ԵԹԵ ԲԱՆ ՈՒՆԵՔ ԱՍԵԼՈՒ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

21.03.2012, Հայոց աշխարհ

Արդեն «բարի» ավանդույթ է դարձել, երբ Լ.Տեր-Պետրոսյանը դառնում է բացարձակապես անհետաքրքիր հանրության համար, երբ նրա անունը դադարում են հիշատակել անգամ իսկ լեւոնապաշտները, ՀԱԿ առաջնորդը դիմում է տարիներ ի վեր փորձություն բռնած հնարքին, այն է` սկսում է անվանարկել մեր կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին:

Ի տարբերություն լեւոնականների, մենք մեզ թույլ չենք տա ՀԱԿ առաջնորդին համեմատել բանջարաբոստանային մշակաբույսերի հետ (չնայած նմանությունն ակներեւ է), առավել եւս վերջերս գյուղական առանձին վայրերում որպես վառելանյութ օգտագործվող օրգանական նյութերի հետ (այստեղ էլ նույն հոտն են բուրում), դա մեր ոճը չէ:

Ուշագրավն այստեղ այն է, որ Լեւոնի նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս, դիցուք այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունները հայտարարեցին խորհրդարանական առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու մասին, երբ Հանրապետական կուսակցությունը հրապարակեց իր նախընտրական ցուցակը, երբ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, քաղաքական դաշտում որոշակի դերակատարություն ունեցող այլ կուսակցություններ նախընտրական այս փուլում միմյանց հանդեպ պահպանում են կոռեկտություն եւ հանդուրժողականություն:

Իսկ նման պահվածքն իրենից մահացու վտանգ է ներկայացնում գծուծ ատելությամբ տառապող Տեր-Պետրոսյանի համար:

Եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ հանրային ընկալման առումով Արտաշես Գեղամյանի կամ Խոսրով Հարությունյանի հայտնվելը ՀՀԿ համամասնական ընտրացուցակում բացասաբար է անդրադառնալու Հանրապետականի վարկանիշի վրա, ապա պետք է ցնծար։ Չէ՞ որ 2007թ. սկսած նա երազում է Հանրապետականին ձախողված տեսնել, բա ինչո՞ւ է Գեղամյանի ազգանունը «Հանրապետականի» ցուցակում կարդալով` հերթական անգամ շողուլից ընկել:

 

Օգտվելով առիթից` դիմում ենք խորհրդարանական առաջիկա ընտրապայքարի բոլոր մասնակիցներին: «Ազգային Միաբանություն կուսակցության» քաղաքականությունը երկրին հուզող արտաքին եւ ներքին խնդիրների լուծման վերաբերյալ շարադրված են մեր կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի` նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանում հրատարակված ստվարածավալ չորս ժողովածուներում:

Եթե, ըստ էության, բան ունեք ասելու դրանց բովանդակության, կատարված վերլուծությունների վերաբերյալ, ապա այդ հարցերի շուրջ սիրով պատրաստ ենք քաղաքակիրթ ձեւով բանավիճել: Դրա այլընտրանքը գծուծ ատելության մթնոլորտի ձեւավորումն է, որին հետամուտ է եղել Տեր-Պետրոսյանը:

ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության»փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր