ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ
15.05.2012, Հայոց աշխարհ
Փորձությունների ծանր պահերին, թերևս, դուրս են հորդում սովորական օրերին հոգուդ խորքում ծվարած զգացումները, ի հայտ են գալիս մարդկային բնավորության մինչ այդ թաքուն գծերը։ Դեպքը, որի ակամա վկան դարձա ես, միանգամայն նորովի բացահայտեց, թվում է՝ ինձ վաղուց հայտնի լեգենդար մարդու՝ Զորի Հայկի Բալայանի կերպարը։ Երեք օր առաջ, մայիսյան մի խաղաղ երեկո, նրանց տուն «այցելեց» դժբախտությունը։ Ողբերգական վթարից զոհվեց նրա փեսան՝ հիանալի բժիշկ, նրա համար հարազատ որդի դարձած Դավիթ Գասպարյանը։ Դավթի մահվան լուրն առնելուց հետո վրա հասած ծանր ժամերին Զորի Բալայանի ընկերներն ու մտերիմները, ովքեր մտովի, ովքեր էլ՝ բարձրաձայն, մի հարց էին տալիս. ինչո՞ւ է աշխարհն այսքան անարդար, ինչո՞ւ է այսքան փորձություն ծանրանում մի մարդու ուսերին։ Զորի Բալայանի կյանքի պատմությունը մեզնից յուրաքանչյուրին ստիպում է խորհել մեր կյանքի սեփական ուղու, մեր կոչման, մեր ընդհանուր հայկական ճակատագրի, անցածի ու հնարավոր գալիքի մասին։ Զորի Հայկի Բալայանը զարմանալի ճակատագրի տեր մարդ է, մարդ, որը, թվում է, իր կյանքի ամեն մի փուլում հաղթահարել է ինքն իրեն։ Լինի ծովագնացության ժամանակ, թե Ռյազանի բժշկական ինստիտուտում սովորելիս, Կամչատկայում, թե հայրենի Արցախում աշխատելիս, արդեն լեգենդ դարձած «Կիլիկիայի», թե «Արմենիայի» նավախելին, կամ էլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ամբիոնից ելույթ ունենալիս, երբ, թվում է, ամեն մարդ չէր կարողանա դիմանալ այդքան հզոր հոգևոր և ֆիզիկական լարվածությանը՝ նա ոչ միայն չկոտրվեց, այլև, հակառակը, ամրացավ։ Նա անսասան ժայռի նման մարմնավորում է հայոց, ղարաբաղյան ոգու ամրությունը։ Եվ այսօր, երբ հիշողությանս մեջ արթնանում են Արցախի հերոսները, նրանցից յուրաքանչյուրի բնավորության մեջ Զորի Բալայանից մի ինչ-որ բան եմ տեսնում։
«Ինչքան էլ Լոնդոններում քարշ գաս, լրտեսության դասեր ստանաս, միեւնույն է, նույն «աբիժնիկն» ես մնալու»
27.04.2012, Իրավունք
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպիկ Սաֆարյանը հրապարակավ անպարկեշտ արտահայտվել էր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հայկ Բաբուխանյանի հասցեին: Մեկնաբանության ակնկալիքով դիմեցինք «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻՆ, ով իր մեկնաբանությունը տվեց Ս. Սաֆարյանին ուղղված հորդորի տեսքով.
- Ա՛յ օտարածին, որդը խփած գետնախնձոր, դու անգամ իսկ աթոռակին (տաբուրետկին) կանգնես, էլի ընկածի տպավորություն ես թողնելու: Վերջին շրջանում ուշագրավ մի երեւույթ է նշմարվում. ցանկացած չկայացած արարած, ում ներկայիս դասականներն «աբիժնիկ» են որակում, սեփական տարրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դիմում է պոռնկության պես հնագույն մի նողկալի հնարքի` շառի, այն է` պիտակավորում է ժողովրդի կողմից ընդունված եւ հարգված քաղաքական գործիչներին: Հաշվարկը պարզ է` նրա բարբաջանքը կարդացող մարդիկ իրենց զայրույթը անտարակույս կբարձրաձայնեն` խորհելով ոչ այնքան ստյոպիկ սաֆարյանի մասին, որքան բնության չար կատակների աղետալի հետեւանքների շուրջ: Ակամայից ցանկություն է առաջանում ստյոպիկի նման թշվառներին օգնության ձեռք մեկնել եւ մեծավարի հորդորել. գիտցի՛ր որդիս, ինչքան էլ Լոնդոններում քարշ գաս, լրտեսության դասեր ստանաս, միեւնույն է, նույն «աբիժնիկն» ես մնալու` ընկած մարդու տպավորություն ես թողնելու, որն ինչքան էլ վեր-վեր թռչի, միեւնույն է լավագույն դեպքում հասնելու է Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի գոտկատեղից էլ մի փոքր ցածր մակարդակի: Խորհի՛ր, աղավնյակս, միգուցե դրանում ինչ-որ թաքնված իմաստ կա, կամ քո ապագայի ուղեցույց, էլ չենք ասում` ի վերուստ տրված գործնական առաջարկ: Հիշիր արջի քոթոթների հիմնական զբաղմունքի մասին, երբ արջը քնած է լինում: Բայց բոլոր դեպքերում շատ չոգեւորվես, վայն էն ա` արջը զարթնեց, արդեն շեֆիդ պարապ բարեւներն էլ քեզ չեն փրկի: Խաղաղվի՛ր, ստյոպիկ, սպանիր միջիդ հրաբուխը, որովհետեւ դրանից կրակ չի ժայթքում, այլ ընդամենը գարշահոտություն:
ՊԱՐՈՆԱՅՔ ՅԱԼԱՆՉԻՆԵՐ, ՊԱՊԱՆՁՎԵՔ
27.04-30.04.2012, Իրավունք
ՀՀՇ պարագլուխներին երբևէ որևէ բան բացատրելը միանգամայն պարապ զբաղմունք է, և դա հատկապես հիմա, երբ նրանք հայտնվել են հոգեվարքի մեջ: Մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ մեր հասարակության հետաքրքրությունն այդ կառույցի նկատմամբ գնալով մարում է, ինչքան էլ վերջիններս քողարկվեն «Հայ Ազգային Կոնգրես» վահանակի հետևում: Թվում էր, թե 2008 թ. նրանք վերակենդանացել էին` մեր մեծահոգի և բարեսիրտ ժողովրդի որոշակի հատված անգամ իսկ սկսեց հույսեր կապել կերպարանափոխված ՀՀՇ-ականների հետ: Բարեբախտաբար, այդ խաբկանքն օրըստօրե հօդս է ցնդում: Զգալով իրադրության նման զարգացումները` ՀՀՇ-ն դիմեց միայն իրեն հատուկ հնարքի, այն է` սևացնել, պախարակել, անվանարկել այն բոլոր ուժերին, ովքեր չեն ձայնակցում իրենց, այլ լռում են, անգամ իսկ երբ լուտանքների տարափ է հղվում իշխանության, այն էլ` վերջին 14 տարվա իշխանությունների հասցեին: Ըստ որում, քաղաքական առանձին ուժեր, որոնք ոչ վաղ անցյալում և հիմա էլ իշխանության մաս են կազմում, այսօր բարեհունչ կարգախոսների ներքո համագործակցելով ՀՀՇ-ի հետ, անհաջող փորձեր են անում իրենց վրա չվերցնել այդ լուտանքների, անվանարկումների, հայոյախոսության բաժինը: Փաստորեն, հին ու նոր իշխանավորների որոշակի հատվածը, երևանյան բարբառով ասած, դավաճանում են թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին: Հիրավի, ուշագրավ, սակայն հետն էլ նողկալի պատկեր է: Այս հարցերի մեջ խորանալը, թերևս, առանձին վերլուծության նյութ է: Ընթերցողի դատին ներկայացվող այս հոդվածի նպատակն է համառոտ գնահատական տալ, ներկայացնել, թե Լևոն Տեր-Պետրոսյանի և յուր հոգևոր զավակ ՀՀՇ-ի իշխանավարության տարիներին անդառնալի ի՞նչ կորուստներ է կրել մեր երկիրը: Կանխավ ասեմ, հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, քանզի հարկադրված եմ լինելու մեջբերել պաշտոնական սկզբնաղբյուրներից վիճակագրական բազում ցուցանիշներ, որոնք առավել քան ցայտուն են բնութագրում մեր երկրի տնտեսության գահավիժումը 1990-1997 թթ.:
Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայության «Տնտեսական բարեփոխումների առանձնահատկություններն ու փուլերը Հայաստանում 1991-1998 թթ.» ժողովածուի (էջ 13) համաձայն` 1990-1997 թթ. արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի խորը անկում: Եթե արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալի ինդեքսը 1990 թ. ընդունենք որպես բազային, այն է 100 %, ապա 1997 թ. այն կազմել է 1990 թ. ընդամենը 47%-ը, այդ թվում` արդյունահանող ճյուղում` 22%, էլեկտրաէներգետիկայում` 49%, գունավոր մետալուրգիայում` 33%, մեքենաշինության և մետաղամշակման ոլորտում` 26%, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունում` 11%, հաստոցաշինական և գործիքաշինական ոլորտում` 45%, թեթև արդյունաբերությունում` 48%, շինանյութերի արտադրությունում` 34%: Ահա սա է ձեր` պարոն Լևոն և արամիկ մանուկյաններ, ՀՀՇ-ական իշխանության 7 տարվա մոնղոլա-թաթարական արշավանքի արդյունքը:
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
13.04-16.04.2012, Իրավունք
Ս.թ. ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) տրվեց Հայաստանի Ազգային ժողովի ընտրարշավի մեկնարկը։ Մինչ ներկայիս ընտրարշավի առանձնահատկությունների վրա կանգ առնելը՝ մի փոքր անդրադարձ կատարենք դրան նախորդող ժամանակաշրջանին։ Վերջին ամիսների իրադարձությունների անաչառ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի սկիզբ հանդիսանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ասվածն ամենևին էլ չափազանցություն չէ։ Ինչի՞ վրա է հիմնված իմ այս եզրահանգումը, ի՞նչ փաստարկներ են հաստատում դրա հիմնավորվածությունը։ Եվ այսպես, սույն թվականի հունվարին ՀՀ հասարակությունը վկան դարձավ Հայաստանի խորհրդարանում և դրա սահմաններից դուրս ծավալված բուռն բանավեճերի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։ Այս բանավեճի նախաձեռնողները դարձան «Ժառանգություն», Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խորհրդարանական կուսակցությունները, ինչպես նաև իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը խոսում էր հեռանկարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ նույնանուն խմբակցության պատգամավորները հղումներ էին կատարում կուսակցության ծրագրային դրույթներին, սակայն, հանուն արդարության նշենք, որ նրանք այս ժամանակավրեպ գաղափարի իրագործմանն առանձնակի համառությամբ և հետևողականությամբ չէին մասնակցում։ Այս առնչությամբ հարկավոր է առանձնապես նշել, որ արտախորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին Հայ ազգային կոնգրեսում (այսուհետ՝ ՀԱԿ) միավորված կուսակցությունների, թվում է, նպատակադրվել է երկրի բնակչությանը պարտադրել այն կարծիքը, որ եթե անցում չկատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, Ազգային ժողովի գալիք ընտրություններն ի սկզբանե անհնար կլինի լեգիտիմ համարել։ Հատկանշական է, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը՝ լրացումներով, Հայաստանի Ազգային ժողովի կողմից հաստատվել է 2011թ. հունիսի 16-ին, և դրա ընդունումից հետո ինչ-որ չեմ հիշում բուռն վիճաբանություններ այս հարցի շուրջ ինչպես խորհրդարանի պատերի ներսում, այնպես էլ դրանցից դուրս։ Իսկ ս.թ. հունվարին, Ազգային ժողովի ընտրություններից դեռ 4 ամիս առաջ, կարող էր տպավորություն ստեղծվել, թե որոշակի քաղաքական ուժերի առջև միանգամայն կոնկրետ խնդիր է դրված՝ տեղեկատվական դաշտ մտցնել խորհրդարանական ընտրությունների անօրինականության մասին գաղափարը միայն այն բանի հիման վրա, որ իշխող կոալիցիան խորհրդարանում չի պաշտպանել ընդդիմության դիրքորոշումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։ Այս պնդման տեղեկատվական շրջանառության երկրորդ հիանալի առիթը Հայ ազգային կոնգրեսը և նրա համախոհները ստացան ընտրարշավի մեկնարկի հետ միաժամանակ, երբ հրապարակվեցին ընտրացուցակները։ Այդ ժամանակ բոլորը միաբերան սկսեցին պնդել, որ կեղծարարություններն ընտրությունների ժամանակ անխուսափելի են։ Ընդ որում՝ իրենց մտահանգումները ընդդիմության ներկայացուցիչները հիմնավորում էին այն փաստի պարզ անտեսմամբ, որ ընտրացուցակներում գրանցված 2 միլիոն 485 հազար 844 ընտրողների մեջ են նաև Հայաստանում գրանցված, բայց հանրապետությունից բացակայող մեր քաղաքացիները։ Իսկ որպես գլխավոր փաստարկ օգտագործվում էր տեղեկատվությունն այն մասին, որ 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված բնակչության թվաքանակը, ներառյալ նաև երկրից բացակայող քաղաքացիները, կազմում է 3 միլիոն 285 հազար մարդ, իսկ Հայաստանում ապրող բնակչության թվաքանակը 2 միլիոն 871 հազար է։ Այս վիճակագրության հաջող մանիպուլացման միջոցով այժմ արդեն հայ հասարակության մեջ էլ ավելի է ամրապնդվում և սերմանվում այն կարծիքը, թե խորհրդարանական ընտրությունները կոպտորեն կեղծվելու են։ Այս մասին չեն դադարում պնդել ընդդիմադիր քաղաքական ուժերը և նրանց ենթակա ԶԼՄ-ները։
Կարդալ ավելին...