ՈՐՏԵՂ ԿԱ ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ, ԱՅՆՏԵՂ ԻՇԽՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Ելույթ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.)

Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում քննարկվող «Էներգետիկ պաշարները քաղաքական ճնշումների համար օգտագործելու վտանգը»  հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որն իր վրա մշտական ճնշում է զգում հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ` շրջանցելով Հայաստանը, կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ դա այն պայմաններում, երբ, միջազգային փորձագետների միահամուռ կարծիքով, տեխնիկա-տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խողովակաշարերը պետք է անցնեին Հայաստանի տարածքով: Ի՞նչ է դա, եթե ոչ պերճախոս օրինակ` էներգետիկ պաշարները որպես Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու անթաքույց  գործիք` տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերից նրան մեկուսացնելու ճանապարհով: Տնտեսական ճնշում, որը հետագայում փոխակերպվեց քաղաքականի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ժամանակ: Ավելին, հենց էներգառեսուրսներին տիրելը նպաստում է նրան, որ արդեն 17-րդ տարին է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը անպատիժ իրականացնում են Հայաստանի տնտեսական շրջափակումը: Ամենամյա վնասները, որ կրում է Հայաստանի տնտեսությունը, մեկուկես անգամ գերազանցում են հանրապետության բյուջեն: Կրկնում եմ, տպավորություն է ստեղծվում, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը շրջափակելով անպատիժ են մնում, որովհետև իրենց տարածքով արտահանվող կենտրոնաասիական և կասպիական նավթն ու գազը ապահովում են էներգակիրների ներկրումը Եվրոպա` դիվերսիֆիկացիայի ենթարկելով վերջինիս կախվածությունը ռուսաստանյան ներկրումներից: Ավելին, հավատացած լինելով «սև ոսկու»  անկոտրում ուժին, նշված երկրները գնացին Հայաստանի տնտեսական հետագա մեկուսացման ճանապարհով: Արդեն 2007 թ. երկրորդ եռամսյակում կսկսվի Կարս (Արևմտյան Հայաստանի, ներկայումս` Թուրքիայի տարածք)-Ախալքալաք (Վրաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը` ավելի քան 400 մլն դոլար նախագծային արժողությամբ: Եվ դա այն պարագայում, երբ այսօր արդեն իսկ շահագործման  պատրաստ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին պարապուրդի է մատնված Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման պատճառով: Ցավոք, Եվրամիության և ԱՄՆ-ի Կոնգրեսի բավականին զգուշավոր հանդիմանությունները, որոնք հանգում էին իրենց հաշվետու ֆինանսական ինստիտուտների կողմից այդ նախագծի ֆինանսավորումը թույլ չտալուն, պարզապես արհամարհվեցին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Սակայն այս հարցերն այդպես էլ չդարձան եվրոպական և ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից բուռն քննարկման առարկա: Եվ դա հասկանալի է. Հայաստանը փոքր պետություն է, նրա ընդերքը չունի ոչ նավթ, ոչ գազ, այնպես որ աշխարհի հզորները կարող են արհամարհել մեր հպարտ ժողովրդի կարիքները: Եվրոպացի և ամերիկացի մեր բարեկամները զուտ ձևականորեն թեթևակի կշտամբեցին նավթով և գազով հարուստ Ադրբեջանին, ու դրանով իսկ հարցը համարեցին փակված: Ահա ձեզ դասական օրինակ, երբ էներգետիկ պաշարներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք: Արդյո՞ք դա չէ ցայտուն վկայությունն այն բանի, որ որտեղ կա նավթ և գազ, այնտեղ իշխում են երկակի ստանդարտներ, լինի դա տնտեսություն, թե քաղաքականություն, իսկ բարոյականության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:

Հարգելի գործընկերներ, քննարկվող հարցի հրատապությունն ակնհայտ է: Այս պարագայում, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նման կարևորագույն ոլորտում վերջին տարիներին ձևավորվող իրավիճակի անկողմնակալ վերլուծությունը: Խնդրի արդիականությունը շատ բանով պայմանավորված է նաև նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ Ռուսաստանը Եվրամիության երկրներ է ներկրում վերջիններիս կողմից օգտագործվող նավթի ավելի քան մեկ քառորդը և ապահովում է նրանց բնական գազի պահանջարկի ավելի քան 40%-ը:

Այսպիսով, պատրաստվելով այս ելույթիս, ուշադիր վերլուծել եմ քննարկվող թեմային վերաբերող մի քանի տասնյակ հրապարակումներ, որոնցով վերջին շրջանում լեցուն էին եվրոպական և ամերիկյան հեղինակավոր զանգվածային լրատվական միջոցները: «Սառը պատերազմի»  ժամանակներին հատուկ վատթարագույն ավանդույթներով անգամ իսկ հրապարակումների վերնագրերը վախեցնում էին եվրոպական ընթերցողներին` Ռուսաստանի  մեղքով վրա հասնող անխուսափելի դժբախտության սպառնալիքով: Ահա դրանցից մի քանիսը. «Եվրոպական նավթային ցնցումներ … և նոր հնարավորություններ»  («Christian Sciens Monitor», ԱՄՆ, 11 հունվարի 2007 թ.), «Եվրոպան և էներգետիկ կախվածությունը»  («ABC», Իսպանիա, 10 հունվարի 2007 թ.), «Զգուշացի՜ր ռուսական արջից` ահա Եվրոպայի էներգետիկ ապագայի նշանաբանը»  («The Independent», Մեծ Բրիտանիա, 10 հունվարի 2007 թ.), «Ազատ Եվրոպայի էներգիան»  («The Financial Times», Մեծ Բրիտանիա, 10 հունվարի 2007 թ.), «Ցանկանո՞ւմ եք տեսնել Պուտինի թաթը խողովակի վրա»  («The Economist», Մեծ Բրիտանիա, 12  հունվարի 2007 թ.), «Նա այլևս չի խաղում «լավ տղայի»  դերը»  («Newsweek», ԱՄՆ, 15 հունվարի 2007 թ.): Այդ «սարսափների»  թվարկումը կարելի էր և շարունակել, սակայն, կարծում եմ, դրա հարկը չկա: Հրապարակումների անկողմնակալ վերլուծությունը բերում է այն մտքին, որ գործ ունենք Ռուսաստանի դեմ ուղղված տեղեկատվական ամենաիսկական նենգաշորթության հետ, որը նրբորեն իրականացվում է եվրոպական էներգասպառողների շահերի պաշտպանության վայելուչ պատրվակով: Այո, ես չսխալվեցի, քաղաքական ճնշման է ենթարկվում նույն ինքը` Ռուսաստանը, իսկ դրա հիմքում դրված է ԶԼՄ-ների կողմից ուռճացվող վարկածը` էներգակիր մատակարարող գործընկերոջ, իբր, ոչ հուսալիության մասին: Ընդ որում, հրապարակումների հեղինակները, շեշտադրելով 2006 թ. հունվարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «գազային ճգնաժամը»  ու 2007 թ. հունվարին Ռուսաստանի և Բելառուսի միջև «նավթային ճգնաժամը», չգիտես ինչու, լռության մատնեցին այն փաստը, որ Եվրամիությունը անգամ փորձ չարեց օգտագործել Էներգետիկ խարտիային կից Պայմանագրի դրույթները, որպեսզի դադարեցներ ուկրաինական և բելոռուսական կողմերի միջամտությունը` ռուսական նավթի ու գազի տարանցմանը Եվրամիություն: Չէ որ այդ փաստաթուղթը նախատեսում է, որ Պայմանագրի մասնակից պետությունն իրավունք չունի դադարեցնել էներգակիրների տարանցումն իր տարածքով երրորդ կողմի հետ հակամարտության դեպքում, երբ կան տարաձայնություններ էներգակիրների ներկրումների պայմանների շուրջ: Կարծում եմ, եվրակառույցներին հայտնի է, որ Ուկրաինան, հանդիսանալով տվյալ Պայմանագրի անդամ, խախտել է վերը նշված պարտավորությունը (Պայմանագրի 7-րդ հոդվածը):

Երկակի ստանդարտների առկայություն է դիտարկվում մեկ այլ հարցում ևս` էներգակիրներ արտահանողների և օգտագործողների գործողությունները գնահատելիս: Այսպես, վերոհիշյալ հրապարակումներում քննադատելով Ռուսաստանին` իր տարածքով նավթի և գազի տարանցման մենաշնորհը «Գազպրոմի», «Տրանսնեֆտի»  կամ «Ռոսնեֆտի»  կողմից պահպանելու համար, նրանք ընկնում են պարադոքսալ վիճակի մեջ: Պահանջելով նավթ ու գազ տեղափոխելու գործում այդ կազմակերպությունների մենաշնորհի դադարեցումը, միաժամանակ, ըստ էության, Ռուսաստանին պարտադրվում է մենաշնորհային կարգավիճակում հայտնված տարանցիկ ուղիներ` ի դեմս Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի: Իսկ երբ Ռուսաստանը նախաձեռնում է Հյուսիս-եվրոպական գազատարն անմիջականորեն անցկացնել դեպի «երկնագույն վառելիքի»  հիմնական սպառողները, նրան մեղադրում են Լեհաստանի և մերձբալթյան հանրապետությունների վրա ինչ-ինչ ճնշումներ իրականացնելու մեջ: Այդ առումով հատկանշական է, որ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ս.թ. հունվարի 16-ին ուշագրավ պարզաբանումներ տվեց լեհական «Ժիչե Պոսպոլիտա»  թերթին: Տիկին կանցլերն ասել է. «Մտահոգությունը, որ այդ նախագիծը (նկատի ունենալով Բալթիկ ծովի հատակով անցնող Հյուսիս-եվրոպական գազատարը) սպառնում է Եվրամիության անդամ մյուս երկրների շահերին, բացարձակապես անհիմն է, քանի որ գերմանացի գործընկերները մտածում են գազը Լեհաստան և Բալթյան երկրներ տեղափոխելու հնարավորությունների ստեղծման մասին»: Ընդ որում, Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ տեխնիկական ոչ մի խոչընդոտ չկա, որ գազը գնա հակառակ ուղղությամբ` Գերմանիայից Լեհաստան և մերձբալթյան հանրապետություններ:

Հարգելի գործընկերներ, էներգետիկ անվտանգության հարցերը ցանկացած պետության գործունեության կարևորագույն ուղղություններն են: Եվ միանգամայն ակնհայտ է, որ ամեն մի երկիր, որդեգրելով այս կամ այն դիրքորոշումը, ձգտում է ապահովել առաջին հերթին իր տնտեսական և քաղաքական շահերը: Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է ընկնում ԵԽԽՎ-ի վրա, որը կոչված է մշակել պետությունների միջև համագործակցության ունիվերսալ սկզբունքներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես էներգապաշարներ արտադրողների, այնպես էլ սպառողների համար:

Արտաշես Գեղամյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ,

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/

քրիստոնյա դեմոկրատներ

 

download English version (*.doc)

ԵՐԿԻՐԸ ՇՐՋԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ` ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց նաև «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հարգումը»  հարցը: Հարցի վերաբերյալ ելույթ ունենալու համար գրանցվել էին 19 պատգամավոր, ընդ որում նրանցից 8-ը` թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների անդամներ էին: Ութ ելույթից հետո նախագահողը դադարեցրեց մտքերի փոխանակությունը` առաջարկելով այն հռետորներին, որոնք չէին հասցրել ելույթ ունենալ, իրենց ելույթները հանձնել ԵԽԽՎ քարտուղարություն` դրանց գրանցման համար: Այդ իրավունքից օգտվեց հայկական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը նույնպես պաշտոնապես գրանցված էր ելույթ ունեցողների ցուցակում, սակայն, ցավոք, գործը նրա ելույթին չհասավ (հայի բախտ): Հատկանշական է, որ Ա.Գեղամյանից առաջ հռետորների ցուցակում էին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գյուլթակին Հաջիևան, Գանիրա Փաշաևան և ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Մյուրատ Մերչանը, իսկ Ա.Գեղամյանից անմիջապես հետո ելույթի համար հերթագրված էին ադրբեջանցի Այդին Միրզազադան և թուրք պատվիրակ Մեվլուտ Չավուշօղլուն: Աչքի զարնեց նաև հետևյալ փաստը. Հայաստանին վերաբերող թե՜ բանաձևին, թե՜ դրա մեջ առաջարկվող փոփոխություններին դեմ քվեարկեցին միայն և միայն թուրքական ու ադրբեջանական պատվիրակության անդամները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը:

Հարգելի՜ գործընկերներ, վեց տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ տարիները յուրահատուկ փորձություն եղան հայկական հնագույն քաղաքակրթության` Հին Հռոմի և Բաբելոնի հասակակցի համար, քաղաքակրթություն, որն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ այս բարձր ամբիոնից, մի կազմակերպության, որը ԵԽԽՎ նախագահ, հարգարժան պրն Վան դեր Լինդենն իրավացիորեն անվանեց Եվրոպայի խիղճը, ցանկանում եմ խղճմտորեն խորհել Հայաստանի անցած ուղու մասին: Եվ դրանում մեզ անգնահատելի օգնություն են ցույց տալիս մեր գործընկերներ Ժորժ Կոլոմբիեյի և Միկո Էլոյի կողմից հանգամանորեն պատրաստված զեկույցները:

Այո, նրանց զեկույցներում իրավացիորեն նշված էր, որ սահմանադրական փոփոխություններն իրավական հիմք են դնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման և ինքնուրույն գործունեության համար: Ավելին, Հայաստանի քաղաքացիների, Ազգային ժողովի պատգամավորների, ինքնակառավարման մարմինների, դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենսդրորեն հնարավորություն է նախատեսված դիմել Սահմանադրական դատարան` քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվրոպական չափանիշներին համապատասխան ձևափոխված է Արդարադատության խորհուրդը, սկսվել են իրավական համակարգի բարեփոխումները: Եվ այստեղ մեզ համար կարևոր է չտրվել ինքնահանգստացման գայթակղությանը և վերհիշել պատմության դասերը: Վերհիշել ժողովրդավարության հիմնասյուների պատմությունը` հունական քաղաք-պետությունները` պոլիսները, Հանրապետական Հռոմը, որոնք իրենց դարաշրջանի համար ունեին ամենակատարյալ, ժողովրդավարական օրենքները: Ժողովրդավարության օրենքների առկայությունն ապահովում էր դրանց հզորությունն ու առաջընթացը մինչ այն պահը, երբ դրանք սրբորեն պահպանվում և չէին ոտնահարվում իշխանական վերնախավի կողմից ու վերջիններս չէին համարձակվում օրենքները հարմարացնել իրենց քմահաճույքներին: Օրենքների ոտնահարումը հանգեցրեց Հանրապետական Հռոմի անկմանը և նրա տեղում ծնվեց Հուլիոս Կեսարի կայսրությունը: Եվ հեղվեց նրա երբեմնի մերձավոր ընկերոջ` համոզված հանրապետական Կատոն Կրտսերի արյունը, որն ի նշան բողոքի դաշույնով պատռեց սեփական որովայնը և դուրս թափեց ներքին օրգանները, որպեսզի անհնար լիներ փրկել իր կյանքը և Աստված մի արասցե հանկարծ ինքը չապրեր Կայսերական Հռոմում:

Ժողովրդավարության ճշմարիտ կողմնակիցները պետք է կարողանան իրենց մեջ հաղթահարել գայթակղությունը բավարարվել սոսկ ժողովրդավարության շղարշով, որը ձևականորեն հիմնված է ոգով ժողովրդավարական, սակայն հաճախ ամենևին ոչ ժողովրդավարական ճանապարհով ընդունված օրենքների վրա: Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներին այս կամ այն պետության համապատասխանության գնահատման գլխավոր գործոնն ու չափանիշը, մեր խորին համոզմամբ, նրա քաղաքացիների իրավական պաշտպանվածության աստիճանն է: Օրենքների կենսունակությունը և կառավարող վերնախավի կողմից դրանց կենսագործման ընդունակությունը` ահա այն քննությունը, որը պետք է կարողանան հանձնել Հայաստանի կառավարող և ընդդիմադիր կուսակցությունները 2007 թ. մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում: Կկարողանա՞նք դիմակայել մեր հասարակության ժողովրդավարությունն ապացուցող այս փորձությանը` կհանգենք այն գիտակցմանը, որ գլոբալիզացվող աշխարհում Հայաստանի անդառնալի զարգացման անհրաժեշտ պայմանը օրենսդրության կենսունակ հիմքի ստեղծումն է: Բայց դա սոսկ անհրաժեշտ պայման է, որն ի զորու է նաև բավարար դառնալ միայն դրանք կենսագործելու համար իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում:

Հարգելի՜ գործընկերներ, այստեղ ցանկանում եմ ինքնաքննադատաբար խոստովանել, որ ժողովրդավարական հասարակության կայացման հարցում Հայաստանի Հանրապետությունը փոքր-ինչ հետ է մնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Արցախի` Ղարաբաղի քաղաքացիները խորապես գիտակցել են, որ հակվածությունը ժողովրդավարական արժեքներին ու դրանց անշեղորեն հետևելը միակ ճանապարհն է դեպի իրական անկախություն և ազատություն: Հենց հակվածությունը ազատությանը և անկախությանը ղարաբաղցիների մոտ առաջացրեց համաժողովրդական պոռթկում, որն իր ժողովրդավարական զարգացումը գտավ համաժողովրդական հանրաքվեում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման հարցով: Ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկեց նոր Սահմանադրության ընդունման օգտին: Այս առումով խորին ափսոսանքի է արժանի այն, որ եվրոպական ամենաժողովրդավարական պետությունների հիմքում դրված սկզբունքներին և չափանիշներին համապատասխանող Լեռնային Ղարաբաղի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունման փաստը ստացավ այդ աստիճան ոչ համարժեք և անբարյացակամ գնահատական Եվրոպայի խորհրդի կողմից: Տարակուսանք է հարուցում նաև այն, որ արդեն տասնյոթ տարի փաստացի գոյություն ունեցող պետությանը որպես հանդիմանանք է ներկայացվում նրա քաղաքացիների` եվրոպական բարոյական և իրավական չափանիշներով ապրելու ցանկությունը:

Հարգելի՜ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում, դասական, ճիշտ անգլիական դիվանագիտությամբ, որն արժանի կլիներ սեր Բենջիամին Դիզրայելիին կամ սեր Դեվիդ Լլոյդ Ջորջին, իր վերաբերմունքն արտահայտեց ինքնահռչակ պետությունների նկատմամբ: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը, ըստ էության, ասաց, որ կճանաչի Հարավային Կովկասի ինքնահռչակ հանրապետությունները և Մերձդնեստրյան հանրապետությունը այն դեպքում, երբ ՄԱԿ-ը կընդունի Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի սահմանների փոփոխության փաստը:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական վերափոխումները միակ ճշմարիտ ճանապարհն է լիիրավ անկախության հաստատման գործում: Եվ շեղել մեր երկրներն այդ ուղուց, կնշանակի հանցագործություն կատարել հայ ժողովրդի նկատմամբ: Սակայն, բարեբախտաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դա անել այլևս ոչ ոք ի զորու չէ: Առավել ևս դա ի զորու չեն անել մեր հարևանները` Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բավական ինքնատիպ պատկերացում ունեն ժողովրդավարության մասին: Այսպես, հիշատակենք թեկուզ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների ունկնդիր հայ սպա Գուրգեն Մարգարյանի նենգ սպանությունը և դրան հաջորդած մարդասպանի հերոսացումը Ադրբեջանում: Էլ չեմ խոսում հունվարի 19-ին Ստամբուլում հանրաճանաչ իրավապաշտպան, տաղանդավոր հայ լրագրող, «Ակոս»  թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Եվ ժողովրդավարության ընկալման նման խեղված պաշարով ԵԽԽՎ-ում մեր գործընկերների շուրթերից այս օրերին էլ փարիսեցիորեն բարոյախրատներ են հնչում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ադրբեջանցի գործընկերների ելույթները հիշեցնում են Երրորդ Ռայխի ողբերգական ժամանակները, երբ ֆաշիստական վարչակարգի պրոպագանդայի հիմքում դրված էր հայտնի դրույթը` պետք է ստել լկտիաբար և մշտապես, որպեսզի քեզ հավատան: Փառք Աստծո, որ Եվրոպայի ապագան չեն որոշում այս կարգի հռետորները, որոնց, իրավամբ, կարելի է համարել տխրահռչակ Յոզեֆ Գեբելսի հոգևոր ժառանգորդներ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Արտաշես Գեղամյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ,

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/

քրիստոնյա - դեմոկրատներ

23 հունվարի 2007 թ., Ստրասբուրգ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑՈՎ

Ստրասբուրգ, 4 հոկտեմբերի 2006 թ.

Հարգելի գործընկերներ, գլոբալացվող աշխարհի պայմաններում դժվար է գերագնահատել «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության»  (ՏՀԶԿ) անդամ-երկրների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսության վիճակի վրա: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում այս հարցի քննարկման ընթացքում մենք իրավունք ունենք ակնկալել պատասխաններ` տնտեսական աշխարհակառուցվածքի հրատապ մի շարք խնդիրների վերաբերյալ: Օրինակ, ՏՀԶԿ-ն ի՞նչ է առաջարկում հակադրել գլոբալացման էլ ավելի բարդացող մարտահրավերներին` լինի դա էներգետիկ գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, պայքարը 21-րդ դարի համաճարակների, սովի և անգրագիտության, երկրագնդի կլիմայի գլոբալ տաքացման դեմ և այլն: Գաղտնիք չէ, որ այս և մի շարք այլ խնդիրների լուծումը հնարավոր է միայն ՏՀԶԿ անդամ-երկրների տնտեսությունների դինամիկ զարգացման դեպքում: Մենք պետք է նաև հարց տանք, թե որքանո՞վ է ՏՀԶԿ տնտեսական քաղաքականությունը հաշվի առնում աշխարհի մյուս պետությունների շահերը, որքանո՞վ է նրանց պաշտպանում գլոբալացման հնարավոր բացասական ազդեցությունից: Սրանք ամենևին զուր հարցեր չեն, և մենք իրավունք ունենք ակնկալել, որ հռետորների ելույթներում և տվյալ հարցի շուրջ բանաձևում դրանք պատշաճ ձևով կլուսաբանվեն: Այդ դեպքում միայն տագնապի բնական զգացումը` ՏՀԶԿ անդամ չհանդիսացող պետությունների ապագայի նկատմամբ կարող է վերաճել աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ սեփական արժանի տեղն ունենալու վստահության զգացմունքի:

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել քննարկվող հարցի բացառիկ արդիականությունը աշխարհի երրորդ երկրների ճակատագրերի համար: Եվ իմ այս վստահությունը հիմնված է անկախության 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վայրիվերումների իմաստավորման վրա: Մի փոքր հետադարձ հայացք գցենք պատմությանը. Հայաստանը, լինելով նախկին ԽՍՀՄ և նրան սահմանակից Առաջավոր Ասիայի ամենաառաջատար հանրապետություններից մեկը, անկախության հռչակումից հետո ձեռնամուխ եղավ շուկայական վերափոխումների: Հայաստանը, անշեղորեն ընթանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանձնարարականների ուղիով, որտեղ օրենսդիրները ՏՀԶԿ-ն հիմնողներն են, տնտեսական բարեփոխումների հիմքում դրեց երեք հիմնասյուն. սեփականաշնորհում, շուկայական ազատականացում` կապիտալի և մարդկային ռեսուրսների ազատ շարժի ապահովմամբ, ինչպես նաև ֆիսկալ տնտեսում` ֆինանսական համակարգի ազատականացման և ազգային տարարժույթի ներդրման պայմաններում: Այսինքն` տնտեսական բարեփոխումների հիմքում դրվեցին «Վաշինգտոնյան կոնսենսուսի»  գաղափարները, որոնք մշակվել էին 80-ական թվականներին որպես պատասխան Լատինական Ամերիկայի երկրների տնտեսության միանգամայն իրական խնդիրների և ունեին որոշակի իմաստ: Սակայն հետխորհրդային Հայաստանի համար նման բարեփոխման իրականացումը քիչ էր մնում հանրապետության տնտեսությունը հասցներ կոլապսի: Այսպես, արտադրական համալիրի սեփականաշնորհումը վերածվեց պետական ունեցվածքի թալանի, կապիտալների ազատ շարժը` ջրի գնով սեփականաշնորհված բավականին ժամանակակից հաստոցային գործիքակազմի և սարքավորումների ապամոնտաժման ու արտահանման: Իր հերթին, մարդկային ռեսուրսների ազատ շարժն իր հետևից բերեց որակյալ աշխատուժի և մասնագետների զանգվածային արտահոսքի` Հայաստանի սահմաններից դուրս: Արդյունքում` անկախության առաջին 10 տարիներին 4 միլիոնանոց Հայաստանից արտագաղթեց առնվազն 1,5 մլն մարդ: Իսկ ազգային արտաժույթի ներդրմամբ, ֆինանսական շուկայի ազատականացմամբ և ֆիսկալ կոշտ քաղաքականության վարմամբ հանրապետությունում, ըստ էության, ավարտվեց բնակչության զգալի մասի վերջնական չքավորացման գործընթացը: Միևնույն ժամանակ, շուկայական բարեփոխումների իրականացման քաղաքականության կողմնակից, կրկնում եմ, շուկայական տնտեսության կողմնակից քաղաքական ուժերի քննադատական ելույթները խստորեն կանխվում էին ԱՄՀ-ի շուկայական բարեփոխումների օրենսդիրների կողմից, որոնք, փաստորեն, հանդես էին գալիս տեղական պլուտոկրատիայի փաստաբանների դերում: Հայաստանի տնտեսությունը մեր օրերում էլ դեռևս չի վերականգնվել անցած տարիների «բարեփոխումների»  հետևանքով հասցված զգալի կորուստներից: Բարեփոխումների սկզբից արդեն 10 տարի անց մեր ժամանակների ամենահայտնի տնտեսագետներից մեկը` էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզեֆ Ստիգլիցն իր «Գլոբալացում. տագնապալի միտումներ»  տնտեսագիտական բեստսելլերում գիտականորեն հիմնավորում է «Վաշինգտոնյան կոնսեսուսի»  քաղաքականության կործանարարությունը անցումային տնտեսությունների համար: Այդ քաղաքականության իրականացումը, ինչպես ցույց է տալիս ժամանակակից պրակտիկան, իրականում միայն ապահովում է, այսպես կոչված, «ոսկե միլիարդ»  քաղաքացիների անաղքատ կեցությունը, որոնք էլ հենց ապրում են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ-երկրներում:

Հարգելի գործընկերներ, դուք հրաշալի հասկանում եք, որ գլոբալացվող աշխարհի ներկա դարաշրջանում երկրագնդի պետությունների տնտեսությունները և ֆինանսները, ինչպես երբեք, փոխկապակցված և փոխպայմանավորված են: Եվ, ըստ այդմ, կկարողանա՞ն արդյոք ՏՀԶԿ երկրները մշակել տնտեսական զարգացման ճիշտ ռազմավարություն, որը հաշվի կառնի նաև «ոսկե միլիարդի»  պետություններից դուրս ապրող մարդկանց շահերը, շատ բանով պայմանավորված կլինեն աշխարհի երկրների ճակատագրերը: Եթե ՏՀԶԿ-ն կարողանա գտնել հավասարակշռված լուծումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր պետությունների շահերը, ապա հնարավոր կլինի խուսափել ինչպես միջպետական հարաբերությունների, ինչպես նաև ՏՀԶԿ անդամ-երկրների ու մնացյալ աշխարհի պետությունների միջև հարաբերությունների հետագա բևեռացումից, այնպես էլ բևեռացումից` հենց պետությունների ներսում, անկախ դրանց տնտեսական զարգացման մակարդակից: Գլոբալացման պայմաններում աշխարհը դարձել է չափազանց փոխպայմանավորված և դյուրազգաց: Եվ դրա օրինակները բազմաթիվ են: Ասվածի վառ վկայությունն են ոչ վաղ անցյալի իրադարձությունները` Ֆրանսիայում, Գերմանիայում, Մերձավոր Արևելքում: Կիմաստավորենք մենք դա, կկարողանանք ճիշտ հետևություններ անել, նշանակում է կկանխենք լարվածության հետագա աճը աշխարհում: Հակառակ դեպքում ցանկացած, նույնիսկ ամենամարդասիրական պետության` Վատիկանի տիրակալի` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի ամենաակադեմիական ելույթը կարող է խթանել պայթյուն` դրան պատրաստ մեր փխրուն աշխարհում:

Կարծում եմ, այսօրվա քննարկումը մեզ կմոտեցնի մեր օրերի իրողությունների ընկալմանը, այն բանի իմաստավորմանը, որ երկրագնդի միլիոնավոր մարդկանց տրամադրությունների ծայրահեղականացման համար բարերար հողի առկայությունը պայմանավորված չէ Սուրբ Ավետարանի, Հին և Նոր Կտակարանների կամ էլ Ղուրանի ոչ ճիշտ մեկնաբանություններով: Միլիարդավոր մարդկանց համար սրբազան գրքերն այստեղ ոչ մի դեր չունեն: Պայթուցիկը դրված է գլոբալ տնտեսության մեջ, որի առաջամարտիկը ՏՀԶԿ անդամ-երկրների էկոնոմիկան է: Եվ հարկ է անկեղծորեն խոստովանել, որ տնտեսական ռազմավարությունը և դրա համատեքստում իրականացվող ՏՀԶԿ տնտեսական քաղաքականությունը մեր օրերում էլ օբյեկտիվորեն ծառայում են նրա անդամ-երկրների հետագա հարստացմանը` մյուս երկրների միաժամանակյա աղքատացման պարագայում, միգուցե, բացառությամբ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի:

Հարգելի գործընկերներ, խաղաղության և մարդկության առաջընթացի գերագույն շահերը, ԵԽ ԽՎ-ի պատմական առաքելությունը համառորեն թելադրում են քննարկվող հարցի վերաբերյալ ընդունվելիք բանաձևում այնպիսի դրույթներ ներառելու անհրաժեշտություն, որոնք օրգանապես հաշվի կառնեն ՏՀԶԿ-ի պատմական պատասխանատվությունը համաշխարհային տնտեսության ներդաշնակ զարգացման, ամբողջ աշխարհում խաղաղության ճակատագրի համար:

ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ

/քրիստոնյա-ժողովրդավարներ

download English version (*.doc)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

«ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ստրասբուրգ, 3 հոկտեմբերի 2006 թ.

Երբ մարդը չգիտի` դեպի ո՞ր հանգրվանն է ճանապարհվում, ոչ մի քամի նրան համընթաց չի լինի

Հարգելի գործընկերներ, ամերիկյան դիվանագիտության նահապետ Հենրի Քիսինջերն իր «Պետք է արդյո՞ք Ամերիկային արտաքին քաղաքականություն»  գրքում գրել է. «Բալկաններում ԱՄՆ-ը, ըստ էության, իրականացնում է այն նույն գործողությունը, որն ավելի վաղ կատարում էին Ավստրո-Հունգարական և Օսմանյան կայսրությունները, երբ նրանք ստեղծեցին երկու հակամարտող էթնիկ խմբերին բաժանող պրոտեկտորատներ»:

XX դարի 90-ականների սկզբին դաժան պայքարը բզկտեց Հարավսլավիան: Սկզբում, կարճատև պայքարից հետո, անկախություն ձեռք բերեց Սլովենիան: Այնուհետև դաշնությունից անջատվեց Խորվաթիան, սակայն արդեն դաժան պատերազմից հետո, ինչի վկան եղավ Վուկովարի մոտ գտնվող եղբայրական գերեզմանը: Մակեդոնիային հաջողվեց անջատվել` խուսափելով բռնություններից: Բոսնիան և Հերցեգովինան նույնպես հայտնվեցին դաժան հակամարտության կենտրոնում` երկիրը էթնիկ երեք խմբերի բաժանելու սպառնալիքով: 1995 թ. նոյեմբերի 21-ին պատերազմը Բոսնիայում ավարտվեց: Բոսնիան մնաց միասնական` իր կազմում ունենալով Բոսնիա-Խորվաթական դաշնությունը և Սերբական կազմավորումը: Անկախություն ձեռք բերեց նաև Չեռնոգորիան: Դեռևս բարդ իրավիճակ է պահպանվում Կոսովոյում: Որտե՞ղ փնտրել կայսրությունների, մինիկայսրությունների անկումների և նոր պետությունների կազմավորումների այդ տանջալի գործընթացների ակունքները, արմատները: Եվ կա արդյո՞ք ճշմարտություն այն պնդման մեջ, որ էթնիկ հակամարտությունները Բալկաններում և ԱՊՀ-ում փոխարինեցին մեկ մեծ հակամարտության` Արևելքի ու Արևմուտքի միջև:

Հարգելի գործընկերներ, ԵԽ ԽՎ-ի նստաշրջանում քննարկվող «Բալկաններում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին»  հարցը մտովի մեզ տեղափոխում է դեպի հեռավոր 1918 թվականը: Հենց այն ժամանակ` Առաջին համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ձևակերպեց ազգային ինքնորոշման սկզբունքը. «Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրել ինքնիշխանության այն ձևը, որն իր համար գերադասելի է»: Հետագայում քաղաքագետները համակարծիք կլինեն, որ միջազգային հարաբերությունների պրակտիկայում այդ սկզբունքի իրականացումը, ըստ էության, փլուզեց Ավստրո-Հունգարական կայսրությունը: Այդ նույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռ. Լանսինգն իր օրագրում կգրի. «Այդ արտահայտությունը (ազգային ինքնորոշում) լցված է դինամիտով: Այն հույսեր է առաջացնում, որոնք երբեք չեն իրականանա: Վախենում եմ, որ այդ արտահայտությունը բազմահազար կյանքեր կարժենա»:

ԱՄՆ-ի հեղինակավոր պետական այրերի այս արտահայտությունները շատ բանով մարգարեական եղան: Այսպես, եթե 1915 թ. Եվրոպայում կար 17 պետություն, իսկ 1920-ին դրանց թիվը հասավ 24-ի, ապա 2006 թ. այստեղ արդեն հաշվվում է 46 պետություն: Արդարացվեց նաև Ռ. Լանսինգի կանխատեսումն այն մասին, որ ազգերի ինքնորոշման սուրբ իրավունքի իրականացումը շատ դեպքերում կընթանա տասնյակ հազարավոր մարդկային կյանքերի կորստի գնով: Դաժանագույն ցնցումների պատճառը պետք է փնտրել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների, այն է` պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման իրավունքի մեծ հակամարտության մեջ:

Այսօր, բնութագրելով Բալկաններում ստեղծված քաղաքական իրավիճակը, մենք կրկին ու կրկին հայտնաբերում ենք ունիվերսալ մեխանիզմների բացակայությունը, որոնք կապահովեին փոխհամաձայնության հիմքերը` ժամանակակից միջազգային իրավունքի այդ կարևորագույն սկզբունքների միաժամանակյա իրագործման համար: Օրինակ, ազգերի ինքնորոշման սկզբունքի իրականացման կուլմինացիոն դրսևորումներից մեկը հանրաքվեի միջոցով Չեռնոգորիայի առանձնացումն էր` որպես ինքնիշխան պետություն: Եվ այդ փաստը սկզբունքային նշանակություն ունի ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացներն իմաստավորելու համար: Ըստ էության, Չեռնոգորիայի ինքնորոշմամբ սկիզբ դրվեց մինիկայսրությունների քաղաքակիրթ մասնատմանը: Չեռնոգորիայի փորձի իմաստավորելը, կարծում եմ, սկզբունքային նշանակություն ունի ողջ Եվրոպայի ճակատագրի համար: Մտորելով այդ թեմայի շուրջ` «Ֆորին աֆֆերս»  ամսագրի էջերում Թաֆթի համալսարանի հետազոտող Խ.Խանկումը միտք արտահայտեց, որը, իմ կարծիքով, ամենայն օբյեկտիվությամբ բնութագրում է ժամանակակից աշխարհակառուցվածքի իրողությունները: Նա գրում է. «Բառացի հարգանքի տուրքը դեռևս տրվում է տարածքային ամբողջականության սկզբունքին, սակայն մեկ տասնամյակի ընթացքում Խորհրդային Միության, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի և Եթովպիայի փլուզումն ինքնորոշման հավակնող շատ պրոտոնացիաների կողմից դիտվում է որպես կարևորագույն նախադեպ»: Եվ իրականում դա այդպես է` լինի դա Բալկաններում` Կոսովոյում, Մերձդնեստրում, Աբխազիայում, էլ չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, որի քաղաքացիները 1989 թ. այն ժամանակվա գործող Սահմանադրության սկզբունքներին համապատասխան, ինչպես Չեռնոգորիայի ժողովուրդը, ինքնորոշվեցին ինքնիշխան պետության: Սակայն, ցավոք սրտի, միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան անցկացված հանրաքվեի արդյունքները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվում: Դա ծայրաստիճան բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա: Այսպես, Ադրբեջանական Հանրապետությունում լրիվ թափով ընթանում է հասարակական կարծիքի ծեռնածություն, և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի հանդեպ անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ է սերմանվում: Այս ամենն ուղեկցվում է Ադրբեջանի հետագա սպառազինմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների միակողմանի մերժման ֆոնի վրա: Ակամայից հարց է առաջանում. միջազգային հանրությունը, որն այնքան հարգալից վերաբերվեց էրիտրեացիների, արևելյան թիմորցիների, սլովակների, չեռնոգորցիների ինքնորոշման սեփական իրավունքի իրականացմանը, ինչո՞ւ է ձգձգում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ընդերքը հարուստ չէ նավթով, որ մենք չենք կարող մեր բյուջեի նշանակալի մասն ուղղել ռազմական նախապատրաստությունների վրա…

Հարգելի գործընկերներ, արդեն ակնհայտ է, որ XXI դարում տարածաշրջանային շատ հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է լինելու մեծ տերությունների և միջազգային հեղինակավոր այնպիսի կազմակերպությունների դիրքորոշմամբ, որոնցից են, օրինակ, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն: Ցանկանում եմ հույս հայտնել, որ քննարկվող հարցի վերաբերյալ ընդունված բանաձևում իրենց արտացոլումը կգտնեն բազմակողմանի մոտեցումներ, որոնք արմատապես կբացառեն ուժային տարբերակի կիրառման հնարավորությունը` մինիկայսրությունների տարածքային ամբողջականության արհեստական պահպանման նպատակով: Եվ դա առավել արդիական է այն պետությունների համար, որոնց ներսում պրոտոնացիաներն իրենց մեծամասնությամբ արդեն ինքնորոշվել են ինքնուրույն պետությունների` ազատ, դեմոկրատական կամարտահայտման հիման վրա: Այդ մոտեցմանն այլընտրանք չկա: Այլ կերպ գործել` կնշանակի մեր ընդհանուր եվրոպական տունը վերածել քաոսի, այն ներքաշել արյունահեղության մեջ:

ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ

/քրիստոնյա-ժողովրդավարներ

download English version (*.doc)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր