ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.)

Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում քննարկվող «Էներգետիկ պաշարները քաղաքական ճնշումների համար օգտագործելու վտանգը» հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որն իր վրա մշտական ճնշում է զգում հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ` շրջանցելով Հայաստանը, կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ դա այն պայմաններում, երբ, միջազգային փորձագետների միահամուռ կարծիքով, տեխնիկա-տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խողովակաշարերը պետք է անցնեին Հայաստանի տարածքով: Ի՞նչ է դա, եթե ոչ պերճախոս օրինակ` էներգետիկ պաշարները որպես Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու անթաքույց գործիք` տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերից նրան մեկուսացնելու ճանապարհով: Տնտեսական ճնշում, որը հետագայում փոխակերպվեց քաղաքականի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ: Ավելին, հենց էներգառեսուրսներին տիրելը նպաստում է նրան, որ արդեն 17-րդ տարին է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը անպատիժ իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը: Ամենամյա վնասները, որ կրում է Հայաստանի տնտեսությունը, մեկուկես անգամ գերազանցում են հանրապետության բյուջեն: Կրկնում եմ, տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը շրջափակելով անպատիժ են մնում, որովհետև իրենց տարածքով արտահանվող կենտրոնաասիական և կասպիական նավթն ու գազը ապահովում են էներգակիրների ներկրումը Եվրոպա` դիվերսիֆիկացիայի ենթարկելով վերջինիս կախվածությունը ռուսաստանյան ներկրումներից: Ավելին, հավատացած լինելով «սև ոսկու» անկոտրում ուժին, նշված երկրները գնացին Հայաստանի տնտեսական հետագա մեկուսացման ճանապարհով: Արդեն 2007 թ. երկրորդ եռամսյակում կսկսվի Կարս (Արևմտյան Հայաստանի, ներկայումս` Թուրքիայի տարածք)-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը` ավելի քան 400 մլն դոլար նախագծային արժողությամբ: Եվ դա այն պարագայում, երբ այսօր արդեն իսկ շահագործման պատրաստ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին պարապուրդի է մատնված Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման պատճառով: Ցավոք, Եվրամիության և ԱՄՆ-ի Կոնգրեսի բավականին զգուշավոր հանդիմանությունները, որոնք հանգում էին իրենց հաշվետու ֆինանսական ինստիտուտների կողմից այդ նախագծի ֆինանսավորումը թույլ չտալուն, պարզապես արհամարհվեցին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Սակայն այս հարցերն այդպես էլ չդարձան եվրոպական և ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից բուռն քննարկման առարկա: Եվ դա հասկանալի է. Հայաստանը փոքր պետություն է, նրա ընդերքը չունի ոչ նավթ, ոչ գազ, այնպես որ աշխարհի հզորները կարող են արհամարհել մեր հպարտ ժողովրդի կարիքները: Եվրոպացի և ամերիկացի մեր բարեկամները զուտ ձևականորեն թեթևակի կշտամբեցին նավթով և գազով հարուստ Ադրբեջանին, ու դրանով իսկ հարցը համարեցին փակված: Ահա ձեզ դասական օրինակ, երբ էներգետիկ պաշարներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք: Արդյո՞ք դա չէ ցայտուն վկայությունն այն բանի, որ որտեղ կա նավթ և գազ, այնտեղ իշխում են երկակի ստանդարտներ, լինի դա տնտեսություն, թե քաղաքականություն, իսկ բարոյականության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:

Հարգելի գործընկերներ, քննարկվող հարցի հրատապությունն ակնհայտ է: Այս պարագայում, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նման կարևորագույն ոլորտում վերջին տարիներին ձևավորվող իրավիճակի անկողմնակալ վերլուծությունը: Խնդրի արդիականությունը շատ բանով պայմանավորված է նաև նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը Եվրամիության երկրներ է ներկրում վերջիններիս կողմից օգտագործվող նավթի ավելի քան մեկ քառորդը և ապահովում է նրանց բնական գազի պահանջարկի ավելի քան 40%-ը:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 4 հոկտեմբերի 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, գլոբալացվող աշխարհի պայմաններում դժվար է գերագնահատել «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) անդամ-երկրների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսության վիճակի վրա: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում այս հարցի քննարկման ընթացքում մենք իրավունք ունենք ակնկալել պատասխաններ` տնտեսական աշխարհակառուցվածքի հրատապ մի շարք խնդիրների վերաբերյալ: Օրինակ, ՏՀԶԿ-ն ի՞նչ է առաջարկում հակադրել գլոբալացման էլ ավելի բարդացող մարտահրավերներին` լինի դա էներգետիկ գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, պայքարը 21-րդ դարի համաճարակների, սովի և անգրագիտության, երկրագնդի կլիմայի գլոբալ տաքացման դեմ և այլն: Գաղտնիք չէ, որ այս և մի շարք այլ խնդիրների լուծումը հնարավոր է միայն ՏՀԶԿ անդամ-երկրների տնտեսությունների դինամիկ զարգացման դեպքում: Մենք պետք է նաև հարց տանք, թե որքանո՞վ է ՏՀԶԿ տնտեսական քաղաքականությունը հաշվի առնում աշխարհի մյուս պետությունների շահերը, որքանո՞վ է նրանց պաշտպանում գլոբալացման հնարավոր բացասական ազդեցությունից: Սրանք ամենևին զուր հարցեր չեն, և մենք իրավունք ունենք ակնկալել, որ հռետորների ելույթներում և տվյալ հարցի շուրջ բանաձևում դրանք պատշաճ ձևով կլուսաբանվեն: Այդ դեպքում միայն տագնապի բնական զգացումը` ՏՀԶԿ անդամ չհանդիսացող պետությունների ապագայի նկատմամբ կարող է վերաճել աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ սեփական արժանի տեղն ունենալու վստահության զգացմունքի:

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել քննարկվող հարցի բացառիկ արդիականությունը աշխարհի երրորդ երկրների ճակատագրերի համար: Եվ իմ այս վստահությունը հիմնված է անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վայրիվերումների իմաստավորման վրա: Մի փոքր հետադարձ հայացք գցենք պատմությանը. Հայաստանը, լինելով նախկին ԽՍՀՄ և նրան սահմանակից Առաջավոր Ասիայի ամենաառաջատար հանրապետություններից մեկը, անկախության հռչակումից հետո ձեռնամուխ եղավ շուկայական վերափոխումների: Հայաստանը, անշեղորեն ընթանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանձնարարականների ուղիով, որտեղ օրենսդիրները ՏՀԶԿ-ն հիմնողներն են, տնտեսական բարեփոխումների հիմքում դրեց երեք հիմնասյուն. սեփականաշնորհում, շուկայական ազատականացում` կապիտալի և մարդկային ռեսուրսների ազատ շարժի ապահովմամբ, ինչպես նաև ֆիսկալ տնտեսում` ֆինանսական համակարգի ազատականացման և ազգային տարարժույթի ներդրման պայմաններում: Այսինքն` տնտեսական բարեփոխումների հիմքում դրվեցին «Վաշինգտոնյան կոնսենսուսի» գաղափարները, որոնք մշակվել էին 80-ական թվականներին որպես պատասխան Լատինական Ամերիկայի երկրների տնտեսության միանգամայն իրական խնդիրների և ունեին որոշակի իմաստ: Սակայն հետխորհրդային Հայաստանի համար նման բարեփոխման իրականացումը քիչ էր մնում հանրապետության տնտեսությունը հասցներ կոլապսի: Այսպես, արտադրական համալիրի սեփականաշնորհումը վերածվեց պետական ունեցվածքի թալանի, կապիտալների ազատ շարժը` ջրի գնով սեփականաշնորհված բավականին ժամանակակից հաստոցային գործիքակազմի և սարքավորումների ապամոնտաժման ու արտահանման: Իր հերթին, մարդկային ռեսուրսների ազատ շարժն իր հետևից բերեց որակյալ աշխատուժի և մասնագետների զանգվածային արտահոսքի` Հայաստանի սահմաններից դուրս:

 

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 3 հոկտեմբերի 2006 թ.)

Երբ մարդը չգիտի` դեպի ո՞ր

հանգրվանն է ճանապարհվում,

ոչ մի քամի նրան համընթաց չի լինի

Հարգելի գործընկերներ, ամերիկյան դիվանագիտության նահապետ Հենրի Քիսինջերն իր «Պե՞տք է արդյոք Ամերիկային արտաքին քաղաքականություն» գրքում գրել է. «Բալկաններում ԱՄՆ-ը, ըստ էության, իրականացնում է այն նույն գործողությունը, որն ավելի վաղ կատարում էին Ավստրո-Հունգարական և Օսմանյան կայսրությունները, երբ նրանք ստեղծեցին երկու հակամարտող էթնիկ խմբերին բաժանող պրոտեկտորատներ»:

XX դարի 90-ականների սկզբին դաժան պայքարը բզկտեց Հարավսլավիան: Սկզբում, կարճատև պայքարից հետո, անկախություն ձեռք բերեց Սլովենիան: Այնուհետև դաշնությունից անջատվեց Խորվաթիան, սակայն արդեն դաժան պատերազմից հետո, ինչի վկան եղավ Վուկովարի մոտ գտնվող եղբայրական գերեզմանը: Մակեդոնիային հաջողվեց անջատվել` խուսափելով բռնություններից: Բոսնիան և Հերցեգովինան նույնպես հայտնվեցին դաժան հակամարտության կենտրոնում` երկիրը էթնիկ երեք խմբերի բաժանելու սպառնալիքով: 1995 թ. նոյեմբերի 21-ին պատերազմը Բոսնիայում ավարտվեց: Բոսնիան մնաց միասնական` իր կազմում ունենալով Բոսնիա-Խորվաթական դաշնությունը և Սերբական կազմավորումը: Անկախություն ձեռք բերեց նաև Չեռնոգորիան: Դեռևս բարդ իրավիճակ է պահպանվում Կոսովոյում: Որտե՞ղ փնտրել կայսրությունների, մինիկայսրությունների անկումների և նոր պետությունների կազմավորումների այդ տանջալի գործընթացների ակունքները, արմատները: Եվ կա արդյո՞ք ճշմարտություն այն պնդման մեջ, որ էթնիկ հակամարտությունները Բալկաններում և ԱՊՀ-ում փոխարինեցին մեկ մեծ հակամարտության` Արևելքի ու Արևմուտքի միջև:

Հարգելի գործընկերներ, ԵԽ ԽՎ-ի նստաշրջանում քննարկվող «Բալկաններում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին» հարցը մտովի մեզ տեղափոխում է դեպի հեռավոր 1918 թվականը: Հենց այն ժամանակ` Առաջին համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ձևակերպեց ազգային ինքնորոշման սկզբունքը. «Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրել ինքնիշխանության այն ձևը, որն իր համար գերադասելի է»: Հետագայում քաղաքագետները համակարծիք կլինեն, որ միջազգային հարաբերությունների պրակտիկայում այդ սկզբունքի իրականացումը, ըստ էության, փլուզեց Ավստրո-Հունգարական կայսրությունը: Այդ նույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռ. Լանսինգն իր օրագրում կգրի. «Այդ արտահայտությունը (ազգային ինքնորոշում) լցված է դինամիտով: Այն հույսեր է առաջացնում, որոնք երբեք չեն իրականանա: Վախենում եմ, որ այդ արտահայտությունը բազմահազար կյանքեր կարժենա»:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Բրյուսել, 3-7 հուլիսի 2006 թ.)

Հարգելի գործընկերներ, հիրավի, հեշտ չէ ելույթ ունենալ անգլիացի խորհրդարանականի այսչափ բուռն և զգացմունքային ողջունաճառից հետո: Այս ամբիոնից հեշտ չէ արձագանքել առանձին հռետորների արտահայտություններին նաև այն պատճառով, որ նրանց ելույթները չափից ավելի են հիշեցնում հանճարեղ Ֆյոդոր Դոստոևսկու կողմից «Կարամազով եղբայրները» վեպում փայլուն նկարագրված ժամանակները: Ժամանակներ, երբ խավարի իշխան Նեռը ներկայանում էր Մեծ հավատաքննիչի դերում: Ստորգետնյա թաավորության դարպասները պահպանող առասպելական Կերբերի նման` նա հաջողացնում էր հանդես գալ որպես քրիստոնեական ուսմունքի մաքրությունը եռանդագին պաշտպանող: Եվ, ի՞նչ եք կարծում, ումի՞ց էր նա պաշտպանում աստվածաշնչյան պատվիրանների անարատությունը կամ ո՞ւմ էր բարոյախոսություն կարդում: Խրատում էր հենց իրեն, մեր Տեր Աստծուն` Հիսուս Քրիստոսին: Ցավոք, թվում է, թե մեր օրերում պատմությունը կրկնվում է: Ահա և այսօր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այս բարձր ամբիոնից պատերազմի Աստծո` Մարսի նորելուկ ժառանգրդները, որոնք ավելի քան 15 տարի անթաքույց տնտեսական պատերազմ են մղում Հայաստանի դեմ, իրականացնում են մեր հանրապետության շրջափակումը, այստեղ խաղաղարարական քարոզներ են կարդում հույներին, կիպրոսցիներին, հայերին: Սակայն այս պարագայում, չգիտես ինչու, նրանք` թուրք և ադրբեջանցի գործընկերները, լռության են մատնում այն հանգամանքը, որ, օրինակ, շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությունը տարեկան կրում է 1,2-ից մինչև 1,5 մլրդ դոլարի վնաս: Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ հարևան Թուրքիայի համար մեր հանրապետության օրենսդրությամբ, ըստ էության, սահմանված է առևտրում առավելագույն բարենպաստ ռեժիմ: Բավական է նշել, որ միայն 2005 թ. Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 139,9%, իսկ թուրքական ապրանքների ներմուծման աճի տեմպը` 145,4%: Հարկ է նշել, որ դա էլ այն դեպքում է, երբ Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ապրանքաշրջանառության ընդամենը 3,8%-ը, իսկ բացասական հաշվեկշիռը տարեկան կտրվածքով կազմել է 55 մլն դոլար: Հիրավի, պետք է կատաղի երևակայություն ունենալ, որպեսզի այս պայմաններում հաջողացնել ճարտարախոսել խաղաղությունից և սովորեցնել մեզ` ինչպես ապրել հետագայում: Ավելին, ցինիկությունը հասնում է այնտեղ, որ 1974 թ. անկախ Կիպրոսի Հանրապետության դեմ Թուրքիայի բացահայտ ռազմական ինտերվենցիան այստեղ մատուցվում է որպես խաղաղարար և մարդասիրական գործողություն, որը նպատակ ուներ փրկել կիպրոսցի թուրքերին կիպրոսցի հույների և Հունաստանի այն տարիների ոչ ժողովրդավարական կառավարության ռազմատենչ ոտնձգություններից:

Իրոք, անկեղծ էր Թուրքիայի Հանրապետության նախկին ղեկավար Սուլեյման Դեմիրելը, երբ պնդում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն` մեկ ազգ և մեկ ժողովուրդ: Այս պնդման ճշմարտացիության մեջ մենք կրկին համոզվեցինք և այսօր, երբ ադրբեջանական պատվիրակության անդամները իրենց թուրք գործընկերների հետ հանդես են գալիս իբրև մեկ ազգ` ամբողջովին կրկնօրինակելով նրանց մարտավարությունը: Ավելին, ադրբեջանցիները ուխտադրժությամբ գերազանցեցին վերջիններիս: Նրանց «քարոզները» երբեմն անհեթեթության են հասնում: Այսպես, երեկ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը հասավ այնտեղ, որ Հայաստանն անվանեց տարանցիկ երկիր, որտեղով թմրանյութեր են փոխադրվում: Հավանաբար, նա մոռացել էր, իսկ միգուցե հույսը դրել էր ԵԱՀԿ պատվիրակների բացարձակ անտեղյակության վրա, առ այն որ Հայաստանի Հանրապետությունը բաց սահմաններ ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Ուստի, ադրբեջանական կողմը, ըստ էության, մեղադրեց հենց այդ երկրներին թմրանյութերի վաճառքին համամասնակից լինելու մեջ:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր