ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 27 ապրիլի 2005 թ.)

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:

Հայ ժողովրդի համար միգրացիայի հարցերն ավելի քան մեկուկես դար է, ինչ չեն կորցնում իրենց արդիականությունը:

Ֆրանսիացի հայտնի գրող Անատոլ Ֆրանսը 1916թ. ցասումով դատապարտել է եվրոպական կառավարիչներին` հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ վերջիններիս անգործունյա անտարբերության համար: Նա գրել է. «Արևելքում մահանում է մեր քույրը: Նրա ողջ մեղքն այն է, որ նա կիսում է մեր զգացմունքները, սիրում է այն, ինչ սիրում ենք մենք: Ինչպես և մենք, նա ներառել ու իր մեջ մարմնավորել է իմաստությունը, արդարացիությունը, պոեզիան, արվեստը: Ահա դրանում է և կայանում նրա «աններելի» հանցանքը: Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այս մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ»: Մեծ մարդասերն ահա այսպես է բնութագրել 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը:

Հրաշքով ողջ մնացած հայերը փախուստով փրկվեցին արաբական երկրներում: Հարյուր հազարավորները ապաստան և կացարան գտան Ռուսական կայսրությունում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Այդ տարագիրներից շատերի, վերջիններիս զավակների անունները ոսկե տառերով են գրված նրանց երկրորդ Հայրենիքի նորագույն պատմության մեջ: Ֆրանսիայում մեծարանքով են վերաբերվում տաղանդավոր գրող Անրի Թրուայի և կինոռեժիսյոր Անրի Վերնոյի ստեղծագործությանը, սիրում և հպարտանում են Շառլ Ազնաուրով: Եգիպտացիները խորին հարգանքով են արտասանում 19-րդ դարի իրենց լավագույն պրեմիեր-մինիստրներից և արտաքին գործերի նախարարներից մեկի` պետական նշանավոր գործիչ-հումանիստ Նուբար Փաշայի անունը, մարդ, որը փրկեց և կարգավորեց սիրիական Դեր-Զորի մահվան անապատից` թուրքական յաթաղանից փախած իր տասնյակ հազարավոր հայրենակիցներից շատերի կյանքը: Արաբական Արևելքը, ինչու չէ նաև Եվրոպան, և, անշուշտ, լիբանանցիները մշտապես բարի զգացմունքներով պետք է հիշեն հայ գաղթականուհու որդուն, Լիբանանի մեծ զավակին, ահաբեկիչների ձեռքով սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիին: Երախտապարտ ամերիկացիները հպարտանում են տաղանդավոր գրող Վիլյամ Սարոյանով և նկարիչ Արշիլ Գորկիով, նշանավոր կինոռեժիսյոր Ռուբեն Մամուլյանով և Կալիֆորնիայի նույնքան անվանի նահանգապետ, Ռոնալդ Ռեյգանի մերձավոր բարեկամ ու զինակից Ջորջ Դոքմեջյանով:

Մեր պատմության ողբերգական էջերը ցավով են արձագանքում այսօրվա սերնդի սրտերում, հատկապես ապրիլյան այս օրերին, երբ աշխարհասփյուռ տասներկումիլիոնանոց հայությունը եկեղեցիներում և տաճարներում մոմեր է վառում ի հիշատակ Անատոլիայում անմեղ սպանված մեկուկես միլիոն իրենց հայրենակիցների: Մենք նաև վերապրում ենք նրանց ճակատագիրը, քանի որ հայերին բռնի միգրացիայի ենթարկելու վտանգն իր արդիականությունը չի կորցրել և այսօր:

Մեջբերում անեմ «Բակինսկի ռաբոչի» թերթի 2002թ. հուլիսի 25-ի համարում «Զանգվածային լրատվական միջոցները պետք է լինեն ճշմարտության ազդարարը…» խորագրի ներքո հրատարակված մի նյութից: Հեյդար Ալիևը, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը, ի լուր ամենքի հրապարակեց ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պաշտոնական Բաքվի քաղաքականության մասին: «Ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին,- իր հարցազրույցում ասում է Ալիևը,- երբ առաջին քարտուղար էի. այդ ժամանակ շատ եմ օգնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միաժամանակ ձգտել եմ փոխել տեղի ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղը հարց էր բարձրացրել ինստիտուտ, բուհ բացելու մասին: Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի, որոշեցի բացել: Մերձակա շրջանների ադրբեջանցիներին սովորելու էինք ուղարկում ոչ թե Բաքու, այլ այնտեղ... Հիմնադրեցինք կոշիկի մեծ ֆաբրիկա: Մարզը շրջապատող վայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ: Այս և այլ միջոցներով ես աշխատել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թվաքանակը մեծանա, իսկ հայերինը` նվազի»: Ավելի բացահայտ չես ասի: Այդ տարիներին իրականացվող ահա նման քաղաքականության մեջ է թաքնված Ադրբեջանի հայաբնակ տասնյակ քաղաքներից և շրջաններից ավելի քան կես միլիոն հայերի մասսայական տեղահանման պատճառները: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի դուրս հանելու հենց նման քաղաքականությունն էլ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների պայքարին` իրենց ազգային ինքնորոշման համար:

Եթե մենք այսօր ԵԽԽՎ-ում խորապես չուսումնասիրենք Հարավային Կովկասի տարածաշրջանում միգրացիայի պատճառները և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք դրանց առաջն առնելու համար, ապա պոտենցիալ վտարանդիներ կարող են դառնալ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար բնակիչները, որը տարածաշրջանում կվերածվի հումանիտար աղետի: Ցավոք, այստեղ` ԵԽ ԽՎ-ում, ոմանք հող են նախապատրաստում հայերի մասսայական տեղահանության համար` նրանց մատնելով մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցների ճակատագրի կրկնությանը, ովքեր XX դարի սկզբին բնակվել են Օսմանյան կայսրությունում և Նախիջևանի ինքնավարությունում, պատմական հայկական նահանգ, որի տարածքը Ադրբեջանը բռնի զավթել է Հայաստանից:

Հարգելի գործընկերներ. ապրիլի առաջին օրերին աշխարհը հրաժեշտ տվեց Հռոմի պապին` Հովհաննես Պողոս Երկրորդին: Պապի մահը սգում էին բոլորը` հրեաները, ուղղահավատ մահմեդականները, ինդուսները, քրիստոնյա-բողոքականները, անգլիականականները, ուղղափառները, լուսավորչականները, ի դեմս իրենց պետության և կառավարության ղեկավարների, հոգևոր առաջնորդների, որոնք Պոնտիֆիկի հուղարկավորության համար ժամանել էին Հավերժական քաղաք: Հրեաները Հովհաննես Պողոս Երկրորդին մեծապես գնահատում էին Հոլոքոստի հանցագործության համար Երուսաղեմում` Լացի պատի մոտ կատարած ապաշխարության համար: Մահմեդականներն արժանին էին մատուցում Պապի արիությանը, որը կաթոլիկության ողջ պատմության ընթացքում առաջինն այցելեց Դամասկոսի իսլամական սրբավայրերը` Օմեյադների մզկիթը և սրբատեղին, Տիրոջ գերեզմանն ազատագրելու համար խաչակիրների արշավանքների ընթացքում մահմեդականների թափված արյան` նրա հրապարակային մեղքերի խոստովանության համար: Ուղղափառ քրիստոնյաները Պապին հարգում էին խաչակիրների կողմից 800 տարի առաջ կատարածի` բյուզանդական սրբությունների, Կոստանդնուպոլսի տաճարի կողոպուտի և ավերածությունների համար խոնարհաբար ապաշխարելու համար:

Մեծ Պապը ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ աշխարհի հզորների սրտերը նվաճել էր այն բանի շնորհիվ, որ ապաշխարում էր այն մեղքերի թողության համար, որ կատարվել էին ո´չ իր կողմից և ո´չ էլ իր պապության տարիներին: Նա գիտակցում և սրտով զգում էր իր մեծ կոչումը: Եվ, թվում է, այդ օրերի ապրումներից առաջին դասը պետք է առնեինք մենք` Ազատության և Ժողովրդավարության Տաճարի սպասավորներս, Եվրախորհրդի Պալատի սպասավորներս, ԵԽԽՎ-ի պատգամավորներս: Թվում է, թե մենք պետք է հետևինք նրան` փորձելով գիտակցել մեր սեփական կոչումը: Եվ մեզանից պահանջվում էր, երևի թե, շատ քիչ բան, մեր նստաշրջանի աշխատանքն սկսել ոտքի կանգնելով և մեկ րոպե լռությամբ հարգելով 1915թ. ցեղասպանության զոհերի` մեկուկես միլիոն հայերի հիշատակը: Եվ, թվում է, որ անհրաժեշտ էր դա անել թեկուզև այսօր` XX դարի այդ ահավոր ողբերգության 90-րդ տարելիցի առնչությամբ: Եվ միայն այդ պարագայում խորիմաստ և սրտառուչ այն խոսքերը, որ ասվեցին պետությունների, կառավարությունների և եկեղեցական ղեկավարների կողմից Պապին հրաժեշտ տալու օրերին, ոչ միայն հայերի, այլև աշխարհի ժողովուրդների կողմից կընկալվեին որպես ժամանակակից քաղաքակրթությունների առաջնորդների գիտակցված ապաշխարանք` դեռևս ոչ բոլոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական դատապարտման, աշխարհում չդադարող պատերազմների, Հողագնդի համարյա մեկ միլիարդ քաղաքացիների` շարունակվող սովի ու ծայրահեղ չքավորության համար: Եվ այդ տատասկոտ ճանապարհին որպես Արիադնայի ուղեցույց թել կարող են ծառայել այն որոշումները, որ մենք ընդունում ենք այստեղ` Եվրոպայի սրտում: Առանց ԵԽԽՎ պատգամավորների կողմից իրենց կոչման գիտակցման` չի լինի ոչ մեր մտադրությունների և գործողությունների Միաբանություն, ոչ մեզ Արդարացում և ոչ էլ Փրկություն:

Ցանկալի չէր լինի, որ մարդասեր-նորվեգացի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը` ասված մեզ համար ողբերգական այն տարիներին, դառնան մեր նորագույն պատմության վերջաբան:

Վերհիշենք և մեկ անգամ էլ մտորենք, թե ինչի մասին էր նախազգուշացնում մեծ նորվեգացին. «Վայ հայերին, որ նրանք ներքաշվել են եվրոպական քաղաքականության մեջ: Նրանց համար շատ ավելի լավ կլիներ, եթե եվրոպական ոչ մի դիվանագետ Հայաստանի անունը չարտասաներ»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր