ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
… ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԱԾ
Հարգելի գործընկերներ, հիրավի, հեշտ չէ ելույթ ունենալ անգլիացի խորհրդարանականի այսչափ բուռն և զգացմունքային ողջունաճառից հետո: Այս ամբիոնից հեշտ չէ արձագանքել առանձին հռետորների արտահայտություններին նաև այն պատճառով, որ նրանց ելույթները չափից ավելի են հիշեցնում հանճարեղ Ֆյոդոր Դոստոևսկու կողմից «Կարամազով եղբայրները» վեպում փայլուն նկարագրված ժամանակները: Ժամանակներ, երբ խավարի իշխան Նեռը ներկայանում էր Մեծ հավատաքննիչի դերում: Ստորգետնյա թագավորության դարպասները պահպանող առասպելական Կերբերի նման` նա հաջողացնում էր հանդես գալ որպես քրիստոնեական ուսմունքի մաքրությունը եռանդագին պաշտպանող: Եվ, ի՞նչ եք կարծում, ումի՞ց էր նա պաշտպանում աստվածաշնչյան պատվիրանների անարատությունը կամ ո՞ւմ էր բարոյախոսություն կարդում: Խրատում էր հենց իրեն, մեր Տեր Աստծուն` Հիսուս Քրիստոսին: Ցավոք, թվում է, թե մեր օրերում պատմությունը կրկնվում է: Ահա և այսօր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այս բարձր ամբիոնից պատերազմի Աստծո` Մարսի նորելուկ ժառանգորդները, որոնք ավելի քան 15 տարի անթաքույց տնտեսական պատերազմ են մղում Հայաստանի դեմ, իրականացնում են մեր հանրապետության շրջափակումը, այստեղ խաղաղարարական քարոզներ են կարդում հույներին, կիպրոսցիներին, հայերին: Սակայն այս պարագայում, չգիտես ինչու, նրանք` թուրք և ադրբեջանցի գործընկերները, լռության են մատնում այն հանգամանքը, որ, օրինակ, շրջափակման պատճառով Հայաստանի տնտեսությունը տարեկան կրում է 1,2-ից մինչև 1,5 մլրդ դոլարի վնաս: Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ հարևան Թուրքիայի համար մեր հանրապետության օրենսդրությամբ, ըստ էության, սահմանված է առևտրում առավելագույն բարենպաստ ռեժիմ: Բավական է նշել, որ միայն 2005 թ. Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 139,9%, իսկ թուրքական ապրանքների ներմուծման աճի տեմպը` 145,4%: Հարկ է նշել, որ դա էլ այն դեպքում է, երբ Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ապրանքաշրջանառության ընդամենը 3,8%-ը, իսկ բացասական հաշվեկշիռը տարեկան կտրվածքով կազմել է 55 մլն դոլար: Հիրավի, պետք է կատաղի երևակայություն ունենալ, որպեսզի այս պայմաններում հաջողացնել ճարտարախոսել խաղաղությունից և սովորեցնել մեզ` ինչպես ապրել հետագայում: Ավելին, ցինիկությունը հասնում է այնտեղ, որ 1974 թ. անկախ Կիպրոսի Հանրապետության դեմ Թուրքիայի բացահայտ ռազմական ինտերվենցիան այստեղ մատուցվում է որպես խաղաղարար և մարդասիրական գործողություն, որը նպատակ ուներ փրկել կիպրոսցի թուրքերին կիպրոսցի հույների և Հունաստանի այն տարիների ոչ ժողովրդավարական կառավարության ռազմատենչ ոտնձգություններից:
Իրոք, անկեղծ էր Թուրքիայի Հանրապետության նախկին ղեկավար Սուլեյման Դեմիրելը, երբ պնդում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն` մեկ ազգ և մեկ ժողովուրդ: Այս պնդման ճշմարտացիության մեջ մենք կրկին համոզվեցինք և այսօր, երբ ադրբեջանական պատվիրակության անդամները իրենց թուրք գործընկերների հետ հանդես են գալիս իբրև մեկ ազգ` ամբողջովին կրկնօրինակելով նրանց մարտավարությունը: Ավելին, ադրբեջանցիները ուխտադրժությամբ գերազանցեցին վերջիններիս: Նրանց «քարոզները» երբեմն անհեթեթության են հասնում: Այսպես, երեկ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը հասավ այնտեղ, որ Հայաստանն անվանեց տարանցիկ երկիր, որտեղով թմրանյութեր են փոխադրվում: Հավանաբար, նա մոռացել էր, իսկ միգուցե հույսը դրել էր ԵԱՀԿ պատվիրակների բացարձակ անտեղյակության վրա, առ այն որ Հայաստանի Հանրապետությունը բաց սահմաններ ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Ուստի, ադրբեջանական կողմը, ըստ էության, մեղադրեց հենց այդ երկրներին թմրանյութերի վաճառքին համամասնակից լինելու մեջ:
Ինչ-որ գեղեցիկ չի ստացվում մեր ադրբեջանցի գործընկերների մոտ, երբ նրանք, այնպիսի հեղինակավոր ներկայացուցչական ժողովում, ինչպիսին է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, մեղադրում են Վրաստանին և Իրանին` Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներին և տնտեսական խոշոր գործընկերներին այդ աստիճանի ծանրագույն հանցագործությանը մեղսակից լինելու մեջ: Բայց դրանով էլ միջազգային նորաթուխ մեղադրողների` մեր հարևանների մոլեգնած երևակայությունը չսպառվեց: Նրանք հասան այն բանին, որ իրենք` լինելով Ղարաբաղի անտառների, գյուղատնտեսական հանդերի հրկիզողներ, խորհրդարանի ամբիոնում մեր աչքերի առջև կերպարանափոխվեցին և առանց քաշվելու հրշեջի արտահագուստ հագան: Ղարաբաղի անտառային զանգվածները և գյուղատնտեսական հանդերը գիշերները ադրբեջանական կողմից ենթարկվում են գնդակոծման` հրկիզող լուսածրող գնդակներով և հրետանային ռումբերով, իսկ առավոտյան հենց իրենք էլ ամբողջ ձայնով շեփորահարում են «հայերի խարդավանքների մասին», որոնք, իբր թե, «ադրբեջանական տարածքներում» իրականացնում են «այրվող հողի» մարտավարություն: Ակնառու է դասական օրինակն այն բանի, երբ ստի կախարդների դրոշի վրա գրված են արդարության կոչեր: Այս հեղինակավոր համաժողովում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, վճռականորեն հայտարարում եմ. ղարաբաղցին չի հրկիզի իր սեփական տունը, կրակի չի մատնի իր սեփական անտառները և դաշտերը: Նրանց կողմից շատ մեծ գին է վճարված ղարաբաղյան ամեն մի թիզ հողի համար, չափազանց շատ արյուն է թափված:
Ակամայից միտք ես անում, ի՞նչ է թաքնված ադրբեջանական պետական քարոզչության այդ ստի հետևում: Նպատակը մեկն է` Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնել զավթիչի դերում և դրանով արդարացնել ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը երկրի ռազմականացման գործում: Ընդ որում, դա չի սահմանափակվում միայն նրանց բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմատենչ ճարտասանությամբ: Նշենք, վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 3 անգամ և այժմ կազմում են Հայաստանի Հանրապետության ամբողջ բյուջեի 60%-ը: Գործնականում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ առաջատար անդամ-պետությունները վերջին 4 տարիների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարությունների մեջ ներդնելով ավելի քան 7 մլրդ դոլար, ըստ էության, նպաստեցին Ադրբեջանի բացահայտ ռազմականացմանը: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանում տնտեսական խոշոր նախագծերի իրականացումը և Հայաստանի օտարումը այդ աշխատանքներում ներգրավված լինելուց, Ադրբեջանի ղեկավարության մոտ պատրանք առաջացրեց` ինքնորոշված անկախ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ: Ոմանք, հավանաբար, երազում են, որ մեր օրերում նույնպես հնարավոր կլինի կրկնել XX դարասկզբին Հարավային Կովկասում իրականացված արյունալի սցենարը, երբ, անգլիացի մի հայտնի քաղաքական գործչի պատկերավոր արտահայտության համաձայն, «ադրբեջանական նավթի գինը ավելի բարձր եղավ, քան հայերի թափված արյան գինը»: Քաղաքական արկածախնդրությունների սիրահարներին ցանկանում եմ զգուշացնել, որ XXI դարում մեր տարածաշրջանում պատմությունը չի կարող կրկնվել անգամ իսկ զավեշտի տեսքով: Հայաստանն այսօր այն չէ, ինչ էր 1915-1923թթ. ողբերգական տարիներին` Եղեռնի տարիներին: Ոչ ոքի չի հաջողվի կոտրել Լեռնային Ղարաբաղի ազատատենչ և հպարտ ժողովրդին: Համոզված եմ, որ աշխարհն էլ արդեն ուրիշ է: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, որը ժամանակին գործնական քայլեր չձեռնարկեց Հայաստանը տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին` նավթատարի և գազատարի շինարարություններին ներգրավելու հարցում, դրանով իսկ Հարավային Կովկասում սկիզբ դրեց դեզինտեգրացիոն գործընթացների, այսօր արդեն թույլ չի տա, որ նավթադոլարները, որոնք երկնային մանանայի նման լցվում են Ադրբեջանի բյուջե, այս անգամ ևս ծառայեն տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու ստոր գործին:
Անհետաձգելի անհրաժեշտություն է հասունացել, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունի հատուկ բանաձև, որը խստորեն կսահմանափակի ԵԱՀԿ ողջ տարածքում նավթադոլարների օգտագործումը էներգակիրներ արտահանող երկրների ռազմականացման նպատակով: Այդպիսի բանաձևի ընդունումը, մեր կարծիքով, կհանդիսանա նստաշրջանի ընթացքում բազմակողմանիորեն քննարկվող «ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու անվտանգության ամրապնդումը» բանաձևի նախագծի տրամաբանական շարունակությունը:
Էներգակիրների արտահանումից ստացված շահույթների խաղաղ օգտագործման դրական օրինակ է ցույց տալիս Ռուսաստանի Դաշնությունը: Այստեղ, ինչպես դուք գիտեք, սկսվել է ազգային խոշորամասշտաբ չորս նախագծերի իրականացում, որոնք ունեն բացառապես խաղաղ, կառուցողական ուղղվածություն: Թող օրինակ վերցնեն Ռուսաստանից այդ հարցում և ոչ ոք դրան դեմ չի լինի:
Շատ էական ենք համարում «ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու անվտանգության ամրապնդման» բանաձևում այնպիսի ուղղումը չընդունելը, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանում կառուցված, Հայաստանը շրջանցող խողովակատարն ընդունել որպես օրինակ, որը, իբր թե, նպաստում է Հարավային Կովկասի երկրների տնտեսական ինտեգրմանը: Անհրաժեշտ է կրկին նշել, որ այդ նավթատարը և գազատարը ոչ միայն ունեն տնտեսական դեզինտեգրացիոն հետևանքներ, այլև բարձրացրել են Հարավային Կովկասում զինված հակամարտության վտանգը: Այս առումով մենք դրական ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումը: Վերջերս ամերիկյան կոնգրեսականները հայտնել են իրենց բացասական վերաբերմունքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախաձեռնվող Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգծի կառուցման նկատմամբ, ինչը կհանգեցնի Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգծի վերջնական սառեցմանը, որը ժամանակին ունեցել է նույն ֆունկցիոնալ նշանակությունը: Նոր երկաթգծի կառուցումը կբերեր Հայաստանի հետագա մեկուսացմանը Հարավային Կովկասում իրականացվող տնտեսական որևիցե նախագծից:
Հարգելի գործընկերներ, ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության ղեկավար տիկին Մամեդովայի կողմից բարձրացված հարցերին, ասեմ հետևյալը. նրան, չգիտես ինչու, դուր չեկավ հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հիշատակած պատմական այն փաստը, որ բալկանյան ժողովուրդները, այդ թվում նաև չեռնոգորցիները այդպես էլ չհաշտվեցին ապրել Օսմանյան կայսրության լծի տակ: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մելիքությունների անհնազանդության փաստը այդ նույն թուրք-օսմաններին` ամբողջովին հունից հանեց ադրբեջանցի գործընկերոջը: Նա խորհուրդ տվեց մեզ կարդալ Թուրքիայի «փառավոր» պատմությունը: Չեմ թաքցնի, առիթ ունեցել եմ կարդալ ինչպես Օսմանյան կայսրության անփառունակ վախճանի, այնպես էլ 1923-ից սկիզբ առած Թուրքիայի Հանրապետության պատմությունը: Այդ պատմությունից, մասնավորապես, տպավորվել է այն, որ դեռևս 1919 թ. մայիսի 26-ին Օսմանյան կայսրության Արտակարգ ռազմական տրիբունալի որոշմամբ (որը հիմնադրվել էր վերջին սուլթան Մուհամմեդ VI Վահիդ Էդդինի կողմից) «Արևելյան վիլայեթներում հայերի զանգվածային կոտորածների համար» մահապատժի են դատապարտվել Էնվերը, Թալեաթը, Ջեմալը, Նազըմը և երիտթուրքերի կառավարության այլ ղեկավարներ:
Հարգելի պատվիրակներ, սրանք Հայաստանի պատգամավոր Արտաշես Գեղամյանի պնդումները չեն, ասվածը վավերագրական փաստեր են Թուրքիայի, ինչպես պատկերավոր կասեր տիկին Մամեդովան, «փառավոր» պատմությունից: Կան նաև այլ բնույթի պատմական փաստեր, որոնք շարադրված են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի զեկույցում: Այսպես, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի 1974 թ. տվյալների համաձայն, Օսմանյան կայսրության անկումից հետո կանգուն մնացած 913 հայկական եկեղեցական շինություններից 464-ը ամբողջովին ոչնչացված են, 252 տաճարներ և եկեղեցիներ վերածվել են ավերակների, 197-ը կարիք ունեն լուրջ վերականգնողական աշխատանքների: Ցավոք, թալանի և ոչնչացման է ենթարկվել նաև Սբ. Մակարի եկեղեցին, որը գտնվում է Նիկոսիայից 30 կմ հյուսիս-արևելք` ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության տարածքում: Այնպես որ, տիկին Մամեդովա, ես դեմ չեմ, որ Թուրքիայի «փառավոր» պատմության առանձին էջեր դառնան ԵԱՀԿ 53 երկրների պատվիրակների սեփականությունը: Այո, ես չսխալվեցի` ասելով 53 երկրների, քանի որ Հայաստանում չափազանց լավ գիտեն այդ պատմությունը, այն էլ ոչ միայն դասագրքերով: Սարսափազդու այդ պատմության ողբերգական հետևանքներն իր վրա զգացել է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք, պատմություն, որի էջերը գրված են 1,5 մլն անմեղ հայ նահատակների արյունով: Իրենց հերթին, ադրբեջանցի և թուրք պետական այրերը, հավանաբար, նույնպես վատ չգիտեն սեփական պատմությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում այդքան հետևողականորեն և հմտորեն աղավաղում են` մոլորության մեջ գցելով, ավա՛ղ, ոչ միշտ լուսավորյալ մեր աշխարհը:
Հարգելի պարոն նախագահ, հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ մի փոքր խախտեցի լիագումար նիստի ժամանակակարգը: Սակայն որպեսզի Ձեզ մոտ չստեղծվի այն տպավորությունը, թե մենք ոչինչ չենք ցանկանում ընդօրինակել մեր հարևաններից` Թուրքիայից և Ադրբեջանից, նկատեմ, որ դա ոչ միշտ է այդպես: Ինձնից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պատգամավորը կրկնակի գերազանցեց իրեն հատկացված ժամանակը և Դուք ստիպված էիք հինգ անգամ զանգով հիշեցնել նրան դրա մասին: Ինձ զգուշացնող Ձեր երկրորդ զանգից հետո` ես շնորհակալություն եմ հայտնում ներկաներից ուշադրության համար և հայցում եմ նրանց ներողամտությունը ևս, որ ինքս էլ ակամայից հետևեցի թուրք պատգամավորի օրինակին և խախտեցի ելույթների համար հատկացված ժամանակը: Դե, ինչ, նման դեպքերում Ռուսաստանում կասեին` «Ցավոք, վատ օրինակը վարակիչ է»::
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջան
3-7 հուլիսի 2006 թ., Բրյուսել
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
… ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄՇՏԱԿՐԱԿ…
Հարգելի գործընկերներ, մենք` ձեզ հետ ականատեսն ենք, երբեմն էլ մասնակիցները քրիստոնեական, մահմեդական և հրեական քաղաքակրթությունների գաղափարական հակադրությունների: Մարդկության ճակատագրի համար մեծագույն չարիք կլինի, եթե սառը պատերազմի տխրահռչակ ժամանակները հիշեցնող այդ հակադրությունների փոխարեն բախումներ սկսվեն կրոնական, ազգային և մշակութային տարբեր արժեքներ կրող հանրությունների միջև: Նման բախման վտանգը իրավացիորեն նկատել է Սեմյուել Հանտինգտոնը. «Մահմեդականներն ավելի հաճախակի ասում են, որ Արևմուտքը ոչ թե պարզապես հետևում է անկատար կեղծ կրոնին, որը, այնուամենայնիվ, հանդիսանում է «Սուրբ գրքի կրոն», այլ որ այն ընդհանրապես ոչ մի կրոն չի դավանում: Մահմեդականների աչքերում Արևմուտքում եկեղեցու անջատումը պետությունից, անհավատությունը, իսկ, հետևաբար, և անբարոյականությունն ավելի վատ չարիք են, քան դրանք ծնած արևմտյան քրիստոնեությունը»:
Արևմտաքրիստոնեական բարոյականության նման ընկալումը, որը տեղ է գտել մահմեդականություն դավանող երկրների ազգաբնակչության բավականին լայն շերտերում, ինչպես նաև այդ երկրներում կրոնական հիմունքների ու քաղաքականության անխզելիության անհերքելի փաստը բացառիկ արդիականություն են հաղորդում կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությանը: Դա իր հերթին, ասես, հետին պլան է մղում խոսքի ազատության իրականացման համար հարկ եղած պայմանների ապահովումը, մինչդեռ դա ժողովրդավարության էական դրսևորումներից մեկն է:
Ահա թե ինչու ԵԽԽՎ-ում քննարկվող «Խոսքի ազատությունը և հարգանքը կրոնական համոզմունքների նկատմամբ» հարցը պետք է դառնա բազմակողմանի վերլուծության առարկա ինչպես մահմեդականության, այնպես էլ ժողովրդավարական հասարակությունների դիրքերից: Ներկայիս քննարկումն իր նպատակին կհասնի, եթե միասնականորեն կարողանանք մշակել միջքաղաքակրթական երկխոսության և համաձայնության ուղիներ:
Խոսքի ազատության գործնական իրականացումը` զուգորդված կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքով, գլոբալ մասշտաբով կարող է մեծ նշանակություն ունենալ հատկապես Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի համար: Այդ հարցերի հույժ կարևորությունը պայմանավորված է 301 թ. աշխարհի երկրներից առաջինը` Հայաստանի կողմից Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման պատմական փաստով: Դա մեծապես պայմանավորված է նաև ներկայիս սահմաններում հայոց պետության ունեցած աշխարհագրական դիրքից, որը չնայած զբաղեցնում է մեր պատմական հայրենիքի տարածքի միայն տասներորդ մասը, սակայն, այնուամենայնիվ, այսօր էլ շարունակում է գտնվել քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների ջրբաժան գծի վրա: Ստեղծված իրողությունների առանձնահատկությունը շատ բանով պայմանավորված է նաև հայկական բազմամիլիոնանոց սփյուռքով, որը պատմական ճակատագրի կամոք ձևավորվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրականացված հայոց ցեղասպանության հետևանքով: Հատկանշական է, որ հայկական սփյուռքի հիմնական օջախները մեր օրերում ևս կենտրոնացած են մահմեդական ու քրիստոնեական քաղաքակրթությունները ներկայացնող առաջատար երկրներում, ընդ որում աշխարհի բոլոր հինգ մայրցամաքներում:
Կրկին նշեմ, որ մենք բարձր ենք գնահատում նման հրատապ խնդիրների քննարկման փաստը ԵԽԽՎ-ում: Դա վկայում է, որ Եվրոպայի պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն այսօր մտածում են աշխարհում իրենց երկրների և իրենց ժողովուրդների տեղի մասին, անհանգստանում են միավորված Եվրոպայի և ողջ աշխարհի ճակատագրով, տագնապում են երկիր մոլորակի վաղվա օրվա, ցանկալի ապագայի համար և ուղիներ որոնում, որոնք տանում են այնտեղ:
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից յուրաքանչյուրը կանգնած է ընտրության առջև. կամ պահպանել սեփական ազգային առանձնահատկությունը` ազգայնականության հենքի վրա, ազգը և պետությունը մեկուսացնող մեխանիզմների ստեղծման գնով, կամ էլ գնալ ուրիշ ճանապարհով. քանի դեռ ուշ չէ, համաշխարհային մասշտաբով ձևավորել հանդուրժողականության և բազմակարծության սկզբունքներ ու գլոբալիզացման, բազմաթիվ մշակույթների աննախադեպ համագործակցության դարաշրջանում անշեղորեն առաջնորդվել դրանցով: Ընդ որում, ավելորդ չէ նշել, որ հատկապես խոսքի ազատության իրականացման և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի մեջ են փոքր պետությունները և ազգությունները տեսնում երաշխիք` իրենց ազգային յուրահատկությունները և ինքնուրույնությունը պահպանելու համար:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի առումով ժամանակակից աշխարհում և ինչպիսի՞ն են այդ համատեքստում մերօրյա քաղաքական ու հոգեբանական իրողությունները: Ի սկզբանե ասենք, որ դանիական թերթերում Մոհամմեդ մարգարեի վերաբերյալ տպագրված ծաղրանկարների շուրջ ծագած աղմկոտ վիճաբանությունն ամենևին վստահություն չավելացրեց մահմեդականների և քրիստոնյաների միջև: Վստահություն չավելացրին նաև այնպիսի իրադարձությունները, որոնցից են իրաքյան Աբու-Գրեյբ բանտում տեղի ունեցած արաբ կալանավորների խոշտանգումները, Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո ռազմաբազայում բանտարկյալների նկատմամբ կիրառված բռնի գործողությունները:
Միջքաղաքակրթական օտարացման այդ մթնոլորտը էլ ավելի շիկացավ, երբ Ֆրանսիայում սկսվեցին խռովություններ, երբ արաբամահմեդական ծագմամբ հազարավոր երիտասարդներ դուրս եկան ֆրանսիական քաղաքների փողոցներ` բողոքելով սեփական կարգավիճակի դեմ, միևնույն ժամանակ ավերելով խանութներ, հրկիզելով ավտոմեքենաներ, հրահրելով անկարգություններ:
Հրապարակ եկած այս և բազմաթիվ նման իրադարձությունները իրենց ամբողջության մեջ մահմեդական շատ երկրներում մեկնաբանվեցին ոչ այլ կերպ, քան ահաբեկչության դեմ հայտարարված պայքարի նենգափոխում` ուղղված մահմեդականության, վերջիններիս կրոնական համոզմունքների դեմ:
Մյուս կողմից, այդ նույն ժամանակ ֆրանսիացիների հիշողության մեջ կատարվածը, կարծում եմ, կարթնացներ երկրի ոչ վաղ անցյալի իրադարձությունները, երբ XX դարի 50-60-ական թվականներին ֆրանսիական կառավարությունը փորձում էր թույլ չտալ ներգաղթողների անօրինական մուտքը Աֆրիկայից Մարսելի նավահանգիստ: Ասես թե նրանք մտովի տեղափոխվում էին այն նույն օրերը, երբ հարյուրավոր ֆրանսիացիներ հավաքվում էին նավահանգստի կառամատույցներում և ձեռքերով պահում էին ներգաղթողներով լի նավերն այնքան ժամանակ, մինչև վերջին փախստականը չէր իջնում նավից և ոտքը չէր դնում ֆրանսիական հողի վրա:
Կասկած չկա, որ ֆրանսիական հող ոտք դրած փախստականներն այդ օրերին մեծագույն երախտագիտության զգացմունքներ էին տածում ֆրանսիացիների և իրենց ապաստան տված Ֆրանսիայի հանդեպ: Բայց արդյոք նրանց որդիները չէի՞ն 2005 թ. նոյեմբերին հազարավոր ավտոմեքենաներ հրկիզում, խանութների ցուցափեղկեր ավերում, որոնք միգուցե և պատկանում էին հենց իրենց երբեմնի փրկարարների զավակներին:
Դրա համար էլ կարևոր է, որ քննարկելով այսպիսի հրատապ հարց` խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի մասին, ԵԽԽՎ-ն մշակի գործողությունների ծրագիր, որն ուղղված կլինի կրոնական տարբեր դավանանքներին և մշակույթներին պատկանող մարդկանց միջև վերջին տարիներին ծագած անվստահության ու օտարացման անջրպետի հաղթահարմանը: Համոզված եմ, այդ գործում հաջողության հասնելու համար պետք է ելնել այն բանից, որ բոլորին հոգու խորքում միավորում է համընդհանուր վտանգի գիտակցումը, այն է` միջազգային ահաբեկչության առջև իրար օգնության գալու պատրաստակամությունը: Վտանգ, որը հետզհետե ավելի սպառնալից է դառնում մարդկության համար` լինի դա ուղղահավատ մահմեդական, հրեա, բուդդայական, թե քրիստոնյա: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեղմենք մարդկային կորուստներից և իրար հասցրած վիրավորանքներից առաջացած դառնությունն ու ցավը, որոնք վերջին տարիներին բաժին են ընկել մեր ժամանակակիցներին:
Այս առումով բարձր ենք գնահատում Քաթար պետության նախաձեռնությունը, որը եռանդուն կերպով նպաստում է քրիստոնյա, մահմեդական և հրեական կրոնների միջև երկխոսության զարգացմանը: Քաթարցիները ղեկավարվում են այն դրույթով, որ աբրահամական այդ կրոնների հետնորդները կազմում են մարդկության շուրջ կեսը և ունեն ընդհանուր շատ կանխադրույթներ` հավատը Միասնական Աստծո նկատմամբ, ընդհանուր արժեքներ, որոնք արտացոլված են Աստծո պատվիրաններում: Նրանք նաև միասնական են այն ըմբռնման մեջ, որ կրոնի կարևորագույն խնդիրն է ծառայել մարդուն` ապահովելով նրա ավելի լավ ապրելու իրավունքը, տարածել խաղաղություն, համերաշխություն և սեր:
Հայաստանի համար հատկապես կարևոր է և իսպանա-թուրքական նախաձեռնությունը` «Քաղաքակրթությունների ալյանսը», որն աճող աջակցություն է ստանում աշխարհում և խոստանում է առաջ քաշել նոր գաղափարներ` թե ինչպես հասնել միջքաղաքակրթական համաձայնության:
Խորապես խորհրդանշական եմ համարում, որ ալյանսի համահիմնադիր է հանդիսանում Իսպանիան: Երկիր, որտեղ դարերով խաղաղ գոյակցել են քրիստոնյաները, մահմեդականները, հրեաները, որտեղ մինչ օրս իրենց կուսական գեղեցկությունն են պահպանել մահմեդական, մավրիտանական ճարտարապետության մի քանի տասնյակ վեհասքանչ հուշարձաններ: Հատկանշական է, որ Թուրքիան նույնպես հանդիսանում է «Քաղաքակրթությունների ալյանսի» համահիմնադիր և դա սկզբունքորեն կարևոր է Հայաստանի համար: Քանի որ, կարծում ենք, որ «Քաղաքակրթությունների ալյանսի» շրջանակներում Թուրքիան, որպես դրա համահիմնադիր երկիր, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, կհետաքննի հայկական քրիստոնեական տաճարների, եկեղեցիների և գերեզմանատների զանգվածային ավերման պատճառները ժամանակակից թուրքական հանրապետության վարչական սահմաններում գտնվող Արևմտյան Հայաստանի տարածքում: Այսպես, 1974 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալներով, առաջին համաշխարհային պատերազմից հետո այդտեղ կանգուն մնացած 913 եկեղեցական շինություններից 464-ը ամբողջովին ոչնչացվել են, 252 տաճարներ և եկեղեցիներ վերածվել են ավերակների, 197-ը վերականգնողական լուրջ աշխատանքների կարիք ունի:
Ցավ ու տագնապ է առաջացնում, որ ավերված եկեղեցիների և տաճարների թվում կան IV-XVII դդ. ճարտարապետական եզակի հուշարձաններ` Տեկորի եկեղեցի (V դար), Վասպուրականի սբ. Բարդուղիմեոսի եկեղեցի (IV դար), սբ. Կարապետի եկեղեցի (IV դար) և այլն: Քրիստոնեական այդ սրբությունները Թուրքիայում անցկացվող զորավարժությունների ժամանակ թուրքական հրետանու համար դառնում էին թիրախ:
Ցավոք, 1997 թ. թալանի և ավերածության ենթարկվեց նաև սբ. Մակարի հայկական եկեղեցին (VI դար), որը գտնվում է Նիկոսիայից 30 կմ հյուսիս-արևելք, այսպես կոչված, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության տարածքում: Վերջին 30 տարիներին հայկական եկեղեցիներ են ավերվել Ադրբեջանի Գեդաբեկի, Ջաբրաիլի, Դաշքեսանի, Շահումյանի շրջաններում, Գանձակ քաղաքում: Բարբարոսության բարձրակետը դարձավ 2005 թ. վերջին Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության Հին Ջուղայի հայկական նեկրոպոլի IX-XVII դդ. 2000-ից ավելի խաչքարերի` փոքր ճարտարապետության հուշարձանների ավերումը: Բարբարոսական նման գործողությունները չդատապարտվեցին աշխարհի ոչ քրիստոնյաների, ոչ էլ մահմեդականների կողմից: Այն ժամանակ լռեցին ինչպես դանիական թերթերը, այնպես էլ լռեց ծաղրանկարային աղմկահարույց վիճաբանությունից հետո նրանց սատարած արևմտյան մամուլը… Ավա՛ղ, մեր օրերում էլ լռեցին Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, Իսլամական Կոնֆերանս Կազմակերպությունը, երբ ս/թ հունիսի 21-ին Ստամբուլի օդանավակայանում թուրք ազգայնականները լկտի և անհարգալի վերաբերմունք դրսևորեցին Կոնստանդնուպոլսի Հունաց և Հայոց պատրիարքների հրավերքով այնտեղ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի նկատմամբ թուրք ազգայնամոլ խուժանի դրսևորած այս վրդովեցուցիչ փաստը լռության մատնեցին իրենց խոսքի ազատության ջատագով հորջորջող լրատվամիջոցները, լռեցին նաև վերջերս ի հայտ եկած կրոնական համոզմունքների հարգման բոլոր տեսակի պահապաններն ու պաշտպանները:
Եվ, վերջապես, այս պարագայում ովքե՞ր, եթե ոչ «Քաղաքակրթությունների ալյանսի» հիմնադիր պետությունները պետք է հրապարակավ դատապարտեն վերոհիշյալ բոլոր վայրագությունների հեղինակներին: Դա կսառեցնի ավերածությունների կազմակերպիչների, ինչպես նաև այն մարդկանց խանդավառությունը, ովքեր մեր օրերում գրգռում են անհանդուրժողական մոտեցում ոչ մահմեդական կրոնական համոզմունքների և հատկապես քրիստոնեական սրբությունների հանդեպ:
Եվ, անշուշտ, դա եվրոպական հասարակությանը կհամոզի, որ ներկայիս Թուրքիայի ղեկավարությունը գործնականում վճռական է կարգավորել միջքաղաքակրթական երկխոսություն և առաջին հերթին էլ իր հարևանների հետ: Երկխոսություն, որի հիմքում պետք է ընկած լինի հարգալից վերաբերմունք նրա մասնակիցների կրոնական համոզմունքների նկատմամբ:
Մենք նաև հուսով ենք, որ աշխարհիկ Թուրքիան, որը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը, առանց պատասխանների չի թողնի Թուրքիայի հայ սփյուռքին հուզող լուսավորչական բնույթի հասունացած հարցերը: Կարծում ենք, որ գործնականում խոսքի ազատության իրագործման լայն կոնտեքստում Թուրքիայի փոքրաթիվ հայկական դպրոցներում կհանվի արգելքը հայ ժողովրդի պատմության, հայկական ազգային մշակույթի պատմության առարկաների դասավանդման վրայից: Եվրամիության լիարժեք անդամ դառնալու թեկնածու երկրի համար հարիր չէ հայ դպրոցականներին զրկել սեփական ժողովրդի պատմությունը և նրա մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու բնական իրավունքից: Ավելին, իմանալ ճշմարտությունը իրենց նախնիների ճակատագրի մասին, մանավանդ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Իմանալ օրինակ այն մասին, որ օսմանյան կայսրության արտակարգ զինվորական ատյանը` ստեղծված 1919 թ. մարտի 8-ին սուլթան Մոհամմեդ VI-րդ Վահիդեդդինի հրամանով, իր 1919 թ. մայիսի 25-ի որոշմամբ մահապատժի դատապարտեց երիտթուրքերի կառավարության պարագլուխներ Էնվերին, Ջեմալին, Թալեաթին, Նազըմին` «Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և Արևելյան վիլայեթներում հայերի զանգվածային կոտորած, կրկնում են հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար»: Եվ եթե այդ տարիների պատմական իրողությունների հրապարակային ընդունումից հետո կհետևի պաշտոնական Անկարայի ապաշխարությունը XX դարի սկզբին թուրքերի կողմից մարդկության հանդեպ իրականցված հանցագործությունների, այն է` մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության համար, այդժամ Թուրքիայում սովորող հազարավոր հայ դպրոցականներ միանգամայն այլ զգացմունքներ կտածեն թուրքերի հանդեպ, քան հիմա: Դիցուք, այդ ժամանակ, երբ հայ աշակերտը, մտնելով դպրոցական շենք, հարկադրված է տեսնել թուրքական հանրապետության հիմնադիր Աթաթուրքի խոսքը` «Ինչպիսի երջանկություն է ասել` ես թուրք եմ», հայկական դպրոցի շենքի վրա ծածանվող Թուրքիայի հանրապետության դրոշը, միգուցե՞ այդ ժամանակ սովորողների երիտասարդ հոգիները չեն լինի այլևս խռովքի և ալեկոծության մեջ ու նրանք Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի և Հորդանանի հայկական սփյուռքի իրենց բազմաթիվ հասակակիցների նման հարգանքի զգացումով կլցվեն իրենց բնակության երկրի հանդեպ: Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս դահլիճում ներկա գտնվող Թուրքիայի վարչապետ պրն Էրդողանը անձնական վերահսկողության տակ կվերցնի այս ողջ գործընթացը և իր գործողություններով կօժանդակի թուրքական հանրապետության նոր ընկալմանը` որպես իրականում եվրոպական արժեքներին հավատարիմ երկրի: Մենք սպասում ենք, թե երբ Թուրքիան կվերացնի Հայաստանի շրջափակումը, թե երբ Թուրքիան առանց որևիցէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ կհաստատի: Եվ վերջապես, թուրքական հանրապետությունը ուշադրությամբ կվերաբերվի և կվերաիմաստավորի Օսմանյան կայսրության արտակարգ զինվորական դատարանի 1919 թ. մայիսի 26-ի որոշումը, որով իրավաբանորեն ճանաչվեց հայերի ցեղասպանության փաստը` հենց սուլթանական զինվորական դատարանի կողմից: Հուսով ենք, որ «քաղաքակրթությունների ալյանսի» համահիմնադիր Թուրքիան պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրությունում իրականացրած հայերի ցեղասպանությունը:
Հարգելի գործընկերներ, գաղտնիք չէ, որ խոսքի ազատությունը և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքն իրենց առանձնահատկություններն ունեն քրիստոնեական և մահմեդական ընկալումներում: Մոհամմեդ մարգարեի հետևորդների գիտակցության մեջ կրոնը և աշխարհիկ կյանքն անբաժանելի են: Այդ իսկ պատճառով մահմեդականությունը ոչ միայն արտահայտում է սեփական իդեալները, այլև մշտապես միջոցներ է փնտրում դրանք կյանքի կոչելու համար: Ահա թե ինչու Մոհամմեդ մարգարեն հասարակության մեջ հաստատեց կառավարման մահմեդական ձևը: Եվ այսօր Իսլամն առաջարկում է աշխարհակառուցվածքի սեփական մոդելը: Այսպես, Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարրաֆը վերջերս «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում նշել էր. «Մահմեդականությունը դա կենսակերպ է: Եվ մենք պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի իրական Իսլամը: Մահմեդականությունը կարող է դառնալ երրորդ ճանապարհ, որը կտարբերվի և՜ արևմտյան ազատ շուկայից, և՜ սոցիալիզմից… Ազատ շուկայի պայմաններում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները` ավելի աղքատանում»:
Այսպիսով, Իսլամը իր երևելի հետևորդների շուրթերով, ըստ էության, առաջարկում է գլոբալացման սեփական տարբերակը, որը մահմեդական աշխարհի սահմաններում մրցակցում է նրա արևմտյան վարկածի հետ:
Հարգելի՜ գործընկերներ, արդեն ակնհայտ է, որ մարդկության մոտակա պատմությունը զարգանալու է աշխարհընկալման հակամարտող մոդելների հիմքի վրա, որոնք հիմնվում են արևմտյան` գլոբալիզացիոն և մահմեդական` կրոնական ավանդույթների վրա:
Գլոբալիզացվող աշխարհի պայմաններում միանգամայն պարզ է, որ գիտելիքները, տեղեկատվությունը դառնում են արտադրական գլխավոր ռեսուրսը: Դա առաջացնում է մարդկանց ինտելեկտուալ հնարավորությունների իրականացման նոր մոտեցումների համար օբյեկտիվ անհրաժեշտություն: Ինտելեկտուալ ներուժի վերածումը գլխավոր մարդկային արտադրական ռեսուրսի` իր հերթին արդիական է դարձնում անհատի և հասարակության հարաբերությունների ներդաշնակությունը: Դրա հետ մեկտեղ կասկածից վեր է և այն, որ խոսքի ազատությունը վերջին դերը չէ որ խաղում է անհատի կայացման գործում, իսկ հարգանքը կրոնական համոզմունքների նկատմամբ, անտարակույս, նպաստում է անձի և հասարակության արժեքային համակարգի բյուրեղացմանը: Դրանով իսկ, կարծում ենք, եվրոպական քաղաքակրթությունը տնտեսական և հոգևոր ծաղկունքի պտուղները կքաղի այնտեղ, որտեղ օպտիմալ կերպով կներդաշնակվեն ստեղծագործող անհատի ու հասարակության շահերը: Եվ առավել հուսալի է այն հասարակությունը, այն պետությունը, որը կենարար ուժեր է վերցնում հարյուրամյակների փորձությունների միջով անցած կրոնական համոզմունքներից:
Խոսքի ազատության հաստատումը, կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքը, մեր կարծիքով, հանդիսանում են Արիադնայի ուղեցույց թելը, որը թույլ կտա Եվրոպային արժանապատվորեն հաղթահարել ներկայիս երկպառակությունը և գլոբալիզացիայի մարտահրավերները:
Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/ քրիստոնյա դեմոկրատներ
Ստրասբուրգ, 28 hունիսի 2006թ.
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
… ԿԱՆԽԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԾՈՒՄԸ ՆՈՐ ՊԱՂԵՍՏԻՆԻ
Հարգելի գործընկերնե՜ր: 2006թ. հունվարին «ՀԱՄԱՍ» շարժումը համոզիչ հաղթանակ տարավ Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում: Ուշագրավ է, որ «ՀԱՄԱՍ»-ի օգտին քվեարկել է նաև Պաղեստինի քրիստոնյա բնակչությունը, որը կազմում է ինքնավարության բնակիչների ընդհանուր քանակի 10%-ը: Իսկ մարտ ամսին, Արիել Շարոնի և Էհուդ Օլմերտի «Կադիմա» կուսակցությունը Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) ընտրություններում ստացել է ընտրողների ձայների առավելագույն քանակը` 29 մանդատ («Ավոդա» կուսակցությունը` 19 մանդատ):
«ՀԱՄԱՍ»-ի հաղթանակը հատուկ իմաստ ունի, քանի որ, ըստ էության, Պաղեստինի ժողովուրդը գերադասեց ազգային-կրոնական կուսակցությունը` իր համերաշխության, հավասարության, մերձավորի նկատմամբ հոգատարության գաղափարներով, և երես թեքեց մինչ այդ երկրում իշխող մատերիալիստական ազատական պարադիգմայից (տարիմաստ գաղափարից): «Կադիմա» կուսակցության հաղթանակը (ճիշտ է, ոչ այդչափ համոզիչ) վկայում է Իսրայելի ժողովրդի հակվածության մասին` հետևել «Ճանապարհային քարտեզ» պլանի իրականացմանը, որի էությունն է` «Անվտանգություն` տարածքների դիմաց»:
Կնեսետի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին իսկ ելույթում Էհուդ Օլմերտը հայտարարեց. «Ես ցանկանում եմ դիմել պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին: Մենք պատրաստ ենք հրաժարվել միասնական և անբաժանելի Իսրայել ունենալու մեր երազանքից: Ես կոչ եմ անում պաղեստինցիներին նույնպես հրաժարվել իրենց ցանկությունների և առասպելների մի մասից հանուն Իսրայելի հետ կողք կողքի խաղաղության մեջ ապրելու հնարավորության»:
Այդ նույն օրերին «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական ղեկավար Հալեդ Մաշաալը նշեց, որ «ՀԱՄԱՍ»-ը երբեք առևտրի առարկա չի դարձնի իր սկզբունքները և տեղի չի տա Իսրայելի հետ հաշտվելու հորդորներին` առանց իրենց հիմնական պահանջների կատարման. պաղեստինյան բոլոր տարածքների ազատագրում` ներառյալ Երուսաղեմը և պաղեստինցի փախստականների վերադարձը հայրենիք:
Ո՞րն է ելքը բռնության վերսկսմամբ հղի այս իրավիճակից և գոյություն ունի՞ արդյոք այն: Որտե՞ղ են թաքնված այս հակամարտության պատմական, աշխարհայացքային արմատները, հակամարտություն, որը չի դադարել Իսրայել պետության ստեղծման օրից` 1948 թվականից: Հիրավի, իրավացի էր հայտնի դիվանագետը` ասելով. միշտ էլ բարդ է եղել Երուսաղեմը, որ անգամ Տիրոջն անհրաժեշտ է եղել երեք մարգարեների ուղարկել տարբեր տեղեր:
Կարծում եմ, արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտը բանակցությունների ընթացքի վերջնական նպատակի վերաբերյալ երկու կողմերի տրամագծորեն հակառակ պատկերացումների մեջ է: Իսրայելցիների համար տարածաշրջանում խաղաղությունն ընկալվում է որպես նորմալ իրավիճակ, երբ վերացվում են հակամարտող կողմերի փոխադարձ հավակնությունները և նրանց հարաբերությունները խարսխվում են իրավական ամուր հենքի վրա: Այլ կերպ ասած` իրենց դատողություններում իսրայելցիները հենվում են 20-րդ դարի ազատական ժողովրդավարությանը բնորոշ գաղափարների վրա: Իսկ արաբները, հատկապես պաղեստինցիները Իսրայելի արդեն իսկ գոյության փաստը դիտում են որպես ներխուժում սրբազան արաբական հող: Խիստ հեղինակավոր փորձագետների կարծիքով` նրանք կարող են համաձայնվել տարածքային փոխզիջմանը` ուղղակի այլ ելք չունենալու պատճառով: Սակայն այդ փոխզիջմանը նրանք կվերաբերվեն մոտավորապես այնպես, ինչպես Ֆրանսիան, որը ստիպված էր համաձայնվել 1870թ. Էլզասի և Լոթարինգիայի բռնակցմանը Գերմանիային: Այսինքն, դրա մեջ նրանք կտեսնեն ստիպողական անհրաժեշտություն` խնդիր ունենալով պատեհ պահին կորցրածը ետ բերելու հրամայականի հետ:
Իսկ ինչպե՞ս գործել ստեղծված իրավիճակում: Հենրի Քիսինջերը իր «Անհրաժե՞շտ է արդյոք Ամերիկային արտաքին քաղաքականություն» մենագրության մեջ հիշում է Յասեր Արաֆատի հետ ունեցած զրույցներից մեկը, որը տեղի է ունեցել 1994թ. հուլիսին Փարիզում` վերջինիս, Իցհակ Ռաբինին և Շիմոն Պերեսին Ֆելիքս Բուանիի անվան «Խաղաղության Մրցանակի» հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Քիսինջերը հարցրել է. «Իսրայելցիները ինչո՞ւ պետք է հավատան Ձեզ»: «Որովհետև սաուդացիները հրաժարվել են մեզանից, հորդանանցիները ձգտում են մեզ թուլացնել, իսկ սիրիացիները` կառավարել»,- պատասխանել է Յասեր Արաֆատը:
Այսինքն, կարելի է հետևություն անել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ փոխզիջման հնարավորությունը զգալիորեն կախված է արաբական երկրների դիրքորոշումից:
Ինչպիսի՞ հեռանկարներ կան դրա հիմքում: Մահմեդական արաբական աշխարհը բնավ էլ միատարր չէ: Այստեղ կան աշխարհաքաղաքական ազդեցիկ մի քանի հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրը հենվում է կրոնական, պատմական, մշակութային, քաղաքակրթական յուրովի ավանդույթների վրա և ռազմավարական ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մասշտաբներով: Այսպես, Եգիպտոսը, որն արդեն հասել է ազգային-պետական սահմանների վերականգնմանը, տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ, սովորաբար, դրսևորում է չափավոր մոտեցումներ: Սակայն, ներքին պատճառներից ելնելով, նա քիչ հիմքեր ունի մեծ ռիսկի գնալու և կողմ լինելու բանակցային այնպիսի ծրագրերի, որոնք կարող են պարսավանքի ենթարկվել արաբական արմատական վարչակարգերի կողմից, ինչպես նաև ռադիկալների կողմից` բուն Եգիպտոսում: Հիշենք, որ վերջին խորհրդարանական (քիչ թե շատ ժողովրդավարական) ընտրություններում Եգիպտոսում ընտրողների ձայների շուրջ 20%-ը տրվեց «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը, որից 1987թ. ծնունդ էր առել «ՀԱՄԱՍ»-ը: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի թագավորությանը, ապա այն ղեկավարում է ինչպես քոչվոր իսլամական ֆունդամենտալիստների ցեղախմբերին, այնպես էլ քաղաքային կոնգլոմերատներին, որոնք, իրենց էությամբ համեմատելի են Արևմտյան քաղաքների հետ: Ոչ մեկին չի հաջողվի ներքաշել սաուդացիներին կասկածելի ինչ-որ բանակցությունների մեջ, որոնք պահանջում են փոխադարձ զիջումներ: Առավել ևս, հաշվի առնենք, որ Սաուդյան Արաբիան երբեք մասնակցություն չի ունեցել արաբա-իսրայելական պատերազմներում: Անտարակույս, գործելով կուլիսների ետևից, նա կնպաստի բանակցային վերջնական ցանկացած արդյունքին: Հորդանանն անկեղծորեն մշտապես նպաստել է արաբա-իսրայելական դիվանագիտական ճիգերին: Սակայն Հորդանանի Հաշեմիական թագավորության աշխարհագրական դիրքը, այն է` գտնվելով Իսրայելի, Սիրիայի, Իրաքի և պաղեստինյան ապագա պետության շրջապատում, ծայրաստիճան զգայուն է դարձնում նրան բոլոր կողմերից, հատկապես արմատականների հնարավոր ճնշման պարագայում:
Դրա հետ մեկտեղ, վերջերս Խարտումում (Սուդան) ավարտված Արաբական Պետությունների Ընկերակցության ամենամյա գագաթաժողովում այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ամր Մուսան, պատասխանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին, հայտարարեց, որ «ՀԱՄԱՍ»-ը այդ գործում վարում է հավասարակշռված քաղաքականություն:
Ի մի բերելով ասվածը, կարելի է հետևություն անել, որ «Անվտանգություն` տարածքների դիմաց» բանաձևը կհանգեցնի նրան, որ երբ Իսրայելի կողմից տարածքային զիջումները կախվածության մեջ կդրվեն մահմեդական սրբատեղերի վերաբերյալ պաղեստինյան փոխզիջումներից, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի բանակցությունների մասնակիցների շրջանակի ընդլայնմանը: Մասնավորապես, բանակցող կողմերից մեկը հարկադրված է լինելու իրականացնել պանարաբական, նույնիսկ, պանիսլամիստական քաղաքականություն: Ակնհայտ է, որ դա տվյալ դեպքում կուժեղացնի պաղեստինյան ղեկավարության ազդեցությունը, միաժամանակ սահմանափակելով նրա ճկունությունը բանակցային գործընթացում:
Մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել նաև Իսրայելում: Այսպես, Կնեսետի ընտրությունների նախաշեմին Ամոն փոքրիկ բնակավայրում տեղի ունեցավ իսրայելցի զինվորականների «քարկոծում» իրենց արյունակիցների կողմից: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ դեպքերը տեղի են ունենում արաբական բնակավայրում, այլ ոչ թե հրեական, և ասես թե ականատեսն ես դառնում ահաբեկչական հերթական ակտից հետո հատուցման գործողությանը: Բայց քարեր նետողները հրեաներ էին, որոնք, թվում է, թե կազմակերպել էին սեփական «ինտիֆադան»` պաղեստինցիներից ընդօրինակելով ռազմական գործողությունների իրականացման փորձը: Հրեաները պաշտպանում էին իրենց տները, իրենց հողը ճիշտ այնպես, ինչպես դա անում են պաղեստինցիները: Հազարամյա դեգերումներից հետո հրեաները հատուկ վերաբերմունք ունեն հող ասածի նկատմամբ, որը նրանց պատկերացումով դարձել է փոքր հայրենիք: Հենց դրանով կարելի է բացատրել այն ցասումը, որով նրանք պաշտպանում էին Ամոնն իրենց իսկ ցեղակիցներից, ովքեր, նրանց համոզմամբ, գործում էին, ելնելով թշնամի պաղեստինցիների շահերից` «Ճանապարհային քարտեզ» ծրագրի շրջանակներում: Արդյունքում սպանվեցին երկու ոստիկան, շուրջ 200-ը ծանր վիրավորվեցին: Ամոնի բնակիչների դեմ իրականացված գործողություններում ներգրավված էին շուրջ 2000 զինվոր և ավելի քան 3000 ոստիկան: Նրանց դիմակայում էին 3000 հրեա արմատականներ, աջ ծայրահեղականներ, որոնց կարելի է համարել ահաբեկիչներ, եթե դատելու լինենք միջադեպի արյունալի արդյունքներից:
Հատկանշական է, որ Ամոնում տեղի ունեցած այրունահեղության ճիշտ այդ նույն օրերին Իսրայելում իշխող ազատականները («Կադիմա» կուսակցությունից) ընդունեցին աննախադեպ որոշում` 28 պաղեստինցիների փոխհատուցել յուրաքանչյուրին 100 հազարական դոլար այն պատճառով, որ նրանք չգործած հանցանքի համար մեկ և ավելի տարիներ են անցկացրել իսրայելական բանտերում:
Ինչպե՞ս կտրել տասնյակ տարիներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան արյունածոր հակամարտության «գորդյան հանգույցը»: Վերհիշենք տաս տարվա վաղեմության դեպքերը:
1995թ. նոյեմբերի 4-ին սպանվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Իցհակ Ռաբինը: Համայն աշխարհը դիտում կամ մասնակցում էր նրա թաղման արարողությանը: Հորդանանի թագավոր Հուսեյնի համար թաղման արարողությանը մասնակցելը պաշտոնական առաջին այցն էր Իսրայել, իսկ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակի համար` ընդհանրապես առաջին այցելությունը հրեական պետություն: Ողբում էին և՜ հրեաները, և՜ մահմեդականները, և՜ քրիստոնյաները: Վշտակցում էին բոլոր նրանք, ում խորթ չէին մարդասիրությունն ու կարեկցությունը:
1996թ. սեպտեմբերի 25-ին «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներից մեկը` Հալեդ Մաշաալը Ամմանում (Հորդանան) երկու անձանց կողմից հարձակման ենթարկվեց, երբ դուրս էր գալիս ավտոմեքենայից: Հարձակվողներից մեկը Մաշաալի գլխին (ականջի ետևում) սեղմեց արծաթագույն մի գործիք և կաթվածահարող թույն ներարկեց: Մաշաալի թիկնապահները բռնեցին հարձակվողներին և հանձնեցին հորդանանյան ոստիկանությանը, որը պարզել էր, որ նրանք Իսրայելի գործակալներն են: Հորդանանի թագավոր Հուսեյնը, թերևս, լինելով արաբական աշխարհում Իսրայելի լավագույն բարեկամներից մեկը, կանգնած էր վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եզրին: Բենիամին Նետանյահուն, այն ժամանակվա Իսրայելի վարչապետը, անձամբ մեկնել էր Ամման, որպեսզի իր ներողությունը հայտնի կատարվածի համար, սակայն Հորդանանի թագավորը հրաժարվել էր նրան ընդունել: Հուսեյնը հայտարարել էր, որ եթե Մաշաալը մահանա, ապա իսրայելական գործակալները կկանգնեն բաց դատարանի առաջ և կախաղան կհանվեն: Ի վերջո, Նետանյահուն հակաթույն էր ուղարկել և «ՀԱՄԱՍ»-ի ներկայիս քաղաքական առաջնորդի կյանքը փրկվել էր: Իսրայելը համաձայնվեց նաև ազատ արձակել ահաբեկչության մեջ մեղադրվող 70 պաղեստինցիների: Նրանց թվում էր «ՀԱՄԱՍ»-ի հոգևոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինը, որը զոհվեց անցյալ տարի` իսրայելական հռթիռակոծության ժամանակ:
Այդ նույն 1996թ. հորդանանցի հոգեկան հիվանդ զինվորականը սպանել էր 7 իսրայելցի աշակերտուհիների: Ի տարբերություն մերձավորարևելյան այլ ղեկավարների, Հորդանանի թագավորն արդարացում չփնտրեց. նա մեկնեց Իսրայել, հանդիպեց զոհվածների ծնողներին, ծնկաչոք աղոթեց նրանց հետ, ապաշխարեց իր երկրի անունից և ցավակցություններ հայտնեց: Բարի կամքի այս արտահայտությունը խոր իմաստ ուներ, որովհետև ցույց տվեց հոգատարությունը և հարգանքը մարդկային ցանկացած կյանքի նկատմամբ, կարևոր չէ` արաբի, թե իսրայելցու: Դա ընդամենը մեկ արարք էր, որը, սակայն, խորհրդանշեց Մերձավոր Արևելքում ծանրացած ճակատագրական բոլոր խնդիրների հանգուցալուծման ուղին:
1998թ. Պաղեստինի և Իսրայելի միջև Ուայ-ռիվերյան հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ Մոհամմեդ Մարգարեի արյունակից ժառանգներից` Հորդանանի թագավոր Հուսեյնը Սպիտակ տուն կատարած իր պաշտոնական վերջին այցելության ժամանակ ելույթ ունեցավ (առանց նախօրոք պատրաստված տեքստի)` նշելով, որ անհրաժեշտ է վերջ դնել մահվան, ավերելու և ոչնչացնելու «մշակույթին» և աշխարհում գտնել այն տեղը, «որը հարիր է մեզ, մեր ժողովուրդներին, մեր սերունդներին, Աբրահամի (Ավրաամի) որդիներին` միավորված պաղեստինցիներին և իսրայելցիներին»:
Այս բառերը հատկապես արդիական են այսօր բոլորիս համար: Կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ադրբեջանական ներկայիս ղեկավարությունն ականջ դնի Մոհամմեդ Մարգարեի արյունակից ժառանգի խորհուրդներին և հրաժարվի ռազմատենչ ու բռնություն հրահրող վտանգավոր ճարտասանությունից: Իսկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն էլ իր լուման ներդնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային իրավական ճանաչման հարցի արագացման գործում: Հանրապետություն, որն արդեն 16 տարի ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավական նորմերին համաձայն ինքնորոշվել է և դե-ֆակտո անկախ է: Միջազգային հեղինակավոր կառույցների կողմից նման մոտեցումների և դրանք կյանքի կոչելու քաղաքականություն վարելու պայմաններում միայն ի զորու կլինենք կանխել Հարավկովկասյան տարածաշրջանի վերածումը նոր Պաղեստինի:
Հռոմեական Սենատում Կատոն Ավագը որպես կանոն իր ելույթներն ավարտում էր «Այնուամենայնիվ, Կարթագենը պետք է կործանվի» խոսքերով: Նրա երազանքը կատարվեց, Կարթագենը կործանվեց: Ահա, մենք ևս, համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի համաշխարհային հանրության կողմից, և որ այդ ճանաչման սկիզբը կդնի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:
Արտաշես Գեղամյան
Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/ քրիստոնյա դեմոկրատներ
Ստրասբուրգ, 11 ապրիլի 2006թ.
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
24 փետրվարի 2006 թ., Վիեննա
ԱՇԽԱՐՀԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԱՄԵՆԵՎԻՆ ՈՉ ՀԵՐՈՍՆԵՐ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՈՉ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐ
Հարգելի գործընկերներ, ցավում եմ, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորն այնքան ցածրացավ, որ այստեղ, այս հեղինակավոր լսարանում, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի 55 երկրների ներկայացուցիչների ու մահմեդական երկրներից հրավիրված բազմաթիվ հյուրերի ներկայությամբ վիրավորեց Եվրամիությանը և Եվրախորհրդարանին ըստ էության մեղադրելով նրանց զրպարտության մեջ: Կարծում եմ, որ Եվրամիության երկրների պատվիրակները պատշաճ ձևով կարձագանքեն այդ ծանր, բայցև անհիմն մեղադրանքին, ըստ որի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարների ոչնչացումը (որի մասին իր ելույթում անդրադարձավ հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը) հայկական քարոզչության հորինվածք է: Փաստորեն ադրբեջանցի խորհրդարանականը կշտամբեց Եվրախորհրդարանին 2006 թ. փետրվարի 16-ին «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա բանաձև ընդունելու համար:
Այժմ շարունակեմ ելույթս ըստ քննարկվող հարցի էության:
Հարգելի գործընկերներ: Այսօր խնդրո առարկա հարցը հույժ արդիական է աշխարհի ճակատագրի համար, և դա չափազանցություն չէ: Կարևոր է գտնել հետևյալ հարցի անկողմնակալ պատասխանը. ինչպիսի՞ արմատներ ունեն իրենց տակ իրադարձությունները, որոնք ցնցեցին մահմեդական աշխարհը դանիական օրաթերթում պատվելի Մուհամեդ մարգարեի հասցեին ծաղրանկարների տպագրումից երեք ամիս անց, ինչպիսի՞ երևույթի հետ մենք գործ ունենք:
Ի՞նչ է դա. խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ առկա համաշխարհային ճգնաժամ, թե՞ միջքաղաքակրթական բնույթի խոր հակասությունների արտացոլում: Միգուցե դա քրիստոնեական, հրեական և մահմեդական դավանանք կրող երկրների միջև խաղաղ համագործակցության ճգնաժամի հետևա՞նք է: Փորձենք համակողմանի վերլուծել ստեղծված իրավիճակը:
Այսպես, 1993 թ. «Foreign Affairs» ամսագիրը տպագրեց Սեմյուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» («The clash of civilizations») հոդվածը: Կարճ ժամանակ անց այն հրատարակվում է առանձին գրքով և դառնում քաղաքական բեսթսելլեր: 10 տարի անց, 2002 թ. նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի խորհրդական, 1992 և 1996 թթ. Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Պատրիկ Բյուքենենը հրատարակում է «Արևմուտքի մահը» («The Death of the West») գիրքը: Արդեն 1 տարի անց այն վերահրատարակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվս մեկ տարի անց ֆրանսիացի հեղինակ Էմանուել Թոդդը հրատարակում է «Կայսրությունից հետո. Pax Americana- վերջի սկիզբը» աշխատությունը, որը Եվրոպայում և ԱՄՆ-ում ամենաքննարկվող գրքերից մեկը դարձավ: Ճիշտ այդ նույն ժամանակ, Իրանի արդեն նախկին նախագահ Մոհամադ Խաթամին ելույթ է ունենում «Քաղաքակրթությունների երկխոսություն» բանավիճային մտահոգիչ հոդվածով:
Տարբեր աշխարհընկալումներ ունեցող տարբեր հեղինակներ իրենց վերլուծություններում աշխարհում վտանգավոր զարգացումներ են կանխատեսում:
Այս խորիմաստ վերլուծություններում արծարծվում են խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի ճգնաժամի, ինչպես նաև արևմտյան ժողովրդավարության ու մահմեդական աշխարհի միջև օրեցօր խորացող հակասությունները: Այսօր մենք ականատես ենք, երբ խոսքի ազատությունն իր ժամանակակից դրսևորումներով անհաշտ բախման մեջ է մտել մահմեդական մեկնաբանմամբ արդարության գաղափարի հետ:
Մեր կարծիքով, ի հայտ եկած խոսքի ազատության համաշխարհային ճգնաժամը պայմանավորել դանիական օրաթերթում զետեղված ծաղրանկարների հանգամանքով խիստ միակողմանի բնույթ կկրի: Ակնհայտ է, որ այստեղ դիտարկվող երևույթը ոչ այնքան խոսքի ազատության ճգնաժամի մասին է վկայակոչում, որքան դրա դրսևորման ոչ ազատ, այլ ընտրողական բնույթ ունենալու մասին: Դա ակներև է դառնում անգամ համաշխարհային հեռուստալրատվական ծանրակշիռ և առաջատար գործակալությունների հաղորդումներից:
Այսպես, տեղեկատվական առաջատար գործակալությունները լայնորեն լուսաբանում էին նախանցյալ տարվա ամռանը Ուզբեկստանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Նրանց ուշադրությունից չվրիպեց նաև ղըրղզական վարդակակաչների հեղափոխությունը: Ցավոք, այդ նույն հեռուստաալիքները բացարձակապես չարձագանքեցին, երբ 2005 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավերվում էին Նախիջևանի Հին Ջուղայի հայկական քրիստոնեական գերեզմանատան IX-XVII դդ. ճարտարապետաշինության փոքր հուշարձանները:
Քիչ չեն խոսքի ազատության դրսևորման հանդեպ ընտրողական մոտեցման և այլ օրինակները: Այսպես, համաշխարհային հեռուստաալիքները լայնորեն լուսաբանում էին վարդերի և նարնջագույն հեղափոխությունները Վրաստանում և Ուկրաինայում: Մինչդեռ նրանք բացարձակ անուշադրության մատնեցին Երևանում տեղի ունեցող և շուրջ մեկ շաբաթ չդադարող 150 հազարանոց բողոքի ցույցերը: Ցույցեր, որոնք 2003 թ. փետրվարին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ կատարված զանգվածային ընտրակեղծիքների հետևանք էին: Արդեն այն ժամանակ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության գիտակցության մեջ լուրջ կասկածներ ծնվեցին ԵԱՀԿ անդամ պետություններում խոսքի ազատության հանդեպ ընտրողական մոտեցումների վերաբերյալ:
Ակնառու էին երկակի ստանդարտները խոսքի ազատության իրականացման հարցում:
Միգուցե Հայաստանի քաղաքացիների ընկալումները չլինեին այդքան ցավոտ, եթե նրանք վկաները չդառնային նախագահական և Ազգային ժողովի ընտրություններից առաջ միակ, իրականում անկախ «Ա1+» հեռուստաալիքի փակմանը: Հեռուստաալիք, որը պարիտետային սկզբունքով եթերային ժամանակ էր տրամադրում ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը և անկախ փորձագետներին: Լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի իշխանություններն արհամարհեցին ԵԱՀԿ և ԵԽԽՎ կողմից ընդունված մի շարք բանաձևերն ու պարտավորեցնող հանձնարարականները «Ա1+» հեռուստաալիքի աշխատանքների վերականգնման մասին:
Ավելին, վերջերս Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին Հանրապետությունում հյուրընկալվեցին ԵԱՀԿ ԽՎ հարգելի նախագահ Էլսի Հաստինգսը և ԵԽԽՎ հարգելի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Բարձրաստիճան երկու հյուրերն էլ գտնվելով Հայաստանում, բազմիցս նշեցին հեռուստատեսային եթերաժամերի տրամադրման հավասար հնարավորությունների ապահովման պարտադիր լինելը ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար: Ավա՛ղ, նույնիսկ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից հետո էլ հայաստանյան ոչ մի հեռուստաալիք այդպես էլ ոչ մի րոպե եթերաժամ (այդ թվում նաև` վճարովի) չտրամադրեց Հայաստանի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցության` «Ազգային Միաբանության» պատգամավորներին:
Հայաստանի ժողովուրդը, ինչպես Ալեքսանդր Պուշկինը «Բորիս Գոդունով»-ում էր գրել, լռում է: Միևնույն ժամանակ, մարդիկ սկսեցին լրջորեն մտորել առ այն, որ Հայաստանի իշխանությունները ցուցադրաբար արհամարհեցին ԵԱՀԿ և Եվրախորհրդի ղեկավարության համառ հորդորները: Այո, մենք իրավասու ենք այստեղ խոսել ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շրջանակներում խոսքի ազատության լուրջ ճգնաժամի մասին:
Գործը հասնում է անհեթեթության: Հայաստանի Հանրային և այլ խոշոր հեռուստաընկերություններին արգելված է ցուցադրել ԵԽԽՎ լիագումար նիստերում ունեցած իմ ելույթները, ինչպես դա տեղի էր ունեցել 2004-2005 թթ. և այնպես էլ վերջերս` 2006 թ. հունվարի 26-ին (ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում):
Կարծում եմ, որ ԵԱՀԿ և Եվրախորհրդի կողմից ընդունած սեփական բանաձևերի ու հանձնարարականների իրագործման հարցում դրսևորած անհետևողականությունը վերջին դերը չի խաղում առանձին վերցրած պետությունում խոսքի ազատության ճգնաժամի խորացման գործում: Իսկ առանձին երկրներում առկա ճգնաժամերը իրենց ամբողջության մեջ, իհարկե, հանգեցնում են խոսքի ազատության նկատմամբ համաշխարհային ճգնաժամի:
Խոսքի ազատության և կրոնական արժեքների նկատմամբ հարգանքի ճգնաժամի ակունքները, պատճառները կրոնական տարբերությունների մեջ չեն: Դրանց արմատները, կարծում եմ, այլ տեղ են. մահմեդական աշխարհը չի ընկալում ժողովրդավարության արևմտյան այն չափանիշները, որոնք, իրենց առօրյա արտահայտչաձևերով, մեր պարագայում մերժելի ծաղրանկարների տպագրությամբ, սուր հակասության մեջ են մտել Իսլամի մեկնաբանությամբ Արդարության գաղափարի հետ:
Մեր խնդիրն է միավորել, մոտեցնել հակամարտության վտանգավոր անդունդ սողացող քաղաքակրթությունների համար առանցքային հանդիսացող Արդարություն և Ազատություն փիլիսոփայական հիմնախնդիրները: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է մշտապես դատապարտել խոսքի ազատության իրական էությունը գործնականում նենգափոխողներին: Կարևոր եմ համարում նաև մերկացնել այն մարդկանց, ովքեր «Արդարության» դրոշի ներքո շահադիտորեն և կանխակալ ձևով են կյանքում գործում:
Այս ամենը խիստ կարևոր ենք համարում, որպեսզի ի սկզբանե բացառենք ցինիկության այնպիսի գործելակերպը, երբ ադրբեջանական հեռուստատեսությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հերոսացվում է ակնհայտ մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Որպեսզի անհնար լինի լռության մատնել հայկական քրիստոնեական Նեկրոպոլի անարգումը, այդ թվում նաև միջազգային տեղեկատվական առաջատար հեռուստաալիքների կողմից:
Խորհենք միասին, ինչպիսի՞ աշխարհում ենք մենք ապրում և ո՞րն է մեր անձնական պատասխանատվությունը մարդկանց ճակատագրերի հանդեպ: Ինքնաքննադատաբար, անկողմնակալ վերլուծենք մեր գործողությունները և ԵԱՀԿ շրջանակներում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկենք գլոբալիզացիայի մարտահրավերները դիմակայելու համար: Հակառակ դեպքում գալիք սերունդները մեր դարաշրջանը բնութագրելիս կասեն. աշխարհը ղեկավարում էին ամենևին ոչ հերոսներ, առավել ևս ոչ իմաստուններ: Հիրավի, ցավալի է դրա գիտակցումը…
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ