ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱԴՐԵԼՈՒ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ
25.09.2012, Իրավունք
Վերջին երեք շաբաթներին ծավալված իրադարձություններն ինձ անտարբեր թողնել չէին կարող։ Մեծ էր տագնապներս ու խոհերս ընթերցողների հետ կիսելու ցանկությունս։ Եվ այսպես, 2012թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) և բազմամիլիոն սփյուռքահայությունը տոնում էին համայն հայության ազգային տոնը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձը։ Այդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և մեր հանրապետության քաղաքացիների անունով բազմաթիվ շնորհավորանքներ ստացվեցին աշխարհի բազմաթիվ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Բելառուսի... ղեկավարների, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից։ Հայաստանին և հայ ժողովրդին շնորհավորանքներից անմասն չմնաց նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Հենց այդ օրը, Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների չորրորդ խորհրդակցության ժամանակ, նա իր ելույթով, ըստ էության, նրանց նախապատրաստեց ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ լայնածավալ տեղեկատվական պատերազմի ծավալմանը։ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը Ի.Ալիևը հայտարարեց համաշխարհային կարծիքի, միջազգային կազմակերպությունների նախապատրաստումը, որպեսզի նրանք հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անխուսափելի է։ Իսկ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոց հայտարարվեցին ստի տարածումը, պատմական փաստերի և արդի իրողությունների բիրտ աղավաղումը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը որպես «բուն ադրբեջանական հողերն օկուպացրած» պատերազմի բազեներ ներկայացնելը։ Իր ելույթում Ադրբեջանի նախագահը քանիցս հղում կատարեց տարբեր բանաձևերի, որոնք ընդունվել են «անընդհատ ավելացող մեր (նկատի ունի Ադրբեջանը- Ա.Գ.) բարեկամների, աշխարհի բարեկամ երկրների կողմից», որոնք «միջազգային կազմակերպություններում բավական արդարացի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հարցով մեր շահերն ապահովող բանաձևեր են ընդունել»։ Հատկանշական է, որ Ի.Ալիևը «բավական արդարացի» է համարում միայն այն բանաձևերը, որոնք ապահովում են սոսկ Ադրբեջանի շահերը, իսկ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի շահերը հաշիվ չեն։
Այնուհետև, միջազգային իրավունքի տեսակետից ադրբեջանական կողմի եզրահանգումների աներերության վերաբերյալ իր խոսքերին էլ ավելի մեծ համոզչություն հաղորդելու նպատակով նա հղում է կատարում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ, Իսլամական համագործակցություն կազմակերպության, Եվրախորհրդարանի, Եվրախորհրդի, Չմիանալու շարժման, ՆԱՏՕ որոշումներին ու բանաձևերին։ Սակայն, չգիտես ինչու, Ի.Ալիևը չի հիշատակում այն, թե ինչ են հորդորում Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու Ադրբեջանին ԵԱՀԿ Մինկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Ադրբեջանի նախագահը միտումնավոր լռության է մատնում այդ երկրների չորս համատեղ հայտարարությունները՝ արված 2009-ին Աքվիլայում (Իտալիա), 2010-ին Մուսքոկում (Կանադա), 2011-ին Դովիլում (Ֆրանսիա) և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, որն ընդունվել է մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում, «Մեծ քսանյակի» գագաթաժողովում։ Չգիտես ինչու, Ի.Ալիևը լռության է մատնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների վերջին հորդորը, որ հնչել է Լոս Կաբոսում. «Մենք կոչ ենք անում նախագահներին (նկատի ունեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին- Ա.Գ.) ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, որոնք հատկապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսքոկում արված հայտարարություններում սահմանված կարգավորման որոշակի տարրերով»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար այս սկզբունքների անտեսումն ադրբեջանցիների կողմից, որոնք մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 17-ամյա քրտնաջան աշխատանքի ընթացքում, լուրջ խորհելու տեղիք է տալիս այն մասին, որ գործ ունենք բանակցությունների այս ձևաչափն անտեսելու և վարկաբեկելու քաղաքականության հետ։ Եթե սրան հավելենք նաև լայնորեն տարածված և ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից մշտապես կրկնվող թեզիսը, թե ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում անցկացվող բանակցությունները սպառել են իրենց, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Իսկ վերջին ժամանակներս արդեն Ադրբեջանն իր ղեկավարության անունից տարածում է որքան մերկապարանոց, նույնքան էլ սուտ պնդումներ այն մասին, թե Հայաստանն, իբր, ինքն է տորպեդահարում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, և այս պարագայում ակնհայտ է դառնում Ադրբեջանի նախագահի բուն նպատակը. ամեն գնով խափանել խաղաղ բանակցային գործընթացը և դրա պատասխանատվությունն ու մեղքը բարդել հայկական կողմի վրա։ Այս նպատակին հասնելու համար Ի.Ալիևը ոչնչի առջև կանգ չի առնում, ընդհուպ մինչև Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված և Ադրբեջանում հերոսացված մարդասպանին՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, որը 2004թ. փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հիշեցնենք, որ երկու սպաներն էլ Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին։ Բաքվի ստրատեգները, պարզ գիտակցելով մարդասպանին արդարացնելու և հերոսացնելու փաստի հրեշավորությունը, նենգությունն ու երկերեսանիությունը, մեծ հույսեր էին կապում պաշտոնական Երևանի «տաք հակազդման» հետ և հույս ունեին, թե հայկական կողմը կհայտարարի մի երկրի հետ խաղաղ բանակցությունների անհեռանկարայնության մասին, որը փառաբանում է մարդասպանին, որի ողջ հերոսությունը մարդ սպանելն է ազգային պատկանելության հողի վրա. չէ՞ որ սպանված Գուրգեն Մարգարյաին «մեղքն» այն էր, որ հայ էր։ Բայց արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարությունը հերթական անգամ սխալ հաշվարկ է կատարել։ Համաշխարհային ողջ հանրությունը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների գործողությունները։ Կուզենայի հիշեցնել այն գնահատականների մասին, որոնք այդ առիթով հնչել են երկու օր առաջ։ Ս.թ. սեպտեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոյին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից։ Այս արարքը ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը բնութագրել է որպես «իսկական սադրանք տարածաշրջանի համար»։
Հավանաբար, նման հայտարարություն անելու ժամանակը պատահաբար չէր ընտրվել, քանի որ ադրբեջանցի քաղաքական գործիչների գործողություններում առկա սադրանքն ու հրահրումներն ավելի ու ավելի վտանգավոր բնույթ են ստանում։ Ադրբեջանական կողմի և Հայաստանի ղեկավարության իրական ձգտումներն ավելի ամբողջական պատկերացնելու համար մեջբերումներ կատարենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2012թ. սեպտեմբերի 21-ին Երևանում և Բաքվում ունեցած ելույթներից։ Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների չորրորդ խորհրդակցությունում Ի.Ալիևը հայտարարել է. «Մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը միանա որրէ քաղաքական, տնտեսական, էներգետիկ նախագծի։ Մենք մեկուսացրել ենք նրանց և չենք թաքցնում դա։ Ապագայում մեկուսացման մեր քաղաքականությունը պետք է շարունակվի։ Դա իր պտուղներն է տալիս։ Եթե գործընկերները, որոնք մեզ մշտապես մեսիջներ են հղում խաղաղ ճանապարհով հարցը լուծելու մասին (նկատի ունի ղարաբաղյան հակամարտությունը- Ա.Գ.), և իսկապես ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, ապա Հայաստանը պետք է հեռանա զավթած հողերից։ Քանի որ հակառակ դեպքում հարցի լուծումն այլ ճանապարհով չի բացառվում»,- տեղեկացնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը։ Անգամ քաղաքականության մեջ անփորձ ընթերցողը կզմայլվի Ադրբեջանի նախագահի վերջին երկու նախադասություններից։ Չէ՞ որ, ըստ էության, Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է առնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների անկեղծությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության հարցում։ Ինչ ասես արժեն նրա՝ «եթե գործընկերներն... իսկապես ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի» խոսքերը, ավելին, նա նաև շանտաժի է ենթարկում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին՝ պնդելով. «...հակառակ դեպքում հարցի լուծումն այլ ճանապարհով չի բացառվում»։ Միանգամայն այլ հնչողություն ունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առիթով հրավիրված ընդունելության ժամանակ։ Ընդունելությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին, ժամը 1800-ին, այսինքն՝ Բաքվում Ալիևի ելույթից մի քանի ժամ հետո։ «Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը,- իր ելույթում նշեց Հայաստանի նախագահը։- Ես ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման և նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաև գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության՝ ամենևին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի և ինքնապաշտպանության»: Համադրելով Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները, կարծում եմ, միջազգային կազմակերպությունները, առավել ևս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համաշխարհային հանրության ճանաչումը վայելող նախագահները հիանալի հասկանում են Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների էությունը։ Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիներն ակամա խորին բավարարության զգացում ապրեցին ՀՀ անկախության 21-ամյակի առիթով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրանց ցուցաբերած դիրքորոշումից։ Խորամուխ լինենք շնորհավորական հեռագրերի տողերի մեջ։ «Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ և ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների արմատական շահերին, ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով»,- հիշենք Վլադիմիր Պուտինի շնորհավորանքից արված այս մեջբերումը:
«Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տևական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի... Իր երկար պատմության ընթացքում հայ ժողովրդին բնորոշ է անկախության, ինքնուրույնության և գոյատևման ոգին... Անկախության համար պայքարն ընթանում է նաև այժմ, իսկ սեփական ճակատագրի ընտրված ճանապարհն անցնում է ռազմական և տնտեսական դժվարությունների միջով»,- ուշադրություն դարձնենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից արված այս մեջբերմանը։
«Սա առանձնահատուկ առիթ է՝ պատվելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները... Այժմ, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացե´ք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ...»,- սրանք էլ տողեր են՝ մեջբերված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձից։
«Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով` միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ և նշանավորվում են ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությամբ... Օգտվում եմ նաև այս առիթից` ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարևորությունն է տալիս դրան»,- մեջբերումն արված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորանքից։
Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նաև ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն։ ՉԺՀ նախագահի խոսքերով՝ չինական կողմը՝ որպես Հայաստանի մեծ բարեկամ ու գործընկեր, ուրախ է նրա քաղաքական և հասարակական կայունությամբ, տնտեսության զարգացմամբ, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ, արտաքին կապերի անշեղ ընդլայնմամբ, պետականակերտման մեջ ունեցած մեծ հաջողություններով։ «Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում»,- ասվում է ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի ուղերձում։
Ամենևին էլ պատահական չէ, որ մեջբերումներ եմ անում աշխարհի առաջատար երկրների նախագահների շնորհավորանքներից և ուղերձներից։ Բոլորովին նպատակ չեմ ունեցել հերթական անգամ մերկացնել Ադրբեջանի նախագահին ստի մեջ՝ ներկայացնելով նրա վիրավորական հարձակումները Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Դա անօգուտ զբաղմունք է։ Հարցն այլ է, ասել է թե՝ այն, որ Ի.Ալիևը հիանալի հասկանում է, որ պաշտոնական Բաքվի քաղաքականությունը, որը, նրա իսկ խոսքերով, «թույլ չի տա, որ Հայաստանը միանա որևէ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային նախագծի,... մենք մեկուսացրել ենք նրանց և չենք թաքցնում դա», լիովին սնանկ է դուրս եկել։ Այդ դեպքում օրինաչափ է հետևյալ հարցը. ինչո՞ւ է նա մոլորեցնում Ադրբեջանի դիվանագիտական կորպուսին։ Ինչի՞ վրա է հույսը դնում Ադրբեջանի ղեկավարությունը, որն իր ներքին և արտաքին քաղաքականությունը կառուցում է բացառապես ստի տարածման և, առաջին հերթին, իր իսկ ժողովրդին հիմարացնելու վրա։ Մի՞թե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու մեջ է տեսնում խանական իր ռեժիմի գոյությունը երկարաձգելու միակ միջոցը...
Ահա այստեղ կուզենայի մտովի անցում կատարել Հայաստանում ընթացող իրադարձություններին, այն նկրտումներին, որոնք կապված են նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2012թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցության արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչների (և ոչ միայն) միանգամայն անհամարժեք արձագանքի հետ։ Այդ խորհրդակցությունը բացառիկ էր ՀՀ նախագահի բարձրացրած հարցերի և կառավարությանը տրված հանձնարարականների առումով, մանավանդ որ այն հրավիրվել էր բավական բարդ մի ժամանակաշրջանում, երբ տագնապալի իրադարձություններ են տեղի ունենում Սիրիայում և Իրանի շուրջ։ Փորձեմ հիմնավորել, թե ինչու էր խորհրդակցությունն առանձնահատուկ։
Նախ հարկ է նշել, որ այն բոլոր հարցերը, որոնց վրա նախագահը հրավիրեց կառավարության և առանձին նախարարների ուշադրությունը, մեր հասարակության ուշադրության կենտրոնում են վերջին չորսուկես տարիների ընթացքում։ Ընդդիմության բոլոր հանրահավաքների ժամանակ իշխանություններին մեղադրում էին այն բանում, որ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, չեն պայքարում կոռուպցիայի և կաշառակերության դեմ, որ օրենքը Հայաստանում չի գործում, երբ բանը հասնում է բարձրաստիճան չինովնիկների և նրանց հարազատների կողմից վերահսկվող ոլորտներին, որ հանրապետության պետական բյուջեն անարդյունավետ է օգտագործվում և այլն, և այլն։ Եվ նման մեղադրանքները, անշուշտ, անհապաղ դառնում էին մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչազենքերը։
Նախագահը մանրակրկիտ անդրադարձավ այն բոլոր հարցերին, որոնց մասին խոսում էր ընդդիմությունը երկար տարիներ, փաստեց այն խայտառակ իրավիճակը, որ տիրում է քաղաքաշինության և ճանապարհաշինության, գնումների և դեղորայքի բաշխման ոլորտներում, կոնկրետ հանձնարարություններ տվեց համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։ Եվ հետաքրքիր է, որ նա ողջ խստությամբ պահանջեց իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ներկայացնող նախարարներից, որոնք այդ պաշտոնում ընդամենը 4-5 ամիս են աշխատում, կարգուկանոն մտցնել իրենց ոլորտներում, որոնք վերջին չորս-հինգ տարիներին ղեկավարում էին իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ներկայացուցիչները՝ լինի տրանսպորտի ու կապի, քաղաքաշինության, թե առողջապահության նախարարությունը։ Խորհրդակցության ժամանակ հնչած սուր քննադատությունից խիստ տրամաբանական եզրահանգում է արվում, որ ՀՀԿ–ի առաջադրած նախարարների գործունեության հանդեպ հանրապետության ղեկավարի մշակած չափանիշներն ավելի խիստ են լինելու, քան այն ժամանակ էր, երբ այդ պաշտոններին նշանակված էին կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները։ Նախագահի խոսքերից քաղելիք երկրորդ դասը Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր գործիչների համար պետք է լինի այն փաստի գիտակցումը, որ պետության ղեկավարի համբերությունը սահման ունի։ Ամենայն հավանականությամբ, որոշակի քաղաքական ուժերի, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով՝ վերջին ամիսներին փորձում էին քննարկման առարկա դարձնել ուրիշի աչքի չոփը, նրբակիրթ ձևով ասվեց, որ համն արդեն հանում են և անցնում բոլոր թույլատրելի սահմանները։ Թվում է, թե երրորդ դասը, որ պետք է քաղեր Հայաստանի քաղաքական դասը, այն փաստի գիտակցումը պետք է լինի, որ այսուհետ բարձրանում է նախարարների մակարդակով իրենց վստահված ոլորտների համար անհատական պատասխանատվության նշաձողը։ Հանրապետության նախագահն իր վճռական դժգոհությունը հայտնեց քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, առողջապահության, պաշտպանության ոլորտներում տիրող իրավիճակի համար պատասխանատու նախարարների աշխատանքից, մասնավորապես՝ սուր քննադատության ենթարկեց պետական գնումների և հանրապետության բյուջեի անարդյունավետ օգտագործման հետ կապված իրավիճակը։ Ավելին, նա նախազգուշացրեց, որ հանկարծ այնպես չստացվի, որ բոլոր բացթողումների համար երկրորդ-երրորդ կարգի պաշտոնյաները պատասխան տան, որոնք, հասկանալի է, կարող էին մասնակցություն ունենալ չարաշահումների մեջ, բայց, ինչպես շատ տեղին նշեց պետության ղեկավարը, որպեսզի խնդիրը չհանգեցվի մանր պաշտոնյաներին պատժելուն, այլ որպեսզի պատասխանատվության ենթարկվեն «Պետգնումների մասին օրենքի» խախտումների գլխավոր կազմակերպիչները։
Խիստ կարևոր է, որ հենց նախագահի շուրթերից հնչեց հանձնարարականը, որ անթույլատրելի է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը հանգեցնել մանր ու միջին գողերին բռնելուն, անհրաժեշտ է, առաջին հերթին, բացահայտել կոռուպցիոն սխեմաների կազմակերպիչներին ու տանիք կանգնողներին։ Ընդ որում՝ ընդգծվեց, որ եթե կոպիտ չարաշահումներ թույլ տված, պետության գրպանը մտած, խոշոր գումարներ սեփականած կամ պետական միջոցներն անփույթ վատնած մեկ-երկու բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության ենթարկվեն, ապա, պետության ղեկավարի համոզմամբ, Հայաստանում շատ ավելի առողջ բարոյաքաղաքական մթնոլորտ կտիրի։ Թվում էր, թե հենց կառավարական կառույցներում կոռուպցիայի դեմ պայքարն սկսելու՝ պետության ղեկավարի նախաձեռնությունը պետք է ողջունվեր ողջ քաղաքական դասի կողմից։ Բայց չէ՜։ Շատերը գտնվեցին, որ սվիններով ընդունեցին նախագահի՝ բարձրագույն կառավարական կառույցներում չարաշահումներին ու կոռուպցիային վերջ դնելու վճռականությունը։ Ընդ որում՝ բոլոր նրանք, ովքեր չարախոսում ու չարախնդում էին, փորձում էին սկզբից ևեթ պիտակներ փակցնել այս լավ նախաձեռնությանը, ամեն կերպ ցույց էին տալիս, որ լուրջ չեն ընդունում այն։ Նրանք դարձյալ ապացուցեցին, որ զուրկ են առողջ բանականությունից, որ քննադատելով իշխանությանը՝ անկեղծ չէին, այլ պարզապես կատարում էին դրսից ստացած պատվերը։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե իրենց այդօրինակ պահվածքով նրանք չեն էլ գիտակցում, որ հայտնվում են Հայաստանի քաղաքական կյանքի «մայթեզրին»։
Կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը, ունենալով Հայաստանի նախագահի հստակ հանձնարարությունները՝ կարգուկանոն մտցնել Հայաստանի տնտեսության նշված ճյուղերում, ինչպես նաև հաշվի առնելով իրենց զինանոցում առկա ամբողջ տեղեկատվությունը, որը ՀՀ նախագահի Վերահսկիչ ծառայության հիանալի աշխատանքի արդյունքն է, հետևողական կլինեն այս հարցում։ Նրանց խնդիրն ամենևին էլ այն չէ, որ մեղավորներին կախաղան բարձրացնեն։ Հարցն այն է, որ բացահայտվեն ոչ միայն առանձին պաշտոնյաների, այլև նրանց պետերի, առանձին ոլորտների ղեկավարների պրոֆեսիոնալ ապաշնորհությունը, անբարեխղճությունը կամ կոռուպցիայի և կաշառակերության փաստերը։ Իսկ գլխավորն այն է, որ երկրում ստեղծվի այնպիսի իրադրություն, որպեսզի յուրաքանչյուր ղեկավար պատասխանատու լինի իրեն վստահված ոլորտում, իր արարքների համար։ Ակնհայտ է, որ այն բոլոր չարաշահումները, որոնց մասին խոսվեց խորհրդակցությունում, տեղի են ունեցել, քանի որ այստեղ խոսքը շատ մեծ գումարների մասին էր. 1000 կամ 2000 դրամ չէ, որ վերագրես այս կամ այն պաշտոնյայի տարրական անփութությանը. կրկնեմ՝ խոսքն առանձնակի խոշոր չափի գումարների ապօրինի յուրացման մասին է։
Բայց վերադառնանք երկրի նախագահի բարձրացրած հարցերին։
Հաջորդ դասը, որ կարելի էր առնել ու հարկավոր է առնել կառավարության խորհրդակցությունից, այն բանի գիտակցումն է, որ հանրապետության ղեկավարը հետևողականություն է ցուցաբերում Հանրապետության հրապարակում 2008թ. փետրվարի 27-ի նախընտրական հանրահավաքում և նույն թվականի ապրիլի 9-ի երդմնակալության ժամանակ հնչեցրած մոտեցումների իրագործման հարցում։ Ըստ էության, դա հայ հասարակության համախմբման քաղաքականության շարունակությունն է, որը որդեգրել է հայոց պետության ղեկավարը։ Հանրապետության հրապարակում դիմելով իր կողմնակիցներին՝ նա ասաց, որ «Օպերայի հրապարակում ընդդիմության հանրահավաքին հավաքվածները մեր եղբայրներն ու քույրերն են, և մենք պետք է կարգավորենք մեր երկիրն ընդհանուր ուժերով»։ Համախմբման մասին նույն միտքը նա կրկնեց ապրիլի 9-ին, և հիմա, ըստ էության, նախագահը քաղաքական ուժերին, հասարակությանն առաջարկում է ազգի համախմբման նոր բանալի։ Դա կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծումն է։ Եվ գաղտնիք չէ, որ այդ պայքարը պետք է լինի խիստ հետևողական, քանի որ կոռուպցիայից և կաշառակերությունից հավասարապես տուժում է մեր ողջ բնակչությունը, լինեն Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հանրապետական կուսակցության, «Ազգային միաբանություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ), թե որևէ այլ կուսակցության կողմնակիցներ։ Նախագահի ընդդիմախոսներից ոչ մեկն իրենց բազմաթիվ արձագանքներում այդպես էլ չհարցրեց. կոռուպցիայի դեմ պայքարը ժողովրդի բարեկեցության բարձրացման միջո՞ց է արդյոք։ Պատասխանը միանշանակ է. այո։ Բայց չէ՞ որ բարեկեցության մակարդակի բարձրացման մենաշնորհը տրված է ո՛չ ՀՀԿ-ին, «Ազգային միաբանությանը» կամ ՀՅԴ-ին. դա համաժողովրդական խնդիր է։ Որոշ քաղաքական գործիչներ և նրանց ենթակա ԶԼՄ-ները շտապեցին պետության ղեկավարի առաջ քաշած հարցերը փիառ-ակցիա համարել։ Նման եզրակացություն անելու համար հարկավոր է առնվազն հիվանդ երևակայություն ունենալ, քանի որ հանրապետության նախագահի բոլոր ելույթները վկայում են համազգային, պետական կարևորության խնդիրների համատեղ լուծման համար հայ հասարակության և քաղաքական ուժերի համախմբման գործին հավատարմության մասին։ Հենց նման մոտեցումն է նրա վարած քաղաքականության էությունը 2008-ից սկսած։ Վերջերս, ս.թ. մայիսին, նոր կառավարություն ձևավորելիս, Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասաց. չնայած կառավարությունը ձևավորվում է երկու քաղաքական ուժերի հիման վրա, բայց դա չի խանգարի մյուս կուսակցությունների հետ համատեղ աշխատանքին։ Ոչ մի խելամիտ առաջարկություն՝ որ քաղաքական ուժի, շարժման կամ կուսակցության կողմից էլ որ արված լինի, չի կարող դուրս մնալ կառավարության տեսադաշտից կամ անտեսված ու առկախ մնալ։ Դրանով իսկ նա դարձյալ հաստատեց իր վարած քաղաքականության հետևողականությունը։
Այստեղ տագնապեցնում է ընդդիմադիր ուժերի քաղաքականության անհետևողականությունը, որոնք չորսուկես տարի անընդմեջ քննադատել են գործող իշխանությանը՝ հանձին հանրապետության նախագահի ու նրա գլխավորած կուսակցության, կաշառակերության, կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարում անհետևողական լինելու համար, իսկ հիմա, երբ նրանց քննադատությունը ոչ միայն վերցված է ի գիտություն, այլ նաև երկրի ղեկավարությունը փորձում է ընդդիմության բարձրացրած հարցերին առարկայական լուծում տալ, հանկարծ այդ նույն ընդդիմությունը կողքին կանգնելու և աջակցելու փոխարեն սկսում է ռմբահարել պետության ղեկավարի այդ նախաձեռնությունը։ Նախագահի ընդդիմախոսների նման վարքագիծը վկայում է այն մասին, որ, կրկնում եմ, կոռուպցիայի դեմ պայքարի նախանձախնդիրները կամ անկեղծ ու ազնիվ չեն եղել ժողովրդի հանդեպ, կամ էլ ինքնուրույն չեն Հայաստանի ներքին կյանքի առավել ակտուալ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործում։ Այս գործելաոճը, իհարկե, անընդունելի է, հատկապես երբ մենք տեսնում ենք նախագահի հռչակած ազգի համախմբման քաղաքական գծի առարկայական հաստատումը։
Միևնույն ժամանակ, մտահոգում է այն, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում հայտնվել են մեր տարածաշրջանն ու այդ թվում՝ Հայաստանը, երկրի ներսում կան ուժեր, որոնք խոչընդոտում են ցանկացած, անգամ ամենապահանջված նախաձեռնությանը։ Դա շատ վտանգավոր է, քանի որ նման գործողությունները սնում են թուրք-ադրբեջանական երկյակի կողմից մեզ պարտադրված տեղեկատվական պատերազմի գործակալներին, և այստեղ մեր հասարակության բոլոր առողջ ուժերը պետք է խիստ զգոն լինեն։ Հարկ է նշել նաև, որ տեղեկատվական այդ պատերազմի համատեքստում հատուկ իմաստ է ձեռք բերում մեդիա-տարածք սպրդած այն «տեղեկությունը», որը լրատվամիջոցներ ներխուժեց ՀԱՊԿ արագ արձագանքման կոալիցիոն ուժերի (ՀԱՊԿ ԱԱԿՈւ) «Փոխգործակցություն 2012» զորավարժությունների նախօրեին։ Հատկանշական է, որ իբր Հայաստան թալիբների խմբավորման (որը պետք է դիվերսիոն գործողություններ իրականացներ մեր երկրում) ներթափանցման մասին առաջին տեղեկատվությունն ի հայտ եկավ արտասահմանից ֆինանսավորվող ԶԼՄ-ներում, որոնք հստակ արտահայտված հակառուսական ուղղվածություն ունեն։
Փառք Աստծո, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվորեն արձագանքեց այս անհեթեթ տեղեկատվությանն ու միանգամայն համոզիչ կերպով հերքեց այն։ Վստահ եմ, որ այդ ապատեղեկատվությունը մեր պատշաճ մարմիններին հուշեց, թե ինչ լայն ճակատով են Հայաստանի դեմ գործում մեր դարավոր հարևան-«բարեկամները»։ Այս պայմաններում խնդիրը շատ հստակ է. չեզոքացնել մեր հարևանների խափանարար գործողությունները, ինչը մեկ օր առաջ անելը երջանկություն է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Հատկանշական և ուրախալի է, որ ՀԱՊԿ ԱԱԿՈւ «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները, որոնք փայլուն էին կազմակերպված և շատ լավ անցկացվեցին, իրարանցում և խուճապ առաջացրին որոշ երկրներում, որոնք քիչ ջանքներ չգործադրեցին դրանք ծուռ հայելում ներկայացնելու համար, ավելին՝ փորձեցին նվազեցնել անցկացված զորավարժությունների ակնհայտ հաջողությունը, սևացնել «Փոխգործակցություն 2012» զորավարժությունների՝ ժամացույցի պես աշխատող հրամանատարությանը։
Սակայն նշված ԶԼՄ-ների գլխավոր խնդիրը ոչ թե առանձին վերցրած զորավարժությունները վարկաբեկելն էր, այլ հայ իրականության մեջ մեր ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի, տարածաշրջանում կատարվող այն ամենի հանդեպ անվստահության մթնոլորտի ստեղծումը, ինչն արվում է Ռուսաստանի մասնակցությամբ։ Ըստ երևույթին, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների տեղի պնակալեզները չափից ավելի լուրջ էին վախեցել Եվրասիական միությանը Հայաստանի հետագա ինտեգրման գաղափարից, որը ժամանակի ընթացքում նորանոր համախոհներ է գտնում մեր հանրապետությունում։ Այս շարքից է նաև որոշակի ուղղվածություն ունեցոդ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե, իբր, Ռուսաստանի ղեկավարությունը դժգոհ է Հայաստանում իր դիվանագիտական հաստատությունների գործունեությունից։ Ինչպես երևում է, Հայաստանում Ռուսաստանի դեսպան, մեծարգո Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության նախագահ, իրեն բացառապես դրական կողմերով դրսևորած Վիկտոր Վլադիմիրի Կրիվոպուսկովի ներդաշնակ ու արդյունավետ աշխատանքը խափանում է Հայաստանի չարակամների պլանները... Հակառուսական ուղղվածության հրապարակումները լեփլեցուն են անհեթեթություններով։ Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններից շռայլորեն ֆինանսավորվող ԶԼՄ-ները սկսել են տեղեկատվություն տարածել այն մասին, թե մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն, իբր, հնարավոր են դարձել ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց թիկունքին կանգնած հայտնի լոբբիստական կազմակերպությունների, այլ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Ավելին, նրանց հրապարակումներում կրկնվում էր այն միտքը, թե հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախումը «ձեռնտու է Ռուսաստանին»։ Նման տեղեկատվությունը կրկնակի ստորություն է, քանի որ մարդասպանի ազատ արձակման և հերոսացման հետ կապված իրադարձությունների ամենախիստ գնահատականը տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Այդ լրատվամիջոցների տերերը ձևացնում են, թե չեն հասկանում, որ Ն.Բորդյուժան նման կոշտ քաղաքական հայտարարություն կարող էր անել միայն մի դեպքում. եթե ունենար Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատար և նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունը։ Եվ հիմա, երբ ափշերոնյան քաղաքական գործիչները և նրանց թիկունքին կանգնած ուժերը տեսան, որ Հայաստանի դեմ իրենց մտածած մեծ դավադրությունը, որը նպատակ էր հետապնդում ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դրսում առկա հայտնի ուժերի օգնությամբ թուլացնել երկիրը ներսից և այն ներքաշել Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների մեջ, ձախողվեց, նրանք փոքր-ինչ սթափվեցին։ Նոր պայմաններում նրանք փորձում են կանխել Հայաստանում նկատված դրական շարժը, որոնք ամրապնդելու կոչ արեց հանրապետության նախագահը կառավարությունում շաբաթ օրվա հանդիպման ժամանակ։
Որոշակի հարցեր է առաջացնում նաև կուսակցություններից մեկի դիրքորոշումը, որը մինչև 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրությունները կառավարական կոալիցիայի մեջ էր (խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, որը ՀՀԿ-ից հետո խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժն է- խմբ.)։ Ցավոք, առանձին քաղաքական ուժեր իրենց բազմաթիվ հարցազրույցներում բավական կանխակալ քննադատություն են հնչեցնում հանրապետության կառավարության հասցեին, թեև բաներ կան, որոնց համար արժե քննադատել կառավարությանը։ Սակայն հաճախ այդ քննադատությունը վերջնագրի և երկրի քաղաքական ղեկավարությանն ուղղված քողարկված շանտաժի տարրեր է պարունակում։ Եվ ուրեմն, կառավարության վերոնշյալ խորհրդակցության ընթացքում երկրի նախագահը, իրեն հատուկ տակտով և զսպվածությամբ, ակնարկեց, որ կառավարությունն իսկապես բավական թերություններ և խոցելի տեղեր ունի իր աշխատանքում, բայց մի շարք դեպքերում խնդրահարույց ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցրել են ամենևին էլ ոչ ՀՀԿ ներկայացուցիչները, այլ նրանց գործընկերներն իշխող կոալիցիայից։ Այնպես որ, ավելորդ չի լինի խիստ տաքացած առանձին քաղաքական գործիչներին խորհուրդ տալ, որ հանդարտվեն, վերջ տան դեմագոգիային։ Քանի որ նրանց ավելորդ ճոռոմաբանությունը կհասցնի այնտեղ, որ մեղադրյալների աթոռին կհայտնվեն նրանք, որոնց տեսնելով շատերը Հայաստանում, Ա.Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» կատակերգության հերոսի նման, կբացականչեն. «Վա՜յ։ Բոլորը ծանոթ դեմքեր են»։ Կարևորն այն է, որ ընկալվի, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը չի դիմում կտրուկ որոշումների, դա արվում է ամենևին էլ ոչ այն պատճառով, որ անհրաժեշտ կամք ու վճռականություն չունի, այլ որովհետև գիտակցում է. տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ արտաքին թշնամու պակաս չենք զգում, ապա միշտ չէ, որ բարի մտադրությունների իրագործումը տեղին ու ժամանակին է, եթե այն կարող է պարարտ հող ստեղծել արտաքին ուժերի համար, որոնք միշտ պատրաստ են սասանել պետության ներքաղաքական կայունությունը։
Ամենևին էլ պատահական չէր, որ այսքան մանրամասն կանգ առա Հայաստանում և Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Հայաստանի պարագայում հստակ երևում է երկրի քաղաքական ղեկավարության ձգտումը՝ բնակչությանը տրամադրել խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, համախմբել հայ հասարակությունը կոռուպցիայի և ամենաթողության դեմ պայքարի դրոշի ներքո։ Ընդ որում՝ մշտապես հաստատվում է Հայաստանի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Հայաստանի և Ռուսաստանի ու ՀԱՊԿ անդամ երկրների ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։ Ավելին, Հայաստանը հավաստիացնում է, որ պատրաստ է այսուհետ ևս համագործակցել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» և ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում։ Այս ամենին հակադրվում է նախագահ Իլհամ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունը, որը, հավանաբար, արդեն կորցրել է իրականության զգացողությունը և Ադրբեջանի ժողովրդին մղում է արյունահեղության և պատերազմի երախը՝ ապավինելով բազմամիլիարդ ռազմական ծախսերին։
Անկախության օրը Հայաստանը կրկին հայտարարեց խաղաղության պատրաստվելու իր վճռականության մասին, միևնույն ժամանակ չէի ուզենա, որ որևէ մեկը մոլորության մեջ ընկներ ու իր համար ոչ ճիշտ եզրակացություններ աներ, այլ հստակ գիտակցեր, որ դա չի նշանակում պատրաստ չլինել պատերազմին և ինքնապաշտպանությանը։ Ավելին, մենք առայժմ խնդիր չենք դնում Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի տոնակատարությունն սկսել զինվորական շքերթով հայոց պատմական քաղաքներում՝ սկսած Նախիջևանից...
P.S. Հոդվածն արդեն գրված էր, երբ Ռուսաստանի դաշնային տեղեկատվական REGNUM գործակալությունը հրապարակեց «Ռամիլ Սաֆարովը ծառայողական արձակուրդի մեջ է» վերնագրով տեղեկությունը։ Հատկանշական է, որ այս նորությունը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը դրանով իսկ տեղեկացրել է, որ Ռ.Սաֆարովը հանգստանում է Ադրբեջանի սահմաններից դուրս, մի երկրում, որի հետ մեր հարևանը համագործակցում է ռազմական ոլորտում։ Ընթերցողի համար դժվար չէ կռահել, թե որ երկրում է գտնվում Ռ.Սաֆարովը։ Իմանալով ադրբեջանական իշխանությունների ողջ ուխտադրժությունն ու նենգությունը՝ չի կարելի բացառել Ռամիլ Սաֆարովի ֆիզիկական ոչնչացման հնարավորությունն Ադրբեջանի և Սաֆարովին «հյուրընկալած» երկրի հատուկ ծառայությունների կողմից՝ հեռահար նպատակով. հետագայում նրա մահվան մեղքը բարդել «հայ ահաբեկիչների» վրա։ Չէ՞ որ պատահական չէ, որ հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցներում վերջին ամսվա ընթացքում քիչ թվով հոդվածներ չեն եղել Հայաստանի ազատագրման Հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia), այսպես կոչված՝ հայկական ահաբեկչության մասին։ Այդ հոդվածները և ASALA-ի մասին տեղեկատվությունները տարածվում էին այն նույն հայկական լրատվամիջոցներում, որոնք ընդդիմախոսում են ՀՀ նախագահին։ Ավելին, այս սադրիչ թեման անուշադրության չմատնեց նաև իրեն քաղաքագետ հորջորջող Ստեփան Դանիելյանը՝ ՀՀՇ-ական (ՀՀՇ – Հայոց համազգային շարժում, որի առաջնորդները ղեկավարեցին Հայաստանը 1990-1997թթ.- խմբ.) քարոզչության քսու կամակատարը։ Հինգերորդ շարասյան այս գյադան այնքան ծախված էր, որ համարձակվել էր հայ ազգային-ազատագրական շարժման կարկառուն գործիչ, ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանին «հայ տեռորիստ» համարել։ Ափսոս, որ այս ծախու գրչակի ֆեյսբուքյան տեղեկատվությունը զետեղվել է տխրահռչակ էլեկտրոնային թերթում, որի ֆինանսավորումը և խմբագրապետությունը վերագրվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն, ըստ երևույթին, իր նախագահական աշխատավարձից արած խնայողությունները ծախսում է հակազգային բնույթի հոդվածները վերատպելու վրա, միայն թե իր անունը Հայաստանում հանկարծ վերջնական մոռացության չտրվի։ Հիշեցնենք, որ 1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում, Շառլոտենբուրգի շրջանում, բազմաթիվ ականատեսների աչքի առջև գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար, հայ ժողովրդի դահիճ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին, որը վերջին օսմանյան սուլթան Մեհմեդ V-ի (իր կատարած չարագործության համար Արյունոտ մականունն ստացած սուլթան Համիդ II-ի հարազատ եղբոր) ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել էր գնդակահարության։ Հատկանշական է, որ այդ նույն՝ 1921 թվականին, հունվարի 5-ին Բեռլինի դատարանը «հուզված դահլիճի ծափահարությունների» ներքո արդարացրեց Թեհկերյանին։ Ըստ էության, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը վերածվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների՝ հայ ժողովրդի դահիճների դատավարության։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)