ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ

13.03-15.03.2012, Հայոց աշխարհ

Վերջերս՝ փետրվարի 26-ին, Ստամբուլում եւ թուրքական մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքներ՝ կապված Ստեփանակերտի մերձակա Խոջալու ավանի դեպքերի 20-ամյակի հետ։

Ընդ որում՝ մասնավորապես Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ակցիաներին մասնակցում էին Թուրքիայի առաջատար մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը եւ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն։

Ցույցերի մասնակիցները պարզել էին պաստառներ նողկալի մակագրություններով. «Դուք՝ բոլոր հայերդ, դուք բոլորդ տականքներ եք», «Այսօր Թաքսիմը, վաղը՝ Երեւանը. մենք հանկարծ կհայտնվենք ձեզ մոտ, գիշերով», «Դուք՝ բոլոր հայերդ, վիժման զոհեր եք», «Մուբարիզ, մենք բոլորս կշարունակենք քո արդար գործը» (խոսքը երեք քնած հայի սպանող Մուբարիզ Ահմեդովի մասին է), «Օգյուն, դու մեր Գորշ գայլն ես» (սա արդեն Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթի մասին է)։

Եվրամիությունը, դեպի ուր, ի դեպ, վաղուց մղվում է Թուրքիան, մտահոգություն է արտահայտել հակահայկական հանրահավաքների առիթով։ Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ Անկարան ցայսօր օրենք չի ընդունել կրոնական փոքրամասնությունների հանդեպ էթիկայի վերաբերյալ։ «Նոր օրենսդրության անհրաժեշտություն կա, որը թույլ կտար արդյունավետորեն հետապնդել ատելության հրահրման դեպքերը»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ։

Ինչպեսեւ պետք էր սպասել, Թուրքիայի իշխանությունները ինքնատիպ ձեւով արձագանքեցին այդ նացիստական, մարդատյաց ակցիաներին։ Այսպես, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրապարակավ արտահայտվեց այն մասին, թե Խոջալուի հիշատակին նվիրված ակցիաների կազմակերպումը բնական եւ անհրաժեշտ երեւույթ է. «Մեր ադրբեջանցի եղբայրներին ցավակցելը մեր պարտքն է, բայց նման կարգախոսները, ովքեր էլ որ դրանք արտահայտեն, անընդունելի են»,- ասել է դիվանագետը, միաժամանակ չհիշատակելով, որ նացիստական այդ գինարբուքը Թաքսիմի հրապարակում տեղի էր ունենում ներքին գործերի նախարարի եւ Ստամբուլի նահանգապետի մասնակցությամբ։

Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ Թաքսիմի հրապարակում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ֆաշիստական այդ ակցիային մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, մինչեւ վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրա անունն ադրբեջանական լրատվամիջոցները հիշատակում են նացիստական այս խրախճանքի գլխավոր կազմակերպիչների եւ ֆինանսիստների հետ նույն շարքում։

 

Ընթերցողներին հիշեցնենք, որ 1992թ. փետրվարի 25-26-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության զորքերը կազմակերպեցին ռազմական գործողություն՝ Խոջալու բնակավայրի մերձակայքում գտնվող ԼՂՀ-ում միակ օդանավակայանն ապաշրջափակելու եւ հենց Խոջալուում տեղակայված հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով, որոնք «Գրադ» կայանքներից գնդակոծում էին իրենց հասանելիության գոտում գտնվող կենդանի ամեն ինչ։

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի՝ Խոջալուն գրոհող ստորաբաժանումները բնակավայրի խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք տրամադրեցին, որի մասին ադրբեջանական կողմին նախապես զգուշացվել էր։ Բայց Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։ Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում։

Այդ ողբերգական իրադարձությունների թեժ հետքերով 1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա»-ում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց տվեց չեխ լրագրող Դանա Մազալովային, որից հետո նա դարձավ հալածանքների զոհ իր երկրում՝ Ադրբեջանում։ Պատճառը Ադրբեջանի առաջին նախագահի ավելորդ անկեղծությունն էր, որը հետագայում նրան իմպիչմենտ արժեցավ։

Որոշ մեջբերումներ ներկայացնենք Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցից («ՆԳ», 2.04.92)։ Թղթակցուհու «Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո դուք պաշտոնաթող եղաք։ Խոջալվեցիների դիակները գտնվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում ոտքերին է կրակել, որպեսզի չկարողանան հեռանալ։ Հետո խփել է կացնով, փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել են նրանց։

Նոր նկարահանումների ժամանակ, մարտի 2-ին, այդ նույն դիակները գանգամաշկ են արվել։ Ինչ-որ տարօրինակ խաղ է...» հարցին Այազ Մութալիբովը պատասխանել է այսպես. «Ինչպես ասում են այն նույն խոջալվեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել է, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար... Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր, որ հետո ցուցադրեր այդ կադրերը Գերագույն խորհրդի նստաշրջանում, եւ ամեն ինչ կենտրոնացներ իմ անձի վրա։ Եթե հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։

Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին էր, որ այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում, ինչո՞ւ պետք է նրանք կրակեին։ Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այն ժամանակ արդեն բավականաչափ ուժեր կային, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց կամ էլ պարզապես պայմանավորվեին, որ խաղաղ բնակիչները հեռանան։ Նման պրակտիկա միշտ է եղել»։

Այստեղ հարկ է նշել, որ Խոջալուի դեպքերից 9 տարի անց «Նովոյե վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում (2001թ. մարտի 6) Այազ Մութալիբովը հաստատեց իր հայտարարությունը. «Ակնհայտ էր, որ խոջալվեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպված էր Ադրբեջանում իշխանափոխության նպատակով»։ Որ իսկապես ադրբեջանական իշխանությունները մասնակից են եղել Խոջալուի ողբերգությանը՝ հաստատում է ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Արիֆ Յունուսովի հետեւությունը. «Քաղաքը (Խոջալուն) եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակին. թույլ չտալ, որպեսզի իշխանության գա Ադրբեջանի ժողովրդական ճակատը» («Զերկալո», 1992թ. հուլիս)։ Այսինքն՝ այս դեպքում եւս ողբերգության մեղավորներն իրենք՝ ադրբեջանցիներն են։

Կարծում ենք, որ Խոջալուի դեպքերի վերը բերված գրավոր գնահատականները «Սումգայիթ-Խոջալու. ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկնում փոսը» հոդվածի հեղինակ Ռիզվան Հուսեյնովին կասկածելու տեղիք չեն տա. նա տարիներ անց իր հոդվածում հանկարծ սկսել է եռանդագին վիճարկել 2009թ. սեպտեմբերին Ռամիզ Մամեդալի օղլի Ֆաթալիեւի՝ Ադրբեջանի Միլի մեջլիսում Խոջալուի դեպքերի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի (ստեղծված 1992թ.) ղեկավարի խոսքերը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի՝ Ֆաթալիեւը Բաքվում, Ադրբեջանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ 1992-ի փետրվարին «ընդունվել է որոշում մարդկանց Խոջալուից դուրս չբերելու մասին»։

Ի՞նչ է փնտրում նա հեռավոր եզերքում։

Եվ ահա, Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում հակահայկական տրամադրություններ հրահրող ցույցերի եւ հանրահավաքների ֆոնին «Ժամանակ» թերթը հրապարակում է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցը։

Չեմ թաքցնում, Հայաստանում անհամբերությամբ էին սպասում Թուրքիայում (Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ մերձավոր դաշնակիցը) տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական իշխանությունների արձագանքին։ Ավաղ, մեծ էր մեր հիասթափությունը, որ աշխարհում դեմոկրատիայի պատվար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով այս երկրի դեսպանը բառ անգամ չասաց այդ իրադարձությունների մասին։ Պարզության համար բերենք որոշ մեջբերումներ նրա «Հայաստանի ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում. Ջոն Հեֆերն» բացառիկ հարցազրույցից։

 

Դեսպանին տրվող հարցերն ինքնին շատ բան են վկայում։ Օրինակ, թերթի թղթակիցը հարց է տալիս. «Պարոն դեսպան, Հայաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերություններն արդեն 20 տարվա պատմություն ունեն։ Այդ տարիների ընթացքում ամենամեծ անհատույց օգնությունը Հայաստանն ստացել է ԱՄՆ-ից։ Անգամ տարիներ են եղել, երբ ՀՀ-ն Իսրայելից հետո երկրորդ երկիրն է եղել ստացվող օգնության ծավալներով։ Կարո՞ղ եք արդյոք հավաստել, որ Հայաստանը՝ որպես ԱՄՆ-ի գործընկեր, արդարացրել է ձեր երկրի սպասելիքները»։

Հարցի հեղինակի տրամաբանությամբ ստացվում է, որ ցուցաբերված «անհատույց օգնության» համար դեռ պետք է նաեւ բարերարի վստահությունն արդարացնել։ Հավանաբար հենց նման նկատառումներից ելնելով էլ օգնությունը բնորոշվել է որպես «անհատույց»։

Դեսպանը նրբանկատորեն հաստատում է. «Այդ 20 տարիների ընթացքում մեր օգնության գումարը գերազանցել է 2 մլրդ դոլարը... Ի պատասխան Ձեր հարցի կասեմ, որ այո, ՀՀ-ն ԱՄՆ-ի լավ գործընկերն է եղել նշված երեք ոլորտներում՝ տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական, մենք սերտորեն համագործակցում ենք գալիք ընտրությունների ուղղությամբ, ինչպես նաեւ կառավարման, բիզնեսի, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում»։

Դեսպանը չի ուղղում թղթակցին, չի կշտամբում նրա համար, որ «անհատույց օգնությունը», որը ենթադրում է ինչ-որ պարտավորությունների ստանձնում, որոնք կոչված են «արդարացնելու» բարերար երկրի ակնկալիքները, ի սկզբանե բովանդակազրկում է անհատույց օգնության էությունը եւ հենց անհատույց օգնություն հասկացությունը։ Ընդհակառակը, նա շնորհակալություն է հայտնում տրված հարցի համար. «Մեծապես շնորհակալ եմ, որ սկսեցիք այդ հարցից», ընդ որում՝ իր պատասխանում շեշտադրում է ցուցաբերված անհատույց օգնության գումարը։

Անկանխակալ ընթերցողը կարող է տպավորություն ստանալ, թե հարցազրույցի կառուցման նման ձեւն ամենեւին պատահական չէ։ Գուցե թղթակիցը սա անում է այն հաշվարկով, որպեսզի հաջորդ հարցերի պատասխաններն ընթերցող լսարանի կողմից ընկալվեն բնականոն ձեւով, այն դիրքորոշումից, թե՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»։

Հատկանշական է հայ-իրանական հարաբերությունների մասին հարցը, որը հետեւում է թղթակցի տված առաջին հարցի տրամաբանությունից։ Այսպես, թղթակիցը հարցնում է դեսպանին. «ԱՄՆ-ը մշտապես ըմբռնումով է վերաբերվել Իրանի ու Սիրիայի հետ Հայաստանի հարաբերություններին։ Հաշվի առնելով Իրանի եւ Սիրիայի հանդեպ միջազգային ընկերակցության ներկայիս սուր վերաբերմունքը՝ Դուք արդյոք հնարավոր համարո՞ւմ եք մի ինչ-որ իրավիճակ, երբ ԱՄՆ-ի ըմբռնման սահմանաչափը կարող է սպառվել»։

Հարցադրումն ինքնին աչք է ծակում իր ստորաքարշությամբ։ Պարզվում է՝ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերությունները հարեւանների հետ, որտեղ արդեն մոտ 100 տարի ապաստան ու փրկություն են ստացել Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած հարյուր հազարավոր փախստականներ, պետք է կառուցի զգուշավորությամբ... Եվ այստեղ ԱՄՆ հարգարժան դեսպանը կրկին չի հուշում թղթակցին, որ ինքնիշխան պետություններն իրենք են որոշում արտաքին քաղաքականության վարման հարցերը։

Դրա փոխարեն նա քաղաքավարի բացատրում է հայ ընթերցողին. «Մենք արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաեւ ՀՀ նախագահի հետ շատ ենք խոսում Իրանի մասին։ Եվ մենք նրանց բացատրում ենք, թե ինչու մենք եւ աշխարհի մեծ մասը կարծում ենք, որ Իրանը պետք է կատարի իր պարտականությունները միջազգային հանրության առջեւ միջուկային ծրագրի առումով։ ՄԱԳԱՏԷ-ն, ԱՄՆ Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, բոլորը միասնական են, որ հարկավոր է ստիպել Իրանին՝ կատարելու իր պարտականությունները։

Երբ մենք խոսում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի եւ նախագահի հետ, նրանք հաստատում են, որ Հայաստանը հարգում է Իրանին իր միջազգային պարտավորությունները կատարել հարկադրող պատժամիջոցները եւ պարտավորությունները։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում որոշ հարցերում Հայաստանն այնպես չի քվեարկել, ինչպես մենք կուզենայինք, եւ մենք այդ մասին նույնպես խոսում ենք ՀՀ իշխանությունների հետ։ Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն կաջակցի նաեւ Իրանի քաղաքական մեկուսացման հարցում (ընդգծումը՝ Ա.Գ.)։ Սակայն մենք ողջունում ենք Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ կատարել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները։ Սա է Հայաստանի հիմնական դիրքորոշումը, կառավարությունը մեզ հավաստիացնում է, որ դա արվում է, եւ մենք հավատում ենք դրան»։

Ի՞նչ է սա։ Չենք ուզում հավատալ, թե սա Իրանին Հայաստանի դեմ պատասխան գործողությունների հրահրում է։ Իսկ գուցե նախատի՞նք Հայաստանի ղեկավարությանը՝ իր վարած քաղաքականության մեջ երկդիմի լինելու համար։ Կամ էլ, լավագույն դեպքում, անբավարար պրոֆեսիոնալիզմի դրսեւորում դիվանագիտական աշխատանքում։

Միանշանակ է մի բան, որ մենք գործ ունենք անթաքույց միջամտության հետ ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։ Չէ՞ որ չի կարելի լրիվ բացառել, որ իրանական կողմը, ի հատուցումն Հայաստանի, հղում կատարելով ամերիկյան դեսպանի «մերկացումներին», կբռնի ու միակողմանիորեն կփակի հայ-իրանական սահմանը՝ Հայաստանը լիակատար շրջափակման մատնելով։

Եվ Աստված մի արասցե, որ նման բան պատահի, այլապես կարելի է վստահ լինել, որ կարեկից միջազգային հանրությունը խիստ սուր կարձագանքի սրան, ՄԱԿ ԱԽ-ի կողմից նոր կոշտ պատժամիջոցներ ընդունելու գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ։ Այո, հենց այն միջազգային հանրությունը, որն ահա արդեն մոտ 20 տարի օլիմպիական հանգստությամբ նայում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակմանը։ Ի դեպ, այդ շրջափակման հետեւանքով ամեն տարի Հայաստանի տնտեսությունն առնվազն 1,2-1,4 մլրդ դոլարի վնաս է կրում։

Շատ կուզենայի, օգտվելով առիթից, մեր ամերիկացի, եվրոպացի բարեկամներին, ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի գործընկերներին դիմել պաշտոնական Անկարայի եւ Բաքվի վրա գործուն ճնշում գործադրելու հորդորանքով՝ Հայաստանի սահմաններն ապաշրջափակելու նպատակով։ Եթե նման բան պատահի, Հայաստանը կարճ ժամկետում կարող է դինամիկ զարգացման ուղի դուրս գալ՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների մեր բարեկամներին իրենց ցուցաբերած անհատույց օգնության համար, որը, ցավոք, դրսից ֆինանսավորվող կանխակալ շատ ԶԼՄ-ներ աներեսաբար մեր աչքն են մտցնում։

Այստեղ եւս մեկ անգամ կուզենայի ընդգծել պարոն դեսպանի ցանկության վտանգավորությունը, այն է. «Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն կաջակցի նաեւ Իրանի քաղաքական մեկուսացման հարցում։ Սակայն մենք ողջունում ենք Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ կատարել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները։ Սա է Հայաստանի հիմնական դիրքորոշումը, կառավարությունը մեզ հավաստիացնում է, որ դա արվում է, եւ մենք հավատում ենք դրան»։

Այն պայմաններում, երբ Իրանի խորհրդարանի՝ ս.թ. մարտի 2-ի ընտրություններում մանդատների գերակշիռ մասը բաժին ընկավ ուլտրաաջ բլոկին՝ Պահպանողականների միավորված ճակատին, որի մեջ մտնում են Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի առավել ակտիվ կողմնակիցները, ամերիկյան դեսպանի մաղթանքները Հայաստանի ղեկավարությանը, մեղմ ասած, խիստ վիճելի են թվում։

Մի՞թե հարգարժան պարոն Հեֆերնը չգիտե, որ Իրանում ապրում են մեր մոտ 250 հազար հայրենակիցներ։ Մի՞թե նրան չեն տեղեկացրել, որ 2008թ. օգոստոսին վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ, ընդամենը մեկ կամուրջ պայթեցնելով (ընդ որում՝ որպես զգուշացում հայկական կողմին, որպեսզի առանձին ուժեր Հայաստանում չընկնեին արկածախնդրության գիրկը եւ Ջավախքի հայերին չսադրեին անջատողականության), ահա այդ տագնապալի օրերին Հայաստանն ամբողջովին կտրված էր ամեն տեսակ ցամաքային հաղորդակցությունից արտաքին աշխարհի հետ, եւ միայն Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհն էր, որ դարձավ հիրավի կյանքի ճանապարհ։

Չեմ թաքցնի, թե ինչն ինձ դրդեց անդրադառնալ ԱՄՆ դեսպանի հարցազրույցում շոշափված որոշ հարցերի։ Ինձ, չգիտես ինչու, թվում էր, թե դեսպանն իր հարցազրույցում գլխավորը կհամարի Հայաստանի անվտանգության ապահովման հարցերը։ Ես իսկապես ակնկալում էի եւ հույս ունեի, որ Ջոն Հեֆերնը խստորեն կդատապարտի Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում ֆաշիզմ հրահրող ջահելների զազրելի գործողությունները, որոնք տեղի ունեցան ս.թ. փետրվարի 25-26-ին, ի լուր աշխարհի կարտահայտի իր մեծ երկրի վերաբերմունքը մարդատյաց ու ֆաշիստական ուժերի հանդեպ, որոնք հակահայկական խրախճանք էին սանձազերծել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որոնց անվտանգությունը հանրահավաքում իր անձնական մասնակցությամբ ապահովում էր անձամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարը, իսկ մասնակիցների մեջ էր ոչ անհայտ Մեթյու Բրայզան։

Մտահոգում է նաեւ այն, որ հարցազրույցը տրվում է մի թերթի, որտեղ 2012թ. փետրվարի 29-ին տպագրվել էր նողկալի ու ցածրահարգ մի հոդված, որն արձագանքն էր իմ հեղինակած «Ապագային ընդառաջ» եւ «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքերի շնորհանդեսի: Ուշագրավն այն է, որ այդ զազրախոսությունը հրապարակվել էր «Ժամանակի» կայքում շնորհանդեսի ավարտից ընդամենը մեկ ժամ անց: Մնում ես զարմացած, թե ինչ աստիճանի էին թերթի վարձկանները վառված այդ փայլուն անցկացված միջոցառումից։

Հրապարակված զրպարտագրի հեղինակներին հավանաբար տագնապահար էր արել միջոցառմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի, ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչի մասնակցությունը։ Հոդվածը չէր շեղվել 1940-1950-ական թթ. սենատոր Ջոզեֆ Մակքարտիի անմոռանալի ավանդույթներից, երբ ԱՄՆ հասարակական կյանքում հատկապես սրվեցին այլախոհների հանդեպ քաղաքական ճնշումները։

Շատ եմ ցավում, որ պրն դեսպանը չկարողացավ մասնակցել իմ գրքերի շնորհանդեսին, որը, բոլոր հյուրերի միահամուռ կարծիքով, անցավ չափազանց բարյացակամ մթնոլորտում։ Եվ միջոցառման քաղաքական հավատամքը դարձան գլոբալ քաղաքական ու տնտեսական ինտեգրման հարցերը, որոնք օրգանապես ներգրվում էին այժմ արդեն Ռուսաստանի նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինի ս.թ. փետրվարի 27-ի «Ռուսաստանը եւ փոփոխվող աշխարհը» հոդվածի գաղափարներում։ Շնորհանդեսին արտասանած իմ ամփոփիչ խոսքում ես մի հատված կարդացի Վլադիմիր Վլադիմիրովիչի այդ շատ մատչելի եւ կառուցողական հոդվածից։

Հենց նրա խոսքերով էլ ուզում եմ ավարտել հոդվածս. «Ռուսաստանը մեծ Եվրոպայի, ընդարձակ եվրոպական քաղաքակրթության անքակտելի, օրգանական մասն է։ Մեր քաղաքացիներն իրենց եվրոպացի են զգում։ Մենք ամենեւին էլ անտարբեր չենք, թե ինչպես են զարգանում գործերը միավորված Եվրոպայում։ Ահա թե ինչու Ռուսաստանն առաջարկում է շարժվել Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական եւ մարդկային տարածքի ստեղծման ուղղությամբ, հանրություն, որը ռուսաստանյան փորձագետները «Եվրոպայի միություն» են անվանում»։

Շնորհանդեսի ժամանակ գոհունակությամբ նշեցի, որ Հայաստանի նախագահն իր քաղաքական աշխատանքով ամեն կերպ ամրապնդում է տնտեսական եւ հումանիտար կապերն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության երկրների, ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով Հայաստանի պարտավորություններին իր ռազմավարական գործընկեր եւ մերձավոր դաշնակից Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ պետությունների հանդեպ։

Կարեւոր է նշել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մեր երկիրը չի օտարում դինամիկ գործընկերային հարաբերություններից ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում։ Օրերս Բրյուսելում նախագահ Ս.Սարգսյանը մասնակցեց Հյուսիսատլանտյան դաշինք+Հայաստան, 28+1 ձեւաչափում կազմակերպված նիստին։ Բայց վիրավորական է, որ այս պայմաններում մենք դառնում ենք այդ նույն տխրահռչակ «Ժամանակ» թերթի կանոնավորապես հրապարակվող բացահայտ ռուսատյաց հոդվածների վկաները։

Ռուսալեզու եւ ոչ մի պարբերական իրեն թույլ չի տվել կատաղի ու վիրավորական հարձակումներ գործել եւ գնահատականներ տալ ի պատասխան «Ժամանակ» թերթի 2012թ. փետրվարի 29-ին «Վաղուց մաշված ժողգործիքները» նողկալի զրպարտագիր-հոդվածի։ Հոդվածագիրն իրեն թույլ է տվել խուլիգանական, փողոցային արտահայտություններ մեր նախագահի հասցեին, Ռուսաստանի հասցեին։
Ինչ ասես արժեն հետեւյալ բարբաջանքները. «Իհարկե, Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում եւ Հարավային Կովկասում հայտնվել է մի այնպիսի տապալված վիճակում, որ Գեղամյանից բացի այլ մունետիկ շատ դժվար կլիներ գտնել, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստանի ոչ պաշտոնական մունետիկի բենեֆիսին, որի ընթացքում ներկայացված գրքերից մեկն էլ կոչվում է «Հայաստանի ապագան Եվրասիական միությունն է»: Իսկ Եվրասիական միություն կոչվածը, ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինի գաղափարն է, որի միջոցով նա փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը:
Երբ Արտաշես Գեղամյանը զբաղվում է Ռուսաստանի քարոզչությամբ, Ռուսաստանի քաղաքական շահերի սպասարկումով՝ դրանում, իհարկե, զարմանալի ոչինչ չկա: Ի վերջո, 2008 թվականին փառահեղորեն տապալված քաղաքական գործիչներից մեկը պետք է զբաղվի տապալվող գերտերության շահերի սպասարկումով: Սակայն երբ այդ գործընթացին ներգրավված է նաեւ Սերժ Սարգսյանը՝ դա արդեն լուրջ է...»: Թվում է, թե՝ ցնծացե՛ք, պարոնայք, որ «2008 թվականին փառահեղորեն տապալված քաղաքական գործիչը զբաղվում է տապալվող գերտերության շահերի սպասարկումով»։
Բայց չէ՜, նրանք հո շատ լավ են հասկանում, որ հենց ես եմ շատ բանով նպաստել այն բանին, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններին տիեզերական փառահեղությամբ տապալվեր հայտնի ռուսատյաց Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյան նախագիծը, որի գործունեությունը նախագահի պաշտոնում սկսվեց վանդալիզմով՝ համաշխարհային գրականության դասականներ Ա.Պուշկինի, Ա.Չեխովի... արձանները հանելով եւ ոչնչացնելով։ Դե, ի՞նչ կարող ես անել, պետք է հաշտվել այն բանի հետ, որ Լ.Տեր-Պետրոսյանի հետ կապված հակահայկական եւ ռուսատյաց մտահղացումը, որն Արեւմուտքի առանձին երկրների հարկատուների վրա միլիոնավոր դոլարներ նստեց, տիեզերական փառահեղությամբ տապալվեց։
Եթե դա հաշվվում է որպես իմ անձնական տապալում, ապա պատիվ կհամարեմ գալիք՝ 2013թ. նախագահական ընտրություններին վերստին տիեզերական փառահեղությամբ տապալվել՝ պատնեշելով հերթական նախագահական դրածոյի ճանապարհը, որի համար սրտանցում կունենան «Ժամանակ» թերթի տերերը։
Անհանգստացնում է այլ բան. թերթն իր այդ ցածրակարգ հրապարակմամբ ուզում է վարկաբեկել ՀՀ նախագահին, «կռվեցնել» Ռուսաստանի հետ։ Մտորումների տեղիք է տալիս նաեւ այն, որ մի քանի օր անց այդ նույն թերթի էջերում տպագրվում է մի նյութ, որն արդեն կարող է կռվեցնել ՀՀ-ին եւ Իրանին։
Շատ եմ ուզում ասել. իզուր եք չարչարվում, չի ստացվի։ Հայերը դարավոր անխզելի կապեր ունեն ռուս մեծ ժողովրդի հետ, արդեն երկրորդ հարյուրամյակն է՝ բարեկամական հարաբերություններ են հաստատվել պարսիկների եւ Արաբական Արեւելքի հետ, մենք ամենաբարի զգացումներ ենք տածում մեծ երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, բարեկամական Ֆրանսիայի եւ Եվրամիության երկրների հանդեպ...
Մեր հարաբերություններն այդ երկրների ժողովուրդների հետ չեն ենթարկվում գործողությունների, որոնք բնորոշ են սառը պատերազմի տխրահռչակ ավանդույթներին, առավել եւս հիմա, երբ ձեւավորվում է նոր, ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգ, որի բարի նախանշանակը դարձավ Վլադիմիր Պուտինի ընտրությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին։
Եվ շատ ուրախալի է, որ մինչեւ ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը հանդես եկավ հատուկ ուղերձով եւ շնորհավորեց Ռուսաստանի քաղաքացիներին նոր նախագահի ընտրության կապակցությամբ. «Միացյալ Նահանգները շնորհավորում է ռուսաստանյան ժողովրդին ընտրությունների ավարտվելու առիթով եւ պատրաստ է աշխատել ընտրյալ նախագահի հետ այն բանից հետո, երբ բոլոր արդյունքները կստուգվեն, եւ նա երդում կտա»։
Կուզենայի հոդվածն ավարտել Վ.Պուտինի «Ռուսաստանը եւ փոփոխվող աշխարհը» հոդվածից բերված խոսքերով. «Ընդհանրապես, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մենք պատրաստ կլինեինք իսկապես հեռուն գնալ, որակական ճեղքում իրականացնել, բայց այն պայմանով, որ ամերիկացիներն իրապես առաջնորդվեն հավասար եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության սկզբունքներով»։
Վերջաբանի փոխարեն
Վերջին հրապարակումները «Ժամանակ» թերթում մտածել տվեցին, թե այդ թերթի գաղափարախոսը՝ լայն պրոֆիլի պրոֆեսիոնալ, ամերիկացի մեր հայրենակից Ռիչարդ Գիրագոսյանը, գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այլապես նման բարբաջանքը թույլ չէր տա, որ տպագրվի։
Բայց, ի զարմանս ինձ, օրերս ես տեսա նրա հեղինակային ծրագիրը թերթի այդ նույն տխրահռչակ կայքում։ Նման վրիպումները բոլորովին չեն սազում, կրկնում եմ, լայն պրոֆիլի պրոֆեսիոնալին։ Իսկ եթե այլ՝ հեռուն գնացող ծրագրեր կան Հայաստանի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ, ապա ավելի ազնիվ կլինի չծամծմել, այլ ուղղակի ասել այդ մասին։ Թե չէ ամեն ինչ բուն էությունից դուրս է ստացվում։
Պարտադրված հետգրություն: Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ էլեկտրոնային կայքերից մեկում տպագրվեց Ռիչարդ Գիրագոսյանի հարցազրույցը` «Ամեն օր Քոչարյանը դառնում է ավելի նախկին» վերնագրով: Դրանում պարոն Գիրագոսյանն արդեն իսկ «մեղադրանք» է հարուցում ՀՀ կառավարությանն ու ոստիկանությանը: «...Մենք պակաս հանդուրժող ենք դարձել բանակում զոհերին, եւ մարդիկ, ովքեր բարձրացնում են այս խնդիրը, հայրենասերներ են, ոչ թե դավաճաններ կամ գրանտակերներ: Սա արտասահմանից ֆինանսավորվող դավադրություն չէ, այլ մի հարց, որը դառնում է յուրաքանչյուր ընտանիքի խնդիրը: Եվ եթե մենք նայում ենք Հայաստանի կառավարությանը կամ ոստիկանությանը, ապա նրանք շատ ավելի մեծ գրանտներ են ուտում, քան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- ահա այսպիսին է Ռիչարդ Գիրագոսյանի պատասխանը լրագրողի այն հարցին, թե «Սակայն ՊՆ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ քչացել է զոհված զինծառայողների թիվը, պաշտոնյաներն ասում են, որ սա ավելի վատ բանակ չէ, քան, օրինակ, տասը տարի առաջ»:
Ուշագրավ է, որ օտարերկրյա քաղաքացին իրեն իրավունք է վերապահում խնդրո առարկայի վերաբերյալ խոսել «արտասահմանից ֆինանսավորվող» բոլոր կազմակերպությունների անունից: Ավելին, իր վրա է վերցնում ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթը, այն է` նրանց փոխարեն եզրակացնում է. «Սա արտասահմանից ֆինանսավորվող դավադրություն չէ»: Ավելին, փորձում է տպավորություն ստեղծել, որ թե նա եւ թե «գրանտակերները» շատ ավելի են մտահոգ բանակում տեղ գտած թերությունների վերհանմամբ ու հաղթահարմամբ, քան այն բոլոր ուժերը, որոնք ճշգրիտ կերպով սահմանազատում են իրավամբ դավաճանական գնահատականները մտահոգ վերլուծություններ անողներից:
Սրանով էլ չի սահմանափակվում պարոն Գիրագոսյանը եւ շարունակում է. «Եվ եթե մենք նայում ենք Հայաստանի կառավարությանը կամ ոստիկանությանը, ապա նրանք շատ ավելի մեծ գրանտներ են ուտում, քան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»:
Ժողովրդական լեզվով ասած` հասանք: Ռիչարդ Գիրագոսյանի խոստովանությունը, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «գրանտներ են ուտում», ուշագրավ է, քանի որ այդ գործի վերահսկողությունը վերապահված է ֆինանսավորում իրականացնող համապատասխան երկրներին եւ ոչ թե մեր ամերիկահպատակ հայրենակցին: Սակայն, իմանալով այդ գործում առկա խարդախությունների մասին, հարց է ծագում` ինչու նա գոնե ԱՄՆ-ի հարկատուների կողմից ֆինանսավորվող գրանտների ծախսման հարցում հստակություն չի մտցնում, որ իրավունք ունենա հայտարարել, որ Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության առանձին կազմակերպություններ «գրանտները ուտում են», բացառությամբ Միացյալ Նահանգների կողմից ստացվածները:
Եվ հենց այն, որ Գիրագոսյանն իրեն իրավունք է վերապահում նման մեղադրանքներ հարուցել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կառավարության ու ոստիկանության հասցեին` ուղղակիորեն միջամտելով մեր երկրի ներքին գործերին, ապա մեր հոդվածում շարադրված փաստերի հետ դրանց համադրումը, կարծում եմ, լուրջ արձագանքի պետք է արժանանա պատկան մարմինների կողմից:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,

«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության (Հայաստան) վարչության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր