ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ԱՊՐԻԼ. 2010 ԹՎԱԿԱՆ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

15-17.04.2010

Օրերս Վաշինգտոնում տեղի ունեցած Բարաք Օբամա-Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպումներով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը թևակոխեց մի նոր փուլ: Արդեն իսկ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողները խնդրո առարկայի վերաբերյալ տվել են իրենց գնահատականները, որոնք, ցավոք, մեծ մասամբ զգացմունքային են, աչքի են ընկնում ձևակերպումների սրությամբ, բայց ոչ հիմնավորումն ապացուցող փաստարկների ներկայացմամբ: Արդյունքում` աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը պարզունակեցվում է: Իսկ որ հարցը աշխարհաքաղաքական բացառիկ նշանակություն ունի, կարծում եմ, կհիմնավորվի ընթերցողի դատին ներկայացվող սույն վերլուծությամբ: Եվ այսպես. գլոբալացված մերօրյա աշխարհում միջպետական հարաբերությունների գնահատումը որպեսզի թերի չլինի, անհրաժեշտ է, որ այն ներառի տարածաշրջանային բոլոր երկրների շահերի համադրումը և, բնականաբար, ուժի միջազգային կենտրոնների հետաքրքրությունները` կապված այդ գործոնների հետ: Այնպես որ, եթե հավակնում ենք անկողմնակալ գնահատական տալ Սարգսյան-Էրդողան, Օբամա-Սարգսյան, Օբամա-Էրդողան հանդիպումներին, դրանցում արձանագրված արդյունքներին, ապա պետք է պարզաբանենք մի շարք հարցեր: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը, այդ գործընթացներին ինչպե՞ս են վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, Վրաստանը: Այս հարցերի պատասխանների խորը վերլուծության արդյունքում վտանգ չկա՞, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ներքաշվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք ամենևին էլ չեն բխում մեր երկրի ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ստանձնած Հայաստանի պարտավորությունների ոգուց: Անդրադարձ կատարենք այս հարցադրումներին:

ԱՄՆ-Ն ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Որպեսզի զերծ մնանք հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործում Միացյալ Նահանգների դերակատարությանը կողմնակալ գնահատականներ տալու գայթակղությունից (պայմանավորված Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից անցած ամիս ընդունված թիվ 252 բանաձևի հանգամանքով, որով դատապարտվում էր 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, դրանից հետո ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած քայլերը, որպեսզի այդ բանաձևը չմտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ), վկայաբերենք այդ երկրի արտաքին քաղաքականության ձևավորման գործում որոշիչ նշանակություն ունեցող վերլուծական մի զեկույց: Խոսքը վերաբերում է «ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարություն» (ԱՊՌ-2008) փաստաթղթին: Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը դա հրապարակել էր դեռևս 2008թ. հունիսին: Ջորջ Բուշի հանրապետական վարչակազմի օրոք այդ գերատեսչությունը ղեկավարում էր Ռոբերտ Գեյթսը: Հետագայում նա վերահաստատվեց այդ պաշտոնում Բարաք Օբամայի դեմոկրատական կուսակցության վարչակարգի օրոք, իսկ ԱՊՌ-2008-ը դրվեց երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում: Հարկ է նշել, որ Օբամայի վարչակազմը իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակների շարքն է դասում աշխարհում հեղինակության վերականգնումը, բարեկամների, գործընկերների, նաև իր հակառակորդների հետ փոխադարձ հարգանքի պայմաններում երկխոսության նախաձեռնումը, գործընկերային նոր միավորումների հիմնումը: Այս ամենի հետ մեկտեղ, այդ նույն ռազմավարության համաձայն, երկրի անվտանգության առջև ծառացած հինգ հիմնական մարտահրավերների շարքում, որոնք նշված են ԱՊՌ-2008-ում, առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ սպառնալիքները. տարածաշրջանային ուժեղացող վեհապետությունները և բնական պաշարներին, ինչպես նաև ռեսուրսներին տիրանալու համար երկրների միջև աճող համագործակցությունը: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունները արտաքին քաղաքականության նպատակների ու մարտահրավերների գնահատման հարցում դրսևորում են համանման մոտեցումներ: Այս իրողությունը մեզ հուշում է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմի արտաքին քաղաքականությունը վերլուծելիս պետք է բացառենք սուբյեկտիվ գործոնը (Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի տված խոստումները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը): Այս ամենը նկատի ունենալով էլ` հարկ է գնահատել Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում: Կարդալ ավելին...

ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԱՐԳԻՆԱԼՆ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾԸ

17.03.2010

Աշխարհի հետախուզություններում չգրված օրենք է. երբ գործակալը բացահայտվում է, ապա տիրոջ կողմից հետ է կանչվում: Լինում են նաև դեպքեր, երբ գործակալները տևական ժամանակ օտարության մեջ գտնվելու հանգամանքից հոգնած, բեզարած լինելով կամ էլ կանխազգալով իրենց ծավալած լրտեսական գործողությունների մոտալուտ ձախողումը, միտումնավոր ինքնաբացահայտվում են: Ահա նման մի իրավիճակի ականատես դարձանք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդի (խոսքը Ռիչարդ Առյուծասրտի մասին չէ) մեր Կիրակոսյանի պարագայում: Վերջինս առանձնահատուկ հիվանդագին է ընդունում «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ Արտաշես Գեղամյանի հրապարակումները: Պատճառը մեկն է. Ա.Գեղամյանի բերած փաստերին ու գնահատականներին և ոչ մի բան չկարողանալով հակադրել, պարոն Ռիչարդը քաջ գիտակցում է, որ իր բազմաթիվ ասուլիսներում ասվածները հօդս են ցնդում:

Եվ ահա պարոն Ռիչարդը, մոռանալով, որ ինքը օտարերկրացի է, իրեն իրավունք է վերապահում, քիթը խոթել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, «Ազգային Միաբանություն կուսակցությանը» անվանարկելով «առավել քան վարկաբեկված ու մարգինալ»,իսկ նրա նախագահության անդամ, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրված Արա Սիմոնյանի ընտրությունը պայմանավորում է նրանով, որ «մարդիկ են ծեծվում, արդյունքներ են կեղծվում...»: Երբ ծանոթացանք մեր հասցեին արված նրա այս բարբաջանքի հետ, սկզբում մտածեցինք չարձագանքել, չկարևորել օտարերկրացու զառանցանքը, սակայն, երբ խորացանք նույն այդ Ռիչարդի մեկ այլ «սենսացիոն բացահայտման»  մեջ, ապա մեր պարտքը համարեցինք տալ որոշ գնահատականներ: Այսպես, երեկ՝ մարտի 16-ին, «Ժամանակ»  թերթին «ԱՄՆ-ում Սարգսյան-Գյուլ գաղտնի հանդիպում է նախատեսված»  խորագրով հարցազրույցում ուստա Ռիչարդը լրագրողի այն հարցին, թե. «Մի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտը իր զեկույցում սուր քննադատում է ՀՀ իշխանություններին, մյուս կողմից` Օբաման հրավիրում է Սերժ Սարգսյանին Վաշինգտոն՝ մասնակցելու ինչ-որ միջոցառման: Սա մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականության դրսևորում չէ՞»- տալիս է յուրօրինակ մի պատասխան. «Այստեղ թվում է, թե հակասություն կա, սակայն իրականում այն չկա: Կարդալ ավելին...

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴԸ

16.03.2010

Հարցազրույց «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ Արտաշես Գեղամյանի հետ

- Պարոն Գեղամյան, խնդրում եմ Ձեր գնահատականը տալ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի թիվ 252 բանաձևի ընդունման վերաբերյալ:

- Աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական այս բարդ իրավիճակում, որում հայտնվել են թե՛ աշխարհիս հզորները, թե՛ ընդհանուր առմամբ բոլոր երկրները, դժվար է գերագնահատել ընդունված բանաձևի նշանակությունը: Այո՛, տրված գնահատականը չափազանցություն չէ, քանի որ հանրահայտ ճշմարտություն է այն, որ միջազգային քաղաքականությունը, ինչպես և քաղաքականությունն ամբողջությամբ ոչ այլ ինչ է, քան պայքար իշխանության համար: Ինչպիսին էլ լինեն միջազգային քաղաքականության վերջնական նպատակները, իշխանություն հաստատելը շարունակում է մնալ դրա գերագույն խնդիրը: Ինչո՞վ է ընդունված բանաձևի նշանակությունը բացառիկ: Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի 2-րդ կեսից աշխարհի առավել հզոր պետությունները իրենց արտաքին հարաբերությունների հիմքում դրել էին քաղաքագիտության մեջ հայտնի քաղաքական իրապաշտության (Real politic) տեսության սկզբունքները: Ըստ որում, ուշագրավ է, որ դրա հիմնադիրներից է ծագումով Բավարիայից ամերիկացի հայտնի քաղաքագետ Իոահիմ Հանս Մորգենթաուն: Նա դեռ 1948 թ. քաղաքական բեսթսելլեր դարձած իր «Քաղաքականությունը ազգերի միջև» (Politics Among Nations) գրքում առաջարկել էր վեց, ներկայումս համընդհանուր ճանաչման արժանացած, անվիճարկելի դարձած սկզբունք, որոնք կազմում են այդ տեսության առանցքը և որոնցով առաջնորդվել են իրար փոխարինող ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող 11 նախագահները: Հետաքրքիր է, որ Մորգենթաուի այս աշխատությունը վերահրատարակվել է ավելի քան 20 անգամ:

Նա իր գրքում քննադատության էր ենթարկել ամերիկյան քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը ներհատուկ լավատեսությունը մարդու բնության հանդեպ: Նրա կողմից մերժվել էր նաև արտաքին քաղաքականություն իրականացնելիս ապավինելը գիտակցության ամենազորությանը, ինչպես նաև ամերիկյան արժեքների ու հետաքրքրությունների ունիվերսալության բացարձականությանը: Ըստ Մորգենթաուի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ դա հանգեցրել էր գաղափարապաշտության, բարոյախրատականության, սենտիմենտալականության և մեկուսականության արմատավորմանը: Կրկին փաստենք, որ անցած 60 տարիների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ-ի վարչակազմերը հաշվի էին առել մեծ քաղաքագետի այդ դիտարկումը և իրենց երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել էին պրագմատիկ սկզբունքներ, որոնք բխում էին ԱՄՆի պետական շահերից և միշտ չէ, որ ընդունելի են բարոյականության տեսանկյունից: Ավելին, նրանք հաշվի էին առնում անխուսափելի հակասությունները բարոյական կարգադրագրերի և քաղաքական գործողություն կատարելու պահանջից բխող գործառույթների միջև: Քաղաքական իրապաշտության հիմնական հատկանիշներից է պետական շահի հայեցակարգի սահմանումը, որը հիմնվում է իշխանության ուժի վրա` ներկայացնելով արտաքին քաղաքականության բուն առարկան: Կարդալ ավելին...

«100 ՔԱՅԼ». ԿԱՄՈ ԳՐՅԱԴԵՇԻ – ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ

(շարունակություն)

02-03.03.2010

Եթե չգիտես, թե ո՞ւր ես նավարկում, ոչ մի քամի չի կարող համընթաց լինել:

Լուցիյ Աննեյ Սենեկա

Մինչև «100 քայլ»  ծրագրի վերլուծությանն անդրադառնալը, նշենք մի քանի հարցադրումներ, որոնց պատասխանները նույնպես գտնում ենք շատ կարևոր: Եվ այսպես, ելակետային ինչպիսի՞ մոտեցումներ, չափանիշներ պետք է դրվեն հակաճգնաժամային միջոցառումների հիմքում, որոնք կբացառեն այնպիսի անհեթեթություններ, ինչպիսիք են. Առաջին. որպեսզի հերքվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների պնդումներն առ այն, որ ՀՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավարտված է, քանի որ 2010 թ. հունվար ամսին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, իբր, արձանագրվել է ՀՆԱ-ի 2,4 %-անոց աճ: Եվ դա ասվում է այն պարագայում, երբ 2010 թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՀՆԱ-ն կազմել է 39,5%: Իսկ ինչ վերաբերում է այդ նույն ցուցանիշի հարաբերակցությանը 2009թ. հունվարի նկատմամբ, ապա անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ: Նախ, նշենք, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության նման էկոնոմիկա ունեցող երկրների համար, որոնց արտարժույթին ներհատուկ է բարձր ոլոտիլություն (անգլ. volatiler -փոփոխական), ազգային արտարժույթի փոխարժեքի անկայունություն, մեծ տատանումներ համաշխարհային արտարժույթների` ԱՄՆ դոլարի, եվրոյի, շվեյցարական ֆրանկի, բրիտանական ֆունտ-ստերլինգի նկատմամբ, մակրոտնտեսական ցուցանիշներն ընդունված է համեմատել համադրելի գներով:

Նման մոտեցումն առավել պահանջված է մեր պայմաններում. հիշեցնենք, որ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 305,48 դրամ, մինչդեռ նույն տարվա ապրիլ ամսվա միջինը` 367,7 դրամ էր: Հաշվի առնելով այդ իրողությունը, նշենք, որ 2009թ. հունվարին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 132 մլրդ 7մլն 300 հազար դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 432 մլն 130,7 հազար դոլար: Իսկ այս տարվա հունվարին այն կազմել է 149 մլրդ 491,4 մլն դրամ կամ 395 մլն 972,2 հազար դոլար (1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,53 դրամ): Այստեղ ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ 2010թ. հունվարի ՀՆԱ-ն, անցած տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, կազմել է 2009թ. հունվարի ՀՆԱ-ի 95,3%-ը, այլ կերպ ասած` 2010-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, գրանցվել է ՀՆԱ-ի 4,7% անկում և ոչ թե 2,4%-ի աճ: Կարելի էր այս հարցին չանդրադառնալ, սակայն երբ, հիմք ընդունելով ելակետային, մեղմ ասած, ոչ կոռեկտ թվերը, կառավարության ֆինանսատնտեսական բլոկի նախարարները վարչապետի գլխավորությամբ թմբկահարում են ՀՆԱ-ի 2,4 %-անոց «տնտեսական աճի», ճգնաժամը հաղթահարելու մասին, ապա չես կարող չտագնապել: Ուստիև, պետք է հակաճգնաժամային միջոցառումների այնպիսի համակարգ մշակվի, որը կբացառի կառավարության կողմից երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր վիճակի ոչ համարժեք գնահատականը: Եվ, ըստ այդմ, բացառվի այնպիսի իրավիճակ, երբ ձեռնարկվող միջոցառումները ՀՀ էկոնոմիկան վերջնականապես կկազմալուծեն, իսկ մեր երկիրն էլ կհասցնեն դեֆոլտի` պետության արտաքին պարտքի գծով ստանձնած պարտավորությունների չկատարման: Նման պարագայում կբացառվի ծիծաղ առաջացնող այնպիսի իրավիճակի առկայությունը, երբ ֆինանսների նախարարությունն իր սեղմագրում դրական երանգներով կներկայացնի կատարած աշխատանքները, մասնավորապես, համեստորեն նշելով. «Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես կախված են եղել նախարարության կողմից իրականացված իր իրավասությունների շրջանակներում տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով»: «Տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներ»  ձևակերպում անելով` մեր երկրի ֆինանսների նախարարությունը նոր խոսք է ասում ժամանակակից տնտեսագիտության տեսությունների շարքում: Պարզվում է, որ մի առանձին երկրում ճգնաժամից դուրս գալու համար մերոնք մի քանի «տնտեսագիտական քաղաքականությունների նպատակադրումներով»  են պայքարել ճգնաժամի դեմ: Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր