ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
(Ստրասբուրգ, 4 հոկտեմբերի 2006 թ.)
Հարգելի գործընկերներ, գլոբալացվող աշխարհի պայմաններում դժվար է գերագնահատել «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) անդամ-երկրների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսության վիճակի վրա: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում այս հարցի քննարկման ընթացքում մենք իրավունք ունենք ակնկալել պատասխաններ` տնտեսական աշխարհակառուցվածքի հրատապ մի շարք խնդիրների վերաբերյալ: Օրինակ, ՏՀԶԿ-ն ի՞նչ է առաջարկում հակադրել գլոբալացման էլ ավելի բարդացող մարտահրավերներին` լինի դա էներգետիկ գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, պայքարը 21-րդ դարի համաճարակների, սովի և անգրագիտության, երկրագնդի կլիմայի գլոբալ տաքացման դեմ և այլն: Գաղտնիք չէ, որ այս և մի շարք այլ խնդիրների լուծումը հնարավոր է միայն ՏՀԶԿ անդամ-երկրների տնտեսությունների դինամիկ զարգացման դեպքում: Մենք պետք է նաև հարց տանք, թե որքանո՞վ է ՏՀԶԿ տնտեսական քաղաքականությունը հաշվի առնում աշխարհի մյուս պետությունների շահերը, որքանո՞վ է նրանց պաշտպանում գլոբալացման հնարավոր բացասական ազդեցությունից: Սրանք ամենևին զուր հարցեր չեն, և մենք իրավունք ունենք ակնկալել, որ հռետորների ելույթներում և տվյալ հարցի շուրջ բանաձևում դրանք պատշաճ ձևով կլուսաբանվեն: Այդ դեպքում միայն տագնապի բնական զգացումը` ՏՀԶԿ անդամ չհանդիսացող պետությունների ապագայի նկատմամբ կարող է վերաճել աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ սեփական արժանի տեղն ունենալու վստահության զգացմունքի:
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել քննարկվող հարցի բացառիկ արդիականությունը աշխարհի երրորդ երկրների ճակատագրերի համար: Եվ իմ այս վստահությունը հիմնված է անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վայրիվերումների իմաստավորման վրա: Մի փոքր հետադարձ հայացք գցենք պատմությանը. Հայաստանը, լինելով նախկին ԽՍՀՄ և նրան սահմանակից Առաջավոր Ասիայի ամենաառաջատար հանրապետություններից մեկը, անկախության հռչակումից հետո ձեռնամուխ եղավ շուկայական վերափոխումների: Հայաստանը, անշեղորեն ընթանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանձնարարականների ուղիով, որտեղ օրենսդիրները ՏՀԶԿ-ն հիմնողներն են, տնտեսական բարեփոխումների հիմքում դրեց երեք հիմնասյուն. սեփականաշնորհում, շուկայական ազատականացում` կապիտալի և մարդկային ռեսուրսների ազատ շարժի ապահովմամբ, ինչպես նաև ֆիսկալ տնտեսում` ֆինանսական համակարգի ազատականացման և ազգային տարարժույթի ներդրման պայմաններում: Այսինքն` տնտեսական բարեփոխումների հիմքում դրվեցին «Վաշինգտոնյան կոնսենսուսի» գաղափարները, որոնք մշակվել էին 80-ական թվականներին որպես պատասխան Լատինական Ամերիկայի երկրների տնտեսության միանգամայն իրական խնդիրների և ունեին որոշակի իմաստ: Սակայն հետխորհրդային Հայաստանի համար նման բարեփոխման իրականացումը քիչ էր մնում հանրապետության տնտեսությունը հասցներ կոլապսի: Այսպես, արտադրական համալիրի սեփականաշնորհումը վերածվեց պետական ունեցվածքի թալանի, կապիտալների ազատ շարժը` ջրի գնով սեփականաշնորհված բավականին ժամանակակից հաստոցային գործիքակազմի և սարքավորումների ապամոնտաժման ու արտահանման: Իր հերթին, մարդկային ռեսուրսների ազատ շարժն իր հետևից բերեց որակյալ աշխատուժի և մասնագետների զանգվածային արտահոսքի` Հայաստանի սահմաններից դուրս:
Արդյունքում` անկախության առաջին 10 տարիներին 4 միլիոնանոց Հայաստանից արտագաղթեց առնվազն 1,5 մլն մարդ: Իսկ ազգային արտաժույթի ներդրմամբ, ֆինանսական շուկայի ազատականացմամբ և ֆիսկալ կոշտ քաղաքականության վարմամբ հանրապետությունում, ըստ էության, ավարտվեց բնակչության զգալի մասի վերջնական չքավորացման գործընթացը: Միևնույն ժամանակ, շուկայական բարեփոխումների իրականացման քաղաքականության կողմնակից, կրկնում եմ, շուկայական տնտեսության կողմնակից քաղաքական ուժերի քննադատական ելույթները խստորեն կանխվում էին ԱՄՀ-ի շուկայական բարեփոխումների օրենսդիրների կողմից, որոնք, փաստորեն, հանդես էին գալիս տեղական պլուտոկրատիայի փաստաբանների դերում: Հայաստանի տնտեսությունը մեր օրերում էլ դեռևս չի վերականգնվել անցած տարիների «բարեփոխումների» հետևանքով հասցված զգալի կորուստներից: Բարեփոխումների սկզբից արդեն 10 տարի անց մեր ժամանակների ամենահայտնի տնտեսագետներից մեկը` էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզեֆ Ստիգլիցն իր «Գլոբալացում. տագնապալի միտումներ» տնտեսագիտական բեստսելլերում գիտականորեն հիմնավորում է «Վաշինգտոնյան կոնսեսուսի» քաղաքականության կործանարարությունը անցումային տնտեսությունների համար: Այդ քաղաքականության իրականացումը, ինչպես ցույց է տալիս ժամանակակից պրակտիկան, իրականում միայն ապահովում է, այսպես կոչված, «ոսկե միլիարդ» քաղաքացիների անաղքատ կեցությունը, որոնք էլ հենց ապրում են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ-երկրներում:
Հարգելի գործընկերներ, դուք հրաշալի հասկանում եք, որ գլոբալացվող աշխարհի ներկա դարաշրջանում երկրագնդի պետությունների տնտեսությունները և ֆինանսները, ինչպես երբեք, փոխկապակցված և փոխպայմանավորված են: Եվ, ըստ այդմ, կկարողանա՞ն արդյոք ՏՀԶԿ երկրները մշակել տնտեսական զարգացման ճիշտ ռազմավարություն, որը հաշվի կառնի նաև «ոսկե միլիարդի» պետություններից դուրս ապրող մարդկանց շահերը, շատ բանով պայմանավորված կլինեն աշխարհի երկրների ճակատագրերը: Եթե ՏՀԶԿ-ն կարողանա գտնել հավասարակշռված լուծումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր պետությունների շահերը, ապա հնարավոր կլինի խուսափել ինչպես միջպետական հարաբերությունների, ինչպես նաև ՏՀԶԿ անդամ-երկրների ու մնացյալ աշխարհի պետությունների միջև հարաբերությունների հետագա բևեռացումից, այնպես էլ բևեռացումից` հենց պետությունների ներսում, անկախ դրանց տնտեսական զարգացման մակարդակից: Գլոբալացման պայմաններում աշխարհը դարձել է չափազանց փոխպայմանավորված և դյուրազգաց: Եվ դրա օրինակները բազմաթիվ են: Ասվածի վառ վկայությունն են ոչ վաղ անցյալի իրադարձությունները` Ֆրանսիայում, Գերմանիայում, Մերձավոր Արևելքում: Կիմաստավորենք մենք դա, կկարողանանք ճիշտ հետևություններ անել, նշանակում է կկանխենք լարվածության հետագա աճը աշխարհում: Հակառակ դեպքում ցանկացած, նույնիսկ ամենամարդասիրական պետության` Վատիկանի տիրակալի` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի ամենաակադեմիական ելույթը կարող է խթանել պայթյուն` դրան պատրաստ մեր փխրուն աշխարհում:
Կարծում եմ, այսօրվա քննարկումը մեզ կմոտեցնի մեր օրերի իրողությունների ընկալմանը, այն բանի իմաստավորմանը, որ երկրագնդի միլիոնավոր մարդկանց տրամադրությունների ծայրահեղականացման համար բարերար հողի առկայությունը պայմանավորված չէ Սուրբ Ավետարանի, Հին և Նոր Կտակարանների կամ էլ Ղուրանի ոչ ճիշտ մեկնաբանություններով: Միլիարդավոր մարդկանց համար սրբազան գրքերն այստեղ ոչ մի դեր չունեն: Պայթուցիկը դրված է գլոբալ տնտեսության մեջ, որի առաջամարտիկը ՏՀԶԿ անդամ-երկրների էկոնոմիկան է: Եվ հարկ է անկեղծորեն խոստովանել, որ տնտեսական ռազմավարությունը և դրա համատեքստում իրականացվող ՏՀԶԿ տնտեսական քաղաքականությունը մեր օրերում էլ օբյեկտիվորեն ծառայում են նրա անդամ-երկրների հետագա հարստացմանը` մյուս երկրների միաժամանակյա աղքատացման պարագայում, միգուցե, բացառությամբ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի:
Հարգելի գործընկերներ, խաղաղության և մարդկության առաջընթացի գերագույն շահերը, ԵԽ ԽՎ-ի պատմական առաքելությունը համառորեն թելադրում են քննարկվող հարցի վերաբերյալ ընդունվելիք բանաձևում այնպիսի դրույթներ ներառելու անհրաժեշտություն, որոնք օրգանապես հաշվի կառնեն ՏՀԶԿ-ի պատմական պատասխանատվությունը համաշխարհային տնտեսության ներդաշնակ զարգացման, ամբողջ աշխարհում խաղաղության ճակատագրի համար: