ԵՐԿԻՐԸ ՇՐՋԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ՝ ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
30.01.2007
Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց նաև «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» հարցը:
Հարցի վերաբերյալ ելույթ ունենալու համար գրանցվել էր 19 պատգամավոր, ընդ որում՝ նրանցից 8-ը թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների անդամներ էին: Ութ ելույթից հետո նախագահողը դադարեցրեց մտքերի փոխանակությունը՝ առաջարկելով այն հռետորներին, որոնք չէին հասցրել ելույթ ունենալ, իրենց ելույթները հանձնել ԵԽԽՎ քարտուղարություն՝ դրանց գրանցման համար: Այդ իրավունքից օգտվեց հայկական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը նույնպես պաշտոնապես գրանցված էր ելույթ ունեցողների ցուցակում, սակայն, ցավոք, գործը նրա ելույթին չհասավ (հայի բախտ): Հատկանշական է, որ Ա. Գեղամյանից առաջ հռետորների ցուցակում էին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գյուլթակին Հաջիևան, Գանիրա Փաշաևան և ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Մյուրատ Մերչանը, իսկ Ա. Գեղամյանից անմիջապես հետո ելույթի համար հերթագրված էին ադրբեջանցի Այդին Միրզազադան և թուրք պատվիրակ Մեվլուտ Չավուշօղլուն: Աչքի զարնեց նաև հետևյալ փաստը. Հայաստանին վերաբերող թե՛ բանաձևին, թե՛ դրա մեջ առաջարկվող փոփոխություններին դեմ քվեարկեցին միայն և միայն թուրքական ու ադրբեջանական պատվիրակության անդամները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը:
Հարգելի՛ գործընկերներ, վեց տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ տարիները յուրահատուկ փորձություն եղան հայկական հնագույն քաղաքակրթության՝ Հին Հռոմի և Բաբելոնի հասակակցի համար, քաղաքակրթություն, որն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ այս բարձր ամբիոնից, մի կազմակերպության, որը ԵԽԽՎ նախագահ, հարգարժան պրն Վան դեր Լինդենն իրավացիորեն անվանեց Եվրոպայի խիղճը, ցանկանում եմ խղճմտորեն խորհել Հայաստանի անցած ուղու մասին: Եվ դրանում մեզ անգնահատելի օգնություն են ցույց տալիս մեր գործընկերներ Ժորժ Կոլոմբիեյի և Միկո Էլոյի կողմից հանգամանորեն պատրաստված զեկույցները: Կարդալ ավելին...
ՈՐՏԵՂ ԿԱ ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ, ԱՅՆՏԵՂ ԻՇԽՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
26.01.2007
Ելույթ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (Ստրասբուրգ, 23 հունվարի 2007թ.)
Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում քննարկվող «Էներգետիկ պաշարները քաղաքական ճնշումների համար օգտագործելու վտանգը» հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որն իր վրա մշտական ճնշում է զգում հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ՝ շրջանցելով Հայաստանը, կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ դա այն պայմաններում, երբ, միջազգային փորձագետների միահամուռ կարծիքով, տեխնիկա-տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խողովակաշարերը պետք է անցնեին Հայաստանի տարածքով: Ի՞նչ է դա, եթե ոչ պերճախոս օրինակ՝ էներգետիկ պաշարները որպես Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու անթաքույց գործիք՝ տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերից նրան մեկուսացնելու ճանապարհով: Տնտեսական ճնշում, որը հետագայում փոխակերպվեց քաղաքականի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ: Ավելին, հենց էներգառեսուրսներին տիրելը նպաստում է նրան, որ արդեն 17-րդ տարին է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը անպատիժ իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը: Ամենամյա վնասները, որ կրում է Հայաստանի տնտեսությունը, մեկուկես անգամ գերազանցում են հանրապետության բյուջեն: Կրկնում եմ, տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը շրջափակելով անպատիժ են մնում, որովհետև իրենց տարածքով արտահանվող կենտրոնաասիական և կասպիական նավթն ու գազը ապահովում են էներգակիրների ներկրումը Եվրոպա՝ դիվերսիֆիկացիայի ենթարկելով վերջինիս կախվածությունը ռուսաստանյան ներկրումներից: Ավելին, հավատացած լինելով «սև ոսկու» անկոտրում ուժին, նշված երկրները գնացին Հայաստանի տնտեսական հետագա մեկուսացման ճանապարհով: Արդեն 2007թ. երկրորդ եռամսյակում կսկսվի Կարս (Արևմտյան Հայաստանի, ներկայումս՝ Թուրքիայի տարածք)- Ախալքալաք (Վրաստան)- Թբիլիսի- Բաքու երկաթգծի շինարարությունը՝ ավելի քան 400 մլն դոլար նախագծային արժողությամբ: Եվ դա այն պարագայում, երբ այսօր արդեն իսկ շահագործման պատրաստ Կարս- Գյումրի- Թբիլիսի երկաթուղին պարապուրդի է մատնված Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման պատճառով: Ցավոք, Եվրամիության և ԱՄՆ Կոնգրեսի բավականին զգուշավոր հանդիմանությունները, որոնք հանգում էին իրենց հաշվետու ֆինանսական ինստիտուտների կողմից այդ նախագծի ֆինանսավորումը թույլ չտալուն, պարզապես արհամարհվեցին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Սակայն այս հարցերն այդպես էլ չդարձան եվրոպական և ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից բուռն քննարկման առարկա: Եվ դա հասկանալի է. Հայաստանը փոքր պետություն է, նրա ընդերքը չունի ոչ նավթ, ոչ գազ, այնպես որ՝ աշխարհի հզորները կարող են արհամարհել մեր հպարտ ժողովրդի կարիքները: Եվրոպացի և ամերիկացի մեր բարեկամները զուտ ձևականորեն թեթևակի կշտամբեցին նավթով և գազով հարուստ Ադրբեջանին, ու դրանով իսկ հարցը համարեցին փակված: Ահա ձեզ դասական օրինակ, երբ էներգետիկ պաշարներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք: Արդյո՞ք դա չէ ցայտուն վկայությունն այն բանի, որ որտեղ կա նավթ և գազ, այնտեղ իշխում են երկակի ստանդարտներ, լինի դա տնտեսություն, թե քաղաքականություն, իսկ բարոյականության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Կարդալ ավելին...
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԸ
20.11.2006
Մոսկվայում անցկացվող «Ժողովրդավարության ապագայի համար» ԵԽԽՎ համաժողովի երեկ կայացած եզրափակիչ լիագումար նիստում, ինչպես «Առավոտին» հեռախոսով հայտնեց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Մուրադ Մերչանը. «Նշեց, թե «Արդարադատություն և զարգացում» կուսակցությունը, որի առաջնորդներից է ինքը՝ ունի 2 մլն 400 հազարից ավելի անդամ: Եվ իրենց համար խիստ մտահոգիչ էր փաստը, որ վերջերս Հոլանդիայում ընտրապայքարից դուրս են մղվել 3 թեկնածուներ միայն նրա համար, որ չեն ճանաչել «հայերի, այսպես կոչված, Ցեղասպանության» փաստը»: Արտաշես Գեղամյանը ձայն է խնդրել և մասնավորապես ասել. «Ճիշտ է, ոգևորիչ է այն, որ պրն Մերչանի կուսակցությունն այդքան անդամ ունի: Սակայն խիստ մտահոգիչ է այն փաստը, որ նման պատկառելի թվաքանակ ունեցող կուսակցության առաջնորդներից մեկն, ավա՜ղ, չգիտի սեփական իսկ երկրի պատմությունը, այլապես թյուրիմացության մեջ չէր գցի նման պատկառելի լսարանը՝ Հայոց ցեղասպանության մասին օգտագործելով «այսպես կոչված» որակումը: Այն պարզ պատճառով, որ անգամ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մուհամմեդ 6-րդի հիմնած արտակարգ ռազմական դատարանն էր իր վճռով մահվան դատապարտել երիտթուրքերի կառավարության առաջին դեմքերին՝ հայերի ցեղասպանության համար: Մտահոգիչ է նաև այն, որ իր ելույթով պրն Մերչանը փաստորեն վիրավորեց Ֆրանսիային, որի խորհրդարանը սրանից 1 շաբաթ առաջ ընդունեց օրինագիծ, որի համաձայն՝ այն անձինք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Բացի այդ՝ նա վիրավորում է նաև այս համաժողովը կազմակերպող Ռուսաստանի Դաշնությանը, որի Պետդուման նույնպես ճանաչել է հայերի Ցեղասպանությունը»: Արտաշես Գեղամյանի այս խոսքերից հետո նիստը վարողը՝ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը ընդհատել է նրան՝ նշելով. «Մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում պատմական այս ծանր իրողությանը: Սակայն մեր համաժողովի թեման փոքր-ինչ այլ է»: Իսկ Գեղամյանը հակադարձել է, թե Մերչանի և իր ելույթները հենց ժողովրդավարության ամենավառ դրսևորում են. «Քանի որ եթե նա նշում է իրականությանը չհամապատասխանող փաստ, ապա ժողովրդավարությո°ւնն ինձ հնարավորություն ընձեռեց հերքել այդ փաստը»:
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԼՈՂԱԼ ՉԳԻՏԻ ԴՈԼԱՐԸ
17.10.2006
Այս հարցին տրամագծորեն տարբեր պատասխաններ տրվեցին երկու քննարկումների ընթացքում, որոնք երեկ անցկացրին ե՛ւ խորհրդարանականները, ե՛ւ հակաքրեականները:
«Դրամի արժևորումը ու տնտեսական իրավիճակը Հայաստանում» թեմայով խորհրդարանական երեկվա լսումներն արդեն երրորդ համանման քննարկումն էին ԱԺ-ում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ հիմնական զեկուցողն էր լսումներում, նշեց, թե դրամն անցած 3 տարում արժևորվել է 37%-ով, և դա հասարակության զգալի հատվածի համար բացասական երևույթ է: Դրամի արժևորումից տուժում են նախ արտարժույթով խնայողություն կատարող անձինք, որոնք, ըստ ԿԲ նախագահի, հիմնականում մեծահարուստներ են, քանի որ խնայված արտարժույթի 95%-ը նրանց ձեռքում է: Հաջորդ խավը, որը կրում է դրամի արժևորման բացասական ազդեցությունը, արտարժույթով աշխատավարձ ստացողներն են՝ միջազգային կազմակերպություններում, լրատվամիջոցներում, ոչ պետական հետազոտական ընկերություններում, ստվերային տնտեսության մեջ ներգրավված աշխատակիցները: Դոլար-դրամ տատանումներից զգալի կորուստներ են ունեցել նաև տրանսֆերտներ ստացողները: Իսկ տրանսֆերտների գծով գրանցվում է տարեկան 25-30%-ի աճ: Մյուս խումբը, որին հիմնախնդրի առջև է կանգնեցրել ազգային արժույթի արժևորումը՝ արտահանողներն են, որոնք գների բարձրացման պատճառով արտաքին շուկայում դառնում են անմրցունակ:
ԿԲ նախագահը ներկայացրեց նաև դրամի արժևորման պատճառները: Որպես այդպիսին Տիգրան Սարգսյանը համարում է տնտեսության աճի երկնիշ ցուցանիշները, դոլարային մեծածավալ ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալների աճը, հանքահումքային և քիմիական արդյունաբերական ճյուղերի զարգացումը, Հայաստան այցելողների քանակի շեշտակի աճը: Ընդ որում, ըստ նրա՝ սպասվում է, որ ընթացիկ տարում Հայաստան այցելողների թիվը կհասնի 450 հազարի, ինչը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ծախսերի աճ: Այս ամենի հետ միասին դոլար-դրամ տատանումների վրա ազդել է նաև ԱՄՆ վարած քաղաքականությունը: Այդ է վկայում վիճակագրությունը՝ 24 երկրներում ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժևորվել է: Կարդալ ավելին...