ԱՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ (25.11.2000թ.)

 

 

 

ԱՄ նախագահ` Արտաշես Գեղամյանի ելույթից

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

 

 

Ազգային Ժողովը և կառավարությունը բացարձակ անտեղյակ են` թե ինչ է կատարվում երկրում: Այնինչ հասել ենք այն օրին, երբ 80 միլիարդի չափով բյուջետային ճեղքվածք ունենք և այն փակելու ուղղությամբ առաջիկա ամիսներին բացարձակապես ոչ մի լույս կամ լույսի նշույլ անգամ չի երևում:

Հասել ենք այն օրին, երբ մենք ունենք հուսահատված և հիասթափված ժողովուրդ, երբ պատանիներից ու երիտասարդներից խլում ենք հույսն ու հավատը ապագայի նկատմամբ, ինչը ամենավտանգավորն է: Հայը գաղթում է ոչ’ թե հացի սակավությունից, այլ նրանից որ երեխաներին ուսման տալ չի կարողանա, որ իր երեխաների ապագան այս երկրում չի տեսնում, բայց այս բոլորի վերջը մենք, Ձեզ հետ միասին, անպայմանորեն կտանք և մեզ հետ են հազարավոր մեր հայրենակիցներ:

Փրկությունը անկասկած ներդրումների և նոր աշխատատեղերի մեջ է: Սակայն հարց է առաջանում` այս պարզ ճշմարտությունը արդյոք գիտակցում են մեր կառավարիչները: Ինչպես երևում է` ոչ: Զավեշտի նմանվող օրինակ բերեմ: Կառավարությունը 2000թ. մայիսին այս հաստափոր գիրքն է հրապարակել: Վերնագիրն եմ կարդում` «Հայաստան, ներդրումները խանգարող վարչարարական խոչընդոտներ», կառավարությունը արձանագրում է իր խանգարիչ աշխատանքը 187 էջի վրա: Ով է ձեռքներդ բռնել որ շտկեք, ինչ է «ազգային Միաբանության» տարածքային կազմակերպություններն են խանգարում: Բայց ինչու՞ չեն հաղթահարում այս խոչընդոտները` 2 բացատրություն կա` մեկը այն է, որ խելքները չի կտրում, որը ճշմարտությանը ավելի մոտիկ է, և մյուսը` որ վախենում են (սա ևս ճշմարտությանը մոտիկ է) որովհետև եթե ներդրումային լայն քաղաքականություն վարվի, ապա կապահովվի զարգացման հիմնաքարը, որն է` մրցակցությունը: Իսկ եթե ազատ մրցակցությունն ապահովվեց, ապա կլանային համակարգին մահացու հարված կհասցվի, ինչը իրենց ձեռնտու չէ:

Իշխանությունները ամենուր պատրանք են ստեղծում` թե աշխատում են, գործ են անում, սակայն մինչև օրս չկա Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագիր, չկան մատնանշված այն գերակայությունները, համաձայն որոնց հնարավոր կլինի հաղթահարել 21-րդ դարի մարտահրավերները: Մինչև օրս մեր բնակչությանը այդպես էլ չեն բացատրում, թե որտեղ ծախսվեցին արդեն իսկ 1 մլրդ. 230 մլն. դոլարի հասնող վարկերը:

Իշխանության օղակներն աշխատում են իրարից անտեղյակ: Այսպես` Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե մինչև մայիս-հունիս Հայաստանում 45-ից 50 հազար նոր աշխատատեղեր կբացվեն: Այս պարագայում կառավարությունը, փոխանակ հենց հաջորդ օրը առարկայորեն բացի` թե որ բնագավառում ինչ՞ ներդրումներ են կատարվելու, ֆինանսական ինչ աղբյուրների հաշվին, որտեղ որքան և այլն, բացարձակապես: Ասես թե մտածված, մի շաբաթ հետո մտնում է Ազգային Ժողով և պահանջում, որ ներդրումների համար նախատեսված գումարները թույլ տան օգտագործել բյուջետային աշխատաողներին աշխատավարձ տալու նպատակով:

Անում են` ինչ ուզում են: Սակայն ես այսօր, «Ազգային Միաբանության» Երևանի քաղաքային 16 հազար անդամ ունեցող կազմակերպությանը, մեր բոլոր կուսակցականներին ու Հայաստանի ամբողջ ազգաբնակչությանը հավաստիացնում եմ, որ մոտենում է այն օրը` երբ պատասխան են տալու ամեն ինչի համար, ժողովրդի զրկանքների ու տառապանքների համար, քայքայված ընտանիքների ու կատարված թալանի համար, արտագաղթի ու իրենց անօրինականությունների համար:

Մեր առջև լուրջ խնդիրներ են դրված: Եվ դրանց հասնելու համար մենք էլ° ավելի պիտի բարձրացնենք մեր տարածքային կազմակերպությունների մարտունակությունը, ավելի կուռ պիտի դարձնենք մեր շարքերը և գործնական առավել վճռական քայլերով հասնենք մեր նպատակներին, երկիրը դուրս բերենք դեպի կործանում գնացող ճանապարհից: Մենք պետք է առաջնորդվենք կուսակցության 2-րդ համագումարում հաստատված ծրագրի դրույթներով, այսօր արդեն ձեռնամուխ լինենք ժողովրդի համար կարևոր ու առաջնային նշանակություն ունեցող հարցերի լուծմանը:

Մենք կարևորում ենք այն, որ առաջիկայում անպայման ընդունվի ընտրական նոր օրենսգիրք, որտեղ գերապատվությունը կտրվի միայն ու միայն համամասնական ցուցակներին, որ անհնարին դառնա պատահական մարդկանց ներթափանցումը Ազգային Ժողով, որ Ազգային Ժողովը իր օրենսդրական գործունեությամբ իրոք ծառայի ժողովրդին:

 

 

Սարգիս Մուրադխանյանի ելույթից

ԱՄ Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ

 

 

 

Երևանում գործարանների ու ֆաբրիկաների մեծ մասը կանգնած են (օտարված, թալանված), օրեցօր ավելանում է գործազուրկների թիվը, խորանում է աղքատությունը, թերի սնվելու պատճառով մայրաքաղաքում գլուխ են բարձրացնում ու զարգացում ապրում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են թոքախտը, արյան հիվանդությունները:

Քայքայվում են գիտական ու գիտահետազոտական հիմնարկները, գնալով ցածրանում է նրանց գործունեության արդյունավետությունը, ահագնացող արտագաղթի հետ մեկտեղ մեծ չափերի է հասել մասնագետների և գիտական աշխատողների (ուղեղների) արտահոսքը: Երևանցիները անընդհատ բողոքում են տեղական ինքնակառավարման և օրինապահ մարմինների աշխատակիցների կամայականություններից, օրենքի ոտնահարման ամենուր հանդիպող փաստերից:

Երևանցիները չեն հավատում իշխանություններին, իրենց ապագան չեն կապում նրանց հետ և արտահայտելով նրանց տրամադրությունները կուսակցության Երևանի տարածքային կազմակերպություններում կոչեր են արվում կուսակցության ղեկավարությանը`

- Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կուրս վերցնել: Այս պայմաններում մայրաքաղաքում զգալի մեծացել է կուսակցության շարքերն ընդունվողների թիվը` վերջին մեկ տարում միջին հաշվարկով ամսական Երևանում կուսակցության շարքերն են ընդունվել 1200 մարդ:

Քաղաքային կազմակերպությունում մեծանում է բարձրագույն կրթություն ունեցողների, մանկավարժների, բժիշկների, ինժեներների և գիտնականների տեսակարար կշիռը: «Ազգային Միաբանություն» կուսակցության Երևանի այժմ արդեն 16430 անդամ ունեցող քաղաքային կազմակերպությունը լի է վճռականությամբ և կանի ամեն ինչ Հայաստանը անընդհատ խորացող տնտեսական սոցիալական ու քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ կուսակցության մշակած ծրագարային դրույթները կյանքի կոչելու համար:

 

 

 

Արայիկ Սիմոնյանի ելույթից

ԱՄ Երևանի «Տիգրան Մեծ» տարածքային կազմակերպության նախագահ

 

 

Երկիրը կործանման եզրին հասցրած, մարդկանց սովի ու զրկանքների մատնած իշխանավորները իրենց դղյակներում նստած, շրջապատված ջիպերով, պահակախմբերով ու քարտուղարուհիներով, գլուխները ջայլամի նման մտցրել են ավազի մեջ` թե ամեն ինչ լավ է: Ոչ ոք պատասխան չի տալիս, վերջապես ով է պատասխան տալու քայքայված ու արտագաղթած ընտանիքների, խեղված ճակատագրերի, բարոյական անկման համար, ով է վճարելու մեկ միլիարդին հասնող արտաքին պարտքը:

Մենք չենք հավատում այն մարդուն, որ հայտարարում է իրենց իբր «պատասխանատվության» մասին, քանի որ իրենց «ժողովուրդն է ընտրել»: Ոˆչ պարոն, ոչ քեզ, ոչ էլ մնացածին ժողովուրդը չի ընտրել, չէր էլ կարող ընտրել, ժողովուրդն ընտրել է ուրիշ մարդկանց, իսկ իշխանությանը տիրացել եք դուք, տիրացել եք և ուրիշ ոչինչ, էլ ոչ մի բան չեք անում, չեք էլ կարող անել, որովհետև ինչպես կարող է կյանքում 3 հոգու չղեկավարած մարդը 3 միլիոնի ղեկավարի:

Բայց լավ իմացեք, պարոնայք իշխանավորներ,որ մեր ժողովուրդը միշտ էլ դժվար պահերից դուրս է եկել և նորից դուրս կգանք: Դրա համար է պայքարում «Ազգային Միաբանություն» կուսակցությունը` իր ծրագրով, իր բազմահազար անդամներով ու հարյուրավոր տարածքային կազմակերպություններով, որոնցից մեկն էլ մերն է` Երևանի Տիգրան Մեծի տարածքային կազմակերպությունը:

 

 

 

Գայանե Կարապետյանի ելույթից

ԱՄ Երևանի «Շենգավիթ» տարածքային կազմակերպության նախագահ

 

 

Այսօր մարդկանց մոտ մարել է հույսը դեպի ապագան, նրանք չարացած են, որովհետև ապրուստի միջոց չունեն, որովհետև ստիպված լքում են իրենց հայրենիքը: Մեր կուսակցական կազմակերպությունների խնդիրը պետք է լինի առաջիկայում ամեն ինչ անել որպեսզի իրենց արդարացի զայրույթն արտահայտող մարդկանց ու մարդկանց խմբերին հեռու պահենք հակասահմանադրական քայլերից ու գործողություններից, որովհետև դրանք անասելի հետևանքներ ունենան, իսկ մեզ համար թանկ է ամեն մի մարդ: Մեր նպատակը ժողովրդին բորբոքելը չէ, սակայն դա չի նշանակում, թե մենք համբերատար սպասելու ենք իշխանությունների հերթական սին խոստումներին, ո՜չ, հենց սահմանադրական ճանապարհով մենք պահանջելու ենք որպեսզի մեր վայ կառավարողները հեռանան և որքան հնարավոր է շուտ:

ՙԱզգային Միաբանություն» կուսակցության Երևանի Շենգավիթի տարածքային կազմակերպության պատվիրակները այսօր կուսակցության քաղաքային կոնֆերանսին մասնակցում են այս վճռականությամբ:

 

 

 

Ռոմեն Մնացականյանի ելույթից

ԱՄ Երևանի «Կայարանամերձ» տարածքային կազմակերպության նախագահ

 

 

Մենք չենք կարող հանդուրժել և անտարբեր լինել այն ամենի նկատմամբ ինչ կատարվում է մեզ հետ, մեր շրջապատում, մեր մայրաքաղաք Երևանում:

Խարխլված է հասարակական կյանքը, ոտնահարված են մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը, աշխատունակ երևանցիների, ինչպես և ամբողջ հայաստանցիների մեծ մասը զրկված են աշխատելու իրավունքից, ասել է թե ապրելու իրավունքից: Կյանքի բոլոր ոլորտներում անընդհատ խորացող ճգնաժամը մեզ ուղղակի տանում է դեպի կարծանում, ինքնաոչնչացում: Երբ տեսնում ես աղբարկղի վրա կռացած սնունդ որոնող քո համաքաղաքացուն (իսկ նրանց այսօր կարող ես հանդիպել ամեն քայլափոխի), մի պահ ցնցվում ես, հարց ես տալիս, թե ո՞վ է մեղավոր և առաջին հերթին մեղադրում ես ինքդ քեզ, թե ինչու՞ ես հանդուրժում այս բոլորը և դեռ որքան պիտի հանդուրժես...

Ես, կուսակցության Երևանի Կայարանամերձ տարածքային կազմակերպության, ինչպես նաև տարածքի բնակչության անունից հայտնում եմ կոնֆերանսին, կուսակցության ղեկավարությանը և Ձեզ` ընկեր Գեղամյան, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին, չեն հավատում նրանց խոսքերին ու խոստումներին և ինչ որ տեղ նաև ցասումի կոչ են անում:

Մենք` կուսակցության անդամներս, փորձում ենք մեղմել մարդկանց կրքերը, կոչ ենք անում զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, սակայն հավաստիացնում ե, որ գործազուրկ ու սոված մարդուն կոչերով զսպելը առաջիկայում անհնարին կլինի:

 

 

Աննա Մարկոսյանի ելույթից

ԱՄ Երևանի «Գրիգոր Լուսավորիչի» տարածքային կազմակերպությունից, ԱՄ Երիտ.միության հիմնադիր նախաձեռնող խմբի անդամ

 

 

- Երիտասարդության խնդիրները կառավարության կողմից դիտարկվում են իբրև մանր պարտականություններ և ավելորդ գլխացավանք, ուստի դրանց անդրադառնում են միայն վերջին հերթին և ծայրահեղ դեպքերում և այս քաղաքականության արդյունքները կերևա վաղը` երբ արդեն ուշ կլինի: Իշխանությունները չեն աջակցում երիտասարդ ընտանիքներին, տասնյակ հազարավոր երիտասարդներ գործազուրկ են, բռնել են արտագաղթի ճամփան, ներդնելով իրենց ֆիզիկական ու մտավոր ներուժը այլ երկրների զարգացմանը:

- Որպես «ԱՄ» կուսակցության անդամ և կուսակցության Երիտ.Միության հիմնադիր նախաձեռնող խմբի անդամ, հավաստիացնում եմ Ձեզ` հարգելի պատվիրակներ և Ձեզ` հարգելի Արտաշես Գեղամյան, որ մենք` «ԱՄ» երիտասարդներս ոչ’միայն տեսնում ու արձանագրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում, այլ և ձգտում ենք մեր ապագան դարձնել կայուն ու լուսավոր, հանրապետությունը դուրս բերել ճգնաժամից:

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային Միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության կոնֆերանսը, արտահայտելով մայրաքաղաքի կազմակերպության 16 հազար կուս. անդամների, ազգաբնակչության ստվար զանգվածների տրամադրությունները երկրում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ, նրանց անհանգստություններն ու մտորումները,

Հայտարարում է .

*  Հայաստանն այսօր դուրս է մղվել քաղաքակրթության և համաշխարհային զարգացումների մայրուղուց, հայտնվել է տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամի մեջ:

* Պետության կողմից էկոնոմիկայի կարգավորման իսպառ բացակայության, հանրային ունեցվածքի թալանչիական սեփականաշնորհման, բյուջետային դեֆիցիտի ծածկման նպատակով պետական պարտքի ավելացման, իրար հաջորդող կառավարությունների անգործության հետևանքով քայքայվել է երկրի տնտեսությունը, երևան են եկել գործազրկությունը, բնակչության ահագնացող արտագաղթը:

* Ձախողվել է շուկայական տնտեսության արմատավորումը, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել առանց այն էլ խիստ հյուծված տնտեսության բոլոր ոլորտներում. - Հրամայական պահանջ է դարձել ամբողջ սոցիալ-կառուցվածքային քաղաքականության փոփոխումը, քանի որ կլանային տնտեսության ձևավորումը և, որպես դրա հետևանք ` խոշոր սեփականատիրական խավի անչափ հարստացումը, ինչին շարունակ նպաստում էին կառավարությունները, հանգեցրին բնակչության նշանակալի մասի արագ աղքատացմանը, ունեցվածքային հրեշավոր շերտավորմանը:

* Տագնապ է առաջացնում հոգևոր խոր ճգնաժամը, որն ուղեկցվում է ազգային արժեքների ավերմամբ, մշակույթի, գիտության և կրթության անկմամբ, առողջապահության համակարգի քայքայմամբ: Երկիրը հեղեղած կոոռուպցիան, կաշառակերությունը, պետական ունեցվածքի թալանը հասնում են վտանգավոր չափերի: Կենցաղ են ներթափանցում հայ ժողովրդին խորթ «արժեքներ»` մարմնավաճառությունը, թմրամոլությունը, փողի ամենակուլ իշխանությունը. խարխլված է հավատքը, երկփեղկված են հոգիները:

* Օրենսդիր և գործադիր իշխանությունները ի վիճակի չեն ծավալելու երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ արդյունավետ գործունեություն, ազգային գաղափարախոսության հիմքի վրա համախմբելու բոլոր հայրենասիրական ուժերը և դրանք նպատակաուղղելու քայքայված տնտեսության վերականգմանը:

Այս ամենը իրենց անմիջական արտահայտությունն են գտել հանրապետության մայրաքաղաքում: Երևանը կորցնում է իր դեմքը, ենթարկվում անճաշակ ճարտարապետական խեղաձևումների, կաթվածահար վիճակի է հասցվել քաղաքային տնտեսությունը, չեն գործում օրենքները:

Այս պայմաններում «Ազգային Միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպությունը կարևորում է քաղաքական համաձայնության կայացումը, բացառում է ներքաղաքական այնպիսի զարգացումները, որոնք երկրի ներսում կարող են առաջ բերել անկայունություն, թուլացնել պետության ռազմավարական ինքնուրույնությունը, վտանգել հայկական պետականության անվտնագությունը:

Իբրև «Ազգային Միաբանություն» կուսակցություն, մենք ձգտում ենք հասնելու այն քաղաքական ուժերի մեկուսացմանը, որոնք իրենց բացարձակապես ազատ են համարում ժողովրդի և պետության նկատմամբ որևէ պարտավորությունից, և պատրաստ են Հայաստանի կարևորագույն արժեքները զոհաբերել իրենց կուսակցական ու անձնական շահերին: Այսուհետ ևս ձգտելու ենք նրան, որ հնարավոր չլինի քաղաքական պայքարը դարձնել պետականության փլուզման գործոն:

Մենք հետևողականորեն պայքարելու ենք` հասնելու ժողովրդի շրջանում վստահություն չներշնչող ներկայիս Ազգային Ժողովի լուծարմանը, ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, նոր կառավարության ձևավորմանը:

Շարունակելու ենք համախմբելու հանրապետության առողջ ուժերին` ձևավորելու այնպիսի Ազգային Ժողով, որի գաղափարներն ու աշխատաոճը համահունչ լինեն հանրապետության և ժողովրդի առջև ծառացած արդի անհետաձգելի խնդիրների լուծմանը:

 

Երևան 25.11.2000թ

Последние видеоматериалы

Новые книги