ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆ
21.08.2012, Իրավունք
Տասն օր է անցել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ բանակցություններից հետո: Մեր երկրների նախագահների հանդիպման հանդեպ հետաքրքրությունը խորացել էր նաեւ դրան նախորդող իրադարձություններով` Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի նախագահներ Վալենտինա Միխայիլի Մատվիենկոյի եւ Սերգեյ Եվգենիի Նառիշկինի, ՌԴ գլխավոր դատախազի, Ներքին գործերի նախարարի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցելություններով: Տարատեսակ գրանտատուների (որոնք իրենք էլ գտնվում են համաշխարհային քաղաքականության հայտնի կենտրոնների խնամակալության տակ) կողմից ֆինանսավորվող էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների արձագանքը հազվադեպորեն որքան հուզական, նույնքան էլ թունոտ-վրդովեցուցիչ էր:
Այդ հրապարակումների ճնշող մեծամասնության բովանդակությունը հանգեցվում էր այն բանին, որ Ռուսաստանն այդքան հեղինակավոր «քաղաքական դեսանտ» էր իջեցրել Հայաստան մի նպատակով` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանության վրա, որպեսզի նրա ղեկավարությունը հակվի ընդունելու Եվրասիական միություն մտնելու որոշումը: Տարատեսակ փաստարկներ բերելով, որոնք, իբր, հաստատում են իրենց իսկ առաջադրած հիպոթեզը, բազմաթիվ հրապարակումների հեղինակներն այնուհետեւ ընթանում էին քանիցս փորձարկված սխեմայով: Նրանք միաբերան «մերկացնում» էին ռուսական իշխանությունների մեքենայությունները, որոնք ամեն գնով ցանկանում են վերացնել «Ռուսական կայսրությունը», «ԽՍՀՄ-2»-ն, «Չարիքի կայսրությունը» եւ այլն: Ի հաստատումն իրենց եզրահանգումների` բերվում էին սարսափ-մեջբերումներ, որոնք, իբր, բնութագրական են այսօրվա Ռուսաստանի համար: Դրանք վերցվում են այդ նույն ռուսական մամուլից, որն, ավաղ, լեփլեցուն է դրանցով: Հաշվարկը պարզ էր. մեր հանրապետության մամուլ կարդացող քաղաքացիների մեջ կարծիք ձեւավորել, թե հայոց պետականության վրա կկախվի ինքնիշխանությունը կորցնելու մահացու վտանգը, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի մտնել Եվրասիական միություն: Եթե նման բան պատահի, դա, անկասկած, մեր «դեմոկրատիայի մունետիկների» կողմից կորակվի ոչ այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին: Նման հրապարակումներին հուզական լիցք հաղորդելու նպատակով այս ներբողների հեղինակները, որպես կանոն, իրենց հրապարակումներն ավարտում էին չպարտադրող հիշատակումներով իդեալական այն հեռանկարների մասին, որոնք սպասում են Հայաստանին ու բազմաչարչար հայ ժողովրդին ապագայում, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցիացիայի համաձայնագրի ստորագրումից հետո: Այդ փաստարկը, դրանց հեղինակների կարծիքով, անհերքելի էր: Իսկ այդ հեռանկարի իրականությունն ամրապնդվում էր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցիացիայի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների փաստով, որոնք մեկնարկել էին 2010թ. հուլիսի 19-ին:
Պարտադիր բերվում էին նաեւ հղումները ս.թ. մայիսի 15-ին Եվրամիության հրապարակած հաղորդագրությանը «Ճանապարհային քարտեզի» ընդունման մասին` մինչեւ Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետությունների աշնանային գագաթաժողովը (2013թ.) Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակիցների կողմից միջոցառումների իրականացման վերաբերյալ: Իհարկե, այդ հոդվածների հեղինակների մտքով իսկ չի անցել, իրենց անկողմնակալության մասին պատրանք ստեղծելու նպատակով, գոնե ձեւականորեն մտածել այն լրջագույն հիմնախնդիրների մասին, որոնք ամենամոտ ապագայում պետք է լուծի Եվրամիությունը, հատկապես եվրոգոտու 17 երկրները: Օրինակ, վերցնեին ու հղում կատարեին Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հարցազրույցին` տպագրված ս.թ. օգոստոսի 6-ին գերմանական «Շպիգելում»: Բավական է ասել, որ ինչպես թղթակցի հարցերի, այնպես էլ դրանց տրված անկեղծ պատասխանների բովանդակությունը շատ բանի մասին է վկայում: Այսպես, «Շպիգել» հանդեսի թղթակցի` «...թվում էր, թե իտալացիների եւ գերմանացիների հարաբերությունները փոքր-ինչ մթագնել են: Շատերն են դժգոհում գերմանական կոշտությունից եւ մեծամտությունից: Ինչպե±ս կբացատրեք այդ մթնոլորտը» հարցին Իտալիայի` եվրոգոտու երրորդ տնտեսության վարչապետը միանգամայն համոզիչ է պատասխանել: «Դա իսկապես խիստ տագնապալի էր ինձ համար վերջին ամիսներին, եւ ես ասացի կանցլեր Մերկելին այստեղ, խորհրդարանում ԵՄ-ի դեմ, եվրոյի դեմ, գերմանացիների դեմ, իսկ երբեմն էլ հենց կանցլերի դեմ վրդովմունքի աճի մասին,- հարցազրույցի ժամանակ ասել է Մարիո Մոնտին:- Դա, սակայն, այն խնդիրն է, որը դուրս է գալիս միայն Գերմանիայի եւ Իտալիայի հարաբերությունների շրջանակից: Վերջին տարիներին եվրոգոտուն ուղեկցող լարվածության մեջ նկատվում են Եվրոպայի հոգեբանական փլուզման (dissolution) նշաններ: Մենք պետք է համառորեն աշխատենք` դրան վերջ տալու համար»: Կարելի էր նաեւ ԵՄ առանձին երկրների ճակատագրերի մասին ինչպես խոշոր քաղաքական գործիչների, այնպես էլ ճանաչված փորձագետների տագնապալի այլ արտահայտություններ էլ ներկայացնել, բայց, կարծում եմ, դրա կարիքը չկա: Այստեղ կարեւոր է այլ բան. թվում էր, թե Հայաստանի շատ ԶԼՄ-ների էջերում արծարծվող հակաեվրասիական կրքերը պետք է փոքր-ինչ մարեին արդեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների` ս.թ. օգոստոսի 8-ին կայացած հանդիպման բազմախոստում արդյունքներից հետո: Չէ± որ Հայաստանի ինքնիշխանության հնարավոր կորստի մասին «հավար բարձրացրած» զանազան քաղաքական փորձագետների, մեկնաբանների ողջ փաստարկումները Սերժ Ազատի Սարգսյանի եւ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հանդիպումից հետո պղպջակի պես պայթեցին: Բայց չէ¯, այդ ԶԼՄ-ների բարձրացրած հակաեվրասիական հիստերիան շարունակվում է: Այս հանգամանքը մտածել է տալիս, որ Եվրասիական միության մեջ Հայաստանի հնարավոր մուտքը խափանում է հեռուն գնացող եւ վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծեր` մշակված համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոններում: Դատելով Ռուսաստան-Հայաստան գագաթաժողովից հետո լույս տեսած հրապարակումների շփոթահար ոճից ու անկապությունից` Հարավկովկասյան տարածաշրջանում նոր աշխարհակարգի հաստատման ճարտարապետների տագնապները ոչ միայն չեն ցրվել, այլեւ ավելի են խորացել: Փորձենք պարզել, թե ինչն է նրանց այդքան տագնապեցնում: Հավանաբար, նախագահների հանդիպման մասին պաշտոնական հաշվետվության սեղմ տողերը նրանց միջավայրում տագնապալի խորհրդածությունների խթանման համար լուրջ հիմքեր ունեն: Հայաստանի նախագահը հանդիպման ընթացքում, մասնավորապես, ընդգծել է. «Չնայած հետճգնաժամային ժամանակաշրջանին` մեր առեւտրաշրջանառությունն իրականում հասել է միլիարդի սահմանագծին, մինչդեռ ես համարում եմ, որ դա սահմանը չէ, եւ առաջիկա երկու-երեք տարիներին հնարավոր է կրկնապատկել, հնարավոր է նաեւ եռապատկել մեր առեւտրաշրջանառությունը»: Օբյեկտիվորեն գնահատելու համար Հայաստանի նախագահի առաջադրած խնդրի ռազմավարական կարեւորությունը` բավական է նշել, որ 2011թ. արդյունքներով ՌԴ-ի հետ ՀՀ առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության 20.3%-ը, այն դեպքում, երբ ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառության նույն ցուցանիշը կազմել է 31,9%: Այսպիսով, Սերժ Ազատի Սարգսյանը խնդիր է առաջադրել` առաջիկա տարիներին առեւտրաշրջանառության այնպիսի մակարդակի հասնել Ռուսաստանի հետ, որը նրան առաջին տեղ կապահովի մեր հանրապետության առեւտրային գործընկերների թվում, ընդ որում` զգալիորեն առաջ անցնելով ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության համապատասխան մակարդակից: Խիստ էական է, որ նման խնդիր մեր երկրի նախագահի կողմից դրվում է այնպիսի պայմաններում, երբ ահա արդեն մի քանի ամիս Հայաստանի գրեթե բոլոր ԶԼՄ-ները, առիթով, թե անառիթ, ազդարարում են այն մասին, որ առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը ԵՄ-ի հետ խոր եւ համընդգրկուն առեւտրի համաձայնագիր է կնքելու: Այս առնչությամբ հատկանշական է, որ ս.թ. հուլիսի 20-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով այս թեմային, նշել է. «Դա ենթադրում է Հայաստանի տնտեսական համակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին: Խոսքը վերաբերում է առեւտրին եւ առեւտրին առնչվող ոլորտներին: Խոսքը վերաբերում է ոչ միայն զրոյական մաքսատուրքեր ունենալուն, որն ազատ առեւտրի հիմնաքարերից է, այլեւ առեւտրին առնչվող բոլոր համակարգերին, առաջին հերթին որակի վերահսկողության համակարգերին` ստանդարտացում, չափագիտություն, հավատարմագրում»: Էկոնոմիկայի նախարարի այս գնահատականները հատկանշական են նրանով, որ Եվրամիության հետ վերոնշյալ համաձայնագրի կնքմամբ հայկական կողմը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքաշրջանառության մեծացման, ընդ որում` էական, կոնկրետ խնդիրներ չի դնում: Այս փաստի շուրջ արժեր մտածել: Եմ-ի հետ Հայաստանի մերձեցման շատ լավատեսական թվացող հեռանկարների ֆոնին օգոստոսի 8-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը համեստորեն նշեց. «...Կա եւս մեկ կարեւոր ուղղություն` ներդրումայինը: Նախորդ ողջ ժամանակաշրջանում` այս 12-15 տարիների ընթացքում կուտակված ռուսական ներդրումների ծավալը հասել է...»: Այստեղ Սերժ Սարգսյանը շարունակեց գործընկերոջ նախադասությունը` ասելով. «հասել է օտարերկրյա բոլոր ներդրումների 50 տոկոսին»: Այնպես որ, իրավունք ունենք սպասել համապատասխան հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին առ այն, թե ինչու է Հայաստանի օրենսդրության կատարելագործումը տնտեսության ոլորտում, ի կատարումն Եվրամիության հետ պայմանավորվածությունների, բարենպաստ ազդեցություն ունենում հատկապես ռուսական ներդրողների համար... Ավելին, ինչպես ընդգծվեց վերեւներում կայացած հանդիպման ժամանակ, նկատվում է մեր երկրների տնտեսական ինտեգրման հետագա խորացման հստակ հեռանկար, ինչի մասին իր ներածական խոսքում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում. «Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայությունը համապատասխանում է ե°ւ Հայաստանի, ե°ւ Ռուսաստանի ռազմավարական շահերին: Այսօր Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը, որին բաժին է ընկնում օտարերկրյա ամբողջ ներդրումների ավելի քան 50%-ը: Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի հաստատումը մի շարք խոշոր տնտեսական նախագծերի համատեղ իրականացումն է, ինչպիսիք Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցումն է, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում իրականացվող մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերում»: Արդեն փաստորեն իրականացվող այս նախագծերի թվին անպայման պետք է դասել նաեւ այն ներդրումները, որ կատարում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Հայաստանում, որոնք, կոնցեսիայի մասին համաձայնագրի համապատասխան, կկազմեն մոտ 570 մլն դոլար` դրանց ծավալների ավելացման հեռանկարով` հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման եւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման պարագայում: Հարկ է նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵՈւ) ընկերության (որը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն իրականացնող «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է) կոնցեսիոն պարտավորություններին համապատասխան` իրականացվել են հայկական երկաթուղու գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ներդրումներ: Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ Վիկտոր Ռեբեցի` ՀԿԵՈւ-ի ղեկավար նշանակմամբ զգալի դրական տեղաշարժեր են զգացվում այդ կազմակերպության ներդրումային գործունեության մեջ: Այս փաստը բավական հատկանշական է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի` այս տարեսկզբին արած հայտարարության համատեքստում: Հայտարարությունն այն մասին էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի իրագործումը շատ բանով կախված է Իրանի շուրջ տիրող իրավիճակից: Նրա խոսքերով` կան շինարարության իրատեսական հնարավորություններ, բայց դա կարող է արվել միայն միջպետական պայմանագրերի եւ փոխհարաբերությունների շրջանակում: Եվ եթե այդ նախագիծն այս կերպ ձեւաչափ ստանա, ՀԿԵՈւ երկաթուղայինները, իհարկե, կմասնակցեն դրան, նշել է ՌԵՈւ ղեկավարը:
Պետք է ենթադրել, որ Հայաստանի Եվրասիական միություն մտնելու ընդդիմախոսներին հանգիստ չեն տալիս նաեւ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որոնք հնչեցին Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի նրա ներածական խոսքում: Նախագահը, մասնավորապես, հայտարարեց. «Մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում անվտանգության հարցերում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար չափազանց կարեւոր` Ռուսաստանի ղեկավարության կառուցողական քայլերին: Մենք շնորհակալ ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այդ ուղղությամբ մշտական ուշադրության եւ գործուն քայլերի համար»: Դյուրագրգռություն եւ խուճապ. այսպես կարելի է բնութագրել մեր երկրի չարակամների արձագանքը Կովկասում կայուն եւ խաղաղ իրադրության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին Հայաստանի նախագահի այս միանշանակ գնահատականներին: Այսպես, զգացմունքները զսպել չի կարողացել «Ազգայնական շարժում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) տնօրեն Սինան Օղանը Salam News-ին տված հարցազրույցում: Այս տխուր հարցազրույցի մասին տեղեկատվությունը զետեղվել է REGNUM լրատվական գործակալության կայքում: «Եթե Ռուսաստանն ինչ-որ ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին, դա հակամարտության մեջ կներքաշի ոչ միայն Հայաստանին, այլեւ թե° Ռուսաստանին, թե° այլ երկրների: Եթե Ռուսաստանը, չնայած դրան, այնուամենայնիվ, ուզենա օգնություն ցուցաբերել Հայաստանին, խնդրեմ, թող օգնի»,- Ռուսաստանին դա անել մեծահոգաբար թույլ է տալիս ոչ թե մի ինչ-որ գավառական մեկնաբան, այլ ինքը` Սինան Օղանը,- «բայց թող հետն էլ չմոռանա, որ այդ ժամանակ այդ պատերազմը (Սինան Օղանն արդեն որոշել է, որ պատերազմն անխուսափելի է- Ա.Գ.) ծանր դրության մեջ կդնի հենց Ռուսաստանին»: Պետք է ենթադրել, թե Սինան Օղանին կատաղեցրել են Հայաստանի նախագահի գնահատականները Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության ռազմական բաղադրիչի մասին, որոնց հավատարիմ մնալու մասին վերստին հավաստեց Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացած ճեպազրույցում. «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ կառույցների ամրապնդման համոզված կողմնակիցը եւ, ինչպես նախկինում, կներդնի բոլոր ջանքերը մեր կազմակերպության կատարելագործման ուղղությամբ... 2010թ. երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք ելնում ենք նրանից, որ այդ բազայի ներկայությունը մեր իսկ անվտանգության շահերի շրջանակում է: Երկարաձգման մասին արձանագրությունն ընդլայնեց նաեւ այդ բազայի հնարավորությունների կիրառման ոլորտը Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում»: Եվ իհարկե, պարոն Սինանը, վերլուծաբան լինելով, ըստ պատշաճի եզրակացություններ է արել Վլադիմիր Պուտինի` ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի հարցին տված պատասխանից. հարցն այն մասին էր, թե արդյոք Ռուսաստանը գործողությունների պլան ուներ Հարավային Օսիայում Վրաստանի ռազմական ագրեսիայի դեպքում: «Պլան կար, եւ, ըստ իս, դա գաղտնիք չէ, հենց այդ պլանի շրջանակում էլ գործում էր ռուսական կողմը... Պլանը պատրաստել էր Գլխավոր շտաբը դեռ 2006-ի վերջին կամ 2007թ. սկզբին... Այդ պլանի շրջանակում մոբիլիզացվեց տեխնիկան, եւ այսպես շարունակ...»,- թղթակցի հարցին պատասխանելով հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Առավել եւս չպետք է կասկածել, որ ինչպես Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբում, այնպես էլ ՀԱՊԿ-ում կան հանգամանորեն մշակված պլաններ Հայաստանի, ինչպես եւ ՀԱՊԿ ցանկացած անդամ պետության հանդեպ ցանկացած ռազմական ագրեսիայի ջախջախման վերաբերյալ: Այս իրավիճակում, անշուշտ, դժվար է հանգստացնել սեփական անզորության գիտակցումից մոլեգնած Սինան Օղանին: Հատկանշական է, որ թուրք փրփրաբերան խորհրդարանականի բացահայտ շանտաժը, չգիտես ինչու, դուրս մնաց գիշերուզօր Ռուսաստանը, ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը վատաբանող բազմաթիվ էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների ուշադրությունից: Չէ± որ ասելու բան չունեն, հո չեն կարող իրենք կանգնել իրենց իսկ սեփական երգի կոկորդին:
Արտասահմանյան դրամաշնորհների հաշվին ճարպակալող լրագրողական հանրության վրա գրեթե ցնցող ազդեցություն ունեցան Հայաստանի նախագահի խոսքերն այսպես կոչված գազային թեմայի, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գների վերաբերյալ: Սերժ Ազատի Սարգսյանի չորսուկեսամյա նախագահության ընթացքում բազմաթիվ հոդվածներ են տպագրվել, իբր, հայոց պետականության գլխին կախված Ռուսաստանի «գազային մահակի», գազի գնի թանկացման սպառնալիքով Հայաստանի իշխանությունների վրա Ռուսաստանի մշտական ճնշման եւ այլնի մասին: «Իհարկե, այսօր խոսեցինք նաեւ Հայաստան ներկրվող բնական գազի գնի վերաբերյալ կարեւոր թեմայի մասին: Կարծում եմ, որ փոխըմբռնման եկանք գնի ձեւավորման սկզբունքների շուրջ. այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից, բազմապատկած (կամ բաժանած, ինչպես կցանկանաք) Հայաստանին` նրա տնտեսության արդյունավետության պահպանմանը եւ տարածաշրջանում գործող սակագներին համադրելի բնական գազով ապահովելու անհրաժեշտությամբ: Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով: Դա իսկական դաշնակցային մոտեցում է:
Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին` մեր օրակարգի բոլոր առանցքային հարցերի շուրջ միանշանակ մոտեցման համար»:
Ըստ էության, այս պնդումներով Հայաստանի նախագահը ոչնչի հանգեցրեց Ռուսաստանի հասցեին արդեն ձանձրացրած մեղադրանքները, թե Հայաստանին մատակարարվող գազի գնի մանիպուլացման միջոցով ռուսական կողմը ճնշում է գործադրում մեր երկրի ղեկավարության վրա: Ավելին, այստեղ կարեւոր է նշել հետեւյալը. այն փաստի ամրագրումը, որ Ռուսաստանի նախագահը «միանշանակ մոտեցում ունի հայ-ռուսական օրակարգի բոլոր առանցքային հարցերի շուրջ», հիրավի, թանկ արժե, իսկ հիշատակումը, որ մեր երկրում հարգանք վայելող Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը «հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով», Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր, ավելի բարձր մակարդակի: Չէ± որ, ըստ էության, սա հայտարարություն է այն մասին, որ Ռուսաստանը հանդես է գալիս նաեւ որպես Հայաստանի տնտեսական անվտանգության երաշխավոր: Եվ հենց այս կտրվածքով պետք է դիտարկել ճեպազրույցում Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարությունն այն մասին, թե` «Ավելի լայն առումով խոսեցինք հետխորհրդային տարածքում ինտեգրացման գործընթացների վերաբերյալ: Մտածեցինք այն մասին, թե ինչ պետք է անել այն բանի համար, որ օգտվենք վերջին պայմանավորվածություններից ինտեգրացիոն առումով: Պայմանավորվեցինք, որ կստեղծենք խառը հանձնաժողով, որը պետք է դիտարկի, թե ինչպես կարելի է օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջեւ համագործակցության ոլորտում վերջին պայմանավորվածությունները Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի շրջանակում` Հայաստանի առնչությամբ, իր ողջ առանձնահատկությամբ հանդերձ: Ես նկատի ունեմ այն, որ մենք, այնուամենայնիվ, ընդհանուր սահմաններ չունենք, բայց կարելի էր մտածել ինչ-որ գործիքների կիրառման մասին, որոնք արդեն համաձայնեցված են երեք պետությունների միջեւ»: Չէ± որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունն, ըստ էության, նշանակում է մեկնարկ տալ Եվրասիական միություն Հայաստանի մուտքի համար փոխշահավետ պայմանների որոնման խիստ բարդ ու բազմակողմ, բայց եւ շատ պահանջված գործընթացին: Բացառիկ կարեւոր է թվում, որ այդ գործընթացի սկիզբը հանգամանորեն մտածված լինի եւ ընդգրկի առկա ողջ դրական փորձը, որը կուտակվել է Եվրոպական միության ստեղծման գործընթացում:
Ես գիտակցաբար այսքան մանրամասն կանգ առա Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման տառացիորեն բոլոր հանգամանքների վրա, որոնք ներկայացված են համապատասխան մամլո ամփոփագրերում, որպեսզի ցույց տամ ռուս-հայկական հարաբերությունները բնութագրող քաղաքական իրողությունների բացարձակ անհամապատասխանությունն այն մտացածին, մեր երկրների ռազմավարական գործընկերության իրական էությունը խեղաթյուրող նյութերին, որոնցով լեփլեցուն են Հայաստանի տասնյակ էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ները: Մեր երկրների դեմ սանձազերծվել է ամենաիսկական տեղեկատվական պատերազմ, որի գլխավոր նպատակը Հայաստանի Եվրասիական միություն մտնելուն խոչընդոտելն է: Հարկ է անկեղծորեն խոստովանել, որ այդ պատերազմում Հայաստանի եվրասիական ապագայի կողմնակիցներն ակնհայտորեն տանուլ են տալիս: Տանուլ տալու պատճառն ամենեւին էլ հօգուտ Եվրասիական միության փաստարկների բացակայությունը չէ, այլ այն, որ այդ աշխատանքը համակարգային չէ, չկա Եվրասիական միության երկրների հետ Հայաստանի առավել խոր տնտեսական ինտեգրման բացառիկ հրատապության տեղեկատվական ապահովում: Չի կարող չանհանգստացնել նաեւ այն հանգամանքը, որ իրենց որպես զարգացման եվրասիական ուղու կողմնակիցներ ներկայացնող կուսակցությունները սահմանափակվում են միայն այդ մասին մերկապարանոց հայտարարություններով, առանց խորապես գիտակցելու, թե որքան բախտորոշ է Հայաստանի համար այդ ճանապարհի ընտրությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ եվրասիական շարժման դրոշակակրի դերը, չգիտես ինչու, ամեն գնով ցանկանում են կապել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Ընդ որում, եթե Հայաստանի Եվրասիական միություն մտնելու ամենաբացահայտ հակառակորդները դա անում են գիտակցաբար, քանի որ չկա այդ գաղափարն ապականելու եւ վարկաբեկելու ավելի գործուն ճանապարհ, քան այն նախկին նախագահի անվան հետ կապելը, էլ չենք ասում նրա շահերը սպասարկող երկնագույն քաղաքագետի մասին: Ավաղ, ասվածը չափազանցություն չէ: Բավական է հիշել նրա հանդուգն պահվածքն աֆրիկյան սավաննաների արգելոցներում, երբ կենդանիների արքայի ու ցլազգիների հազվադեպ տեսակների նրա յուրաքանչյուր որսը վճարվում էր այնպիսի գումարներով, որոնք հավասար էին ՀՀ երկրորդ նախագահի տասնամյա ընդհանուր աշխատավարձին: Եվ նման բան իրեն թույլ էր տալիս մեր հանրապետության նախկին նախագահը, որի բնակչության 27,6%-ը նրա ապաշնորհ կառավարման վերջին, պաշտոնական վիճակագրության համաձայն, աղքատ է համարվել: Նշենք, որ աֆրիկյան արգելոցներում կատարած որսի ֆոտոռեպորտաժները երկար ժամանակ զբաղեցնում էին հայկական ԶԼՄ-ների էջերը: Ընդ որում` դրանք ուղեկցվում էին խիստ խայթիչ, բայց, ավաղ, արդարացի մեկնաբանություններով Ռ. Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանի իշխանությունների համատարած կոռումպացվածության մասին, ինչն իներցիայով, մերկապարանոց, առանց որեւէ հաստատող փաստի փորձում էին տարածել նաեւ այսօրվա Հայաստանի վրա: Եվ իհարկե, հիշատակվում էին նաեւ այն խոշոր կոռուպցիոն ռիսկերը, որոնցով ուղեկցվում էր մասնավորեցումը Ռ.Քոչարյանի կառավարման տարիներին, մասնավորապես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը, որի վաճառքի գինը մի փոքր բարձր էր հայկական արդյունաբերության այդ առաջատարի ամենամյա զուտ շահույթից, Հայկական էլեկտրացանցերի մասնավորեցումը... Կոռուպցիոն նման գործարքների ցանկը կարելի է էլի շարունակել, սակայն մեզ այլ բան է տագնապեցնում: Այդ ամենը համապատասխան ԶԼՄ-ները մատուցում էին այնպիսի մեկնաբանություններով, թե, իբր, Եվրասիական միություն Հայաստանի մտնելը բարձրաստիճան կոռումպացված չինովնիկների բաղձալի երազանքն է, որոնք այդ նոր միջպետական կառույցում իրենց կոռուպցիոն երեւակայությունների իրագործման նոր հորիզոններ կգտնեն:
Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանին ենթակա էլեկտրոնային ԶԼՄ-ներին, դրանք ավելի զգուշավոր են ընթերցող լսարանին մատուցում Հայաստանի եվրասիական ապագայի կայացման գործում նրա իբր առանցքային դերի մասին առասպելը: Ընդ որում` տարատեսակ պարզամիտ ակնարկներով, երբեմն էլ` ուղղակիորեն Հայաստանի քաղաքացիներին հասկանալ են տալիս, թե հենց Քոչարյանն է Հայաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ստվերային առաջնորդը, որը հայտարարել է, թե աջակցում է Հայաստանի Եվրասիական միություն մտնելուն: Բայց այսքանով նախկին նախագահի` Հայաստանում եվրասիական շարժման դրոշակակրի դերի զառանցական հավակնություններին ցուցաբերվող տեղեկատվական աջակցությունը չի սահմանափակվում: Թերեւս, ամենաանախորժ եւ ցածրահարգ էլեկտրոնային պարբերականը (ամենուր խոսվում է, որ խմբագիրը Ռոբերտ Քոչարյանն է), որը ՀՀ քաղաքական գործիչների մեջ արմատացած կարծիքով` ֆինանսավորվում է երկրորդ նախագահի աշխատավարձի խնայողություններից, առցանց ռեժիմով ահա արդեն ոչ մեկ տարի զբաղված է Հայաստանի գործող նախագահին եւ նրան պաշտպանող ու նրա հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցող բոլոր քաղաքական գործիչներին սեւացնելով: Ամենից հաճախ Ռ.Քոչարյանի էլեկտրոնային հղացման ցածրահարգ զազրախոսությունների հերոս են դառնում... Հայաստանի Եվրասիական միություն մտնելու կենսական կարեւորության եւ բախտորոշության համոզված կողմնակիցները: Չէ± որ ռուսական իշխանություններին պետք է ցույց տալ, որ քաղաքական այս հատվածում միայն մի գործիչ կա` Ռ.Քոչարյանը, թեկուզեւ բացահայտ որսագողական աշխարհայացքով... Մինչեւ վերջերս այս զբաղմունքն ամենեւին էլ անվնաս չէր: Պատվերով հոդվածները, որոնցում սեւացվում էին եվրասիական շարժման կողմնակից քաղաքական գործիչները, անհապաղ ուղարկվում էին Արտասահմանյան երկրների հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչությունում խրամատավորված «հայկական խլուրդին», որը բացահայտորեն պաշտպանում է Հայաստանի երկրորդ նախագահի շահերը: Ընդ որում` հարկ է նշել, որ «հայկական խլուրդն» ամեն կերպ արգելակում էր բացահայտորեն դեպի Ռուսաստան ձգտող, Հայաստանի ապագան նրա հետ սերտորեն կապող քաղաքական գործիչների, գիտական, ինժեներատեխնիկական աշխատողների, ուսուցիչների, բժիշկների, փոքր ու միջին բիզնեսի, ուսանող երիտասարդության ներկայացուցիչների շատ ու շատ հրատապ եւ կարեւոր նախաձեռնություններ: Փառք Աստծո, այս տարվա մայիսին «հայկական խլուրդի» կրպակը Ռուսաստանի Նախագահի աշխատակազմում փակվեց, իսկ գլխավոր կրպակատերը, նույն ինքը` ռուս լրագրողների կողմից քնքշորեն «հայկական խլուրդ» մկրտված Վլադիսլավ Գասումյանովը, իր շեֆի` Սերգեյ Վինոկուրովի հետեւից ազատվեց քաղաքացիական ծառայությունից: Ուզում ենք հուսալ, որ փակված են նաեւ անբարեխիղճ լոբբինգի ուղիները, եւ Ռուսաստանի Նախագահի հիշատակված վարչության նոր ղեկավարությունն էլ ավելի ուշադիր կպարզի կովկասյան քաղաքականության նրբություններն ու կօգնի իրականացնել այն մտահղացումները, որոնք մշակվել են, մասնավորապես, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վերլուծական կենտրոնի կողմից: Մանավանդ որ Եվրասիական միության եւ Հայաստանի հետագա տնտեսական ինտեգրման համակարգային աշխատանքի կազմակերպման համար վերջին տարիներին, շնորհիվ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, անձամբ Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի բարձր պրոֆեսիոնալ եւ նպատակաուղղված աշխատանքի, ստեղծվել են պատշաճ պայմաններ ինտեգրացիոն նախագծերի իրականացման համար, որոնք մեծ պրոֆեսիոնալիզմով եւ հանգամանորեն մշակվում են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Վլադիմիրի Կրիվոպուսկովի կողմից: Գոհունակություն է պատճառում այն, որ այդ աշխատանքը նոր դրական ազդակ է ստացել այն բանից հետո, երբ վերջերս Հայաստան այցելեց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Կոնստանտին Իոսիֆի Կոսաչովը: Հայաստանի եվրասիական ինտեգրման այս կարեւորագույն ուղղությունում անսպառ աշխատանք կա անելու: Ընդ որում` այդ աշխատանքը պետք է իրականացնել` հաշվի առնելով այն, որ 2009թ. մայիսի 7-ին Հայաստանը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» (ԱԳ) ծրագրում ներառված պետությունների ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով ստորագրել է համատեղ Հռչակագիրը, որի հիմքում ընկած է ԵՄ-ի եւ ԱԳ մասնակիցների միջեւ ավելի սերտ համագործակցության միջոցների ընդունումը, ինչպես նաեւ նոր նախաձեռնությունների իրականացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում: Ավելին, ինչպես վերը նշեցինք, իրագործման փուլում է գտնվում նաեւ «Ճանապարհային քարտեզը»` ԱԳ գործունեության աշխատանքային ծրագիրը մինչեւ ԵՄ-ԱԳ հերթական գագաթաժողովը, որը կկայանա 2013թ. աշնանը Վիլնյուսում: Նշենք, որ «Ճանապարհային քարտեզն» ուղղված է ԱԳ նպատակների իրագործմանը քաղաքական ասոցիացիայի եւ խոր տնտեսական ինտեգրման ոլորտում, քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնմանը եւ այլն: Ես հատուկ եմ նշում այս փաստաթղթերի մասին, որովհետեւ Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի առջեւ, կարծում եմ, կանգնած է այնպիսի համակարգային աշխատանք ծավալելու խնդիրը, որը գործնականում ցույց կտա Վլադիմիր Պուտինի գաղափարների բացարձակ կենսունակությունը, որոնք շարադրված են 2011թ. հոկտեմբերի 3-ի «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» ծրագրային հոդվածում: Հիշեցնենք, որ այս հրապարակման էությունը Եվրասիական միության նպատակահարմարության հիմնավորումն է, Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածքի ստեղծումը: Հատկանշական է, որ դեռ 2010թ. նոյեմբերին «Ռուսաստան եւ Եվրոպա. ճգնաժամի դասերի իմաստավորումից դեպի գործընկերության նոր օրակարգ» հոդվածում` հրապարակված գերմանական «Զյուդդոյչե Ցայտունգ» թերթում, այն ժամանակ դեռ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Եվրոպային առաջարկեց համատեղ զարգացման հինգ կետից բաղկացած ծրագիր. 1. Դա տնտեսությունների ներդաշնակ ընկերակցությունների ստեղծումն է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Իսկ ապագայում հնարավոր են նաեւ ազատ առեւտրի գոտիներ եւ նույնիսկ տնտեսական ինտեգրման ավելի առաջավոր ձեւեր: Մենք փաստորեն կստանանք ընդհանուր աշխարհամասային շուկա` տրիլիոնավոր դոլարների տարողությամբ... 2. Դա ընդհանուր արդյունաբերական քաղաքականությունն է` հիմնված Ռուսաստանի եւ ԵՄ տեխնոլոգիական եւ ռեսուրսային պոտենցիալների միատեղման վրա: Մանր ու միջին բիզնեսի աջակցման համատեղ ծրագրերի իրագործում, որոնք աշխատում են իրական արտադրության ոլորտում... 3. Տառացիորեն մեր դուռն է թակում Եվրոպայի միասնական էներգահամալիրի ստեղծման գաղափարը... 4. Առանց զարգացած արդյունաբերության անհնար է նաեւ եվրոպական գիտության ու կրթության առաջընթացը... 5. Իսկական գործընկերությունը մեր աշխարհամասում անհնար է, քանի դեռ պահպանվում են այն պատնեշները, որոնք խոչընդոտում են մարդկային եւ գործարար շփումներին:
Խորհելով ծրագրային այս դրույթների շուրջ` կրկին գալիս ես այն եզրակացության, որ, այո, Հայաստանի օրինակով կարելի է ցույց տալ ինտեգրացիոն գործընթացների բոլոր առավելությունները, եթե դրանք իրականացվեն Վլադիմիր Պուտինի առաջարկած ծրագրով: Հենց Հայաստանի օրինակով, որը 1999թ. հուլիսից, Եվրամիության հետ գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման նպաստավոր նախադրյալների ստեղծման աշխատանք է տանում: Հարկ է նշել, որ ԱԳ շրջանակում այդ աշխատանքը կատարվում է ինստիտուցիոնալ հիմքով, որն, իր հերթին, առանձնակի պատասխանատվություն է դնում Եվրասիական միություն Հայաստանի փուլային մուտքի «Ճանապարհային քարտեզը» մշակողների վրա:
Ավարտելով խորհրդածություններս Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների օգոստոսյան հանդիպման վերաբերյալ` կուզենայի նշել, որ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն կարող է Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարեւորագույն գործոն դառնալ: Չէ± որ, եթե նման բան պատահի, իսպառ կվերանա ոչ անհայտ ստրատեգների ցանկությունը, որոնք երազում են ամեն գնով ապակայունացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանին, ինչը, նրանց պլաններին համապատասխան, պարարտ հող կստեղծի խաղաղարար ուժեր մտցնելու համար: Թե ինչ արյունալի հետեւանքներ կունենա դա, առանձին վերլուծության թեմա է:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար,
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,
«Հյուսիսային հեռանկար»
ՀԿ վարչության նախագահ
www.amiab.am
Չէ որ Հայաստանի ինքնիշխանության հնարավոր կորստի մասին «հավար բարձրացրած» զանազան քաղաքական փորձագետների, մեկնաբանների ողջ փաստարկումները Սերժ Ազատի Սարգսյանի եւ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հանդիպումից հետո պղպջակի պես պայթեցին: Բայց չէ¯, այդ ԶԼՄ-ների բարձրացրած հակաեվրասիական հիստերիան շարունակվում է: Այս հանգամանքը մտածել է տալիս, որ Եվրասիական միության մեջ Հայաստանի հնարավոր մուտքը խափանում է հեռուն գնացող եւ վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծեր` մշակված համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոններում: Դատելով Ռուսաստան-Հայաստան գագաթաժողովից հետո լույս տեսած հրապարակումների շփոթահար ոճից ու անկապությունից` Հարավկովկասյան տարածաշրջանում նոր աշխարհակարգի հաստատման ճարտարապետների տագնապները ոչ միայն չեն ցրվել, այլեւ ավելի են խորացել: