ՓՈՔՐԻԿ ԼՈՒՅՍ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

16.03.2010

Ներկայացվեց Կորյուն Առաքելյանի «Մայր իմ» ժողովածուն

24 տարեկանից նա պաշտոններ է վարել, օր ու գիշեր՝ զբաղված աշխատանքում, սակայն սրտի մի տաքուկ անկյունում մշտատև են եղել քնարերգուն, արվեստին նվիրյալը։ Ու գրականության, արվեստի հանդեպ նվիրվածությունն է դեպի ընթերցող ձգվող ճանապարհին գրողական երեք ժողովածու փռել, որոնցից վերջինի՝ «Մայր իմ» հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Հանդիսությունը կազմակերպել էին Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունները։
Բանաստեղծ և հասարակական, կուսակցական գործիչ Կորյուն Առաքելյանի նոր գրքին ու նրա ծննդյան 65-ամյակին նվիրված արարողությունն սկսվեց տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ասած «պահպանիչով», ով, փոխանցելով Ս. Էջմիածնի օրհնությունը, նաև ասաց, որ այս գիրքն ընթերցելուց հետո բոլորիս առջև բացահայտվում է աղոթող հեղինակը։
«Կորյուն Առաքելյանի հենց ազգանվան միջից է սկսվում իր առաքելությունը։ Ըստ արժանվույն են գնահատված նրա բարձր ծառայությունները Հայաստանի քաղաքական կյանքում»,-հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ներկա ժողովածուն համարելով սխրանք, քանի որ Հովհաննես Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գրքից հետո մոր մասին ժողովածու հրատարակելն, իրոք, սխրանք է։ «Գիրքը նվիրված է մորը, բայց այդ մայրը ամբողջացված է նաև որպես հայրենիք, լեզու, աստվածային սկիզբ՝ հեղինակի ազնիվ ապրումով ու պաշտամունքով»,-ասաց նա։
«Այս մեդալը գտել է իր ճշմարիտ հասցեատերերից մեկին, սակայն, նաև տրվում է նոր գրական բարձունքներում հետագա ճակատամարտեր նվաճելու համար»,-այնուհետև հայտարարեց Լ. Անանյանը՝ Կ. Առաքելյանին պարգևատրելով ԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով։
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Կ. Առաքելյանին պարգևատրեց նախարարության ոսկե մեդալով, մարդու իրավունքների միջազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Մանևը՝ «Ս. Մաշտոց» հասարակական կազմակերպության «Կաթողիկոս Վազգեն Ա», ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը՝ գրադարանի «Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ» մեդալներով։

Հայրենի տավուշցիների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունից ողջույնի խոսք ասաց փոխմարզպետ Լևոն Սարգսյանը նշելով, որ շնորհաշատ իջևանցին իր ստեղծագործություններում սիրով է պատկերել իր արմատները, հայրենի օջախը, գերդաստանը, հայրենի եզերքը։ Նա հրապարակեց մարզպետի որոշումը՝ հասարակական-քաղաքական կյանքում ունեցած անգնահատելի ծառայությունների համար Կորյուն Առաքելյանին «Պատվավոր տավուշցի» կոչում շնորհելու մասին։ Այնուհետև ստացավ նաև իր պապական տունը պատկերող մի գեղանկար։
«Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից լույս ընծայած գրքի խմբագիրը՝ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, ասաց, որ ինքը հիացած է Կորյուն Առաքելյան-մարդով, առաջին հերթին՝ բարություն ու խիղճ պահած-պահպանած գրքի տողերի համար։
«Նա այդ գրքով ցատկել է իրենից բարձր, իր հետ բերել բանաստեղծությունը՝ անցկացրած քաղաքականության միջով, մնալով միշտ ազնիվ ու վեհապանծ»,-հայտարարեց նա՝ ավելացնելով, որ գիրքը կարճ ժամանակում երգի է վերածվել, որովհետև օժտված է հոգու երաժշտությամբ։
ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը Կ. Առաքելյանին անվանեց պատվավոր մտավորական, որը տեր ու պաշտպան է մեր հոգևոր մշակույթին, իսկ գիրքը գնահատեց որպես մտքի, հոգու ու սրտի ճիչ։ Իսկ լրագրող Արփեն Մովսիսյանը, Կ. Առաքելյանի պոեզիան դրվատելուց հետո, ասմունքեց։
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց, որ Կորյուն Առաքելյանի հոբելյանը պիտի ձմռան ցրտին անցկացնել, որպեսզի նա իր անսպառ ջերմությամբ տաքացնի դահլիճը։ Նա վերհիշեց, որ բանաստեղծին դրվատանքի խոսքեր են ասել Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը և այլք։
«Դահլիճում ես օտար մարդու չեմ տեսնում, բոլորդ իմ հարազատներն եք։ Ես երկար տարիներ քաղաքականության մեջ եմ եղել, շրջել եմ ամբողջ հանրապետությունում, շատ ելույթներ ունեցել։ Այսօր, սակայն, ուրիշ է իմ ելույթը. այն երախտագիտություն ու շնորհակալություն է ձեր ջերմ խոսքերի, երգերի ու ծափերի համար։ Շնորհակալ եմ իմ բախտից, Աստծուց և իմ ծնողներից։ Իմ գրքում բոլորիս մայրն է ներկա։ Երջանիկ եմ, որ մի փոքրիկ լույս եմ վառել բոլորիս մայրերի համար»,-ասաց Կ. Առաքելյանը։
Շուրջ երկու և կես ժամ անընդմեջ տևած հանդեսի ընթացքում դահլիճում խոսքին հաջորդում էին մեղեդին, երգն ու պարը։ Կ. Առաքելյանի երեկոն իրենց ելույթներով զարդարեցին շատ հայտնի ասմունքողներ, մեներգիչներ, մենապարողներ ու խմբեր, որոնց թվում էին հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը՝ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլով և ուրիշներ։ Համերգում հնչած շատ երգեր գրված էին Կ. Առաքելյանի խոսքերով։
Արարողության ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «ՀՀ»-ի թղթակցին ասաց, «Ինչքան էլ ես և Կորյուն Առաքելյանը համատեղ, կողք-կողքի աշխատում ենք ժամանակների մեջ, բայց ես և նա տարբեր ճամբարներում ենք։ Սակայն ինչո՞ւ եմ այսօր այստեղ. ինձ այստեղ է բերել մայրապաշտությունը։ Կյանքն առաջ է շարժվում, անցնում, անցնում են լարված երևույթները, ժամանակները, բայց մայրապաշտությունը բոլորինս է ու ոչ անցողիկ, որովհետև մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, անգամ մեր մայր սար Մասիսն էլ իր հիմքում «մայր» բառն ունի»։

Ա. ԱՎԱԳՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги