ԵԹԵ ԲԱՆ ՈՒՆԵՔ ԱՍԵԼՈՒ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ
21.03.2012, Հայոց աշխարհ
Արդեն «բարի» ավանդույթ է դարձել, երբ Լ.Տեր-Պետրոսյանը դառնում է բացարձակապես անհետաքրքիր հանրության համար, երբ նրա անունը դադարում են հիշատակել անգամ իսկ լեւոնապաշտները, ՀԱԿ առաջնորդը դիմում է տարիներ ի վեր փորձություն բռնած հնարքին, այն է` սկսում է անվանարկել մեր կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին:
Ի տարբերություն լեւոնականների, մենք մեզ թույլ չենք տա ՀԱԿ առաջնորդին համեմատել բանջարաբոստանային մշակաբույսերի հետ (չնայած նմանությունն ակներեւ է), առավել եւս վերջերս գյուղական առանձին վայրերում որպես վառելանյութ օգտագործվող օրգանական նյութերի հետ (այստեղ էլ նույն հոտն են բուրում), դա մեր ոճը չէ:
Ուշագրավն այստեղ այն է, որ Լեւոնի նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս, դիցուք այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները հայտարարեցին խորհրդարանական առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու մասին, երբ Հանրապետական կուսակցությունը հրապարակեց իր նախընտրական ցուցակը, երբ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, քաղաքական դաշտում որոշակի դերակատարություն ունեցող այլ կուսակցություններ նախընտրական այս փուլում միմյանց հանդեպ պահպանում են կոռեկտություն եւ հանդուրժողականություն:
Իսկ նման պահվածքն իրենից մահացու վտանգ է ներկայացնում գծուծ ատելությամբ տառապող Տեր-Պետրոսյանի համար:
Եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ հանրային ընկալման առումով Արտաշես Գեղամյանի կամ Խոսրով Հարությունյանի հայտնվելը ՀՀԿ համամասնական ընտրացուցակում բացասաբար է անդրադառնալու Հանրապետականի վարկանիշի վրա, ապա պետք է ցնծար։ Չէ՞ որ 2007թ. սկսած նա երազում է Հանրապետականին ձախողված տեսնել, բա ինչո՞ւ է Գեղամյանի ազգանունը «Հանրապետականի» ցուցակում կարդալով` հերթական անգամ շողուլից ընկել:
Կարդալ ավելին...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՐԻՉ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ
20.03.2012, Հայոց աշխարհ
Կարելի էր չանդրադառնալ «պահպանողական» անունը կրող կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հայտարարությանը, թե «Սպասում ենք այդ քաղաքական ուժի ծնունդին, որն առանց ռեալպոլիտիկի հետեւում թաքնվելով միավորներ հավաքելու կհայտարարի, որ Հայաստանի զարգացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, ՀԱՊԿ-պես փտած կառույցը, ԱՊՀ կոչված անախրոնիզմը, որ մեր պետական անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ արեւմտյան քաղաքակրթությունն է իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով»:
Սակայն, կարծում ենք, արհամարհել ի սկզբանե արհամարհված տարրին, որը թերեւս վերջին հինգ տարիների ընթացքում նորովի ներկայացավ հանրությանը` անորսալի կովբոյ Ջոյի կարգավիճակում, չի կարելի:
Հիշո՞ւմ եք քաղաքական այս ծաղրածուի «Նամակները ընդհատակից», երբ 2008թ. մարտյան հայտնի դեպքերից հետո սա խրոխտ նամակներ էր գրում, պնդում, իբր, սատարում էր անազատության մեջ հայտնված Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, դյուրահավատ ընթերցողին հասկացնում, թե ինքը թաքնվում է իշխանություններից եւ իր պայքարը մղում է խոր ընդհատակից: Եվ այսպես` ամիսներ շարունակ:
Երբ այս նորօրյա հեղափոխականն արդեն բոլորին ձանձրացրեց ընդհատակից բուռն գործունեություն ծավալելու իր ակնարկներով, հանրապետության պատկան մարմինները, այնուամենայնիվ որոշեցին անդրադառնալ նրան, այն էլ ոչ թե նրա ընդհատակյա «վտանգավոր» գործունեությունը կանխելու նպատակով, այլ պարզապես, որ դյուրահավատ ընթերցողի մեջ տպավորություն չստեղծվի, թե մեր անվտանգության մարմիններն այն աստիճան անօգնական են, որ չեն կարող իր գտնվելու վայրը ճշտել:
Ուստի նրանք հանդես եկան կարճ հաղորդագրությամբ, որի առանցքը, ավելի ճիշտ` խորհուրդն էր պարոն Միքայելին` մեկ անգամ եւս դիտի անորսալի կովբոյ Ջոյի մասին ֆիլմը: Հիշեցնենք, որ վերջինս նույնպես «թաքնվում» էր, իսկ երբ նրա հետ ամեն օր շփվողները հարց տվեցին, թե բոլորը գիտեն նրա գտնվելու վայրի մասին, ինչո՞ւ չեն ձերբակալում, պատասխանը շատ լակոնիկ էր. իսկ նա ո՞ւմ է պետք:
Հիմա գանք Միքայել-Ջոյի բացահայտ սադրիչ հայտարարությանը: Ինչ խոսք, հայտարարություն անելու վայրն ամենեւին էլ պատահական չէր ընտրված: Մինչ այդ մամուլում քանիցս արծարծվել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան ամերիկյան նախագիծ, եւ Միքայելին թվում էր, թե հակառուսաստանյան իր ելույթն այդ կուսակցության համագումարում, անշուշտ, կարժանանա ճիշտ այն նույն ուշադրությանը, որին արժանացան «Ազատ դեմոկրատները» ԱՄՆ-ի դեսպանատան կողմից, երբ դուրս եկան ՀԱԿ-ից:
Բայց նա շտապեց եւ իր հայտարարությամբ, կարծում ենք, բարդ իրավիճակի մեջ գցեց նույն «Ազատ դեմոկրատների» ղեկավարներին, որոնք քանիցս պնդել են, որ քաղաքական ինքնուրույն ուժ են, որն առաջնորդվում է միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահերով:
Կարդալ ավելին...
ԲՈԼՈՐՍ ԷԼ ՍԽԱԼԱԿԱՆ ԵՆՔ
15.03.2012, Հայոց աշխարհ
«Ուզում եմ շատ կարեւոր մի բան ասել։ Ժողովուրդ ջան, ցանկացած մարդ ինչ-որ մի ժամանակ սխալվել է, ճիշտ արտահայտություն չի արել, մտքերը ճիշտ չի շարադրել կամ այդ պահին սխալ ինֆորմացիա է ունեցել, սխալ հայտարարություններ է արել, այդ թվում նաեւ Վիկտոր Դալլաքյանը եւ Արտաշես Գեղամյանը։
Բայց երկուսին էլ շատ հավանում եմ, երկուսի հետ էլ ունեմ շատ ջերմ հարաբերություններ, երկուսին էլ համարում եմ հայրենասեր մարդիկ, եւ շատ ուրախ եմ, որ նման տրամաչափի քաղաքական գործիչները, որոնց համար երկիրը, երկրի անվտանգությունը շատ ավելի կարեւոր է, քան քաղաքական դեմագոգիայով զբաղվելը կամ այլ երկրի հատուկ ծառայություններին սպասարկելը, հայտնվել են ՀՀԿ-ի ցուցակում։
Լա՞վ կլիներ, որ հայտնի կեղծարար Ջհանգիրյանի նման մեկը հայտնվեր»,- հայտարարեց երեկ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ։
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ
13.03-15.03.2012, Հայոց աշխարհ
Վերջերս՝ փետրվարի 26-ին, Ստամբուլում եւ թուրքական մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքներ՝ կապված Ստեփանակերտի մերձակա Խոջալու ավանի դեպքերի 20-ամյակի հետ։
Ընդ որում՝ մասնավորապես Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ակցիաներին մասնակցում էին Թուրքիայի առաջատար մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը եւ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն։
Ցույցերի մասնակիցները պարզել էին պաստառներ նողկալի մակագրություններով. «Դուք՝ բոլոր հայերդ, դուք բոլորդ տականքներ եք», «Այսօր Թաքսիմը, վաղը՝ Երեւանը. մենք հանկարծ կհայտնվենք ձեզ մոտ, գիշերով», «Դուք՝ բոլոր հայերդ, վիժման զոհեր եք», «Մուբարիզ, մենք բոլորս կշարունակենք քո արդար գործը» (խոսքը երեք քնած հայի սպանող Մուբարիզ Ահմեդովի մասին է), «Օգյուն, դու մեր Գորշ գայլն ես» (սա արդեն Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթի մասին է)։
Եվրամիությունը, դեպի ուր, ի դեպ, վաղուց մղվում է Թուրքիան, մտահոգություն է արտահայտել հակահայկական հանրահավաքների առիթով։ Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ Անկարան ցայսօր օրենք չի ընդունել կրոնական փոքրամասնությունների հանդեպ էթիկայի վերաբերյալ։ «Նոր օրենսդրության անհրաժեշտություն կա, որը թույլ կտար արդյունավետորեն հետապնդել ատելության հրահրման դեպքերը»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ։
Ինչպեսեւ պետք էր սպասել, Թուրքիայի իշխանությունները ինքնատիպ ձեւով արձագանքեցին այդ նացիստական, մարդատյաց ակցիաներին։ Այսպես, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրապարակավ արտահայտվեց այն մասին, թե Խոջալուի հիշատակին նվիրված ակցիաների կազմակերպումը բնական եւ անհրաժեշտ երեւույթ է. «Մեր ադրբեջանցի եղբայրներին ցավակցելը մեր պարտքն է, բայց նման կարգախոսները, ովքեր էլ որ դրանք արտահայտեն, անընդունելի են»,- ասել է դիվանագետը, միաժամանակ չհիշատակելով, որ նացիստական այդ գինարբուքը Թաքսիմի հրապարակում տեղի էր ունենում ներքին գործերի նախարարի եւ Ստամբուլի նահանգապետի մասնակցությամբ։
Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ Թաքսիմի հրապարակում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ֆաշիստական այդ ակցիային մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, մինչեւ վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրա անունն ադրբեջանական լրատվամիջոցները հիշատակում են նացիստական այս խրախճանքի գլխավոր կազմակերպիչների եւ ֆինանսիստների հետ նույն շարքում։
Կարդալ ավելին...