ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վաշինգտոն, 4 հուլիսի 2005 թ.)

Պարոն նախագահ, հարգելի ամերիկացի գործընկերներ: Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և ի դեմս Ձեզ` ամերիկյան ժողովրդին նշանակալից տոնի` Անկախության օրվա կապակցությամբ և ցանկանալ բարիք ու բարգավաճում ամերիկյան յուրաքանչյուր ընտանիքի:

Հարգելի գործընկերներ, ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի բացմանը` ԱՄՆ պետքարտուղար դոկտոր Կոնդոլիզա Ռայսը պատկերավոր նշեց. «Մենք ապրում ենք պատմական մեծ փոփոխություններ: Այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում, այսօր դառնում է անխուսափելի»: Ակամայից հարց է առաջանում, իսկ միգուցե մեր աչքի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեղի ունեցող հենց այդ անդառնալի փոփոխություններն էր կանխատեսում ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդը, երբ, ի հեճուկս իր մերձավոր շրջապատի քաղաքական բազմաթիվ գործիչների համառ հորդորների, 1975թ. օգոստոսին իր ստորագրությունը դրեց այժմ արդեն պատմական դարձած` Եվրոպայի անվտանգության և համագործակցության պայմանագրի Եզրափակիչ ակտի տակ: Ավելին, իր հասցեին հնչած հանդիմանություններին ի պատասխան, նա դեռևս պատմական այդ տարում իր ընդդիմախոսներին ասաց. «Պատմությունը մեզ կդատի ոչ թե այն խոստումների համար, որոնք մենք անում ենք, այլ այն խոստումների համար, որոնց մենք տեր ենք կանգնում և կատարում ենք»:

Մենք էլ մեզ հարց տանք. իսկ ինչպե՞ս կգնահատեն ապագա սերունդներն ընդունող կողմի փայլուն կազմակերպած այս նստաշրջանում մեր` Ձեզ հետ կատարած աշխատանքը, ասենք, 2035 թվականին: Հնարավորություն ունի՞ արդյոք ներկայիս Խորհրդարանական վեհաժողովը դառնալ նույնպիսի նշանակալից շրջադարձային փուլ գլոբալիզացվող աշխարհում, ինչպիսին Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկյան վեհաժողովն էր 1975 թվականին: Մենք ոչ միայն իրավասու ենք, այլև ուղղակի պարտավոր ենք մեր առջև դնել նման բախտորոշ խնդիրներ: Եվ մեր ուժերից վեր չի լինի այդ խնդիրների լուծումը, եթե կարողանանք անաչառ վերլուծել, թե մեր օրերում ինչ է կատարվում ԵԱՀԿ ողջ տարածքում:

Հարգելի գործընկերներ, կարծում եմ, Դուք չեք վիճարկի այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ահա արդեն 15 տարի անընդմեջ միջազգային քաղաքական-իրավական և ոչ մի հեղինակավոր համաժողով չի անցնում առանց Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրովիեում ստեղծված իրավիճակների կարգավորման խնդիրները քննարկելու: Որպես կանոն, այդ համաժողովներում բարձրացվում են Ռուսաստանի համար ցավոտ հարցեր, որոնք վերաբերում են Մերձբալթյան հանրապետություններում ռուսալեզու ազգաբնակչության քաղաքական իրավունքների սահմանափակմանը, այնպես, ինչպես ոչ վաղ անցյալից եկող բարոյական-իրավական բնույթի հարցեր, որոնք բարձրացվում են Մերձբալթյան հանրապետությունների ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի Դաշնության առջև:

 

Ցավոք, թվարկվածով չի սպառվում եվրոպական մայրցամաքի, ԱՄՆ-ի և Կանադայի ժողովուրդներին հուզող սուր խնդիրների ցանկը: Կրքերը չեն մարում Կիպրոսի Հանրապետության շուրջ, բոլորիս անհանգստացնում է սերբ ազգաբնակչության ճակատագիրը, ինչպես նաև Կոսովոն ամբողջությամբ: Ինչո՞ւ այս խնդիրները, այս հակամարտությունները խաղաղ հանգուցալուծում չեն ստանում: Ո՞րն է պատճառը. միջազգային իրավունքի ինստիտուտների ճգնաժա՞մը, միջազգային կազմակերպությունների գործունեության անկատարությո՞ւնը, թե՞ աշխարհի առաջատար երկրների և դրանց քաղաքական գործիչների մոտ բարի կամքի բացակայությունն այդ արյունոտ համակարտությունների խաղաղ լուծման գործում: Կարծում եմ, ոչ: Հայաստանի օրինակի վրա փորձենք իմաստավորել, որոնք են աշխարհի գլոբալիզացմանն ուղեկցող, ավելի ճիշտ` դրա հետևանքներից մեկը հանդիսացող այդ նոր մարտահրավերների հաղթահարման հարցում քաղաքական գործիչների ոչ համարժեք գործողությունների իրական դրդապատճառները: Հայաստանի օրինակը մեր վերլուծության մեջ խիստ հատկանշական է: Հին դարերում Հայաստանը ոչ միայն հելլենիստական-հռոմեական քաղաքակրթությունների արժեքների կրողն էր, այլև, միաժամանակ, դրանց ակտիվ տարածողն էր Առաջավոր Ասիայում: Այդ պատճառով` պատմական ճակատագրի կամոք, իմ հայրենիքը դարեր շարունակ ներգրավված է եղել Պարսկաստանի, Հունաստանի, Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների միջքաղաքակրթական բախումների մեջ: Հայաստանը բազմիցս հայտնվել է արաբա-մահմեդական և քրիստոնեական պատերազմների էպիկենտրոնում: Ի հպարտություն հայերիս` Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում միշտ հավատարիմ է մնացել քրիստոնեական արժեքներին և խորապես օրինաչափ է, որ 301թ. աշխարհում առաջինը հենց նա հայտարարեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին: Եվ մի վերին իմաստ կա այն բանում, որ, բազմիցս ենթարկվելով ռազմատենչ հարևանների ավերիչ արշավանքներին, հարյուրամյակներ զրկված լինելով պետականությունից, հայերը` նույնիսկ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ, այդպես էլ չենթարկվեցին ասիմիլյացիայի:

Հայկական քաղաքակրթությունը վերապրեց Բաբելոնն ու Ասորեստանը, Հռոմեական և Բյուզանդական կայսրությունները, Արաբական խալիֆաթը և Օսմանյան կայսրությունը: Ավելին, այն Օսմանյան կայսրության հոգեվարքի տարիներին իրականացված մարդատյաց վայրագությունների վկան ու մեղադրողը դարձավ: Եվ մեծ խորհուրդ կա այն բանում, որ Բիբլիական Արարատի նախալեռներում և դաշտավայրերում իր պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասի վրա` անկախ Հայաստանի Հանրապետությունում, շարունակում է արարել հայ ժողովուրդը:

Մեզ` հնագույն քաղաքակրթութունների հիշատակը կրողներիս, առավել զգաստացնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի Հանրապետությունը լուրջ վտանգի է ենթարկվում: Եթե ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիության առաջատար պետությունները գործուն քայլեր չձեռնարկեն, ապա մեր տարածաշրջանը կրկին կարող է դառնալ ռազմական լուրջ հակամարտությունների թատերաբեմ` միջքաղաքակրթական վտանգավոր բախման վերաճելու սպառնալիքով: Եվ ասվածն իրավիճակի դրամատիզացում չէ: Միասին վերլուծենք` ինչպիսի՞ վտանգներ են դարանակալել Հայաստանին և տարածաշրջանի երկրներին:

Հարգելի գործընկերներ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը օպերատիվ, երբեմն էլ անձնանվեր է արձագանքում իր տարածքում առաջացած ռազմական, իրավական, հումանիտար մարտահրավերներին: Այս առումով տագնապ, երբեմն էլ տարակուսանք է հարուցում այն, թե ինչո՞ւ անցած 15 տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն ոչ մի կերպ չարձագանքեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրագործվող տնտեսական դաժան շրջափակմանը: Ավելին, հենց նրանք են նախաձեռնում և իրագործում Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային խոշորամասշտաբ տնտեսական ծրագրերից, լինի դա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, թե Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում կառուցվող և Ադրբեջանի տարածքով Ռուսաստանը Իրանին միացնող երկաթգիծը: Ադրբեջանը և Թուրքիան միանգամայն հստակ խնդիր են դրել` արյունաքամ անել Հայաստանի տնտեսությունը, այն ամբողջովին մեկուսացնել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տնտեսական տարածք հնարավոր ինտեգրումից: Նրանց հաշվարկը նենգ ու պարզ է. չէ որ Հայաստանը տարեկան ավելի քան 12 մլրդ դոլար է կորցնում միայն հաղորդակցության ուղիների շրջափակումից: Ցավ է պատճառում այն, որ վերը նշված ծրագրերի հիմնական ներդրողները ԵԱՀԿ անդամ-պետություններն են: Ահա այսպիսին է տնտեսական և ֆինանսական այն գինը, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն վճարել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Ազատության և Ժողովրդավարության գաղափարների հետևորդը լինելու համար:

Բայց կան նաև գնահատման չենթարկվող, հազարավոր ղարաբաղցիների կյանքի անդառնալի կորուստներ: Դրությունն էլ ավելի է բարդանում այն պատճառով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկություններն ի սկզբանե իրենց մեջ պայթուցիկ ուժի այնպիսի լիցք են պարունակում, որ, այն գործի դնելու դեպքում, կարող է ապակայունացնել իրավիճակն ողջ տարածաշրջանում: Ասվածը չափազանցություն չէ, այլ եզրակացություն է, որին անխուսափելիորեն հանգում ես, երբ աշխատում ես վերաիմաստավորել վերը նշված առաջարկությունների փիլիսոփայությունը: Խորանալով դրա մեջ` մտովի տեղափոխվում ես ժամանակակից մարդկային քաղաքակրթության համար բախտորոշ մի ժամանակաշրջան` մեր թվարկության սկիզբը: Դատում են Հիսուս Քրիստոսին: Մեղադրողն ու գլխավոր դատավորը միևնույն դեմքն է` Կայիափա քահանայապետը: Նրա մեղադրանքն այն էր, որ ժողովուրդը հավատաց Քրիստոսին և գնալու է նրա հետևից: Իսկ հավատալով Քրիստոսին, ժողովուրդն այլևս չի ենթարկվի հռոմեական օրենքներին և Հրեաստանի հռոմեացի պրոկուրատոր Պոնտ Պիղատոսին ու կապստամբի կայսեր և Հռոմի դեմ: Այնուհետև հռոմեական երկաթյա լեգեոններն այդ ապստամբությունը կխեղդեն ապստամբների արյան մեջ: Կայիափայի փաստարկներն ընդունվեցին, Քրիստոսին խաչեցին… Սակայն ապստամբությունից խուսափել այդպես էլ չհաջողվեց, և Հրեաստանում հազարավոր մարդկանց արյուն թափվեց, մարդիկ, որոնց մեղքը միայն այն էր, որ ցանկանում էին ապրել ազատության և անկախության մեջ:

Ահա և այժմ, մտածում են և հույս ունեն, որ Ղարաբաղի ոչ մեծաթիվ, բայց հպարտ ժողովրդի կյանքի գնով կկարողանան կայուն և հարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Այո´, ես չսխալվեցի` ասելով, կյանքի գնով: Ժողովուրդ, որն արդեն 15 տարի է, ինչ ճաշակում է ժողովրդավարության և անկախության քաղցրությունը, ոչինչ չի խնայի դրանք պահպանելու համար: Կարևոր է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված չլինելն ամենևին հետևանքը չէ բարի կամքի բացակայության` հակամարտող կողմերի, առավել ևս` ԵԱՀԿ միջնորդական առաքելության` Մինսկի խմբի մոտ: Խնդիրը քաղաքականության և քաղաքագետների մեջ չէ: Այն շատ ավելի խորն է` փիլիսոփայության և մեր քրիստոնեական ինքնագիտակցության մեջ է: Չէ՞ որ քահանայապետ Կայիափան անկեղծ էր, երբ մտածում և հույս ուներ, որ Հիսուս Քրիստոսի` մի մարդու, կյանքի գնով կարելի է փրկել մի ողջ ժողովուրդ: Դա նրա համոզմունքն էր: Նրան իսկապես թվում էր, որ հանուն իր ժողովրդի փրկության, հարկ է Քրիստոսի կյանքը դնել զոհասեղանին: Իսկ մեր` հայկական քրիստոնեական կենսափիլիսոփայությունը հիմնվում է քրիստոնեության այն հիմնարար դրույթի վրա, որն անառարկելիորեն հավաստում է, որ յուրաքանչյուր, առանձին վերցրած մարդու կյանքն անկրկնելի և անգին է: Պայքար մարդկային յուրաքանչյուր կյանքի համար, նրա ազատության և անկախության գաղափարների պաշտպանության համար` ահա սա է մարդկության փրկության միակ ուղին: Եվ միայն այդ ճանապարհով կարելի է պահպանել համամարդկային մեր քաղաքակրթությունը գլոբալիզացիայի մարտահրավերների հետ մեծ հակամարտություններում:

Կկարողանա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ժամանակակից քաղաքակրթությունների համար գտնել փիլիսոփայական համարժեք ընդունելի բացատրություններ, կնշանակի քաղաքակրթությունների միջև երկխոսության հաջողության հույսերը իրական ուրվագծեր կստանան: Եվ հակամարտությունների հաղթահարման գործում քաղաքական գործիչների հաջողությունը երաշխավորված և ուղղակիորեն կախված կլինի նրանց արհեստավարժության աստիճանից: Չկարողանանք անել այս ամենը, ապա արդեն այսօր պետք է հաշտվենք այն բանի հետ, որ սերունդները մեր մասին կդատեն` վերհիշելով մեծն քարոզիչ Էկլեզիաստի ասույթը. «Ամենն ունայնություն է, ունայնություն, ունայնության ունայնություն և ոգու չարչարանք»: Իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների ելույթները` պատմական, նույնիսկ ամենակարճ հեռանկարում, չեն ավելացնի նրանց ոչ պատիվը, ոչ էլ փառքը: Չէ որ մեզանից առաջ եղել է հռետոր և փիլիսոփա մեծն Ցիցերոնը, որը հնչեցրել է հունա-հռոմեական անմահ փիլիսոփայությունը: Ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ «ՄԻԱՅՆ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ Է ԳԱԼԻՍ ՄԵԾ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ», որոնք ի զորու են հաղթահարել երրորդ հազարամյակի նոր մարտահրավերները:

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր