ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՆԵՐՔԱՇՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ
17.06.2011, Իրավունք
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակումները, չնայած իրենց ողջ բազմազանությանը, իմ կարծիքով, մի թերություն ունեն. դրանցում, որպես կանոն, չի տրվում այն իրավիճակի հստակ բնութագիրը, որի մեջ գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, և չի նշվում նրա փոխկապվածությունն այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի էությունը հասկանալու համար չեն վերլուծվում այնքան հրատապ հարցեր, որոնցից են. առաջին` ներկայումս աշխարհաքաղաքական ի՞նչ գործընթացներ են ծավալվում աշխարհում, և դրանցում ի՞նչ տեղ է հատկացվում տարածաշրջանին, երկրորդ` ուժի միջազգային կենտրոնները ղարաբաղյան հակամարտության գոտում ի՞նչ մանիպուլյացիաներով կկարողանան դրանք ենթարկեցնել Մեծ Մերձավոր Արևելքի երկրների պետական կարգի փոխակերպման` իրենց առջև դրված նպատակներին հասնելուն, երրորդ` որքանո՞վ է իրատեսական հակամարտության կարգավորման շրջանակում հասնել այն բանին, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված չլինի որպես խաղաղության և կայունության երաշխավոր Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերլուծական նյութերի մեծամասնությունում, չգիտես ինչու, չի տրվում դրա լուծման վրա Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում Թուրքիայի նոր դերի հնարավոր ազդեցության, ինչպես նաև Իսրայել պետության գործոնի հնարավոր փոխակերպման մասին գնահատականը «Նոր կարգի», ավելի ճիշտ` «անկարգության» հաստատման գործում` Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների համակողմանի խորացման համատեքստում:
Սա ամենևին էլ հարցերի ամբողջական ցանկը չէ, որոնց պատասխանները կօգնեն ավելի լավ հասկանալ այն գործընթացների էությունը, որոնք սերմանվում են որպես «կառավարելի քաոս» Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մինչև Ինդոնեզիա ընկած տարածքում: Որպես կանոն, հավուր պատշաճի ուշադրություն չի հատկացվում նաև միանգամայն էական այն դերին, որը կարող է խաղալ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում, այլև որպես ազդեցության կարևոր գործոն ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ Իրանին սահմանակից պետությունների (դրանք լինեն Սիրիան, Իրաքը, Պարսից ծոցի պետությունները, առավել ևս` Աֆղանստանը, որի ղեկավարության հետ իսլամական հանրապետությունը բարեկամական-ֆինանսական խիստ նրբանկատ հարաբերություններ է պահպանում) կայունության վրա:
ՀԱՅԵՐԻՍ, ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՎԷ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
03.06.2011, Իրավունք
Եվ այսպես, 2011թ. մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական Դովիլում, G-8-ի գագաթաժողովի շրջանակում, համատեղ Հայտարարություն (թվով երրորդը) ընդունեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ (Հայտարարություն): Անցած մի քանի օրում Հայաստանի Հանրապետության ԶԼՄ-ներում այդ Հայտարարությանը վերաբերող տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չկար: Սույն հոդվածի նպատակը չէ համաձայնել կամ վիճարկել դովիլյան փաստաթղթի վերաբերյալ գնահատականներն ու մեկնաբանությունները: Առավել կարեւոր է թվում վերլուծել մեր քաղաքական ուժերի գործողությունների արդյունավետությունը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ գալիք գագաթաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա հունիսի 25-ին` Կազանում:
Չէ± որ Հայտարարության մեջ հստակ նշված է. ՙ...մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսեւորել եւ ս. թ. հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները՚: Սրանով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հավաստեցին, որ լրիվ վստահում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական ջանքեր գործադրելու մեջ, նրան քարթ-բլանշ տվեցին` վարելու այդ բանակցություններն իրենց երկրների անունից: Հայտարարության մեջ միաժամանակ նախազգուշացում կա այն մասին, որ ՙՀետագա ձգձգումը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը - Ա. Գ.) միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը` հասնելու համաձայնության՚: Նման կոշտ գնահատական դրանից առաջ այդ պետությունների` լ’Ակվիլայում (Իտալիա) 2009 թ. հուլիսին եւ Մոսքոկում (Կանադա) 2010 թ. հունիսին ընդունած համատեղ հայտարարություններում չէր եղել: Ավելին, դովիլյան փաստաթղթում, ի տարբերություն մինչ այդ ընդունվածների, նաեւ հայտարարվել է. ՙՄենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահներս, համոզված ենք, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի` խաղաղ կարգավորմանն ուղղված վճռական քայլ անելու ժամանակը՚: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Դ. Մեդվեդեւը, Բ. Օբաման եւ Ն. Սարկոզին միանգամայն վճռական են տրամադրված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հունիսին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների մասին համաձայնություն ստորագրել տալու ուղղությամբ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆ
06-09.05.2011, Իրավունք
Ապրիլի 28-29-ին Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո անց է կացվել «Միասնությամբ ձեռք բերված Մեծ Հաղթանակ. Կովկասը Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին» երկրորդ Միջազգային միջտարածաշրջանային համաժողով:
Համաժողովի լիագումար նիստում ելույթով հանդես է եկել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Համաժողովի կազմակերպիչների գնահատմամբ Արտաշես Գեղամյանի ելույթը մեծապես կանխորոշել է համաժողովի գաղափարական ուղղվածությունը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը:
Վերջին չորս ամիսների իրադարձությունները, որոնք ցնցեցին Մեծ Մերձավոր Արևելքի երկրները, ազդարարեցին աշխարհի նոր վերափոխման, նոր աշխարհակարգի հաստատման սկզբի մասին, որին ենթադրվում է հասնել գլոբալ անկանոնություն սերմանելու միջոցով։ Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Բահրեյնում, Լիբիայում, Յեմենում, Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները մեզ համոզում են, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործնականում իրագործվում է «Կառավարելի քաոսի» տեսությունը: Ասվածի վկայությունն այս երկրներից յուրաքանչյուրում ներքաղաքական իրադրության ապակայունացման սցենարների նմանությունն է: Դրանցից ամեն մեկում միավորված ընդդիմադիր ուժերի գրոհների թիրախը այս պետությունների առաջնորդներն էին, իսկ բնակչության լայն շերտերի հուզումների նախաձեռնողը հիմնականում երիտասարդությունը: Ընդ որում՝ առավել ակտիվություն դրսևորեց երիտասարդության այն հատվածը, որը, որպես կանոն կամ ուսանել, կամ ինքնատիպ փորձառություն էր անցել Արևմուտքի երկրների «դեմոկրատիայի» համալսարաններում: Կարելի էր նաև մեկ այլ միտում նկատել. բողոքի ելույթներն սկսվելուց հետո ընդդիմությանը հարեցին գործող իշխանությունների ներկայացուցիչները` հանձինս պետապարատի և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների: Հատկանշական է, որ բողոքի զանգվածային շարժումներն իրենց դրոշների տակ էին միավորում իրենց սոցիալական դրությունից, կոռուպցիայից, իշխանությունների կամայականությունից և բացասական այլ երևույթներից օբյեկտիվորեն դժգոհ բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին, երևույթներ, որոնք տասնամյակներ կուտակվել և ներհատուկ էին Մեծ Մերձավոր Արևելքի իշխող վարչակարգերին:
Բողոքի ելույթների բնութագրական ևս մեկ առանձնահատկություն պետք է համարել վառ արտահայտված, բոլորի կողմից ընդունված խարիզմատիկ առաջնորդների բացակայության փաստը, ինչն արդյունքում բացասական հետևանքներ ունեցավ: Այստեղ խոսքն ամենևին էլ բռնապետական նոր վարչակարգերի հաստատման մասին չէ, այլ այն, որ իսկական առաջնորդների բացակայության պայմաններում հնարավոր չի թվում համախմբել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարողացել են հասնել նախկին կառավարողների պաշտոնանկությանը: Պարզ է, որ այս պետություններում կուտակված հիմնախնդիրների լուծումները (սոցիալական արդարության ապահովում, օրենքի առջև հավասարության ավանդույթների հաստատում, գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցման պահանջմունք) կարճ ժամկետում անհնար է իրականացնել: Միավորիչ գաղափարների, ինչպեսև այդ գաղափարների շուրջ ազգը համախմբելուն ունակ առաջնորդների բացակայության պայմաններում, իշխանափոխությունն իրականացնող ընդվզող շերտերի տարաբնութության պայմաններում արտաքին ուժերի համար պարարտ հող է ստեղծվում այդ երկրները «կառավարելի քաոսի» վիճակի մեջ գցելու համար։
Կարդալ ավելին...ՄԽՐՃՎՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԻ ՄԵՋ
25.02.2011, Իրավունք
Մեծ Մերձավոր Արեւելքը ցնցած վերջին իրադարձությունները լուրջ խորհրդածությունների տեղիք են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում ու Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետեւանքով, իրավիճակի ապակայունացման հնարավորության շուրջ, երկրներ, որոնք արդեն 17 տարի գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում: Ապակայունացումը դրանցից յուրաքանչյուրում, ակնհայտ է, հղի է ռազմական գործողությունների սադրումով, որը, իր հերթին, ունի լայնածավալ պատերազմի վերածվելու բոլոր նախադրյալները: Միեւնույն ժամանակ, պատմության մեջ մեկ անգամ չէ, որ անգամ ապստամբությունների եւ հեղափոխությունների թվում է թե ամենախառնակ ժամանակներում այս կամ այն ժողովուրդները, արտաքին ռազմական սպառնալիքի առկայության պարագայում, հրաժարվել են ներքին հակամարտություններ սանձազերծելուց եւ համախմբվել են թշնամուն հակազդելու համար:
Ընդ որում` ներքին անկայունություն եւ հարեւան պետությունների հետ չլուծված հակամարտություններ ունեցող պետությունների ղեկավարները կանգնել են երկընտրանքի առջեւ: Վերջիններիս ընտրությունը մեծ չի եղել. նրանք կարող են իշխանությունը հանձնել երկրում գործող արմատական ընդդիմությանը, ինչը, սակայն, ագրեսիվ տրամադրված հարեւաններին անխուսափելիորեն կգայթակղի` օգտվել իշխանության հանձնմամբ պայմանավորված անորոշության այդ շրջանից: Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունը ենթադրում է նաեւ երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխություն, ինչը կարող է ռազմական գործողությունների պատճառ դառնալ: Հնարավոր է նաեւ մեկ այլ սցենարի իրականացում. երկրում իրադրության ապակայունացման պարագայում իշխանությունները կարող են հրադադարի գծում նախաձեռնել ռազմական գործողություններ: Մեր տարածաշրջանի պայմաններում` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ: Սա բացառել չի կարելի, քանի որ ադրբեջանական կողմը վերջին տարվա ընթացքում շաբաթական միջինը մոտ 150-200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, ինչը 2010թ. հայկական կողմի համար 15 մարդու կյանք արժեցավ: Միանգամայն որոշակիորեն կարելի է պնդել, որ այս պայմաններում Հայաստանի Հանրապետության իրավիճակի ապակայունացմանն ուղղված արմատական ընդդիմության ցանկացած գործողություն հայ հասարակության զգալի մասի կողմից ընկալվելու է ոչ այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին: Երկրում ներքաղաքական իրադրության կարգավորման հնարավոր ուղիներից մեկը կարող է դառնալ արմատական ընդդիմության գործողությունների ուժային կասեցումը: Ընդ որում` հարկ է հստակ գիտակցել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ քաղաքացիների զանգվածային բողոքի ելույթները` բնակչության զգալի մասի սոցիալական վիճակի վատթարացման պատճառով, անկանխատեսելի հետեւանքներ կունենան:
Մինչ պարզաբանելը, թե Հայաստանի Հանրապետության պայմաններում որքանո՞վ է իրական սոցիալական պայթյունի հնարավորությունը, նշենք, որ մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրվածների կողմից վաղուց արդեն արեւմտյան քաղտեխնոլոգների փորձարկած մոդելները կիրառելիս` միանգամայն հնարավոր է, որ հանրահավաքներն ու երթերը վերաճեն լայն զանգվածների ապստամբության, հեղափոխության, որը վերջնարդյունքում կարող է հանգեցնել գործող ռեժիմի անկմանը: Հայաստանում իրավիճակի զարգացման նման սցենարները հաշվի առնելով` դիտարկենք, թե ինչպիսին կարող է լինել մեր երկրի ներքին գործընթացների վրա, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի, Վրաստանի ազդեցությունը: Փորձենք նաեւ հասկանալ. Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները կսահմանափակվե՞ն արդյոք այն երկրներով, որոնցում արդեն տեղի է ունեցել իշխանափոխություն կամ էլ շարունակվում են քաղաքացիների զանգվածային ելույթները: Որքանո՞վ է իրական այդ գործընթացների փոխադրվելը մեր տարածաշրջան: Պակաս կարեւոր չէ նաեւ պարզել, թե ներկայումս որքանո՞վ է արդիական Մեծ Մերձավոր Արեւելքի ժողովրդավարայնացման ծրագիրը, որն առաջ էր քաշել դեռ Ջորջ Բուշ-Կրտսերի հանրապետական վարչակազմը: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են լույս սփռել առաջիկայում Հայաստանի իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների վրա: