ՓՈՔՐԻԿ ԼՈՒՅՍ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
16.03.2010
Ներկայացվեց Կորյուն Առաքելյանի «Մայր իմ» ժողովածուն
24 տարեկանից նա պաշտոններ է վարել, օր ու գիշեր՝ զբաղված աշխատանքում, սակայն սրտի մի տաքուկ անկյունում մշտատև են եղել քնարերգուն, արվեստին նվիրյալը։ Ու գրականության, արվեստի հանդեպ նվիրվածությունն է դեպի ընթերցող ձգվող ճանապարհին գրողական երեք ժողովածու փռել, որոնցից վերջինի՝ «Մայր իմ» հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Հանդիսությունը կազմակերպել էին Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունները։
Բանաստեղծ և հասարակական, կուսակցական գործիչ Կորյուն Առաքելյանի նոր գրքին ու նրա ծննդյան 65-ամյակին նվիրված արարողությունն սկսվեց տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ասած «պահպանիչով», ով, փոխանցելով Ս. Էջմիածնի օրհնությունը, նաև ասաց, որ այս գիրքն ընթերցելուց հետո բոլորիս առջև բացահայտվում է աղոթող հեղինակը։
«Կորյուն Առաքելյանի հենց ազգանվան միջից է սկսվում իր առաքելությունը։ Ըստ արժանվույն են գնահատված նրա բարձր ծառայությունները Հայաստանի քաղաքական կյանքում»,-հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ներկա ժողովածուն համարելով սխրանք, քանի որ Հովհաննես Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գրքից հետո մոր մասին ժողովածու հրատարակելն, իրոք, սխրանք է։ «Գիրքը նվիրված է մորը, բայց այդ մայրը ամբողջացված է նաև որպես հայրենիք, լեզու, աստվածային սկիզբ՝ հեղինակի ազնիվ ապրումով ու պաշտամունքով»,-ասաց նա։
«Այս մեդալը գտել է իր ճշմարիտ հասցեատերերից մեկին, սակայն, նաև տրվում է նոր գրական բարձունքներում հետագա ճակատամարտեր նվաճելու համար»,-այնուհետև հայտարարեց Լ. Անանյանը՝ Կ. Առաքելյանին պարգևատրելով ԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով։
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Կ. Առաքելյանին պարգևատրեց նախարարության ոսկե մեդալով, մարդու իրավունքների միջազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանևը՝ «Ս. Մաշտոց» հասարակական կազմակերպության «Կաթողիկոս Վազգեն Ա», ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը՝ գրադարանի «Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ» մեդալներով։
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
14.09.2002
Իսկ դրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը
Քանի դեռ տասնվեցյակը զբաղված է խորհրդի նիստեր գումարելով, որպեսզի միասնական ծրագիր մշակի, հանկարծ նրանցից մեկը` Արտաշես Գեղամյանը, մյուսի (ՍԻՄ-ի) պաշտոնաթերթում հրապարակում է հակաճգնաժամային ծավալուն ծրագիր և Ազգային ժողովում կոչ է անում 16-յակի իր գործընկերներին հայտնել իրենց ունեցած դիտողություններն ու սկզբունքային անհամաձայնությունները: Տպավորություն է ստեղծվում, որ Գեղամյանը շտապում է միասնական թեկնածուի դեր ստանձնել, և կեցվածքն էլ կարծես հերթական «եկայք առ իս»-ն է ասում: «Բացարձակ էդպես չէ, դա միջին տարածության մրցավազք չէ,- ասում է Գեղամյանը,- էստեղ առաջ ընկնելու խնդիր չկա, այլ առաջնայնության»: ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը գտնում է, որ կա առաջ ընկնելու խնդիր, ինչպես որ 1996-ին միասնական թեկնածու դարձավ նա, ով առաջ ընկավ. «Գաղտնիք չէ, որ Գեղամյանը բարձր ռեյտինգ ունի ընտրողների շրջանում և փորձում է այդ ռեյտինգն ամրապնդել»: Ինքը` Ա.Գեղամյանը, ընտրություններից այսքան առաջ ծրագիր հրապարակելը մեկնաբանում է նրանով, որ գարնանը ընտրողներին խոստացել էր աշնանը նրանց ներկայացնել հակաճգնաժամային ծրագիր և ահա կատարել է:
Շավարշ Քոչարյանը (ԱԺԿ), Արշակ Սադոյանը (ԱԺԴ), Հրանտ Խաչատրյանը (ՍԻՄ) դեռևս ծանոթ չէին ծրագրին, բայց բնավ խանդով չէին վերաբերվում դրա շուտափույթ հրապարակման փաստին: Բոլորն էլ կարծում էին, որ ինչքան շատ ծրագիր հրապարակվի, այնքան լավ: Իրենք ունեն իրենց ծրագրերը` բուկլետների տեսքով, բայց լայն հրապարակման պատրաստում են միայն նախընտրական շրջանում: «Թող բոլորն էլ հրապարակեն իրենց ծրագրերը: Միավորումը կհամադրի, կընտրի ընդհանուր հատվածներ: Սա լուրջ գործընթաց է, որ ամիսներ կտևի»,- ասաց Ա.Սադոյանը, իսկ Շ.Քոչարյանը գոհունակություն հայտնեց. «Մեր ցավը դրանում է, որ խոսքեր կան, ծրագրեր չկան»: Ա.Սադոյանը առաջ ընկնելու միտում չէր տեսնում. «Եթե ՀԺԿ-ն երկու տարի առաջ է հրապարակել իր ծրագիրը, ուրեմն վաղո՞ւց է առաջ ընկել»: Իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիճյանը շտապում էր, խոստացավ երկուշաբթի օրը հայտնել տեսակետ, միայն ասաց, որ դեռ չի ուսումնասիրել ծրագիրը: Հրանտ Խաչատրյանն էլ գտնում է, որ Գեղամյանի հրապարակումը ոչ մի կերպ չի խախտում միավորման ներքին պայմանավորվածությունները, ազատ կուսակցություն է, ազատ քաղաքական գործիչ: «Իհարկե, որոշ մեկնաբանություններ դեռ շուտ էր անել»,- ասաց Հ.Խաչատրյանը` չմասնավորեցնելով թե որ մեկնաբանությունների մասին է խոսքը, քանի դեռ չէր կարդացել ծրագիրը: ՍԻՄ առաջնորդը նաև չգիտեր «Իրավունքում» տպագրվելու սկզբունքը, բայց Գեղամյանից իմացանք, որ թերթի հաշվին 100.000 դրամ է փոխանցել` պետականորեն 5 տոկոսը հաղթահարած կուսակցություններին տրամադրված միջոցներից:
Подробнее...