«Ազգային Միաբանություն կուսակցության» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների և Արտաշես Գեղամյանի հանդիպմանը հնչած ելույթները

 Կինոյի տուն, 5 մայիսի 2005թ.

Վիլեն Արևշատյան «Ազգային Միաբանություն կուսակցության» Երիտասարդական կազմակերպության նախագահ

 Բարև Ձեզ հասակակից բարեկամներ, սիրելի գործընկերներ: Եթե հիշում եք, մոտ երեք շաբաթ առաջ Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողության և դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում պարզ երևաց, որ այդ սակավաթիվ լսարանում հնչած հարցերը նախօրոք պատրաստված և մշակված էին, չկար անմիջական խոսակցություն ուսանողների ու Նախագահի միջև:

 Չեմ կասկածում, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ և ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ նրան ուղղած ձեր հարցերը կլինեն անկեղծ, կբխեն երկրին և ձեզ իսկապես հուզող թեմաներից:

 Ակնհայտ է, որ ծանրագույն այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, անմիջականորեն հարվածում է առաջին հերթին երիտասարդությանը: Ներկայիս իշխանություններին ամենից քիչ է հուզում երկրի ապագան, ուստի և` երիտասարդ սերնդի ճակատագիրը: Իշխանավորներին հարկավոր չէ գաղափարական, կրթված, իր հայրենիքի ապագայով մտահոգ սերունդ: Նրանց միանգամայն կբավարարեր, որ այսօրվա տղաների և աղջիկների մեծ մասի երազանքը լիներ ոչ թե սեփական երկիրը շենացնելն ու հզորացնելը, այլ անաշխատ եկամուտ ձեռք բերելը, մի կերպ օրն անցկացնելը, շատ տարադրամ ունենալը կամ էլ ընդմիշտ արտասահման մեկնելը:

 Քոչարյանի ռեժիմն ամեն ինչ անում է, որ երիտասարդությունը զուրկ լինի իրական ազգային գաղափարախոսությունից և իդեալներից: Վարչակարգը նենգորեն օգտագործելով իր ձեռքում գտնվող մշակութային և լրատվական բոլոր լծակները, ներառյալ ամենահզորը` հեռուստատեսությունը, որի մի մասը, ի դեպ, գոյատևում է հարկատուներիս հաշվին, օրական 24 ժամ եթեր են արձակում բռնություն, այլասեռվածություն, մեր ազգի հոգեկերտվածքին անհարիր բարքերի և գաղափարների անթաքույց գովաբանում ու պրոպագանդում: Ուսանողական գեղեցիկ և ռոմանտիկ միջոցառումների փոխարեն տեսնում ենք գիշերային ակումբների և կազինոների գովազդ, սպորտային մրցումների փոխարեն` զանազան տոտալիզատորների գովաբանում, հայկական և համաշխարհային երաժշտական մշտամնա արվեստի պրոպագանդման փոխարեն` իշխանական կարկառուն դեմքերին պատկանող TV5-երով և Դար TV-ներով ամբողջ օրը հնչող անճաշակ ու օտարահունչ ինչ որ բաներ: Արդյունքում` այսօրվա երիտասարդությունը գրեթե չի ճանաչում իր մեծերին` Կոմիտասին, Խաչատրյանին, Սարյանին, Սևակին: Սակայն բոլորը գիտեն, օրինակ, թե ով է Բրիտնի Սպիրսի կամ Բորիս Մոիսեևի հերթական բոյֆրենդը: Հարգի չեն բարությունը և հումանիզմը, քանզի երիտասարդները չգիտեն Ռեմարկի և Թումանյանի, Պիկասոյի և Մինասի, Տոլստոյի և Եկմալյանի մասին: Փոխարենը նոր սերնդի կուռքեր են դարձել բանդիտական զանազան ֆիլմերի սափրագլուխ «հերոսներ», անպաշտպան կնոջ վրա զենք բարձրացնող ստահակներ:

 Շուրջ 15 տարի տևող ազգակործան այս քաղաքականության հետևանքները մենք արդեն քաղում ենք այսօր: Դրա խոսուն վկայությունն են «ՏԷՑ-ի կռուգի» բանդիտական ռազբորկան և վանաձորյան սպանդը, բռնությամբ ու զենքով իրականացված այլ հանցագործությունների աննախադեպ աճը, էլ չենք խոսում արդեն իշխանությունների կողմից պատվիրված խաղաղ ցուցարարների և լրագրողների սովորական դարձած ծեծուջարդի, ահաբեկումների և երկրում վախի մթնոլորտ սերմանելու մասին:

 Երիտասարդությունը վերջնականապես կորցնում է հավատը ապագայի նկատմամբ: Այսօրվա ուսանողը, որը մեծ մասամբ սովորում է վճարովի համակարգում, ոչ մի երաշխիք չունի, որ ուսումն ավարտելուց հետո հնարավորություն կունենա աշխատել իր մասնագիտությամբ: Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը, եթե երկրում գրեթե բացակայում է արդյունաբերությունը, կաթվածահար վիճակում է գյուղատնտեսությունը, ինչպես հարկն է չեն ֆինանսավորվում գիտությունը, կրթությունը, սպորտը: Փոխարենը միշտ էլ ահռելի գումարներ են գտնվում իշխանական ընտրանի հանդիսացող բազեականների տարբեր միջոցառումների և ինքնագովազդի տարրեր պարունակող այլ շոուների համար: Որքան էլ ցավալի է խոստովանել, բայց հայ երիտասարդն այսօր իր ապագան սեփական երկրում չի տեսնում, առավել ևս այն չի կապում ներկայիս իշխանությունների հետ:

 Ուզում եմ անդրադառնալ Արտաշես Գեղամյանի հեղինակած «Ազգային Միաբանություն կուսակցության» հակաճգնաժամային ծրագրի դրույթներից հետևյալին. «Ազգային Միաբանությունը երիտասարդությանը դիտարկում է որպես այն հիմնական ուժը, որը հետարդյունաբերական հասարակությունը կտրանսֆորմացնի նոր քաղաքակրթության: Այս առումով մեր առաջնային նպատակն է ձևավորել այնպիսի սերունդ, որն ընդունակ կլինի ինքնուրույն գործողությունների, կկարողանա արագորեն ընկալել ամեն նորը և առաջադեմը, կլինի նախաձեռնող, խիզախ և ազնիվ»:

 Այո՜, Արտաշես Մամիկոնովիչ, սրան են ձգտում մեր կուսակցության անդամ և համակիր բազմահազար երիտասարդները և, համոզված ենք, որ Ձեր առաջնորդությամբ անպայման և շուտով կհասնենք դրան:

 Արտաշես Գեղամյանի հետ հանդիպմանը այսօր մասնակցում են «Ազգային Միաբանություն կուսակցության» երիտասարդական միության անդամներ Երևանի և Հանրապետության բոլոր մարզերի տարածքային կազմակերպություններից, մեր կուսակցությանը համակրող ուսանողներ, երիտասարդ ուսուցիչներ, բժիշկներ, ինչպես նաև չաշխատող երիտասարդներ:

 Հանդիպմանը մասնակցում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ պարոն Չեդ Ռոջերսը, որը ցանկություն է հայտնել ողջունել մեզ: Սիրով խոսքը տրամադրում եմ նրան: (Բուռն ծափահարություններ):

 ԱՄՆ-Ի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ ՉԵԴ ՌՈՋԵՐՍ

 Շնորհավորանքներս, ես երբեք այսքան շատ երիտասարդներ չեմ տեսել քաղաքական միջոցառման մասնակցելիս: Անգլիացի փիլիսոփա Էդմունդ Բյորկը ասել է. «Ամենամեծ չարիքը, որ կարող ենք մենք անել, դա այն է, որ ոչ մի բան չանենք»: Դրա համար այդքան կարևոր են կուսակցությունները, դրա համար է այդքան կարևոր ձեր ներդրումը, և հենց դրա համար է մեր ինստիտուտն այստեղ և, ինչպես նաև, 80 այլ երկրներում, որպեսզի օգնի ձեզ նման մարդկանց: Ազգային ժողովրդավարության ինստիտուտն աշխատում է Հայաստանի ժողովրդավարական բոլոր կուսակցությունների հետ` օգնելու ձևավորելու կուսակցություններ, օգնելու նրանց մեծացնելու քաղաքական մասնակցությունն երկրի կյանքում և աջակցելու ընտրությունների գործընթացին:

 Այսօր ես կցանկանայի ավելի շատ խոսել կուսակցություններում երիտասարդների դերի մասին: Ես ձեզանից մեկն եմ, տարիքով այնքան էլ մեծ չեմ: Վերջին տարիների ընթացքում ես պատիվ եմ ունեցել մասնակցել 7-ից ավելի ընտրարշավների: Ուզում եմ պատմել, թե ինչու են ինձ վստահում այդ գործը և ուզում եմ խոսել այն գործիքի մասին, որը դուք այսօր բոլորդ ունեք: Դա այն է, որ դուք տարբեր եք: Ձեզանից ովքեր ունեն էլեկտրոնային հասցեներ, խնդրում եմ բարձրացրեն ձեռքերը: (Ներկաների գրեթե 1/3-ը բարձրացնում է ձեռքերը, դահլիճում տիրում է աշխուժություն): Համոզված եմ, որ ձեզանից 20 տարի մեծերը շատ ավելի քիչ հնարավորություն ունեին էլեկտրոնային հասցե ունենալու: Ձեզանից շատերը գիտեն աշխարհի ամենահայտնի ռեպերներին, իսկ ձեր ծնողները միգուցե չգիտեն, թե ովքեր են նրանք: Եվ ձեզ նման հազարավոր մարդիկ կան, ովքեր կարող են լինել ձեր կուսակցության համար պոտենցիալ քվեարկողներ: Բայց կա մի խնդիր. երիտասարդներն այդքան շատ չեն քվեարկում, ինչպես տարեց մարդիկ: Այս գործընթացը վախեցնում է շատ երիտասարդների: Նրանց թվում է, որ ընտրությունը մեր կյանքի հետ այնքան էլ կապ չունի, չգիտենք ինչպես կարելի է մարդկանց ներգրավել դրա մեջ, կարծում են, որ քաղաքական գործընթացներն ուրիշ տիպի մարդկանց համար են: Դուք պետք է փոխեք այդ մտայնությունը, դուք պետք է մարդկանց հրավիրեք մասնակցելու քաղաքական այդ գործընթացին: Դուք կարող եք դա անել` գիտակցելով, թե ինչով է անձամբ ձեզ գրավել այս կուսակցությունը, որովհետև պետք է հիշեք, թե դուք ինչ ունեք և դա ինչով է ձեզ տարբերում տարիքով մեծերից: Դուք կարող եք հանգիստ խոսել և վստահություն առաջացնել մինչև 35 տարեկան ձեր տարիքի մարդկանց մոտ: Դուք գիտեք, որ երիտասարդներին հետաքրքրում և հուզում են շատ այլ խնդիրներ: Դուք տիրապետում եք այն լեզվին, որով կարելի է խոսել երիտասարդների հետ և, ամենակարևորը, մարդիկ` ում հետ դուք կարող եք խոսել` կլինեն ձեր ընկերները, բարեկամները, համակուրսեցիները, ձեր գործընկերներն ու հարևանները: Այդ մարդիկ ձեզ արդեն ճանաչում են, վստահում և, շատ կարևոր է, որ դուք ճանաչում եք նրանց, որպեսզի կարողանաք խոսել հետները:

 Ազգային ժողովրդավարության ինստիտուտն ամբողջ երկրում աշխատում է ձեր նման շատ այլ կազմակերպությունների հետ` նրանց օգնելով մշակել ծրագիր, թե ինչպես ընտրողներ ներգրավել և ինչպես իրականացնել կուսակցության քարոզարշավը: Մյուս կողմից` մենք օգնում ենք կուսակցությունների մեջ ամրապնդել երիտասարդական թևը, որովհետև բացի նրանից, որ դուք պետք է ձեր ձայնը հնչեղ դարձնեք երիտասարդների մեջ, դուք այն պետք է հնչեղ դարձնեք հենց ձեր կուսակցության մեջ և պետք է նրանց` ձեր կուսակիցներին բացատրեք` որ ձեզ հուզող խնդիրները նույնպես պետք է հաշվի առնվեն ընտրությունների ընթացքում: Ազգային ժողովրդավարության ինստիտուտն ավելի քան պատրաստ է օգնել ձեզ` ուսուցանելով որևէ մասնաճյուղի կամ կուսակցական որևէ կառույցի: Այսպիսով, ես այսօր այստեղ եմ եկել մի պարզ և հասարակ բան ասելու համար. քաղաքականության մեջ ոչ մի դժվար բան չկա, ժողովրդավարության մեջ ոչ մի բարդ բան չկա: Սրա ամբողջ էությունն այն է, որ մեկ ընտրող խոսում է մեկ այլ ընտրողի հետ: Քարոզարշավներն երբեք չեն ավարտվում, քանզի հենց ավարտվում է մի ընտրություն` հաջորդ օրն իսկ սկսվում է մյուս ընտրության քարոզարշավը: Եվ ձեր աշխատանքն է խոսել մարդկանց հետ այն արժեքների մասին, որոնց դուք հավատում եք, ձեր աշխատանքն է հարցնել այդ մարդկանց` կուզենան նրանք ներգրավվել այդ ամենի մեջ: Եվ, ի վերջո, քաղաքականությունը միշտ չէ, որ կարող է լինել լուրջ գործ, այսինքն` կարող է լինել լուրջ գործ, բայց անհրաժեշտ չէ, որ այն միշտ այդպիսին լինի: Մենք կարող ենք նաև ձեզ հետ զվարճանալ, և դա կարող է լինել հենց այն փուլը, որով կներգրավեք նոր անդամներ: Եվ պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք հավաքվում և թե ինչու ենք հավաքվել այսօր, դա այն է, որ մեզ հաճելի է միմյանց ներկայությունը, որովհետև շատ հաճելի է լինել թիմի անդամ, մի թիմի, որն ունի արժեքային նույն համակարգը: Այսպիսով` շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն հրավերի համար: Ուզում եմ մի մարտահրավեր նետել ձեզ: Երբ վերադառնաք ձեր մասնաճյուղերը, խոսեք յուրաքանչյուր անդամի հետ և համոզեք նրան, որ նա առնվազն մեկ նոր աջակից ներգրավի կուսակցության մեջ: Ամեն անգամ, երբ հանդիպում եք ձեր անդամներից որևէ մեկին, նոր անուններ պահանջեք նրանից և նոր անուններ փորձեք ստանալ ձեր աջակիցներից:

 Մինչև ազգային մյուս ընտրությունները մնացել է մոտ 130 շաբաթ. հիշեք, որ քարոզարշավը երբեք չի կանգնում: Այսպիսով` շնորհակալություն բոլորիդ, և ղեկավարության խոսքից հետո, եթե հարցեր լինեն, ես հաճույքով կպատասխանեմ դրանց: (Բուռն ծափահարություններ):

 

  

Արտաշես Գեղամյան «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ 

 

 

Շնորհակալություն: Չեդին երկու բառ ասեմ (Արտաշես Գեղամյանն անգլերեն ողջունում է Չեդ Ռոջերսին, շնորհակալություն հայտնում երիտասարդությանն ուղղած ջերմ խոսքերի համար, հույս հայտնում, որ «Ազգային Միաբանության» երիտասարդներն անպայման կխորհեն ասվածի շուրջ, ինչը դահլիճն ընդունում է բուռն ծափերով և ողջույնի բացականչություններով): Ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի նրան իր հետաքրքիր ելույթի համար, որը, բառիս իսկական առումով, կարծում եմ, պետք է կարևորվի, ուսանելի լինի, և ոչ այն բանի համար, որ ասողը` ձեր հասակակից, իմ կրտսեր բարեկամն է, այլ որ նա սրտացավություն է դրսևորում մեր երիտասարդության հանդեպ:

 Չթաքցնեմ` անցյալ տարվա ապրիլի 12-ին, ես այն աստիճան մտահոգ չէի, երբ ձեր հասակակիցները մահակներով գլխներիս էին տալիս, ինչքան այսօր, որովհետև ֆիզիկական ցավը հեշտ է տանելի, բայց երբ շուրջ հազար հինգ հարյուր մարդ հավաքվել են և քեզնից հոգևոր խոսքի սպասելիք ունեն ու եթե հանկարծ այս դահլիճից հիասթափված հեռանան` կնշանակի հիասթափություն ես պատճառել այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց ազատ ժամանակն են հատկացրել այս հանդիպմանը, որովհետև հույսեր են տածել գալով այս դահլիճ` «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարության հետ հանդիպելու համար: Խոստովանեմ, մինչև այս հանդիպման կայանալը, երբ մեր Վիլենն ասաց, որ «Ազգային Միաբանության» երիտասարդական կազմակերպության անդամները ցանկություն են հայտնել հանդիպելու, մտածեցի` լավ, ի՞նչ պետք է ասենք այս մարդկանց, որ իրենց առօրյա հոգսերից և վշտերից կարողանան մի պահ կտրվել և ոչ միայն կտրվել, այլև հավատան, վստահեն սեփական ուժերին, ապավինեն միայն ու միայն իրենց կամքին ու աշխատասիրությանը: Իսկ, որ ամենակարևորն է, նրանց մոտ արթնանա տեսլականը` Հայաստանի Հանրապետության 21-րդ դարում երջանիկ արարելու հեռանկարը: Եվ ակամայից, երբ լսում էի Չեդ Ռոջերսի ելույթը, մտաբերեցի այն բազում ելույթները, որոնց հետ ծանոթացել եմ վերջերս: Եվ հիշեցի Չեդի մեծ հայրենակից Ռոնալդ Ռեյգանին, որը 60-ական թվականներին Կալիֆորնիայի նահանգապետն էր: Այդ թվականների երկրորդ կեսը չափազանց փոթորկահույզ էր ամերիկացիների համար, որովհետև երիտասարդական մի մեծ ալիք էր բարձրացել վիետնամական պատերազմի հետ կապված: Եվ, ահա, Ռեյգանը գնաց Բերկլիի համալսարան, որը ԱՄՆ-ի ուսումնական խոշորագույն կենտրոններից մեկն է (ի դեպ, ես բախտ եմ ունեցել լինել այնտեղ): Համալսարան գնալուց առաջ նա մտորում էր. գիտակից ողջ կյանքիս ընթացքում այսքան երկչոտ վիճակում երբեք չեմ եղել: Եվ Ռեյգանի երկչոտությունն էլ պայմանավորված էր ոչ թե նրանով, որ խիզախ, հանդուգն, համարձակ մարդ չէր, ոչ, այլ որովհետև նա մեծագույն պատասխանատվություն էր զգում երիտասարդական լսարանում, հենց ուսանողական լսարանում, որովհետև գիտակցում էր` 60-ական թվականների երիտասարդությունը կարող է դառնալ 2000-ական թվականների Ամերիկայի Միացյալ Նահանգների գերհզորության երաշխիքը: Իր ելույթն ուսանողների առաջ Ռեյգանը սկսեց մի հետաքրքիր ակնարկով. այստեղ գալիս, ասաց նա, ակամայից հիշեցի, որ իմ պատկերով խրտվիլակներ այնքան շատ են այրվել Կալիֆորնիա նահանգում, և, մասնավորապես, ձեր համալսարանում, որ, կարծում եմ, թե բենզինի վաճառքով զբաղվող բիզնեսմենները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ` իրենց առևտուրն առաջընթաց տեմպերով զարգացնելու համար, չէ որ նկարներս այրելիս բենզին էին լցնում դրանց վրա: Ահա ձեզ պրեզիդենտի մոտեցում, այն ժամանակ` նահանգապետի: Իսկ մեզ մոտ ինչպե՞ս է. «Առագաստ» սրճարանում Ռ.Քոչարյանին բարև են տալիս, թիկնապահները ծեծում, ջարդում, սպանում են: Իսկ Ռեյգանի նկարը, երբ այրում էին, դրա համար նա շնորհակալություն էր հայտնում, որովհետև նա գիտակցում էր, որ դա յուրովի նախազգուշացում էր իրեն, և որ երկրում ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լինի: Ամենաուշագրավն այն է, որ իր այդ հանդուրժողականության համար ընտրապայքարում առավել հետևողական էին Ռեյգանին սատարում երիտասարդները, որոնք ժամանակին այրում էին իր նկարով խրտվիլակները և որոնք հետագայում հավատացել էին իրեն (հետո նա իր հուշերի մեջ արձանագրեց այդ ճշմարտությունը): Իսկ ի՞նչ էր ասել նա, որն էր նրա խոսքի մեխը: Նա պարզապես դիմելով երիտասարդներին ինքնախոստովանություն էր արել.ՙ Եթե ես կանգնած եմ Բերկլիի համալսարանի ուսանողների առաջ և քարոզում եմ հետևել այս կամ այն նորմերին, հարց է առաջանում, իսկ արդյո՞ք ես և իմ սերնդակիցներն այդ նորմերին հետևում ենք, թե ոչ»:

 Եվ, բնականաբար, եթե ձեզանից տարիքով ավագն այս ամբիոնից խոսում է, նախևառաջ պետք է իրեն հարց տա, թե ինքն անձամբ և թե իր սերնդակիցներն արդյո՞ք հետևում են այն գաղափարներին, որոնց հետամուտ լինելու կոչով դիմում են երիտասարդական լսարանին: Արդյո՞ք մենք անում ենք մեզնից կախված ամենը, որ վաղը հանգիստ խղճով ձեզ ասենք` այն, ինչ ճակատագրի, կյանքի բերումով դրված է մեր ուսերին` լիարժեքորեն կատարեցինք: Ցավոք սրտի, դա այդպես չէ, սուտն ու կեղծիքը մեր երկրում խեղդում են բոլորիս: Քանի-քանի անգամ դիմել եմ իշխանություններին` ասելով, եկեք մի անգամ, ինչպես հայկական, քրիստոնեական բարեկիրթ ընտանիքում է ընդունված, նստենք կլոր սեղանի շուրջ, մեր բոլոր հոգսերի, ցավերի մասին խոսենք` ժողովուրդը տեսնի, ժողովուրդն ինքը դատի, ինքը որոշի, թե որն է ճիշտ, որ ճանապարհով պետք է գնալ, որով` ոչ: Այն, որ ես համաձայնվեցի հանդիպել ձեզ հետ, հիմա էլ, օգտվելով առիթից, շնորհակալությունս եմ հայտնում ձեզ, որ նախաձեռնել և եկել եք, ուներ իր դրդապատճառները: Վերջերս Հանրապետության Նախագահի պաշտոնում հայտնված Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ուսանողության հետ: Մտահոգիչ մի հանդիպում. միթե՞ կարելի էր 20-22 տարեկան երիտասարդին, ուսանողին նախօրոք ասել, թե ինչ հարց տա, իսկ որն էլ, որ հանկարծ շեղվում էր այդ տրաֆարետից, շաբլոնից, անասելի հանդիմանանքի էր արժանանում: Ակամայից մտածում էի` ինչո՞ւ է մեզ մոտ այսպես, փորձում էի գտնել պատասխանները: Այս ամենի հիմնական մայր պատճառը, ինչքան էլ զարմանալի ու տարօրինակ թվա, այն է, որ թե երիտասարդները, թե ավագ սերունդը դեռևս չեն ձերբազատվել կապանքներից, զուրկ են ազատությունից, մինչդեռ միայն ազատ մարդը կարող է ազատորեն մտածել, ինքուրույն որոշումներ կայացնել և ինքն էլ ձեռնամուխ լինել դրանց կատարմանը:

 Տագնապներիս պատասխանը տարօրինակ մի զուգադիպությամբ, իսկ միգուցե խորը օրինաչափությամբ, գտա, հիշելով, որ 60-ական թվականների վերջին նահանգապետ Ռեյգանը ուսանողության թիվ մեկ խնդիրը համարեց դաստիարակությունը` ազատության ոգով: Եվ, ահա, շուրջ երեքուկես տասնամյակ անց, արդեն իսկ պրեզիդենտ Ջորջ Բուշն իր ինագուրացիոն ելույթում բոլորից շատ կարևորեց «ազատություն» բառը և ասաց, որ երբ կարողանանք լիարժեք ազատ լինել, կկարողանանք, այո, աշխարհը բնականոն զարգացման ճանապարհով տանել, արարել, ունենալ տպավորիչ ձեռքբերումներ ի բարօրություն մարդկության… Այո, իրավամբ, միայն ազատ մարդը կարող է գործել ազատ, միայն ազատ ձեռներեցը կարող է հրաշքներ իրականացնել, ինչի ականատեսն ենք թե՜ Միացյալ Նահանգներում, թե՜ Եվրամիությունում, թե՜ Ճապոնիայում:

 Մեկ այլ զարմանալի զուգադիպության մասին ևս խոսեմ. անցյալ տարի մարտին հանդիպում ունեցա երիտասարդության հետ, և չորս տարի առաջ նույնպես եղել է նմանատիպ հանդիպում: Ամենայն ուշադրությամբ նայեցի դրանց տեսահոլովակները, որտեղ կային թե՜ երիտասարդների, և թե՜ իմ ելույթները: Անցած չորս տարիների, անգամ մեկ տարվա ընթացքում, վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում, որոնք, դարձյալ չափազանց հետաքրքիր է, առաջնահերթ կարգով հուզում են զարգացած երկրներին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում հրատարակվել են վերլուծական շատ լուրջ գրքեր, մասնավորապես, Զբիգնև Բժեզինսկու «Ընտրություն. գլոբալ տիրակալություն կամ գլոբալ գործընկերություն», որտեղ հզոր երկրի ամենաանվանի քաղաքագետներից մեկն այսօր տագնապի շեփոր է հնչեցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռանկարային զարգացման համար: Հենրի Քիսինջերը հրատարակել է «Արդյո՞ք անհրաժեշտ է Ամերիկային արտաքին քաղաքականություն», Պատրիկ Բյուկկենենը հրատարակել է «Արևմուտքի վախճանը», ֆրանսիացի Էմանուէլ Տոդդը, շատ հետաքրքիր մի քաղաքագետ, հրատարակել է ևս ուշագրավ գիրք` «Pax Americana- վերջի սկիզբը» վերնագրով: Մարդիկ լինելով գերհզոր, հարուստ երկրների քաղաքացիներ, այսօր մտածում են հեռանկարային զարգացումների մասին, այսօր խորհում են 2020-2030 թվականների մասին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Արևմտյան Եվրոպան, ինչպիսի՞ն պետք է լինի Միացյալ Նահանգները, ինչպիսի՞ քաղաքականություն պետք է որդեգրեն իրենք, ի՞նչ զարգացումներ պետք է ունենան: Այ մարդ, նայում ես մեր այս ողորմելի իշխանություններին, մի հատ վերլուծական ելույթ չեն ունեցել, վերլուծական մեկ հոդվածով հանդես չեն եկել: (Ծափահարություններ): Մինչդեռ դա ամենից շատ անհրաժեշտ է հենց մեզ, մեր երկրին, որովհետև խիստ վտանգավոր զարգացումների շեմին ենք կանգնած: Ընդամենը մի քանի թիվ բերեմ, որ բոլորիս համար պարզ լինի, թե վիճակն ինչպիսին է. 1996 թ. Հայաստանի Հանրապետությունում ազգաբնակչության բնական աճը կազմել է 23 հազար 198 մարդ, 2002թ.` 7 հազար 65, անցյալ տարի` 11 հազար 703 մարդ, 2-2,5 անգամ ավելի պակաս, քան 1996թ.: Բա լավ, չմտածենք, թե մի 15-18 տարի հետո ո՞վ է բանակ գնալու, 15 տարի հետո ո՞վ է մեր սահմանները պաշտպանելու: Ո՞վ է մտածում այս ամենի մասին: Ամպագոռգոռ, կեղծ հայրենասիրական ելույթներով են հանդես գալիս, որովհետև բիրդան աղայի հոգեբանություն ունեն, որովհետև առաջնորդվում են «մեզնից հետո ջրհեղեղ» արատավոր կարգախոսով: Երբ այս հարցերի մասին խոսում ես, ասում են` միայն վատն է ուզում տեսնել. է, լավը ցույց տվեք: Վատն էլ ոչ թե տեսնում եմ, այլ դրա վտանգն եմ զգում, որովհետև ապագաս կապել եմ միայն ու միայն Հայաստանի հետ, որովհետև այստեղ են իմ հարազատների շիրիմները, Հայաստանում է լինելու իմ ընտանիքի բարգավաճումը` ժողովրդիս բարգավաճման հետ: (Ծափահարություններ): Այսօր խոսում են ամենատարբեր խնդիրներից, մինչդեռ չեն ասում ամենակարևորը` ինչպիսի՞ն է լինելու 2020-2030 թվականներին Հայաստանը, եթե այսօր չձեռնարկենք գործնական քայլեր: Չէ՞ որ արդեն իսկ համախառն ներքին արդյունքում արդյունաբերությանը մաս հասնող թիվը կազմում է ընդամենը շուրջ 21 %, Հայաստանի Հանրապետությունը դարձել է ագրարային, շինարարական պետություն: Բա մեր սակավահող Հայաստանը կարո՞ղ է գյուղատնտեսության շնորհիվ զարգացում ապրել. ցավոք սրտի, ոչ, ունենք-չունենք 450 հազար հեկտար վարելահող ունենք: Էլ չեմ ասում, եթե լսենք իշխանավորներին, գյուղատնտեսությունն էլ 4 թշնամի ունի` ձմեռ, գարուն, ամառ, աշուն. կամ ձմեռը իշխանությունների սրտով չի լինում, կամ` գարունը, կամ` ամառը, կամ էլ աշունը: Ոչ ոք իր անհեռատես քաղաքականության մեջ սեփական մեղքի բաժինը չի տեսնում: Բայց պետք է վերլուծել չէ՞: Բա չպե՞տք է վերլուծել ու տեսնել, թե հարևան երկրները զարգացման ինչ ճանապարհ են ընտրել: Բա չպե՞տք է վերլուծել, թե ինչու ենք ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով դուրս մղվել տարածաշրջանում իրականացվող տնտեսական լրջագույն ծրագրերից` լինի դա` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, լինի դա` Բաքու-Ռեշտ-Կազվին-Աստարա երկաթգիծը, որը միացնելու է Ռուսաստանն ու Ադրբեջանը Պարսկաստանի հետ: Եվ հետագայում էլ այդ ճանապարհը զարգացում է ապրելու` Պարսկաստանով գնալու է Աֆղանստան, այնտեղից Պակիստանով Հնդկաստան ու Չինաստան: Հայաստանը չկա տարածաշրջանում իրականացվող և ոչ մի ծրագրում, Հարավային Կովկասում իշխանավորները կույրաղիք են դարձրել մեր երկիրը: Իսկ ինչո՞ւ: Որովհետև իրենց ուղեղները կույրաղիքի նման է, որովհետև չեն ուզում Հայաստան աշխարհը տեսնել հարևան երկրների բնականոն զարգացման շառավիղի մեջ: Եվ երբ այս ամենը վեր ես լուծում, քննարկում ես, ակամայից քեզ մեղավոր ես զգում արդեն երիտասարդության առաջ: Մասնավորապես, մեղավոր ես զգում, որ քեզ չի հաջողվել առաջն առնել բարոյական այն այլասերվածության, որ 60 միլիոն դրամ տալիս են ու մի ամիս բազեներ ճամբարներում խաղացնում, մինչդեռ այդ գումարի մեկ քառորդը բավարար կլիներ, որ հարյուրավոր ուսանողներ ուսման վարձ չտալու համար ինստիտուտներից դուրս չմնային: (Ծափահարություններ):

 Ավագ սերնդից յուրաքանչյուրը հիշում է իր երիտասարդությունը. նախորդ համակարգում թերություններ, անշուշտ, կային, անշուշտ, ազատությունը ճնշվում և խեղդվում էր, միապետություն էր, բայց չէ որ կար այն նվազագույնը, որն ապահովում էր պետությունը: Լավ, կարելի էր քաղաքական համակարգը փոխել, և դա շատ ճիշտ էր, շատ տեղին էր, հասունացած հարց էր, բայց համակարգի առանձին դրական ձեռքբերումներն ինչո՞ւ ջուրը գցեցին: Ինչո՞ւ պետք է այսօր ծնողը շիվար մնա` չիմանալով երեխան դպրոցն ավարտելուց հետո, համալսարան ընդունվելով` կկարողանա սովորել, թե ոչ: Խնդիրն էլ ոչ թե գիտելիքների սակավության, այլ ծնողի անվճարունակության մեջ է: Ապա, համալսարանն ավարտելուց հետո, արդյոք իր երեխան պահանջվա՞ծ է լինելու ժողովրդական տնտեսության մեջ, բիզնեսում, թե ոչ, որո՞նք են պետության կողմից երիտասարդության ապագայի երաշխիքները: Բացարձակապես ոչ մի երաշխիք չկա, սոցիալական ոչ մի սպասում պետականորեն չի կարգավորվում և հովանավորվում, որ յուրաքանչյուր երիտասարդ իմանա` դպրոցն ավարտելուց հետո իրեն ինչ է սպասում: Արդյոք սրա հետևանքը չէ, որ միայն 2005 թ. հունվարից ապրիլի 15-ը, կրկնում եմ, ընդամենը 4 ամսվա ընթացքում` այն էլ ոչ լրիվ 4 ամսվա, ինքնասպանության 109 փորձ է եղել մեր մի բուռ Հայաստանում: Միայն ապրիլի 15 օրերի ընթացքում ինքնասպանության 47 փորձ է եղել, որից 29-ը` ավարտվել է մահով: Իսկ ո՞վ է լավ կյանքից կամովի հեռանում: Հոգեբանները վերլուծել են դրանց պատճառները:Դրանք, իհարկե, մեծապես պայմանավորված են չլուծված խնդիրներով, անբավարարվածությամբ ու վիճակն շտկելու անհուսությամբ: Անհարմար է ասել, երիտասարդ աղջիկները, ոչ չասեմ գնում են Դուբայ կամ Թուրքիա, ասեմ, որ հարկադրված գնում են արևմտաեվրոպական երկրներ, ԱՄՆ դայակություն անելու, այնտեղից գումար ուղարկելու, որ այստեղ իրենց ծնողներին, եղբայրներին և ամուսիններին պահեն: Բա թասիբ ունեցող հայ տղան էլ, եթե գործ չի գտնում, մեկ-երկու, արդեն ինքնասպանության է գնում: Իսկ ո՞վ պետք է մտածի այս ամենի մասին: (Ծափահարություններ): Որքան փորձում եմ տխուր բաներից չխոսել, չի ստացվում: Հավանաբար, բոլորիս առողջության նշանն է այն, որ կարողանում ենք ախտորոշել մեր հասարակության հիվանդությունները: Մինչդեռ դրանք հասարակությանը պարտադրված են: Դրանք իշխանական հիվանդություններ են: Դրանք շատ հեշտ ու շուտ էլ կբուժվեն, եթե Ձեզ հետ վստահենք մեր ուժերին, հավատանք մեր ապագային, մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը և, ինչպես շատ ճիշտ նկատեց Չեդ Ռոջերսը, յուրաքանչյուրս այստեղից հեռանալով` մեկ ջատագովով ավելացնենք «Ազգային Միաբանությունը», մեկ համակիրով ավելի խտացնենք մեր շարքերը: (Ծափահարություններ): Ճիշտն ասած, Վիլենն իմ առաջ խնդիր էր դրել, որ երկար ճառ չասեմ, այլ պատասխանեմ Ձեր հարցերին: Ուստի, իմ այս խոսքից հետո, որ ավելի կենդանի լինի մեր հանդիպումը, մեր զրույցը` սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: (Բուռն ծափահարություններ):

 - Պրն Գեղամյան, սոցիալական վիճակը գյուղում, մանավանդ լեռնային ու սահմանամերձ, այնքան վատթար է, որ երիտասարդների մեծ մասը չեն համարձակվում ամուսնանալ, ընտանիք կազմել, լքում են գյուղը: Վերջն ինչ է լինելո՞ւ: (Սասուն Ներսիսյան, Ստեփանավան):

 - Ցավոք, դա իրողություն է, որը հղի է շատ վտանգավոր զարգացումներով: Երբ հանդիպումներ ենք ունենում հատկապես լեռնային և նախալեռնային շրջաններում, ականատեսն ենք դառնում, որ երիտասարդները չեն ամուսնանում և երբ հետները խոսում ես, փորձում պատճառն իմանալ, ասում են` ծնողիս պահել չեմ կարող, ես ոնց մեղքի տակ ընկնեմ, հարս բերեմ տուն, ոնց մեղքի տակ ընկնեմ` երեխա ունենամ: Եվ այս հարցը, բնականաբար, դարձյալ ու դարձյալ, երբ խորանում ես` ունի մեկ լուծում: Հայաստանում այսօր կան բյուջեն կրկնապատկելու բոլոր հնարավորությունները: Այսօր Հայաստանը դինամիկ զարգացում չի ապրում այն պարզ պատճառով, որ ժողովրդավարությանը, ազատ տնտեսությանը ներհատուկ և ոչ մի գործոն չի աշխատում: Կյանքի կենսաապահովման հիմնական ոլորտներն օլիգարխիկ կառույցների ձեռքերում են, որոնք գործում են իշխանավորների, այն էլ բարձրաստիճան իշխանավորների հովանավորության ներքո: Հսկայական գումարներ են շրջանցում Հայաստանի Հանրապետության բյուջեն: Երեկ էր, այո, երեկ էր, «Հայկական ժամանակ» թերթում կարդացի, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցելու 23 դատավորների նկատմամբ: Շատ էլ լավ է անելու: Հիմա հարց եմ տալիս և խնդրում եմ հատկապես «Հայլուրին» նկարել, մի անգամ գոնե ասված ճշմարիտ խոսքը ցույց տվեք: (Ծափահարություններ:) Իսկ ինչո՞ւ Հանրապետության գլխավոր դատախազը քրեական գործ չի հարուցել այն օլիգարխների նկատմամբ, ովքեր շուրջ 110 հազար (նվազագույն թիվն եմ ասում) տոննա ցորեն մաքսանենգ ճանապարհով 2003 թ. ներմուծել են Հայաստանի Հանրապետություն: Դե հաշվեք` ի՞նչ է անում 110 հազար տոննա ցորենը. 2200 վագոն կամ 140 էշելոն:

 Այսինքն` էլի մանր-մունր գործերով մի երկու-երեք հոգու «խռիկ» կտան, այն էլ ոչ թե արդարություն հաստատելու համար. երևում է, դատավոր տեղավորելու մարդիկ կան` ում պարտքի տակից պետք է դուրս գան: Դե տեսեք: Ասեմ ավելին, Ստեփանավանի մեր ընկերոջ հարցի հետ ասածս ուղղակի կապ ունի, որովհետև եթե թալանի առաջն առնվի, ապա բյուջեն կկրկնապատկվի, կեռապատկվի:

 Ի՞նչ սրիկայություններ, ի՞նչ մեքենայություններ արեցին դոլար-դրամ փոխարժեքի հետ: Նայում ես դոլար-եվրո փոխարժեքը, տեսնում ես տատանումները 5-7% են եղել մեկ տարվա ընթացքում: 20-25 %-ով արժեզրկվել է դոլարը դրամի հետ կապված: Պատճառը ո՞րն է: Պատճառները մի քանիսն են: Անցյալ տարի փետրվար ամսին, երբ որոշվում էին խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսավարձի սակագները, խփեցին, արհեստականորեն բարձրացրեցրին առաստաղ` 565-570 դրամ դարձրեցին մեկ դոլարի փոխարժեքը: Դոլարի հենց այդ փոխարժեքով էլ սահմանեցին սակագները: Երկու ամիս անց տնտեսական այդ ի՞նչ հրաշք եղավ Հայաստանի Հանրապետությունում, որ 120 դրամով դոլարն արժեզրկվեց: Նույն ժամանակահատվածում եվրոյի հետ դոլարի փոխարժեքի տատանումները չեն գերազանցել 3 %-ը: Այս ամենն ինչի՞ մասին է խոսում. խոսում է այն մասին, որ դոլարով գործարքներ կատարող օլիգարխները գերշահույթներ կստանան, այդ թվում` գազ, բենզին (տարեկան 210 հազար տոննա), դիզելային վառելիք (106 հազար տոննա), ցորեն (380 հազար տոննա), ծխախոտ (106 մլն տուփ) ներկրողները: Մի խոսքով իշխանության հենարանը հանդիսացող օլիգարխները, էլ չենք խոսում այդ բիզնեսում իշխանավորների զգալի փայաբաժնի մասին: Չէ՞ որ արտաքին առևտրում գործարքներն իրականացվում են դոլարով:

 Երբ ուսումնասիրում ես բյուջետային մուտքերը, թվում է, թե դոլարի արհեստական արժեզրկման հետևանքով գոյացած օլիգարխների գերշահույթներից պետք է համապատասխան մուտքեր գանձվեին բյուջեի եկամտային մաս: Բացարձակապես նման բան չկա. ավելին ասեմ, որոշ ժամանակ անց, ուրիշ մեքենայության գնացին: Դա էլ պայմանավորված էր նրանով, որ 1 դոլարի փոխարժեքը 2-3 օրում 35-40 դրամ տատանումներ չի կարող ունենալ: Բուն պատճառը մեկն է. ապահովել օլիգարխների համար գերշահույթներ ստանալու պայմաններ, որովհետև բոլոր ներկրողներն օլիգարխներն են ու իրենցն են: Արհեստականորեն դոլարն իջեցնում են, իջեցված ժամանակ շուկայից հսկայական չափով գումարներ են վերցնում, հետո գնում են, ասենք, 380 հազար տոննա ցորեն: Դա գնում են 1 դոլարը 420 դրամ համարժեքով, բայց հետո մեկին երկու շահույթով վաճառում են ազգաբնակչությանը: Հիմա, տեսեք, ի՞նչ ահռելի գումարներ են վաստակում: Երբ դրա մասին ասում ես, քար լռություն: Եթե հերյուրանք է ասածս, ինչո՞ւ պատասխանատվության չեք ենթարկում, ինչո՞ւ հերյուրանքի համար դատի չեք տալիս: Իսկ եթե հերյուրանք չէ, ապա միթե՞ երեսպաշտություն չէ, որ Գլխավոր դատախազությունը այդ շնաձկերին օրենքի դաշտ բերելու փոխարեն, այս կամ այն դատավորի նկատմամբ է քրեական գործ հարուցում: Ինչ խոսք, եթե դրա հարկը կա, նրանք պետք է պատժվեն, մենք էլ կհավատանք, որ սա հերթական անգամ ժողովրդի երեսին թոզ փչել չի: Ստեփանավանի իմ բարեկամին ասածս այն է, որ եթե այս թալանի առաջն առնվի, ապա Հայաստանի Հանրապետությունում բյուջեն կկրկնապատկվի: Բյուջեն կրկնապատկելու պայմաններում զգալիորեն կմեղմվի սոցիալական այն լարվածությունը, որն այսօր երիտասարդությանը հնարավորություն չի ընձեռում, որ ընտանիք կազմի: Իսկ ընտանիք չկազմելու վտանգավոր հետևանքների մասին ասացի. կրկնեմ, եթե 1996 թ., իսկ եթե հիշում եք, դա չափազանց անբարենպաստ տարի էր, որովհետև դրան նախորդել էին 1992-95 թթ. ցրտի, մթի տարիները, այնուամենայնիվ, 23 հազար բնական աճ է եղել` 2002թ. 7 հազար 65-ի դիմաց:

 - Պրն Գեղամյան, հայտնի է, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, սակայն հայտնի է նաև, որ եթե ժողովրդավարություն չհաստատվի, մեր երկիրը կկորցնենք: Ի՞նչ եք կարծում, առանց դրսի օգնության մենք կարող ենք ժողովրդավարություն հաստատել: Եթե ոչ, ապա ո՞ւմ օգնությունն է ակնկալում «Ազգային Միաբանությունը»:

 - Նախևառաջ օգնում են այն մարդուն, որ ինքն է ձգտում հենց ինքն իրեն օգնի, ով ապացուցում է, որ իրենից կախված ամեն բան անում է, սակայն դիմացի բիրտ ուժը, ճնշում գործադրելով, չի թողնում երկիրը բնականոն զարգացում ապրի: Ուստի, առաջնահերթ խնդիրը մեկն է: Այն է, որ, այո, մենք դառնանք ոչ թե բազմություն, այլ դառնանք կազմակերպված այնպիսի ուժ, որի դրոշին գրելով` ազգային միաբանություն, ժողովրդավարության հաստատում, համոզված կարող եմ ասել, հասկանալի կդառնանք զարգացած ցանկացած երկրի և, բնականաբար, նախևառաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երկիր, որն այսօրվա աշխարհում ինքն է ծածանում ժողովրդավարության դրոշը: (Ծափահարություններ): Անվերապահորեն կարող եմ ասել հետևյալը. այս իշխանություններն արդեն իսկ սպառել են իրենց բոլոր հնարավորությունները և ռեսուրսները: Այն աստիճանի են սպառել, որ գզվռտոցն արդեն մտել է իրենց շրջանը, որ արդեն իրենք էլ հասկանում և գիտակցում են, որ ժամանակն է լքել այն նավը, որի ղեկին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են: (Բուռն ծափահարություններ):

 - Պրն Գեղամյան, Ստրասբուրգում ապրիլի 27-ի Ձեր ելույթը, թերևս, միջազգային առումով միակն էր Մեծ եղեռնի 90-ամյակի հետ կապված: Ասացեք, ինչպիսի՞ արձագանք ունեցավ Ձեր ելույթն այնտեղ` Եվրախորհրդարանում և, ի՞նչ եք կարծում, ցեղասպանության հետ կապված ինչպիսի՞ զարգացումներ կլինեն առաջիկա տասը տարում` մինչև հարյուրամյակը: (Եղեռնից մազապուրծ եղածի ծոռ` Սամվել):

 - Ստրասբուրգի ելույթը, ի դեպ ասեմ, կարող էր և չլինել: Չլինել այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ-ի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ես փոխարինող եմ, որովհետև իշխանավորները գտել են, որ գիտելիքներս, աշխարհայացքս և իմացության պաշարս ավելի սակավ է, քան կոալիցիայի մաս կազմող իմ գործընկերներինը: Եվ քանի որ հիմնական կազմից բացակայողներ կային, ուստի ելույթով հանդես գալու հնարավորություն ընձեռվեց: Մի հետաքրքիր բան ասեմ. եթե ելույթն ըմբռնում գտավ Եվրախորհրդի մի շարք երկրների պատվիրակների կողմից, եթե այն վրդովեցրեց առավելապես Թուրքիայի և Ադրբեջանի պատգամավորներին, ապա ոչ պակաս վրդովեցրեց նաև մեր իշխանություններին: Ահա սա է իրականությունը: Այստեղ` Երևանում, իշխանավորների տրամադրություններն ընկավ, որովհետև չէին կարող դարձյալ «ռազնարյադկայով» օդանավակայան մարդ բերել, պաստառների վրա էլ գրել` Շավարշ Քոչարյան, Արտաշես Գեղամյան` դավաճաններ: Հիշեցնեմ, որ մեր գործած մեղքն էլ այն էր եղել, որ Ստասբուրգում 2004թ. ապրիլի 5-ի, 12-13-ի դեպքերից հետո իշխանությունների վայրագությունների մասին, ինչ կա` այդ էինք ասել: Նրանք այնքան տկարամիտ են, որ չեն հասկանում, որ երբ պետության, երկրի քաղաքական ուժն ինքն է խոսում իր երկրի թերացումների, երկրում կուտակված խնդիրների մասին, ապա դիմացինին հույս է ներշնչում, որ այդտեղ առողջ կորիզ կա, որն ինքնուրույն կարող է հաղթահարել այդ արատներն առանց դրսի միջամտության: Անգամ այս տարրական ճշմարտությունը չեն հասկանում: Ինձ համար բավականաչափ հաճելի և ընդունելի էր, որ ելույթիցս հետո (ինֆորմացիա եմ տալիս, չասեք` գլուխ է գովում. ինչ կա, այդ եմ ասում) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը հենց դահլիճում մոտեցավ, սեղմեց ձեռքս և քաջալերեց` ասելով. «Բղավո, մսյո Գեղամյան»: Երեք անգամ դա կրկնեց: (Ծափահարություններ):

 Դա չափազանց կարևոր էր. ոչ թե, որ իմ հասցեին գովեստի խոսք ասվեց, դա չէր էականը, այլ այն, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 27-ի նիստի արձանագրությունում գրված է, որ Հայաստանի պատվիրակության անդամ, թող լինի Պետրոսյանը, իր ելույթում, ըստ էության, հանդիմանեց Եվրախորհրդի պատգամավորներին` ասելով, որ եթե մենք, իրոք, անկեղծ էինք Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հուղարկավորության ժամանակ ասված մեր ելույթներում, ապա ճիշտ կլիներ այսօրվա նիստը սկսեինք հոտնկայս` մեկ րոպե լռությամբ հարգեինք Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Ահա սա էր ամենակարևորը: (Բուռն ծափահարություններ): Բայց ճշմարտության առաջ չեմ ուզում մեղանչած լինել. 4-5 րոպեանոց ելույթիս, այնուամենայնիվ, 16 վայրկյան «Հայլուր»-ով անդրադարձան, փոքր ինչ ավել` 1 րոպեի շրջանակում, ԱԼՄ-ն տվեց, Տիգրան Կարապետովիչի ականջը կանչի, և Հայաստանի երկրորդ ալիքը: Ելույթն ամբողջությամբ այդպես էլ չհեռարձակվեց, մինչդեռ ինքներս կատարել էինք ելույթի հայերեն սինխրոն թարգմանությունը: Այսինքն, որ հեռուստաալիքները հոգս չքաշեն, ինչ ասեմ, սա է:

 - Դուք հավատո՞ւմ եք կոալիցիայի կուսակցությունների այն հայտարարություններին, թե տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ազատ, արդար և թափանցիկ: Եվ չե՞ք միանալու այս առումով առաջարկված պայմանագիրը ստորագրելուն:

 - Ուրեմն, մեկը լինի իրենց հարցնի` իրենք իրենց ստորագրածին հավատո՞ւմ են: (Ծիծաղ, ծափահարություններ): Ինչպես կարող եմ ես հավատալ այն կուսակցությունների հայտարարություններին, որոնք բռնությամբ տապալեցին 2003թ. Ազգային ժողովի ընտրությունների բնականոն ողջ գործընթացը, որոնք ընտրապայքարի ժամանակ պարկերով ալյուր էին կաշառք տալիս, դիզելային վառելիքով էին կաշառում, կաշառում էին գումարով, հիմա էլ, առանց անհարմար զգալու, կանգնել արդարամտության կոչերով են հանդես գալիս: Կարծում են մի ամբողջ ազգ հիշողության կորուստով է տառապում, այն է` մոռացել ենք բազում խայտառակությունների մասին, որոնց ականատեսն եղանք վերջերս Ազգային ժողովի 44-րդ ընտրատարածքում թափուր պատգամավորական տեղի շուրջ ծավալված անառողջ մրցակցության ժամանակ: Նրանք քաջ գիտեն և գիտակցում էլ են, որ ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների պայմաններում իրենք ընդհանրապես Ազգային ժողով մտնելու և ոչ մի հեռանկար չունեն: Իսկ իրենց կոչերը արդար ընտրություններ անցկացնելու մասին պարզապես ճամարտակություններ են, որոնք ուղղված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն:

 - Պրն Գեղամյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում: Նամակներ են գրում, հանձնաժողովներ են ուզում ստեղծել, տարբեր կարծիքներ են արտահայտում եթերում և մամուլում: Դուք ի՞նչ կարծիքի եք: (Համալսարանի ուսանող, Գագիկ Հարությունյան):

 - Ուրեմն, եկեք ելակետը ընդունենք այն, որ Հայաստանը և Թուրքիան իրենց աշխարհագրական դիրքերը չեն փոխելու: Այսինքն` դատապարտված են դարեր ի վեր միասին կողք-կողքի ապրելու: Բնականաբար, սա արդեն հրամայական է դարձնում հարաբերությունների բնականոն հաստատման գերխնդիրը: Դրա հետ կարևորում եմ, որ այսօր մի շարք երկրներ ընդունել և ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 37 նահանգ պաշտոնապես ճանաչել է ցեղասպանության փաստը: Արձանագրենք նաև, որ նոր իրավիճակ է ստեղծվել այսօր` պայմանավորված Թուրքիայի նկրտումներով` անդամակցել Եվրամիությանը: Եվ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում, եթե ոչ նախապայման, ապա, կարծում եմ, քննարկման առարկա կդառնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ամենևին էլ պատահական չէր, որ երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսքը գնացել է Բունդեստագում «Ցեղասպանության հայկական պնդումների» բանաձևը օրակարգում ընդգրկելու մասին, շատ հետաքրքիր պատասխան է տվել` հղում անելով գերմանական հետևյալ ասացվածքին. «Բաց ծովում և խորհրդարանում պետք է ապավինել Աստծո ողորմածությանը»: Իսկ ի՞նչ է նշանակում այս պատասխանը` ապավինել Աստծուն: Հիշենք «Մի՜ սպանիր» Աստծո պատվիրանը: Այսինքն` նա չի ասել, որ դա երկու երկրների ներքին խնդիրն է, չի ասել, որ այդ հարցը գոյություն չունի: Նա պարզապես դիվանագիտական պատասխան է տվել: Մինչդեռ Թուրքիայի քաղաքական ընտրանին շատ լավ գիտակցում է, որ երկրի Եվրամիությանն անդամակցելուն մեծագույն խոչընդոտ կարող է դառնալ իր կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցը: Թուրքիան գիտակցում է, նաև, որ, մասնավորապես, Ֆրանսիայի Հանրապետությունում մենք շուրջ 200 հազար հայրենակիցներ ունենք, որոնք թոռներն ու ծոռներն են այն մարդկանց, ովքեր մազապուրծ են եղել Դեր-Զորի մահաբեր անապատից, և ովքեր այդ հարցը բարձրացրել էին իրենց կառավարության առաջ մինչև նա պաշտոնապես չճանաչեց ու չդատապարտեց Եղեռնը, այնպես, ինչպես այդ հարցը դրվել էր Հունաստանում և տասնյակ այլ երկրներում, որոնք պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Ի վերջո, դարձյալ անդրադառնանք Հովհաննես Պողոս II պապի հուղարկավորությանը. այնտեղ հավաքված էին, բոլորդ հեռուստահաղորդումների շնրհիվ ականատես եք եղել, թե՜ իսրայելիտները, թե՜ մահմեդականները, թե՜ քրիստոնյաները` լինեն կաթոլիկներ, թե ուղղափառներ: Ակամայից այդ օրերին մտածում էիր, որն էր Հռոմի պապի հանդեպ տածած հարգանքի պատճառը, որ դրսևորեցին հիշատակածս կրոնական զանազան կոնֆեսիաների ներկայացուցիչները և աշխարհիկ ղեկավարները: Պատասխանը մեկն է. այդ մեծ մարդը վերցրել էր իր նախնիների բոլոր մեղքերն իր վրա: Լինեն դա խաչակիրները, որոնք ավերածություններ էին արել ուղղափառ Բյուզանդիայում, Կոստանդնուպոլսում (Սուրբ Սոֆիայի տաճարում), լինեն դա ավերածությունները, որոնք արել էին խաչակրաց արշավանքների ժամանակ Մերձավոր Արևելքում, լինեն դա արաբական երկրները, լինի` Իսրայելը: Որովհետև նա համարձակություն էր ունեցել հայցել ուղղափառ քրիստոնյաների ներողամտությունը, այդ պայմաններում գնալ Երուսաղեմի ողբի և լացի պատի մոտ ու ծնկաչոք ներողամտություն աղերսել հրեաներից Հոլոքոստի համար, որովհետև դրա հետևում, ի թիվս այլոց, նաև կաթոլիկներ կային: Ու եթե աշխարհը անկեղծ էր Պապի այդ սխրանքը մեծարելիս, և եթե Հռոմի պապի թաղմանն իր մասնակցությունը բերած Էրդողանը նույնպես անկեղծ էր, ուրեմն, նա մինչև վերջ պետք է անկեղծ լինի և այդ նույն ճանապարհը փորձի անցնել Թուրքիայի քաղաքական ընտրանու հետ, այն է` ներողամտություն աղերսի Օսմանյան կայսրությունում նահատակված 1,5 մլն հայերի համար: Այդ պարագայում, մենք` հայերս, համոզված եմ, կընդունենք Թուրքիայի ապաշխարանքը, քանի որ հիշաչար չենք: Վերընթերցենք Դերենիկ Դեմիրճյանի «Ո՞վ է հայը», նա ինքն է բարեկամանում, ուրիշի բարեկամությունը չի ընդունում, նա ինքը կգնա, ինքը բարեկամություն կհաստատի: Այնպես որ ես կողմնակից եմ, որ, այո, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցում սկսվեն բանակցությունները: Ռուսական շատ հետաքրքիր ասացվածք կա` «Ուրիշի եկեղեցին սեփական կանոնադրությամբ չեն գնում», այլ ընդունում ես այն օրենքները, բարոյական այն նորմերը, որոնք հատուկ են տվյալ դեպքում Եվրամիության անդամ-երկրներին: Կանցնի՞ այդ փորձությունը Թուրքիան պատվով, բոլորիս համար ողջունելի կլինի, չի անցնի` մեղքն իրենց վիզը: (Ծափահարություններ):

 - Պրն Գեղամյան, Դուք արդեն որերորդ անգամ լրատվամիջոցներով ու Ձեր ելույթներում մատնացույց եք անում կոռուպցիայի ոլորտներն ու անգամ տեղերն ու չափերը: Ինչո՞ւ իշխանություններն ընթացք չեն տալիս դրանց, չեն հայտնաբերում, դեմը չեն առնում:

 - Ինչո՞ւ չեն անդրադառնում: Է, մարդ ինքն իրեն ո՞նց բռնի, իշխանություններն իրենք իրենց, ո՞նց բռնեն: Մի բուռ Հայաստանում էդ ո՞վ է քանի գլխանի, յոթ գլխանի վիշապ է, ինչ է, տարվա ընթացքում 110 հազար տոննա ցորեն ներկրի մաքսանենգ ճանապարհով և բացարձակապես ոչ մի լումա բյուջե մուտք չանի: Էդ, որտե՞ղ է գրված, որ օրը ցերեկով մարդուն սպանեն բարև տալու համար, դատարանի դահլիճից էլ ազատ արձակեն: Էդ, որտե՞ղ է գրված, որ ապրիլի 5-ին ծեծուջարդի ենթարկեն լրագրողների, ծեծուջարդի ենթարկող անձն, ընդամենը 100 հազար դրամ տուգանվի, որ հետո էլ` 3 ամիս անց, «ՏԷՑ-ի կռուգում» չարաբաստիկ, արդեն սպանության ելքով, կռվի մեջ հայտնվի, էլի դատարանի դահլիճից ազատվի: Չի լինում այդպիսի բան երկրների նորագույն պատմության մեջ: Իսկ ո՞վ է բռնել Գլխավոր դատախազության ձեռքը` հիշատակածս դեպքերի համար քրեական գործեր հարուցելու: Այ, եթե նման դատավարություն իրականացնող դատավորներին հետ կանչեն, քրեական գործ հարուցեն, նոր կասեմ, այո, դարձի են եկել դատախազության ընկերները: Չեն անի: (Ծափահարություններ): Չեն անի այն պարզ պատճառով, որովհետև եթե այդ դատավորներին մի քիչ շատ նեղեն, նրանք էլ կկանգնեն ու ճակատներին կասեն` Ձեր հանձնարարությունն ենք կատարել: Չէ՞ որ Դուք եք մեզ հրահրել այդ ամենը անելու, չէ՞ որ Ձեր պարտադրանքով ենք մենք գնացել այդ քայլերին: Ցավոք, այստեղ տեղին է հայկական հայտնի ասացվածքը. «Ձուկը գլխից է փտում»: (Ծափահարություններ):

Պրն Գեղամյան, ԲՈՒՀ-երի հազարավոր շրջանավարտներ անգործ են, աշխատանք չեն կարող գտնել ոչ միայն ըստ մասնագիտության, այլև ընդհանրապես: Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, ելքը ո՞րն է:

 - Շատ ցավոտ հարց է: Ես պատահական չէ, որ կարևորեցի` ասելով, որ այսօր իսկ մենք պետք է խորհենք Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացումների մասին, պարզենք, թե ինչպիսին ենք ուզում, որ լինի մեր երկիրը, ասենք, 2020 թվականին: Եվ այդ ամենի հիմքերը հիմա պետք է դրվեն: Պարզ, հասարակ տրամաբանություն է: Մենք, ավա՛ղ, սակավահող երկիր ենք և հիմա էլ դարձանք սակավամարդ: Ուստի և, հաշվի առնելով, որ արդյունաբերությունը հիմնահատակ ոտատակ է արված, պարտադրված ենք այլընտրանքային զարգացման ուղիներ որոնել: Որո՞նք են դրանք: Դա ծրագրավորումն է, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է, գիտատար ճյուղերի և աշխատատար ճյուղերի զարգացումն է: Իսկ դրա համար պետք է այսօր արդեն որոշակի փոփոխությունների ենթարկվեն մեր դպրոցական ծրագրերը, որ այսօրվա աշակերտը պատրաստ լինի 2020թ. ամենաժամանակակից հաշվողական տեխնիկայով հագեցված ինֆորմացիոն և ինովացիոն ճյուղերում աշխատի: Որ ինքն այսօր իսկ արդեն իմանա մոտակա տարիներին իրեն ինչ է սպասվում, դրա համար պետք է պետության զարգացման հեռանկարային ծրագրավորում, դրա համար, վերջին հաշվով, պետք է ծրագիր կազմողներն իրենք ուսյալ լինեն, որ իրենք իրենց չխաբեն թվացյալ տոկոսային աճ արձանագրելով, որ ի զորու լինեն տեսնել Հայաստանի հեռանկարը աշխարհաքաղաքական զարգացումների մեջ: Չունեն դա, չեն էլ կարող ունենալ, որովհետև երկիրը զարգացում է ապրում այն ժամանակ, այն էլ անցումային շրջանում հայտնված պետությունը, երբ այդ երկրի ղեկին ուսյալ մարդիկ են, գիտակ մարդիկ, ովքեր խորքային աշխարհայացքի կրողներ են, ովքեր գիտեն, թե ինչպիսի զարգացումներ են լինելու աշխարհում: Չկա դա: Այսօրվա Ազգային ժողովի ղեկավարությունը կարո՞ղ է դա անել, այսօրվա կառավարության անդամները կարո՞ղ են դա անել: Իհարկե, ոչ: Եվ սա ցավ է պատճառում, սա ավելի է արդիական դարձնում բոլորիս վճռականությունը` օր առաջ թոթափել այս անտաղանդ իշխանությունների բեռը: (Ծափահարություններ):

 Սիրելի երիտասարդներ, ձեր մեջ շատ կան ուսանողներ, դուք սովոր եք, որ 45 րոպե հետո պետք է ընդմիջում լինի, և կսկսեք խոսել: Ուրեմն քանի դեռ չեք սկսել խոսել, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Ես ուզում եմ, որ բոլորս մեկ անգամ ևս ողջունենք Չեդ Ռոջերսին, որ նա եկավ մասնակցելու մեր միջոցառմանը: Շնորհակալություն, Չեդ: (Ծափահարություններ):

 Սիրելի ժողովուրդ, առաջիկայում մենք անպայմանորեն հանդիպումներ կկազմակերպենք ըստ բնակության վայրերի: Եվ բոլոր այն հարցերը, որոնք ավելի երկար պատասխաններ են պահանջում և, ընդհանրապես, քննարկումներ, անշուշտ, դրանց շուրջ մտքեր կփոխանակենք: Մեր ընդհանուր հաղթանակի ակնկալիքով` խորին շնորհակալություն բոլորիցդ: (Բուռն, երկարատև, որոտընդոստ ծափահարություններ և ողջյուններ):

«Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության հիմնադիր համագումարի ելույթների սղագրությունները:

 

 

Արտաշես Գեղամյան «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ 

 

 

Այսօր լինելու է իմ պատասխանատու ելույթներից մեկը: Թերևս եզակի լսարանում ենք հայտնվել ես և իմ հասակակից գործընկերները, քանի որ մենք պարտավորենք Ձեզ հաշվետու լինել: Երբ հիշում ենք մեր երիտասարդության տարիները` 20-25 տարի առաջ, և մտորում, արդյոք մեր ծնողները, մեր ավագ սերունդը 70թթ-ին արդյոք նման երկիր էին մեզ թողել, միթե նման հույսեր էինք մենք տածում: Ավաղ, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ 70թթ-ի երիտասարդները շատ ավելի համոզված էին նայում ապագային, վստահ էին գալիքի հանդեպ, գիտեին թե ինչ են ցանականում, ինչ բարձունքներ նվաճել կյանքում և համոզված էին, որ հնարավորինս քիչ խոչնդոտներ կհանդիպեն այդ ճանապարհին: Ցավոք սրտի, մեր սերնդակիցները չկարողացան անկախություն ստանալուց հետո ապահովել այն ամենը, ինչ ապահովել էին մեզ մեր ծնողները: Ինչն է, որ այսօր մեզ չի բավարարում կապված երիտասարդության հետ: Ցավոք, պետք է ասել, որ տասնյակ հարյուրավոր տաղանդավոր երիտասարդներ ստիպված են I, II կուրսերում սովորելուց հետո, թողնել ուսումը, քանի որ իրենց ծնողները իվիճակի չեն վճարել ուսման վարձը:

 Շնորհաշատ ստեղծագործող երիտասարդներ` կոնսերվատորիաի, մանկավարժական բուհերի, համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներ, այսօր չեն մասնակցում միջազգային մրցումների, այն պարզ պատճառով, որ ճանապարհածախս հոգող չկա, այնտեղ ապրելու հնարավորություն ստեղծող չկա: Այսօր տաղանդավոր հայ մարզիկներ իրենց ամենօրյա մարզումների արդյունքների պտուղը պարգևում են օտար երկրների: Այսօր տասնյակ հազարավոր երիտասարդներ իրենց ծնողների հետ ստիպված դեգերում են օտար ափերում և զբաղված են հանապազորյա հացի խնդիր լուծելով, տասնայակ հազարավոր գյուղաբնակ երիտասարդներ հնարավորություն չունեն ընտանիք կազմելու: Եվ այս ամենի պատասխանատուն մեր սերունդն է: Կան արդյոք ուղղիներ` շտկելու այս վիճակը, անշուշտ կան: Եթե փոքր-ինչ ազնիվ իշխանություն լինի մեր երկրում, հնարավոր է եռապատկել Հայաստանի բյուջեն: Բերեմ ընդամենը երկու թիվ:

Միայն էներգոհամակարգում տարեկան կտրվածքով վատնվում է 50-60 մլն. դոլլարին համարժեք դրամ: 1997թ. ՀՀ ներմուծվել է 288000 տն վառելիք, և եթե իշխանությունները պնդում են, որ 1997 թ-ից աննախադեպ տնտեսական աճ կա, իսկ եթե կա տնտեսական աճ, ուրեմն դա պետք է հանգեցներ ապրանքափոխադրումների շեշտակի աճի, իսկ սա իր հերթին` վառելիքի գնի աճին: Սակայն հրեշավոր սպանությունից հետո, երբ իշխանափոխությունը նոր փուլ ապրեց, 110000 տն. կրճատվեց մաքսային վարչությունով վառելիքի ներմուծումը, այսինքն 110000 տն. վառելիքը շրջանցում է մաքսային վարչությունը, և եթե այս վիճակը փոխվի պետբյուջեի մուտքային մասը կհամալրվի 85-90 մլն դոլլարին համարժեք դրամով: Մինչդեռ, դրա 10% բավարար է, որ գոնե նորմալ սովորող ուսանողների ուսման վարձը վերացվի:

 Ուստի, պետք է թույլ տալ և պայմաններ ստեղծել, որ երիտասարդ բանվորը իր աշխատանքը մաքսիմում արդյունավետ դարձնի, ուսանողները սոցիալական սպասումներ ունենան և իմանան, որ դրանք կիրականան մի պայմանով, որ նա նորմալ առաջադիմություն ունենանա, գիտելիքներով օժտված լինի, որ բանակայինը իմանա, որ միայն վատը չի բերելու քաղաքացիական կյանք, և առնվազն երկու, երեք օժանդակ մասնագիտություններ ձեռք կբերի ծառայության 2 տարվա ընթացքում, երբ մարզիկը կիմանա, որ պետությունը իրեն տեր է կանգնում և չի մտածի, թե ինչպես գնա արտասահման, և ծնողներին էլ տանի իր հետ: Երբ ձեռներեցները պաշտպանված կլինեն պետության կողմից և չեն դառնա մաքսային և հարկային չինովնիկների կամայականության զոհ: Եվ այս ամենին հնարավոր է հասնել շատ կարճ ժամանակահատվածում:

 Այսօր այս սուրբ կամարների տակ, ուր հանդես են եկել մեր, ազգի մեծերը, նրանց հոգին մեզ համակել է, ուզում է մեզ հուշել, պարտադրել, որ հայը եղել է , կա և հավիտյանս կգոյատևի իր հողում, քանի դեռ նա ունի այսպիսի պատկառելի երիտասարդություն: Դուք Ձեր հերթին, «ԱՄ» կուսակցությունը իր հերթին, կանեն ամեն ինչ ապահովելու Ձեր երջանկությունը Հայոց հինավուրց հողում:

 

  

Պատվիրակ Աննա Խառատյանը` Վանաձորի տարածքային կազմակերպությունից

   

 

 Իր ելույթում անդրադարձավ երիտասարդ ընտանիքների, մարզիկների և բանվորների խնդիրներին: Նա նշեց, որ այսօր Հայաստանի շատ տաղանդավոր մարզիկներ, չեմպիոներ, սպորտի վարպետներ` ստիպված են տարբեր դռներ թակել, հովանավորներ փնտրել, որպեսզի մասնակցելով մրցումների, մրցաշարերի` կարողանան բարձր պահել հայկական սպորտի պատիվը: Քանի որ իրենց հայրենիքում ուշադրության և գնահատականի չարժանանալով, հեռանում են մեր երկրից և իրենց հաղթանակներով նպաստում են այլ երկրների սպորտի զարգացմանը: Անդրադառնալով երիտասարդ ընտանիքների խնդիրներին` նա նշեց, որ այսօր երիտասարդները չեն շտապում ընտանիք կազմել, որովհետև գործազուրկ են, չունեն եկամուտի մշտական աղբյուր, ոչ մի սոցիալական օժանդակություն չեն ստանում պետության կողմից: Այս ամենի հետևանքով Հայաստանում նվազում է ծնելիությունը և դրանով է պայմանավորված ընդհանուր բնակչության թվի անկումը: Անցնելով երիտասարդ բանվորների խնդիրներին` նա նշեց, որ երիտասարդ բանվորները այսօր չունեն արտադրություններում աշխատելու և հմտանալու հնարավորություն: Եվ բոլոր այն գործարանները, որոնք վերջերս իբրևթե բացվել են, երկու շաբաթ ձևական աշխատելուց հետո, փակվում են և ուղղարկվում անժամկետ արձակուրդի: Վերջում, արտահայտելով Վանաձորի երիտասարդության ստվար զանգվածների կարծիքը, նա նշեց, որ նրանք ևս հավատում և համակրում են «Ազգային Միաբանություն» կուսակցությանը, և նրա լիդեր Արտաշես Գեղամյանին և առաջիկա ընտրություններում քվեարկելու են իրենց օգտին:

 

  

Պատվիրակ Հովհաննես Խռխռյանը` Գյումրիի տարածքային կազմակերպությունից,

  

 

 Իր ելույթում քննադատեց ներկա և նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը, որի հետևանքով փոշիացվեց և շարունակվում է թալանվել Խորհրդային Հայաստանից մեզ հասած ժառանգությունը: Նա նշեց, որ երիտասարդների, պատանիների շրջանում աճում են թերսնվածության պատճառով առաջացող հիվանդությունները: Նա նշեց նաև, որ վերջին տասնամյակում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ընտրում է ոչ թե ժողովուրդը, որը իշխանության իրական կրողն է, այլ իշխանությունները գործի դնելով իրենց ենթակա բոլոր լծակները և, հատկապես, ուժայինները, ազդում են ընտրությունների ընթացքի և վերջնական արդյունքների վրա: Շեշտվեց այն միտքը, որ ներկայիս վարչախումբը` նախկինի տրամաբանական շարունակությունն է, և իր գործելաոճով ոչ միայն չի տարբերվում, այլև ավելի «կատարելագործել է» նախկինների վարած քաղաքականությունը:

 

  

Պատվիրակ Սիրանուշ Դալլաքյանը` Երևանի Շենգավիթ 2 տարածքային կազմակերպությունից,

  

 

 Իր ելույթում անդրադարձել էր Հայաստանի կրթական և գիտական համակարգին: Նա մասնավորապես նշեց, որ եթե նախկինում գործող շուրջ 30 գիտահետազոտական ինստիտուտները ներգրավվում էին տաղանդավոր, ԲՈՒՀ ավարտած երիտասարդներով, հնարավորություն էին տալիս նրանց ուսումը շարունակելու, ավելի հմտանալու իրենց մասնագիտության մեջ, ապա այժմ այդ ինստիտուտները ոչ միայն չեն կարողանում նոր երիտասարդ մասնագետներ ներգրավել և պատրաստել, այլև իրենց իսկ գոյությունը դրված է հարցականի տակ: Նա նշեց, որ Հայաստանը միշտ հայտնի է եղել իր գիտական ներուժով, և որ այժմ նա կանգնած է այն կորցնելու իրական վտանգի առաջ: Նա նշեց, որ այժմ գիտահետազոտական ինստիտուտները ունեն որակյալ մասնագետների և ասպիրանտների կարիք, և որպեսզի այդ բացը լրացվի, պետք է մագիստրատուրայի համար սահմանել ոչ թե 350 անվճար տեղ ինչպես այս տարի, այլ ավելի մեծացնել անվճար տեղերի քանակը, իսկ ինչ վերաբերում է վճարովի տեղերին, ապա պետք է հաշվի առնել, որ մագիստրատուրայի և ասպերանտուրայի տարեկան ուսման վարձը կազմում է 260000 դրամից սկսած, և որ Հայաստանի ծանր սոցիալտնտեսական պայմաններում շատ քչերն են ի վիճակի վճարել այդ գումարը և շատ շնորհաշատ երիտասարդներ որպես ապագա մասնագետներ` կորչում են Հայաստանի Հանրապետության համար:

 Նշվեց ևս մեկ խնդրի մասին, որոշ ԲՈՒՀ-երում կան մասնագիտություններ, որոնց համար մագիստրատուրայում և ասպիրանտուրայում տեղեր սահմանված չեն: Այս հիմնախնդիրները լուծելու համար` պետք է մշակվի և ի կատար ածվի գիտության և կրթության վերաբերյալ համալիր մի ծրագիր, որը կվերականգնի Հայաստանի երբեմնի գիտական փառքը, քանզի 21-րդ դարում գիտական ներուժի առկայությունն է վճռորոշ լինելու,` պետության ապագա զարգացումն ապահովելու համար: Նշվեց, որ «Ազգային Միաբանություն» կուսակցության մշակված հակաճգնաժամային ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գիտության և կրթության ոլորտի զարգացմանը և մեծ տեղ է հատկացվում գիտական ներուժի օգտագործմանը:

 

  

Պատվիրակ Աննա Թամազյանը` Ալավերդու տարածքային կազմակերպությունից,

 

 

 

Իր ելույթում անդրադարձավ մարզային երիտասարդության վիճակին, ՀՀ դատական համակարգի անկատարությանը և մի շարք այլ հարցերի: Խոսելով մարզերի երիտասարդության մասին` նա ասաց, որ իրենց մոտ նույն խնդիրներն են ինչ-որ քաղաքի երիտասարդության մոտ, ուղղակի այն տարբերությամբ, որ մարզում դա ավելի սուր բնույթ է ստանում, որը պայմանավորված է մարզերի` մայրաքաղաքից հեռու լինելու, ենթակառուցվածքների և ժամանցի պայմանների թերի զարգացվածության պատճառով: Նա նշեց, որ Ալավերդու և նախկին Թումանյանի շրջանի երիտասարդության ստվար մասը որև է առաջընթացի հույսեր չի կապում ներկայիս իշխանության հետ, այլ ապագա ընտրություններում իր ձայնը տալու է «Ազգային Միաբանություն» կուսակցությանը: Անդրադառնալով դատական համակարգին` նա նշեց, որ արդարադատությունը մեզանում վտանգված է, դատական համակարգը թերի է, դատավորների մեծ մասը վճիռ կայացնելիս առաջնորդվում են ոչ թե քրեական կամ քաղաքացիական օրենսգրքով, այլ վերևից եկած հրամանով:

 

Պատվիրակ Հռիփսիմե Ոսկանյանը Երևանի Դեկաբրիստների տարածքային կազմակերպությունից,

 

 

 

Իր ելույթում անդրադարձավ հայ երիտասարդության հայեցի դաստիարակման, նրան առողջ ազգային և առաջադեմ համամարդկային գաղափարներով դաստիարակության մասին: Նա մասնավորապես նշեց, որ ժամանակակից հայ երիտասարդությունը կտրված է իր պատմությունից, մշակույթից: Նա օտարված է մեր ազգային ավանդույթներից, արժեքներից, եկեղեցուց: Հայաստանի երիտասարդության մի որոշ մասը չի զգում իրեն այս երկրի տերը, իրեն չի համարում այս հող ու ջրի զավակ և այլն: Նա նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները, կառավարությունը մոռացել են երիտասարդության մասին, չեն հետաքրքրվում նրանով, թողել են բարձիթողի վիճակի մեջ: Նա նշեց նաև, որ չնայած այս տխուր պատկերին Հայաստանում կա երիտասարդության մի ստվար մաս, որը մտահոգ է երկրի և պետության ճակատագրով և որ դրա ապացույցը այս համագումարն է: Եվ այդ երիտասարդությունը մինչև վերջ պայքարելու է` երկրում արդար և ժողովրդավար իշխանության հաստատման համար:

Последние видеоматериалы

Новые книги