«ՈՐՈՇ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՀԱՐԹՈՒՄ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
26.09.2003
Հետևում մնացին ԱԺ առաջին երկու եռօրյաները: Հակառակ քաղաքական գործիչների կանխատեսումների, գործընթացները խորհրդարանում շատ խաղաղ էին: Լրատվամիջոցներն ու հանրությունն էլ կատակեցին, թե սկսվել է ընդդիմության և կոալիցիայի մեղրամիսը: Որքա՞ն կտևի այն:
- Սկզբից ևեթ ասեմ, որ «քաղաքական թեժ աշնան» գաղափարն ասպարեզ է իջեցրել հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը,- ասում է ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
- Նպատա՞կը:
- Դրանից ժողովուրդը ոգևորվում է, սին հույսեր փայփայում, իսկ քաղաքական աշունը «թեժ» չլինելու պարագայում ընդդիմությունը վարկաբեկվում է: Եզրակացությունը լինում է այն, որ սրանց դեմ խաղ չկա, պետք է համակերպվենք (ինչպես տարածում են որոշ լրատվամիջոցներ՝ թերթերի խմբագիրներ ու հեռուստալրագրողներ): Իսկ ընդհանրապես ամեն ինչ շատ պրիմիտիվ է (ինչպես հեղինակները): ԱԺ-ում վարչակազմն ունի 106 ձայն, ընդդիմությունը լավագույն դեպքում՝ 25: Վերջիններս խոսում են հիմնավոր, թեժացնում իրավիճակը, իսկ քվեարկությամբ ոչ մի որոշում չի անցնում, ինչպես դա եղավ ԶԼՄ-ների, ավանդների վերադարձման և մի շարք այլ օրենքների հետ: Միայն ձայների մեծամասնությունը չի կարող արդարության չափանիշ դառնալ: Իսկ Քոչարյան-Սարգսյան քաղաքական զույգն ասում է, թե մեզ մոտ դեմոկրատիա է, թե ընդդիմությունն ինչ ուզում ասում է, բայց ժողովուրդը՝ ի դեմս ԱԺ-ում ներկայացված պատգամավորների մեծամասնության, դեմ է այդ հարցադրումներին և օրենքների նախագծերին: Ահա այդպես, վերջ կոմեդիային... Ժողովուրդը հիասթափվում է հերթական անգամ:
- Եվ էլի որքա՞ն է շարունակվելու հիասթափությունների շղթան, ի վերջո, ո՞րն է լինելու մեր երկրի, մեր ժողովրդի ճակատագիրը:
- Պետությունը, որը մի հոգու վրա է հենված, դատապարտված է կործանման: Իհարկե, օրենքի իշխանությունը գերադասելի է ցանկացած անհատի իշխանությունից: Մեզ մոտ, սակայն, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը փոխարինում է իշխանության թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական թևերին: Հայտնի ասացվածքը՝ «Ավելի լավ է գործ ունենալ մի այլ Աստված ունեցող անձի հետ, քան այնպիսի մարդու, որն ընդհանրապես Աստված չունի», վերաբերում է հիշատակածս անձանց: Այդ զույգը նման է այն «ճարպիկ գողին», որին հաջողվում է կախել տալ իր իսկ կողմից կողոպտվածին:
- Որքան կռահում եմ, ակնարկում եք պերմանենտ ընտրությունների շղթան:
- Այո՛, որովհետև ժողովրդավարության ողջ հանդիսակարգը, նրա թագն ու պսակն ընտրություններն են: Վախի, շանտաժի, սնանկացման վտանգի և ահաբեկչության շնորհիվ Քոչարյանին ու Սարգսյանին հաջողվեց 2003թ. փետրվարի 19-ին բոլոր բիզնեսմեններին, պետական ապարատի, ոստիկանության, դատախազության, հարկային, ազգային անվտանգության և այլ ոլորտների աշխատողներին ստիպել՝ իրենց խղճին և համոզմունքներին հակառակ զանգվածային ընտրախախտումներ կատարել և Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ դարձնել: Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել: Անկասկած է, մարդիկ, ովքեր ստիպված են եղել ապօրինություններ կատարել, երբեք չեն ներելու Ռոբերտ Քոչարյանին: Նրանք իրենց հոգու հանգստության, հարազատների, զավակների ապագայի համար կըմբոստանան իրենք իրենց ու այն մարդկանց դեմ, ում դրդմամբ կատարել են այդ քայլը: Կարդալ ավելին...