ixzz3PAdAZ4zx ).
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար