ՀԱՅԱՍՏԱՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ. ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ
01.06.2011, Ազգային գաղափար
Այն, որ մեր երկրում ընթացող զարգացումներն աստիճանաբար իրենց մեջ կուտակում են պայթյունավտանգ մեծ լիցք, կարծում եմ, դառնում է ակնհայտ: Սակայն մինչ անցած երեք ամիսների հանրահավաքներին, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի (այսուհետ` ՀԱԿ) մայիսի 31-ի հանրահավաքին անդրադառնալը, անհրաժեշտ է անկողմնակալ բնութագրել և վերլուծել այն զարգացումները, որոնք ծավալվում են բոլորիս աչքի առաջ:
ՀԱԿ-ը և նրա առաջնորդը պահանջում են իշխանափոխություն` երկրի նախագահի հրաժարական, Ազգային ժողովի լուծարում և համապետական արտահերթ ընտրությունների անցկացում: Իսկ դա, ներկա գերշիկացած պայմաններում և սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում հայտնված ընտրողների պարագայում, կարծում եմ, միայն կվատթարացնի իրավիճակը երկրում: Բայց չէ՞ որ թե՛ ՀՀ նախագահը և թե՛ Ազգային ժողովն ու կառավարությունն այն համակարգի ծնունդն են, որը հիմնել է հենց ինքը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (այսուհետ` ԼՏՊ): Իր հերթին, այդ համակարգը հենվում է այն դասակարգերի վրա, որոնք սաղմնավորվել ու ձևավորվել են (ինչը խիստ հարցականի տակ է) նրա նախագահության տարիներին, իրենց հետագա զարգացումն են ստացել ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում: Այսօր անվիճելի է, որ մենք էլ ականատեսն ենք այն բանի, երբ երկրում գործող քաղաքական համակարգը ենթարկվում է լուրջ փորձության, ուժեղ ցնցումների և հայտնվել է խոր ճգնաժամի իրավիճակում: Կնշանակի` ԼՏՊ-ի ու նրա հետևորդների պահանջը` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որի իրականացման դեպքում համակարգային լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, ոչ այլ ինչ է, քան ռևանշի հայտ ժողովրդահաճո կարգախոսների քողի ներքո: Եվ ՀԱԿ-ի նմանօրինակ նկրտումները միանգամայն պարարտ հող են գտնում, որովհետև ժողովուրդը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակում: Նման պայմաններում խաբեությամբ զավթել իշխանությունը, թվում է, դյուրին գործ է: Եվ ԼՏՊ-ն իր այս ցանկությունը չի էլ թաքցնում, հայտարարում է, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, այլ ոչ թե իր իսկ ձևավորած համակարգի փոփոխություն, համակարգ, որը և դանդաղեցնում է Հայաստանի զարգացումը: Նա ամենևին էլ հանրապետությունում համակարգային փոփոխությունների անցկացման ջատագովը չէ: Եվ դա միանգամայն օրինաչափ է, քանզի, ինչպես ասվեց, գործող համակարգի ստեղծողն ու ձևավորողը հենց ինքը` ՀԱԿ-ի առաջնորդն է, և իրեն դժվար կլինի սեղմել իր իսկ երգող կոկորդը: Եվ եթե նա հանդես գար համակարգային փոփոխություններ իրականացնելու կոչերով, ապա կհիշեցներ օձի, որը խայթում, խժռում է իր իսկ պոչը:
Ինչ վերաբերում է ժամանակակից Հայաստանի Հանրապետությունում ձևավորված դասակարգերին, ապա ԼՏՊ-ի իշխանավարության տարիներին իրականացված հանցավոր սեփականաշնորհման արդյունքում, երբ գրեթե ամբողջությամբ թալանվեցին ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկությունները, ագրոհամալիրը, շինարարական ինդուստրիան, գյուղացիական պետական և կոլեկտիվ տնտեսությունների համակարգերը, և դրա հետևանքը եղավ այն, որ Հայաստանը զրկվեց բանվոր դասակարգի միջուկից, ինժեներատեխնիկական, մշակութային և գիտական մտավորականության սոցիալական հսկայական խավից, որն ունենալով համապատասխան որակավորում, կրթություն ու կարգավիճակ` արդեն իսկ ձեռք էր բերել դասակարգին ներհատուկ հատկանիշներ: Տերպետրոսյանական բարեփոխումների արդյունքում ջարդուփշուր արվեց գյուղացիական դասը` փոխարենն անհրաժեշտ պայմաններ չստեղծելով ագարակատերերի, ֆերմերային դասի ձևավորման համար: ՀՀ-ն այսօր հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ բացակայում են ոչ միայն բանվոր դասակարգը, ֆերմերների դասակարգը, այլև միջին խավն ու դրանց ձևավորման հեռանկարը: Դրա փոխարեն հստակ ուրվագծվեց օլիգարխների փոքրաթիվ դասը, որը, ըստ էության, մոնոպոլ դիրքեր է գրավում ոչ միայն տնտեսության մեջ, այլև ամրացնում է դիրքերը ՀՀ քաղաքական կյանքում: Արդյունքում` այդպիսի հասարակության ընդերքից չէր կարող ձևավորվել մեկ այլ համակարգ, քան այն, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում:
Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը հակված չէ վերլուծել հայ հասարակության առջև կանգնած նման հիմնարար խնդիրները: Հակառակ պարագայում նա 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իր ելույթներում կարմիր թելի նման չէր անցկացնի այն գիծը, երբ, դիմելով օլիգարխիկ համակարգի հիմնասյուներին, աղերսում էր նրանց լքել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ճամբարը և պաշտպանել իր թեկնածությունը: ՀՀ առաջին նախագահը դրանով իսկ մատնեց իր իսկական նպատակները, միաժամանակ անկախ իրենից լուրջ ազդակ ուղարկեց հասարակությանը` իր իրական նպատակների մասին:
Կարդալ ավելին...Ժողովուրդների միջև վստահությունը մարդիկ են ստեղծում
29.03.2011, Ազգային գահափար
ՀՀՇ-ական մամուլից՝ ասես առատության եղջյուրից, հորդող զրպարտությանն արձագանքելը, ուղղակիորեն ասենք, անշնորհակալ գործ է։ Չէ՞ որ դրա միակ ու հիմնական իմաստը նրանց զրպարտելն է, նրանց, ովքեր չեն երկրպագում իրենց կուռքին՝ ՀՀ տխրահռչակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջին ժամանակներում, սակայն լևոնական քարոզչության շեշտադրությունը փոքր-ինչ փոխվել է. նրանց կողմից վերահսկվող մամուլում ավելի ու ավելի շատ են հայտնվում սադրիչ բնույթի, ռուսատյացությամբ լի հոդվածներ։ Ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) որոշակի հատվածին հանգիստ չեն տալիս բեկումնային այն նախաձեռնությունները, որոնցով ռուս-հայկական հարաբերություններում հագեցած էր անցած մեկուկես տարին։ Դրանց գագաթնակետը դարձան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի պետական առաջին այցը Հայաստան, այցի ընթացքում վեց պայմանագրերի ստորագրումը, որոնց թվում կարևորագույնը № 5 արձանագրությունն է, ըստ որի՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարաձգվել է 49 տարով։ Հատուկ տեղ է զբաղեցնում նաև ռուսական ու հայկական զինվորական եղբայրության պատմական խոր արմատները խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումը Գյումրիում՝ նվիրված ռուսական բանակի սպաներին, որոնք զոհվել էին 1853-1856, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմների ընթացքում, Կարսի ամրոցը գրավելիս։ Կարելի է մի քանի տասնյակ բարի գործեր և նախաձեռնություններ էլ թվարկել, որոնք կարճ ժամանակաընթացքում նախաձեռնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, անձամբ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ակտիվ մասնակցությամբ՝ հանձին նրա ներկայացուցիչ, ռուսական դեսպանության խորհրդական Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի։
Այս ֆոնին, երբ կարդում ես Վ. Կրիվոպուսկովին ուղղված հերթական զազրախոսությունը, կոպիտ զրպարտանքը, ակամա հիշում ես վերջին երկու տասնամյակի նրա բոլոր «մեղքերը»։ Ավելի հանգամանորեն անդրադառնանք այդ «մեղքերին»։ Այսպես, որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե որքանով է ՀԱԿ-ի ծրագրերին խանգարում Վ. Կրիվոպուսկովի ստեղծարար գործունեությունը, դիմենք փաստերին։ Դրանց շնորհիվ պարզ կդառնա, թե ո՞ւմ կողմից են նախաձեռնվում ռուս դիվանագետի դեմ ուղղված այդ հարձակումները և ո՞վ է վճարում դրանք։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
18.11.2010
Դաշնակցությունը, որը մեկուկես տարի առաջ մինչև այսօր գործող կառավարության անդամ էր և ստանում էր իր հասանելիքն այդ կառավարության գործունեությունից, այժմ քննադատում է այդ նույն կառավարությանը՝ չնայած նրա ներկա գործունեությունը ոչնչով չի տարբերվում այն շրջանից, երբ դրա անդամ էր նաև ՀՅԴ-ն: Դաշնակցությունը կառավարությունը չլքեց նրա տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած քննադատական վերաբերմունքի պատճառով, այլ որովհետև դրսի ընկերները դեմ էին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը:
Այսօր խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած 2011թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դաշնակցական Արծվիկ Մինասյանը փաստարկված քննադատության ենթարկեց այն: Մինասյանը ներկայացրեց թվային տվյալներ և դրանցից բխող հետևություններ, որոնք ապացուցում են, որ կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը ոչ թե նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակ էֆեկտն է ունենալու:
ԱԺ պատգամավորները տպավորվել են Արծվիկ Մինասյանի ելույթից՝ մտածելով, թե դա նրա մտքի արգասիքն է: Նման թյուրըմբռնման պատճառը, թերևս, այն է, որ նրանք չեն կարդացել «Ազգային գաղափար» ամսագրի վերջին համարը: ԱԺ պատգամավորներին ինչ-որ բան չկարդալու մեջ մեղադրելն ուղղակի անիմաստ է, որովհետև նրանք ընդհանրապես կարդալու սովորություն չունեն: Այս իմաստով Արծվիկ Մինասյանին բացառություն պետք է համարել, քանի որ նա ոչ միայն կարդացել է, այլև, կարելի է ասել, մեկը մեկին կրկնել է այն, ինչ մեր ամսագրում դեռևս մեկուկես ամիս առաջ գրել էր Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իր «Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնված նվեր է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, կամ տխուր մտորումներ ՀՀ 2011թ. բյուջեի մասին օրենքի նախագծի շուրջ» հոդվածում: Կարդալ ավելին...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎԱԾ ՆՎԵՐ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԿԱՄ ՏԽՈՒՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ «ՀՀ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
01.10.2010
«Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն անկողմնակալ գնահատելու համար բյուջեի առանձին ցուցանիշները փորձենք համադրել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որոշ արդյունքներ» (այսուհետ` Նախընտրական ծրագիր) փաստաթղթի համաձայն ստանձնած պարտավորությունների կատարման առումով:
Նախընտրական ծրագրով ակնկալվում է, որ ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2012 թվականին պետք է հասցնել 3 մլրդ 861 մլն դոլարի: ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձի (Մաս II, ՀՀ տնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների կանխատեսումներ, էջ 49) համաձայն` 2010թ. արդյունքներով սպասվում է շուրջ 2,7% տնտեսական աճ, այլ կերպ ասած` 2010թ. անվանական ՀՆԱ-ի սպասվող ծավալը կազմելու է 3165538,1 X 102,7 / 100 = 3 տրլն 399 մլրդ 605 մլն 398 հազար դրամ: Հարկ է նշել, որ Նախընտրական ծրագրի կատարման պարագայում պարտավորություն էր վերցված 2012թ. անվանական ՀՆԱ-ի ծավալը հասցնել 5 տրլն 570 մլրդ դրամի: Դրա հետ մեկտեղ 2011թ. պետական բյուջեի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչների համաձայն` 2011թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի աճ` 4,6% (ՀՀ կառավարության 2011թ. Բյուջետային ուղերձ, էջ 48): Վերը հիշատակված նախընտրական այդ խոստումը կատարելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի 2012թ. ՀՆԱ-ի աճը 2011թ. նկատմամբ կազմի ոչ ավելի, ոչ պակաս, քան 156,6%: ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության պայմաններում ՀՆԱ-ի նման աճի տեմպի ապահովումը շատ հեռու է իրականություն դառնալուց:
Մինչդեռ նշենք, որ 2009թ. արդյունքում ապրանքների արտահանումը ՀՀ-ից կազմել է 748 մլն 850 հազար դոլար («Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը», 2010, էջ 11), իսկ ծառայություններինը` 589 մլն 500 հազար դոլար (նույն տեղում, էջ 12): Այսպիսով, 2009թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմել է 1 մլրդ 338 մլն 350 հազար դոլար: Հարկ է նշել նաև, որ 2010թ. 1-ին կիսամյակում ապրանքների արտահանման ծավալը կազմել է 470,98 մլն դոլար, իսկ ծառայություններինը` 293,15 մլն դոլար [ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-օգոստոսին», էջ 79], այսինքն` ապրանքների ու ծառայությունների միագումար արտահանումը կազմել է 764,13 մլն դոլար: Սոցիալ-տնտեսական զարգացման նման միտումների պահպանման դեպքում կարելի է սպասել, որ 2010թ. արդյունքում այդ ցուցանիշը կկազմի 1 մլրդ 528,3 մլն դոլար: Եթե անգամ 2011թ. ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների աճի տեմպերը 2010թ. նկատմամբ կազմեն 150% (որն ուղղակի հնարավոր չէ), ապա հաջորդ տարի ՀՀ-ում ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը կկազմի 2 մլրդ 292,5 մլն դոլար: 2012թ. Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշին` 3 մլրդ 861 մլն դոլար ապահովելու համար անհրաժեշտ կլինի արձանագրել ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների 168,4% աճ: Աճի նման տեմպ ապահովելը նույնպես անհնարին է, քանի որ ակնհայտ է, որ սպասվելիք թերակատարումը լինելու է ծանրակշիռ և կազմելու է բավական մեծ տոկոս: Արդյունքում միայն այսպիսի եզրակացություն կարելի է անել, քանզի ըստ 2011թ. Բյուջետային ուղերձի` մինչև 2010թ. տարեվերջ ապրանքների և ծառայությունների ոլորտում սպասվում է 4%-ոց աճ, իսկ «2011թ.` պայմանավորված տնտեսության այլ ճյուղերի զարգացումներով, ինչպես նաև նշյալ ճյուղերը սպասարկող ծառայությունների համահունչ վարքագծով, ճյուղի աճը կկազմի շուրջ 3,9%» (Մաս II, էջ 55): ՀՀ տնտեսության մեջ ներկայումս տեղի ունեցող գործընթացների պայմաններում ապրանքների և ծառայությունների արտահանման Նախընտրական ծրագրով նախատեսված ցուցանիշի ապահովումը դառնում է անիրատեսական: ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի ղեկավարների նույնիսկ բուռն լավատեսությունը չի կարող կանխել այս պարտավորության կատարման ձախողումը: Կարդալ ավելին...