Ժողովուրդների միջև վստահությունը մարդիկ են ստեղծում

29.03.2011, Ազգային գահափար

ՀՀՇ-ական մամուլից՝ ասես առատության եղջյուրից, հորդող զրպարտությանն արձագանքելը, ուղղակիորեն ասենք, անշնորհակալ գործ է։ Չէ՞ որ դրա միակ ու հիմնական իմաստը  նրանց զրպարտելն է, նրանց, ովքեր չեն երկրպագում իրենց կուռքին՝ ՀՀ տխրահռչակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջին ժամանակներում, սակայն լևոնական քարոզչության շեշտադրությունը փոքր-ինչ փոխվել է. նրանց կողմից վերահսկվող մամուլում ավելի ու ավելի շատ են հայտնվում սադրիչ բնույթի, ռուսատյացությամբ լի հոդվածներ։ Ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) որոշակի հատվածին հանգիստ չեն տալիս բեկումնային այն նախաձեռնությունները, որոնցով ռուս-հայկական հարաբերություններում հագեցած էր անցած մեկուկես տարին։ Դրանց գագաթնակետը դարձան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի պետական առաջին այցը Հայաստան, այցի ընթացքում վեց պայմանագրերի ստորագրումը, որոնց թվում կարևորագույնը № 5 արձանագրությունն է, ըստ որի՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարաձգվել է 49 տարով։ Հատուկ տեղ է զբաղեցնում նաև ռուսական ու հայկական զինվորական եղբայրության պատմական խոր արմատները խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումը Գյումրիում՝ նվիրված ռուսական բանակի  սպաներին, որոնք զոհվել էին 1853-1856, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմների ընթացքում, Կարսի ամրոցը գրավելիս։ Կարելի է մի քանի տասնյակ բարի գործեր և նախաձեռնություններ էլ թվարկել, որոնք կարճ ժամանակաընթացքում նախաձեռնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, անձամբ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ակտիվ մասնակցությամբ՝ հանձին նրա ներկայացուցիչ, ռուսական դեսպանության խորհրդական Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի։
Այս ֆոնին, երբ կարդում ես Վ. Կրիվոպուսկովին ուղղված հերթական զազրախոսությունը, կոպիտ զրպարտանքը, ակամա հիշում ես վերջին երկու տասնամյակի նրա բոլոր «մեղքերը»։ Ավելի հանգամանորեն անդրադառնանք այդ «մեղքերին»։ Այսպես, որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե որքանով է ՀԱԿ-ի ծրագրերին խանգարում Վ. Կրիվոպուսկովի ստեղծարար գործունեությունը, դիմենք փաստերին։ Դրանց շնորհիվ պարզ կդառնա, թե ո՞ւմ կողմից են նախաձեռնվում ռուս դիվանագետի դեմ ուղղված այդ հարձակումները և ո՞վ է վճարում դրանք։


Լևոնականներին հանգիստ չի տալիս այն, որ Վիկտոր Վլադիմիրովիչի անմիջական նախաձեռնությամբ է ստեղծվել Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը, որի շնորհիվ հայ գիտնականների 15 ինովացիոն նախագիծ արտադրության ուղեգիր են ստանում։ ՀԱԿ-ը, մի կողմից, քննադատում է հանրապետությունում տիրող սոցիալական վիճակը և, միևնույն ժամանակ, զրպարտում Կրիվոպուսկովին, որի նախաձեռնությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն միջազգային հումանիտար օգնություն է իրականացնում «դպրոցական նախաճաշեր» համաշխարհային պարենային ծրագրի շրջանակում, որն ընդգրկում է 50 հազ. հայ դպրոցականի։ Անտեղյակներին ասենք, որ այդ ծրագրի իրագործման համար Ռուսաստանը 8 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել։ Հավանաբար, Միջտարածաշրջանային համագործակցության Ռուս-հայկական շատ խոստումնալից համաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու ս. թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում ք.Երևանում, նրանք շատ են ուզում փչացնել ռուս դիվանագետների տրամադրությունը։ Գուցե նրանք հույս ունեն, թե այդ նույն օրերին բացվելիք արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսում անկյուն կհատկացվի առանձնապես աչքի ընկած ռուսատյացների ու զրպարտիչների համար՝ իրենց հակառուսական գործերը ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով։ Դրանով իսկ հնարավորություն կստեղծվի Հայաստանի հասարակությանը ցույց տալու, թե ի՞նչ խոչընդոտների միջով պետք է անցնել՝ նման նշանակալի և խոշոր միջոցառումներ կազմակերպելու համար, միջոցառումներ, որոնց իրագործմանը նրանք այդքան ջանադրաբար փորձում էին խանգարել։ Լևոնականներին, հավանաբար, շփոթության մեջ է գցել այն տեղեկատվությունը, թե այդ համաժողովների աշխատանքին անմիջական մասնակցություն են ունենալու ռուսական բիզնես-էլիտայի ներկայացուցիչները և ՌԴ մարզերի ղեկավարությունը։ Նրանք հիանալի հասկանում են, որ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության նախանշված ծրագրերի իրագործմամբ մեզանում լավ խթան կտրվի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր, նոր զարգացում կստանան կոոպերացիան, մեր ձեռնարկությունների տեխնիկական վերազինումը, ձեռնարկությունների և ընկերությունների ինովացիոն զարգացման լավ հնարավորություններ կբացվեն, ինչը, իր հերթին, կապահովի հայկական ապրանքների մրցունակությունը։
Վիկտոր Կրիվոպուսկովի բարի նախաձեռնությունների և վերջին մեկուկես տարում իրագործած կոնկրետ գործերի թվարկումը կարելի է էլի շարունակել։ Բայց, կարծում ենք, որ վերն ասվածից անկողմնակալ ընթերցողն ինքն իր համար կպարզի, թե որքան ռուսատյաց պետք է լինել՝ ռուս դիվանագետի բարի գործերին այդպես մոլեգին արձագանքելու համար։ Խոսքն այն հոդվածի մասին է, որը հրապարակվել է ամենալևոնապաշտ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում, որը վերջին երկու ամսում քանիցս զրպարտել է Վ.Կրիվոպուսկովին։ Այս հոդվածիկների պատվիրատուների հաշվարկը պարզ է. նրանք հիանալի հասկանում են, որ հանձին Վ.Կրիվոպուսկովի գործ ունեն մի դիվանագետի հետ, որը խորապես հավատարիմ է ռուս սպայի պատվո վարքականոնին, և որը ճակատագրի կամքով 1990-1991 թթ. աշխատել է դեռ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում։ Եվ այսպես, պաշտպանելով պատիվն ու արժանապատվությունը, ինչը Վ. Կրիվոպուսկովի համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում, քանզի չափից ավելի ակնհայտ է զազրախոսությունը, ռուս դիվանագետը ներառվում է լևոնական քարոզչության սցենարում։ Եվ հենց այստեղ է, որ այն սկսում է նոր հեծեծանքները, թե՝ Ռուսաստանը, ահա, հանձին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչի, ճնշում է բանեցնում Հայաստանի իշխանությունների վրա՝ դրանով իսկ հասնելով մեր անօգնական ու անպաշտպան լրագրողին մեղադրելուն և այլն, և այլն։
Գուցե Վիկտոր Վլադիմիրովիչին Լևոնը և նրա քարոզչությունը ոչ մի կերպ չե՞ն կարողանում ներել նրա գործունեությունը 90-ական թվականների սկզբին։ Դե, ինչ, այդ գրչակներին հիշեցնենք նաև այդ մասին։ Այսպես, խորհրդային ժամանակներում, ԽՍՀՄ ՆԳՆ ծառայության մեջ գտնվելով, Վ. Կրիվոպուսկովը զբաղվում էր ազգամիջյան հարաբերությունների հարցերով և 1990-91 թթ. Գործուղվել է Ղարաբաղ՝ որպես ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ։ Այն ժամանակ նա, լայն լիազորություններ, իսկ, ըստ էության, խստորեն պատժելու գործառույթներ ունենալով, Ղարաբաղյան հարցում առաջնորդվում էր պարտքի զգացումով, խղճով ու պատվով։ Իհարկե, նրան լավ ճանաչում և նրա հետ սերտորեն համագործակցում էին ղարաբաղյան ընդհատակի ղեկավարները։ Այդ հիշարժան օրերից 20 տարի անց, այսօր արդեն կարելի է բացահայտ ասել, որ նա ինքն էլ, փաստորեն, ղարաբաղյան ընդհատակի անդամ էր։ Նրա՝ ռուս սպային և իր ենթակայության ներքո գտնվող ԽՍՀՄ ՆԳՆ այլ սպաներին (գնդապետներ Գուդկով, Շևելյով, Տկաչ, Կուզնեցով, գեներալներ Կովալյով, Վորոնով, Նեկռիլով, Ստարիկով և Ռուսաստանի շատ այլ հայրենասերներ) բնորոշ կամային հատկանիշների և նրանց համարձակ ու արդարացի գործողությունների շնորհիվ, այն բուռն իրադարձությունների ականատեսների վկայությամբ, մահից և ադրբեջանցիների անարգանքից փրկվեցին հարյուրավոր ղարաբաղցիներ, տասնյակ ու տասնյակ ազատամարտիկներ, որոնք հետագայում կազմեցին Ղարաբաղի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ-ի Ինքնապաշտպանության բանակի միջուկը, և որոնցից շատերը դարձան գեներալներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ղեկավարներ։ Անկեղծ ասած, անցած շաբաթ, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդալով Վիկտոր Կրիվոպուսկովի դեմ ուղղված զրպարտչագիրը, ինձ թվաց, թե դրա հերքմամբ հանդես կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 1991թ. անձամբ էր խնդրել Վիկտոր Վլադիմիրովիչին գնալ Լեռնային Ղարաբաղ՝ խիստ դժվար, բայց բացառապես ազնիվ մի առաքելությամբ, որը նա հաջողությամբ իրագործեց։ Այդ առաքելության էությունն առանձին հրապարակման թեմա է։ Իմ հույսերին վիճակված չէր իրականանալ, քանզի ԼՏՊ-ն չի կարող կտրել սեփական ռուսատյաց երգի ձայնը, չէ՞ որ ինքն ու իր սխրակիցները հենց դրա համար են, պետք է ենթադրել, դրսից ֆինանսավորում ստանում։ Երգը դադարեցնեն թե չէ՝ կզրկվեն ֆինանսներից, իսկ առանց դրանց, ինչպեսև նախորդ տասնամյակում, նստելու է իր սև (ուղղակի և փոխաբերական իմաստով) առանձնատանը։ Հենց դրա համար էլ մեջս ցանկություն առաջացավ քողազերծել լևոնական մամուլում ռուս դիվանագետի հասցեին ուղղված նողկալի սուտը։ Դիվանագետ, որի անվան հետ են կապված Ղարաբաղյան ազատագրական շարժման բազմաթիվ հերոսական էջեր։
Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովը հրապարակային անձնավորություն է։ Եթե որևէ մեկը ծանոթ է նրա գրական, հրապարակախոսական աշխատանքներին ու հրապարակային ելույթներին, ապա նրա առջև կբացվի ռուս հայրենասեր-ինտերնացիոնալիստի կերպարը, որին խորթ է ամեն տեսակ մեծամտություն, որովհետև նա զզվում է թելադրանքից ու կայսերական մտածողությունից։ Ավելին, նրա հասարակական և պետական ողջ գործունեությունը տոգորված են մեկ մտքով ու մտայնությամբ. ինչպե՞ս օգնել իր կողմից ջերմորեն սիրված Հայաստանին, ինչպե՞ս աջակցել մեր երկրների ու ժողովուրդների ավելի սերտ համախմբմանը, ինչը նպաստավոր ազդեցություն կունենա հայ ժողովրդի բարեկեցության վրա, որին, կարելի է առանց չափազանցության ասել, նվիրել է իր գիտակից կյանքի մեծ մասը։ Իհարկե, որպես Ա. Գրիբոյեդովի, Վ. Բրյուսովի, Ս. Գորոդեցկու, Ա. Բիտովի, Մ. Վետրովիխի լուսավոր կերպարների օրինակով դաստիարակված ռուս մարդ նա հիանալի հասկանում է հայ-ռուսական հարաբերությունների իսկական արժեքը մեր բարդ ժամանակներում։ Իր ողջ գործունեությամբ Վ. Կրիվոպուսկովը ՌԴ դեսպանության իր գործընկերների հետ փորձում է մեր ժողովրդի համար լիարժեքորեն բացել այն հոգևոր միասնությունը, որը բնորոշ է ռուսներին և հայերին։ Իսկ ռուս դիվանագետի նման գործունեությունը, երևում է, ռուսատյացներին ջղաձգության մեջ է գցում, որոնք ուժ ու միջոցներ չեն խնայում Հայաստանի բնակչության մեջ Ռուսաստանի նկատմամբ անվստահություն առաջացնելու, դրանով իսկ նրան Հարավային Կովկասից դուրս մղելու պարարտ հող ստեղծելու համար։ Այդ իսկ պատճառով էլ ռուս դիվանագետներին զրպարտելու կեղտոտ աշխատանք է տարվում՝ նպատակ ունենալով խափանել ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը, ավելին, զրոյի հավասարեցնել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, նրա գործընկերների, ընդհանրապես՝ դեսպանության՝ մեր երկրների տնտեսական ինտեգրմանը, մեր ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային սերտ համագործակցության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ես ամենևին էլ պատահականորեն չնշեցի ռուս մտավորականության մեծ ներկայացուցիչների անունները, որոնք կյանքով ու գործունեությամբ անկեղծորեն ծառայել են իրենց համար գլխավոր էությանը՝ ռուս-հայկական եղբայրության ձևավորմանը։ Մեր օրերում այդ համաստեղությունը համալրվել է արժանավոր նոր մարդկանցով՝ այդ ազնիվ գործը շարունակողներով։
Հայ ժողովուրդը, իր թիկունքին հուսալի վահան ունենալով` հանձինս ռուս ականավոր մտածողների և ինտելեկտուալների, մենակ չի եղել իր ծանր ու դաժան պատմության տարիներին։ Եվ հիմա էլ ոչ մի կերպ չեն հանդարտվում այն ուժերը, որոնք իրենց վարձու լրագրողների միջոցով ամեն գնով ուզում են սևացնել, զրպարտել մեր ժողովրդի իսկական, ղարաբաղյան պատերազմի փորձությամբ թրծված բարեկամներին։ Չէ՞ որ պատվի մարդուն, ինչպիսին Վ. Կրիվոպուսկովն է, ոչինչ այնպես չի խոցի, ինչպես սև երախտամոռության դրսևորումը։ Չէ՞ որ, կարևոր էլ չէ, որ այն բխում է հոգին ադրբեջանական նավթադոլարներով ծախած, հայկական ազգանուններ ունեցող մարդկանցից, որոնք, ըստ էության, հայեր էլ չեն, հայեր, որոնց այդքան անմնացորդ նվիրված է Վ. Կրիվոպուսկովը։ Այնպես է ստացվել, որ մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումն իրենց պատվի գործը համարող մարդիկ հարձակումների են ենթարկվում հենց նրանց կողմից, ովքեր պատվի ու պարկեշտության մասին խիստ ինքնատիպ պատկերացում ունեն։ Գուցե նրանց համար «պատիվ» բառը զուգորդվում է կանաչ թղթադրամների հետ, որոնցից թուրքական նեոօսմանիզմով թրմված, կրկնենք, ադրբեջանական նավթի հոտ է գալիս։
Պնդել, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում հրապարակված հոդվածը ոչ մի դրական բան չի բերել, օբյեկտիվ չի լինի։ Հոդվածն օգնեց Հայաստանի հայրենասերներին, որոնք ռուս-հայկական համակողմանի մերձեցման համոզված ջատագովներն են, հստակ գիտակցել վերահաս վտանգը՝ թշնամին քնած չէ։ Ասվածի ապացույցն այն փաստն է, որ տերպետրոսյանական մամուլի հրապարակումների թիրախն է դարձել Վ.Կրիվոպուսկովը՝ ռուս սպա-դիվանագետը, «Խռովյալ Ղարաբաղ» գրքի հեղինակը։ Մարդ, որն անցնել է ղարաբաղյան խառնակ ժամանակների համրության միջով և իր գործունեությամբ բացահայտել ճշմարտությունը Ղարաբաղյան շարժման և ընդհատակի մասնակիցների ու առաջնորդների մասին։ Նա կարողացավ նաև ճշմարտությունը պատմել ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների՝ ներքին զորքերի ռուս սպաների և շարքայինների մասին, որոնք ծայրահեղ պայմաններում կարողացան խիղճը զուգակցել ծառայողական պարտքի հետ։
Եթե հայկական առանձին լրատվամիջոցների էջերում հակառուսական հիստերիա կազմակերպելով՝ թուրք-ադրբեջանական գաղափարախոսները հույս ունեին, թե Ռուսաստանի արժանավոր ներկայացուցիչներին սևացնելն ու զրպարտելը կսասանի նրանց վերաբերմունքը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապա նրանք պարզապես սխալվել են։ Երևում է, նրանք չգիտեն` ինչ կարծր նյութից են այս մարդիկ, և ինչ ճակատագիր է պատրաստել նրանց համար կյանքը։ Իսկ տերպետրոսյանական թիմի երախտամոռության, ավելի պարզ՝ նողկալի զրպարտության բռնկումներին, կարծում եմ, հարկ է փիլիսոփայորեն վերաբերվել: Առավել ևս դա վերաբերում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վ.Կրիվոպուսկովին։ Պետք է, չէ՞, որ զանազան կարգի զրպարտիչները վարձահատույց լինեն դրսից նրանց հրամցվող ոսպապուրի համար։
Վերջում կուզենայինք Վիկտոր Կրիվոպուսկովին առաջարկել՝ լևոնական գրչակներին ու ՀԱԿ-ի ղեկավարությանը նվիրել հայ դասականների և ժամանակակից գրողների ու բանաստեղծների՝ ռուսերեն հրատարակված հիասքանչ գրքերը։ Անշուշտ, ոչ այն հույսով, թե փոխարենը նրանք Վ.Կրիվոպուսկովին կուղարկեն այդ նույն հեղինակների անգլերեն թարգմանությունները։ Ավա˜ղ, այն առատությամբ, ինչ ռուսերենով, դրանք պարզապես գոյություն չունեն։ Ուզում եմ հուսալ, որ եթե նրանք հաղթահարեն իրենց բնորոշ ծուլությունը, ապա ռուսերեն կատարված այդ թարգմանություններից խելացի շատ մտքեր կքաղեն, այդ թվում` ՀՀՇ առաջնորդներից մեկի՝ Վանիկ Սմբատի Սիրադեղյանի ստեղծագործությունների թարգմանություններից։ Կարծում եմ,  եթե նրանք ի վիճակի են մտածել, կխորհեն, թե ինչպե՞ս կարող էր պատահել, որ Ինտերպոլի կողմից որոնվող մարդու ստեղծագործությունները ռուս սպա ու դիվանագետ Վիկտոր Կրիվոպուսկովի նախաձեռնությամբ թարգմանվում են ռուսերեն և տպվում առանձին ժողովածուով։
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև վստահությունը մարդիկ են ստեղծում, որոնց թվում արժանի տեղ է զբաղեցնում Վ.Կրիվոպուսկովը։

 

 

Արա ՍԻՄՈՆՅԱՆ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» կոււսակցության նախագահության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության անդամ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր