ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 25 հունվարի 2005 թ.)

Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ.

Լեռնային Ղարաբաղի դիմակայության հարցի քննարկման բնույթը հիշեցնում է հելենական դարաշրջանի մեծ փիլիսոփաներ Պլատոնի ու Արիստոտելի բանավեճը «Տեսողության կուրությունն ու կուրության տեսողությունը, կամ արդյո՞ք խլուրդն աչքեր ունի» թեմայով: Երբ այդ վեճը շատ երկարեց, ստրուկ այգեպանն ուղղակի առաջարկեց վերցնել խլուրդին ու տեսնել` նա աչքեր ունի, թե՞ ոչ, բայց փիլիսոփաները պատասխանեցին, որ ճշմարտությունն ի հայտ բերելու համար իրենց խլուրդ պետք չէ…

Այսպես էլ հիմա ԵԽԽՎ-ում ուզում են Լեռնային Ղարաբաղի 140 հազարանոց բնակչության ճակատագիրը լուծել` առանց նրան բանավեճի հրավիրելու: Հայաստանի պատվիրակությունը, որը պնդում էր նրանց պարտադիր հրավիրել, ցավոք, Ադրբեջանի տխրահռչակ հովանավորների ջանքերով, ըստ էության, հայտնվեց ստրուկ այգեպանի դերում: Եվ դա էլ այն դեպքում, երբ Ադրբեջանի մեր գործընկերները իրենց մակարդակով շատ են հեռու Պլատոնից ու Արիստոտելից, էլ չենք խոսում նրանց մանածողների մասին, եթե անգամ չասենք, որ հարգարժան պարոն Դեվիդ Աթկինսոնը, արդեն տաս տարի է, ինչ չի եղել Լեռնային Ղարաբաղում:

Իսկ ո՞րն է հարցի էությունը: Ադրբեջանը ձգտում է իր տիրապետությունը հաստատել Ղարաբաղում բնակվող էթնիկապես օտար, քրիստոնեական բարոյական սկզբունքներ դավանող ժողովրդի վրա: Այստեղ, ԵԽԽՎ-ում համառորեն չեն ուզում տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կրթվածության մակարդակը ազատության և անկախության 15 տարիների ընթացքում, կրկնում եմ` ազատության և անկախության 15 տարիների ընթացքում էականորեն գերազանցել է Ադրբեջանի համանման ցուցանիշը: 1000 բնակչի հաշվով ուսուցիչների, բժիշկների, ուսանողների և դպրոցականների թիվը նույնպես բարձր է, քան` Ադրբեջանում, ինչպես նաև բարձր են մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները:

Եվ, ամենագլխավորը` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ազատությունը նվաճել է հայերի մեծաթիվ զոհերի և զրկանքների գնով, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, Դաշքեսանում ազերների կողմից կազմակերպած ջարդերի արդյունքում: Էլ չեմ ասում այն բազմահազար նահատակների մասին, որոնք ընկան 8 միլիոնանոց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պարտադրած պատերազմում:

Այսօր ադրբեջանցի մեր գործընկերները, իրենց կողմից սանձազերծված ռազմական բռնի գործողություններում տապալվելուց հետո համառորեն ջանում են արդեն բռնությամբ նենգափոխել ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այդ ոչ շնորհակալ գործում նրանց եզակի փաստարկը ոչ թե պատմական ճշմարտության վերականգնումն է, այլ սև ոսկու` նավթի ուժին ապավինելը: Այն նույն ադրբեջանական նավթի, որը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին գերակշռեց Օսմանյան կայսրությունում կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի արյանը: Պատմական ճակատագրերի կամոք, գուցեև Աստվածային նախախնամությամբ, հայերի համար այդ ողբեգական ու խառնակ ժամանակներում Բրիտանական կայսրության վարչապետն էր Ռոբերտ Սոլսբերին: Հենց նա հայերի աղերսանքներին` թուրքական յաթաղանից փրկել Արևմտյան Հայաստանի 2 միլիոնանոց բնակչությունը, 1896թ-ին, լուրջ և ցինիկաբար հայտարարեց. «Անգլիական ռազմանավերը չեն կարող մագլցել հայկական լեռները»: Հավանաբար, այդ ժամանակահատվածում նրանք դեռ չէին հասցրել իջնել Աֆղանստանի Հինդուկուշյան լեռներից: Եվ դա վերածվեց առաջին ողբերգության` հայերի կոտորածին Օսմանյան կայսրությունում սուլթան Համիդի իշխանավարության տարիներին, որին էլ կպավ արյունարբուի պիտակը:

Տարիներ անց Բրիտանական կայսրությունը ունեցավ այլ վարչապետ, դա ականավոր քաղաքական գործիչ և հումանիստ Դեվիդ Լլոյդ-Ջորջն էր, որը բնութագրելով 1919թ-ի փարիզյան խաղաղ կոնֆերանսի մասնակից-պետությունների պաշտոնական դիրքորոշումը, գրել է. «Հայաստանի բնակիչները, թե´ ռասայական, թե´ կրոնական սկզբունքով տարբերվում են իշխող թուրք ազգությունից: Հավատքով նրանք քրիստոնյա էին: Տխրահռչակ Աբդուլ Համիդը իրականացրել է այդ հնագույն ժողովրդին արտաքսելու քաղաքականությունը… հայկական մեծամասնությանը վերածելով խղճուկ ու վախեցած փոքրամասնության… Դաշնակից տերությունները (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետություն, Հեջաս և Ճապոնիա) հետամուտ էին այն կարծիքին, որ չի կարելի թույլատրել թուրքերին օգտվել իրենց գազանությունների պտուղներից, իսկ հայ ժողովրդին պետք է լրիվ վերադարձվի նախնիների ժառանգությունը և ընձեռնվի հնարավորություն վերականգնելու իրենց երբեմնի հզորությունը» (Դեվիդ Լլոյդ-Ջորջ «Ճշմարտությունը խաղաղ պայմանագրերի մասին»):

Գրեթե 90 տարի անց ուզում են պատմությունը կրկնել: Սակայն հուսով ենք, որ ԵԽԽվ-ն գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անպարտելի է, քանզի նա պայքարում է իր ազատության համար, իսկ ազատությունը չի զգուշանում մահից, որովհետև նա չի վախենում Աստվածային դատաստանից, ի տարբերություն ստրկության: Ստրկություն, որը ոմանք ԵԽԽՎ-ում ուզում են վերադարձնել ղարաբաղցիներին:

Ելույթս կուզենայի ավարտել Մեծ Բրիտանիայի պատմության բոլոր ժամանակների առաջին մարդու` ճանաչված Ուինսթոն Չերչիլի խոսքերով. «Պետական գործչի տարբերությունը քաղաքական գործչից կայանում է նրանում, որ քաղաքական գործիչը գործում է` կարևորելով հաջորդ ընտրությունները, իսկ պետական գործիչը գործում է` կարևորելով գալիք սերունդը»:

Եթե ԵԽ ԽՎ պատգամավորները չանցնեն քաղաքական գործչին պետական գործչից բաժանող Ռուբիկոնը, ապա շատ շուտով գերմանացի տաղանդավոր փիլիսոփա Օսվալդ Շպենգլերի մռայլ կանխատեսումները կիրականան և կսկսվի «Եվրոպայի մայրամուտը»: Եվ դա կծանրանա մեր բոլորի խղճի վրա…

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 8 հոկտեմբերի, 2004 թ.)

Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ադրիան Սևերինին ակտուալ զեկուցման համար: Կիսում եմ Ձեր գնահատականն այն մասին, որ ժողովրդավարությունն այսօր վտանգավոր ճգնաժամ է ապրում:

Կա՞ արդյոք դրանում մեր մեղքը և ինչպիսի՞ն է մեր պատասխանատվությունը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում մեծ ուշադրություն դարձվեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության հարցերին: Հռետորների ելույթներում բազմիցս դատապարտվեցին ահաբեկչական հարձակումները Նյու Յորքի առևտրի կենտրոնի վրա, Իսպանիայում, Ստամբուլում, Էլ-Ֆալլուջում, Մոսկվայում և Բեսլանում ...

Անկասկած, այս օգտակար քննարկումների ընթացքում երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մենք, չգիտես ինչու, 21-րդ դարի այդ ժանտախտի` հնարավոր քաղաքակրթական արմատներին պատշաճ ուշադրություն չդարձնելով, անցնում ենք կողքով:

Ելույթ ունեցող հռետորներից և ոչ մեկը չկարողացավ հիշատակել գոնե մեկ օրինակ, որտեղ ահաբեկիչների հանցագործությունները պաշտոնապես դատապարտվեին շիիթական, սուննիթական, վահհաբիտական իսլամական կենտրոնների կողմից: Ահաբեկիչներից ոչ ոք այդպես էլ Ղուրանի անունով չդատապարտվեց, չանվանվեց «շեյթան»: Բայց չէ՞ որ ահաբեկիչների ձեռքերով զոհվեցին հարյուրավոր ճշմարտահավատ մահմեդականներ, ինչպես նաև քրիստոնյաներ, հրեաներ... Ի՞նչ է սա. Բրունո Յասենսկու «Անտարբերների դավադրության» նոր խմբագրությո՞ւն: Թե՞ Սեմյուէլ Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» քաղաքագիտական բեստսելլեր դարձած գրքի տագնապ հարուցող կանխագուշակումների իրականացում: Իսկ միգուցե՞ սա յուրահատուկ պատիժ է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթթամիի` «Քաղաքակրթությունների երկխոսություն» սկսելու խիստ անհրաժեշտության մասին կոչը պատշաճ ուշադրության չարժանացնելու համար:

Ի՞նչն է մեզ խանգարում հաղթահարել ահաբեկչությունը, աշխարհում հաստատել իրապես ժողովրդավարական արժեքներ: Կամքի բացակայությո՞ւնը, համարձակության պակա՞սը, գիտելիքների սակավությո՞ւնը: Կարծում եմ` ոչ: Մեր կամքն այդ ճակատագրական պայքարում երերուն են դարձնում սուտը և երեսպաշտությունը, որոնց դրսևորումներին ոչ հազվադեպ ականատեսն ենք դառնում և այստեղ` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, երբ նրա բարձր ամբիոնը օգտագործվում է ստի ու կեղծիքի մասսայականացման համար:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վիեննա, 19 փետրվարի 2004 թ.)

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան նախագահական հերթական ընտրություններ, որոնց ընթացքում, ցավոք, կոպտորեն խախտվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի և ՀՀ Սահմանադրության դրույթները, որի արդյունքում իշխանությունը զավթեց պարոն Ռոբերտ Քոչարյանը: Նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումները խստորեն դատապարտվեցին թե´ ԵԱՀԿ դիտորդական առաքելության, թե´ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Ավելին, ընդդիմադիր թեկնածուներին խորհուրդ տրվեց դիմել ՍԴ, ինչին և հետևեցինք մենք: 2003 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ նախագահական ընտրությունները զուգորդվել են խախտումներով, արձանագրեց, որ դրանց արդյունքում երկրում վստահության ճգնաժամ է առաջացել, և քաղաքական ուժերին հորդորեց` մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության դրույթներին և Հայաստանում անցկացնել նախագահի վստահության հանրաքվե: Իսկ առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ պետդեպարտամենտը ՀՀ իշխանություններին հորդորեցին այդ ընտրությունների ընթացքում խստորեն պահպանել ընտրությունների ժողովրդավարությունը, նաև` ԸՕ-ի ոգին և պահանջները: Պարոն Քոչարյանը և նախագահական ընտրությունները կեղծած իրեն սատարող ուժերը, ըստ էության, արհամարհեցին թե´ ԵԱՀԿ դիտորդական առաքելության, թե´ ԱՄՆ պետդեպարտամենտի հորդորները և այս անգամ ևս կոպտորեն կեղծեցին ԱԺ ընտրությունները: Խորհրդարանական ընդդիմության երկու թևերն էլ սկզբնական շրջանում բոյկոտեցին անօրինական ճանապարհով ընտրված ԱԺ-ի անդրանիկ նստաշրջանը:

Սակայն, կրկին հետևելով թե´ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, թե´ ԵԽ և ԱՄՆ պետդեպարտամենտի խորհուրդներին վերադարձան ԱԺ` խնդիր ունենալով իրականացնելու սահմանադրական դատարանի որոշումը, նաև` նպաստելու մինչև 2004 թվականի ապրիլի 16-ը ՀՀ-ում նախագահի վստահության հանրաքվեի կազմակերպմանն ու անցկացմանը: Սակայն ոչ լեգիտիմ նախագահին սատարող ԱԺ ոչ լեգիտիմ մեծամասնությունը սույն թվականի առաջին իսկ նստաշրջանում դրժեց ՍԴ պահանջը` օրակարգից և ընդհանրապես քննարկումից հանելով Հանրաքվեի մասին օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Այս պայմաններում ԱԺ-ում քաղաքական ընդդիմությանն այլ բան չէր մնում, քան բոյկոտել Սահմանադրության պահանջները կոպտորեն խախտող ԱԺ աշխատանքները, ինչը և արվեց: Իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց ղեկավարումը հանգեցրել է ՀՀ-ում քաղաքական և սոցիալական խորը ճգնաժամի, փոխանակ իրենց սատարող ուժերին վերադարձնեն սահմանադրական քննարկումների ոլորտ, փաստորեն, այսօր օգտագործում են ԱԺ ամբիոնը` սպառնալիքներ հղելու համար թե´ ընդդիմությանը, թե´ մեր երկրի այն քաղաքացիներին, ովքեր, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պահանջում են սահմանադրական կարգերի վերահաստատում Հայաստանում:

ՀՀ-ում առկա քաղաքական, պառլամենտական և սոցիալական ճգնաժամը հաղթահարելու նպատակով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ Էդինբուրգում հուլիսին կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում քննարկման առարկա դառնան ՀՀ-ում սահմանադրական կարգի վերահաստատման հարցերը, քանի որ ՀՀ իշխանությունը բռնազավթած նախագահը և ԱԺ ոչ լեգիտիմ մեծամասնությունն իրենց գործողություններով, ըստ էության, դրժում են այն բոլոր պայմանավորվածությունները, որը ստանձնել է ՀՀ-ն` անդամակցելով ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ռոտերդամ, 8 հուլիսի 2003 թ.)

Հարգելի պարոն Նախագահ, հարգելի գործընկերներ, մինչ «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու մասին զեկույցի» նկատմամբ իմ վերաբերմունքն արտահայտելը, որով ելույթ ունեցավ պրն Ջովանի Կեսլերը, ցանկանում եմ հայտարարել, որ ես արմատական ընդդիմություն եմ Հայաստանի նախագահին, ինչում դուք շատ շուտով կհամոզվեք: Բայց դրա հետ մեկտեղ, ես ցանկանում եմ իմ լիակատար գոհունակությունն արտահայտել այն սկզբունքային գնահատականների վերաբերյալ, որոնք հնչեցին հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ելույթում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականության առնչությամբ:

Հարգելի գործընկերներ, սույն թվականին կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրությունները: Օգտվելով առիթից, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ԵԱՀԿ, Եվրախորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի դիտորդական առաքելությունների անդամներին: Նրանք մեզ շատ օգնեցին: Նրանց ներկայության անհրաժեշտությունը հատկապես սուր զգացին նախագահի թեկնածուները, այդ թվում և` ձեր խոնարհ ծառան, ում առաջին փուլի տվյալներով, տրվել էին ընտրողների 17,6 տոկոս ձայները: Նախագահական ընտրությունների ավարտից հետո կայացան խորհրդարանական ընտրությունները, որով և ավարտվեցին հակասահմանադրական հեղաշրջումը ու իշխանության բռնազավթումը, իսկ այդ գործընթացի սկիզբը` դրվել էր 2003թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում: Ընտրական օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի զանգվածային խախտումներ, այսպիսին է նախագահական ընտրությունների առաջին փուլի գնահատականների էությունը, ներգրավված էր դիտորդական առաքելությունների զեկույցներում: Սպառիչ միջոցների կիրառում` օրենքի կոպիտ ոտնահարումներ թույլ չտալու համար, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում, այս պահանջներն էին արտահայտում ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Հայաստանի իշխանություններին տրված անհետաձգելի հանձնարարականների հիմնական բովանդակությունը: Երկրորդ փուլի ընթացքում նշյալ հանձնարարականները Հայաստանի իշխանությունների կողմից ցինիկ կերպով արհամարվեցին: Երկրորդ փուլի արդյունքները ևս կոպտորեն կեղծվեցին: ԱՊՀ դիտորդական առաքելության դիտորդների կողմից նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի համար տրվեցին (վերոհիշյալ առաքելությունների գնահատականներից-խմբ.) տրամագծորեն տարբեր գնահատականներ: Նրանց սրտաշարժ և բարեհոգի հետևությունները հանրապետության լայն հասարակայնության աչքում վարկաբեկեցին Անկախ պետությունների համագործակցությունը: Իր իրավունքներում խաբված, ստորացված և վիրավորված ժողովրդի ցասման պոռթկումն իրեն երկար չսպասեցրեց: Իշխանությունների ապօրինություններին Հայաստանի քաղաքացիները պատասխանեցին 150-200 հազարանոց հանրահավաքներով և բողոքի ցույցերով: Ի պատասխան հետևեցին հազարավոր մարդկանց անօրինական ձերբակալությունները, վարչական կալանքները և տուգանումները, որոնց հիմնական մեղքն իրենց սահմանադրական իրավունքի պաշտպանությունն էր:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր