ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.)

Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում քննարկվող «Էներգետիկ պաշարները քաղաքական ճնշումների համար օգտագործելու վտանգը» հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որն իր վրա մշտական ճնշում է զգում հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ` շրջանցելով Հայաստանը, կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ դա այն պայմաններում, երբ, միջազգային փորձագետների միահամուռ կարծիքով, տեխնիկա-տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խողովակաշարերը պետք է անցնեին Հայաստանի տարածքով: Ի՞նչ է դա, եթե ոչ պերճախոս օրինակ` էներգետիկ պաշարները որպես Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու անթաքույց գործիք` տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերից նրան մեկուսացնելու ճանապարհով: Տնտեսական ճնշում, որը հետագայում փոխակերպվեց քաղաքականի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ: Ավելին, հենց էներգառեսուրսներին տիրելը նպաստում է նրան, որ արդեն 17-րդ տարին է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը անպատիժ իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը: Ամենամյա վնասները, որ կրում է Հայաստանի տնտեսությունը, մեկուկես անգամ գերազանցում են հանրապետության բյուջեն: Կրկնում եմ, տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը շրջափակելով անպատիժ են մնում, որովհետև իրենց տարածքով արտահանվող կենտրոնաասիական և կասպիական նավթն ու գազը ապահովում են էներգակիրների ներկրումը Եվրոպա` դիվերսիֆիկացիայի ենթարկելով վերջինիս կախվածությունը ռուսաստանյան ներկրումներից: Ավելին, հավատացած լինելով «սև ոսկու» անկոտրում ուժին, նշված երկրները գնացին Հայաստանի տնտեսական հետագա մեկուսացման ճանապարհով: Արդեն 2007 թ. երկրորդ եռամսյակում կսկսվի Կարս (Արևմտյան Հայաստանի, ներկայումս` Թուրքիայի տարածք)-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը` ավելի քան 400 մլն դոլար նախագծային արժողությամբ: Եվ դա այն պարագայում, երբ այսօր արդեն իսկ շահագործման պատրաստ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին պարապուրդի է մատնված Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման պատճառով: Ցավոք, Եվրամիության և ԱՄՆ-ի Կոնգրեսի բավականին զգուշավոր հանդիմանությունները, որոնք հանգում էին իրենց հաշվետու ֆինանսական ինստիտուտների կողմից այդ նախագծի ֆինանսավորումը թույլ չտալուն, պարզապես արհամարհվեցին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Սակայն այս հարցերն այդպես էլ չդարձան եվրոպական և ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից բուռն քննարկման առարկա: Եվ դա հասկանալի է. Հայաստանը փոքր պետություն է, նրա ընդերքը չունի ոչ նավթ, ոչ գազ, այնպես որ աշխարհի հզորները կարող են արհամարհել մեր հպարտ ժողովրդի կարիքները: Եվրոպացի և ամերիկացի մեր բարեկամները զուտ ձևականորեն թեթևակի կշտամբեցին նավթով և գազով հարուստ Ադրբեջանին, ու դրանով իսկ հարցը համարեցին փակված: Ահա ձեզ դասական օրինակ, երբ էներգետիկ պաշարներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք: Արդյո՞ք դա չէ ցայտուն վկայությունն այն բանի, որ որտեղ կա նավթ և գազ, այնտեղ իշխում են երկակի ստանդարտներ, լինի դա տնտեսություն, թե քաղաքականություն, իսկ բարոյականության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:

Հարգելի գործընկերներ, քննարկվող հարցի հրատապությունն ակնհայտ է: Այս պարագայում, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նման կարևորագույն ոլորտում վերջին տարիներին ձևավորվող իրավիճակի անկողմնակալ վերլուծությունը: Խնդրի արդիականությունը շատ բանով պայմանավորված է նաև նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը Եվրամիության երկրներ է ներկրում վերջիններիս կողմից օգտագործվող նավթի ավելի քան մեկ քառորդը և ապահովում է նրանց բնական գազի պահանջարկի ավելի քան 40%-ը:

 

Այսպիսով, պատրաստվելով այս ելույթիս, ուշադիր վերլուծել եմ քննարկվող թեմային վերաբերող մի քանի տասնյակ հրապարակումներ, որոնցով վերջին շրջանում լեցուն էին եվրոպական և ամերիկյան հեղինակավոր զանգվածային լրատվական միջոցները: «Սառը պատերազմի» ժամանակներին հատուկ վատթարագույն ավանդույթներով անգամ իսկ հրապարակումների վերնագրերը վախեցնում էին եվրոպական ընթերցողներին` Ռուսաստանի մեղքով վրա հասնող անխուսափելի դժբախտության սպառնալիքով: Ահա դրանցից մի քանիսը. «Եվրոպական նավթային ցնցումներ … և նոր հնարավորություններ» («Christian Sciens Monitor», ԱՄՆ, 11 հունվարի 2007 թ.), «Եվրոպան և էներգետիկ կախվածությունը» («ABC«, Իսպանիա, 10 հունվարի 2007 թ.), «Զգուշացի´ր ռուսական արջից` ահա Եվրոպայի էներգետիկ ապագայի նշանաբանը» («The Independent», Մեծ Բրիտանիա, 10 հունվարի 2007 թ.), «Ազատ Եվրոպայի էներգիան» («The Financial Times», Մեծ Բրիտանիա, 10 հունվարի 2007 թ.), «Ցանկանո՞ւմ եք տեսնել Պուտինի թաթը խողովակի վրա» («The Economist», Մեծ Բրիտանիա, 12 հունվարի 2007 թ.), «Նա այլևս չի խաղում «լավ տղայի» դերը» («Newsweek», ԱՄՆ, 15 հունվարի 2007 թ.): Այդ «սարսափների» թվարկումը կարելի էր և շարունակել, սակայն, կարծում եմ, դրա հարկը չկա: Հրապարակումների անկողմնակալ վերլուծությունը բերում է այն մտքին, որ գործ ունենք Ռուսաստանի դեմ ուղղված տեղեկատվական ամենաիսկական նենգաշորթության հետ, որը նրբորեն իրականացվում է եվրոպական էներգասպառողների շահերի պաշտպանության վայելուչ պատրվակով: Այո, ես չսխալվեցի, քաղաքական ճնշման է ենթարկվում նույն ինքը` Ռուսաստանը, իսկ դրա հիմքում դրված է ԶԼՄ-ների կողմից ուռճացվող վարկածը` էներգակիր մատակարարող գործընկերոջ, իբր, ոչ հուսալիության մասին: Ընդ որում, հրապարակումների հեղինակները, շեշտադրելով 2006 թ. հունվարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «գազային ճգնաժամը» ու 2007 թ. հունվարին Ռուսաստանի և Բելառուսի միջև «նավթային ճգնաժամը», չգիտես ինչու, լռության մատնեցին այն փաստը, որ Եվրամիությունը անգամ փորձ չարեց օգտագործել Էներգետիկ խարտիային կից Պայմանագրի դրույթները, որպեսզի դադարեցներ ուկրաինական և բելոռուսական կողմերի միջամտությունը` ռուսական նավթի ու գազի տարանցմանը Եվրամիություն: Չէ որ այդ փաստաթուղթը նախատեսում է, որ Պայմանագրի մասնակից պետությունն իրավունք չունի դադարեցնել էներգակիրների տարանցումն իր տարածքով երրորդ կողմի հետ հակամարտության դեպքում, երբ կան տարաձայնություններ էներգակիրների ներկրումների պայմանների շուրջ: Կարծում եմ, եվրակառույցներին հայտնի է, որ Ուկրաինան, հանդիսանալով տվյալ Պայմանագրի անդամ, խախտել է վերը նշված պարտավորությունը (Պայմանագրի 7-րդ հոդվածը):

Երկակի ստանդարտների առկայություն է դիտարկվում մեկ այլ հարցում ևս` էներգակիրներ արտահանողների և օգտագործողների գործողությունները գնահատելիս: Այսպես, վերոհիշյալ հրապարակումներում քննադատելով Ռուսաստանին` իր տարածքով նավթի և գազի տարանցման մենաշնորհը «Գազպրոմի», «Տրանսնեֆտի» կամ «Ռոսնեֆտի» կողմից պահպանելու համար, նրանք ընկնում են պարադոքսալ վիճակի մեջ: Պահանջելով նավթ ու գազ տեղափոխելու գործում այդ կազմակերպությունների մենաշնորհի դադարեցումը, միաժամանակ, ըստ էության, Ռուսաստանին պարտադրվում է մենաշնորհային կարգավիճակում հայտնված տարանցիկ ուղիներ` ի դեմս Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի: Իսկ երբ Ռուսաստանը նախաձեռնում է Հյուսիս-եվրոպական գազատարն անմիջականորեն անցկացնել դեպի «երկնագույն վառելիքի» հիմնական սպառողները, նրան մեղադրում են Լեհաստանի և մերձբալթյան հանրապետությունների վրա ինչ-ինչ ճնշումներ իրականացնելու մեջ: Այդ առումով հատկանշական է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ս.թ. հունվարի 16-ին ուշագրավ պարզաբանումներ տվեց լեհական «Ժիչե Պոսպոլիտա» թերթին: Տիկին կանցլերն ասել է. «Մտահոգությունը, որ այդ նախագիծը (նկատի ունենալով Բալթիկ ծովի հատակով անցնող Հյուսիս-եվրոպական գազատարը) սպառնում է Եվրամիության անդամ մյուս երկրների շահերին, բացարձակապես անհիմն է, քանի որ գերմանացի գործընկերները մտածում են գազը Լեհաստան և Բալթյան երկրներ տեղափոխելու հնարավորությունների ստեղծման մասին»: Ընդ որում, Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ տեխնիկական ոչ մի խոչընդոտ չկա, որ գազը գնա հակառակ ուղղությամբ` Գերմանիայից Լեհաստան և մերձբալթյան հանրապետություններ:

Հարգելի գործընկերներ, էներգետիկ անվտանգության հարցերը ցանկացած պետության գործունեության կարևորագույն ուղղություններն են: Եվ միանգամայն ակնհայտ է, որ ամեն մի երկիր, որդեգրելով այս կամ այն դիրքորոշումը, ձգտում է ապահովել առաջին հերթին իր տնտեսական և քաղաքական շահերը: Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է ընկնում ԵԽԽՎ-ի վրա, որը կոչված է մշակել պետությունների միջև համագործակցության ունիվերսալ սկզբունքներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես էներգապաշարներ արտադրողների, այնպես էլ սպառողների համար:

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր