ԻՍԿ ՉԷ՞ ՈՐ ԻՄԱՍՏՈՒՆ ԹԱԳԱՎՈՐ ԷՐ ՊԵՏՐՈՍ ՄԵԾԸ...
03-09.06.2005
Օրերս Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական «Ռոսբալթ» (Մոսկվա) գործակալության թղթակից Յանա Ամելինան հարցազրույց է վերցրել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանից: Կարծում ենք, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ նյութին, որը և ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ:
- Մի շարք փորձագետներ Հայաստանը նշում են այն երկրների թվում, որտեղ մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ հերթական «նարնջագույն հեղափոխությունը»: Վրաստանում, Ուկրաինայում և, վերջապես, Ղրղստանում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ, այսպես կոչված, «հեղափոխությունների» համար ընդհանրական է նշված երկրներում ոչ սահմանադրական եղանակով իշխանափոխությունը, որը իրականացվում է Արևմուտքի ակտիվ, երբեմն` որոշիչ աջակցությամբ, ներառյալ ֆինանսական և կազմակերպչական աջակցությունը (ոչ կառավարական կազմակերպությունների և մերձկառավարական կառույցների): Համաձա՞յն եք արդյոք դուք «թավշյա հեղափոխության» այսպիսի գնահատականին, և այս կապակցությամբ ի՞նչ կասեք Հայաստանի վերաբերյալ:
- Քոչարյան-Սարգսյան վարչակարգին ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց առջև դրել են ոչ թե հասարակական-տնտեսական հասարակարգի փոփոխման խնդիր Հայաստանի Հանրապետությունում, այլ սահմանադրական կարգի վերականգնման և, իհարկե, դա էլ ոչ թե հակասահմանադրական գործողությունների ճանապարհով: Այն անդառնալի գործընթացները, որոնք կատարվում են հայ հասարակության մեջ, սահմանել որպես «հեղափոխություն» քաղաքագիտության տեսակետից, այնքան էլ կոռեկտ չէ: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ոտնահարված սահմանադրական նորմերը վերականգնելու համար կարող են ոտքի ելնել հարյուր հազարավոր մեր քաղաքացիները: Բնորոշել Վրաստանում, Ուկրաինայում, և, վերջապես, Ղրղստանում պատահածը որպես նշված երկրներում ոչ սահմանադրական եղանակով կատարված իշխանափոխություն, նշանակում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն քաղաքական ղեկավարությանը դնել անհարմար դրության մեջ: Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա («ոչ սահմանադրական եղանակով» իշխանափոխությունից հետո), բարձր մակարդակի բանակցությունները Կրեմլում, իմ կարծիքով, վկայում են հարցի ոչ նման ձևակերպման օգտին: Ձեր տվյալ պնդումը, իմ կարծիքով, կոռեկտ չէ նաև Ուկրաինայի պարագայում: Պետք չէ նաև թերագնահատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների փոխադարձ այցելությունները: Ղրղստանի պարագայում` ավելի վատ է … Եվ, վերջապես, Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած Մեծ հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը և՛ ուկրաինական, և՛ ղրղզական բարձրաստիճան հյուրերի մասնակցությունը (կամ թեկուզ միայն «հանդիսությանը» մասնակցելու հրավերը վերոհիշյալ երեք պետությունների ղեկավարներին` «ոչ սահմանադրական եղանակով իշխանափոխություն կատարածներին») վերջնականորեն հաստատում են նման ձևով ներկայացված Ձեր հարցադրմանը իմ պատասխանի անհեռանկարությունը:
Ինչ վերաբերում է «հեղափոխությունների» իրականացմանը Արևմուտքի ակտիվ, երբեմն էլ որոշիչ աջակցությամբ (ներառյալ ֆինանսական և կազմակերպչական), փորձենք խորամուխ լինել նշված «հեղափոխությունների» նախապատմության մեջ: Ի՞նչ է, Շևարդնաձեի կամ Կուչմայի վարչակարգերը ժողովրդավարության արժեքների հաստատման ջատագով էին իրենց երկրներում, որն էլ ամրագրված էր նրանց սահմանադրություններով: Իսկ միգուցե այնտեղ սեփականաշնորհման գործընթացները իրականացվել են գործող օրենքներին համապատասխա՞ն, սոցիալական արդարության սկզբունքների պահպանմա՞մբ կամ նկատվել էին դրական տեղաշարժեր հակակոռուպցիոն գործընթացներում, ակտիվ պայքար էր մղվում հանցագործությունների դե՞մ: Ավա՜ղ, հենց ռուսական մամուլի վկայությամբ, ամեն ինչ կատարվում էր ճիշտ հակառակը: Այդ պետություններում իշխանությունները, որոնք աղտոտված էին կոռուպցիայի, պետական գույքի հափշտակման, կաշառակերության մեջ, առաջացնում էին կամ իրենց համաքաղաքացիների անթաքույց ատելությունը, կամ էլ, լավագույն դեպքում, մի իրավիճակ, երբ «ժողովուրդը լռում էր»:
Ով և ինչպես օգտվեց պայթյունավտանգ նման իրավիճակից, երբ իշխանությունները չեն կարող և չեն ուզում ղեկավարել նոր ձևով, իսկ ստորին խավերը չեն ուզում ապրել առաջվա նման, դա արդեն միանգամայն այլ խոսակցության նյութ է: Կարդալ ավելին...
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՉ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ
ԴԱՐՁՅԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԽՎԵՑԻՆ
31.05-02.06.2005
«Առավոտ» թերթի մայիսի 27-ի համարում կարդացինք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ «Ընդդիմությունը վստահություն չի վայելում» վերնագրով տպագրված հարցազրույցը: Մեզ զարմանք և հիասթափություն պատճառեց 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա վերաբերյալ քաղաքագետի բացահայտ սուտն այն մասին, որ ընդդիմության «առաջնորդները փախան»: Եթե հարցազրույցում չհիշատակվեր քաղաքագետի անուն- ազգանունը, ապա հանգիստ խղճով կարող էինք ասել, որ սույն նյութը թխվել է կամ նախագահի աշխատակազմում, կամ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Մենք՝ Վահրամ Հարությունյանս, Հայկ Եսայանս, Արման Դավթյանս, Գարրի Մկրտչյանս, այդ գիշեր առաջինն էինք, ովքեր ընդդիմության ղեկավարներ Արտաշես Գեղամյանի, Ալբերտ Բազեյանի, Արամ Զ.Սարգսյանի, Սմբատ Այվազյանի, Ալեքսան Կարապետյանի հետ ճակատ ճակատի բախվեցին իշխանական հրոսակների հետ: Մեր միջամտության արդյունքում էր, որ կանխեցինք Արտաշես Գեղամյանին ուղղված մահակների հարվածներն ու էլեկտրաշոկերը: Ճիշտ այդ նույն ժամանակ հավաքվածների վրա թիկունքից հարձակվող զինված խուժանին իր կյանքը վտանգելով՝ մի խումբ երիտասարդների հետ դիմադրում էր «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ, պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: Մենք նաև վերջիններն էինք, ում հաջողվեց Արտաշես Գեղամյանին արդեն իսկ հանրահավաքի մասնակիցներից դատարկված Բաղրամյան պողոտայից դուրս բերել՝ հաղթահարելով վերջինիս համառ դիմադրությունը. Գեղամյանը ցասումնալից բացականչություններով ուղղված մահակավորների ղեկավարներին, ասում էր. «Միևնույն է, թափված արյան համար բոլորդ պատասխան եք տալու, այս օրը չեք մարսելու»: Այդ ընթացքում մենք դարձյալ տեղատարափ մահակների հուժկու հարվածներ էինք վերցնում մեզ վրա: Աստված մի արասցե, որ հիմա էլ գտնվի մի նոր ստոր, որը փորձի այս տողերը մեկնաբանել որպես հանդիմանանք ուղղված Գեղամյանի համառությանը՝ դեպքի վայրից չհեռանալու համար: Եթե քաղաքագետն այդ օրը և այդ ժամին այնտեղ գտնվելիս լիներ և խիղճը կորցրած չլիներ, ապա իր հարցազրույցում, անտարակույս, կմեջբերեր ծեծուջարդի սկզբին տարբեր կողմերից լսվող մեր ժողովրդի ներկայացուցիչների հորդորները՝ փրկեք ընդդիմության առաջնորդներին…
Այդ գիշեր մեր թափած արյան համար (Արմանն ու Վահրամը ստացել էին արնածոր, լուրջ վնասվածքներ գլխի հատվածում) մենք այնքան նեղված չենք հանցագործություն կատարած խուժանից, որքան վիրավորված ենք զանազան ստոր մեկնաբանություններ տարածող հին ու նոր իշխանությունների շահերն արտահայտող հոդվածագրերից, որոնց նպատակները կարծես թե համընկնում են: Այն է՝ մարդկանց ենթագիտակցության մեջ սերմանել անվստահության մթնոլորտ ընդդիմության առաջնորդների հանդեպ, միաժամանակ, փորձելով, ասես թե, գլխի գցել, որ այս իշխանությունների միակ այլընտրանքը նախկին իշխանություններն են: Կարծում ենք, որ ՀՀՇ-ի երբեմնի եռանդուն գաղափարախոսներից և անխոնջ պաշտպաններից՝ Աղասի Ենոքյանը պետք է իր կրթվածությանը համապատասխան ընտրած լիներ սեփական մեղքերի քավության ճանապարհը: Ավա՜ղ, հհշականները դրան ընդունակ չեն: Կարդալ ավելին...
ՑԵՂԻ ՍԻՐՏԸ
22-28.04.2005
… ՁԵՐ ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆՆ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԴՈՒՔ … ՉԵՔ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ազգային Միաբանություն կուսակցությունը», ընդառաջ գնալով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի իր տասնյակ հազարավոր համակիրների խնդրանքներին, ձեռնամուխ էր եղել Եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված «Ցեղի սիրտը» վավերագրական ֆիլմի ստեղծմանը: Օրերս մեր հայրենակիցները ԱՄՆ-ում հնարավորություն կունենան դիտելու այն: Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն չեն ունենա դիտելու այն, քանի որ «Ազգային Միաբանություն կուսակցության» ցանկացած միջոցառման, կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի ելույթների հեռարձակման վրա իշխանությունների կողմից արգելանք է դրված:
Ձեզ ենք ներկայացնում ֆիլմում հնչած Արտաշես Գեղամյանի խոսքի շարադրանքը:
Սիրելի հարազատներ, բարեկամներ, հեռավոր օվկիանոսի ափին ինձ ունկնդրողներ. մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց եղեռնի 90-ամյակը: Այս օրերին, բնականաբար, յուրաքանչյուրս փորձում է վերհիշել այն տառապանքները, տանջանքները, մեծագույն այն ողբերգությունը, որը բաժին ընկավ մեր ժողովրդին: Այդ ամենն առանց սահմռկեցուցիչ զգացմունքի վերապրել հնարավոր չէ, եթե սիրտ ունես և դրա փոխարեն քար ու ապառաժ չէ:
Բայց նաև մտածում ես՝ 21-րդ դարում ի՞նչ քաղաքականություն որդեգրես, ի՞նչ արժեքներ դավանես, որ քո ցավը, քո հոգու ճիչը, վիշտը հասկանալի լինի աշխարհին, նրա հզորներին, և ոչ թե փորձես խղճահարություն առաջացնել նրանց մոտ, այլ ցասում՝ արդարություն հաստատելու գործում: Ակամայից այդ մտորումներն ինձ տարան, հասցրեցին Վատիկան, ուր Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի հուղարկավորության արարողություններն էին: Ասես, համայն մարդկությունն էր սգում այդ կորուստը: Հրեաները ցավակցում էին կաթոլիկ Հռոմին, ցավակցում էին, որովհետև Հռոմի պապը համարձակություն և լայնախոհություն ունեցավ Երուսաղեմում ներողամտություն հայցել հրեաներից ֆաշիստական Գերմանիայի իրականացրած ջարդերի համար, հոլոքոստի համար, որի հեղինակները նաև կաթոլիցիզմ դավանողներ էին՝ կաթոլիկներ: Սգում էր Պաղեստինը, արաբական, իսլամական աշխարհը, որովհետև Պապը համարձակություն, քաղաքացիական արիություն և վիթխարի հեռատեսություն դրսևորեց՝ այցելելով Դամասկոսի Օմեյադների մզկիթը, իսլամական սրբավայրերը, դասախոսությամբ հանդես գալով Կահիրեի Ալ-Ազխար իսլամական համալսարանում: Սգում էր ուղղափառ աշխարհը, հունական և ռուսական ուղղափառ եկեղեցիները, որովհետև 2004թ. Հռոմի պապը հայցեց հունական ուղղափառ եկեղեցու պատրիարքի ներողամտությունն այն բանի համար, որ սրանից 802 տարի առաջ՝ 1203թ., կաթոլիկ- խաչակիրները ավերածություններ էին արել ուղղափառ եկեղեցու սրբավայրերում՝ Կոստանդնուպոլսում: Իր կարեկցանքն արտահայտեց նաև հայ առաքելական եկեղեցին: Որովհետև բոլորիս հիշողության մեջ վառ էր, երբ Շառլ Ազնավուրի աստվածային «Ավե Մարիայի» հնչյունների ներքո Հովհաննես Պողոս երկրորդը Ծիծեռնակաբերդում ծնկի եկած աղոթեց 1915թ. Եղեռնի անմեղ զոհերի համար: Կարդալ ավելին...
«ԻՐԱՔՈՒՄ ՄԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ Է ՏԵՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»,- ՎՍՏԱՀ Է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
21.01.2005
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը օրերս կատարած իր աղմկալի հայտարարությամբ «օգնեց» հայաստանյան քաղաքական դաշտին դուրս գալու ամանորյա տրամադրություններից և խումհարից: Այս օրերին գրեթե բոլորն ակտիվորեն քննարկում ու դատապարտում են այդ հայտարարությունը: «Իրավունքի» հերթական զրուցակիցը՝ ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ևս կարծիք է հայտնում Էլիզաբեթ Ջոնսի արտահայտությունների վերաբերյալ:
- Ի տարբերություն Հայաստանում արմատավորված արատավոր ավանդույթի, ըստ որի, երբ տեղի է ունենում իշխանափոխություն, նորելուկ իշխանավորները անմիջապես հայտարարում են արտաքին քաղաքականության արմատական փոփոխության մասին (հիշենք ԼՂՀ-ի հիմնահարցի փուլային և փաթեթային հնարավոր լուծումների հարցը), ամերիկյան վարչակազմում, անկախ նրանից՝ հանրապետականներն են իշխանության, թե ժողովրդավարականները, արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունը մնում է անփոփոխ: Առավել ևս այժմ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություննրի արդյունքում վերընտրվել է Ջորջ Բուշ կրտսերը, ավելին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը վերջին ընտրությունների արդյունքում թե՛ ներկայացուցիչների պալատում և թե՛ սենատում ապահովել է իր մեծամասնությունը: Ուստի, Էլիզաբեթ Ջոնսի մեկնաբանությունները տրված «Moskow Taimes» թերթին պետք է միայն և միայն վերլուծել նախկին խորհրդային տարածաշրջանում չկարգավորված հակամարտություններին ԱՄՆ-ի դիրքորոշումների տեսանկյունից:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Դա հեռու գնացող, չափազանց լուրջ հայտարարություն է, որը մտածելու տեղիք պետք է տա բոլորիս: Ամենևին էլ պատահական չէ, որ այդ հայտարարությունն արվեց ճիշտ այն ժամանակ, երբ նախագահ Բուշը ամերիկյան հայտնի հեռուստակայանին տված իր վերջին հարցազրույցում չբացառեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ կարելի է կիրառել նաև ոչ դիվանագիտական գործողություններ, եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրերից: Ինչո՞ւ հիշատակեցի Իրանը:
- Ինչո՞ւ:
- Եթե մենք ուշադիր վերլուծենք հնարավոր զարգացումները, ակնհայտ է դառնում, որ 21-րդ դարում աշխարհում իշխող դերակատարում կունենան այն երկրներն ու պետությունները, որոնք տիրում են էներգակիրներին, այսինքն՝ նավթային պաշարներին: Իրաքում ժողովրդավարություն իրականացնելուց հետո ԱՄՆ-ն փաստացի իր դաշնակիցների հետ վերահսկելու են Պարսից ծոցի նավթային հարստությունները, դրանով իսկ բացառելով նավթի վաճառքից ստացվելիք եկամուտների արտահոսքը դեպի միջազգային ահաբեկչության կենտրոնները: Եվ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար հրապարակում են, թե ահաբեկիչների որոշակի խմբավորումներ աջակցություն են ստանում Իրանից, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ողջ ներուժն ուղղված է Իրանի սահմանների տրամագծով անվտանգության գոտի ստեղծելուն: Եթե արևմտյան սահմանը Թուրքիան և Իրաքն են, իսկ արևելյանը՝ Աֆղանստանը և Պակիստանը, ապա մնում է միայն հյուսիսային սահմանը, որը չի վերահսկվում ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճիշտ այն սահմանը, որը Իրանն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ: Այդ սահմանագծի որոշ մասում այսօր գտնվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության հայկական զորամիավորումները: Այնպես որ, այդ սահմանը ևս վերահսկելի դարձնելու նպատակով, ԱՄՆ-ը, բնականաբար, կձեռնարկի համապատասխան գործողություններ: Նման եզրակացության ենք հանգում, երբ համակողմանի վերլուծության ենք ենթարկում հեղինակավոր աշխարհաքաղաքագետների հրապարակումները: Կարդալ ավելին...