ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

13.04-16.04.2012, Իրավունք

Ս.թ. ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) տրվեց Հայաստանի Ազգային ժողովի ընտրարշավի մեկնարկը։ Մինչ ներկայիս ընտրարշավի առանձնահատկությունների վրա կանգ առնելը՝ մի փոքր անդրադարձ կատարենք դրան նախորդող ժամանակաշրջանին։ Վերջին ամիսների իրադարձությունների անաչառ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի սկիզբ հանդիսանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ասվածն ամենևին էլ չափազանցություն չէ։ Ինչի՞ վրա է հիմնված իմ այս եզրահանգումը, ի՞նչ փաստարկներ են հաստատում դրա հիմնավորվածությունը։ Եվ այսպես, սույն թվականի հունվարին ՀՀ հասարակությունը վկան դարձավ Հայաստանի խորհրդարանում և դրա սահմաններից դուրս ծավալված բուռն բանավեճերի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։ Այս բանավեճի նախաձեռնողները դարձան «Ժառանգություն», Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խորհրդարանական կուսակցությունները, ինչպես նաև իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը խոսում էր հեռանկարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ նույնանուն խմբակցության պատգամավորները հղումներ էին կատարում կուսակցության ծրագրային դրույթներին, սակայն, հանուն արդարության նշենք, որ նրանք այս ժամանակավրեպ գաղափարի իրագործմանն առանձնակի համառությամբ և հետևողականությամբ չէին մասնակցում։ Այս առնչությամբ հարկավոր է առանձնապես նշել, որ արտախորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին Հայ ազգային կոնգրեսում (այսուհետ՝ ՀԱԿ) միավորված կուսակցությունների, թվում է, նպատակադրվել է երկրի բնակչությանը պարտադրել այն կարծիքը, որ եթե անցում չկատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, Ազգային ժողովի գալիք ընտրություններն ի սկզբանե անհնար կլինի լեգիտիմ համարել։ Հատկանշական է, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը՝ լրացումներով, Հայաստանի Ազգային ժողովի կողմից հաստատվել է 2011թ. հունիսի 16-ին, և դրա ընդունումից հետո ինչ-որ չեմ հիշում բուռն վիճաբանություններ այս հարցի շուրջ ինչպես խորհրդարանի պատերի ներսում, այնպես էլ դրանցից դուրս։ Իսկ ս.թ. հունվարին, Ազգային ժողովի ընտրություններից դեռ 4 ամիս առաջ, կարող էր տպավորություն ստեղծվել, թե որոշակի քաղաքական ուժերի առջև միանգամայն կոնկրետ խնդիր է դրված՝ տեղեկատվական դաշտ մտցնել խորհրդարանական ընտրությունների անօրինականության մասին գաղափարը միայն այն բանի հիման վրա, որ իշխող կոալիցիան խորհրդարանում չի պաշտպանել ընդդիմության դիրքորոշումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։ Այս պնդման տեղեկատվական շրջանառության երկրորդ հիանալի առիթը Հայ ազգային կոնգրեսը և նրա համախոհները ստացան ընտրարշավի մեկնարկի հետ միաժամանակ, երբ հրապարակվեցին ընտրացուցակները։ Այդ ժամանակ բոլորը միաբերան սկսեցին պնդել, որ կեղծարարություններն ընտրությունների ժամանակ անխուսափելի են։ Ընդ որում՝ իրենց մտահանգումները ընդդիմության ներկայացուցիչները հիմնավորում էին այն փաստի պարզ անտեսմամբ, որ ընտրացուցակներում գրանցված 2 միլիոն 485 հազար 844 ընտրողների մեջ են նաև Հայաստանում գրանցված, բայց հանրապետությունից բացակայող մեր քաղաքացիները։ Իսկ որպես գլխավոր փաստարկ օգտագործվում էր տեղեկատվությունն այն մասին, որ 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված բնակչության թվաքանակը, ներառյալ նաև երկրից բացակայող քաղաքացիները, կազմում է 3 միլիոն 285 հազար մարդ, իսկ Հայաստանում ապրող բնակչության թվաքանակը 2 միլիոն 871 հազար է։ Այս վիճակագրության հաջող մանիպուլացման միջոցով այժմ արդեն հայ հասարակության մեջ էլ ավելի է ամրապնդվում և սերմանվում այն կարծիքը, թե խորհրդարանական ընտրությունները կոպտորեն կեղծվելու են։ Այս մասին չեն դադարում պնդել ընդդիմադիր քաղաքական ուժերը և նրանց ենթակա ԶԼՄ-ները։

 

Ավելին, ս.թ. ապրիլի 4-ին «Ժառանգություն», ՀՅԴ խորհրդարանական կուսակցությունները, ՀԱԿ-ը և իշխող կոալիցիայի մեջ մտնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն ստորագրեցին գալիք ընտրությունների հասարակական վերահսկողության միասնական միջկուսակցական ընտրական շտաբ ստեղծելու մասին։ Այս բոլոր նախընտրական կոլիզիաներն ուշագրավ են նրանով, որ քննարկվող հարցերից գլխավորը չի համարվում արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման բացառիկ կարևորության մասին հավուր պատշաճի կազմակերպչական ու բացատրական աշխատանք կազմակերպելու խնդիրը։ Ընտրություններ, որոնց գլխավոր նպատակը բարձր պրոֆեսիոնալ խորհրդարանի ձևավորումն է՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Դրա փոխարեն հետևողականորեն ձևավորվում է տեղեկատվական ֆոն, որը պարարտ հող է ստեղծում այն բանի համար, որ Ազգային ժողովի ընտրությունները ոչ լեգիտիմ համարվեն։ Ավելին, արդեն հիմա ընդդիմության ճամբարից կոչեր են հնչում՝ ուղղված միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների և ԱՄՆ դեսպանություններին, որպեսզի նրանք «այս անգամ խուսափեն Հայաստանում ընտրությունների վերաբերյալ շաբլոն ձևակերպումներից»։ Արտասահմանից մեր երկրի խամաճիկներին խաղացնողների մտադրությունն ակնհայտ է։ Եթե համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ֆինանսական և տեղեկատվական աջակցությունը վայելող քաղաքական ուժերը Հայաստանում քվեարկության արդյունքներով Ազգային ժողով չանցնեն կամ էլ երկրի օրենսդիր մարմնում բավականաչափ քանակությամբ ներկայացված չլինեն, ինչը թույլ չի տա հետագայում նրանց պահանջած քաղաքականությունն իրականացնել, այդ ժամանակ կգտնվեն հիմնավորումներ, որոնք վկայակոչելով էլ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կհամարվեն Հայաստանի՝ որպես ԵԽԽՎ և ԵԱՀԿ անդամի, միջազգային պարտավորություններին չհամապատասխանող։ Նման հեռանկարը լրիվ տեղավորվում է նարնջագույն սցենարներում, որոնք փոփոխական հաջողությամբ կիրառվել և շարունակում են կիրառվել հետխորհրդային երկրներում։ Սակայն այսօր ՀՀ-ում իրավիճակն այլ է, այն է՝ տարբեր միջազգային կազմակերպություններ, մեր «բարին կամեցողների»՝ Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց ճնշման տակ, ամեն կերպ կջանան անհրաժեշտ լրատվական միջավայր ձևավորել խնդիր ունենալով կասկածի տակ դնել ՀՀ նախագահի ընտրությունների լեգիտիմությունը, որոնք տեղի են ունենալու 2013թ. փետրվարին։ Այս բավական բարդ իրավիճակում, եթե երկրի առաջատար քաղաքական ուժը՝ հանձին Հայաստանի Հանրապետական կուսակցության, որի առաջնորդն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, և նրան աջակցող քաղաքական կուսակցությունները ժամանակին հակահարված չտան և չմերկացնեն Հայաստանում իրավիճակի ապակայունացման՝ արտասահմանից փայփայվող պլանները, ապա ս.թ. մայիսի 6-ի ընտրություններից հետո ՀՀ-ն կարող է հայտնվել աշխարհաքաղաքական տեսանկյունից բավական խոցելի իրավիճակում։ Այս փաստարկի օգտին է խոսում Սիրիայում և մեր բարեկամ Իրանում իրադրության անկանխատեսելի զարգացումը, ինչպես նաև Վաշինգտոնի, Բրյուսելի, Պեկինի ու Ռուսաստանի միջև դեսուդեն նետվող Թուրքիայի վարչապետի խիստ անկանխատեսելի դիրքորոշումը։ Չարժե անտեսել նաև Իսրայելի հետ Ադրբեջանի անթաքույց և անընդհատ ամրապնդվող ռազմաքաղաքական դաշինքը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ ադրբեջանական իշխանությունների չդադարող ռազմաշունչ ու ագրեսիվ հռետորաբանությունը։ Դժվար չէ կռահել, թե ինչով կսպառնա մեզ, Աստված մի արասցե, երկրի հնարավոր ներքաղաքական անկայունությունը։ Հայաստանում նման սցենարի զարգացման պարագայում համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների մեջ կարող է գայթակղություն առաջանալ՝ ՀՀ զարգացման արտաքին քաղաքական վեկտորը մղել, վերակողմնորոշել դեպի ՆԱՏՕ։ Այն, որ նման խնդիր իրենց առջև դրել են հայտնի ստրատեգները, որոնք փորձում են ցանկացած գնով օղակի մեջ առնել Իրանը, կասկածից դուրս է։ Նման պլանները խափանվում են հայ-իրանական ու ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների փաստով, որոնք բացառում են Իրանի հյուսիսային սահմանին այլ երկրների զինված ուժերի տեղակայման հնարավորությունը, ինչն արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Հայտնի է նաև, որ հյուսիսում Իրանը սահմանակից է ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև անվտանգության գոտին կազմող տարածքներին, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված այսքան ոչ միանշանակ դրության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ներկայացուցիչների ցանկացած ելույթ ուշադիր ուսումնասիրություն է պահանջում։ Այսպես, անցած շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Tert.am էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ վստահում է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը հավատում է հարցվածների ընդամենը 12 տոկոսը։ Ընդ որում՝ նա մեկնաբանել է նաև հայաստանցի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի «թե դեսպանը կամ ներողություն կնխնդրի հայ ժողովրդից, կամ կպատժի նրանց, ովքեր նրան նման տեղեկատվություն են տրամադրել։ «Այս հարցումը կատարվել էր ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից, որը վստահելի հետազոտություն կատարող կազմակերպություն է։ Իմ խոսքում ես նշել եմ, թե որ աղբյուրն է այդ թիվը նշում և ես ճշգրտորեն նշել եմ այն, ինչը այդ հարցման արդյունքն էր»,- ի պատասխան սոցիոլոգի խոսքերի՝ ասել է դեսպանը։ Հիմա հարց տանք. ի՞նչ է սա՝ համապատասխան տեղեկատվական հողի նախապատրաստո՞ւմ, որպեսզի հետագայում ոչ լեգիտիմ համարվեն Ազգային ժողովի ընտրությունները, կրկնեմ, եթե խորհրդարան չանցնեն Արևմուտքի կողմից պաշտպանվող քաղաքական ուժերը կամ նրանց ներկայացվածությունն անբավարար լինի Ազգային ժողովի նոր կազմում։ Ընդ որում՝ հարգարժան պարոն Հեֆերնը նշել է նաև, որ տարբեր կազմակերպությունների հարցումների արդյունքները տարբերվում են, բայց ինքը դա համարում է տարբեր քաղաքականության արդյունք. «Ես գիտեմ, որ այլ հարցումներ այլ արդյունքներ են ցույց տալիս։ Կյանքն է այդպիսին` տարբեր հարցումներ են, տարբեր քաղաքականություն, և տարբեր հարցումներ տարբեր արդյունքներ են տալիս»,- հայտարարել է Հեֆերնը։ Այդ նույն հարցազրույցում նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ իր ներկայացրած հարցման արդյունքները պատկանում են հուսալի կազմակերպության. «Ազգային դեմոկրատական ինստիտուտը վստահարժան կազմակերպություն է, և նրանց կատարած հարցումն էլ, կարծում եմ, նույնպես արժանահավատ է»։ Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Համարյա թե բան չի մնացել, որ ընտրարշավի ընթացքում ամեն գնով թեժացնեն նախընտրական կրքերը, ընտրողների մեջ առաջացնեն ու ամրապնդեն պետական մեքենայի (որը նրանց կողմից վերահսկվող ԶԼՄ-ները որպես հրեշ են ներկայացնում, և որը, կասկածից դուրս է, կկեղծի ընտրությունները) առջև սեփական անօգնականության զգացումը։ Ուստի, ենթագիտակցական մակարդակում դրվում է տեղեկատվությունն այն մասին, որ երկրում դեպի լավը տանող հետագա փոփոխությունների ամբողջ հույսը պետք է կապվի համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների սրտացավ ու ձեռնասուն մունետիկների հետ, որոնք օրեցօր իրենց քարոզներով ահաբեկում են հայ ընտրողին կեղծարարությունների կործանարար հետևանքներով։ Դրանով իսկ երկրում ստեղծվում է համատարած անվստահության, անորոշության հանդեպ վախի միջավայր։ Այս բավական բարդ ներքաղաքական իրավիճակում, ասես թե սատանան ծխախոտատուփից, անսպասելիորեն քաղաքական դաշտի առաջին պլան է մղվում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին արտաքին գործերի անփոփոխ նախարար Վարդան Օսկանյանը։ Սույն գործիչը, որի հիմնական զբաղմունքը նախարարի պաշտոնում գտնված ժամանակ իր բոսի՝ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի բացահայտորեն ճիզվիտական պահվածքը հարթեցնելն էր, հանկարծ առանց որևէ ամոթի ու խղճմտանքի, ժողովրդին է ներկայացել դեմոկրատիայի երդվյալ հավատավորի պատմուճանով։ Նա, չգիտես ինչու,  մոռացել է 2004թ. ապրիլի 12-ի իշխանությունների կողմից սանձազերծած ընդդիմության ծեծի մասին, որը միայն մի բան էր պահանջում՝ կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հանձնարարականները՝ երկրում նախագահ Ռ.Քոչարյանին վստահության քվե հայտնելու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Վ.Օսկանյանը, չգիտես ինչու, մոռացել է ապօրինի այն խուզարկությունների մասին, որոնք անցկացվել են ընդդիմադիր առաջնորդների տներում, այդ թվում և տողերիս հեղինակի բնակարանում։ Այսօր նա բարբաջում է մամուլի և հեռուստատեսության ազատության մասին՝ մոռանալով հանդերձ, որ իր բոսի օրոք արգելք էր դրված անգամ խորհրդարանական ընդդիմության հեռուստաելույթների վրա։ Ավելին, ինչ-որ մի բան այն չէ նրա հիշողության հետ, որ չի հիշում, թե մի ամբողջ տասնամյակ ՀՀ Հանրային Հեռուստատեսությունն օգտագործվում էր որպես ընդդիմության առաջնորդների քաղաքական հալածանքի գործիք՝ նրանց հասցեին զրպարտության և նողկալի հերյուրանքների տարածման միջոցով։ Չգիտես ինչու նրա հիշողությունից ջնջվել են իր իսկ ելույթները՝ ուղղված Ռ.Քոչարյանի ոչ պրոֆեսիոնալ գործողություններն արդարացնելուն, որոնք հանգեցրել էին 2008թ. մարտի 1-ի ցույցի 10 անմեղ մասնակիցների մահվանը Երևանում։ Այս ամենից հետո նա դեռ հանդգնում է խրատել Հայաստանի քաղաքացիներին իշխանության ու բիզնեսի սերտաճման վտանգի մասին, այն դեպքում, երբ այդ կործանարար գործընթացի կնքահայրը ոչ այլ ոք էր, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը։ Հավանաբար, Վարդան Մինասովիչն իր համար էլ անսպասելիորեն մոռացել է, որ հենց իր սիրելի Ռ.Քոչարյանի օրոք են բիզնեսի բոլոր ոլորտները քվոտավորվել անձամբ նրա կողմից, և ներկայումս ՀՀ նախագահը ստիպված է մեծ ջանքեր ներդնել՝ աստիճանաբար քանդելու համար գորդյան այս հանգույցը, որ շնչահեղձ է անում ՀՀ տնտեսությունը։ Եվ ուրեմն, ավելի ամբողջական պատկերացնելու համար Վ.Օսկանյանի քաղաքական դիմանկարը՝ նշենք, որ նա, իր բոսի՝ Ռ.Քոչարյանի հետ հայտնվելով երիտասարդ թոշակառուների դերում, բուռն գործունեություն է ծավալել իր իսկ (իհարկե, ոչ առանց Արևմուտքի օգնության) ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամում, որը շռայլորեն ֆինանսավորվում է Արևմուտքում բարեհունչ տարբեր ցուցանակների տակ ծվարած համապատասխան կառույցների կողմից։ Հավանաբար, արտգործնախարար եղած ժամանակ նա վստահություն էր նվաճել և որոշակի արժանիքներ ունի հիմնադրամի հովանավորների առջև։ Իր գոյության կարճ ընթացքում ասես առատության եղջյուրից ֆինանսավորվող այս հիմնադրամը հիմնել է իր Ինտերնետ-հեռուստատեսությունը՝ «Սիվիլ-նետ», տպագիր թերթը՝ «Օրակարգ», Ինտերնետ պարբերականը՝ “Mardik.am”, որոնց շրջանակներում սկսել է իրականացնել երեք նոր նախաձեռնություն՝ նորությունների ինտերնետ հեռարձակում, հանրային հարցախույզների անցկացում և ամեն տեսակ այլ զվարճություններ՝ նարնջագույն տարբեր գործերի համար համապատասխան բազա ստեղծելու նպատակով։ Գառան մորթի հագած այս գայլի և նրան ենթակա ԶԼՄ-ների քաղաքական նախապատվությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար մեջբերենք հատված նախկին նախարարի կողմից ղեկավարվող թերթի՝ «Օրակարգի» 2012թ. մարտի 1-ի համարում տպագրված հոդվածից։ Ի՞նչ է գրել այս թերթոնը իմ վերջին երկու գրքերի՝ ս.թ. փետրվարի 29-ի շնորհանդեսի թարմ տպավորության տակ։ Առաջին գիրքս վերնագրված էր «Ապագային ընդառաջ», իսկ երկրորդը՝ «Եվրասիական միությունը մեր ապագան է»։ Թերթին կատաղեցրել էին հենց գրքերի վերնագրերը։ Թերթը խիստ տրտմել էր. « «Եվրասիական միությունը մեր ապագան է»,- սա Արտաշես Գեղամյանի գրքի վերնագիրն է... գրքի վերնագիրն իսկ արդեն կեղծ է՝ Եվրասիական միություն գոյություն չունի։ Եթե անգամ գոյություն ունենար, նրա ամբողջ «էֆեկտիվությունը» հենց այն է, որ ապագա չունի, որովհետև դրա կարևորության մասին խոսել է բռնապետ Վլադիմիր Պուտինը, և դրանում ընդգրկվելու համաձայնություն են տվել է՛լ ավելի բռնապետական բարքերով հայտնի Բելառուսն ու Ղազախստանը»։ Պատվերով այս հոդվածի հեղինակին կատաղեցրել էր այն, որ գրքերի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել ՀՀ կառավարության Ընդունելությունների տանը, ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, ներկա էր նաև և ելույթ ունեցավ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոն։ Ափսոս, որ Վարդան Մինասիչը չգիտեր ոչ պակաս կարևոր մի մանրամասն. այդ գրքերը հրատարակվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոյի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի՝ Հայաստանում շատ հարգված դիվանագետների օժանդակությամբ։ Դիվանագետներ, ովքեր ամենաարժանավոր կերպով ներկայացնում են մեծ Ռուսաստանը, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում իրենց կոնկրետ գործերով վերջին տարիներին որակապես նոր բովանդակություն են հաղորդել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը։ Վերադառնալով «մեր ոչխարներին»՝ նշենք, որ, հավանաբար, «Սիվիլիթաս» հիմնադրամի, նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի հովանավորներին խիստ մտահոգում է Հայաստանի հնարավոր մուտքը ձևավորվող Եվրասիական միություն։ Այստեղ այլ բան է զարմացնում։ Ինչո՞վ էր առաջնորդվում Վարդան Մինասիչի ուսուցիչն ու հոգևոր հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, երբ իր քաղաքական հոգեզավակին՝ իր ձեռքի գործիք հանդիսացող Վ.Օսկանյանին, որին Հայաստանի հայրենասիրական մամուլը պսակազերծել է որպես Արևմուտքի ազդեցության գործակալի, խցկում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակ և այն էլ՝ երկրորդ համարի տակ։ Հարկ է կարծել, թե գիտակցելով, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի տեսքով քաղաքական բազայի ստեղծման նախնական մտահղացումը (որի նպատակն էր հիմնադրամը հետագայում փոխակերպել քաղաքական կուսակցության) ձախողվելու է, Քոչարյան-Օսկանյան տանդեմը որոշել է «անեքսիայի ենթարկել» արդեն կայացած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կուսակցությունը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ  այս կուսակցությունը ներկայանում է իբրև ռուս-հայկական ռազմավարական գործընկերության կողմնակից։ Չենք ուզում հավատալ, որ Ռ.Քոչարյանի այսօրինակ անբռնազբոս պահվածքը Հայաստանի նախկին նախագահի վրեժն է... Ռուսաստանից։ Չնայած մեծ քաղաքականություն վերադառնալու իր անզուսպ ու բոլորովին չարդարացված հավակնություններին՝ նա այդպես էլ չհասավ այն բանին, որ արդի Ռուսաստանի առաջնորդները հավանության արժանացնեն նրա գործողությունները, որոնք, ըստ էության, հիմնվում էին Հայաստանում իրավիճակի ապակայունացման վրա, որը պահանջված կդարձնի նրա ներկայությունը ղեկավար պաշտոններից մեկում։ Ընդ որում՝ չի կարելի բացառել նաև այն, որ թե՛ նրա, թե՛ նրան ենթակա ԶԼՄ-ների կողմից հատուկ տարածվում էր տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացման վեկտորը թեքվում է Արևմուտքի կողմը։ Ընդ որում՝ բնական է, որ նա իրեն տեսնում էր, առնվազն, ՀՀ վարչապետի դերում, իսկ հետո՝ արդեն ըստ կատարված սցենարի, ինչպես դա տեղի էր ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում։ Եվ այսօր մենք զմայլանքով ենք հետևում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների վարքագծի, հիրավի, մետամորֆոզներին, որոնք էլ ավելի թունդ են, քան նկարագրված է Էլվին Թոֆլերի քաղաքական «Իշխանության մետամորֆոզներ» բեսթսելերում։ Հիմա Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները սերտորեն բարեկամացել են ընդդեմ գործող նախագահ Սերժ Սարգսյանի։ Ներկայումս Քոչարյան-Օսկանյան երկյակի տիտանական ջանքերը նպատակաուղղված են այն բանին, որ խզեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների գործընկերային, կոալիցիոն հարաբերությունները։ Ընդ որում՝ նախկին նախագահը, հավանաբար, ցանկանում է հասկացնել Ռուսաստանի ղեկավարությանը, որ ինքն ի վիճակի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր դրածոյի՝ Վ.Օսկանյանի միջոցով սրել իրավիճակն իշխող կոալիցիայի ներսում, բանը հասցնել փոխադարձ անհաշտ քաղաքական թշնամանքի։ Գլխավորն ապացուցելն է, որ այդ ողջ գործընթացը գտնվում է նրա բարձրագույն վերահսկողության ներքո։ Նա փորձում է իր ծրագրերն իրականացնել՝ խաղարկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրինավորությունը, որը, պետք է կարծել, ի տարբերություն Քոչարյանի, չի տառապում երախտամոռության բարդույթով և չի մոռանում համատեղ անցած ուղին ինչպես քաղաքականությունում, այնպես էլ բիզնեսում։ Իհարկե, Քոչարյանին համարձակություն է տալիս համոզմունքը, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես շատ ավելի ազնիվ կգտնվի, քան ինքը, և մեջտեղ չի հանի նրա մասնակցությունը կամ, լավագույն դեպքում՝ հանցավոր անգործությունը հատկապես այնպիսի օբյեկտների ակնհայտորեն կոռուպցիոն մասնավորեցման ոլորտում, ինչպիսիք էին «Հայկական էլեկտրացանցերը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Արմենթել» ընկերության սեփականաշնորհման հետ կապված շահախարդախությունները։ Սակայն այս ամենում տագնապեցնում է մեկ այլ բան. որքան անսկզբունք ու չարացած պետք է լինել սեփական հանրապետության ու ժողովրդի հանդեպ, որ նախապես իմանալով համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հեռուն գնացող պլանների մասին՝ խաղալ նրանց նվագի տակ, ովքեր ողջ ուժով ջանում են խզել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերությունը, և առավել ևս՝ ակտիվորեն ներգրավվել այդ սցենարի իրագործմանը։ Ավելին, իր այս արկածախնդրական մտահղացումներում նա ընդգրկել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ այնտեղ ուղարկելով իր Տրոյական ձիուն։ Ուզում եմ հուսալ, որ այս հոդվածի հրապարակման պարագայում Վ.Օսկանյանն ամենայն հավանականությամբ Բուրիդանի ավանակին կհիշեցնի (Asinus Buridani inter duo prata), որը հայտնվել է ընտրության առջև. կամ մնալ Ռ.Քոչարյանի քաղաքական ինտրիգների ազդեցության ոլորտում, որը նյարդայնորեն դեսուդեն է նետվում՝ փորձելով ամեն կերպ նվաճել ռուսաստանյան քաղաքական ղեկավարության աջակցությունը (ընդ որում՝ մոռանալով այն ատելության մասին, որ իր հանդեպ տածում է ՀՀ բնակչության զգալի հատվածը), կամ էլ շարունակել խաղաղ կյանքը՝ «Սիվիլիթասի» շռայլ կերակրամանից օգտվելով։ Քոչարյանի ողջ հաշվարկը հանգում է նրան, որ ՀՀ-ում իրավիճակի ապա­կայունացման դեպքում ինքն ավելի պահանջված կդառնա և համապատասխան խնդրանքով իրեն կդիմի ռուսական կողմը։ Ուստի, ամենևին էլ պատահական չէ, որ ընտրությունների մշտադիտարկման միացյալ շտաբում տոն ստեղծում են այն մարդիկ, ովքեր քողարկում, իսկ շատ դեպքերում չեն էլ թաքցնում իրենց հակառուսաստանյան էությունը։ Իհարկե, չի կարելի անտեսել այն, որ Ռ.Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, կորցրել է իրականության զգացողությունը և ենթադրում է, թե ծայրահեղ դեպքում նախագահից իր համար ՀՀ վարչապետի պաշտոնը կկորզի, գլխավորը, որ կարողանա մեր երկրում ապակայունացնել իրավիճակը՝ ս.թ. մայիսի 6-ի ընտրությունները կեղծված հայտարարելով։ Հանուն դրա նա պատրաստ է զոհաբերել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկը։ Կարելի է ենթադրել, թե հենց սա նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը, երբ ս.թ. ապրիլի 8-ին, Աբովյան քաղաքում մեկնարկած ընտրարշավի ժամանակ, հանրահավաքի իր ելույթում հայտարարեց. «Այսօր ինձ համար ծանր է, դժվար է: Բայց ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ, բայց ժողովրդի, հանրության հավատը` սրբությամբ պահպանել: Ես երբեք ու երբեք այդ հավատը չեմ կորցնելու»։ Անշուշտ, սա ոչ միայն հուզական, այլ նաև ինչ-որ իմաստով ճիշտ հաշվարկված ելույթ էր։ Ծառուկյանի դրությունն այս օրերին, վերոնշյալ փաստարկներից ելնելով, միանշանակ չէ։

Հատկանշական է, որ իր գործողությունների զինանոցում Ռ.Քոչարյանը կարող է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետևյալ խոսքերը։ Այսպես, ապրիլի 2-ին, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, խոսելով Հայաստանում ս.թ. մայիսի 6-ին կա­յանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, դեսպանը փաստորեն իր կշտամբանքը հասցեագրեց ընդդիմությանը (նաև Քոչարյանին)՝ հայտարարելով, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ընտրություններն արդար և թափանցիկ անցնեն։ Եվ նորից կրկնեց, որ «Ազգային դեմոկրատական ինստիտուտի (ԱՄՆ- Ա.Գ.) անցկացրած հարցման ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընդամենը 12%-ն է նշել, որ ազատ ու արդար ընտրություններ է ակնկալում։ Ինչպե՞ս կվարվեն նման կասկածներ ունեցող մարդիկ. ամեն ինչ կթողնեն իշխանությունների հայեցողությա՞նը, թե՞, ինչն ավելի վատ է, պարզապես չեն օգտագործի փոփոխությունների հնարավորությունը»։ Ինչպես ասում են՝ դե, նա գիտուն է։

Հ.Գ. Պաշտոնաթող, հետն էլ՝ ժողովրդի կողմից չսիրված ՀՀ նախագահին քննադատելը մեծ բան չէ, մանավանդ ինձ համար, որը նրա կեղծ հզորության գագաթնակետին Ազգային ժողովի ամբիոնից էր դա անում նրա նախագահության երկու ժամկետների գրեթե ողջ ընթացքում։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա ես որոշակի անհարմարություն եմ զգում այն փաստի գիտակցումից, որ Ռ.Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար պայքարող Պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ իրեն հերոսաբար է դրսևորել։ Եվ դա անվիճելի ճշմարտություն է։ Ավաղ, խաղաղ ժամանակ նա չդիմացավ իշխանության և հարստության փորձությանը։ Ափսոս...

 

Արտաշես Գեղամյան,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ,

«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության

վարչության նախագահ, www.amiab.am

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր