ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վաշինգտոն, 4 հուլիսի 2005 թ.)

Պարոն նախագահ, հարգելի ամերիկացի գործընկերներ: Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և ի դեմս Ձեզ` ամերիկյան ժողովրդին նշանակալից տոնի` Անկախության օրվա կապակցությամբ և ցանկանալ բարիք ու բարգավաճում ամերիկյան յուրաքանչյուր ընտանիքի:

Հարգելի գործընկերներ, ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի բացմանը` ԱՄՆ պետքարտուղար դոկտոր Կոնդոլիզա Ռայսը պատկերավոր նշեց. «Մենք ապրում ենք պատմական մեծ փոփոխություններ: Այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում, այսօր դառնում է անխուսափելի»: Ակամայից հարց է առաջանում, իսկ միգուցե մեր աչքի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեղի ունեցող հենց այդ անդառնալի փոփոխություններն էր կանխատեսում ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդը, երբ, ի հեճուկս իր մերձավոր շրջապատի քաղաքական բազմաթիվ գործիչների համառ հորդորների, 1975թ. օգոստոսին իր ստորագրությունը դրեց այժմ արդեն պատմական դարձած` Եվրոպայի անվտանգության և համագործակցության պայմանագրի Եզրափակիչ ակտի տակ: Ավելին, իր հասցեին հնչած հանդիմանություններին ի պատասխան, նա դեռևս պատմական այդ տարում իր ընդդիմախոսներին ասաց. «Պատմությունը մեզ կդատի ոչ թե այն խոստումների համար, որոնք մենք անում ենք, այլ այն խոստումների համար, որոնց մենք տեր ենք կանգնում և կատարում ենք»:

Մենք էլ մեզ հարց տանք. իսկ ինչպե՞ս կգնահատեն ապագա սերունդներն ընդունող կողմի փայլուն կազմակերպած այս նստաշրջանում մեր` Ձեզ հետ կատարած աշխատանքը, ասենք, 2035 թվականին: Հնարավորություն ունի՞ արդյոք ներկայիս Խորհրդարանական վեհաժողովը դառնալ նույնպիսի նշանակալից շրջադարձային փուլ գլոբալիզացվող աշխարհում, ինչպիսին Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկյան վեհաժողովն էր 1975 թվականին: Մենք ոչ միայն իրավասու ենք, այլև ուղղակի պարտավոր ենք մեր առջև դնել նման բախտորոշ խնդիրներ: Եվ մեր ուժերից վեր չի լինի այդ խնդիրների լուծումը, եթե կարողանանք անաչառ վերլուծել, թե մեր օրերում ինչ է կատարվում ԵԱՀԿ ողջ տարածքում:

Հարգելի գործընկերներ, կարծում եմ, Դուք չեք վիճարկի այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ահա արդեն 15 տարի անընդմեջ միջազգային քաղաքական-իրավական և ոչ մի հեղինակավոր համաժողով չի անցնում առանց Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրովիեում ստեղծված իրավիճակների կարգավորման խնդիրները քննարկելու: Որպես կանոն, այդ համաժողովներում բարձրացվում են Ռուսաստանի համար ցավոտ հարցեր, որոնք վերաբերում են Մերձբալթյան հանրապետություններում ռուսալեզու ազգաբնակչության քաղաքական իրավունքների սահմանափակմանը, այնպես, ինչպես ոչ վաղ անցյալից եկող բարոյական-իրավական բնույթի հարցեր, որոնք բարձրացվում են Մերձբալթյան հանրապետությունների ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի Դաշնության առջև:

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 20 հունիսի 2005 թ.)

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ.

Դժվար է գերագնահատել ԵԽԽՎ-ում քննարկվող «Լրատվամիջոցները և ահաբեկչությունը» հարցի նշանակությունը, որի կարևորությունը առավել մեծ է Հայաստանի համար:

«Զերկալո» օրաթերթ, 28 փետրվարի 2004թ., Ադրբեջան: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղվածք Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հարցազրույցից. «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»:

«Զերկալո» օրաթերթ, 6 մարտի 2004թ.: Քաղվածք Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի հարցազրույցից. «Թուրքիայում ծառայած մեր սպաներին ես միշտ ասել եմ. դուք մեզ պետք եք Ղարաբաղում: Նրանք` հայերը, պետք է սպանվեն Ղարաբաղում և ոչ թե այլ երկրներում»:

Բազմաթիվ նման օրինակներ կան, թե ինչպես են Ադրբեջանի քաղաքական գործիչները մամուլի միջոցով արձագանքել Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի բարբարոս սպանությանը: Գուրգեն Մարգարյանը գազանաբար կացնահարվել է առավոտյան 530-ին, քնած ժամանակ: Նա գտնվում էր Բուդապեշտում և, ինչպես Ռ.Սաֆարովը, ուսանում էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Կարդալով ադրբեջանական մամուլը` ակամայից հարց է առաջանում. ո՞վ է ավելի մեծ ահաբեկիչ` Ռամիլ Սաֆարովը, թե Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը կամ էլ Ադրբեջանի մարդու իրավունքերի պաշտպան` օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Իսկ արդյոք ահաբեկչությանը մասնակից չե՞ն ադրբեջանական այն թերթերի խմբագրությունները, որոնք մասսայականացնում են վերջիններիս մարդատյաց զառանցանքները: Ո՞վ է ավելի մեծ հանցագործ` ադրբեջանական բանակի զինակոչիկը, որն ընկնում է նշված «պետական գործիչների» սադրիչ ելույթների ազդեցության տակ և դառնում ահաբեկիչ, թե ահաբեկիչները հենց իրենք` սադրիչներն են: Ո՞վ է պատասխան տալու 18-20 տարեկան ադրբեջանցի զինվորների գործողությունների համար, որոնք, այսօր էլ կատարելով իրենց հրամանատարների հրամանները, Միլի Մեջլիսի պատգամավորների և մարդու իրավունքների պաշտպանի օրհնանքներով, նշանառու հեռահար կրակով սպանում են Ղարաբաղի մարտական գործողությունների զինադադարի գծում գտնվող իրենց հայ հասակակիցներին: Ի՞նչ են զգում սպանված Գուրգենի հարազատները և բարեկամները, մարդասպան Ռամիլի հարազատները, երբ այս օրերին էլ կարդում են հայերի նկատմամբ ատելությամբ լի ադրբեջանական և թուրքական թերթերի հոդվածները: Եվ, ի վերջո, ո՞րն է մեր և ձեր դերը XXI դարի այս չարիքի կանխարգելման գործում, ինչպիսի՞ն է մեր` ԵԽԽՎ-ի պատգամավորների պատասխանատվությունը, և երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի մարդու իրավունքների պաշտպանը հերոսացնում է դաժան մարդասպանին, արդյո՞ք դրանով մեզ` պատգամավորներիս, գնահատականը չի՞ տրվում:

Ինչո՞ւ մենք հարց չենք տալիս ինքներս մեզ` ովքե՞ր և որտե՞ղ են նրանք, ժամանակակից Եվրոպայի հումանիստները` մերօրյա Ֆրիտյոֆ Նանսենը և Անատոլ Ֆրանսը, Հովհաննես Պողոս Երկրորդը և Մայր Թերեզան: Ո՞րն է Ձեզ հետ մեր կոչումն այս գործում:

Հարգելի գործընկերներ. ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում 97 պատգամավոր կոչով դիմեց Հայաստանի ղեկավարությանը` ընդունելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի համատեղ ուսումնասիրություններ սկսելու մասին: Փաստաթուղթը ստորագրած պատգամավորները, երևի, հավատացել էին թուրք վարչապետի առաջարկի անկեղծությանը: Էրդողանի կոչին, հավանաբար, հավատացել էին նաև Ստամբուլում անցկացվելիք գիտական համաժողովի նախաձեռնողները: Այն պետք է տեղի ունենար մայիսի 25-27-ին Բոսֆորի համալսարանում` «Հայերը Օսմանյան կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն և ժողովրդավարության հարցեր» թեմայով: Մինչև համաժողովի սկսվելը թուրքական ազդեցիկ «Միլիեթ» օրաթերթը դատապարտեց գիտնականների համաժողովը` Բոսֆորի համալսարանը անվանելով այն տեղը, «որտեղ վերաքննության են ենթարկվում 1915 թ. դեպքերը և պետության պաշտոնական տեսակետը»: «Հուրիեթ», «Զաման», «Միլիեթ» և Թուրքիայի ազդեցիկ այլ թերթեր Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Իլբեր Օրթայլնի, Թուրքիայի պատմաբանների միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Շյուկրու Էլեկդագի և «Արդարություն ու զարգացում կուսակցության» (որի առաջնորդը հենց ինքը` Էրդողանն է) անդամ-պատգամավոր Ռամազան Թոփրաքի շուրթերով դատափետեցին և փորձեցին օտարել հասարակությունից համաժողովի կազմակերպիչներին` նրանց հասցնելով անձնական վիրավորանքներ:

Հատկանշական է, որ, հանդես գալով Բոսֆորի համալսարանում Հայկական հարցով համաժողովի անցկացման դեմ, պատգամավոր Թոփրաքը կասկածի տակ վերցրեց ժողովրդավարության առկայությունը Շվեյցարիայում և Ֆրանսիայում` հայտարարելով. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում կազմակերպվեն գիտական համաժողովներ` թուրքական որևէ թեզ հաստատելու նպատակով»: Այս խոսքերը, հավանաբար, հասցեագրված էին Շվեյցարիայից ԵԽԽՎ-ի պատգամավոր տիկին Զափլ-Գելբինգ Ռոզմարիին` ի նշան շնորհակալության նրա այն ստորագրության համար, որ վերջինս դրել էր ԵԽԽՎ-ի 97 պատգամավորների վերոհիշյալ կոչի տակ:

Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմալ Չիչեքն այս հարցում ավելի հեռուն է գնացել և, ինչպես հրապարակվել էր 2005թ. մայիսի 25-ի «Զաման» և «Միլիեթ» թերթերում, Ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել է. «Անհամբեր սպասում եմ` ինչպես է իր պարտքը կատարելու բարձրագույն կրթության խորհուրդը»: Համաժողովի կազմակերպիչներին հարկ է գամել անարգանքի սյունին, ըստ էության, այսպիսին էր թուրք նախարարի ելույթի առանցքը: Նույն օրը Բոսֆորի համալսարանի ռեկտորատը ստիպված եղավ հայտարարել համաժողովի` անորոշ ժամանակով հետաձգման մասին:

Կամ թե հիշենք ահաբեկչության հրահրման մեկ այլ դրսևորում ևս: Վերջերս ադրբեջանական թերթերը տարածեցին Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Հաջիյագ Նուրիևի հայտարարությունը, որում նա կոչ է անում «Հայաստանի դեմ սրբազան պատերազմ սկսել, հայտարարել ջիհադ…»: Եվ այդ նողկալի տեղեկատվությունն ադրբեջանական մամուլը մատուցում էր անթաքույց դրական երանգներով:

Այսօր ԵԽԽՎ-ն պետք է կամք դրսևորի և հանդես գա ահաբեկչություն հրահրող վերը նշված և ցանկացած այլ գործողությունների դատապարտման բանաձևով:

Հարգելի գործընկերներ, հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ խաբեբա ու խորամանկ քաղաքական գործիչները ծնում են անպատասխանատու մամուլ, որն էլ, իր հերթին, պարարտ հող է ստեղծում ժամանակակից ահաբեկչության համար:

Եվ հենց այստեղ` ԵԽ ԽՎ-ում, ինչպես և հազարամյակներ առաջ ավերված Կարթագենում, պետք է երեք անգամ հերկվի և աղի հաստ շերտով ծածկվի ահաբեկչությունը սնող հողը, որպեսզի մեր համաեվրոպական ընտանիքում, Եվրոպայի ցանկացած անկյունում մեկընդմիշտ արմատախիլ արվեն ահաբեկչությունն ու պատերազմը: Հենց դա է մեր պատմական առաքելությունը:

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 27 ապրիլի 2005 թ.)

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:

Հայ ժողովրդի համար միգրացիայի հարցերն ավելի քան մեկուկես դար է, ինչ չեն կորցնում իրենց արդիականությունը:

Ֆրանսիացի հայտնի գրող Անատոլ Ֆրանսը 1916թ. ցասումով դատապարտել է եվրոպական կառավարիչներին` հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ վերջիններիս անգործունյա անտարբերության համար: Նա գրել է. «Արևելքում մահանում է մեր քույրը: Նրա ողջ մեղքն այն է, որ նա կիսում է մեր զգացմունքները, սիրում է այն, ինչ սիրում ենք մենք: Ինչպես և մենք, նա ներառել ու իր մեջ մարմնավորել է իմաստությունը, արդարացիությունը, պոեզիան, արվեստը: Ահա դրանում է և կայանում նրա «աններելի» հանցանքը: Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այս մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ»: Մեծ մարդասերն ահա այսպես է բնութագրել 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը:

Հրաշքով ողջ մնացած հայերը փախուստով փրկվեցին արաբական երկրներում: Հարյուր հազարավորները ապաստան և կացարան գտան Ռուսական կայսրությունում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Այդ տարագիրներից շատերի, վերջիններիս զավակների անունները ոսկե տառերով են գրված նրանց երկրորդ Հայրենիքի նորագույն պատմության մեջ: Ֆրանսիայում մեծարանքով են վերաբերվում տաղանդավոր գրող Անրի Թրուայի և կինոռեժիսյոր Անրի Վերնոյի ստեղծագործությանը, սիրում և հպարտանում են Շառլ Ազնաուրով: Եգիպտացիները խորին հարգանքով են արտասանում 19-րդ դարի իրենց լավագույն պրեմիեր-մինիստրներից և արտաքին գործերի նախարարներից մեկի` պետական նշանավոր գործիչ-հումանիստ Նուբար Փաշայի անունը, մարդ, որը փրկեց և կարգավորեց սիրիական Դեր-Զորի մահվան անապատից` թուրքական յաթաղանից փախած իր տասնյակ հազարավոր հայրենակիցներից շատերի կյանքը: Արաբական Արևելքը, ինչու չէ նաև Եվրոպան, և, անշուշտ, լիբանանցիները մշտապես բարի զգացմունքներով պետք է հիշեն հայ գաղթականուհու որդուն, Լիբանանի մեծ զավակին, ահաբեկիչների ձեռքով սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիին: Երախտապարտ ամերիկացիները հպարտանում են տաղանդավոր գրող Վիլյամ Սարոյանով և նկարիչ Արշիլ Գորկիով, նշանավոր կինոռեժիսյոր Ռուբեն Մամուլյանով և Կալիֆորնիայի նույնքան անվանի նահանգապետ, Ռոնալդ Ռեյգանի մերձավոր բարեկամ ու զինակից Ջորջ Դոքմեջյանով:

Մեր պատմության ողբերգական էջերը ցավով են արձագանքում այսօրվա սերնդի սրտերում, հատկապես ապրիլյան այս օրերին, երբ աշխարհասփյուռ տասներկումիլիոնանոց հայությունը եկեղեցիներում և տաճարներում մոմեր է վառում ի հիշատակ Անատոլիայում անմեղ սպանված մեկուկես միլիոն իրենց հայրենակիցների: Մենք նաև վերապրում ենք նրանց ճակատագիրը, քանի որ հայերին բռնի միգրացիայի ենթարկելու վտանգն իր արդիականությունը չի կորցրել և այսօր:

Մեջբերում անեմ «Բակինսկի ռաբոչի» թերթի 2002թ. հուլիսի 25-ի համարում «Զանգվածային լրատվական միջոցները պետք է լինեն ճշմարտության ազդարարը…» խորագրի ներքո հրատարակված մի նյութից: Հեյդար Ալիևը, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը, ի լուր ամենքի հրապարակեց ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պաշտոնական Բաքվի քաղաքականության մասին: «Ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին,- իր հարցազրույցում ասում է Ալիևը,- երբ առաջին քարտուղար էի. այդ ժամանակ շատ եմ օգնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միաժամանակ ձգտել եմ փոխել տեղի ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղը հարց էր բարձրացրել ինստիտուտ, բուհ բացելու մասին: Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի, որոշեցի բացել: Մերձակա շրջանների ադրբեջանցիներին սովորելու էինք ուղարկում ոչ թե Բաքու, այլ այնտեղ... Հիմնադրեցինք կոշիկի մեծ ֆաբրիկա: Մարզը շրջապատող վայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ: Այս և այլ միջոցներով ես աշխատել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թվաքանակը մեծանա, իսկ հայերինը` նվազի»: Ավելի բացահայտ չես ասի: Այդ տարիներին իրականացվող ահա նման քաղաքականության մեջ է թաքնված Ադրբեջանի հայաբնակ տասնյակ քաղաքներից և շրջաններից ավելի քան կես միլիոն հայերի մասսայական տեղահանման պատճառները: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի դուրս հանելու հենց նման քաղաքականությունն էլ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների պայքարին` իրենց ազգային ինքնորոշման համար: Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 27 հունվարի 2005 թ.)

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:

Խորապես խորհրդանշական է, որ էթնիկ զտումների զոհերի հիշատակի Եվրոպական կենտրոնի ստեղծման հարցի քննարկումը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարում: Հայ ազգի ընտրանին` ավելի քան 600 հայ մտավորականներ, ճարտարապետներ, բժիշկներ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, սպաներ, ովքեր ապրում էին Կոստանդնուպոլսում, 1915թ. ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեցին և գազանաբար սպանվեցին: Այդ վայրագ դաժանությամբ սկսվեց մեկուկես միլիոն հայերի կոտորածը: Դրանով սկիզբ դրվեց թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայերի աշխարհով մեկ դեգերմանը: Այդ ժամանակ գրվեց Բրունո Յասենսկու «Անտարբերների դավադրություն» գրքի էջերից մեկը: Եվրոպան լռեց: Եվ պատահական չէր, որ քառորդ դար անց, 1939թ. օգոստոսին Հիտլերը իր հրեշավոր ռասսայական զառանցանքի մեջ, ելույթ ունենալով իր բանակների հրամանատարների առաջ, հայտարարեց. «Ես հրաման եմ տվել իմ «Մեռյալ գլուխ» զորամիավորումներին միայն Արևելքում անողոք և առանց որևէ խղճմտանքի մահվան դատապարտել լեհական ծագում ունեցող և լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այդպես մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ կենսական տարածություններ: Ո՞վ է դեռ այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Հետագայում լեհերի ողբերգական ճակատագիրը կիսեցին հրեաները: Տեղի ունեցավ հոլոքոստը:

Էթնիկ զտումների ռեցիդիվները Եվրոպայում իրենց զգացնել տվեցին 80-ական թվականների վերջին- 90-ականների սկզբին, երբ տեղի ունեցան հարյուրավոր և հազարավոր հայերի ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Դաշքեսանում, երբ իմ ավելի քան 450.000 հայրենակիցները Սովետական Ադրբեջանից մազապուրծ եղան: Եվ միայն մարդկային մեծ կորուստների գնով, իր հերոսության շնորհիվ կարողացավ փրկվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Ցավոք, պարոն Մերչանը` մեր գործընկերը Թուրքիայից, երկու օր առաջ ելույթ ունենալով այստեղ ցասումով դատապարտում էր ղարաբաղցիներին այն բանի համար, որ վերջիններս կանխեցին սեփական ժողովրդի ցեղասպանությունը: Քննադատության չեն դիմանում նրա փորձերը զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի դեպքերի և եվրոպական երկրներում անջատողական առանձին դրսևորումների միջև, դրսևորումներ, որոնք խիստ քննադատության են ենթարկվում ճիշտ այդ նույն եվրոպական երկրների ազգաբնակչության ճնշող մեծամասնության կողմից: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր