ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Ազգային Միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպությունը սկսել է ձևավորվել կուսակցության հիմնադրման օրվանից: Երևանում տարածքային կազմակերպությունները ստեղծվել են և շարունակում են ստեղծվել ըստ բնակելի թաղամասերի, ավանների, փողոցների և տարածքների:

Կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության հիմնադիր կոնֆերանսը տեղի է ունեցել 2000թ. նոյեմբերի 25-ին, որին մասնակցում էին քաղաքում այն ժամանակ գործող 132 տարածքային կազմակերպություններից ընտրված 720 պատվիրակներ: Կոնֆերանսում ընդարձակ ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Կոնֆերանսը ընդունեց հայտարարություն, ընտրեց 17 հոգուց կազմված քաղաքային վարչություն: Կոնֆերանսը կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ ընտրեց Սարգիս Մուրադխանյանին:

2002թվականի օգոստոսի 1-ի դրությամբ «Ազգային Միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպությունում գործում են 203 տարածքային կազմակերպություններ, որոնցում հաշվառման են կանգնած 22.502 կուսակցականներ: Նրանց 38%-ը կանայք են, 27.5%-ը մինչև 30 տարեկան, 10.700-ը ունեն բարձրագույն կրթություն: Երևանի քաղաքային կազմակերպության անդամներից 31-ը գիտության դոկտորներ են, 202-ը` գիտությունների թեկնածուներ: Կուսակցության շարքերի աճը Երևանում շարունակվում է:

Երևանի քաղաքային կազմակերպության վարչության անդամներ Արայիկ Սիմոնյանի, Մկրտիչ Գրիգորյանի, Գայանե Կարապետյանի, Աշոտ Սահակյանի, Հայկազ Մկրտչյանի, Կարեն Բեյբությանի ղեկավարած տարածքային կազմակերպությունների անդամների թիվը անցնում է 1000-ից և վերջիններիս, ինչպես նաև ֆիզ.մաթ.գիտությունների թեկնածու` Ռոմեն Մնացականյանի, նախկինում հանրապետական մասշտաբի ղեկավար աշխատանքի մեծ փորձ ունեցողներ` Վահագ Սահակյանի, Կամո Գևորգյանի, Գագիկ Հարությունյանի ղեկավարած կազմակերպությունների դիրքորոշմամբ է հիմնականում պայմանավորված քաղաքային կազմակերպության ակտիվ գործունեությունը:

Երևանի տարածքային կազմակերպությունները, կուսակցական ակտիվը ծավալուն բացատրական աշխատանք են տանում քաղաքի բնակչության շրջանում` հանրապետությունում գնալով խորացող տնտեսական, սոցիալական ու քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների պարզաբանման և այդ կապակցությամբ «Ազգային Միաբանության» ծրագրային դրույթների մասսայականացման ուղղությամբ: Գնալով ավելի հաճախակի են դառնում տարածքային կազմակերպությունների ու տարածքների բնակիչների հանդիպումները կուսակցության նախագահ` Արտաշես Գեղամյանի հետ, որոնց ժամանակ վեր են հանվում բնակչությանը հուզող թե՜ տնտեսական ու սոցիալական և թե՜ քաղաքական հարցեր, տրվում են դրանց գնահատականներն ու մատնացույց արվում լուծման ճանապարհները:

 

 

 

ՍԱՐԳԻՍ ՄՈւՐԱԴԽԱՆՅԱՆ

«Ազգային Միաբանություն» կուսակցության Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ

 

 

 

 

Ծնվել է 1948 թ. հունվարի 20-ին Գավառ քաղաքում:

Ավարտել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետը, ԽՄԿԿ կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականին Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում` որպես բանվոր, այնուհետև Երևանի էլեկտրալամպերի գործարանում` որպես մեքենավար, ավագ մեքենավար, ծառայել Խորհրդային բանակում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո 1975-76 թթ. աշխատել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, 1976-77 թթ. Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում` որպես տնօրենի տեղակալ:

1977 թվականից անցել է կուսակցական աշխատանքի` ՀՀԿ Շահումյանի շրջկոմում` որպես հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեում` հրահանգիչ, 1983-1990 թթ. ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմում` որպես քարտուղար:

1991-1992 թթ. աշխատել է ՀԱՅԿՈՈՊ վարչությունում` որպես գրքի առևտրի բաժնի պետ, 1992-2002թթ. ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության «Բիզնես կենտրոն» ՓԲԸ տնօրեն:

2000թ. մայիսից «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ է, 2000թ. նոյեմբերի 25-ին ընտրվել է «Ազգային Միաբանություն կուսակցության» Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ, 2003թ. հոկտեմբերին` կուսակցության փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:

Последние видеоматериалы

Новые книги