ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱԴՐԵԼՈՒ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ
25.09.2012, Իրավունք
Վերջին երեք շաբաթներին ծավալված իրադարձություններն ինձ անտարբեր թողնել չէին կարող։ Մեծ էր տագնապներս ու խոհերս ընթերցողների հետ կիսելու ցանկությունս։ Եվ այսպես, 2012թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) և բազմամիլիոն սփյուռքահայությունը տոնում էին համայն հայության ազգային տոնը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձը։ Այդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և մեր հանրապետության քաղաքացիների անունով բազմաթիվ շնորհավորանքներ ստացվեցին աշխարհի բազմաթիվ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Բելառուսի... ղեկավարների, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից։ Հայաստանին և հայ ժողովրդին շնորհավորանքներից անմասն չմնաց նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Հենց այդ օրը, Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների չորրորդ խորհրդակցության ժամանակ, նա իր ելույթով, ըստ էության, նրանց նախապատրաստեց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ լայնածավալ տեղեկատվական պատերազմի ծավալմանը։ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը Ի.Ալիևը հայտարարեց համաշխարհային կարծիքի, միջազգային կազմակերպությունների նախապատրաստումը, որպեսզի նրանք հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անխուսափելի է։ Իսկ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոց հայտարարվեցին ստի տարածումը, պատմական փաստերի և արդի իրողությունների բիրտ աղավաղումը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը որպես «բուն ադրբեջանական հողերն օկուպացրած» պատերազմի բազեներ ներկայացնելը։ Իր ելույթում Ադրբեջանի նախագահը քանիցս հղում կատարեց տարբեր բանաձևերի, որոնք ընդունվել են «անընդհատ ավելացող մեր (նկատի ունի Ադրբեջանը- Ա.Գ.) բարեկամների, աշխարհի բարեկամ երկրների կողմից», որոնք «միջազգային կազմակերպություններում բավական արդարացի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հարցով մեր շահերն ապահովող բանաձևեր են ընդունել»։ Հատկանշական է, որ Ի.Ալիևը «բավական արդարացի» է համարում միայն այն բանաձևերը, որոնք ապահովում են սոսկ Ադրբեջանի շահերը, իսկ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի շահերը հաշիվ չեն։
Կարդալ ավելին...
Արտաշես Գեղամյան. Մարդասպանների հերոսացումը, Արևմուտքի լռությունը, Իրանը և Ալիևին խամաճիկի տեղ դնողները. պատերազմը հայոց շեմին
04.09.2012, Իրավունք
Հունգարացի՛ եմ ես։ Բայց ամոթը դեմքս է այրում։
Ծանր ու ամոթ է ինձ համար հունգարացի լինելը։
Բոլորի համար փայլում է երկնակամարը։
Եվ միայն մեզ դեռ չի երևում արշալույսը։
(XIX դարի հունգարացի մեծ բանաստեղծ Շանդոր Պետեֆիի «Հունգարացի՛ եմ ես» բանաստեղծությունից)
2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցելու համար, քնած ժամանակ կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել հայ սպայի դեմքին՝ գլուխը գրեթե անջատելով մարմնից։ Այնուհետև Սաֆարովը փորձել էր սպանել երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին, բայց հանցագործությունը կանխվել էր։ Մարդասպանը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ առանց 30 տարի ներման իրավունքի, սակայն, Բուդապեշտի դատարանի կայացրած վճռից 6 տարի չանցած, Հունգարիայի իշխանությունները Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնեցին, որտեղ նա անհապաղ ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Ավելին, Ալիևը Սաֆարովին ադրբեջանական զինված ուժերի մայորի կոչում շնորհեց, հունգարական բանտում նստած 8 տարիների համար միանվագ աշխատավարձ տվեցին, տուն նվիրեցին... Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարն ադրբեջանական բանակի զինվորներին դաս տվեց, թե ինչպես է երախտապարտ լինում այն սպաներին, որոնք կատարում են զինվորական ղեկավարության հրամանը՝ սպանել քնած հայ սպային։ Ադրբեջանի իշխանությունների լկտիությունը, նենգությունն ու երկերեսանիությունը մեզ համար նորություն չեն, բայց այս զազրելի պատմության մեջ ապշեցնում է այլ բան՝ մարդու արդար դատի իրավունքի մոլի պաշտպանների լռությունը Եվրամիության երկրներում, որի անդամն է Հունգարիան։ Մեզ համար անհասկանալի է նաև ՆԱՏՕ-ի և նրա գլխավոր քարտուղարի՝ հարգարժան Անդերս ֆոգ Ռասմուսենի լռությունը. չէ՞ որ սպանությունը կատարվել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ, իսկ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Լռում են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն։ Եվ այնուամենայնիվ, բազմափորձ դիվանագետ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտն արտահայտվել է այս մասին, բայց չափից ավելի պոլիտկոռեկտ ձևով։ Նա իր Թվիթերում այսպես է մեկնաբանել հայ սպային սպանողին ներում շնորհելու որոշումը. «Տարօրինակ որոշում են կայացրել Ադրբեջանում մի մարդու ներում շնորհելով, որը հայի է սպանել Հունգարիայում։ Օրենքի գերակայությունը պետք է պաշտպանվի»։ Ուստի, շատ տեղին ու ժամանակին այս մասին արտահայտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում. «Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձության: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակվեց: Այս առթիվ մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների արձագանքը»:
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆ
21.08.2012, Իրավունք
Տասն օր է անցել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ բանակցություններից հետո: Մեր երկրների նախագահների հանդիպման հանդեպ հետաքրքրությունը խորացել էր նաեւ դրան նախորդող իրադարձություններով` Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի նախագահներ Վալենտինա Միխայիլի Մատվիենկոյի եւ Սերգեյ Եվգենիի Նառիշկինի, ՌԴ գլխավոր դատախազի, Ներքին գործերի նախարարի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցելություններով: Տարատեսակ գրանտատուների (որոնք իրենք էլ գտնվում են համաշխարհային քաղաքականության հայտնի կենտրոնների խնամակալության տակ) կողմից ֆինանսավորվող էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների արձագանքը հազվադեպորեն որքան հուզական, նույնքան էլ թունոտ-վրդովեցուցիչ էր:
Այդ հրապարակումների ճնշող մեծամասնության բովանդակությունը հանգեցվում էր այն բանին, որ Ռուսաստանն այդքան հեղինակավոր «քաղաքական դեսանտ» էր իջեցրել Հայաստան մի նպատակով` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանության վրա, որպեսզի նրա ղեկավարությունը հակվի ընդունելու Եվրասիական միություն մտնելու որոշումը: Տարատեսակ փաստարկներ բերելով, որոնք, իբր, հաստատում են իրենց իսկ առաջադրած հիպոթեզը, բազմաթիվ հրապարակումների հեղինակներն այնուհետեւ ընթանում էին քանիցս փորձարկված սխեմայով: Նրանք միաբերան «մերկացնում» էին ռուսական իշխանությունների մեքենայությունները, որոնք ամեն գնով ցանկանում են վերացնել «Ռուսական կայսրությունը», «ԽՍՀՄ-2»-ն, «Չարիքի կայսրությունը» եւ այլն: Ի հաստատումն իրենց եզրահանգումների` բերվում էին սարսափ-մեջբերումներ, որոնք, իբր, բնութագրական են այսօրվա Ռուսաստանի համար: Դրանք վերցվում են այդ նույն ռուսական մամուլից, որն, ավաղ, լեփլեցուն է դրանցով: Հաշվարկը պարզ էր. մեր հանրապետության մամուլ կարդացող քաղաքացիների մեջ կարծիք ձեւավորել, թե հայոց պետականության վրա կկախվի ինքնիշխանությունը կորցնելու մահացու վտանգը, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի մտնել Եվրասիական միություն: Եթե նման բան պատահի, դա, անկասկած, մեր «դեմոկրատիայի մունետիկների» կողմից կորակվի ոչ այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին: Նման հրապարակումներին հուզական լիցք հաղորդելու նպատակով այս ներբողների հեղինակները, որպես կանոն, իրենց հրապարակումներն ավարտում էին չպարտադրող հիշատակումներով իդեալական այն հեռանկարների մասին, որոնք սպասում են Հայաստանին ու բազմաչարչար հայ ժողովրդին ապագայում, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցիացիայի համաձայնագրի ստորագրումից հետո: Այդ փաստարկը, դրանց հեղինակների կարծիքով, անհերքելի էր: Իսկ այդ հեռանկարի իրականությունն ամրապնդվում էր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցիացիայի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների փաստով, որոնք մեկնարկել էին 2010թ. հուլիսի 19-ին:
«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊՈՒԹՅՈՒՆԸ»
27.07.2012, Իրավունք
Վերջին օրերի քաղաքական, հասարակական քննարկումների առարկա է դարձել Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը: Բացի այն, որ այդ նպատակով ստորագրահավաք է կազմակերպվել, օրերս էլ այդ թեմայի, այսպես ասած, կրակի վրա յուղ լցրեց Հայաստանի ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ ՍՈՒՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, ով մասնավորապես նշեց, որ Վանո Սիրադեղյանը Հայաստան կվերադառնա, երբ լինեն նպաստավոր պայմաններ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական համակարգը այնպես բարելավվի, որ քաղաքացին կարողանա ապացուցել իր անմեղությունը: Նա նաեւ մի բացահայտում արեց, ըստ որի` վերջին անգամ` 2000թ. ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ինքն է Վանո Սիրադեղյանին տանից տարել. «Ես նրան թողել եմ Սունդուկայն թատրոնի մոտ, դրանից հետո տեղյակ չեմ` Վանո Սիրադեղյանը երկրից գնացել է, թե ոչ»: Իսկ ինքն ապահովել է միայն այն գործընթացը, որ Սիրադեղյանը տանից դուրս գա, բայց բոլորի մոտ ստեղծվի այն տպավորությունը, թե նա տանն է: Դրանից հետո Սիրադեղյանից ոչ մի լուր չի ստացվել: Ընդ որում, Վանո Սիրադեղյանն իր գլխարկը մոռացել է մեքենայում: Սուրեն Սիրունյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀՇ վարչության ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը ժամանակին կողմ է եղել, որպեսզի Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն եւ ձերբակալեն: Բայց Արամ Մանուկյանը դա անմիջապես հերքեց
Սուրեն Սիրունյանը վստահ է, որ Վանո Սիրադեղյանը ողջ է եւ շարունակում է ստեղծագործել: Սիրունյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը, որպես Սիրադեղյանի թիկնազորի պետ, երբեք չի հարցաքննվել Սիրադեղյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում:
Կարդալ ավելին...