ԳԵՂԱՄՅԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

14.09.2002

Իսկ դրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը

Քանի դեռ տասնվեցյակը զբաղված է խորհրդի նիստեր գումարելով, որպեսզի միասնական ծրագիր մշակի, հանկարծ նրանցից մեկը` Արտաշես Գեղամյանը, մյուսի (ՍԻՄ-ի) պաշտոնաթերթում հրապարակում է հակաճգնաժամային ծավալուն ծրագիր և Ազգային ժողովում կոչ է անում 16-յակի իր գործընկերներին հայտնել իրենց ունեցած դիտողություններն ու սկզբունքային անհամաձայնությունները: Տպավորություն է ստեղծվում, որ Գեղամյանը շտապում է միասնական թեկնածուի դեր ստանձնել, և կեցվածքն էլ կարծես հերթական «եկայք առ իս»-ն է ասում: «Բացարձակ էդպես չէ, դա միջին տարածության մրցավազք չէ,- ասում է Գեղամյանը,- էստեղ առաջ ընկնելու խնդիր չկա, այլ առաջնայնության»: ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը գտնում է, որ կա առաջ ընկնելու խնդիր, ինչպես որ 1996-ին միասնական թեկնածու դարձավ նա, ով առաջ ընկավ. «Գաղտնիք չէ, որ Գեղամյանը բարձր ռեյտինգ ունի ընտրողների շրջանում և փորձում է այդ ռեյտինգն ամրապնդել»: Ինքը` Ա.Գեղամյանը, ընտրություններից այսքան առաջ ծրագիր հրապարակելը մեկնաբանում է նրանով, որ գարնանը ընտրողներին խոստացել էր աշնանը նրանց ներկայացնել հակաճգնաժամային ծրագիր և ահա կատարել է:

Շավարշ Քոչարյանը (ԱԺԿ), Արշակ Սադոյանը (ԱԺԴ), Հրանտ Խաչատրյանը (ՍԻՄ) դեռևս ծանոթ չէին ծրագրին, բայց բնավ խանդով չէին վերաբերվում դրա շուտափույթ հրապարակման փաստին: Բոլորն էլ կարծում էին, որ ինչքան շատ ծրագիր հրապարակվի, այնքան լավ: Իրենք ունեն իրենց ծրագրերը` բուկլետների տեսքով, բայց լայն հրապարակման պատրաստում են միայն նախընտրական շրջանում: «Թող բոլորն էլ հրապարակեն իրենց ծրագրերը: Միավորումը կհամադրի, կընտրի ընդհանուր հատվածներ: Սա լուրջ գործընթաց է, որ ամիսներ կտևի»,- ասաց Ա.Սադոյանը, իսկ Շ.Քոչարյանը գոհունակություն հայտնեց. «Մեր ցավը դրանում է, որ խոսքեր կան, ծրագրեր չկան»: Ա.Սադոյանը  առաջ ընկնելու միտում չէր տեսնում. «Եթե ՀԺԿ-ն երկու տարի առաջ է հրապարակել իր ծրագիրը, ուրեմն վաղո՞ւց է առաջ ընկել»: Իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիճյանը շտապում էր, խոստացավ երկուշաբթի օրը հայտնել տեսակետ, միայն ասաց, որ դեռ չի ուսումնասիրել ծրագիրը: Հրանտ Խաչատրյանն էլ գտնում է, որ Գեղամյանի հրապարակումը ոչ մի կերպ չի խախտում միավորման ներքին պայմանավորվածությունները, ազատ կուսակցություն է, ազատ քաղաքական գործիչ: «Իհարկե, որոշ մեկնաբանություններ դեռ շուտ էր անել»,- ասաց Հ.Խաչատրյանը` չմասնավորեցնելով թե որ մեկնաբանությունների մասին է խոսքը, քանի դեռ չէր կարդացել ծրագիրը: ՍԻՄ առաջնորդը նաև չգիտեր «Իրավունքում»  տպագրվելու սկզբունքը, բայց Գեղամյանից իմացանք, որ թերթի հաշվին 100.000 դրամ է փոխանցել` պետականորեն 5 տոկոսը հաղթահարած կուսակցություններին տրամադրված միջոցներից:

Վազգեն Մանուկյանը նոր էր ձեռքը վերցրել ծրագիրը և բովանդակության մասին դատողություններ չուզեց անել: Նա Գեղամյանի քայլը չկապեց միավորման հետ, ցանկացած կուսակցություն, ցանկացած առաջնորդ կարող է իր ծրագրերը հրապարակել երբ ուզում է: Փոխարենը ԱԺՄ առաջնորդը համաձայն չէր «հակաճգնաժամային»  ձևակերպման հետ. «Հայաստանի վիճակը ճգնաժամային չեմ համարում, ոչ էլ «փոս»  բառն եմ սիրում: Ուղղակի մենք գնում ենք մի ճանապարհով, որն էդքան էլ լավը չի: 88-ից սկսած անընդհատ էդպիսի հակաճգնաժամային ծրագրեր են գրում: Հակաճգնաժամային ծրագիր չի պետք, այլ ծրագիր է պետք»: Իսկ «առաջ ընկնելու»  մասին Հրանտ Խաչատրյանի դատողություններին գնահատական չտվեց. «Ամեն ընտրություն իր յուրահատկությունն ունի»:

«Մեր խնդիրն է, որ սա դառնա տասնվեցի ծրագիր»,- մեզ հետ զրույցում ասաց Ա.Գեղամյանը: Իհարկե, ԱՄ-ն պատրաստ է լսել իր գործընկերների  դատողությունները, չի հավակնում այդ ծրագրով վերջին խոսք ասել միավորումում, ինչպես հավատացնում է ԱՄ առաջնորդը: «Սա կոնսոլիդացնող ծրագիր է»: Գեղամյանը ցանկանում է ոչ թե անձերի, այլ ծրագրերի մրցակցություն սկսել, եթե հայտնվի մի կուսակցություն, որը ճգնաժամը հաղթահարելու ավելի կարճ ճանապարհ մատնացույց կանի, իրենք պատրաստ են քննարկել: Արտաշես Գեղամյանը կարծում է, որ ծրագիրն ապացուցում է, որ կա երրորդ ուժ, որը դեմ է և նախկին, և ներկա իշխանություններին, որոնք իր կարծիքով ծուղակ էին լարել միավորման դեմ. «Ես խնդիր էի դրել 16-ին զերծ պահել ծուղակների մեջ ընկնելուց, և իմ խնդիրը կատարեցի»:

Թեպետ մյուս կուսակցությունները պատրաստվում են իրենց ծրագրերը հրապարակել միայն ընտրություններից անմիջապես առաջ, բայց նրանք մեկ այլ խնդիր էլ ունեն` միավորման միասնական ծրագիրը: Այս պարագայում առնվազն տարօրինակ է կուսառաջնորդների օլիմպիական խաղաղությունը. չէ՞ որ ծրագիրը պետք է մշակել նույնիսկ միասնական թեկնածու որոշելուց առաջ, այսինքն` մինչև հոկտեմբեր-նոյեմբեր: Մնում է ենթադրել, որ կամ կուսակցությունները համաձայն են  միասնական ծրագրի առանցքում տեսնել Գեղամյանի ծրագիրը, կամ բոլորովին այլ ծրագրեր ունեն: Թե ինչ ծրագրեր` դեռ հայտնի չէ:

Ծ.Նազարյան

Последние видеоматериалы

Новые книги