Արտաշես Գեղամյանի ելույթը «Խորհրդարանական ժամ» ծրագրում
22 սեպտեմբերի 2002թ.
Հարգելի հայրենակիցներ.նախ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հարյուրավոր մեր համաքաղաքացիներին, որոնք իրենց շահագրգիռ վերաբերմունքը դրսևորեցին Ազգային Միաբանություն կուսակցության կողմից մշակված և համաժողովրդական դատին ներկայացված ծրագրի վերաբերյալ:
Մեզ ոգևորում է այն, որ ծրագրի հրապարակումը այդքան ջղաձգություն առաջացրեց թե քոչարյանական վարչակազմի մոտ և թե նախկին իշխանություններին սատարող լրատվամիջոցներում: Կնշանակի այո, իրենք այդ ծրագրում տեսնում են այն վտանգը, որը կապացուցի ամբողջ հայ ժողովրդին, որ անգամ իսկ այս անցումային շրջանում, կարելի էր Հայաստանի Հանրապետությունը վարդի պես պահել, մինչդեռ թշվառություն է ամեն տեղ տիրում: Մեզ ոգևորեց նաև այն, որ բացի խանդի տեսարաններից, ջղաձգությունից և ոչ մի սկզբունքային առաջարկություն, որը կվիճարկեր մեր ծրագրային հիմնադրույթները, այդպես էլ չհնչեցին: Ուստի առաջիկայում մեկ-երկու շաբաթվա ընթացքում, այդ ծրագիրը կդրվի մեր համագումարի քննարկմանը և հաստատմանը: Համագումարը կհաստատի նաև առաջիկա նախագահական ընտրություններում, թե ով պետք է ներկայացնի ԱՄ կուսակցությունը:
Համագումարից անմիջապես հետո առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մենք կմշակենք և ձեր քննարկմանը, դատին կներկայացնենք ծրագրային հիմնադրույթների կատարման մեխանիզմները և լծակները: Թե ինչ օրենքներ լրացուցիչ պետք է ընդունվեն, ինչ կազմակերպական, տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն, իսկ որն ամենակարևորն է արդեն նախագահական ընտրությունների նախաշեմին, մենք կհրապարակենք համառոտ հիմնադրույթները, որը ընթերցելիս յուրքանչյուրը կհասկանա ի՞նչ կստանա ինքը, իր ընտանիքը, իր օջախի անդամները այս ծրագրային հիմնադրույթների կատարման պարագայում:
Մենք, բավականաչափ ամուր ենք և ոգևորված, որովհետև ամենուր զգում ենք ժողովրդի սատարումը, զգում ենք այն հավատը, որով կամաց-կամաց լցվում է ժողովուրդը առ մեր կուսակցություն, առ այն արարիչ գործողությունների, որը մենք ներկայացրել ենք Ձեր դատին: Համոզված եղեք, մենք ամուր ենք, տոկուն ենք, մեր շուրջ համախմբված են, արդեն իսկ հազարավոր մարդիկ, ամենատարբեր խավերի, ամենատարբեր դասերի, ինչու չէ նաև կլինեն դաշնակից բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: Ապագան մերն է, ապագան լուսավոր է:
Արտաշես Գեղամյանի ելույթը «Խորհրդարանական ժամ» ծրագրում
15 սեպտեմբերի 2002թ.
Հարգելի հայերնակիցներ այսօր Իրավունք թերթում տպագրվել է Հայաստանի Հանրապետության համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագիրը: Օգտվելով առիթից ես դիմում եմ քաղաքական համագործակցության 15 կուսակցությունների ղեկավարներին` խնդրանքով, ամենայն ուշադրությամբ և բծախնդրությամբ խնդրում եմ ուսումնասիրեք ծրագրային հիմնադրույթները: Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին բոլոր քննադատական դիտողությունները, առաջարկությունները, սկզբունքային անհամաձայնությունները քննության առնել և գալ վերջնական եզրակացության: Ես ուզում եմ դիմել նաև մտավորականությանը, մեր գյուղացիությանը, ինչպես նաև ձեռներեցներին,այս ծրագրի մեջ դուք կգտնեք բազմաթիվ առաջարկներ, մոտեցումներ, որոնք նույնպես խնդրում եմ քննադատորեն վերլուծել: Արդեն իսկ ակնհայտ է, որ ծրագիրը կկարողանա համախմբել հայ հասարակության բոլոր առողջ ուժերին և պատահական չէ, որ ծրագրի հռչակումը արդեն իսկ լրջագույն խուճապ է առաջացրել թե քոչարյանական բանակում, թե պետրոսյանական բանակում: Ընթերցեք թերթերը: Իշխանամետ մամուլը փոխանակ ծրագրային հիմնադրույթների շուրջ բանավեճ սկսի, փորձում է ամեն ինչ անել ընդդիմադիր դաշտի կուսակցությունների ղեկավարներին իրար դեմ հանել: Նույնը անում է նաև ՀՀՇական մամուլը, սա հասկանալի է, որ թե Քոչարյանի, թե Տեր-Պետրոսյանի թիկունքում կանգնած են մարդիկ, իսկ շատ դեպքում դա միևնույն մարդիկ են, գիտակցում են, որ ձևավորվում է արդեն նոր 3-րդ ուժը, որը անվերապահորեն կհաղթի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ և անկասկած կտա լուրջ քաղաքական գնահատական թե Քոչարյանական, թե տեր պետրոսյանական վարչակազմին:
Հարգելի հայրենակիցներ, մեր ծրագրի իրագործումը արդեն իսկ շոշափելի արդյունքներ կտա 2003թ. վերջին, մենք կկարողանանք եռապատկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը, կրկնապատկել կենսաթոշակները, զգալիորեն ավելացնել բազմազավակ ընտանիքներին տրվող նպաստները, ավելի դյուրին և մատչելի դարձնել առողջապահությունը և բարձրագույն կրթություն ստանալը: Համոզված եղեք ձևավորված ծրագիրը և ծրագրի շուրջ համախմբվեն քաղաքական ուժերը դուրս կբերեն Հայաստանը այս խորը մղջավանջային վիճակից, հաղթանակը մերն է լինելու, քանզի մենք արդար ենք: