ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

22 հոկտեմբերի 2005 թվ.

 

Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի տարածքային, կազմակերպություններից համագումարի աշխատանքներին մասնակցում են 727պատգամավորներ, 11-ը բացակայում են հարգելի պատճառով:

Ներկայացուցիչների խորհրդի կողմից առաջադրվել են գործնական նախագահության, քարտուղարության, խմբագրական հանձնաժողովի և մանդատային հանձնաժողովի կազմերը: Ձևականությունների հետևից չընկնելու համար, եթե առարկություններ չունեք թույլ տանք, որպեսզի առաջադրված ընկերներն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը:

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում համագումարի հետևյալ օրակարգը:

1. Հանրապետությունում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը և «Ազգային Միաբանություն կուսակցության» խնդիրները

Զեկ. կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան

2. Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը:

Զեկ. Սոնյա Գասպարյան

3. «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:

Համագումարը Արտաշես Մամիկոնի Գեղամյանին վերընտրեց կուսակցության նախագահ: Կուսակցության առաջին փոխնախագահ վերընտրվեց Ալեքսան Համբարձումի Կարապետյանը, փոխնախագահներ ընտրվեցին Կորյուն Վարդանի Առաքելյանը, Սարգիս Գևորգի Մուրադխանյանը, Գագիկ Աղասու Թադևոսյանը: Համագումարը ընտրեց կուսակցության 20 հոգուց բաղկացած նախագահություն.

Նախագահության կազմը

1. Գեղամյան Արտաշես

2. Կարապետյան Ալեքսան

3. Առաքելյան Կորյուն

4. Մուրադխանյան Սարգիս

5. Թադևոսյան Գագիկ

6. Ադամյան Ինեսա

7. Դավթյան Միսակ

8. Բեկթաշյան Վլադիմիր

9. Ղռաթյան Սոյրաբ

10. Սեմերջյան Հարություն

11. Մելիք-Փաշայան Ալեքսանդր

12. Պլուզյան Էդիկ

13. Նիկոլյան Համլետ

14. Գասպարյան Սոնյա

15. Խաչատրյան Նորիկ

16. Մնացականյան Ռոմեն

17. Արևշատյան Վիլեն

18. Պետրոսյան Մարիետա

19. Ռևազյան Արամ

20. Զաքարյան Անուշավան

 

Արտաշես Գեղամյանի հաղորդումը ԱՄԿ 5-րդ համագումարում

22.10.2005


 

Սիրելի ժողովուրդ, մեր այս փոթորկահույզ օրերում չափազանց դժվար է ելույթ ունենալ, այն էլ հաճախակի, այսպիսի պատկառելի լսարանի առաջ այն առումով, որովհետև վտանգ կա, որ կարող ես կրկնվել: Խոստովանեմ, մտածում էի, այսօր մեր համագումարը, եթե ունենա իր կարգախոսը կամ նշանաբանը, ո՞րը պետք է լինի:

Ամենայն ուշադրությամբ նայել եմ հայկական տարբեր հեռուստաալիքների վերլուծական ամենօրյա ծրագրերը, ուշադրությամբ հետևել եմ պարբերականներին, դրանց հրապարակումներին: Ավա՜ղ, այդպես էլ դրանցում չգտա նշանաբանը: Բայց արդեն իսկ նման իրավիճակների համար փորձված ելքեր կան: Մտովի տեղափոխվեցի Հին Հունաստան, մեկ անգամ ևս ընթերցեցի, վերընթերցեցի ինձ առավել հոգեհարազատ Պլատոնի, Սոկրատեսի, Դիոգենեսի, Արիստոտելի՝ դարերի հորձանուտում իրենց արդիականությունը չկորցրած գործերը: Ընթերցեցի նաև մի շարք պոետների, լինի դա հին հունական էպիկական հրաշք էպոսների տեր Հոմերոսը, լինեն հին հռոմեացիներ Վերգիլիոսը, թե Օվիդիոսը, ինչու չէ ընթերցեցի նաև պատմիչներին՝ Հերոդոտին, Ստրաբոնին, մեր Եղիշեին, քերթողահայր Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, նաև մեր դարաշրջանին մի քիչ ավելի մոտ, 19-րդ դարի պատմիչներին՝ Սոլովյովին, Կլյուչևսկուն: Հիմա չստացվի, որ ընթերցածս եմ ուզում Ձեզ հաղորդել: Ի վերջո, գտա նշանաբանը և այն էլ Հորացիոյի մոտ: Խոսքս Համլետի ընկեր Հորացիոյի մասին չէ (խոսքն էլ Հարությունյան Համլետի մասին չէ, այլ Շեքսպիրի Համլետի), այլ հռոմեական բանաստեղծի, որը ժամանակակիցն էր Հուլիոս Կեսարի, Օգոստոս կայսրերի: Եվ այնտեղ զարմանահրաշ ու այսօրվա համար էլ խիստ արդիական տողեր գտա: Եվ այդ տողերը հետևյալն են. «Ո՞րն է օգուտը զուր գրված օրենքներից այնտեղ, ուր չկան բարքեր: Ի՞նչ կնշանակեն փուչ օրենքներն առանց ադաթների: Ի՞նչ կնշանակեն օրենքներն առանց բարքերի, ի՞նչ կնշանակեն բարքերն առանց հավատի»: Ճիշտ և ճիշտ այսօրվա մեր քաղաքական իրավիճակի բնութագրականն է, որի պայմաններում գրվել է նոր Սահմանադրություն, բայց ուր բարքեր չկան: Եթե անգամ իսկ այդ բարքերը կան, ապա դրանք թղթի վրա են: Եվ այդ բարքերը մեր հավատքից չեն գալիս: 20 և կես դար առաջ գրված տողեր են: Բայց կարծես թե Հորացիոն այսօր Հայաստանում է ապրում, ասես թե նա ականատեսն է այն թշվառության, մտքի թշվառության մասին է խոսքը, իշխանությունների ինքնագոհության խրախճանքին, որը ծավալվել է թե հեռուստատեսությամբ, թե մամուլով, թե հենց այս նույն դահլիճում օրեր առաջ, երբ փորձում էին բարքերի իսպառ բացակայության պայմաններում, հավատքի իսպառ կորստի ոտնահարման պայմաններում վզներովս նոր օրենք փաթաթել:

Ուստի, Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ստույգ գնահատականը տալու համար վերհիշենք 2003 թվականի իրադարձությունները, որովհետև այսօրվա իրավիճակը մեծապես պայմանավորված է 2003 թվականով, իսկ եթե ուզում եք ավելի ճշգրիտ լինեմ՝ 2002 թ. ամառային ամիսներով: Եվ, այսպես, ի՞նչ տեղի ունեցավ այն ժամանակ: 2002 թ. «Ազգային Միաբանություն կուսակցությունը» «Հանրապետություն» կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ եկան պայմանավորվածության, որ այս իշխանությունների բեռը թոթափելու համար պետք է ստեղծվի միասնական ճակատ: Բոլոր խնդիրները ճշգրտված էին, կրկնում եմ, խոսքը 2002 թվականի ամռան մասին է: Այնուհետև վերջին րոպեին միացավ ևս մեկ քաղաքական ուժ: Եվ սեպտեմբերին, երբ գործուղման մեջ էի Հարավաֆրիկյան Հանրապետությունում (գործուղումս, բնականաբար, Ազգային ժողովից չէր, այլ համաշխարհային պառլամենտական անկախ կազմակերպություն կա, ուր ներգրավված են 105 երկրների պառլամենտականներ, «Պառլամենտականներ՝ գլոբալ գործողության համար», այդպես է այդ կազմակերպությունը կոչվում), ընկերներս հեռաձայնեցին Յոհաննեսբուրգ և հաղորդեցին, որ եռյակի, այն է՝ «Ազգային Միաբանություն կուսակցության», «Հանրապետություն» կուսակցության և Հայաստանի Ժողովրդական կուսակցության, առաջարկն այնքան գրավիչ և հրապուրիչ է եղել, որ տասնյակ ուժեր են ուզում միանալ և պատրաստ են դնել իրենց ստորագրությունը, ավելին՝ շատերը ստորագրություններն արդեն իսկ դրել են եռյակի հռչակած սկզբունքների ներքո: Եվ 3 կուսակցություններն ընդարձակվեցին, դարձան 16:

Այնուհետև թևակոխեցինք նախագահական ընտրությունների փուլը: Կրկնում եմ, բոլոր հարցերը եռյակում ճշգրտված էին: Նախագահական ընտրությունների նախաշեմին պայմանավորվածությունները փոքր-ինչ խախտվեցին: Ընդդիմադիր ընդհանուր ճակատը բաժանվեց 2 մասի. մեկի հիմքում հետո ստեղծվեց «Արդարություն» դաշինքը, մյուսը՝ «Ազգային Միաբանությունը», որի հետ էին Սոցուժերի միավորումը և Հայաստանի կոմկուսը: Ավելին, մարտավարական խնդիրներից ելնելով՝ որոշում կայացվեց, որ «Ազգային Միաբանության» թեկնածուին, այն է՝ ինձ, սատարելու համար մեր դաշնակիցները ևս իրենց 2 թեկնածուներն առաջարկեն նախագահական ընտրությունների ժամանակ: Կոմկուսից առաջարկվեց Վլադիմիր Դարբինյանի, Սոցուժերից էլ՝ Գառնիկ Մարգարյանի թեկնածությունը: Քարոզարշավի ողջ ընթացքում իմ գործընկերները, մեր դաշնակիցները, ավա՜ղ, բերանները ջուր առած դրվատանքի մի նախադասություն չասացին ո՛չ «Ազգային Միաբանության», ո՛չ էլ նրա լիդերի հասցեին: Բացարձակապես ոչ մի խոսք: Քարոզարշավի ամբողջ ընթացքում միակ մարդիկ, ովքեր կոմկուսից եկել են հետս, եղել են մեր Գագիկ Թադևոսյանը, Խորեն Սարգսյանը և Նորիկ Պետրոսյանը: Ասեմ ավելին. քարոզարշավի վերջին օրը մեր գործընկերներն իրենց հեռուստաժամը տրամադրեցին ընդդիմադիր թևի մյուս թեկնածուի գովազդին, որի ընթացքում իմ դաշնակիցները, մեր դաշնակիցները հայտարարեցին, որ իրենց ձայները տալիս են մյուս թեկնածուին: Եվ, փաստորեն, ստացվեց այնպես, որ ընտրությունների քարոզարշավի ավարտին, այն է՝ նախավերջին օրը, մոլորության մեջ գցեցին մեր բոլոր կողմնակիցներին, նրանց հասկացնելով, ասելով, որ Գեղամյանն իր թեկնածությունը հանում է: Ի՞նչ, պատահականություն էր սա: Իհարկե, ոչ: 16 կուսակցություն էին՝ 9-ը մի կողմում, 7-ը՝ մեր: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այս բոլորը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ հեռարձակվեց հայտնի բանավեճը իմ և Սերժ Սարգսյանի միջև: Բանավեճ, որը կարող էր շրջադարձային դառնալ ընդդիմության հաղթանակի ճանապարհին: Այսինքն՝ դրան հաջորդած գործողությունների սցենարը գրվեց ոչ թե ընդդիմադիր դաշտում, այլ նախագահականում և, ի պատիվ իրենց, լավ էլ կարողացան անցկացնել:

Ինչևէ. ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ խայտառակ խախտումներով: Կոչ արեցինք մեր գործընկերներին՝ ոչ մի պարագայում չգնալ երկրորդ փուլ: Հորդորում էինք, որ երկրորդ փուլին մասնակցությունը ոչ այլ ինչ է, քան առաջին փուլի անօրինականությունների լեգիտիմացում, օրինականացում: Չլսեցին և տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Դրանից հետո, կրքերը հանդարտեցնելու համար, ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանն ընդունեց հայտնի որոշումը, ուր ուղղակիորեն նշված էր, որ մեկ տարվա ընթացքում նորընտիր Ազգային ժողովը պետք է քննության առարկա դարձնի հանրաքվեի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների հարցը, որից հետո էլ համաժողովրդական հանրաքվեի դնի Ռ.Քոչարյանի վստահության հարցը: Հենց այդ որոշումն էլ պատճառ դարձավ, որ խաչակրաց արշավանք սկսեցին արդեն ոչ միայն «Ազգային Միաբանության», այլ նաև «Արդարություն» դաշինքի դեմ: Իշխանությունների հաշվարկը պարզ էր, այն է, որ եթե «Ազգային Միաբանություն» և «Արդարություն» դաշինքը կարողանան գոնե պահպանել այն ձայները, որ անգամ բազմաթիվ կեղծիքների արդյունքում ժողովուրդը տվել էր իրենց, իսկ ժողովուրդը նախագահական ընտրությունների ժամանակ տվել էր ոչ ավել, ոչ պակաս, քան քվեների 51%-ը ընդդիմադիր դաշտի թեկնածուներին, ապա նորընտիր Ազգային ժողովում ունենալով մեծամասնություն, անտարակույս, հանրաքվեի օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը և հանրաքվե անցկացնելու օրինագիծը կգտնեին դրական լուծումներ: Ահա սա էլ եղավ հիմնական պատճառը, որ իշխանություններն երկրորդ անգամ գնացին էլ ավելի խայտառակ կեղծիքների: Դրան հաջորդեց այն, որ, այնուամենայնիվ, մասնակցեցինք նորընտիր Ազգային ժողովի աշխատանքներին՝ նպատակ և խնդիր հետապնդելով՝ ինչ գնով էլ ուզում է լինի հանրաքվեի օրենքում փոփոխությունների հարցը մտցնել օրակարգ և դարձնել քննարկման առարկա: Գործող կանոնակարգին հակառակ արվեց ամենը, որ դա տեղի չունենա: Սրան էլ հաջորդեց ընդդիմության համատեղ բոյկոտի գործընթացը: Բոյկոտեցինք Ազգային ժողովի նստաշրջանները, մինչդեռ ամենահետևողական աշխատանքներն էինք կատարում՝ լինի դա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, լինի դա ինտերպառլամենտը, լինի դա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը: Այնուհետև 2004 թ. փետրվար ամսից սկիզբ առավ համաժողովրդական վերելքը, որն իր գագաթնակետին հասավ ապրիլի 5-ին, երբ իշխանությունները փորձեցին ուժ կիրառել «Ազգային Միաբանության», կրկնում եմ, «Ազգային Միաբանության» հանդեպ, որովհետև ապրիլի 5-ի հանրահավաքը միմիայն Ձեր բոլորի ջանքերով կազմակերպված հանրահավաք էր: Առաջին անգամ մահակավորները, սափրագլուխներն իրենց ուժերը փորձեցին ճիշտ այդ օրը և ծեծուջարդի ենթարկեցին լրագրողուհու՝ Աննա Իսրայելյանին, կոտրեցին տեսախցիկներ: Ուժերի փորձարկում էր, կարծեցին «Ազգային Միաբանություն կուսակցության» ակտիվին, համակիրներին կկարողանան դրանով սաստել, վախեցնել: Բնավ ոչ մի բան նրանց մոտ չստացվեց: Չստացվեց, որովհետև դրանից հետո արդեն ընդդիմության համատեղ հանրահավաքներ տեղի ունեցան Ազատության հրապարակում, որոնք իրենց կուլմինացիային հասան ապրիլի 12-ին: Ապրիլի 12-ի լույս 13-ի դեպքերի մասին բոլորդ գիտեք: Հիշեցման կարգով ասեմ, որ ամենավտանգավոր պահերին (ուզում եմ օգտվելով առիթից և շնորհակալություն հայտնել) կողքիս կանգնած էին «Հանրապետությունից» Արամ Զավենի Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը, Սմբատ Այվազյանը, նաև՝ Ալեքսան Կարապետյանը, Գագիկ Կոստանդյանը և մեր մյուս գործընկերները: Երկու կուսակցություն էր կրակագծում: Դրան հաջորդեցին այն դեպքերը, որի մասին դարձյալ բոլորդ տեղյակ եք: Այն է, լկտիաբար խուզարկեցին տունս, ես էլ այնտեղ էի, որ հանկարծ բնավորություններին համաձայն զենք չգցեն, հաշիշ չգցեն (հաշիշ եթե գցեին էլ, միևնույն է, մարդիկ չէին հավատա, գիտեն, որ կյանքում ծխած չկամ): Ուրեմն, մեր հարգարժան «Հայլուրը», ողջունում եմ Ձեզ՝ Տաթևիկ (Գեղամյանը դիմեց դահլիճում գտնվող «Հայլուրի» լրագրողուհուն.-խմբ.), հաղորդեց, որ Արտաշես Գեղամյանը դիմել է փախուստի, գտնվելու վայրը չգիտենք:

Այս ամենին հաջորդեց այն, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» նպատակահարմար գտավ և որոշում կայացրեց, որ մեր խմբակցությունը, այնուամենայնիվ, գնա Ազգային ժողով և մասնակցի նիստերին, որովհետև արդեն իսկ մեզ զրկել էին ցանկացած ամբիոնից, ժողովրդի հետ հաղորդակցվելու ցանկացած տարբերակից: Մենք, ճիշտ է, կարող էինք շարունակել հանրահավաքների կազմակերպումը, բայց, վերջին հաշվով, Հանրապետությունում ստեղծված իրավիճակում խելացի չէր լինի ժողովրդին վտանգելը, ավելին՝ առավել ևս դրա իրավունքը չունեինք: Այն բոլոր հարցերը, որոնք բախտորոշ էին մեր երկրի ներկայի և ապագայի համար, անշուշտ, մեր կողմից մանրակրկիտ վերլուծության ենթարկվեցին ոչ միայն կուսակցության գրասենյակներում, այլ նաև Ազգային ժողովի ամբիոնից՝ լինի դա բյուջեի քննարկումը, լինի դա Իրաք զորամաս ուղարկելու հարցը, լինի դա ավանդների փոխհատուցումը: Ասել է թե՝ «Ազգային Միաբանությունը» միարժեքորեն ձևակերպած իր դիրքորոշումը ցանկացած հարցի վերաբերյալ մշտապես ներկայացրել է մեր ժողովրդի դատին:

Այնուհետև մեջտեղ եկավ սահմանադրական փոփոխությունների հարցը: Այս հարցում ևս «Ազգային Միաբանություն կուսակցությունը» որդեգրեց քաղաքականություն, որը ձևակերպվեց մեր հայտնի պահանջների մեջ, որին կանդրադառնամ մի փոքր ուշ: Եվ ասես թե նույն պարագայում, ինչպես և 2002 թ. սեպտեմբեր ամսին, դարձյալ 16 կուսակցություններ հանդես եկան ստորագրությամբ: Մեղադրանքներ հնչեցին «Ազգային Միաբանության» հասցեին, որ, իբր, «Ազգային Միաբանությունն» անջատողական քաղաքականություն է վարում և չի միանում 16-ի ֆորմատին: Մեղադրողը 16-ը չէ, այլ Հանրային հեռուստատեսությունն ու իշխանական լրատվամիջոցներն են: Այստեղ 2 պատճառ կարելի է նշել. մեկն այն է, որ իրենք ևս այն աստիճան են զզվել այս իշխանություններից, որ ուզում են օր առաջ միանանք և ժողովրդի շալակից թոթափենք այս իշխանությունների բեռը, մյուսն էլ այն է, ինչ իրականում է. կոկորդիլոսի արցունքներ են թափում, որովհետև 16 է, էլի, կմիանային, այնուհետև շատ կարճ ժամանակ անց, ասած երևանցու՝ «սոլդատսկի պրիչին» կբռնեին, կսկսեին տակներիցս փախնել, ինչի ականատեսն ենք արդեն իսկ այսօր: Երբ միացան, փաստաթուղթը ստորագրեցին, հետո էլ, ուրեմն, կարկառուն գործիչներից մեկը կանգնեց հայտարարեց, այն էլ մամուլի ասուլիսում, որ առնվազն «քաղաքական իդիոտիզմ» է Սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասելը: Բոլոր հեռուստաալիքները ցուցադրեցին դա: Ընդդիմադիր դաշտից, 16-ից էր ասողը: Ասուլիսների շարան եղավ, հրավերները տարափի պես տեղացին մարքսիստ Դավիթ Հակոբյանի գլխին: Էս մարդու կուսակցությունում էլ ընդամենը 3 հոգի են՝ 1-ը շնչավոր, 2-ը անշունչ: Շնչավորը ինքն է, անշունչներից մեկը՝ Մարքսի նկարն է երիտասարդ հասակում, երկրորդը՝ Մարքսի նկարը հասուն տարիքում: (Աշխուժություն դահլիճում): Մինչդեռ նա հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ, ցանկացած հեռուստաալիք էլ էկրան է տրամադրում: Վերջերս էլ սույն անձնավորությունը «Հայլուրի» «360Ե» վերլուծական ծրագրով հայտարարեց, որ փոշիացել է ընդդիմությունը, վերջինիս էլ «իքի բիր» անվանեց: Ինչպես ես հասկանում եմ, այս մարդը բացատրական լուրջ աշխատանքի կարիք է զգում: Եվ այդ աշխատանքը կտարվի թե՛ մեր տարածքային կազմակերպություններում և թե՛ հանրաքվեի հարցերը կանոնակարգող մեր շտաբի կողմից:

Այժմ վերլուծենք ու տեսնենք, թե սահմանադրական փոփոխությունների հետ ի՞նչ ձևափոխումներ տեղի ունեցան: Դեռ ապրիլ ամսին կոալիցիայի անդամ կուսակցությունները Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման առարկա էին դարձրել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իրենց տարբերակը: Հիշեցնեմ, ինչ ջանասիրությամբ հիմա են ասում «այո», նույն ջանասիրությամբ, դեռ մի բան էլ ավելի կրքոտ, առաջին ընթերցման ներկայացրած փաստաթղթի գովերգումն էին կատարում ցանկացած հեռուստաալիքով: Դեռ մի բան էլ ջիգյարով, որովհետև իրենք էին գրել: Փոփոխությունները հունիսին անցավ առաջին ընթերցմամբ, կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները մի մարդու պես կողմ քվեարկեցին, վերջում էլ ընդդիմությանը ջիգրու ծափահարեցին: Անցավ մի շաբաթ, Եվրախոհրդի Խորհրդարանական վեհաժողովի Վենետիկի հանձնաժողովը, որը մասնագիտանում է Եվրախորհրդի անդամ երկրներում սահմանադրական փոփոխությունների և սահմանադրությունների ընդունման հարցերում, եզրակացություն տվեց: Եզրակացություն արեց, համաձայն որի առաջին ընթերցմամբ ընդունված այդ փաստաթուղթը բացարձակապես չի համապատասխանում այն պահանջներին, որոնք Եվրախորհրդի կողմից դրված են Հայաստանի Հանրապետության առջև: Վենետիկի հանձնաժողովին նույն կրքոտությամբ հակադարձեցին կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, թե՝ առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթից մի քայլ անգամ չենք զիջի: Այնուհետև վենետիկցիները հանդիպեցին պարոն Քոչարյանին: Արդեն իսկ համոզված կարելի է ասել, որ նա վերջիններիս տրտնջաց, տրտնջաց՝ ասելով, որ դե հիմա դուք իմ հալը տեսեք ոնց է: Մի կողմից հետադիմական, կարծրացած մտածելակերպ ունեցող կոալիցիան է, որը համառորեն չի ուզում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններ լինեն, մյուս կողմից էլ ընդդիմությունն է, որը ընդհանրապես բանակցությունների չի գնում: Ուրեմն, տեսեք, թե ինչքան մեծ ջանքեր են պահանջվելու ինձնից՝ մեծ դեմոկրատիցս, Դեմոկրիտի քաղաքական ժառանգորդից, այս փոփոխությունները կյանքի կոչելու համար: Հետո կանչեց կոալիցիային, տղերքի ձեռքերը ոլորեց, և ի հայտ եկավ այն փաստաթուղթը, որն էլ դրվեց արդեն երկրորդ ընթերցման: Ըստ որում, երկրորդ ընթերցման դրված փաստաթուղթը ոչ մի աղերս չունի առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի հետ: Սկզբունքային տարբեր մոտեցումներ են որդեգրված, տարբեր հարցադրումներ կան այնտեղ: Մտածում եմ՝ ի՞նչ համեմատություն անեմ, որ փաստաթղթի այս տրանսֆորմացիան ավելի հասկանալի լինի: Հիշեցի մի անեկդոտ, ժողովուրդ ջան: Ուրեմն, հավին հարցնում են՝ 2003-2005 թթ. ամենամեծ նվաճումդ որն է եղել (բերված տարեթվերը համընկնում են կոալիցիայի իշխանավարման ժամկետին.- խմբ.): Հավը պատասխանում է. ամենամեծ նվաճումս այն է, որ 5 կգ-անոց ձու եմ ածել: Հարցնում են, իսկ ամենամեծ երազանքդ որն է: Պատասխանում է, ամենամեծ երազանքս էլ այն է, որ 10 կգ-անոց ձու ածեմ: Ասում են՝ շատ լավ: Աքլորին են հարցնում, իսկ քո ամենամեծ նվաճումը որն է եղել: Պատասխանում է, ամենամեծ նվաճումս եղել է այն, որ հավը 5 կգ-անոց ձու է ածել: Հարցնում են, իսկ ամենամեծ երազանքդ որն է: Պատասխանում է, ջայլամների մռութը կոտրելը, որովհետև գիտի, որ էդ 5 կգ-անոց ձուն իրենից չէ, ջայլամներից է: (Ծիծաղ, ծափահարություններ): Եվ, այսպես, ի՞նչ կցուցանե առակը: Առակը կցուցանե այն, որ այս Սահմանադրությունը կոալիցիայի ծնունդը չէ, որ այս կոալիցիան այս Սահմանդրությունը որպես 5 կգ-անոց ձու ածել է ոչ թե իրենց ղեկավարների միջամտությամբ, այլ ջայլամների, ըստ որում՝ տվյալ պարագայում ջայլամները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ոմանց կողմից կարող են ընկալվել որպես դրական կերպարներ: Կարծում եմ, «Հայլուրը» կներկայացնի իմ այս խոսքը, չէ՞ որ իրենց շեֆերին դրական գնահատականի եմ արժանացնում: Ի դեպ, հավաքական աքլորի դերում էլ, ինչպես բոլորդ հասկացաք, կոալիցիայի ղեկավարներն են, որոնք, իհարկե, գիտեն, որ հավերին, այն է՝ կոալիցիայի անդամներին, աքլորների աչքի առաջ բռնաբարել են, և օրը գա աքլորները իրենց մուռը հանելու են ջայլամներից: (Ծափահարություններ):

Հիմա ո՞վ է կողմ քարոզում սահմանադրական «այո»-ին: Ուրեմն, քաղաքական ներկա իրավիճակը զարմանահրաշ դեմքեր է հրապարակ իջեցրել: Մասնավորապես, առաջին օրվանից «ազգանվեր» այս գործին լծվեց քաղաքական մի գործիչ, որը, հիշո՞ւմ եք, դեռ կոմունիստական վարչակարգի ժամանակ պնդում էր, որ այն, ինչ ասում է կենտրոնական կոմիտեի բյուրոն, սրբություն է, ժողովուրդ ջան: Կոմունիստներին հաջորդեցին ՀՀՇ-ականները: Սրանց օրոք սազը ձեռքին գովերգում էր ՀՀՇ-ական առաջադեմ վարչակարգը: «Մակարդակով գովեց», իսկ նա անխելք մարդ չէ, գիտակ կերպով գովեց և ստացավ բարձրագույն պաշտոններից մեկը: Որոշ ժամանակ անց, չէ, տեսավ, որ ՀՀՇ-ի ոտքի տակից հողը գնում է, գտավ որ ամենաճիշտը երջանկահիշատակ Վ.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն են: Սիրուն, էն մի գիշերում, երբ թավշյա հեղաշրջում եղավ Ազգային Ժողովում, ՀՀՇ-ի ջատագովից դարձավ երկրապահի մոլեռանդ պաշտպան: Հետո էլի ամենաբարձր պաշտոնը ստանձնեց՝ արդեն Ազգային ժողովում: Միառժամանակ անց տեսավ, որ արդեն իսկ նոր դաշինք է ձևավորվում երջանկահիշատակներ՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Սերոբի Դեմիճյանի կողմից, իսկ Ռ.Քոչարյանի ոտքի տակի հողը երերում է, սիրուն գնաց այնտեղ: Բայց դե Ռոբերտն ու Սերժն աչալուրջ են, «բարձր են նստած, հեռուն են տեսնում»: Տեսան, ֆիքսեցին և պաշտոնից հանեցին: Ձայնը տևական ժամանակ չէր լսվում: Մեկ էլ հանկարծ հիմա մտածում է, բա ո՞նց անենք, ի՞նչ անենք: Մարդ կա խորհուրդ էր տալիս գնացքից թռչել, սա էլ հակառակ ուղղությամբ ուզում է գնացող գնացքը թռնել: Հիմա սկսեց գովերգել այս նոր Սահմանադրությունը: Գովերգում, գովերգում է, դե ինչ, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնի, բայց հանկարծ չհամարձակվի տողատակով քննադատել մեր գործընկերներին, պիտակավորել մեր գործընկերներին, մասնավորապես Վիկտոր Դալլաքյանին, անհետևանք չենք թողնի, կպատժենք:

Մյուս կատեգորիան, ուրեմն, 16-ի հետ ստորագրեցին հայտարարությունը, հիմա էլ ասում են՝ գործելու ենք առանձին, ոչ «այո» ենք ասելու, ոչ էլ՝ «ոչ», ոչ էլ բոյկոտելու ենք, և մեր կարծիքը կհայտնենք վերջում (ինչպես ընթերցողը հասկացավ, խոսքը վերաբերում է «Հզոր Հայրենիք» և Ռամկավար ազատական կուսակցությունների որդեգրած դիրքորոշմանը.- խմբ.): Կրկին մտածում ես, լավ, պատմական ի՞նչ զուգահեռ անցկացնես, որ հասկանալի լինի: Ակամայից հիշում ես հաճախ մեջբերվող հայտնի բանավեճը, երկխոսությունը, որը վերագրում են Ժոզեֆ Ֆուշեին և Թալեյռանին: Հիշատակում են, որ սարի բարձրունքից Աուստերլիցի ճակատամարտին են հետևում: Իսկ այնտեղ էլ, հաջողությունը փոփոխական էր. մեկ ավստրո-հունգարա-ռուսական զորքերն էին առաջ մղվում, մեկ հակառակը՝ Նապոլեոնը: Ով առաջ էր գնում՝ Թալեյռան Պերիգոռը, նույն ինքը՝ իշխան Բենևետսկին, ասում էր՝ մերոնք հաղթում են: Թե ճակատամարտն ինչպես ավարտվեց, գիտեք: Դրանից հետո Ֆուշեն հարցնում է իշխան Բենևետսկուն. ինչպե՞ս հասկանանք՝ գրոհում էին ավստրիացիները, ասում էիք մերոնք հաղթում են, գրոհում էին մերոնք, ասում էիք՝ կրկին մերոնք են հաղթում: Վերջը ո՞վքեր են ձերոնք: Պատասխանում է՝ ովքեր հաղթեցին, նրանք էլ մերոնք են: Հիմա այս երկու կուսակցություններն էլ հաստատ գիտեմ, ոչ Թալեյռանի, ոչ էլ Ֆուշեի հուշերը կարդալով չէ որ նման քաղաքականություն են որդեգրել: Դե, ինչ, սա էլ է դիրքորոշում:

Այս իշխանությունների մյուս գլուխգործոցն էլ այն է, որ լենինյան գաղափարախոսություն քարոզող Յուրա Մանուկյանը 3 օր առաջ «Ար»-ի «Ազդարար» ինֆորմացիոն ծրագրով կանգնեց և ասաց. լավ, վերջապես, ինչքան ժամանակ մենք պետք է մեկուսացման մեջ լինենք, բա չգնա՞նք տեսնենք եվրոպական երկրներն ինչ են ասում, բա չգնա՞նք բոլորս իրար հետ մտնենք այդ թոհուբոհի մեջ, այդ կրակի մեջ: Այ տնաշեն, Չինաստանին էլ գոնե դրանց շարքում հիշատակեիր, կասեինք, հա, մի երկրի խաթեր կոչ ես անում թոհուբոհին միանալ: Բա սրանից մի երկու տարի առաջ և մինչև վերջերս, երբ կոմկուսից պառակտվեցիք և նորացված կոմունիստական կուսակցություն ստեղծեցիք, անվերջ կանգնում ասում էիք՝ մեր դրոշին ավելի մատչելի ու հասկանալի է գրված միջազգային իմպերիալիզմի դեմ անողոք պայքարը: Էս ի՞նչը փոխվեց, որ հիմա էլ դարձյալ ձեր կողմից չընդունված էդ կապիտալիստական հասարակարգի բարքերը ոչ միայն լռակյաց ընդունել եք, այլ նաև հրապարակավ քարոզում եք: Այս ձևափոխումները նույնպես կարելի է պատմական զուգահեռներով հիմնավորել և բացատրել: Սա նորություն չէ, սիրելի ժողովուրդ: Ինչպես հիշում եք, Յուդիֆը դավաճանեց Օլոֆեռնին և գլխատեց նրան՝ փրկելով Հրեաստանը: Բրուտոսը դավաճանաբար դաշույնով սպանեց Հուլիոս Կեսարին, իբր, փրկելով Հռոմի հանրապետական կարգերը: Լավ, որ մի քիչ մոտիկ պատմությունը լինի ասեմ. Շառլոտա Կորդեն սպանեց Մարատին, երբ խեղճը լոգանք էր ընդունում վաննայի մեջ: Այսքանից հետո, որ ավելի հասկանալի լինի մեր իշխանություններին, հիշատակենք, որ Նատաշա Կոռոլյովան էլ դավաճանեց Իգոր Նիկոլաևին՝ գնալով Տարզանի մոտ: Հիմա այդպես էլ Յուրա Մանուկյանը դավաճանեց Լենինի գաղափարներին: Էս է սրանց՝ իշխանությունների հենարանը հանդիսացողների դիմանկարը, ժողովուրդ ջան: (Բուռն երկարատև ծափահարություններ):

Բայց իշխանությունների զինանոցում միայն հիշատակածս կերպարները չեն, որ հայտ են ներկայացրել դառնալու մերօրյա քաղաքականության գոհարներ: Կան նաև այլ տիպի կերպարներ, կան այլ մարդիկ: Ճիշտ հենց այս նույն դահլիճում հայտարարվեց, որ հայրենակցական միությունները մի մարդու նման կողմ են սահմանադրական փոփոխություններին և «այո» են ասելու: Ավելին, հայտարարեցին, որ չեն հասկանում մեր դիրքորոշումը: Եվ այդ հավաքի ժամանակ գլուխգործոցներ էին հարգարժան Աղվան Հովսեփյանի և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ելույթները: Հիմա ես էլ հանդիպակաց հարցով եմ ուզում դիմել Սուրեն Խաչատրյանին: Սրանից մի վեց-յոթ ամիս առաջ, երբ Շիկահողի արգելոցը՝ Մթնաձորի կուսական անտառներով, վտանգված էր, պետք է անտառները հատվեին ու ցախ դառնային, բա էդ Սյունիքի հայրենակցական միությունը ինչո՞ւ ոտքի չկանգնեց, ինչո՞ւ մի անգամ այստեղ չհավաքվեց, իր բողոքի ձայնը չբարձրացրեց այդ բարբարոսության դեմ: Ինչո՞ւ նույն դատախազին չհիշեցրեց, որ Ազգային ժողովը առնվազն 4 օրենք է ընդունել բնապահպանական թեքում ունեցող, էլ չեմ ասում տասնյակ միջազգային կոնվենցիաների է միացել, ուր բնապահպանության հարցերը, ասես թե, առանցքային են: Կամ՝ Աղվան Հովսեփյանն էր ելույթ ունենում այս ամբիոնից և ասում, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ապահովվում է դատական համակարգի անկախությունը: Հիմա եկեք Ձեզ հետ մի քանի ճշգրիտ, ճշտված փաստեր վերլուծենք և տեսնենք՝ գործող Սահմանադրությո՞ւնն էր դատախազությանը խանգարում հանցագործ տարրերին, պետության թալանը իրականացնողներին պատժելու: Մի պարզ օրինակ բերեմ. երկու-երեք տարի առաջ Ազգային ժողովն ընդունեց համապատասխան որոշում, որով «Բաշխիչ էլեկտրացանցեր» սահմանափակ պատասխանատվությամբ պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվեց ինչ որ «Միդլենդ Ռեսուրսիզ»-ի կողմից: Դեռ այն ժամանակ Համաշխարհային բանկը զգուշացրեց, ասելով, որ քանի որ այդ փուչիկի պես շինծու, օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը մասնագիտացած չէ բաշխիչ էլեկտրացանցեր շահագործելու աշխատանքում և առաջարկեց ձեռնպահ մնալ այդ գործարքից: Չլսեցին: Խորհուրդն անտեսեցին և վաճառեցին: Որոշ ժամանակ անց, վերջերս, երբ բացարձակապես ոչ մի լուրջ ներդրումային աշխատանքներ, ինչպես բոլորս գիտենք, չէր կատարվել այնտեղ, սկզբնական վաճառքի գնից 2,5 անգամ ավելի թանկ՝ 72, թե 75 միլիոն դոլարով արդեն վաճառեցին ռուսական հայտնի «ՌԱՕ-ԵԷՍ»-ին: Բա չե՞ք մտածում՝ այս ինչ գործարք է, բա չե՞ք մտածում, թե ինչպես պատահեց, որ պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, եթե շահագրգռված չլինեին, այդ ինչպե՞ս հանդուրժեցին, որ 2 տարում «Միդլենդ Ռեսուրսիզը» տեղում նստած առանց լուրջ, լայնմասշտաբ ներդրումների, այս տարօրինակ վաճառքից նվազագույնը 38 միլիոն դոլար է վերցնում դնում գրպանը, հետն էլ, համոզված կարող ենք ասել, փակում իշխանությունների կողմից «ՌԱՕ-ԵԷՍ»-ին պատկանող, մինչ այդ գրպանված «պարտքերը»: Հիշեցնեմ՝ ինչ «պարտք» փակեցին: Սրանից շուրջ երկու տարի առաջ, երբ Վրաստանում վարդերի հեղափոխությունը եղավ, Շևարդնաձեի վարչակարգի էներգետիկայի պատասխանատուին կալանավորեցին: Դատարանում նա «երգեց»: «Երգելու» սյունակներից մեկն էլ նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը, առ այն, որ մեր երկրին իր էներգետիկ պարտքը (շուրջ 7 միլիոն դոլարի չափով, եթե հավատանք մամուլի՝ իշխանությունների կողմից այդպես էլ չհերքված, հրապարակումներին) Վրաստանի Հանրապետությունը մարել էր: Մինչդեռ իշխանությունների բոլոր հաշվետվությունների մեջ, ինչպես նաև իրազեկ մարմինների հաշվետվությունների մեջ դա գրված էր որպես պարտք: Այն ժամանակ տեղի ունեցավ խորհրդավոր մի այցելություն. մի քանի ժամով Հայաստան եկավ Չուբայսը, երկու-երեք պաշտոնյաների հետ զրույց ունեցավ, գնաց ինքնաթիռով: Ասաց, տղերք, էս դուք ինչո՞ւ եք քցում մեզ, այն էլ 7 միլիոն դոլարի (վերջինս համոզվել էր, որ վրացական կողմը, հակառակ մեր իշխանությունների պնդումների, պարտքի գումարը փոխանցել էր): Այ, հիմա այդ էլ փակեցին՝ բաշխիչ ցանցերը վաճառելով 75 միլիոնով: Պարոն Աղվան Հովսեփյան, խորացեք այս հարցերում: Սահմանադրությո՞ւնն է ձեզ արգելում զբաղվել այս հանցագործության դեմն առնելու, ասեք, գործող Սահմանադրության, ո՞ր հոդվածն է խանգարում, ո՞ր հոդվածն է ձեզ կաշկանդում, որ տասնյակ միլիոնների կողոպուտը ջրի երես հանեք:

Չստացվի մի օրինակ եմ բերում, երկրորդ օրինակը բերեմ: Երկրորդ օրինակն էլ վերաբերում է «Հայկական ավիաուղիների» տխուր ոդիսականին: Ուրեմն, ի՞նչ խորամանկ, ճիզվիտական քաղաքականություն են իրականացրել այս հարցում: «Հայկական ավիաուղիների» կազմավորման օրվանից շարունակաբար ստիպեցին, պարտադրեցին, որ նավթը, կեռասինը, ավիակեռասինը գնեն միայն և միայն մի կազմակերպությունից, այն էլ այն գներով, որն այն ժամանակ 2 անգամ գերազանցում էր շուկայական միջին գինը: Մեր գործընկերներից մեկը, որ լավ կապեր ունի համապատասխան երկրներում, դիմեց նրանց՝ ասելով, որ դուք տոննային 440 դոլար գնով եք վերցնում, ես 250-ով բերեմ հասցնեմ Այրում երկաթուղային կայարան: Ասացին՝ առաջարկդ արա: Մանրամասն ներկայացրեց: Ավելին, հայտնեց, որ առաջին խմբաքանակի համար բացարձակապես պետք չէ գումար փոխանցել, ինքն իր հնարավորություններով, միջոցներով կբերի, տեղ կհասցնի, որից հետո միայն՝ ակնկալելով վճարումը: Կողքից, նրանց մեջ էլ խղճով մարդիկ կան, որ ոսկին մարդու կյանքի գնից թանկ չեն դասում, հուշեցին, հասկացրեցին, ասացին՝ «Ախպոր նման գործ չունես, գլուխդ կկորցնես ճանապարհին»: Ուրեմն, շարունակեցին 440 դոլարով նավթի տոննան վաճառել «Հայկական ավիաուղիներին»՝ ստանալով գերշահույթ: Եվ գերշահույթ ստացող հիմնարկներն էլ (որոնց տերերը իշխանական կլանի հայտնի դեմքերն են), հանկարծ միամիտ չլինեք՝ Հայաստանում գրանցված չեն, կարող է մեկը Բուլղարիայում գրանցված լինի. այս հասցեն էլ բերում եմ, որ հասկանան՝ գիտեմ, ուղղակի չեմ տարածվում: Եվ արդյունքում մեկ տոննան 440 դոլարով նավթ գնողը, այն է՝ շուկայական գնից 2 անգամ թանկ, բնականաբար, սնանկության կենթարկվի: «Հայկական ավիաուղիները» դարձրեցին բանկրոտ: Բանկրոտ դարձնելուց զատ, համապատասխանաբար շան մսի գնով գնեցին, հետն էլ «ИЛ-86» ինքնաթիռն էլ բռնագանձեցին պարտքի դիմաց: Իսկ 2 օր առաջ՝ հինգշաբթի օրը, երբ Կառավարությունը նիստ էր անցկացնում, այդ նույն ժամերին մեր փառապանծ օդաչուները հարկադրված Կառավարության տան առջև բողոքի ցույց էին անցկացնում: Ճիշտ այն նույն օդաչուները, որոնց բոլորս տասն անգամ, հարյուր անգամ մեր կյանքն ենք վստահել իրենց վարած ինքնաթիռներով գործուղումների մեկնելիս: Մարդկանց ուզածն էլ ի՞նչ էր: Ընդամենը մի բան. աշխատավարձերի կուտակված պարտքերը փակելը: Ի՞նչ, միամիտ ենք, չե՞նք հասկանում, որ «Հայկական ավիաուղիներին» միտումնավոր դարձրեցին սնանկ՝ անօրեն ճանապարհով կորզելով հսկայական գումար: Պարոն Աղվան Հովսեփյան, զբաղվեք էս հարցով: Նիգ-Ապարանում կարող ուժեր կան, առանց ձեր բարձր միջամտության էլ կկարողանան համապատասխան քարոզն անել: Տասնյակ միլիոնների կողոպուտի մասին եմ ասում: Գործող Սահմանադրության ո՞ր կետն է ձեզ արգելում բացահայտել այն:

Մեկ ուրիշ օրինակ էլ բերեմ: «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը կնքելիս կառավարման հանձնվեց նաև հայկական ատոմային էլեկտրակայանը: Եվ հայտարարվեց, որ այն շուրջ 20 միլիոն դոլարի պարտքեր է կուտակել, այսինքն, ըստ էության, անվճարունակ կազմակերպություն է: Կառավարումը վստահվեց «ՌԱՕ-ԵԷՍ»-ին: Այսպես, 2 տարվա ընթացքում աշխատավորական այդ նույն կոլեկտիվը, ճիշտ նույն հզորություններով ոչ միայն պարտքերը փակեց, այլ նաև Եվրամիությունը տարեկան 10-ից 12 միլիոն եվրո միջոցներ էր տալիս ատոմակայանի անվտանգ շահագործումն ապահովելու համար, այդ հոգսերն էլ կարողացավ ինքնուրույն հոգալ և այժմ տարեկան մոտ 20 միլիոն դոլարի եկամուտ է ստանում: Ի՞նչը փոխվեց: Կարո՞ղ է որևէ մեկը միամիտ է, չի հասկանում, որ իրականացվող անասելի ալան-թալանին պարզապես վերջ տրվեց: Իսկ հետո էլ ասում են, թե որտեղից են 30 միլիոն դոլար տալիս ավտոլվացակայան առնում Կալիֆորնիայում կամ էլ Կոմի Ինքնավար Հարապետությունում 50 միլիոն դոլարով ոսկու հանքեր առնում «հայ ձեռներեցները»: Էդ ո՞նց է լինում, այ հենց այսպես է լինում: Դե զբաղվեք, պարոն Հովսեփյան, ոչ թե Սահմանադրության գովքն արեք, ինչը Ձեր կողմից գործող օրենքի կոպիտ խախտում է, որովհետև դատախազությունը և դատական մարմինները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն: Դա էլ հենց այս մեր գործող Սահմանադրության մեջ է գրված: Դե, բացահայտեք հանցագործներին:

Կոռուպցիայի հասցե՞ եք ուզում, մի ուրիշ հասցե էլ ասեմ: Մոնումենտի անտառի մեջ շքեղ հյուրանոց կառուցեցին, անունն էլ «Գոլդեն Փելես» դրեցին, որովհետև կառուցողները, իրենց շրջապատը մանկուց անգլերեն են խոսում: «Փալաս» էլ չէ, այլ «Փելես» են անունը դրել, մինչդեռ արածները փալասություն է: (Ծափահարություններ): 10-12 միլիոն դոլար արժողությամբ շենք է: Հլա մի հատ գնացեք նայեք, որ այդ շինանյութը, որ բերել են, այդ կազմակերպություններն ավելացված արժեքի հարկ մուծել են, թե չէ վաճառված ապրանքի դիմաց: Հլա մի հատ նայեք, էդ շենքը կառուցող մեր անվանի շինարարները ինչպես են վարձատրվել, գործատուները սոցիալական հիմնադրամին մի քոռ լումա փոխանցե՞լ են, թե չէ:

Այ, սրա համար ենք ասում, որ այս իշխանությունների օրոք երբեք ու երբեք և ոչ մի սահմանադրական փոփոխություն ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող: Այ, սրա համար ենք ասում, մեկ անգամ ևս միահամուռ գնանք և «ՈՉ» ասենք այս իշխանություններին, որովհետև Սահմանադրությունը չէ, որ խանգարում է երկրում կարգուկանոն հաստատել: Այ մարդ, սրանք հիշեցնում են էն կկվին: Բնից բուն է թռնում, ամեն տեղ գարշահոտություն է գալիս: Կարծում է, որ իր զավթած բնից է՝ տեղի քշված կկուների հոտն է գալիս: Էլ չգիտի` հոտն իր հետ է:

Կեղծիքը, ավազակությունը այս համակարգի հետ են, այս իշխանությունների հետ են: Դրա համար ենք ասում, գնանք և «ՈՉ» ասենք:

Կանգնում ասում են` բախտորոշ նշանակություն ունի Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, դա մի նոր, մեծ առաջընթաց քայլ է: Ասում են` իրապես բախտորոշ է: Դե, եթե բախտորոշ է, ինչի՞ եք պաշտոնակռիվ անում, ինչի՞ եք կառչել ձեր աթոռներից: Եթե նոր Սահմանադրությամբ նախատեսված օրենքներով, կարգուկանոնով եք շարժվելու, եկեք բոլորս միասին, միահամուռ մեր դեպուտատական մանդատները վայր դնենք: Եվ ժողովուրդն այդ ժամանակ կասի. այո, սրանք դարձի են եկել, խելքի են եկել, ուզում են երկրում, իրոք, դրական բարեփոխումներ լինի և իրենք նախապայմաններ են ստեղծում խորհրդարանական ազատ, արդար ընտրությունների համար: Ոչ, իշխանությունները կտրականապես դեմ են մեր այս առաջարկին: Վերջերս ամերիկյան դեսպանատանը առիթ եղավ հանդիպելու Կոնդոլիզա Ռայսի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Դենիել Ֆրիդի հետ: Նա ինձ հարց ուղղեց. «Դուք դեմ եք այս իշխանություններին, դրա համա՞ր եք ոչ ասում Սահմանադրությանը»: Պատասխանս հետևյալն էր. 1936 թ. Սովետական Միությունում ընդունվեց Սահմանադրություն: Երբ այսօր ստալինյան այդ Սահմանադրության հոդվածները, հիմնադրույթները ուշադիր ընթերցում ես, ապա մարդու իրավունքները, մարդու սոցիալական պաշտպանվածությունը այնտեղ գերգերազանց ամրագրված են: Բայց դրան հետևեց 1937 թվականը: Մի զարհուրելի օրինակ ևս բերեցի. այն է` Օսմանյան կայսրությունում Սուլթան Համիդ արյունարբուի իշխանավարման օրոք գործում էր Սահմանադրություն, որը սահմանադրական իրավունքի մասնագետները դեռ 1870-ականների վերջին գնահատել էին ամենաառաջադեմ, առաջավոր սահմանադրություններից մեկը: Բայց հենց այդ նույն առաջադեմ, առաջավոր Սահմանադրության պայմաններում տեղի ունեցան հայկական ջարդերը 19-րդ դարի 90-ական թվականներին: Իմ այս պատասխանը ընդունվեց: Պատասխանս տարակուսանք, հարցեր չառաջացրեցին: Արդյունքում, հավանաբար, ծնվեց այն, որ հետագայում ասվեց. խոր անվստահություն կա ընդդիմության և իշխանության միջև: Եվ առանցքային խնդիր հռչակվեց այն, որ ժողովրդավարությունն այնքանով է ժողովրդավարություն, երբ յուրաքանչյուր մարդ կարող է ազատ, անկաշկանդ իր կարծիքն արտահայտել` համոզված լինելով, որ եթե դա արտահայտում է քվեարկության եղանակով, ապա երբեք ու երբեք չի կեղծվի:

Հիմա, լավ, այնուամենայնիվ, «Ազգային Միաբանությունը» ինչո՞ւ է այս աստիճան մտահոգ սահմանադրական փոփոխություններով: Եվս երկու-երեք օրինակ բերեմ՝ չչարաշահելու համար Ձեր համբերությունը: Ուրեմն, այս նույն Սահմանադրությամբ, հոդված 30-ում (հոդվածի թիվը կարևոր չէ) երկքաղաքացիության մասին աղերսներ կան: Ասում են, բա մեր եղբայրները արտասահմանում չօգտվե՞ն այն իրավունքներից, որոնցից օգտվում են մեր հայերը, հայաստանցիները: Իհարկե, թող օգտվեն: Իսկ մեկն էլ հարց չտվեց` անկախության տարիներին առնվազն 1,5 միլիոն մարդ Հայաստանը լքել գնացել է, ամենանվազագույն թիվն եմ ասում, ոմանք Ռուսաստանի Դաշնություն, ոմանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ոմանք Եվրոպա: Բա լավ, էդ մարդկանց մասին ինչո՞ւ չենք մտածում, որոնք այսօր էլ Հայաստանի քաղաքացիներ են, որոնք այսօր էլ, համոզված եմ, մեծամասնությամբ պատրաստ են Հայաստանի Հանրապետություն վերադառնալ, եթե իշխանափոխություն լինի: Բա եթե այնտեղ մեր եղբայրները, ում նախնիները ճակատագրի բերումով Սփյուռքում են ծնվել, նույն իրավունքներից են օգտվելու, նույն արտոնություններից են օգտվելու ինչ Հայաստանի քաղաքացիները, այդ դեպքում ինչո՞ւ է մեր քաղաքացին շահագրգռված լինելու վերադառնալ հայրենիք: Կմնա այնտեղ, տվյալ երկրի սոցիալական պաշտպանվածության օրենքներից կօգտվի, այսպես ասած, դրսից էլ մեր երկրին «բալետ» կանի: Էս առաջին հարցը: Երկրորդ հարցը: 2,5 միլիոն հայ կա Ռուսաստանի Դաշնությունում, 1,2-1,5 միլիոն ԱՄՆ-ում, ըստ որում նրանց 65-70%-ը դեռ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Լավ, վաղը, մյուս օրը Ազգային ժողովի ընտրություն կա, ՀՀ Նախագահի ընտրություն կա, հանկարծ ու երկրների հարաբերություններն այնպես դասավորվեցին, որ պետք լինի այս կամ այն անբանին կարգել Նախագահ, որ աշխարհաքաղաքական իրենց կողմից հետապնդվող շահերը լուծվեն: Եվ Հայաստանի բախտն այդ ժամանակ կորոշվի ոչ թե Հայաստանում, այլ Կալիֆորնիայում կամ Ռուսաստանում: Խորհե՞լ եք, այս մասին, պարոնայք իշխանավորներ: Քանիցս ասացինք` պետք չէ նման ձևակերպումներով սահմանադրական փոփոխություններում այդ հարցը մտցնել: Գրված է` նրանց իրավունքները կարգավորվելու են օրենքներով: Օրենքներ գրողներն էլ, ավա՜ղ, ստանձնել են դակիչի դերակատարումը: Ինչ օրենք էլ դեմ տան՝ պարտադիր կարգով կընդունվի այս Ազգային ժողովում: Բա ինչպե՞ս կարելի է հանդուրժել: Հիմա կասեք` ինչո՞ւ եք այստեղ խոսում, մի բան գտնեիք, որ դրա առաջն առներ: Իհարկե, գտել էինք. «Ազգային Միաբանություն» խմբակցության առաջարկների մեջ գրել էինք, որ 150 հազար ստորագրության պայմաններում Ազգային ժողովը պարտավոր է հայտարարել այս կամ այն հարցի վերաբերյալ, որի տակ ստորագրություն է հավաքվել, հանրաքվե անցկացնելը: Բացարձակապես ոչ մի ընթացք: Ընդհակառակը, հանեցին: Դեռ ժողովրդավարությունից են խոսում, իսկ 150 հազար հայ մարդու եթե այդ հարցը հուզում է, եթե այդ հարցը մտահոգում է, լավ, ի՞նչն էր կոալիցիային խանգարում ընդունել մեր առաջարկը: Վախենում են:

Ստեղծված իրավիճակում վտանգավոր եմ համարում նաև այն, որ ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ այս իշխանությունների որդեգրած ներքին քաղաքականությունը, ասես թե, ուղղված է գեթ մեկ խնդիր լուծելուն. այն է` ամեն գնով թշնամացնել մարդկանց: Դուք տեսեք, թե Արմավիրի մարզում ինչ էր կատարվում, թեկուզ ավագանու ընտրությունների ժամանակ: Նույնը Արագածոտնի մարզում: Հարևանը հարևանի հետ չէր խոսում, վախենում էր բարև տալ, որովհետև մի ուրիշ բարեկամի խոստացել էր, որ ավագանի կընտրի: Օջախների մեջ կռիվ գցեցին: Եվ ամենուր դա է: Ասես թե Հայաստանը դարձել է հակամարտող մարդկանց մի կծիկ: Պառակտվել է հասարակությունը: Հավատ ընդհանրապես գոյություն չունի իշխանությունների հանդեպ, դա արդեն երկար, տևական ժամանակ է, թերահավտորեն են տրամադրված նաև ընդդիմության նկատմամբ, որովհետև նույն չակերտավոր ընդդիմադիրներին անվերջ հեռուստաէկրան են տալիս, որ հիասթափեցնեն ժողովրդին և մեզ անվերջ պախարակեն: Իսկ սա չափազանց վտանգավոր է հասարակության համար, պետության, երկրի համար, որը չլուծված ղարաբաղյան խնդիր ունի: Եվ չլուծված խնդիր ունեցող Հայաստանում, չլուծված սահմանային խնդիրներ ունեցող երկրում, հարևանների հետ տարածքային խնդիրներ ունեցող հանրապետությունում առաջարկում են, որ սահմանադրական փոփոխությունների մեջ (81-րդ հոդվածն է) Ազգային ժողովին օժտեն սահմանները փոփոխելու լիազորություններով: Է, լավ, մի՞թե չեք հասկանում` սրա հետևում ինչ է դարանակալած: Բանակացություններ են գնում ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ, ավելին, գարնանը Վարշավայում արդեն իսկ համաձայնության են եկել: Է, վաղը, մյուս օրը դեմ կտան սահմանները փոփոխելու հարցը, Մեղրու հարցը կարող է մեկ էլ հանկարծ կրկին ծլի: Ի՞նչ, այս Ազգային ժողովն այս կազմով կկարողանա՞ դիմակայել ոչ լեգիտիմ իշխանությունների ճնշումներին: Ցավոք սրտի, ոչ, որովհետև պատգամավորների մեծամասնության պոչը իշխանությունների կրնկի տակ է: Նրանք էին, որ իրենց թողեցին անպատիժ իրականացնել հակաօրինական գործողություններ, ինչու չէ նաև թալան: Է, հա, էդ անօրինականությունների մասին փաստող պապկաները հավաքել են, հլա վաղը, մյուս օրը թող կոալիցիայից որևէ մեկը հանդգնի իր իրական կարծիքն ասի, ասի այն կարծիքը, որն ինքը հարազատներին է ասում: Ես էլ չեմ ասում` հրապարակային ելույթ ունենա: Անհապաղ քրեական գործ կհարուցվի նրանց դեմ: Այ, դրա համար ենք ասում` «ՈՉ» այս իշխանություններին: Սահմանների ի՞նչ փոփոխության մասին կարող է խոսքը գնալ և դա էլ վստահել այս Ազգային ժողովին: Այ, դրա համար ենք ասում` այս Ազգային ժողովը պետք է լուծարվի: Դե, եթե ազնիվ ու արդար եք, երկրի համար ճակատագրական նման հարցերը Սահմանադրությամբ կանոնակարգեք, ըստ որի դրանք պետք է ընդունվեն կամ մերժվեն հանրաքվեի ժամանակ: Ականջներիդ էլ օղ արեք, որ հայրենիքի համար բախտորոշ հարցերը պետք է ազգովի լուծվեն: Մի՞թե անգամ մի թիզ հողը տալու որոշումը Ազգային ժողովին վստահելով, չեք մտածել մեր հերոսների մասին, չեք մտածել Եռաբլուրում հանգչող հազարավոր ազատամարտիկների մասին, մինչև օրս մղկտացող նրանց բարեկամների մասին: Այ, սրա համար ենք ասում, որ կատեգորիկ չի կարելի ընդունել հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունները:

Եվ այս քարոզարշավի ժամանակ, այ մարդ, նստում ու մտածում ես, ասած Պարոնյանի, չգիտես՝ խնդաս, թե լաս, որովհետև մեկ էլ ի հայտ է գալիս 21 կուսակցություն, որոնցից շատերի գոյության մասին մինչ օրս չէին լսել, 200 հասարակական կազմակերպություն, որի գոյության մասին նույնպես չէին լսել: Ակամայից հիշում ես հայտնի ասացվածքը. ասում են` ճագարները կարծում էին, թե իրենց շատ են սիրում դրա համար են թողնում, որ բազմանան, էլ չգիտեն, որ իրենց բազմացնում են մորթելու համար: Մեր պարագայում` վարկաբեկելու համար: Լավ է, գոնե, Արմեն Ռուստամյանը՝ դաշնակցական, անկեղծություն ունեցավ և լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ եք Սահմանադրության փոփոխություններին «այո» ասող այս 21-ին, պատասխանեց. ոչ, կուսակցություններ կան, որոնց գոյության մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ղեկավարներին էլ առաջին անգամ եմ տեսնում: Է, հարգելի Արմեն, որտեղից ճանաչես, իրենց օջախում ապրող մարդիկ, իրենց հետ նույն մուտքում ապրող մարդիկ չեն ճանաչում. բարաթ էր պետք, տղերքից էլ իշխանությունները «այո»-ին միանալու ստորագրությունները կորզեցին: Եվ վտանգավորն այն է, որ այս լրջագույն հարցերի ժամանակ փորձում են անպայմանորեն ստվեր գցել ընդդիմության վրա, զրկելով ընդդիմությանը, մասնավորապես «Ազգային Միաբանությանը» և ինձ հեռուստաեթերով ելույթ ունենալու տարրական հնարավորությունից: Իմ անունից կամ էլ ինձ վերագրում են տասնյակ անտրամաբանական մտքեր, գաղափարներ, որոնք երբեք ու երբեք ոչ ասել եմ, ոչ էլ հնարավոր է, որ ասեմ: Ամենախայտառակ ձևով ելույթներս մոնտաժի են ենթարկում, կցկտուր կպցնում իրար, որ լսողն ասի` չհասկացանք, էս Գեղամյանի մտքի տրամաբանական թելը կտրված էր, ինչ էր, բան չհասկացանք, թե ինչ է ուզում ասել: Լավ, եթե տղամարդ եք, եկեք նստենք հեռուստաէկրանի առաջ, դուք ձեր «այո»-ի քարոզն արեք, ես էլ հիմնավորեմ` ինչու ենք ստեղծված իրավիճակում ասում «ՈՉ»: Չնայած կոմպրոմիս մինչև օրս էլ առաջարկում ենք: «Ազգային Միաբանության» այն առաջարկը, որը հավանության է արժանացել տարածքային կազմակերպությունների կողմից ուժի մեջ է: Եթե, իրոք, իշխանավորներ անկեղծ եք, եթե, իրոք, մտահոգ եք երկրի ապագայով, ապա առաջինը ինչ պետք է արվի, երկրում անհրաժեշտ է փոխադարձ վստահության մթնոլորտ հաստատվի, վստահությունը վերականգնվի հանդեպ իշխանությունները: Պարզից էլ պարզ է, որ այս իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնումը բացառվում է, որովհետև չափազանց մեծ են հանցանքները, չափազանց խորն է ազգի և ժողովրդի վիրավորանքը: Ուստի, բանալին մնում է մեկը: Եկեք պայմանավորվենք հեռուստաէկրանի առաջ, ողջ հայության առաջ այն գաղափարի շուրջ, որ, այո, միասին լծվենք, ասենք «այո» այս Սահմանադրությանը, պայմանով, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման հաջորդ իսկ օրն Ազգային ժողովը լուծարվում է և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ու հսկողությամբ անց է կացվում ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ: Եվ մենք ակնկալում ենք ընտրություններ, որոնք առաջին անգամ կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Եթե չեք կառչել ձեր աթոռներից, եթե դուք` իշխանավորներ, պաշտոնակռիվ չեք անում, համաձայնվեք:

Մյուս կողմից էլ մտածում ես՝ չկա չարիք, առանց բարիք: Լավ է, այս իշխանությունները վերջապես «գործ» ունեցան, որովհետև կոալիցիան հանրօգուտ ոչ մի բան անել չի կարող, հիմա էլ այս քարոզի պատրվակով օրումեջ հեռուստատեսությամբ ելույթներ ունենալով աշխատանքի պատրանք են ստեղծում: Ի հայտ են գալիս իրենց սպառած գործիչներ, նորանոր մարդիկ, նորանոր անհայտ դեմքեր: Արանքում էլ իրենց պարտքն են համարում բզկտել «Ազգային Միաբանությանը», Գեղամյանին: Վերջերս պետական վերլուծական «360Ե» ծրագրով մեկ էլ եթերում հայտնվեց Դավիթ Շահնազարյանը: Ելույթի մեխը «այո»-ն կամ «ոչ»-ը չէր, հարցազրույցի մեխն այն էր, որ ասեր` Գեղամյանը, դեռ հարց է, ընդդիմություն է, թե իշխանություն: Հետո էլ վիրավորվածի կեցվածք ընդունելով հանդիմանի «Հայլուրի» լրագրողին, որ իրեն՝ պարոն Դավիթին, չիջեցնի «նվաստիս» մակարդակին: Ասեմ, որ ես դրանից չեմ վիրավորվում, քանի որ լսողը գիտի, թե ասողն ով է: Ուշագրավն այն է, որ իմ իշխանություն լինելու շահնազարյանական «մերկացումների» մասին, իշխանական վերլուծական ծրագիրն է տալիս: Դե, եթե ես իրենցից եմ, իշխանություններից եմ, ապա ինչո՞ւ են ինձ ծախում: Բայց ՀՀՇ-ական՝ գնացած ու անփառունակ հետ վերադարձած, Դավիթի և իրենց գործընկեր «Հայլուրի» խնդիրը նույնն է. կասկածանքի որդը գցել մարդկանց գիտակցության մեջ: Ուրեմն, ես էլ, օգտվելով առիթից, ուզում եմ մի փոքր դրվագ կարդալ է ս/թ հոկտեմբերի 6-ի «Հայկական ժամանակ» թերթից: Մահախցում հայտնված մարդը, որը, ըստ հոգեբանների, հաղորդակցվում է միայն Աստծո հետ և բացի ճշմարտությունից էլ ոչ մի ասելիք չունի, գրում է հետևյալը: Խոսքս Արմենակ Մնջոյանի մասին է. «…դեռևս 1991-ից անձիս դեմ կատարվել են մի շարք ոտնձգություններ, իրականացվել է 4 անգամ անհաջող մահափորձ: … Խոշոր գումարների, շանտաժի և ահաբեկումների միջոցով փորձ է կատարվել ինձ հավաքագրելու օտար պետությունների շահերի համար ծառայող ազգադավ, ստրկամիտների բանակը: Նույնը շարունակվել է ձերբակալությունից հետո՝ ԱԱՊՎ-ի մեկուսարանում դեռ այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթ Շահնազարյանը ղեկավարում էր այդ կառույցը»: Ուրեմն, ի՞նչ ողորմելի վիճակում է հայտնվել իշխանությունը, որ Գեղամյանին վարկաբեկելու համար զինակից է դարձրել հանրության համար վտանգավոր այս տեսակի սուբյեկտին: Ես սրա մասին չէի ասի, պարզապես սիրտս ցավում է կիրովաբադցիների համար, որ Դավիթով են իրենց մասին կարծիք կազմելու, որ Դավիթի նմաններն են իրենց խայտառակ անում, իսկ նրանց մեջ լավ մարդիկ շատ ու շատ կան: Սա է այսօրվա իշխանությունների և նրանց սատարող գործիքների դիմապատկերը:

Սիրելի ժողովուրդ, ես համոզված կարող եմ ասել մի բան. եթե բոլորս, յուրաքանչյուրս մեր տարածքներում կարողանում ենք համոզիչ կերպով ասել և բերել այն փաստարկները, որոնք, անտարակույս, դեռ կհնչեն իմ գործընկերների ելույթներում, ապա իմացեք, նոյեմբերի 27-ին, ավելի ստույգ 28-ին իրապես նոր իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի Հանրապետությունում: Արդեն մարդիկ, ճիշտ այդ նույն միջազգային կառույցները կհասկանան, որ այս իշխանություններն այն աստիճան վստահություն չեն վայելում և ատելի են, որ անգամ իսկ սովից, ծարավից հանգչողին եթե մի բաժակ փրկարար ջուր տան, ապա հիվանդը կգերադասի մեռնել, քան սրանցից փրկություն աղերսել: (Բուռն ծափահարություններ):

Շնորհակալություն:


«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ»

5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«Ազգային Միաբանություն կուսակցության» 5-րդ համագումարը, հիմք ընդունելով Արտաշես Գեղամյանի զեկուցումը, ինչպես նաև պատվիրակների ելույթներում բարձրացված հարցերը, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճարակել է համատարած աղքատությունն ու գործազրկությունը: Կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Ժողովուրդը շնչահեղձ է լինում վտանգավոր չափերի հասնող հանցագործությունների և անօրինականությունների ճիրաններում: Իշխանական կլանի անպատժելիությունը, օրըստօրե խորացող կաշառակերությունն ու կոռուպցիան խարխլում են պետության հիմքերը: Չի դադարում արտագաղթը: «Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր հրատապ խնդիրն է համարում իշխանությունը բռնազավթած վարչախմբի հեռացումը, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում օրինական իշխանությունների ձևավորումը և Հանրապետությունում սահմանադրական կարգի հաստատումը:

Համագումարը որոշում է

Հավանություն տալ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության՝ Հանրապետությունում քաղաքական և տնտեսական զարգացումներին տված գնահատականներին, պաշտպանել երկիրը վտանգավոր զարգացումներից դուրս բերելու կուսակցության վարած քաղաքականությունը, դրական գնահատել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովներում, ԵԱՀԿ Վաշինգտոնյան վեհաժողովում Արտաշես Գեղամյանի ելույթները:

Հանձնարարել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությանը, կուսակցության տարածքային կազմակերպություններին.

ա) համագումարի ոգին ու գաղափարները կուսակցության բոլոր անդամների և հասարակության սեփականությունը դարձնելու գործը համարել առաջնահերթ խնդիր: Գործնական աշխատանք ծավալել երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության գաղափարի շուրջ ազգաբնակչության համախմբման համար,

բ) Երևան քաղաքում և Հայաստանի մարզերում հետևողականորեն պարզաբանել համագումարում Արտաշես Գեղամյանի զեկուցման մեջ հնչած և արծարծված հիմնավորումները, որոնք խիստ անհրաժեշտ են դարձնում նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեում Սահմանադրության փոփոխություններին «ՈՉ» ասելու գաղափարը:

Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությանը:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՈՍՔԸ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ V ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Հարգելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ ընտրված մեր բոլոր գործընկերներին և ցանկանում եմ, որ այն բոլոր հույսերը, որ ազգաբնակչության ամենալայն շերտերը կապում են «Ազգային Միաբանության» հետ, իրականություն դառնան: Ուզում եմ համոզված ասել Ձեզ` միևնույն է, անխուսափելի է մեր, իսկ դա նույնն է՝ մեր ժողովրդի հաղթանակը, որովհետև մենք անձնական և ոչ մի խնդիր չունենք լուծելու: Մենք իշխանությունից վերցնելիք չունենք, օրինաչափ ճանապարհով իշխանության գալով «Ազգային Միաբանությունը» ժողովրդին, մեր ազգաբնակչությանը տալու է իր ավյունը, իր գիտելիքները, իր փորձը: Սա է մեր կուսակցության նպատակը:

Համոզված եղեք, որ լուսաբացը իրապես գալու է մեր հինավուրց հողը: Համոզված եղեք, որ իշխանությունների իրարանցումը, եթե պատկերավոր բնութագրելու լինենք, ապա կսազեր զուգահեռ անցկացնել նշանավոր Դիոգենոս Սինոպացու հայտնի վարքագծի հետ: Իսկ ո՞րն է ընդհանրականը. զուգահեռն այն է, որ երբ Դիոգենոսը բնակություն է հաստատում Կորինթոսում, հանկարծ լուր են ստանում, որ Ֆիլիպ թագավորը` Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, արշավանքով գալիս է դեպի Կորինթոս: Բոլորը խառնվում են իրար, խուճապ է սկսվում, իսկ փիլիսոփան էլ այդժամ իր կավե տակառ-բնակարանը մտահոգ և լուրջ դեմքով հետուառաջ է գլորում: Ասում են` իմաստուն, ի՞նչ ես անում: Պատասխանում է. ես էլ ուզում եմ ձեր նման պատրանք ստեղծել, որ, իբր, Կորինթոսը պաշտպանում եմ: Հիմա էլ սրանք՝ կոալիցիոն ուժերը և իրենց սազանդարները, ուզում են պատրանք ստեղծել, որ «մեծ» գործ են անում: Ի վերջո, ինչպես Կորինթոսը պաշարվեց Ֆիլիպ արքայի կողմից, այնպես էլ կպաշարվի և կկործանվի այս իշխանությունը: Առավել ևս, որ իրենց շարքերում Դիոգենոս Սինոպացու նման պաշտպան էլ չունեն: (Բուռն, երկարատև ծափահարություններ):

Ժողովուրդ ջան, թեթև սրտով գնացեք յուրաքանչյուրդ ձեր տարածքային կազմակերպություն, հանգիստ խղճով ասեք՝ միահամուռ գնում ենք հանրաքվեի և «ՈՉ» ենք ասում այս իշխանություններին: Հաղթանակը մերն է:

Ազգային Միաբանություն կուսակցության 4-րդ համագումար

31 հոկտեմբերի 2003 թվ.

Համագումարի աշխատանքներին 685 պատվիրակներից մասնակցում էին 669-ը:

Օրակարգը:

1. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2002թ. հուլիսի 3-ին ընդունած «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան «Ազգային Միաբանություն կուսակցության» կանոնադրության մեջ և ծրագրում փոփոխություններ կատարելու մասին:

Զեկ. ԱՄԿ փոխնախագահ Կորյուն Առաքելյան

2. «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում քաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Զեկ. ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյան

3. Ընտրություններ:

Համագումարը հաստատեց կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները: Համագումարը Արտաշես Մամիկոնի Գեղամյանին վերընտրեց կուսակցության նախագահ:Կուսակցության առաջին փոխնախագահ վերընտրվեց Ալեքսան Համբարձումի Կարապետյանը, փոխնախագահներ ընտրվեցին Կորյուն Վարդանի Առաքելյանը և Սարգիս Գևորգի Մուրադխանյանը: Համագումարը ընտրեց կուսակցության 15 հոգուց բաղկացած նախագահություն.

Նախագահության կազմը

1. Գեղամյան Արտաշես

2. Կարապետյան Ալեքսան

3. Առաքելյան Կորյուն

4. Մուրադխանյան Սարգիս

5. Ադամյան Ինեսա

6. Բեկթաշյան Վլադիմիր

7. Գասպարյան Սոնյա

8. Դավթյան Միսակ

9. Խաչատրյան Նորիկ

10. Ղռաթյան Սոյրաբ

11. Մելիք-Փաշայան Ալեքսանդր

12. Մնացականյան Ռոմեն

13. Նիկոլյան Համլետ

14. Պլուզյան Զավեն

15. Սեմերջյան Հարություն

«Ազգային Միաբանություն կուսակցության»

նախագահության անդամների կենսագրությունները


ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆԻ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ:

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: 1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը և ընտրվել ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար:

1972թ. հունիս-սեպտեմբերին աշխատել է Կարելական Ինքնավար Հանրապետությունում որպես Հայաստանի ուսանողական շինջոկատի հրամանատար: Շինջոկատի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրով:

1972թ. հոկտեմբերին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը:

1974-76 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 13-հազարանոց կոմերիտական կազմակերպության կոմիտեի առաջին քարտուղար:

1976-78 թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ:

1979-86 թթ. աշխատել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի ապարատում (հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչի առաջին տեղակալ):

1987-89 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար:Այդ տարիներին շրջանում շահագործման են հանձնվել ավելի քան 320 հազար քառ.մետր բնակմակերես, 8 հազար աշակերտական տեղով դպրոցական շենքեր, 1960 տեղով մանկապարտեզներ:

1988-90 թթ. եղել է ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա):

1989-90թթ. ընտրվել և աշխատել է Երևանի քաղաքապետ:

Նրա պաշտոնավարության օրոք ավարտվել է Մասիս-Երևան և Արզական-Երևան ջրատարների տարիներ շարունակ ձգձգվող շինարարությունը՝ քաղաքին տալով վայրկյանում 1200 լիտր ջուր, շահագործման են հանձնվել բազմաթիվ բնակելի շենքեր, դպրոցական և նախադպրոցական կառույցներ, Ազատության պողոտայի ճանապարհային հանգույցը («Լամբադա»), բարեկարգվել են տասնյակ միկրոշրջաններ, շեշտակի թափ է ստացել Դավիթաշենի կամրջի շինարարությունը: Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից օծվելով՝ Արտաշես Գեղամյանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարը:

Նուբարաշենի ողբերգական հայտնի իրադարձությունների օրը՝ 1990թ. մայիսի 27-ին, մի խումբ ազատամարտիկների հետ Արտաշես Գեղամյանը կանխել է երևանցիներին սպառնացող վտանգը: 1990թ. հունիսին կասեցրել է իր ԽՄԿԿ անդամությունը:

1991-95թթ. որպես «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ բորսայի և ապա «21-րդ ԴԱՐ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ հանրապետության շրջափակման պայմաններում, էներգետիկ ճգնաժամի տարիներին, կազմակերպել է կենսական անհրաժեշտություն ներկայացնող արդյունաբերական հումքի մեծաքանակ ներկրումը Հայաստան՝ Ռուսաստանի ռազմաօդային տրանսպորտով:

1997թ. ապրիլին հիմնադրել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը», որի 1-ին համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ:

1995թ-ից մինչև օրս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր է:

1999 թ-ից մինչև 2003 թվ. եղել է Ազգային Ժողովի «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավարը: Ազգային ժողովում և ԶԼՄ-ներով Արտաշես Գեղամյանը բազմիցս հանդես է եկել Հանրապետության սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրային առաջարկություններով, առանձնահատուկ կարևորել է ԼՂ հիմնահարցի արդարացի լուծման հրամայականը, հիմնավորել է իշխանությունների վարած քաղաքականության արատավոր լինելը, պահանջել է Հանրապետության Նախագահի հրաժարականը:ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Գիտություն» հրատարակչության հրատարակած՝ «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագրի» հեղինակն է:

2003 թվականի փետրվարի 19-ին կայացած Նախագահական ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներով Արտաշես Գեղամյանի օգտին իրենց ձայներն էին տվել ընտրողների 17.6%-ը: 2003թ. մայիսի 25-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հաղթանակ է տարել և խորհրդարանում ներկայացված է 9 պատգամավորներով:

Արտաշես Գեղամյանը Ազգային Ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավարն է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակությունների անդամ:Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

ԱԼԵՔՍԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» առաջին փոխնախագահ

Ծնվել է 1950 թ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է: «Ազգային Միաբանություն կուսակցության» հիմնադիրներից է: 1999 թ. մայիսի 30-ին «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, իսկ 2003թվ. մայիսի 25-ին «Ազգային Միաբանություն կուսակցության» համամասնական ընտրացուցակով ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր: Ազգային Ժողովի «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղարն է, ԱԺ «Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

 

ԿՈՐՅՈՒՆ ՎԱՐԴԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Ծնվել է 1944 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ բանասեր է:ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է, ԱԺ «Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ:

 

 

 

ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Ծնվել է 1948 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ պատմաբան է: 2000 թվականից կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության նախագահն է:

 

 

 

 

 

ԻՆԵՍԱ ՎԻԼԵՆԻ ԱԴԱՄՅԱՆ

Ծնվել է 1955 թվ.:

Մասնագիտությամբ բժիշկ է, Բժշկական գիտությունների թեկնածու:Աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության Ազգային առողջապահության ինստիտուտում, որպես ընտանեկան բժշկության նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ:

 

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ

Ծնվել է 1947 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ մանկավարժ է:

Աշխատում է Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում, որպես տնօրեն:

 

 

ՍՈՆՅԱ ՖՐՈՒՆԶԵԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծնվել է 1958 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ տնտեսագետ է:

Աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում, որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:

 

 

 

 

 

 

ՄԻՍԱԿ ԴԱՎԹՅԱՆ

Ծնվել է 1934թվ.:

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր:

 

 

 

 

 

 

ՆՈՐԻԿ ՍԱՌԱՖԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1957թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ ինժեներ շինարար է:

Աշխատում է «Մայր Սևան» ՓԲԸ-ում, որպես գործադիր տնօրեն:

 

 

 

 

 

 

ՍՈՅՐԱԲ ՌԱՖԱՅԵԼԻ ՂՌԱԹՅԱՆ

Ծնվել է 1949 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ ինժեներ շինարար է:

Աշխատում է Արթիկի համայնքի «Շենքերի և շինությունների շահագործում» ՓԲԸ, որպես տնօրեն:

 

 

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԲԵՐՏԻ ՄԵԼԻՔ-ՓԱՇԱՅԱՆ

Ծնվել է 1938թվ.: Մասնագիտությամբ զինվորական բժիշկ է, բժշկական գիտությունների թեկնածու, պաշտոնաթող գնդապետ: Աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության «Նորք» հանրապետական հոգեկան առողջության կենտրոնում, որպես տնօրենի խորհրդական:

 

 

 

 

 

 

ՌՈՄԵՆ ԺՈՐԱՅԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Ծնվել է 1951թվ.: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու:Աշխատում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական բարեփոխումների կենտրոնում», որպես առաջատար մասնագետ:

 

 

 

 

 

 

ՀԱՄԼԵՏ ԶԱՎԵՆԻ ՆԻԿՈԼՅԱՆ

Ծնվել է 1955 թվ.:

Մասնագիտության սննդի արդյունաբերության տեխնիկ- տեխնոլոգ է, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն:

 

 

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՊԼՈՒԶՅԱՆ

Ծնվել է 1944 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ ֆիզիկոս է:

«Ազգային Միաբանություն կուսակցության» կողմից նշանակված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

 

 

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ

Ծնվել է 1953 թվ., կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությամբ ռադիոէլեկտրոկապի ինժեներ է:

 

 

 

 

 

 

Արտաշես Գեղամյանի հաղորդումը ԱՄԿ 4-րդ համագումարում

31.10.2003


Մինչև բուն հաղորդմանը անցնելուն ուզում եմ յուրաքանչյուրս ապավինենք մեր հիշողությանը և մեկ անգամ ևս վեր հիշենք այն ամենը ինչ տեղի ունեցավ վերջին մեկ տարվա ընթացքում: Նպատակը մեկն է, որ զերծ մնանք բոլոր հնարավոր սխալներից, ինչը ցավոք սրտի պետք է խոստովանեմ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը, բոլորս թույլ էինք տվել: Սխալները անշուշտ ազնվության սխալներ էին: Անշուշտ դաշնակցին հավատալու սխալներ էին: Բայց այնուամենայնիվ հմուտ և կարգապահ կուսակցության համբավ ունենալը պարտադրում է մեզ քննադատորեն վերլուծել մեր անցած ճանապարհը, և որ ամենակարևորն է, պարզություն մտցնել բոլոր այն հարցերի շուրջ, որը թերևս հանգիստ չի տալիս շատ ու շատ մարդկանց:

Ի՞նչ տեղի ունեցավ վերջին մեկ տարվա ընթացքում:

Ինչպես հիշում ենք անցյալ տարի «Ազգային Միաբանություն կուսակցություն»-ը հայտարարությամբ հանդես եկավ ՀԺԿ և «Հանրապետություն» նորաստեղծ կուսակցության հետ: Այդ հայտարարության տեքստը ընթերցվեց «Հանրապետություն» կուսակցության անդրանիկ-հիմնադիր համագումարի ժամանակ, ընթերցումը հանձնարարվել էր ինձ: Բոլոր հնարավոր հարցերի մասին կար նախնական պայմանավորվածություն: Լիարժեք փոխըմբռնում: Եվ որ ամենակարևորն էր երեք կուսակցություններն էլ իրենց ղեկավարներով, իրենց ակտիվով համոզված էին, որ կկարողանան միավորված լինելով հանդերձ այս ապազգային իշխանությունների բեռը թոթափել հայոց պետականությունից, հայ ժողովրդի ուսերից: Բնականաբար ծայր աստիճան դյուրագրգիռ մոտեցում որդեգրեցին իշխանությունները: Եթե հիշում եք ցանկացած հեռուստաալիք միացնում էինք պախարակում էին մի կողմից Արտաշես Գեղամյանին, մյուս կողմից Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Ալբերտ Բազեյանին: Ասես թե հավաքական թշնամու կերպար էին ուզում ստեղծել մեզանից: Զանազան բանագնացներ եկան ու գնացին մեկ խնդիր հետապնդելով, որ դուք մենակ ավելի մեծ հաջողությունների կհասնեք, որ դուք մենակ ավելի ընդունելի կլինեք ժողովրդի կողմից: Համոզված եմ, որ նմանատիպ բանակցություններ վարել են նաև մեր դաշնակից երկու կուսակցությունների ղեկավարների հետ: Դա ավելի համոզեց մեզ, որ մենք ճիշտ ճանապարհի, ճիշտ ուղու վրա ենք:

Սակայն զարգացումները այլ կերպ ընթացան: Այն է, միացան ևս 13 զանազան կուսակցություններ, որոնց զգալի մասը, համոզված կարող եմ ասել, ազնիվ նպատակներ էին հետապնում, ազնիվ խնդիրներ էին իրենց առջև դրել և խնդիրները դյուրին դարձնելու համար գերադասեցին միանալ եռյակի հետ: Մշակվեց հայտարարության տեքստը, որը և ընթերցվեց: «Ազգային Միաբանություն կուսակցությունը թե այն ժամանակ, թե հիմա գտնում է, որ ազգին այս կամ այն անհատի շուրջը չի որ պետք է միավորել: Ազգին պետք է միավորել բոլորիս համար հասկանալի, հոգեհարազատ, ազգանպաստ ծրագրի շուրջը, որը մենք դրեցինք բանակցային ողջ գործընթացի առանցքում: Հրապարակ հանեցինք «Ազգային Միաբանություն կուսակցության» կողմից մշակված «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագիրը» և աղերսելով իսկ անգամ դաշնակից կուսակցություններին. ներկայացնել իրենց դիտողությունները, ինչու չէ նաև այլընտրանքային ծրագրեր, որի արդյունքում կծնվեր մեկ միասնական ծրագիր, որը և կդարձնեինք հայ ժողովրդի սեփականությունը, այն դրոշը, որը վեր ծածանելով կազատվեինք այս կաշառված, կոռումպացված իշխանություններից: Իշխանությունները զգացին ու սարսափեցին ընդդիմադիր ճակատի միասնականությունից: Դրանից հետո զարգացումները գնացին և ընթացան չափազանց հետաքրքիր հունով: Հունվարի 15-ին 9 կուսակցություններ 16-ից (կրկնում եմ 9-ը 16-ից), որոշում կայացրեցին:

Եվ այսպես 2003թ. հունվարի 15-ին կայացած որոշումները՝ արձանագրություն թիվ 4 և արձանագրություն թիվ 5:

15 հունվարի 2003թ.

ք.Երեւան

Արձանագրություն թիվ 4

Հայաստանի ժողովրդահայրենասիրական ուժերի (Հայաստանի կոմունիստական կուսակցության, «Ազգային Միաբանություն» կուսակցության եւ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունների միավորման) քաղաքական խորհրդի որոշումը

Օրակարգ

2003թ. փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդահայրենասիրական ուժերի նախընտրական դաշինքի միասնական թեկնածուի հաստատման մասին հարցը:

Լսեցին

Քննարկվող հարցի առնչությամբ առաջարկություններով ելույթ ունեցան Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից Նորիկ Պետրոսյանը, Խորեն Սարգսյանը, Գագիկ Թադեւոսյանը, «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունների միավորման անունից Ջորջ Հակոբյանը, Իշխան Թովմասյանը, Վարդան Խաչատրյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության կողմից Ալեքսան Կարապետյանը, Սարգիս Մուրադխանյանը, ինչպես նաեւ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունների միավորման կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Գառնիկ Մարգարյանը եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Վլադիմիր Դարբինյանը: Ելույթ ունեցողները պաշտպանեցին Հայկոմկուսի եւ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունների միավորման առաջարկությունը ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններում Հայաստանի ժողովրդահայրենասիրական դաշինքի միասնական թեկնածու հաստատել «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Մամիկոնի Գեղամյանին:

Որոշեցին.

2003թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդահայրենսիրական ուժերի նախընտրական դաշինքի կողմից ՀՀ Նախագահի միասնական թեկնածու հաստատել ԿԸՀ-ի կողմից գրանցված, «Ազգային Միաբնություն» կուսակցության նախագահ Արտաշես Մամիկոնի Գեղամյանին:

Որոշումն ընդունվեց միաձայն:

Նիստի նախագահող, Հայաստանի Ժողովրդա-

հայրենասիրական ուժերի դաշինքի

համակարգող խորհրդի նախագահ՝                     Վլադիմիր Դարբինյան

Համանախագահներ՝                                              Գառնիկ Մարգարյան

Արտաշես Գեղամյան

Քաղաքական խորհրդի անդամներ՝                     Նորիկ Պետրոսյան

Խորեն Սարգսյան

Գագիկ Թադեւոսյան

Ջորջ Հակոբյան

Իշխան Թովմասյան

Վարդան Խաչատրյան

Ալեքսան Կարապետյան

Կորյուն Առաքելյան

Սարգիս Մուրադխանյան

15 հունվարի 2003թ.

ք.Երեւան

Արձանագրություն թիվ 5

Հայաստանի ժողովրդահայրենասիրական ուժերի  (Հայաստանի կոմունիստական կուսակցության, «Ազգային Միաբանություն» կուսակցության եւ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունների միավորման) քաղաքական խորհրդի որոշումը

Օրակարգ

2003թ. փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդահայրենսիրական ուժերի նախընտրական դաշինքի ՀՀ Նախագահի միասնական թեկնածու Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի ձեւավորման մասին հարցը:

Լսեցին

ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդա¬հայրենասիրական ուժերի նախընտրական դաշինքի ՀՀ Նախագահի միասնական թեկնածու Արտաշես Գեղամյանի առաջարկությունը Հայաստանի ժողովրդահայրենասիրական ուժերի նախընտրական դաշինքի աշխատանքները կարգավորող նախընտրական շտաբի ձեւավորման մասին:

Արտահայտվեցին

Գագիկ Թադեւոսյանը, Գառնիկ Մարգարյանը, Վարդան Խաչատրյանը,    Ջորջ Հակոբյանը, Վլադիմիր Դարբինյանը:

Որոշեցին

1.հավանություն տալ Արտաշես Գեղամյանի առաջարկին՝ ՀՀ նախագահական ընտրություններում Հայաստանի ժողովրդահայրենասիրական ուժերի նախընտրական դաշինքի միասնական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար հաստատել Ալեքսան Կարապետյանին:

2. Հայաստանի ժողովրդահայրենսիրական ուժերի դաշինքի ՀՀ Նախագահի միասնական թեկնածուի նախընտրական շտաբի համանախագահներ հաստատել ՀԿԿ-ի նախընտրական շտաբի պետին եւ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցությունների միավորման նախընտրական շտաբի պետին:

Որոշումներն ընդունվեցին միաձայն:

Նիստի նախագահող, Հայաստանի Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի համակարգող խորհրդի նախագահ՝ Վլադիմիր Դարբինյան

Համանախագահներ՝                                              Գառնիկ Մարգարյան

Արտաշես Գեղամյան

Քաղաքական խորհրդի անդամներ՝                     Նորիկ Պետրոսյան

Խորեն Սարգսյան

Գագիկ Թադեւոսյան

Ջորջ Հակոբյան

Իշխան Թովմասյան

Վարդան Խաչատրյան

Ալեքսան Կարապետյան

Կորյուն Առաքելյան

Սարգիս Մուրադխանյան

 

Որոշումները ընդունվեցին միաձայն: Որից հետո թևակոխեցին բուն նախագահական ընտրությունները: Որոշումները ստորագրողներից 2-ը նույնպես նախագահի թեկնածուներ էին: Թվում է թե իրենք անվերապահորեն տեր կկանգնեն իրենց իսկ կողմից ընդունված որոշմանը: Իրենց իսկ կողմից ստորագրված որոշմանը: Եվ ոչ մի հեռուստաելույթում, որը հավասարաչափ բաշխված էր նախագահի բոլոր թեկնածուների համար, մեկ անգամ չհնչեցվեց Ա.Գեղամյանի անունը: Մեկ անգամ կոչ չարվեց իրենց շարքերին, որ սատարում ենք Գեղամյանին, որոշում ենք կայացրել: Ավելին մինչև ընտրությունների օրը Կոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը այդպես էլ ասեց. նման որոշման մասին տեղյակ չեմ: Բուն ընտրությունների օրը մենք ականատես եղանք, որ նույն կոմկուսի կենտկոմից զանգ էին տալիս տարածքային կազմակերպություններ և հորդորում ձայները տալ ուրիշին: Ի՞նչ սխալ էի գործել, քննադատության սո՞ւրն էր բթացել: Իհարկե ոչ: Ասեմ ավելին: Մյուս ուժի կողմից հեռուստաեթերով նախավերջին օրը ձայնը տրվում է մարդու, որը դարձյալ այստեղ ստորագրել է և նա նույնպես կոչ է անում ձայնը տալ մեկ այլ թեկնածուի: Իսկ ի՞նչ, սրանք պատահականություններ էին: Իհարկե, ոչ: Իհարկե պատահականություններ չէին: Պարզապես իրենք ճշգրիտ կերպով գիտեին, որ Գեղամյան Արտաշեսը խամաճիկ չի եղել և չի էլ կարող դառնալ: Որովհետև իրենք գիտեին ինչ է նշանակում «Ազգային Միաբանություն կուսակցության» կուռ շարքերը, ինչ է նշանակում լինել վճռական մինչև վերջ պայքարելու հաղթանակի հասնելու նպատակով: Որովհետև եղել էր Ա.Գեղամյան-Ս.Սարգսյան հարցազրույցը հեռուստաեթերով և սնանկ դարձան իշխանության գաղափարախոսները: Ահա այստեղ է, որ 16 ներթափանցաց որոշակի ուժեր կարողացան ցավոք սրտի իրենց ուղտադրոժ գործողություններով պայքարը մասնատել երկու մասերի: Իսկ ամենազարհուրելին այն էր, որ ընտրությունների նախորդ օրը գրեթե բոլոր շրջաններ զանգեր գնացին, ուր հայտարարվում էր, որ Ա.Գեղամյանը իր թեկնածությունը հանել է, և որ ձեր ձայները չկորչեն, անպայման տվեք ընդդիմադիր այլ թեկնածուի օգտին: Սա է իրականությունը: Եթե սրան գումարելի դարձնենք 150 հազար թռուցիկները, որոնք տարածվեցին հանրապետությունով մեկ, ուր ուղղակիորեն ասվում էր, որ Ա.Գեղամյանը հանել է թեկնածությունը: 150 հազար թռուցիկներ. դաբոններով էին բերում մեր շտաբ: Սկզբից, միամիտներս, կարծեցինք իշխանությունների դավադրությունն է: Ավաղ, համոզվեցինք որ ոչ: Ահա սա է ճշմարտությունը: Ահա սա է իրականությունը: Ասեմ ավելին: Հենց նույն փետրվարի 19-ին, երբ արդեն իսկ ակնհայտ էր, որ իշխանությունները կոպտորեն ոտնահարում են Հայաստանի Հանրապետության թե Սահմանադրությունը, թե «Ընտրությունների մասին» օրենքը, նախագահի 6 թեկնածուներ ստորագրեցին հայտարարության տակ, ուր ուղղակիորեն, վերջին նախադասությունը ընթերցեմ. « ... Այս ամենը ցույց է տալիս, որ ընտրությունների ընթացքը միտումնավոր խեղաթյուրվել է և նրա արդյունքները չեն կարող ճանաչվել օրինական»: 6 թեկնածուներ ստորագրեցին, ժամը 17-ին Ա.Արշակյանը հասցրեց Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Եվ ինչ եք կարծում, մեկ ժամ հետո սա էլ փոխվեց: Բնականաբար իշխանությունների համար ակնհայտ էր, թե այն ժամանակ, թե հիմա, որ մենակ Ա.Գեղամյանը հանկարծ երկրորդ փուլ չանցնի: Որովհետև Ա.Գեղամյանի վրա ազդել կարող է միայն իր կուսակցությունը, կարող է միայն իր ժողովուրդը: Իսկ կուսակցությունը և ժողովուրդը պահանջում էին իշխանափոխություն: Փետրվարի 25-ին ԱՄԿ-ի խորհուրդը ընդունեց հայտարարություն, ուր գնահատական տալով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին, ուղղակիորեն հիմնավորեց անհրաժեշտությունը չմասնակցելու երկրորդ փուլին, որով կվիժեցվեր նաև առաջին փուլը: Մինչև մարտի 2-ը կամ ու կացի մեջ էին: Հետո, բոլորիս համար անհասկանալի ճնշումների արդյունքում գնացին երկրորդ փուլ և տեղի ունեցավ այն ինչի ականտեսը մենք եղանք: Այն է՝ վավերացվեց առաջին փուլի արդյունքները: Եթե գնում ես երկրորդ փուլ, կնշանակի դու ճանաչում ես առաջին փուլի արդյունքները: Տրամաբանական հարց է ծագում, իսկ ինչի չմասնակցեցինք հանրահավաքներին: Եվ պատասխանը շատ կտրուկ և հստակ տրվեց: Կային ուժեր, որոնց պետք էր, որ ամեն գնով Հայաստանի Հանրապետությունում արյուն թափվի, որ հետագայում անպայմանորեն կվերագրվեր ընդդիմադիր ուժերին ընդհանրապես, որովհետև փետրվարի 19-ից հետո ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ պաշտոնապես իր գնահատականը չէր տվել: Դեռ ոչ մի հայտարարություն չէր արվել: Այսինքն մեր ցանկացած գործողություն արդեն կդիտարկվեր հակասահմանադրական և կճնշվեր ամենայն դաժանությամբ: Մեզ դեռ բան կպատահեր, թողնենք մի կողմ: Բա էն ժողովո՞ւրդը ինչ մեղք ուներ: Բա էդ մարդիկ ինչ մեղք ուներին, որոնք համոզված կարող եմ ասել, ոտնատակ կարվեին: Այսօր անցել է ժամանակ ասեմ, որ կրկեսի մոտ տեղակայված էր Ղարաբաղից բերված հատուկ գունդ: Ահա թե ինչ ողբերգություն էին ուզում պատրաստել իշխանությունները: Ահա թե ինչ էին մտադիր անել, որը մենք կանխեցինք, բնականաբար տալով շատ ավելի խիստ գնահատականներ: Անցան նախագահական ընտրությունները, մեջտեղ եկան Ազգային Ժողովի ընտրությունները: Քանիցս հեռուստաեթերով իշխանություններին ասվել էր, որ անգամ իսկ կեղծված առաջին փուլի արդյունքում Հայ ժողովրդի 51% դեմ է եղել գործող նախագահին, որովհետև Քոչարյանին նկարել էին 49 %: Ընդդիմադիր թեկնածուները հավաքական առումով 51% ձայն էին հավաքել: Ուստի դարձյալ զերծ մնալով քաղաքացիական սրումներից, որը բացարձակապես ձեռնտու էր միայն ու միայն թե թշնամուն, թե իշխանություններին, ասացինք օրենսդիր իշխանությունում մեծամասնությունը, ինչպես ժողովրդի կամքն է դա ապացուցել և թելադրել, պետք է պատկանի միայն և միայն ընդդիմադիր դաշտին, որ ընդդիմությո՛ւնը պետք է ձևավորի ԱԺ ղեկավարությունը և կառավարությունը, որը կհակակշռի հակաօրինական Ռ.Քոչարյանի իշխանությանը: Միայն այս պարագայում ժողովուրդը իրեն սեփական երկրում վտարանդի չի զգա, սեփական երկրում պարտված չի զգա: Ասես թե սկզբից հակված էին, որ այդ չափ չկեղծեն ընտրությունների արդյունքները: Ասես թե գիտակցում էին, որ բացի այդ անիծյալ աթոռից, որի համար իրենք պատրաստ են արյուն թափել, կան նաև ուրիշ պետական նշանակություն ունեցող վեհ սրբություններ: Ամեն ինչ շարունակվեց մինչև մայիսի 23-ը: Ընտրություններից երկու օր առաջ դարձյալ այդ մեքենան, որի մաեստրոն է Ս.Սարգսյանը գործի դրվեց: Դարձյալ համընդհանուր կեղծիքներ, դարձյալ օրենքի համընդհանուր աղաղակող ոտնահարումներ, որի արդյունքում ունեցանք այն, ինչ որ ունենք: Այս պարագայում, բնականաբար, պետք է ձայն հանվեր: Բոլոր հնարավոր լծակները պետք է մենք օգտագործեինք, որ համաշխարհային և միջազգային հանրությանը ասեինք, որ ՀՀ-ում ինչ կարգի անօրինականություններ են տեղի ունենում: Հնարավորություն ստեղծվեց և ոչ միայն ինձ համար: Ես մասնավորապես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունեցա: Ըստ որում ելույթ ունենալ պլենար նիստի ժամանակ, երբ 56 երկրներից ընդամենը ձայն տվեցին 32 երկրների ներկայացուցիչների, այն էլ Հայաստանից երկու հոգու: Մեկը պատվիրակության ղեկավարին, որը իշխանության գովքն էր անում, և մյուսը՝ ընդդիմության ներկայացուցչին: Եվ քար լռությամբ 56 երկրների պատվիրակներ լսեցին այդ զեկուցումը: Բարեկամներիցս ոմանք ասացին մի քանի օր ուշ արի Երևան, որովհետև սրանց ոնց որ տոկին են խփել: Տեղ չեն գտնում իրենց, արդեն Ա.Գեղամյանին դավաճան են հանում, որ Ա.Գեղամյանը Ռոտերդամի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հանդգնել է ասել, որ ՀՀ-ում իշխանությունները զավթված են Քոչարյան-Սարգսյան տանդեմի կողմից: Էլ ինչ պիտակ ասես չպիտակավորեցին: Ասում էին Ազգային Միաբանությունը կեղծ ընդդիմություն է: Տնաշեններ ամբողջ աշխարհի առաջ ասացի. գող ու ավազակ են, իշխանությունը զավթել են, էլի կեղծ ընդդիմություն է: Ի՞նչ է, կարծում եք պատահականություն է: Իհարկե ոչ: Պարզապես իրենք գիտեն «Ազգային Միաբանություն կուսակցության» ցանկացած անդամի խոսքի ուժգնությունն ու համոզչությունը և բնականաբար իրենք ուզում էին մեր ձեռքերով այս համաժողովրդական վերելքը, ցասումը, բողոքը հակասահմանադրական հունը ուղղել, որ հետո քաոսային վիճակ ստեղծեն Հայաստանի Հանրապետությունում, և ահա այստեղ է, որ նախորդ իշխանությունները սպիտակ բաճկոնով գան ու ասեն. տեսնում եք մեր օրոք արյուն հո չթափվեց: Ահա սա է իրականությունը, սա է ճշմարտությունը: Առավել ևս արդեն բոլոր այս գործողությունները, որոնք իրականանում են ներկայումս քաղաքական դաշտում, խոսում և համոզում են, որ պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը ամեն կերպ կցանկանա իրենցից հետո կամ Ս.Սարգսյանը դառնա նախագահ, կամ որևէ դրածո, կամ էլ թե չէ իշխանությունը հետ վերադարձնեն Լ.Տեր-Պետրոսյանին: Սա է իրենց սցենարը: Այդ սցենարի առաջ կանգնած է Ազգային Միաբանությունը, որովհետև այդ սցենարի մասին հրապարակայնորեն ասվում է, որովհետև այսօր կոչերով հանդես ենք գալիս քաղաքական դաշտի ցանկացած ուժի ասելով, որ Դուք մնայուն եք հայոց հողի վրա, իշխանությունը զավթածներն են գնացող: Այստեղ հարց առաջացավ, իսկ անցած ժամանակահատվածում Ազգային Միաբանություն կուսակցությունը միջազգային ասպարեզում ինչ է արել Հայաստանում ստեղծված իրավիճակին իրազեկ պահելու համար: Վերանանք իմ անձից, իմ անձի գործոնից: Բայց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ուղղակիորեն հնչեցվել է այն միտքը, որ լինի դա ԵԱՀԿ-ն, լինեն ուրիշ մեծ հեղինակություն ունեցող երկրներ, ասես թե ձայն-ձայնի էին տվել և շահագրգռված էին, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի ոչ լեգիտիմ իշխանություն: Որովհետև ոչ լեգիտիմ իշխանությունների վրա ազդելը չափազանց հեշտ է: Իսկ դա հրեշավոր երանգներ է ստանում, երբ մենք բոլորս մտովի հիշում ենք թե ինչ վիճակում է Հայաստանի Հանրապետությունը, երբ մենք գիտակցում ենք, որ առկա է Արցախի հիմնահարցը: Եվ բացարձակապես պատահական չէր, որ հենց այդ նույն իշխանությունները, նույն երկրները, մատների արանքով մոտիկացան վերջերս Ադրբեջանում անց կացված նախագահական ընտրություններին: Իսկ պատճառը ո՞րն էր: Այն, որ դեռ երկու տարի առաջ Փարիզում և Քի Վեսթում արդեն իսկ Ռ.Քոչարյան-Հ.Ալիև պայմանավորվածություն կար, բնականաբար Մինսկի խմբի եռանախագահող երկրների անմիջական հուշելու պարագայում, որ պետք է ստորագրվի Արցախի հարցը: Պարզապես երկու երկրների նախագահները խնդրել էին համանախագահող երկրներին, որ առջևում նախագահական ընտրություններ են, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Նախագահական ընտրություններն ավարտվեցին, Ադրբեջանը շարունակում է Հ.Ալիևի կուրսը, մեզ մոտ Ռ.Քոչարյանի կուրսը և վերահաս վտանգ է սպառնում բոլորիս: Այն է, այդ ազգադավ որոշումը դրվելու է բանակցային սեղանի վրա: Այս պարագայում ինչ պետք է անեն իշխանությունները: Չէ՞ որ Լ.Տեր-Պետրոսյանին պաշտոնազուրկ արեցին նահանջողական քաղաքականություն վարելու համար: Մինչդեռ այն ժամանակվա բանակցային մեկնարկային իրավիճակը եթե համեմատում ենք ներկայիս իրավիճակի հետ, զգալի հետնահանջ է ապրել: Եվ դա ձեզ ասում է մի մարդ, որ անողոք կերպով քննադատել է նախորդ իշխանություններին: Բայց ճշմարտությունը դա է ապացուցում: Ուստի ինչ պետք է անեն, ոնց պետք է խոստումների տակից դուրս գան: Բա Փարիզում Ֆրանսիայի ամենից բարձր պարգևը տվեցին՝ պատվո լեգիոնի շքանշանակիր դարձրեցին: Էդ ինչի՞ համար, կարող է ե՞ն պարողին խանգարող հանգամանքների անեկդոտը լավ պատմեց, դուրները եկավ, մեդալը կախեցին: Իհարկե ոչ: Հիմա հատուցման ժամն է եկել, հիմա ինչ պետք է անի: Մի քանի տարբերակ կա, որոնց մասին հրապարակայնորեն ասել եմ: Տարբերակներից մեկը նա է, որ առաջիկայում կփորձեն շատ հայանպաստ հայտարարություն ծնել. այն է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի կողմից: Թվում է թե ինչ վատ է: Եվ հետո այդ հայտարարությունը ունենալով Ռ.Քոչարյանը բանակցային գործընթացին կասի. խնդրեմ, տեսեք անգամ ինձ սատարող կուսակցությունները ընդդիմության հետ մեկտեղ անընդունելի են դարձնում այն առաջարկները, որոնք մշակվել էին թե Փարիզում, թե Քի Վեսթում: Է հա, հանուն Ղարաբաղի մի քիչ էլ դիմանայինք: Բայց հետո՞: Այսինքն հավերժացնենք ապօրինի իշխանություններին, որոնք Ղարաբաղի քողի, Ղարաբաղի դրոշը ծածանած բոլորիս սիրտը գերեցին, հետո եկան բոլորիս սրտի մեջ սուր մտցրին, խնդիր ունենալով միայն ու միայն հարստանալ: Ցանկացած խանութ գնացեք, որը քիչ թե շատ շնչում է, տերերից մեկը Ղարաբաղից է եկել: Էս բոլորը տարեք Արցախում դրեք: Մենք էլ իմանանք, որ դուք իրոք նվիրյալներն եք Արցախյան հողի: Այո, այնտեղ հարստացրեք: Մեր Արցախն է, հարստացրեք այդ հողն ու ջուրը, և հետո ձեր իսկ հարստությանը տեր կանգնեք:

Ճանապարհը սա է, բնականաբար այդ ճանապարհը անընդունելի է:

Երկրորդ ճանապարհը երկրում վիճակի ապակայունացումն է: Վիճակի ապակայունացումը թերևս դարձյալ իրենց հնարավորություն կտա զբաղվել քաղաքական դեմագոգիայով: Այն է. երկրում վիճակը հանգստացնենք, որից հետո նոր անդրադառնանք այդ պայմանագրերին: Թվում է թե այո Արցախի խաթր կարելի է դրան էլ գնալ: Բայց մինչև երբ: Չէ որ զուգահեռաբար, այսօրվա դրությամբ, մեր տարածաշրջանում իրականացվում են անասելի մեծ տնտեսական նախագծեր, ընդհանուր արժողությամբ 7 միլիարդ դոլարին համարժեք: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղը և գազամուղը: Միայն Վրաստանը շահագործումից տրանզիտի համար տարեկան կտրվածքով 1 միլիարդ դոլարի համարժեք մաքուր եկամուտ է ստանալու: Ես ինչու եմ Վրաստանը հիշատակում: Ադրբեջանի մասին էլ չենք խոսում: Այն պարզ պատճառով, որ եկամուտի հիմնական աղբյուրը դառնալու է այդ նավթամուղը: Տնտեսությունը ամբողջությամբ պայմանավորված է լինելու այդ նավթամուղի շահագործմամբ: Այն է՝ տվյալ երկրի բարեկեցությունը և քաղաքական կայունությունը դարձյալ պայմանավորված են լինելու այդ կառույցներով: Այսինքն Ադրբեջանը և Թուրքիան կկարողանան իրենց կամքը փաթաթել և պարտադրել Վրաստանի ցանկացած իշխանության վզովը և սա ակնհայտ ճշմարտություն է, ակնհայտ փաստ: Իսկ ինչ եք կարծում Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանին ի՞նչ են պարտադրելու: Հայաստանի բլոկադա, մեկուսացում: Մեր հույսը կմնա 46 կմ երկարությամբ հայ-պարսկական սահմանը: Մինչդեռ հենց այդ սահմանի շուրջն է այն բոլոր քաղաքական վիճաբանությունները և առանց թաքցնելու ասենք հոկտեմբերի 27-ի սպանությունները: Եվ այս բոլորը երբ գիտակցում ես, և տեսնում ես թե իշխանությունները ինչով են զբաղված, ինչ բանսարկություններ են անում, մնում ես ապշած: Միթե իրենք չեն գիտակցում թե ինչ են անում: Միթե իրենք առաջնորդվում են ավետարանական հին դատապարտված ասացվածքով. մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ: Այս բոլոր վտանգները երբ զգում ես, բնականաբար պետք է քո մեջ ուժ գտնես, բնականաբար պետք է միաբանվես: Պետք է անպայմանորեն գտնես այն փրկօղակը, գտնես այն փրկարար գաղափարը, որը կհամախմբի հերթական անգամ հայ ժողովրդին այդ գաղափարի շուջ և ոչ թե անպտուղ զանազան հանրահավաքների շուրջ, որից հետո ժողովուրդը ցավոք սրտի երբ ոչ մի ծրագիր հրապարակ չեն բերում, խոր հիասթափություն և հուսալքություն է ապրում: Ահա սա է, որ ցանկացած քաղաքական ուժի հետ, անկախ նրանից թե, որը ինչ դրսևորում և վարքագիծ է ունեցել մեր հանդեպ, մենք պատրաստ ենք համագործակցել հանուն այն գաղափարի, որը այսօր դրված է մեր ժողովրդի առջև: Հանուն իշխանափոխության: Սա է մեր պատասխանը ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցություններին: Երկու խոսք տնտեսության մասին: Ցավոք թմբկահարում են իբր երկանիշ տնտեսական աճ համախառն ներքին արդյունքի, մյուսը, մյուսը: Բորից շատ ուրախացողը մենք կլինեինք: Բայց չկա այդ աճը: Հակառակը գնալով թաղվում է երկիրը կոռուպցիայի մեջ: Եվ կարգախոս չէ: Հասարակ, ընդամենը մի ցուցանիշ բերեմ: Այսօրվա ՀՀ-ում հարկային եկամուտները կազմում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 15%: Համեմատության համար ասեմ ձեզ, որ այդ նույն ցուցանիշը Եվրոմիության երկրներում տատանվում է 36-ից 49%: Կնշանակի տնտեսության առնվազն ինչքան ջրի երեսում կա, 2,5 անգամ ավել ստվերում է: Իսկ ինչպես է ստացվում, որ մի բուռ Հայաստանում, երբ հարևանդ փռշտում է մենք մեր տանը առողջություն ենք ասում, հանկարծ այդքան թալանում ու գողանում են, էս երկիրն էլ, պետությունն էլ բացարձակապես անտեղյակ են: Է, գողացողը իրենք են: Հիմա էլ առանց անհարմար զգալու օրենքի նախագծեր են Ազգային Ժողով իջեցնում կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարելու մասին: Գլխավոր կաշառակերի քավորը Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգյանն են: Քավորներին «անաֆեբիայի» ենթարկենք կաշառքը կվերանա ՀՀ-ում:

Այսօր առանձնահատուկ ուզում եմ ձեզ ասել՝ միջազգային կազմակերպությունները, խոշոր երկրները գիտակցում են, որ այո, ՀՀ-ում անհրաժեշտ են ժողովրդավարական փոփոխություններ: Եվ դրա ամենավառ ապացույցն է այն հրապարակումները, որոնք տեղ են գտել մասնավորապես Ամերիկյան «Նյու-Յորք Դեյլի Նյուզ» շաբաթաթերթում, որոնք տեղ են գտել մասնավորապես «Նեզավիսիմայա Գազետա» շաբաթաթերթի 30.10.2003թ. համարում: Ես միայն վերջինիս վերնագիրը ընթերցեմ (որ չափազանց արդիական է, և կարծես թե պաշտպանվում է համապատասխան երկրների կողմից) “Роберт Кочарян нелегитимен, он должен уйти”: Մի ամբողջ հարցազրույց, որ բոլոր այս արածների մասին շատ համառոտ ասված է: Շատ համառոտ ասված է նաև այն բանի մասին, որ իրենք դավադրություններին մասնակից են դարձնում պետական հիմնարկները: Երբ տեսնում են, որ այս կամ այն ձեռներեցը դրսևորում է ինքնուրույնություն, չի ուզում այդ գայլային ոհմակի օրենքներով շարժվի, այլ շարժվի միայն ու միայն ՀՀ օրենքներով, սկսվում են զանազան հետապնդումներ:

Երբ տեսնում են, որ մեր հայրենակիցները դրսից սատարում են ընդդիմությանը, որոնք ՀՀ-ում ունեն հարազատներ, որոնք ոչ մի պարագայում չեն լքի հայրենիքը, քանի որ այստեղ ունեն հարազատների շիրիմներ, այստեղ ունեն իրենց եկեղեցին, իրենց լեզուն, իրենց խոսքը ասելու հնարավորություն, օգնում են ընդդիմությանը և ինչ եք կարծում: Դանոսներ են գրում 37 թվականի նման: Մասնավորապես դա եղավ նախագահական ընտրությունների ժամանակ: Գրում են, որ ռուս բիզնեսմենները, սատարում են Հայաստանում ապակայունություն սերմանող քաղաքական ուժերին: Ապակայունություն սերմանողն էլ «Ազգային Միաբանություն կուսակցությունն» է, մասնավորապես՝ Արտաշես Գեղամյանը, որովհետև այն ժամանակ կուսակցությունը ինձ էր նախագահի թեկնածու առաջադրել:

Ներ են քաշում կենտրոնական բանկը իրենց վայրագ գործարքների, մինչդեռ դա հակացուցված է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով: Այստեղ Գյումրիի մեր ժողովուրդը չի թողնի, որ ես ապատեղեկացնեմ: Դեռ տարի ու կես առաջ նախագահական ընտրությունների նախաշեմին Գյումրիում չափազանց ջերմ հանդիպում եղավ գյումրեցիների հետ: Այն ժամանակվա մեր տարածքային կազմակերպության նախագահն էլ բավականին սկզբունքային ելույթ ունեցավ: Ինչ եք կարծում, անցնում է մեկ շաբաթ գալիս ասում է. դատի են ինձ տվել Շիրակինվեստ բանկի, արդեն սնանկ ճանաչված բանկի համար: Ուրիշը սնանկացրել է, իրեն տարել են, որ գյումրեցիների հետ լեզու գտնի, հանգստացնի, որ կամաց-կամաց գողացված փողերը վերադարձնեն: Ո՞վ է դատի տվել, Կենտրոնական բա՞նկը: Հետաքրքրվում ենք, բան չկա այնտեղ: Ասում ենք դատի են տվել չլինի նրա համար, որ քաղաքապետի ընտրություններ են լինելու Գյումրիում և հավանական թեկնածուներից մեկն էլ նա է: Եվ ինչ եք կարծում, համոզեցին: «Ազգային Միաբանություն կուսակցություն»-ից դիմում տվեց դուրս եկավ: Առաջ քաշեցին, մարզային կառույցում վարչության պետ նշանակեցին, դատի մասին մոռացան: Զենք դարձրեցին Կենտրոնական բանկը էս մարդու նկատմամբ:

Հարց է առաջանում, եթե այդքան սկզբունքային եք հարգելի Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, բա էդ ինչի դատի չտվեցիք: Ինչի դատի չտվեցիք այն մարդկանց ովքեր իրեն այդ պաշտոնը տվեցին, եթե նա քրեօրեն պատժվող մարդ էր: Նույնը եղավ Էկոնոմինվեստ բանկի հետ: Տարոն Սահակյանը պատգամավոր էր ընտրված նախորդ ընտրությունների ժամանակ: Երկու անգամ քննադատեց բարքերը, որ տիրում է Կենտրոնական բանկում, բանկը սնանկ ճանաչեցին: Ավելի խայտառակ, վայրագ կերպով վարվեցին Երևանկերդիտի հետ: Եվ պատճառը մեկն էր՝ Երևանկրեդիտի տնօրենների խորհուրդը սնանկ վիճակում բանկը ընդունեց, հսկայական ծախսեր արեց, ոտքի էր կանգնեցնում, բայց ստրուկ չուզեցավ դառնալ այդ մարդը: Այդ մարդը պարզապես տղամարդ մարդ էր: Արդյունքում ամեն ինչ արեցին, որ սնանկ ճանաչվի բանկը և այդ մարդու հարստությունը, որը Ռուսաստանում բիզնեսով զբաղված ժամանակ էր ձեռք բերել և այստեղ գործարաններ էր գնել, աշխատացնում էր, շան մսի գնով վաճառեցին իրենց յուրայիններին:

Ես պատահական չէ, որ սա հիշում եմ, որովհետև, ցավով եմ ասում, Հայերի համաշխարհային կազմակերպության հիմնադիր համագումարին խնդրեցին իրենց անունները հնչեցնեմ և ասեմ, թե կողոպուտի են ենթարկել իրենց հայաստանյան իշխանությունները: Բնականաբար ներողություն իրենցից հայցեցի, որ այդ համագումարը այն տեղը չէ, որ նրանցից խոսեմ, բայց խոստացա, որ առաջիկայում Ազգային Միաբանություն կուսակցության համագումարի ամբիոնից կասեմ, որ իրենց կողոպտել են: Մասնավորապես. Հովհաննիսյան Ռազմիկին, Հովհաննիսյան Լևոնին, Չիչակյան Ռոբերտին, Դուբինսկայա Նատալիային, Պոպով Կիրիլին, Միխայլով Իգորին, ռուս գործարարների: Իսկ ինչ եք կարծում, պատահական է ՌՈՒՍԱԼ-ը դադարեցրել ԿԱՆԱԶ-ի ֆինանսավորումը, իհարկե ոչ: Գործարար աշխարհը շատ նրբին կերպով զգում է այս ամենը: Իսկ ինչու են այդպես անում: Այդպես անում են, որ իրենց գավառական կոչը կյանքի կոչեն: Այսինքն իրենց դեմ խաղ չկա: Ուրեմն ուզում եմ ասել, որ ամենամեծ խաղը հենց իրենց դեմ է: Եթե իրենք կարծում են խաղ չկա և կիրառում են ղումարի ասպարեզում, մենք քաղաքական ասպարեզում ասում ենք, ոչ թե խաղալու ենք, տապալելու ենք ձեր ապազգային իշխանությունը և դրա գրավականը մեր կուսակցությունն է:

Առաջիկայում, համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները ամենատարբեր հերյուրանքները կսկսեն տարածել Արտաշես Գեղամյանի մասին: Սկզբից ասեցին, Սերժն ու Ռոբերտը 3 միլիոն են տվել, Մոսկվայում դարձրեցին 5 միլիոն, բա ինչի չես կիսվում: Տեսան այդ խաղը չի անցնում, որովհետև 5 միլիոն եթե տալիս են ԵԱՀԿ Ռոտերդամի վեհաժողովուն ցեխի հետ չես հավասարեցնում: Ապատեղեկատվություն, հերյուրանք, լուտանքներ: Մեր գործընկերների հետապնդում: Արժանավոր մարդկանց պիտակավորում: Ահա այն զինանոցը, որով առաջնորդվում են այսօրվա իշխանությունները: Բնականաբար, այդ զինանոցը արդեն իսկ սպառել են, այնտեղի առկա բոլոր փամփուշտները քաղաքական առումով բացարձակապես արժեք չունեն: Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական առումով՝ իրենք սպանություններ կազմակերպելու լիմիտը սպառել են:

Օգտվելով առիթից ուզում եմ ասել բոլորիդ: Հայաստանի Հանրապետությունում թե Ա.Գեղամյանը, թե իմ տեղակալները, թե մեր նախագահության անդամները թշնամի չունենք: Մենք ոչ մեկին չենք քցել իրենց տերմինաբանությամբ ասած: Ավելին ուզում եմ ասել, որ թշնամիներ չունեմ նաև ԱՊՀ երկրներում, նույն Մոսկվայում, Ս.Պետերբուրգում: Նույնն էլ արտասահմանում, որովհետև ամենատարօրինակ պայմաններում արդեն մեր ձեռներեցների, Ազգային Միաբնություն կուսակցության լավ բարեկամներին կամ հետապնդում են, կամ ֆիզիկապես ոչնչացնում են արտասահմանում: Մասնավորապես վերջին իրադարձությունները կապված և պայմանավորված երկու հիասքանչ մարդկանց՝ Դիոնիս Մարգարյանի և Վանուշ Թորոսյանի սպանությունների հետ, որոնց մասին ոչ մի արձագանք այստեղ: Բացարձակապես:

Ուրեմն ինչ աստիճանի են թուլացել, ուրեմն ինչ աստիճանի են զգում, որ հողը այրվում է իրենց ոտքերի տակ, որ զարմանալի պարագաներում այդպիսի իրադարձություններ են տեղի ունենում:

Մեր դրոշի վրա գրված է Ազգային Միաբանություն:

Ազգային Միաբանությունը փամփուշտով կանխել չի կարելի:

Последние видеоматериалы

Новые книги