ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆ
06-09.05.2011, Իրավունք
Ապրիլի 28-29-ին Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո անց է կացվել «Միասնությամբ ձեռք բերված Մեծ Հաղթանակ. Կովկասը Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին» երկրորդ Միջազգային միջտարածաշրջանային համաժողով:
Համաժողովի լիագումար նիստում ելույթով հանդես է եկել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Համաժողովի կազմակերպիչների գնահատմամբ Արտաշես Գեղամյանի ելույթը մեծապես կանխորոշել է համաժողովի գաղափարական ուղղվածությունը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը:
Վերջին չորս ամիսների իրադարձությունները, որոնք ցնցեցին Մեծ Մերձավոր Արևելքի երկրները, ազդարարեցին աշխարհի նոր վերափոխման, նոր աշխարհակարգի հաստատման սկզբի մասին, որին ենթադրվում է հասնել գլոբալ անկանոնություն սերմանելու միջոցով։ Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Բահրեյնում, Լիբիայում, Յեմենում, Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները մեզ համոզում են, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործնականում իրագործվում է «Կառավարելի քաոսի» տեսությունը: Ասվածի վկայությունն այս երկրներից յուրաքանչյուրում ներքաղաքական իրադրության ապակայունացման սցենարների նմանությունն է: Դրանցից ամեն մեկում միավորված ընդդիմադիր ուժերի գրոհների թիրախը այս պետությունների առաջնորդներն էին, իսկ բնակչության լայն շերտերի հուզումների նախաձեռնողը հիմնականում երիտասարդությունը: Ընդ որում՝ առավել ակտիվություն դրսևորեց երիտասարդության այն հատվածը, որը, որպես կանոն կամ ուսանել, կամ ինքնատիպ փորձառություն էր անցել Արևմուտքի երկրների «դեմոկրատիայի» համալսարաններում: Կարելի էր նաև մեկ այլ միտում նկատել. բողոքի ելույթներն սկսվելուց հետո ընդդիմությանը հարեցին գործող իշխանությունների ներկայացուցիչները` հանձինս պետապարատի և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների: Հատկանշական է, որ բողոքի զանգվածային շարժումներն իրենց դրոշների տակ էին միավորում իրենց սոցիալական դրությունից, կոռուպցիայից, իշխանությունների կամայականությունից և բացասական այլ երևույթներից օբյեկտիվորեն դժգոհ բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին, երևույթներ, որոնք տասնամյակներ կուտակվել և ներհատուկ էին Մեծ Մերձավոր Արևելքի իշխող վարչակարգերին:
Բողոքի ելույթների բնութագրական ևս մեկ առանձնահատկություն պետք է համարել վառ արտահայտված, բոլորի կողմից ընդունված խարիզմատիկ առաջնորդների բացակայության փաստը, ինչն արդյունքում բացասական հետևանքներ ունեցավ: Այստեղ խոսքն ամենևին էլ բռնապետական նոր վարչակարգերի հաստատման մասին չէ, այլ այն, որ իսկական առաջնորդների բացակայության պայմաններում հնարավոր չի թվում համախմբել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարողացել են հասնել նախկին կառավարողների պաշտոնանկությանը: Պարզ է, որ այս պետություններում կուտակված հիմնախնդիրների լուծումները (սոցիալական արդարության ապահովում, օրենքի առջև հավասարության ավանդույթների հաստատում, գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցման պահանջմունք) կարճ ժամկետում անհնար է իրականացնել: Միավորիչ գաղափարների, ինչպեսև այդ գաղափարների շուրջ ազգը համախմբելուն ունակ առաջնորդների բացակայության պայմաններում, իշխանափոխությունն իրականացնող ընդվզող շերտերի տարաբնութության պայմաններում արտաքին ուժերի համար պարարտ հող է ստեղծվում այդ երկրները «կառավարելի քաոսի» վիճակի մեջ գցելու համար։
Եվ, վերջապես, այդ բոլոր երկրներում տեղի ունեցող գործընթացների մեկ այլ բնութագրական առանձնահատկությունն էլ այն է, որ ապակայունացման նպատակներին հասնելու համար որպես կարևորագույն գործիք հանդես են եկել ինտերնետը և սոցիալական ցանցերը, որոնք, ըստ էության, դարձան ահավոր զենք, ընդվզման շարժումների կազմակերպման ու համակարգման ինքնատիպ շտաբներ: Մեծ Մերձավոր Արևելքի թվարկված երկրների իշխող վարչակարգերի տապալման պայքարի հիմքում դրված հիմնարար սկզբունքների այսօրինակ նույնականությունը միանգամայն բացատրելի է, քանի որ դրանք ունեն ընդհանուր հիմք: Այդ սկզբունքներն են պարունակում Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտի (ԱՄՆ) հիմնադրի և այսօր էլ գործող ամերիկյան գիտնական, փիլիսոփայության դոկտոր Ջին Շարփի աշխատությունները: Իր «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» (“From Dictatorship to Democracy”) և «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» (“198 Methods of Nonviolent Action”) գրքերում նա մանրամասն նկարագրում է, թե ինչ և ինչպես պետք է անել իշխող ոչ դեմոկրատական վարչակարգերը տապալելու համար։ Վերոշարադրյալի համատեքստում կարող է հարց ծագել` իսկ ինչո՞ւ հենց Ջին Շարփին պետք է վերագրել Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում ընդվզման շարժումների գաղափարախոսական հեղինակ լինելը, շարժումներ, որոնք վերաճել, փոխակերպվել են մեծ արյունահեղության հանգեցրած ուղղակի ռազմական դիմակայության: Չէ՞ որ այս գիտնականը իրեն համարում է դիկտատուրայից դեմոկրատիայի անցման ոչ բռնի մեթոդների կողմնակից: Ավա՜ղ, այդ համարումն ընդամենը խոսքով է: Այսպես, Շարփի առաջարկած «Ոչ բռնի գործողությունների մեթոդներում», «Քաղաքական համագործակցությունից հրաժարվելու մեթոդներ» բաժնի 148-րդ կետը բաղկացած է մեն մի բառից` «խռովություն»: Այստեղ արդեն հարկ չկա խոսել այն մասին, որ ամերիկյան գիտնականի առաջարկած բռնապետական վարչակարգերի ոչ բռնի տապալման մեթոդների շարքում է քաղաքական և տնտեսական սաբոտաժի կիրառումը: Կարծում ենք, Շարփը, որն ավելի քան 30 տարի Հարվարդի համալսարանում հետազոտական աշխատանք է կատարել միջազգային հարաբերությունների ոլորտում, հիանալի հասկանում է, որ իր առաջարկած քաղաքական ու տնտեսական սաբոտաժը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի այն բանին, որ ժողովուրդները կդադարեն ենթարկվել իշխանություններին։ Այս պայմաններում իշխող վարչակարգերն անխուսափելիորեն կհայտնվեն երկընտրանքի առջև. կամ բռնի ճնշել ժողովրդական հուզումները, կամ ինքնակամ հրաժարվել իշխանությունից։ Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, խռովություններով համակված պետությունների իշխող վարչակարգերը, բոլորն առանց բացառության, ընտրել են առաջին ուղին, այն է՝ ժողովրդական հուզումների բռնի ճնշում, որը վերածվեց մեծ արյունահեղության։
Ո՞րն է, ուրեմն, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում չդադարող ապակայունացման պատճառը, ի՞նչ խնդիրներ կարող է այն առաջ բերել և ի՞նչ խնդիրներ լուծել։ Այդ ապակայունացումն ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների վրա։ Ո՞վ է շահագրգռված և ո՞ւմ է ձեռնտու ապակայունացումը Մեծ Մերձավոր Արևելքում։ Այս հարցերի պատասխանները կօգնեն համարժեք քաղաքականություն մշակել՝ թույլ չտալու համար ապակայունացում այնպիսի լարված տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։
Մինչ այս հարցերին պատասխանելը, հիշենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի (2008-2010 թթ.) որոշ դասեր։ Ճգնաժամի գլխավոր դասը, թերևս, նա է, որ այն ցույց տվեց հետևյալը. համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը, որը գործում է այնպիսի պայմաններում, երբ որպես գլխավոր համաշխարհային պահուստային արժույթ հանդես է գալիս ԱՄՆ դոլարը, ենթակա է պարբերական ցնցումների նաև ոչ հեռավոր ապագայում։ Մենք իրավունք ունենք նման պնդում անել, քանի որ այսօր ևս ԱՄՆ ֆինանսական իշխանությունների քաղաքականությունը (նրանց նախկին քաղաքականությունը հանգեցրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին) էական փոփոխություններ չի կրել։ Փոփոխություններ, որոնք պահանջում էր համաշխարհային ֆինանսատնտեսական ողջ համակարգը: Այսպես, բավական է նշել, որ 2011 թ. փետվարի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2011 ֆինանսական տարվա (սկսվում է 2010թ. հոկտեմբերի 1-ից) բյուջեն հայտարարեց 3,8 տրլն դոլարի չափով: Ընդ որում՝ ակնկալվում է, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի այդ երկրի համար ռեկորդային՝ 1,56 տրլն դոլար կամ ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ 11 %-ը: Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2010 թ. ավելացել է 32,8 %-ով և կազմել 497,8 մլրդ դոլար՝ 2009 թ. 374,9 մլրդ դոլարի համեմատ, իսկ Չինաստանի հետ ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հասել է ռեկորդային նիշի` 273,1 մլրդ դոլարի: Նշենք, որ ճգնաժամային 2009 թվականին բյուջեի պակասուրդի ցուցանիշը կազմել է 1,4 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 10 %-ը, 2010-ին՝ համապատասխանաբար 1,3 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 8,9 %-ը: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ բյուջեի նման հսկայական ճեղքվածքի առկայությունն այդ երկրի կառավարությանը թույլ է տալիս բավական բարձր կենսամակարդակ ապահովել, որի դեպքում ամերիկյան քաղաքացիների սպառման ծավալն էապես գերազանցում է նրանց արտադրած ՀՆԱ-ի ծավալը: Փորձագետների գնահատականներով` այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 22 %-ը, երկրի ներսում սպառվում է համաշխարհային ՀՆԱ-ի 35-40 %-ը: Արտադրության և սպառման նման հարաբերակցությունը հնարավոր է շարունակել միայն այն պայմաններում, եթե ամերիկյան արժույթը պահպանվի որպես գլխավոր համաշխարհային պահուստային արժույթ: Դա, իր հերթին, հնարավոր է, եթե թույլ չտրվի դոլարի համար այլընտրանքային համաշխարհային պահուստային այնպիսի արժույթների հաստատումը, որոնք կարող են փոխարինել այն։ Եվ ուրեմն, հարց է ծագում. իսկ ո՞ր երկրներն են պոտենցիալ առումով ի վիճակի մարտահրավեր նետել ամերիկյան դոլարի հզորությանը, ի՞նչ գործողությունների կարող է դիմել ԱՄՆ-ը` խոչընդոտելու համար համաշխարհային պահուստային արժույթների կայացմանը:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին եվրոպական արժույթը՝ եվրոն, փոքր-ինչ ամրապնդել է դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Այսպես, եթե 1999 թ. դոլարի բաժինը համաշխարհային արժութային պահուստներում կազմում էր 71,1 %, իսկ եվրոյինը՝ 18,1 %, ապա 2010 թ. սկզբին համաշխարհային արժութային պահուստների տեսակարար կշիռը ԱՄՆ դոլարով կազմում էր 61,5 %, իսկ եվրոյով՝ 28,1 %, ֆունտ-ստեռլինգով` 4,2 %, ճապոնական իենով` 3 %: Որպես երկրորդ համաշխարհային պահուստային արժույթ եվրոյի հաստատումը հիմնված էր Եվրամիության տնտեսության կայունության վրա: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը փոքր-ինչ սասանեց այդ կայունությունը, սակայն եվրոն դեռ չի կորցրել իր նշանակությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ` կապված այն բանի հետ, որ Եվրամիության տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս աճի հետագիծ: Սակայն Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում ծավալվող իրադարձություններն ի զորու են լուրջ հիմնախնդիրներ ստեղծել ԵՄ անդամ-երկրների համար: Բավական է նշել, որ ԵՄ երկրները սպառում են համաշխարհային էներգառեսուրսների ամբողջ ծավալի մոտ 16 %-ը, ընդ որում` ԵՄ էներգաբալանսում գերակշռող տեսակարար կշիռ ունեն նավթն ու գազը, իսկ քարածխի և հիդրոէներգետիկ ռեսուրսների բաժինը ԵՄ վառելիքաէներգետիկ հաշվեկշռում էական չէ: Այսօրվա դրությամբ` եվրոպական տարածքում տարեկան արդյունահանվում է մոտ 163 մլն տոննա նավթ, ինչն ապահովում է ներքին պահանջարկի ընդամենը 18 %-ը, և 193 մլրդ խոր. մետր գազ, որն ապահովում է ներքին պահանջարկի մոտավորապես 37 %-ը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ամեն տարի սպառում է ոչ պակաս, քան 900 մլն տոննա նավթ և 500 մլրդ խորանարդ մետր գազ: Այսպիսով, ածխաջրածինների նետտո-ներմուծումը կազմում է ավելի քան 300 մլրդ խորանարդ մետր գազ և ավելի քան 700 մլն տոննա նավթ: Մեծ Մերձավոր Արևելքի պետություններից ներմուծվող նավթի բաժինը կազմում է մոտ 55 %, գազինը` մոտ 30 %: Այստեղից դժվար չէ պատկերացնել, թե ԵՄ տնտեսության համար ինչ ծանր բեռ կարող է լինել էներգակիրների գների բարձրացումը, ինչն անխուսափելիորեն տեղի կունենա Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում շարունակվող ապակայունացման պայմաններում։ Այս ամենը վերջնարդյունքում բացասաբար կանդրադառնա ԵՄ հիմնական դրամական միավորի` եվրոյի կայունության վրա: Ընդ որում` հարկ է նշել, որ ԱՄՆ էներգակախվածությունը Մերձավոր Արևելքի երկրներից ներմուծվող էներգակիրներից շատ ավելի փոքր է, քան ԵՄ երկրներում: Այս պայմաններում եվրոն, շարունակելով հիմնական դրամական միավորը համարվել ԵՄ երկրներում, կկորցնի գրավչությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ և ի վիճակի չի լինի լուրջ մարտահրավեր նետել դոլարի հզորությանը:
Վերջին տարիներին մենք դարձանք Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների՝ Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Թայվանի, Վիետնամի և, իհարկե, Հնդկաստանի տնտեսության դինամիկ աճի վկաները։ Այս կապակցությամբ նշենք, որ ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի «Աշխարհը ճգնաժամից հետո։ Գլոբալ միտումներ – 2025. փոփոխվող աշխարհ» զեկույցում` «Աշխարհի պատկերը 2025 թվականին» բաժնում, գրված է որ «Չինաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների վերելքի հետ առաջ է գալիս գլոբալ բազմաբևեռ աշխարհի համակարգը... Շարունակվում է հարաբերական հարստության և տնտեսական ազդեցության՝ ներկայումս նշմարվող աննախադեպ տեղափոխում Արևմուտքից Արևելք»։ Այս նույն զեկույցում` «Անորոշության առանցքային գործոնները» բաժնում, եզրահանգում է արվել, որ «եթե նավթի և գազի գները մնան բարձր, հիմնական արտահանողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, պետական հզորությունն էապես կավելանա: Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է համեմատվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ներին»: Նման վերլուծությունը, բնականաբար, ԱՄՆ ղեկավարության առջև դնում է որոշակի քաղաքականություն վարելու խնդիր` մի կողմից Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի նավթ և գազ ներմուծող երկրների, մյուս կողմից՝ արտահանող երկրների (ի դեմս Ռուսաստանի և Իրանի) հանդեպ: Միանգամայն հասկանալի է, որ ամերիկացիների քաղաքականության նպատակը պետք է լինի այդ երկրների տնտեսական պոտենցիալի աճին հակազդելը, որոնք կարող են մարտահրավեր նետել ԱՄՆ-ի հզորությանը, սասանել դոլարի` որպես համաշխարհային պահուստային արժույթի, գերիշխող դերը: ԱՄՆ-ի նման մոտեցմամբ շահագրգռված կլինի նաև Եվրամիությունը, քանի որ նոր համաշխարհային պահուստային արժույթի ի հայտ գալը թույլ չտալը եվրոպացիներին հնարավորություն կտա պահպանել եվրոյի կարգավիճակը որպես նշանակությամբ երկրորդ համաշխարհային պահուստային արժույթ: Տեղեկատվության համար ասենք, որ ներկայումս Չինաստան ներմուծվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների հաշվեկշռում Մեծ Մերձավոր Արևելքից ներմուծվող հում նավթի տեսակարար կշիռը կազմում է 46 %, նշենք նաև, որ տարեցտարի աճում է նաև Հնդկաստանի նավթի պահանջարկը: Ընդ որում` Հնդկաստանում նավթի արտասահմանյան գնումների 67 %-ը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին: Կարծում ենք, որ վերը բերված ցուցանիշները հաշվի առնելով՝ հասկանալի է դառնում, թե որքան ծանր կանդրադառնա Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների վրա էներգակիրների գների բարձրացումը։ Իսկ այդ գործընթացն անխուսափելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի անկայունությունը նավթ արտահանող երկրներում։ Բնական է, որ այս պայմաններում կհետաձգվի համաշխարհային պահուստային նոր արժույթի ստեղծումը, որը կկարողանար բավական լուրջ դիրքեր ունենալ թեկուզև БРИКС-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամ երկրների տարածքում, ինչպեսև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Բացի այդ, դժվար չէ պատկերացնել, թե որքան կբարդանա իրավիճակը, եթե հուզումներն Արաբական Արևելքից փոխադրվեն հարևան Հնդկաստան ու Պակիստան, եթե թեժանան մարտնչող իսլամիզմի տրամադրությունները մահմեդական բազմամիլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում։
Միևնույն ժամանակ, էներգակիրների գների աճն անխուսափելիորեն կհանգեցնի դոլարի որոշակի արժեզրկման, սակայն դա ևս, վերջնարդյունքում, դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա։ Նախ՝ դոլարի արժեզրկմամբ կբարձրանան ոսկու, ընդհանրապես հումքային ռեսուրսների գները, ինչը նույնպես բացասաբար կանդրադառնա Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների տնտեսությունների վրա, որոնցում խիստ բարձր է կախվածությունը հումքի ներմուծումից, իսկ Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Թայվանում այդ կախվածությունը խիստ զգալի է։ Ոսկու գների բարձրացումը դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի ոսկու-արտարժույթի պահուստների (ՈԱՊ) վրա, որոնցում ոսկու պաշարի բաժինն այդ երկրների ոսկու-արտարժույթի պահուստներում համապատասխանաբար 69 %, 65 %, 63 %, 64 %, 52 %, 84 % և 36 % է, իսկ Ավստրիայում` 53 %, այն դեպքում, երբ БРИКС-ի անդամ երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր էր. Չինաստանում` 2%, Ռուսաստանում` 5 %, Հնդկաստանում` 6 %, Հարավային Աֆրիկայում` 11 %: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ դոլարի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ոսկու-արտարժույթի պահուստների վրա։ Այսպես, 2011 թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ Չինաստանի ՈԱՊ-ը հասել է 3 տրլն 44 մլրդ դոլարի, Ճապոնիայի ՈԱՊ-ը սեպտեմբերի վերջին հասել է 1 տրլն 110 մլրդ դոլարի, դրանց ընդամենը 2 %-ն է կազմել ոսկին: 2011 թ. առաջին եռամսյակում Ռուսաստանի ՈԱՊ-ը կազմել է 508 մլրդ 400 մլն դոլար, որի մոտավորապես կեսը նոմինացված է դոլարով:
Դոլարի արժեզրկումն իջեցնում է նաև ԱՄՆ-ի կառավարության գանձապետական պարտավորությունների իրական արժեքը, որոնց ընդհանուր գումարը հաշվվում է տրիլիոնավոր դոլարներով: Ընդ որում` հարկ է նշել, որ այդ պարտավորությունների ամենախոշոր տնօրինողը Չինաստանն է, որի ձեռքում են ԱՄՆ-ի կառավարության մոտ 1 տրլն դոլարի գանձապետական պարտավորությունները: Համաշխարհային ֆինանսների ոլորտում տիրող հենց նման վիճակն է առաջ բերում բազմաթիվ երկրների դժգոհությունն ԱՄՆ մոնետար քաղաքականությունից, որովհետև արդեն պարզ հասկացվում է, որ այդ երկիրն իր ներքին հիմնախնդիրները լուծում է ի հաշիվ դոլարի տպագրման: Եվ միանգամայն օրինաչափ է, որ հիշյալ երկրները դոլարից և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի վարած քաղաքականությունից կախվածությունը նվազեցնելու ուղիներ են որոնում։ Ելնելով սրանից` դեռ 2010 թ. БРИКС-ի երկրները ստորագրեցին Հուշագիր պետական ֆինանսական ինստիտուտների համագործակցության, БРИКС-ի անդամ-երկրների արտահանման զարգացման և աջակցության մասին (ս. թ. ապրիլի 13-ին Հուշագրին միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը): Երկարաժամկետ հեռանկարի տեսակետից ս. թ. ապրիլի 14-ին ստորագրված նոր համաձայնագիրը Չինաստանում կայացած БРИКС-ի երկրներ գագաթաժողովում` քայլ է համաշխարհային ֆինանսական համակարգի կենտրոնները զարգացած երկրներից զարգացող երկրներ փոխադրելու ուղղությամբ: Իսկ գլխավոր տնտեսական իրադարձությունը, որը տեղի ունեցավ չինական Հայնան կղզում, ֆինանսական փաստաթղթի ստորագրումն էր, որը վավերացրեց БРИКС-ի 5 անդամ- երկրների` դոլարով հաշվարկներ չանելու ցանկությունը։ Այս երկրներն այժմ կարող են միմյանց վարկեր տրամադրել իրենց ազգային արժույթներով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը 2011թ. ապրիլի 14-ին ելույթ ունենալով БРИКС-ի անդամ պետությունների` Չինաստանում կայացած գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, նշեց. «Մեր պետությունները համահունչ մոտեցումներ ունեն Արժույթի Միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի բարեփոխման հարցերում: Միջազգային արժութային-ֆինանսական համակարգի հետագա բարեփոխման անհրաժեշտության մասին է խոսվել նաև այսօրվա հանդիպմանը»: Սա, անշուշտ, շատ լուրջ որոշում է, քանի որ БРИКС-ը ցամաքի քառորդ մասն է կազմում, աշխարհի բնակչության գրեթե կեսը, համաշխարհային ՀՆԱ 18 %-ը, ոսկու-արտարժույթի պաշարների կեսը և գլոբալ առևտրի 45 %-ը:
ԱՄՆ-ը, իհարկե, հասկանում է, որ նման որոշմամբ БРИКС-ի երկրները մոտեցնում են դոլարի մայրամուտի դարաշրջանը։ Նրա պատասխան գործողությունները նավթ և գազ ներմուծող երկրների՝ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ վերն արդեն լուսաբանվել են:
Իսկ ի՞նչ կձեռնարկի ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ։ Հենց այստեղ մեծ վտանգ կա այն բանի, որ ամերիկացիները լուրջ փորձեր կձեռնարկեն՝ ընդլայնելու համար ապակայունության գոտին դեպի Հյուսիս-Արևելք և Արևելք, ամեն գնով ներգրավելով այնտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հարավային Կովկասի երկրները` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները, հատկապես Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը: Դրանով իսկ անկայունության աղեղ կստեղծվի Ռուսաստանի հարավային սահմանների ողջ պարագծով: Հարավային Կովկասի տարածաշրջանում դա հնարավոր կլինի անել` թեժացնելով լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ նպատակին է ծառայում նաև վրացական ղեկավարության կողմից առաջ մղվող` առանց Ռուսաստանի Մեծ Կովկասյան տուն ստեղծելու գաղափարը, բայց այնտեղ ընդգրկելով Ռուսաստանի Դաշնության հյուսիսկովկասյան հանրապետությունները: Ապակայունացման միջոցների զինանոցում կկիրառվի նաև անջատողականության հրահրումը էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Հյուսիսային Իրանում: Եթե այդ գործոններն ապակայունության համար անհրաժեշտ էֆեկտը չունենան, ապա կխթանվի անկախ պետություն ստեղծելու քրդերի ձգտումը Թուրքիայում, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում` նրանց հոծ բնակության տարածքներում: Ապակայունացման ֆոնին հարկ է սպասել անջատողական և իսլամիստական տրամադրությունների հրահրման Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշիայում, Կաբարդինա-Բալկարիայում: Այս քաղաքականության վերջնական նպատակը ռուսական պետականության խարխլումն է, իսկ հնարավորության դեպքում` հյուսիսկովկասյան հանրապետությունների անջատումը Ռուսաստանից` հետագա թիրախ ունենալով Թաթարստանն ու Բաշկորտոստանը:
Ինչ վերաբերում է Հարավային Ասիայի հանրապետություններին, ապա Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում իրավիճակը պայթեցնելու համար արդեն փորձարկված մեխանիզմներ կան։ Ազգամիջյան երկպառակության հրահրումը՝ այդ երկրների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և պետականակերտ ազգերի միջև արյունալի բախումներով, արդեն մեկ անգամ չէ, որ վերածվել է մեծ արյունահեղության: Իսկ Ռուսաստանը, լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության առաջատար անդամը, չի կարողանա անտարբեր մնալ այդ կազմակերպության անդամների ճակատագրի հանդեպ. լինի Հայաստանը, Տաջիկստանը կամ Ղրղզստանը, ու նաև Ուզբեկստանը: Ռուսաստանի հարավային սահմանների ողջ պարագծով անկայունության գոտի ստեղծելով՝ կարելի է վստահաբար կանխատեսել, որ դա կուղեկցվի ահաբեկչական տարբեր տեսակի գործողություններով բուն ՌԴ-ի տարածքում։
Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների օրինակով կարելի է տեսնել դրսի հուշարարների հում ականջները, որոնք մեր արմատականների վրա փորձարկում են ոչ բռնի գործողությունների այն 198 մեթոդներից շատերը, որոնք այնքան ջանադրաբար նկարագրել է Ջին Շարփը: Սոցիալ-տնտեսական ծանր դրության պայմաններում, որում հայտնվել է Հայաստանի բնակչության զգալի մասը, արտաքին ուժերի և հանրապետությունում նրանց դրածոների ցանկացած հրահրիչ, սադրիչ գործողություն երկրում պարարտ հող կգտնի ապակայունացման համար: Պատճառը միավորիչ գաղափարի բացակայությունն է Հայոց պետականության, հայ ժողովրդի, մեր հինգհազարամյա քաղաքակրթության ապագայի համար: Այնինչ այդ գաղափարը կա, այն յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ է, որի համար թանկ է իր երկրի ճակատագիրը: Այդ գաղափարի էությունը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի՝ Եվրասիական քաղաքական և տնտեսական միության ստեղծումն է:
Իսկ մեր երկրների քաղաքական և տնտեսական միավորման այլընտրանքը կլինի այն, որ նրանք հերթով կմխրճվեն ապակայունության և «կառավարելի քաոսի» իրավիճակի մեջ, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի Լիբիայի և Սիրիայի ճակատագրի կրկնությանը: Ավա՜ղ, սա չափազանցություն չէ, սա Արևմուտքի կողմից, այսպես կոչված, Real Politic-ի իրագործումն է արդի պայմաններում: Real Politic, որն ուղղված է ռուսական պետության վերածնվող հզորության խափանմանը։ Ռուսաստանի, որը БРИКС-ի անդամ-երկրների հետ հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի հզորությանը, ամերիկյան դոլարի լիակատար մոնոպոլիային մարտահրավեր նետող իրական ուժ: Մարտահրավեր ամերիկյան արժույթին և ԱՄՆ-ի դրամական իշխանություններին, որոնց մասին ս. թ. ապրիլի 20-ին շատ պատկերավոր արտահայտվել է Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը` Պետական դումայի պատգամավորների առջև ունեցած իր ելույթում. «Նայեք Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշիռը, նայեք բյուջեի դեֆիցիտը, նայեք նրա պարտքին... Դա կառավարության ուղղակի ֆինանսավորում է ի հաշիվ տպագրական սարքի: Եվ ցփնում են այդ փողերը դոլարի ամբողջ գոտում, իսկ դոլարի գոտին ամբողջ աշխարհն է: Մենք ձեզ հետ նման խուլիգանություն անելու հնարավորություն չունենք և չենք ունենա մոտ ապագայում: Բայց, հույս ունեմ, որ մենք կամրապնդենք ազգային արժույթը և այն պահուստային կդարձնենք մեր տարածաշրջանի համար: Համենայնդեպս, հետխորհրդային տարածքում ռուբլին ամրապնդվում ու ամրապնդվում է և նույնիսկ պահուստային արժույթ դառնում»:
Ելույթիս վերջում ինքնաբերաբար եզրահանգում է առաջանում. Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապակայունացումը կարող է դառնալ Ռուսաստանի մասնատման առաջին փուլը, ԱՊՀ ողջ տարածքում քաոսի հաստատման ճանապարհին, ինչը, իր հերթին, ողբերգական հետևանքներ կունենա համաշխարհային քաղաքակրթության համար։ Եվ հետխորհրդային տարածքում զարգացման նման սցենար թույլ չտալու համար պատմության դատաստանի առջև հավասարապես պատասխանատվություն են կրելու ԱՊՀ բոլոր պետությունները։
Ավարտելով խոսքս` հիշեմ մ. թ. ա. երկրորդ դարի Հայոց փառապանծ թագավոր Արտաշես Առաջինի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի առասպել դարձած սիրո պատմությունը: Կա առասպել, համաձայն որի ալաններին և հայերին հովանավորում էր ամենազոր Վահագն աստվածը. ապավինելով Վահագնի հզորությանը` Ալանաց թագավորը զորքով գնաց տիրելու Հայոց աշխարհը: Արտաշես թագավորը, իմանալով ալանների հարձակման մասին, խիստ զայրացավ` բացականչելով. «Ալանաց արքան խելքը թռցրել է` պատերազմ սկսելով իր եղբայրների դեմ», - հավաքեց զորքը և գնաց ալանաց զորքին դեմ հանդիման` Ճամբար գցելով Կուր գետի հարավային ափին: Զոհողություններ անելով Հայր Արային և ամենազոր Վահագնին այսպես ասաց Արտաշեսը. «Հզորագույն Վահագն, աստվածները վկա են, որ ես չեմ խախտել ալանների հետ մեր եղբայրական դաշինքը: Օգնիր ինձ պատժել ալանների հանդուգն թագավորին` գործած սրբապղծության համար»: Ճիշտ այդ նույն ժամանակ գետի մյուս ափին ալանաց թագավորն էլ էր դիմում հզորության աստված Վահագնին. «Աստվածները վկա են, որ Արտաշեսը մոռացել է մեր հարազատության, մյուս արիական ազգերի պատասխանատվության մասին: Օգնիր ինձ պատժել նենգ Արտաշեսին սրբապղծության համար»: Վահագն աստվածը լսեց երկուսին և ինքն էլ դիմեց Հայր Արային. «Հայր իմ, ես հովանավորում եմ թշնամացած երկու եղբայներին էլ: Երկուսն էլ համարում են, որ ճշմարիտ են և հույսեր են փայփայում իմ օգնության համար: Ասա ինձ` ինչպե՞ս վարվել»: Եվ Հայր Արան ասաց. «Սատարիր երկուսին էլ հավասարաչափ, այնպես որ չլինի ոչ հաղթող, ոչ էլ պարտվող: Հակառակ դեպքում հաղթողը կմեծամտանա, իսկ պարտվողը կչարանա և այդ դեպքում հաշտությունը նրանց միջև կդառնա անհնարին: Անհամաձայնությունը եղբայրների միջև կարող է հաղթահարել միայն սերը»…
… Արտաշես թագավորն առևանգեց ալանաց գեղեցկուհի Սաթենիկ արքայադստերը, մինչ այդ գերությունից ազատելով նրա եղբորը` արքայազնին: Ալանաց արքայադուստրին բերեց թագավորանիստ Արտաշատը, շքեղ հարսանիք կատարեց և, ինչպես վկայում են պատմիչները, Արտաշեսի գլխին տեղաց ոսկյա, իսկ Սաթենիկի գլխին` մարգարիտե անձրև: Կարճ ժամանակ առաջ թշնամաբար տրամադրված Հայ և Ալան քաջարի զինվորները միմյանց համար կենացներ էին բարձրացնում, շնորհավորում նորապսակներին, փառաբանում Հայր Արային և անմահ աստվածներին:
Ահա այսօր էլ ամեն ինչ չէ, որ հարթ է հինավուրց Կովկասում: Այստեղ ու այնտեղ երբեմնի եղբայրները անիմաստ մարտեր են մղում միմյանց դեմ, մոռանալով Հայոց թագավոր Արտաշեսի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի սիրո պատմության հավերժական գաղափարը, որն ավելի քան երկու հազարամյակ շարունակ պահպանեցին հայ և ալան ժողովուրդները: Արժեր խորհել այս առասպելի շուրջ:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական
կազմակերպության վարչության նախագահ