ՀԱՅԱՍՏԱՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ. ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ
01.06.2011, Ազգային գաղափար
Այն, որ մեր երկրում ընթացող զարգացումներն աստիճանաբար իրենց մեջ կուտակում են պայթյունավտանգ մեծ լիցք, կարծում եմ, դառնում է ակնհայտ: Սակայն մինչ անցած երեք ամիսների հանրահավաքներին, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի (այսուհետ` ՀԱԿ) մայիսի 31-ի հանրահավաքին անդրադառնալը, անհրաժեշտ է անկողմնակալ բնութագրել և վերլուծել այն զարգացումները, որոնք ծավալվում են բոլորիս աչքի առաջ:
ՀԱԿ-ը և նրա առաջնորդը պահանջում են իշխանափոխություն` երկրի նախագահի հրաժարական, Ազգային ժողովի լուծարում և համապետական արտահերթ ընտրությունների անցկացում: Իսկ դա, ներկա գերշիկացած պայմաններում և սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում հայտնված ընտրողների պարագայում, կարծում եմ, միայն կվատթարացնի իրավիճակը երկրում: Բայց չէ՞ որ թե՛ ՀՀ նախագահը և թե՛ Ազգային ժողովն ու կառավարությունն այն համակարգի ծնունդն են, որը հիմնել է հենց ինքը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (այսուհետ` ԼՏՊ): Իր հերթին, այդ համակարգը հենվում է այն դասակարգերի վրա, որոնք սաղմնավորվել ու ձևավորվել են (ինչը խիստ հարցականի տակ է) նրա նախագահության տարիներին, իրենց հետագա զարգացումն են ստացել ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում: Այսօր անվիճելի է, որ մենք էլ ականատեսն ենք այն բանի, երբ երկրում գործող քաղաքական համակարգը ենթարկվում է լուրջ փորձության, ուժեղ ցնցումների և հայտնվել է խոր ճգնաժամի իրավիճակում: Կնշանակի` ԼՏՊ-ի ու նրա հետևորդների պահանջը` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որի իրականացման դեպքում համակարգային լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, ոչ այլ ինչ է, քան ռևանշի հայտ ժողովրդահաճո կարգախոսների քողի ներքո: Եվ ՀԱԿ-ի նմանօրինակ նկրտումները միանգամայն պարարտ հող են գտնում, որովհետև ժողովուրդը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակում: Նման պայմաններում խաբեությամբ զավթել իշխանությունը, թվում է, դյուրին գործ է: Եվ ԼՏՊ-ն իր այս ցանկությունը չի էլ թաքցնում, հայտարարում է, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, այլ ոչ թե իր իսկ ձևավորած համակարգի փոփոխություն, համակարգ, որը և դանդաղեցնում է Հայաստանի զարգացումը: Նա ամենևին էլ հանրապետությունում համակարգային փոփոխությունների անցկացման ջատագովը չէ: Եվ դա միանգամայն օրինաչափ է, քանզի, ինչպես ասվեց, գործող համակարգի ստեղծողն ու ձևավորողը հենց ինքը` ՀԱԿ-ի առաջնորդն է, և իրեն դժվար կլինի սեղմել իր իսկ երգող կոկորդը: Եվ եթե նա հանդես գար համակարգային փոփոխություններ իրականացնելու կոչերով, ապա կհիշեցներ օձի, որը խայթում, խժռում է իր իսկ պոչը:
Ինչ վերաբերում է ժամանակակից Հայաստանի Հանրապետությունում ձևավորված դասակարգերին, ապա ԼՏՊ-ի իշխանավարության տարիներին իրականացված հանցավոր սեփականաշնորհման արդյունքում, երբ գրեթե ամբողջությամբ թալանվեցին ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկությունները, ագրոհամալիրը, շինարարական ինդուստրիան, գյուղացիական պետական և կոլեկտիվ տնտեսությունների համակարգերը, և դրա հետևանքը եղավ այն, որ Հայաստանը զրկվեց բանվոր դասակարգի միջուկից, ինժեներատեխնիկական, մշակութային և գիտական մտավորականության սոցիալական հսկայական խավից, որն ունենալով համապատասխան որակավորում, կրթություն ու կարգավիճակ` արդեն իսկ ձեռք էր բերել դասակարգին ներհատուկ հատկանիշներ: Տերպետրոսյանական բարեփոխումների արդյունքում ջարդուփշուր արվեց գյուղացիական դասը` փոխարենն անհրաժեշտ պայմաններ չստեղծելով ագարակատերերի, ֆերմերային դասի ձևավորման համար: ՀՀ-ն այսօր հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ բացակայում են ոչ միայն բանվոր դասակարգը, ֆերմերների դասակարգը, այլև միջին խավն ու դրանց ձևավորման հեռանկարը: Դրա փոխարեն հստակ ուրվագծվեց օլիգարխների փոքրաթիվ դասը, որը, ըստ էության, մոնոպոլ դիրքեր է գրավում ոչ միայն տնտեսության մեջ, այլև ամրացնում է դիրքերը ՀՀ քաղաքական կյանքում: Արդյունքում` այդպիսի հասարակության ընդերքից չէր կարող ձևավորվել մեկ այլ համակարգ, քան այն, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում:
Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը հակված չէ վերլուծել հայ հասարակության առջև կանգնած նման հիմնարար խնդիրները: Հակառակ պարագայում նա 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իր ելույթներում կարմիր թելի նման չէր անցկացնի այն գիծը, երբ, դիմելով օլիգարխիկ համակարգի հիմնասյուներին, աղերսում էր նրանց լքել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ճամբարը և պաշտպանել իր թեկնածությունը: ՀՀ առաջին նախագահը դրանով իսկ մատնեց իր իսկական նպատակները, միաժամանակ անկախ իրենից լուրջ ազդակ ուղարկեց հասարակությանը` իր իրական նպատակների մասին:
Սերժ Սարգսյանն իր նախընտրական հանդիպումների ընթացքում քանիցս շեշտում էր այն միտքը, որ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում իշխանության են գալու նոր մարդիկ, ովքեր մինչ այդ մաս չեն կազմել իրար հաջորդող իշխանություններին` ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Քոչարյանի օրոք: Ասել կուզի` Ս.Սարգսյանը դեռ 2007թ. գիտակցել էր այն ճշմարտությունը, որ մեր երկրում ստեղծված ու գործող համակարգն սպառել է իրեն և չի կարող հանրապետության համար զարգացում երաշխավորել: Եվ դա նա ասում էր այն պարագայում, երբ արդեն իսկ կայացել էին Ազգային ժողովի ընտրությունները և իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ ընտրությունների արդյունքում խորհրդարանում ուներ բացարձակ մեծամասնություն: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնում վերևից նախաձեռնել համակարգային լրջագույն փոփոխություններ` դրանում տեսնելով միակ ելքը երկրում ստեղծված վիճակից դուրս գալու համար: Եվ համակողմանիորեն լրջագույն փոփոխություններ իրականացնելու նրա պատրաստակամությունը վտանգավոր ազդանշան եղավ առաջին նախագահի համար, և նա սկսեց անել ամեն ինչ, որպեսզի ձախողի Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահ ընտրվելը: Հասկանալի է, ԼՏՊ-ն քաջ գիտակցում էր, որ եթե Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ դառնալով, կատարի իր նախընտրական խոստումները համակարգային փոփոխություններ կատարելու մասին, ապա ինքը ոչ մի շանս չի ունենա մնալու քաղաքական ասպարեզում: Սա հուշում էր ԼՏՊ-ին դիմելու արտակարգ քայլերի, որ կանխի Ս.Սարգսյանի տված խոստման կատարումը ՀՀ ղեկավարության արմատական նորացման մասին: Եվ դա էլ նա արեց` սանձազերծելով 2008թ. մարտի 1-ի ողբերգությունը: Այդ օրվա զարգացումներն ընթացան այն հունով, որ ՀՀ երկրորդ նախագահին չթողեցին որևէ այլ ելք, քան ուժ կիրառելու հրահանգավորումը` դրանից բխող ողբերգական հետևանքներով: Ուրիշ բան է, որ իրավապահ մարմինների գործողություններն իրականացվեցին ծայրաստիճան ոչ մասնագիտորեն, ինչը Հայաստանի տասը քաղաքացու զոհվելու պատճառ հանդիսացավ: Արյունահեղության հետևանք մնաց և այն, որ ՀՀ նախագահ ընտրված Ս.Սարգսյանն արդեն երեք տարի է, ինչ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված հանգամանքների պատանդ է դարձել: Գուցե սա էլ էական դեր խաղաց, որ Հայաստանում «կադրային փոփոխությունը» տեղի չունեցավ, Սերժ Սարգսյանի տված նախընտրական խոստումը, այս կապակցությամբ, մինչ այսօր չի կատարվել: Բայց ափսոս… 2008թ. մարտի 1-ին կատարվածին կա՞ր այլընտրանք։ Կարծում եմ` այո, կար, եթե ՀՀ երկրորդ նախագահը չսպասեր մինչև հանրահավաքի բազմահազար մասնակիցներին ԼՏՊ-ն և իր կողմնակիցները հասցնեին զանգվածային փսիխոզի: Դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ բավական էր, որ հանրահավաքի հռետորների` իրենց միանալու կոչին հետևեր ոստիկանական կամ զինվորական գեթ մեկ դասակ, և կասկածից վեր է, որ մեր երկիրը կմխրճվեր քաղաքացիական պատերազմի հորձանուտ:
Անցած երեք տարիներին լավ չէին ընթանում զարգացումները ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ բացասական հետևանքներ ունեցավ երկրի տնտեսության համար: Այսպես, Հայաստանի ՀՆԱ-ի անկումը 2009 թվականին կազմեց 14,4%, արտաքին պետական պարտքի տեսակարար կշիռը եռապատկվեց: Ավելին, դոլարային արտահայտությամբ, չնայած արտաքին պետական պարտքի մեկուկես միլիարդանոց աճին, Հայաստանի ՀՆԱ-ն այդպես էլ չհասավ նախաճգնաժամային մակարդակին: Սա ՀՀ ձախողված տնտեսական քաղաքականության արդյունք էր:
Ահա այսպիսին է Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակի համառոտ բնութագիրը: Վերը շարադրվածին ավելացնենք և այն, որ մեր երկրի ներսում կուտակված խնդիրներին գումարվեցին արտաքին լուրջ մարտահրավերներ: Փորձենք վերլուծել` որո՞նք են դրանք, նաև պարզել, թե ովքեր են կանգնած դրանց թիկունքում, ուժի միջազգային կենտրոններն ինչ քաղաքականություն են ձգտում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:
* * *
Այն, որ հյուսիսաֆրիկյան արաբական, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տասնամյակներ շարունակ կուտակվում էր ժողովրդական ամենալայն զանգվածների դժգոհությունը գործող իշխանություններից, աստիճանաբար խորանում էր ազգաբնակչության տարբեր խավերի ունեցվածքային շերտավորումը, հայտնի իրողություն է: Դրա հետ մեկտեղ տարիների ընթացքում այդ երկրներում հրապարակ էին գալիս ուսյալ երիտասարդության լայն շերտեր, որոնք ձերբազատված էին այդ մահմեդական պետություններին ներհատուկ ավանդական բարքերի ազդեցությունից: Այս իրողությունը նույնպես կասկած չի հարուցում: Սրան անհրաժեշտ է գումարել վերջին երկու տասնամյակներին աշխարհում ընթացող զարգացումների գործոնը: Սկսած 1990-ականների սկզբից, այն է` սառը պատերազմի ավարտից, Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորվեց միաբևեռ աշխարհ, ստեղծվեց նոր աշխարհակարգ` Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ: Համաշխարհային ֆինանսական շուկայում հաստատվեց ու ամրապնդվեց այդ երկրի արտարժույթի` դոլարի մենաշնորհային դիրքը: Դա հնարավորություն տվեց ԱՄՆ-ին, իր տնտեսական և ռազմական հզորությամբ լինելով աշխարհի ամենահզոր տերությունը, արտադրելով համաշխարհային ՀՆԱ-ի 22%-ը, երկրի ներսում սպառել զգալիորեն շատ` համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 35-40%-ը: Երբ երկիրն ավելի է սպառում, քան ստեղծում է, ապա ինքնին հասկանալի է, որ դա պետք է արվի ուրիշինը յուրացնելու հաշվին: Բարիքի նման բաշխումը և ստեղծված իրողության պահպանումը հնարավոր են երկու դեպքում. կամ բռնի ուժի կիրառմամբ, կամ էլ համաշխարհային ֆինանսական շուկայում ստեղծելով այնպիսի իրավիճակ, որն արտոնյալ պայմաններ է ապահովում երկրիդ ազգային արժույթի, տվյալ դեպքում` ԱՄՆ դոլարի համար: Ճիշտ այդպիսի վիճակում է գտնվել ԱՄՆ-ը` շնորհիվ այն բանի, որ Բրետոն-Վուդյան համաձայնագրի (1944թ.) արդյունքում ԱՄՆ դոլարը ոսկու հետ միասին դարձավ համաշխարհային փողի ձևերից մեկը, իսկ հետագայում` Ջամայկյան (1973թ.) միջազգային կոնֆերանսից հետո, որն ընդունեց նոր համաձայնագիր միջազգային արժութային համակարգի կարգավորման մասին, դոլարը մինչև այսօր զբաղեցնում է գերիշխող դիրք: Դա թույլ տվեց ԱՄՆ-ին ապահովել նյութական, մտավոր և այլ ծառայությունների անչափ մեծ սպառում երկրի Դաշնային պահուստային համակարգի միջոցով: Անհրաժեշտության դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները միացնում էր դոլար տպող հաստոցը և համաշխարհային ֆինանսական շուկան ողողում իր գանձապետական պարտատոմսերով: Արդյունքում` այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը, նավթ արտահանող արաբական երկրները, իրենց մոտ առկա դոլարային զանգվածը ներդնում են ԱՄՆ կառավարության գանձապետական պարտատոմսերի մեջ: 2011թ. ապրիլի տվյալներով` ԱՄՆ կառավարության պարտատոմսեր են գնվել 14 տրիլիոնից ավելիի չափով: Ձեռք բերելով ԱՄՆ կառավարության պարտատոմսերը` այդ երկրները, փաստորեն, իրենց վրա են վերցնում ԱՄՆ տնտեսության ներդրողների դերը: Բնականաբար, այդ վիճակը, նախևառաջ, չի կարող գոհացնել Ռուսաստանին, Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի դինամիկ զարգացող երկրներին` Չինաստանին, Կորեայի Հանրապետությանը, Թայվանին, Վիետնամին, Սինգապուրին, Հնդկաստանին: Այդպիսի դրվածք ձեռնտու չէ նաև Եվրամիությանը, որովհետև դոլարը, համաշխարհային ֆինանսական շուկայում ունենալով մենաշնորհային դիրք, խարխլում էր եվրոյի հավակնությունները` հանդես գալու որպես համաշխարհային պահուստային երկրորդ արտարժույթ: Այսպես, հետագայում ԱՄՆ գանձապետական պարտատոմսերով ամրագրված ահռելի գումարը գրավ դնելով ԱՄՆ բանկերում` զարգացող պետությունները ձեռք բերեցին հումքային ռեսուրսների հսկայական ծավալներ: Այսպես, 2009թ. դրությամբ Չինաստանն իր ոսկու ֆիզիկական պաշարներն ավելացրեց 500 տոննայով, ապա 70%-ից ավելի, քան իր պահանջն է, պղինձ ներմուծեց երկիր: Նման քաղաքականության արդյունքում համաշխարհային բորսաներում շեշտակի աճեցին հումքային ռեսուրսների գները. մի քանի տարվա ընթացքում մեկ բարել նավթի գինը 45 - 50 դոլարից հասավ 150 դոլարի: Նույն գնաճն արձանագրվեց գունավոր մետաղների շուկայում` պղնձի, ալյումինի, մոլիբդենի, էլ չասենք, որ կտրուկ բարձրացավ ոսկու գինը:
Այդ պայմաններում ԵՄ, հատկապես նրա առանձին երկրների` Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի էկոնոմիկան, որոնց կախվածությունը ներմուծվող էներգակիրներից և հումքից շատ ավելի մեծ է, քան ամերիկացիներինը, սկսեց ճգնաժամային երևույթներ դրսևորել, ինչը հանգեցրեց եվրոյի թուլացմանը: Եվրոպացիները հասկացան, որ իրենց փայփայած իղձերը, այն է` եվրոն դարձնել համաշխարհային պահուստային երկրորդ արտարժույթ, խիստ վտանգվեց:
Եվ այսօր էլ կարելի է արձանագրել, որ 2008 - 2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո նույնպես ԱՄՆ-ը և ամերիկյան դոլարը շարունակում են գերիշխող դիրքերում մնալ աշխարհի պետությունների նկատմամբ ու համաշխարհային ֆինանսական շուկայում:
Իսկ ինչպե՞ս են գործերը, երբ ԱՄՆ-ը իր ռազմական հզորությունն օգտագործում է աշխարհում հեգեմոն դերն ապահովելու համար: Պետք է ասել, որ ամերիկացիներն իրաքյան ու աֆղանական ռազմական գործողություններից դասեր քաղեցին: ԱՄՆ ղեկավարությունն այսօր ունի այն ըմբռնումը, որ իրենց ձևավորած միաբևեռ աշխարհն այլևս միայն ու միայն ռազմական հզորության շնորհիվ դժվար է պահպանել: Այդ երկրի սթափ ուղեղներն ընդունում են, որ ԱՄՆ-ը ձախողվել է Իրաքում, որ ձախողման եզրին են նաև Աֆղանստանում: Նրանք գիտակցում են, որ օր օրի, ամսեամիս հզորանում են Հեռավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի հսկաները` Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Հարավային Կորեան, Սինգապուրը: Ամերիկացիներն ականատեսը դարձան, որ համաշխարհային անդրազգային մոնոպոլիաներն ԱՄՆ-ից արտադրությունները տեղափոխում են Հեռավոր Արևելքի ու Հարավարևելյան Ասիայի երկրներ: Նրանք այլևս չեն կասկածում, որ եթե ԱՄՆ-ը ոչ մի միջոց չձեռնարկի, ապա այդ երկրները ժամանակի ընթացքում կարող են լուրջ մարտահրավեր նետել ամերիկյան հզորությանը, որն իրենց համար ապահովում է աշխարհում ստեղծված բարիքների օգտագործման մենաշնորհային դիրքեր: Ըստ այդմ, բնական կլինի ենթադրել, որ ամերիկյան ռազմավարների առաջ խնդիր ծագեց` որոշ չափով արգելակել նման զարգացումները: Ստեղծված իրավիճակում, երբ Իրաքում և Աֆղանստանում ռազմական ճանապարհով չհաջողվեց հասնել դրված խնդիրների լուծմանը, կրկին զինվորականների ուժով դա անելը խիստ վտանգավոր կլիներ: Ամերիկյան դեմոկրատական նոր վարչակարգը հրաժարվեց Հենրի Քիսինջերի «Նոր աշխարհակարգի» ստեղծման ռազմավարական դոկտրինից և ներկայումս, ամերիկագետ փորձագետների կարծիքով, հակված է որդեգրել Զբիգնև Բժեզինսկուն վերագրվող «Նոր աշխարհաանկանոնության» դոկտրինը: Դրա հենքը կառավարելի քաոսի իրավիճակի ձևավորումն է, որը կընդգրկի Մարոկոյից Ինդոնեզիա ձգվող մուսուլմանական ողջ աշխարհը: Այդ դոկտրինի համաձայն` Մեծ Մերձավոր Արևելքում իրար հաջորդող հեղափոխությունների արդյունքում թռիչքաձև կբարձրանան էներգակիրների գները: Հանգամանք, որը, անշուշտ, բացասաբար կանդրադառնա թե՛ Եվրամիության անդամ երկրների, թե՛ Հեռավոր Արևելքի ու Հարավարևելյան Ասիայի երկրների էկոնոմիկաների վրա: Ավելին, այդ պայմաններում կրոնական հողի վրա բախումներ կարող են հրահրվել, ասենք, Հնդկաստանում, որտեղ ազգաբնակչության մեջ մեծ է իսլամադավանների տեսակարար կշիռը: Անտարակույս, փորձեր կարվեն ՌԴ հարավային ամբողջ սահմանով հրահրել ներքին բախումներ, որոնց արդյունքում այդ տարածաշրջանում նույնպես կարձանագրվի ապակայունացում:
Մենք արդեն վկան ենք բավական բարդ այն ներքաղաքական իրավիճակի, որը տիրում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Ըստ այդմ` դժվար չէ պատկերացնել, օրինակ, թե ինչ վտանգավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե ապակայունանա իրավիճակն այդ երկրում: Աստված մի արասցե, եթե Լիբիայի նման իրավիճակը վերաճի ռազմական հակադրության: Այդ դեպքում Հյուսիսային Իրանից միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիներ զանգվածային հոսքով կշարժվեն դեպի հյուսիս, այն է` Նախիջևան և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ պատճառով շատ կարևոր է գիտակցել, թե մեր երկիրը, եթե դա տեղի ունենա, վտանգավոր ինչ զարգացումների մեջ կարող է ներքաշվել: Ուստի, արդիական է դառնում միջոցների ձեռնարկումը, որ Հայաստանը հերթական անգամ չդառնա մանրադրամ աշխարհիս հզորների ձեռքում: Այս պարագայում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, որը փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանում հանդես գալով «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» դասախոսությամբ` մատչելի բացատրեց, որ «երբ կա ազատություն, քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր տեղաշարժել: Երբեմն կառավարությունները կուզենային, որ այդ սարերը հենց իրենց տեղերում էլ մնային, սակայն երբ քաղաքացիական հասարակությունը բավարար օժանդակություն ունի կառավարությանը մղելու դեպի հիմնարար փոփոխություններ, դա հստակ նշան է, որ եկել է սարը տեղաշարժելու ժամանակը»: Եվ սա ասվեց այս տարվա մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքի, 2008թ. այդ օրվա հետ կապված մեր ժողովրդի համար ծանր հիշողությունների նախաշեմին: ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն արեց ոչ թե Երևանի Ամերիկյան համալսարանի ամբիոնից, այլ մայր բուհի` Երևանի պետական համալսարանի նիստերի դահլիճում, դասախոսական և ուսանողական պատկառելի լսարանի առջև: Բարձրագույն ուսումնական հաստատություն, որի Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է: Հիմա կհարցնեն. իսկ ինչի՞ համար պետք է շնորհակալություն հայտնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին: Ասեմ. նրան պետք է շնորհակալություն հայտնենք ցուցաբերած ազնվության համար, քանզի մենք ականատեսն ենք այն դեպքերի, թե սարեր տեղաշարժելու փորձերն ինչի հանգեցրին Եգիպտոսում, Թունիսում, արյունալի ինչ զարգացումներ են շարունակվում Լիբիայում, ինչպես չեն հանդարտվում կրքերը Բահրեյնում և Եմենում, չեն դադարում Սիրիայում և Իրանի Իսլամական Հանրապետությունում վիճակն ապակայունացնելու փորձերը: Եվ մենք պետք է լրջորեն խորհենք այն ուղղությամբ, թե Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակում ինչ գործողություններ կատարելուց պետք է զերծ մնա մեր ժողովուրդը։ Ավելին, մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ միջոցներ ձեռնարկել` խնդիր ունենալով հնարավորինս մեղմել մեր երկրում առկա սուր լարվածությունը, առաջին հերթին պայմանավորված ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր դրությամբ:
* * *
Փորձենք հասկանալ` արդյո՞ք այսօր ՀՀ կառավարությունը, իշխող կոալիցիոն ուժերը, ընդդիմությունը` ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության, ՀԱԿ-ի, «Ժառանգություն» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաև պետականակենտրոն կուսակցությունները (կուսակցություններ, որոնք ամեն ինչից վեր են դասում Հայոց պետականության անսասանության ապահովումը)` ի դեմս «Ազգային միաբանություն» կուսակցության, Սահմանադրական իրավունք Միության, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության, Ազգային ինքնորոշման, Քրիստոնեա-դեմոկրատական և այլ ուժերի, լիարժեքորեն իրենց հաշիվ տալիս են առ այն, որ մեր երկիրը հայտնվել է ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակում: Իրավիճակ, որը պահանջում է զգոնություն, հավասարակշռություն, պատասխանատու վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն: Արդյոք ՀԱԿ-ի ղեկավարը հաշիվ տալի՞ս է իրեն, թե ինչի կհանգեցնեն նրա ատելություն սերմանող ելույթները, վտանգավոր կոչերը, իշխանություններին ներկայացրած վերջնագրերը: Բոլորին անպատվող ելույթներ և կոչեր, որոնց առանցքն են հայտարարություններն այն մասին, թե ով իր հետ չէ, ապա նա ծախված է այս իշխանություններին, դավաճանում է երկրում սահմանադրական կարգերը վերականգնելու ուղղությամբ ժողովրդի մղած պայքարին, որի պաշտպանը ՀԱԿ-ն է և նրա պայքարը, իբր, հայ ժողովրդի նվիրական շահերի համար մղվող պայքար է: ՀԱԿ-ի այս դիրքորոշումը շատ վտանգավոր է, քանզի իրենց գործողություններով ՀԱԿ-ը և նրա ղեկավար ԼՏՊ-ն ազգը պառակտում են, բաժանում երկու հակադիր մասի: Նա հանդես է գալիս որպես անձ, որն իշխանության դեռ չհասած` ցանկացած քաղաքական ուժի փորձում է զրկել սեփական կարծիք ունենալու իրավունքից, կարծիք, որը տարբերվում է իր` տերպետրոսյանական կարծիքից: Անվանարկում, պիտակավորում է թե՛ մտավորականներին, թե՛ սովորական քաղաքացիներին, ովքեր իրենց տաժանակիր, ամենօրյա հոգսերի ծանրության բեռի տակ կքած` օտարվել են հասարակական կյանքից, դարձել են անտարբեր, հիասթափվել ամեն ինչից: Նա չի էլ ցանկանում ընդունել, որ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար մեղավորը, դրա պատասխանատուն` իշխանություններից ոչ պակաս, ինքն է` Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիշենք, որ ԼՏՊ-ի իշխանությունից հեռանալուց հետո, 1998թ. սկսած` Հայոց համազգային շարժման հովանու ներքո գործող լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, զբաղված էին բանսարկությամբ, հրեշավոր կեղծիքներ էին տարածում այն ժամանակ գործող ընդդիմադիր ուժերի, նրանց առաջնորդների հասցեին: Մինչդեռ այն ժամանակվա ընդդիմությունը ռեալ պլաններ ուներ երկրի բարոյական իրավիճակն առողջացնելու, տնտեսությունում գործերի վիճակն էապես բարելավելու ուղղությամբ: ԼՏՊ-ն և իր թիմը ջանում էին կասկածանքի, թերահավատության մթնոլորտ ստեղծել ընդդիմության ղեկավարների շուրջ, գիտակցաբար ու հետևողականորեն մտացածին ապատեղեկատվություն էին տիրաժավորում նրանց մասին: Դա արվում էր այն նպատակով, որ ընդդիմությունը հանկարծ իշխանության չգա, կյանքի չկոչի ստեղծագործ ծրագրերը, մասնավորապես «Ազգային միաբանություն» հակաճգնաժամային ծրագիրը, որը հասարակության լայն խավերի հավանությանն էր արժանացել: ԼՏՊ-ի և նրա զինակիցների գործունեության մեթոդների հիշատակումն իմ կողմից պատահական չէ և այսօր արդիական է, որպեսզի մեր ժողովուրդը խորհի, թե ինչ ուժ է ցանկանում ռևանշ իրականացնել: 13 տարի իշխանությունից օտարված, «Սև տանը» լինելով և կուտակելով հսկայածավալ մաղձ ու թույն` ԼՏՊ-ն հիմա դա թափում է ժողովրդի վրա` թունավորելով նրա գիտակցությունը, թուլացնելով Հայոց պետականության հիմքերը:
…Ցավոք, դրա համար ՀՀ-ում պարարտ հող կա, և այս վտանգավոր զարգացումները ՀՀ կառավարության ծայրաստիճան անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքով մեծապես կարող են գործուն լինել: Այդ զարգացումները հնարավոր դարձան ժողովրդից, նրա հանապազօրյա հոգսերից ՀՀ կառավարության քաղաքականության կտրվածության պատճառով: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանում տարվող տնտեսական արատավոր քաղաքականությունը մեր գործադիր ղեկավարների մի հատվածի` մասնագիտական անհրաժեշտ գիտելիքների չտիրապետելու հետևանք է և շուկայականի պայմաններում (մեր դեպքում` օլիգոպոլիկ տնտեսության) գործնական աշխատանքի փորձի պակասի արդյունք: Իրողություն, որը և հանգեցրել է այնպիսի տխուր իրավիճակի, երբ կառավարության ղեկավարների գործողությունները, հաճախ մարդկանց արդարացի վրդովմունքն իրենց սոցիալական դրությունից մեղմելու փոխարեն, ունենում են ճիշտ հակառակ ազդեցությունը:
* * *
Փաստերի հետևից հեռու գնալ պետք չէ: Այսպես, այս տարվա փետրվարի 25-ին, հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, թե անցած երկու տարվա ընթացքում գնաճի բարձր մակարդակի պայմաններում իշխանությունների կողմից թոշակների ու նպաստների բարձրացման մակարդակն իր հետևից չբերեց մարդկանց սոցիալական վիճակի բարելավում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. 2009-2010թթ.բնակչության ռեալ եկամուտներն աճել են 8-9%-ով: Ի դեպ, նրա այս պնդումն իրականության հետ, ցավոք, ոչ մի աղերս չունի: Այսպես, եթե 2009թ. հունվար-դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 101.895 դրամ, նվազագույն պարենային զամբյուղի արժեքն ամսական կտրվածքով` 24066,7 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ամսական կտրվածքով` 37303,3 դրամ` կազմելով միջին ամսական անվանական աշխատավարձի համապատասխանաբար 23,6%-ը և 36,6%-ը, ապա 2010թ. վիճակը վատթարացել է: Այսպես, 2010թ. միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 108.852 դրամ (2009թ. նկատմամբ աճի տեմպը կազմել է 106,7%), մինչդեռ սպառողական գների ինդեքսը կազմել է 108,2%, հարկ է նշել նվազագույն պարենային զամբյուղի արժեքը` 29507,6 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը` 45736,8 դրամ (2009թ. նկատմամբ պարենային և սպառողական զամբյուղի արժեքի աճի տեմպը կազմել է 122,6%): Սրան գումարենք, որ նվազագույն պարենային և սպառողական զամբյուղի տեսակարար կշիռը միջին ամսական անվանական աշխատավարձում համապատասխանաբար աճել է մինչև 27,1 և 42%-ի: Եթե երկրի գործադիր իշխանությունը գործերի այս վիճակին տալիս է բնակչության ռեալ եկամուտների 8-9%-ով աճի բնութագիր, ապա հասկանալի է, որ չի տիրապետում տնտեսությունում և սոցիալական ոլորտում տիրող իրավիճակին կամ գիտակցաբար խեղաթյուրում է իրականությունը: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, որոնք վերջին տարիներին հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ, լսելով ՀՀ վարչապետի խոսքերն այն մասին, որ վերջին երկու տարիների ընթացքում իրենց ռեալ եկամուտները 8 – 9%-ով աճել են, էլ ավելի հիասթափվեցին իշխանություններից և սկսեցին փրկություն փնտրել ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքներում մատենադարանամերձ կամ թատերական հրապարակներում, կամ Փարաքարի «Զվարթնոց» օդանավակայանում:
Վարչապետի վերոգրյալ` ահա այսպիսի տխուր մտորումներ առաջացնող պնդմանը հաջորդեցին այլ սայթաքումներ նույնպես: ՀՀ կառավարության ղեկավարը որպես կատարված աշխատանքի դրական դրսևորում նշեց հետևյալը. «Մենք այսօր արդեն իսկ ունենք 14 հաստատված և մոտ 60 մլրդ դրամի ներդրումներ ենթադրող ծրագիր: Եվ այս ծրագրերին մենք արտոնություն ենք տվել` ազատել ենք սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վճարումից: Արդյունքում ստեղծվելու են մի քանի հազար նոր աշխատատեղեր, և Հայաստան են ներմուծվելու նոր տեխնոլոգիաներ»: Այո, ինչպես ասում են` տեղ հասանք: Հենց վարչապետի խոսքերով ասած, հայտնվելով այնպիսի իրավիճակում, երբ 2010թ. ընթացքում միայն կառավարության մաքուր արտաքին պարտքն աճել էր 1 մլրդ 33 մլն դոլարով, բանից դուրս է գալիս` կարելի է հպարտանալ և գլուխ գովել, որ հավելյալ նման հսկայական պարտքեր կուտակելու դեպքում, այդ նոր ձեռք բերած պարտքերի միայն 16%-ի ծավալով է, որ գործադիրը կարողացել է, իր խոսքերով, հեռանկարային ծրագրերի իրագործմանը սատարել: Իսկ մնացած 84%-ը, կառավարության տրամաբանությամբ, ահ, թող կորչի գնա:
Կամ էլ` ինչպե՞ս կարելի էր պետական կառավարման ապարատին թյուրիմացության մեջ գցել` Համաշխարհային բանկի «Վարում ենք բիզնես» (“Doing Business”) ծրագրում անցած տարի Հայաստանի վարկանիշային նահանջը կապելով միայն ՀՀ տնտեսական անկման և բարձր գնաճի հետ: Չէ՞ որ վարկանիշային այդ սանդղակում ՀՀ-ի նահանջը 34-ից 38-րդ տեղը պայմանավորված էր ոչ թե հիշատակված հանգամանքներով, այլ մի շարք ուրիշ գործոններով: Ավելին, ՀՀ դիրքերի վերականգնումը «Վարում ենք բիզնես» վարկանիշում միայն կառավարության կողմից որպես միակ դեղամիջոց առաջարկվող հարկային ու մաքսային վարչարարության բարելավմամբ պայմանավորելը (դա, անշուշտ, կարևոր է, անհրաժեշտ պայման է, բայց ոչ երբեք բավարար), այնուամենայնիվ, խնդրի լուծմանը ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է: Կան բազում այլ չլուծված խնդիրներ, որոնց վարչապետն իր հարցազրույցում ընդհանրապես չանդրադարձավ: Մի՞թե մեր կառավարությունում անտեղյակ են, որ բիզնեսի վարման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրները վերլուծող ցուցանիշների սանդղակը բաղկացած է 10 հիմնական բաղադրիչներից և կազմված է դրանց հիման վրա: Այդ ցուցանիշների կառուցվածքը, որոնցից գոյանում է երկրների ընդհանուր վարկանիշը, ներառում է ինդիկատորներ, որոնք հաշվի են առնում ընկերությունների ստեղծումը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի պահանջների կատարման համար ժամանակային և ֆինանսական անհրաժեշտ ծախսերը, ընկերության գործունեությունը: Ի դեպ, «Վարում ենք բիզնես» վարկանիշային սանդղակում 2010 թվականի արդյունքներով առաջին տեղում է Սինգապուրը, երկրորդում` Նոր Զելանդիան, երրորդում` Հոնկոնգը, չորրորդում` ԱՄՆ-ը: Առաջին տասնյակում են Մեծ Բրիտանիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան:
Կառավարությանն ի գիտություն նշենք, որ վերոհիշյալ ինդիկատորներն են`
1) ձեռնարկությունների գրանցման մատչելիությունը,
2) շինարարություն սկսելու թույլտվություն ստանալու դյուրինությունը,
3) բանվորական ուժ վարձելու մատչելիությունը,
4) սեփականության գրան- ցումը,
5) վարկավորման գրավչու- թյունը,
6) ներդրողի շահերի և իրավունքների պաշտպանվածությունը,
7) հարկային համակարգի գործունեությունը,
8) միջազգային առևտրի հետ առնչվող հարցերը,
9) բիզնեսը դադարեցնելը,
10) աշխատանքային պայմանագրերի կատարման ապահովումը:
Ահա այս բոլոր հարցերի համալիր բարելավումը կարող է բարձրացնել Հայաստանի Հանրապետության գրավչությունը բիզնեսը վարելու գործում, բարձրացնել երկրի վարկանիշը Համաշխարհային բանկի “Doing Business” ծրագրում:
Վերը շարադրվածը ցույց է տալիս, որ թվարկված ինդիկատորները ոչ մի աղերս չունեն ՀՆԱ-ի անկման կամ բարձր գնաճի հետ, ինչի վրա հենվում էր Տիգրան Սարգսյանը` հիմնավորելով Հայաստանի հետ մնալը «Վարում ենք բիզնես» ծրագրից: Դեռ, փառք Աստծո, որ վարչապետի հեռուստաելույթը սղագրող «Արմենպրեսի» թղթակիցն այդ, մեղմ ասած, անկապ բացատրությունները թղթին չէր տվել, հակառակ պարագայում հերթական շատ անհարմար բանը կստացվեր:
Վարչապետի այդ հարցազրույցում մարդկանց գրգռող մի շարք այլ հարցադրումների, մասնավորապես` մեքենաների պարտադիր ապահովագրման, հանրապետություն ներկրվող մեքենաների մաքսազերծման բարձր դրույքաչափերի, Չինաստանից և Թուրքիայից ներկրվող ապրանքների մաքսազերծման համար տրանսպորտային կազմակերպությունների կողմից 1 կգ բեռի դիմաց գանձվող գումարների կրկնապատկման, Երևան քաղաքում փողոցային առևտրով զբաղվողներին կերակրվելու համար վաստակելու հնարավորությունից զրկելու գործողությունների մասին էլ չենք խոսում:
Եվ, թերևս, ՀՀ կառավարության աշխատանքներում տեղ գտած լուրջ ձախողումներով էր պայմանավորված այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին խորհրդակցություն էր հրավիրել` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ օրակարգով: Խորհրդակցության ժամանակ կառավարությանը տրվեցին հստակ հանձնարարություններ, և, թվում էր, խորհրդակցությունից հետո գործադիրը վերջապես պատշաճ կերպով կվերլուծի, թե որոնք են, մասնավորապես, բարձր գնաճի պատճառները, գյուղատնտեսության զարգացումն արգելակող խոչընդոտները, սպառնալի չափերի հասնող բնակչության արտագաղթին դրդող պառճառները, իշխանություններից մեր քաղաքացիների զանգվածային դժգոհությունների հիմքերը: Ավա՜ղ, փոխարենը կայացան չմտածված, չհաշվարկված գործողություններ, արվեցին հայտարարություններ, որոնք քաղաքացիների մեջ առաջ բերեցին միայն բացասական հույզեր: Այսպես, ս.թ. մարտի 27-ին վարչապետը հարցազրույց տվեց համապետական ու մարզային մի շարք հեռուստաընկերությունների: Կառավարության ձեռնարկած քայլերի շարքում Տիգրան Սարգսյանը նշեց, որ կազմակերպվել է 2 հազար տոննա գարու սերմացուի ներկրում, որը պայմանագրերով տրամադրվելու է 20 հազար ֆերմերային տնտեսության: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր տնտեսությանը բաժին է ընկնելու 100 կգ գարու սերմացու: Բա լավ, մեր վարչապետը չգիտի՞, որ Հայաստանում յուրաքանչյուր ֆերմերային տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկնում 1 - 1,2 հա վարելահող: Իսկ յուրաքանչյուր հեկտարի համար միջինը պահանջվում է 200 - 230 կգ սերմացու: Ըստ որում` գյուղացին շատ լավ հասկանում է, որ իրեն ձեռնտու չէ ցանքատարածության միայն կեսն օգտագործել, նա չի կարող վարուցան անող տրակտոր բերել, որ մշակի հողի կեսը, հետո այն պետք է պարարտացվի, ապա` ոռոգվի: Դա զգալիորեն կթանկացնի սպասվելիք բերքի ինքնարժեքը, հողի մշակումը կդարձնի վնասաբեր` դրանից բխող ծանր հետևանքներով: Եվ այսպես ծրագրված լավ աշխատանքը` չմտածված կազմակերպման պարագայում, բացասական հետևանքներ կունենա, ու պատահական չէ, որ գյուղացիների մի մասը հրաժարվեց առաջարկված սերմացուից, ընդ որում` խիստ բացասաբար տրամադրվելով ինչպես իրենց համագյուղացիների, որոնք օգտվել էին սերմացուից, այնպես էլ հանրապետության գործադիր իշխանությունների նկատմամբ: Մինչդեռ ՀՀ նախագահի մոտ հրավիրված վերը նշված խորհրդակցությունից հետո, նախքան հապճեպ որոշումների ընդունումը` երկրի ղեկավարի կողմից առաջ քաշված խնդիրների իրագործման ուղղությամբ, կառավարությանն անհրաժեշտ էր ամենայն ուշադրությամբ վերլուծել երկրում պարենային անվտանգության իրավիճակը, ուսումնասիրել այն վիճակագրությունը, որը պաշտոնապես հրապարակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Եթե գործադիր իշխանության ներկայացուցիչները ծանոթանային «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկատվական զեկույցին, ապա կտեսնեին 186-րդ էջում բերված «Վիճակագրական տեղեկատվություն սպառողների կողմից հիմնականում հայցվող 25 ապրանքատեսակների ռեսուրսները» աղյուսակը: Դրանում զետեղված տվյալների համաձայն` 2010թ. տեղական արտադրանքն ընդամենը ռեսուրսներում ունի հետևյալ պատկերը. տեղական արտադրանքի խոզի միսն ընդամենը ռեսուրսի 54,7%-ն է, հավի միսը` 12,2%-ը, կարագը` 23,7%-ը, ցորենը` 34,7%-ը, բուսական յուղը` 42,6%-ը, շաքարավազը` 25,4%-ը, ծխախոտը` 65,3%-ը, ձուկը` 87,9%-ը: Ասել կուզի` վերը հիշատակված գյուղմթերքների գծով հսկայական սպառման շուկա ունենք, որի պահանջարկը մենք այսօր հարկադրված ենք բավարարել ներմուծման հաշվին: Ուրախալի է, որ մեր վարչապետն արտասահման կատարած իր ուղևորությունների ժամանակ ելույթ է ունենում Եվրոպայում, ինչպես դա տեղի ունեցավ ս.թ. մարտի 17-ին ԵՄ շտաբ-բնակարան Բրյուսելում, և հայտարարում է, որ Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Դե, եթե, ինչպես ինքն է գտնում, ընտրել եք զարգացման այդ ուղին, ապա թող դա չսահմանափակի միայն ու միայն եվրոպական արժեքների մասին պարապ զրույցներով: Գործադիր իշխանության ղեկավարներին չէր խանգարի գեթ մեկ անգամ ուսումնասիրել Եվրամիության փորձը, նրանց կողմից վարվող գյուղատնտեսական քաղաքականությունը: Ուրիշներին խորհուրդներ տալուց առաջ հարկ կար գոնե ձեզ համար պարզեիք, որ, ասենք, թեկուզ 2011թ. Եվրամիության բյուջեով գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված է ծախսել շուրջ 45 մլրդ եվրո, որը կազմում է բյուջետային ծախսերի 35%-ը (2011թ. Եվրամիության բյուջեն կազմում է 126,5 մլրդ եվրո): Ըստ որում, 2010թ. ապրիլին Եվրամիությունում պաշտոնապես մեկնարկել էին Միասնական գյուղատնտեսական քաղաքականության շուրջ քննարկումներ, բանավեճեր: Դրանց արդյունքում նախատեսվել է մշակել 2013 - 2020թթ. Եվրամիության Միասնական գյուղատնտեսական քաղաքականություն: Այդ թվում հարկ է նշել, որ քննարկումների առանցքը կազմել են գյուղատնտեսության սուբսիդավորման կատարելագործման, Եվրամիության անդամ երկրների միջև դրանց առավել արդարացի բաշխման հարցերը, շրջակա միջավայրի պահպանման հետ կապված խնդիրները: Գյուղատնտեսությանը հատկացվող սուբսիդիաների ծավալի կրճատման մասին ընդհանրապես խոսք չի եղել: Թերևս, նման քաղաքականության արդյունքում է, որ Եվրամիության անդամ երկրների գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2010թ. կազմել է 355 մլրդ եվրո, ընդ որում` այդ ճյուղում զբաղված է եղել 20,6 մլն մարդ (ազգաբնակչության ընդամենը 4,1%-ը), և դա էլ` այն պայմաններում, երբ ագրարային ոլորտին հատկացվող ծախսերը կազմում են Եվրամիության բյուջեի 35%-ը: Գյուղատնտեսության նկատմամբ ցուցաբերած նման ուշադիր վերաբերմունքի և հոգատարության շնորհիվ է, որ Եվրամիությունը սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների աշխարհի խոշորագույն արտադրողն է: Հարկ է նաև նշել, որ ԵՄ գյուղատնտեսության ոլորտում աշխատողների եկամուտներն անգամ իսկ այդ ճյուղին ցուցաբերվող նման շահագրգիռ վերաբերմունքի պայմաններում մոտ 50%-ով ավելի ցածր են, քան արտադրության և ծառայությունների այլ ոլորտներում: Գյուղատնտեսության նկատմամբ նույն մոտեցումն են դրսևորում նաև ԱՄՆ-ում: Եվ այդ ֆոնին, երբ արձանագրում ենք, որ ՀՀ առևտրային բանկերը գյուղատնտեսությունը վարկավորում են տարեկան 24% տոկոսադրույքով, ապա դա զավեշտ է: Իսկ իշխանությունների կողմից որպես ձեռքբերում ներկայացվող այն փաստը, որ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում շուրջ 2000 գյուղացիական տնտեսություններին առևտրային բանկերը վարկավորել են 10% տոկոսադրույքով, նույնպես ոչ մի քննադատության չի դիմանում: Այս շրջանն իր բնակլիմայական պայմաններով նույնն է, ինչ Սիբիրը, հետևապես իրենց համար այդպիսի ծանր տոկոսով վարկ վերցնող տնտեսությունները պետք է ունենան նվազագույնը 20% շահույթ, որպեսզի կարողանան վարկերը մարել, տոկոսները մուծել և փող աշխատել գոյությունը պահպանելու համար: Սակայն դա դիզելային վառելիքի, պարարտանյութերի, թունաքիմիկատների` երկրում առկա այսօրվա գների պայմաններում գործնականում անհնարին է: Իսկ եթե այդ հողերը նաև ոռոգելի են, ապա ընդհանուր ծախսերին կգումարվեն և ոռոգման ծախսերը, ինչն իր հերթին կբարձրացնի աճեցրած բերքի ինքնարժեքը:
Դրա հետ մեկտեղ, նորանշանակ գյուղնախարարը, որպես պրոֆեսիոնալ, որոշակի հավատ է ներշնչում, ուրեմն քաջալերենք նրան և օգնենք, որ նա վեր հանի ծառացած խնդիրների այն շղթան, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսության զարգացմանը հանրապետությունում: Քաջալերենք, որպեսզի նա առանց կաշկանդվելու, ուղղակի և համարձակորեն կարողանա հայտարարել այն մասին, որ, ասենք, ջրօգտագործողների միությունների վարչական ծախսերը և ոռոգման ջրի համար հանրապետությունում սահմանված գինը տնտեսագիտորեն հիմնավորված ու արդարացված չեն, դրանք անհրաժեշտ է վերանայել: Ավելին, անհրաժեշտ է համալիր լուծում տալ հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հարցերին, որ չլինեն այնպիսի անհեթեթ դեպքեր, երբ մեր փոքր երկրի պայմաններում ջրօգտագործողների ընկերությունների` տասնյակ ջիպերով ֆռֆռացող ղեկավարների ծախսերն առաջացնեն մինչև աղքատության հասցված գյուղացիների զայրույթն ու դժգոհությունը: Պետք է գործնականում կարգուկանոն հաստատվի նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների շուկայում, պետք է գործնական միջոցներ ձեռնարկվեն գյուղմթերքների իրացման հարցում, որպեսզի բացառվի այն իրողությունը, երբ գյուղացին տառապանքով բերք է աճեցնում և հարկադրված, իր թափած քրտնքի համեմատ չնչին գներով հանձնում վերավաճառողներին, հետո էլ հեռուստատեսությամբ տեսնում, թե ինչպես է իր աճեցրած և մեկ կիլոգրամի համար վերավաճառողին 70 - 80 դրամով հանձնած բարձրորակ կարտոֆիլը վաճառվում քառապատիկ թանկ` 300 - 350 դրամով:
ՀՀ նախագահի հանձնարարականից հետո բնակչությունը հույս ուներ, որ կառավարությունը գործնականորեն կզբաղվի գյուղի հոգսերով, այլ ոչ թե ցուցամոլությամբ: Ինչի՞ է նման, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները գնացին գյուղեր, իբր, գյուղացիներին ուշադիր լսելու և նրանց բարձրացրած հարցերին գործնական լուծումներ տալու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, իսկ փաստացի այդ հանդիպումների արդյունքում արձանագրվեցին խիստ մտահոգիչ դեպքեր: Օրինակ, Արագածոտնի մարզի ջրօգտագործողների միությունը ցինիկաբար վարվեց Արագածավան ավանի բնակիչ Սահակ Սահակյանի հետ, որը հանդգնել էր մարզի ֆերմերներին անհանգստացնող կենսական խնդիրների մասին նամակով դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ Արա Սիմոնյանին: Պատգամավոր Արա Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հրապարակեց Սահակյանի դիմումը: Կառավարությունն օպերատիվ արձագանքեց արագածավանցու քննադատությանը. փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ գնաց Արագածավան, լսեց ավանի բնակիչների, այդ թվում` Սահակ Սահակյանի բողոքը, խոստացավ հաշվի առնել այն: Եվ հաշվի առան. այդ տարածաշրջանի ջրօգտագործողների միության ղեկավար Սերգո Կրպեյանը Սահակ Սահակյանին աշխատանքից ազատեց: Սահակ Սահակյանի աշխատանքն էլ այդ ընկերությունում այն էր, որ կարգավորում էր Արագածոտնի մարզի ջրբացթողման N13,14,15 շլյուզների աշխատանքը: Այս օրինակն իր ամբողջ մանրամասներով հատուկ բացում ենք, որպեսզի տպավորություն ստեղծվի գործադիր իշխանությունների աշխատաոճի մասին: Արդյունքում` մարզի բոլոր բնակիչների համար հասկանալի դարձավ, թե գործնականում ինչով են ավարտվում ֆերմերների օբյեկտիվ բողոքները:
Չենք ուզում մտածել, որ Սահակ Սահակյանին աշխատանքից ազատելու պատճառը կարող էր լինել և այն, որ նա Արագածոտնի մարզի այդ տարածաշրջանում «Ազգային միաբանություն» կուսակցության բաժանմունքի ղեկավարն է: Գիտեմ, Ս.Սահակյանը դառնացած է ու հիասթափված, ուստի կոչ եմ անում նրան, որպեսզի հանկարծ չընտրի դեպի միտինգավորներ` Մատենադարանին հարող տարածք կամ թատերական հրապարակ տանող ճանապարհը, մեր կուսակցական ընկերներին էլ խնդրում եմ Ս.Սահակյանի հետ կատարված անարդարության պատճառով չնեղվեն, քանի որ մենք հասանք նրան, որ նա վերականգնվեց իր աշխատանքում:
…Եվ առանձնակի ցավ ես ապրում, որ անցած դժվարին երեք տարիների ընթացքում երկրի նախագահին հաջողվեց լուծել մեր պետության համար բախտորոշ մի շարք հարցեր, սակայն ՀՀ կառավարության ոչ պրոֆեսիոնալ տնտեսական քաղաքականության հետևանքով դրանց դրական ներգործությունը տնտեսության և բնակչության սոցիալական դրության վրա հասցվեց զրոյի: Ավելին, գործադիր իշխանության գործողությունները բացասաբար անդրադարձան երկրի անվտանգության ապահովման ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների վրա:
Մերկախոս չհնչելու համար հակիրճ նշենք նաև անցած տարիներին ձեռք բերած որոշ դրական փոփոխությունները, որոնք պայմանավորված են ամենևին ոչ կառավարության աշխատանքով: Նախ, հարկ է ընդունել, որ 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո ՀՀ նախագահին հաջողվեց երկրում ընթացող զարգացումները տանել այնպիսի հունով, որ հետագայում բացառվեցին քաղաքացիական ընդհարումներն ու արյունահեղությունը, չնայած եղան ՀԱԿ-ի կողմից կազմակերպած բազմաթիվ սադրանքներ: Երկրորդ. 2010թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կայացավ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի պետական այցը մեր երկիր: Այցի շրջանակում ստորագրվեց վեց կարևորագույն փաստաթուղթ, դրանց թվում առանձին հիշատակման է արժանի Արձանագրություն N5-ը, որի տակ իրենց ստորագրությունները դրեցին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները: Այդ փաստաթղթի համաձայն` Գյումրիում տեղակայված ռուսական N102 ռազմակայանի ՀՀ-ում մնալու ժամկետը սահմանվել է 49 տարի: Պետական այցի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն իր մասնակցությունը բերեց Գյումրիում նորից վերածնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը: Ինչո՞ւ եմ այս փաստը հատուկ կարևորում, որովհետև, հիշեցնեմ, այդ համալիրը նվիրված է Ռուսաստանի կայսրական բանակի` 1853 – 1856թթ. և Ղրիմի 1877 – 1878թթ. ռուս-թուրքական պատերազմներում Կարսի ամրոցի պաշարման ժամանակ զոհված ռուս զինվորների ու սպաների հիշատակին: Զոհված ռուս զինծառայողների աճյունները հանգչում են «Պատվո բլուրում»: Այդ համալիրը խորհրդանշում է հայ-ռուսական ռազմական եղբայրությունը, և դրա բացման արարողությունը համընկավ այնպիսի ժամանակաշրջանի հետ, երբ նկատվում է Ռուսաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների որոշ մերձեցում` էներգետիկ խոշոր նախագծերի համատեղ իրագործման հեռանկարով:
Չնայած 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող և դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունները դեռ փակուղի են մտել, այդպես էլ չեն վավերացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի կողմից, սակայն հարկ է նշել, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը միջազգային քննարկումների օրակարգ բերեց Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը: Եվ խիստ խորհրդանշական կարելի է համարել այն իրողությունը, որ անցյալ տարի Շվեդիայի Ռիգստագը ձայների 131 կողմ և 130 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Եվ, վերջապես, չի կարելի մոռանալ այն հանգամանքը, որ երբ Ադրբեջանը պետականորեն իրականացնում է սպառազինության մրցավազք` ռազմական բյուջեն հասցնելով ՀՀ պետական բյուջեի ծավալին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետևողական ջանքերի շնորհիվ Իլհամ Ալիևը հարկադրված եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական գործողությունների ավարտից 14 տարի անց` 2008թ. նոյեմբերին, Մայենդորֆ դղյակում, այնուհետև 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ստորագրել երկու հռչակագիր, որտեղ ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մասին, նաև նշված է, որ ԼՂՀ-ի հարցը կարգավորվելու է երկրների տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրմամբ:
Այսպիսին են վերջին երեք տարիներին կատարված որոշ դիտարկումներ Հայաստանում, տարածաշրջանում ընթացող, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Զարգացումներ, որոնց նման ընթացքի պայմաններում, մեղմ ասած, Հայաստանին լավ ապագա չի սպասվում: Սակայն, ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կա մի ուղի, որով գնալու դեպքում հնարավոր է ՀՀ-ի համար անհրաժեշտ շատ և շատ խնդիրների ու հարցերի դրական լուծում տալ:
Խոսքն այն մասին է, որ ժամանակակից աշխարհում ձևավորված է աշխարհաքաղաքական չորս բևեռ. ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրներ, Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրներ, ինչպես նաև որպես բևեռ ձևավորման փուլում գտնվող` Մեծ Մերձավոր Արևելքի երկրներ: Դրա հետ մեկտեղ արդեն ակնհայտ է, որ այսօր հինգերորդ աշխարհաքաղաքական բևեռի ստեղծումը պահանջված է, որի ձգողականության կենտրոնը պետք է դառնա Ռուսաստանի Դաշնությունը: Նման բևեռի ստեղծման արդիականությունը համակողմանի համոզվածությամբ հիմնավորված է տաղանդավոր մտավորական-քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի կողմից, «Ժամանակի էությունը» հաղորդաշարում: Հայաստանի Հանրապետության մուտքն իբրև այդ բևեռի կողմ բավական լավ հեռանկարներ խոստացող քայլ կլինի մեր երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար: Այդպիսի բևեռի միջուկն արդեն կազմավորվել է. դա ՌԴ, Բելառուս և Ղազախստան մաքսային միությունն է, և հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունն իր հերթին պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն էլ մտնի այդ նոր Եվրասիական տնտեսական ու ռազմաքաղաքական միավորման մեջ, որի ստեղծումը, համոզված եմ, ժամանակի թելադրանք է: Գտնում եմ, որ այդպիսի միությունը պետք է ձևափոխվի մաքսային միության: Հայաստանում պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությունում չեն սպասում, մեր երկրի անդամակցությունը Եվրամիությանը` սին և անհիմն պատրանք է: Ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը, անգամ իսկ մեր երկրին այժմ ցուցաբերվող լավ վերաբերմունքով հանդերձ, իրենց սեփական երկրների աշխարհաքաղաքական շահերը երբեք չեն զոհաբերի Հայաստանի, մեր ժողովրդի համար խիստ կարևոր աշխարհաքաղաքական կամ բարոյական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը: Ասվածի համոզիչ վկայությունն է այն, որ արդեն մի քանի տարի է, ինչ Բարաք Օբաման` Միացյալ Նահանգների նախագահը, նախընտրական խոստում տվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, բայց այդպես էլ չի կարողանում կատարել իր խոստումը: Նա չի կարող դա իրեն թույլ տալ, որովհետև ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը վտանգի տակ կդնի իր ղեկավարած երկրի աշխարհաքաղաքական շահերը, Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմաքաղաքական գործընկերությունը, իսկ դրանք վեր են ԱՄՆ նախագահի տված խոստումից: Ուստի, Հայաստանը պետք է ինքն էլ կողմնորոշվի, և այդ կողմնորոշումն էլ, ըստ իս, պետք է լինի այն պետությունների հետ տնտեսական ու քաղաքական միավորումը, որոնց հետ միությունում մեր հանրապետության գտնվելը պահանջված է: Ուրիշ բան, որ ՀՀ-ում տնտեսական, հումանիտար և կյանքի մյուս կողմերը կարգավորող օրենսդրությունը պետք է միասնականացվի, համահունչ դարձվի Եվրամիության անդամ երկրների ընդունած օրենքներին: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ընդունված այդ օրենքների շնորհիվ և դրանց անշեղ կատարման արդյունքում է, որ Եվրամիության երկրները նման բարձունքների են հասել իրենց ազգաբնակչության բարձր կենսամակարդակի և, ընդհանուր առմամբ, համակողմանի զարգացման առումով: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ այդ հարցերի լուծմանը նպաստելուն է ուղղված լինելու վերջերս ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության գործունեությունը: Այդ կազմակերպության նպատակներից մեկը Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրների հետ տնտեսական ու ռազմաքաղաքական էլ ավելի սերտ միավորման անհրաժեշտությունը մեր ժողովրդին պարզաբանելն է, ինչը թույլ կտա ապահովել մեր ազգային անվտանգությունը և նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դինամիկ զարգացման համար: Կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները գիտակցեն, որ ժամանակն է Եվրամիության օրինակով ստեղծել հետխորհրդային պետությունների տնտեսական և ռազմաքաղաքական միավորում: Այդպիսի միության գլխավոր խնդիրներից է այն, որ կարողանանք միասնաբար, միասնական ճակատով դիմագրավել մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները, որոնք տարեցտարի ավելի վտանգավոր են դառնում: Օրինակի համար հեռու գնալ պետք չէ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ բարդ վիճակում կհայտնվի Հայաստանը, եթե հանկարծ այն խժդժությունները, որոնք այսօր առկա են Մեծ Մերձավոր Արևելքում, այնտեղից տեղափոխվեն, ասենք, Կենտրոնական Ասիայի երկրներ` Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան: Դա կբերի նրան, որ կապակայունացվի իրավիճակը Ռուսաստանի հարավային ամբողջ սահմանի երկայնքով: Դրանից, անտարակույս, կօգտվի հարևան Ադրբեջանը, իհարկե` ոչ առանց Թուրքիայի հրահանգի: Լինելով գերակշռող ուժ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, անխուսափելիորեն կներքաշվեն խիստ անցանկալի իրավիճակի մեջ: Բայց սա առանձին վերլուծության թեմա է: Ուստի, շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական ընտրանին (որը ներգրավված է թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմության տարբեր ճյուղերում) և հատկապես կուսակցությունները, որոնք պետականակենտրոն դիրքերում են, և որոնց թվին է դասվում «Ազգային միաբանությունը», համախմբվեն երկրի աշխարհաքաղաքական զարգացման միակ ճիշտ ուղղության ընտրության շուրջ` երկրի համար այդ բախտորոշ հարցում: Այս պայմաններում խոսել քաղաքական ինչ-որ երրորդ, չորրորդ կամ տասներորդ ուժի ձևավորման մասին, ինչով արդեն մի քանի ամիս է, ինչ մեր քաղաքացիների հասարակական կարծիքն են պղտորում, ոչ այլ ինչ է, քան Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձևավորվող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի խեղաթյուրում:
Այսօր, երբ աշխարհում տեղի են ունենում խիստ բարդ և վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումներ, Հայաստանի քաղաքական դասը պարտավոր է գիտակցել պատմական պահի ամբողջ լրջությունը, իր պատասխանատվությունը երկրի ճակատագրի, նոր եկող սերունդների ապագայի համար և հետևողական աշխատանք ծավալել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրման ուղղությամբ:
* * *
Այսպիսին է 2011թ. մայիսի վերջին պատկերացվում իրավիճակը Հայաստանում և նրա շուրջ: