ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ռոտերդամ, 8 հուլիսի 2003 թ.)

Հարգելի պարոն Նախագահ, հարգելի գործընկերներ, մինչ «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու մասին զեկույցի» նկատմամբ իմ վերաբերմունքն արտահայտելը, որով ելույթ ունեցավ պրն Ջովանի Կեսլերը, ցանկանում եմ հայտարարել, որ ես արմատական ընդդիմություն եմ Հայաստանի նախագահին, ինչում դուք շատ շուտով կհամոզվեք: Բայց դրա հետ մեկտեղ, ես ցանկանում եմ իմ լիակատար գոհունակությունն արտահայտել այն սկզբունքային գնահատականների վերաբերյալ, որոնք հնչեցին հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ելույթում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականության առնչությամբ:

Հարգելի գործընկերներ, սույն թվականին կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի և խորհրդարանի ընտրությունները: Օգտվելով առիթից, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ԵԱՀԿ, Եվրախորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի դիտորդական առաքելությունների անդամներին: Նրանք մեզ շատ օգնեցին: Նրանց ներկայության անհրաժեշտությունը հատկապես սուր զգացին նախագահի թեկնածուները, այդ թվում և` ձեր խոնարհ ծառան, ում առաջին փուլի տվյալներով, տրվել էին ընտրողների 17,6 տոկոս ձայները: Նախագահական ընտրությունների ավարտից հետո կայացան խորհրդարանական ընտրությունները, որով և ավարտվեցին հակասահմանադրական հեղաշրջումը ու իշխանության բռնազավթումը, իսկ այդ գործընթացի սկիզբը` դրվել էր 2003թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում: Ընտրական օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի զանգվածային խախտումներ, այսպիսին է նախագահական ընտրությունների առաջին փուլի գնահատականների էությունը, ներգրավված էր դիտորդական առաքելությունների զեկույցներում: Սպառիչ միջոցների կիրառում` օրենքի կոպիտ ոտնահարումներ թույլ չտալու համար, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում, այս պահանջներն էին արտահայտում ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Հայաստանի իշխանություններին տրված անհետաձգելի հանձնարարականների հիմնական բովանդակությունը: Երկրորդ փուլի ընթացքում նշյալ հանձնարարականները Հայաստանի իշխանությունների կողմից ցինիկ կերպով արհամարվեցին: Երկրորդ փուլի արդյունքները ևս կոպտորեն կեղծվեցին: ԱՊՀ դիտորդական առաքելության դիտորդների կողմից նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի համար տրվեցին (վերոհիշյալ առաքելությունների գնահատականներից-խմբ.) տրամագծորեն տարբեր գնահատականներ: Նրանց սրտաշարժ և բարեհոգի հետևությունները հանրապետության լայն հասարակայնության աչքում վարկաբեկեցին Անկախ պետությունների համագործակցությունը: Իր իրավունքներում խաբված, ստորացված և վիրավորված ժողովրդի ցասման պոռթկումն իրեն երկար չսպասեցրեց: Իշխանությունների ապօրինություններին Հայաստանի քաղաքացիները պատասխանեցին 150-200 հազարանոց հանրահավաքներով և բողոքի ցույցերով: Ի պատասխան հետևեցին հազարավոր մարդկանց անօրինական ձերբակալությունները, վարչական կալանքները և տուգանումները, որոնց հիմնական մեղքն իրենց սահմանադրական իրավունքի պաշտպանությունն էր:

Հայաստանի Հանրապետությունը կանգնեց քաղաքացիական պատերազմի շեմին: «Ազգային միաբանություն» կուսակցության չափավոր դիրքորոշումը կանխարգելեց արյունահեղությունը և եղբայրասպան պատերազմը Հայաստանում: Հատկանշական է, որ ընտրողների հարյուր հազարավոր ձայներ, որոնք տրվել էին այդ կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածուի օգտին, առավելագույն չափով գողացվել էին իշխանությունների կողմից: Այսպիսին էր Հայաստանում ընտրություններից առաջ և հոտո ընկած ժամանակահատվածը բնորոշող իրավիճակը: Իսկ հանրապետության իշխանությունները, զգալով իրենց կատարյալ անօրինական լինելը, նույն լկտիությամբ կեղծեցին նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Այստեղ պատմությունը դարձյալ կրկնվեց, բայց արդեն խորը ափսոսանք և մտահոգություն առաջացնելով: Հետևեցին ԵԱՀԿ, Եվրախորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի առաքելությունների դիտորդների օբյեկտիվորեն կոշտ գնահատականները (ինչպես և սպասվում էր` ԱՊՀ դիտորդական առաքելության բարեհոգի գնահատականները), համապատասխան անհետաձգելի հանձարարականներ և պահանջներ իջեցվեցին Հայաստանի իշխանություններին` ապահովել ԱԺ արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Դրան հետևեց վերոհիշյալ կազմակերպությունների հանձնարարականների հերթական, ցինիկ արհամարհանքը իշխանությունների կողմից: Մայիսի 25-ի ԱԺ ընտրությունները նույնպես կոպտորեն կեղծվեցին: Հայաստանի բնակչության գերակշիռ մասը տարակուսած է և արդարաբար հանգում է այն կարծիքին, որ ընտրությունների մոնիտորինգ իրականացնող կոնկրետ ազդեցիկ քաղաքական ուժերին, թերևս, ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանության նախագահական, գործադիր և օրենսդիր թևերը լեգիտիմ լինեն: Մտահղացումը պարզ է: Բնակչության լայն շերտերի վստահությունը չվայելող իշխանություններին ավելի հեշտ է կառավարել և օգտագործել: Այդպիսի սցենարը չարագուշակ արդիականություն է ստանում հաշվի առնելով այն սուր խնդիրները, որոնք կան Հարավային Կովկասում, և որոնց լուծումն օր-օրի ավելի հրատապ է դառնում: Չէ՞ որ արդեն կանխորոշված է, որ մոտ ապագայում անխուսափելիորեն պիտի կտրվի Հարավային Կովկասի խնդիրների գորդյան հանգույցը: Եվ դա անխուսափելիորեն էական դեր կխաղա գլոբալ մասշտաբներով: Ցավոք, հաշվի չի առնվում մի շատ ու շատ կարևոր համգամանք: Հայ ժողովուրդը չի պաշտպանի հանրապետության ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից ստորագրված պայմանագրերը: Այսպիսով, «Հայաստանում ընտրություններին հետևելու մասին զեկույցի» նման ձևով քննարկումը` կազմակերպված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից, ոչինչ` բացի խոր հիասթափությունից, առաջացնել չի կարող: Այն բացարձակապես ոչինչ չի տա հայ ժողովրդին, որը հույսով և հավատով ակնկալում է լսել ազատ ժողովրդավարական Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի արդար ձայնը: Այն, երևի, միայն թեթև վախ առաջացնի իշխանությունների մոտ, որոնք վերջին կես տարվա մեջ մեկ անգամ չէ, որ արհամարհել են ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ պետդեպարտամենտի հանձնարարականները: Իսկ ըստ էության կպատժվի հայ ժողովուրդը, որը, չնայած իր հինգհազարամյա պատմությանը, շարունակում է մնալ նորագույն պատմության նույն ռոմանտիկ ժողովուրդը: Ժողովուրդ, որը դեռևս չի կորցրել հավատը Հին և Նոր աշխարհի` իր հիմքում առաքինի ժողովրդավարության հանդեպ, որն իր ապագան տեսնում է ԵԱՀԿ անդամ երկրների ընտանիքի հետ և մեջ:

Իմ ելույթի ավարտին ցանկանում եմ մտքերս կիսել Ադրբեջանի իմ գործընկերների հետ, որոնք այս Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում մեկ անգամ չէ, որ շոշափեցին մեզ բոլորիս համար շատ ցավոտ Ղարաբաղյան հիմնախնդիրը` ձգտելով մրոտել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Ազնվորեն պատասխանեմ: Հայաստանում մենք խորը ցավ են տածում Ադրբեջանի բանտերում տառապող ավելի քան 700 քաղբանտարկյալների ճակատագրի հանդեպ: Բայց սրանում մենք տեսնում ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդի մեղքը, այլ` դժբախտությունը: Մենք մեծ ցավ ենք ապրում, երբ Եվրոնորություններով կամ CNN-ով ցուցադրում են դաժան կադրեր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանությունը ծեծի ենթարկում խաղաղ հավաքների մասնակից կանանց, ուսանողների, տարեց մարդկանց, և դա նույնպես ադրբեջանական ժողովրդի մեղքը չէ, այլ` դժբախտությունը, մեր ընդհանուր դժբախտությունը: Մենք ձգտում ենք աշխարհին նայել անգլիացի հումանիստ, գրող և բանաստեղծ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Բրյուսի հայրենակից Ջոն Դոնի աչքերով, որը դեռ 16-րդ դարում է ասել այս անմահ խոսքերը. «Չկա մարդ, որը կղզու նման լինի` ինքն իր համար: Յուրաքանչյուր մարդ մայրցամաքի մաս է, հողի մաս: Եվ եթե ալիքը քշի առափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, և նույնպես` եթե քշի հրվանդանի եզրն ու խորտակի ապարանքը քո, կամ ընկերոջը քո, ամեն մարդու մահ աղերսվում է ինձ ևս, քանզի ես մեկ եմ Մարդկության հետ, ուստի երբեք չհարցնես, թե ում մահն է գուժում Զանգը. այն գուժում է քո մահը»:

Կգիտակցի՞ մեր համաեվրոպական տունը, որ ուրիշի դժբախտությունը նաև իր դժբախտությունն է, ահա այդ ժամանակ 21-րդ դարը կդառնա ոսկե դար ողջ մարդկության համար: Շնորհակալություն ուշադրության և համբերության համար:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր