«ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՈՒՐՎԱԳԻԾ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀՅՈՒՐԸ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ»
ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է
(4 հուլիսի 2011թ.)
Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, եթերում «Ուրվագիծն» է: Եվ, այսպես, սիրելի հեռուստադիտողներ, այսօր զրուցելու ենք «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ, նրան կարող եք ուղղել ձեր հարցերը: Զրույցը սկսում ենք մեր ներքաղաքական, հասարակական կյանքի ամենակարևոր, ամենահրատապ թեմաներից: Բարի երեկո, պարոն Գեղամյան:
Արտաշես Գեղամյան – Բարև Ձեզ:
Պ.Ղ. – Շնորհակալություն, հրավերն ընդունելու համար: Ընդհանրապես, շոգ եղանակին ճի՞շտ է քաղաքական լուրջ զրույցներ վարելը:
Ա.Գ. – Իսկ ըստ Ձեզ, եղանակի հետ կապված զրույցները կարող են լուրջ և թեթևսոլիկ լինե՞լ:
Պ.Ղ. – Իհարկե:
Ա.Գ. – Լուրջ մարդը տարվա չորս եղանակին էլ լուրջ է խոսում, ծանծաղ մարդն էլ ծանծաղ բաներից է խոսում: Շնորհակալություն հրավերի համար: Սիրով կաշխատեմ Ձեր և մեր հեռուստադիտողներին հուզող հարցերին գիտելիքներիս ներածին չափով պատասխանել:
Պ.Ղ. – Պարոն Գեղամյան, մի քանի ամիս առաջ պարոն Սարգսյանը, եթե չեմ սխալվում, Ծաղկաձորում էր, հայտարարեց, որ մայիս, հունիս, հուլիս ամիսներին ամեն ինչ կարվի, որպեսզի սոցիալական վիճակը մեղմվի, գնաճը զսպվի և Կառավարությանը հանձնարարեց, որ սա լինի առարկայական, այսինքն` մարդը պետք է զգա այդ գնաճի անկումը: Ու նաև ասաց, որ ովքեր կթերանան, նրանք արդեն պետք է զգան իրենց վրա պատասխանատվություն և հետևանքներ այդ թերացումների համար: Զգո՞ւմ է արդյոք քաղաքացին այդ արդյունքները:
Ա.Գ. – Եթե ապավինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա, ավա~ղ, այսօր քաղաքացին դա չի կարող զգալ այն պարզ պատճառով, քանի որ սպառողական գների անկում չի արձանագրվել: Վերջերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. հունվար-հունիս ամիսներին (այսինքն` առաջին կիսամյակում) և եթե մենք դա համեմատում ենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա տեսնում ենք, որ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.9 %: Դրա հետ սպառման ապրանքների ինդեքսը կազմել է 112.1 %, պարենային ապրանքներինը` 116.2 %, ծառայություններինը` 105 %:
Պ.Ղ. – Մայիսից առաջ չէ, ես հարցնում եմ մայիսից հետո:
Ա.Գ. – Ես դա էլ ասում եմ, առաջին կիսամյակում, որն իր մեջ ներառել է թե՛ մայիս և թե՛ հունիս ամիսները: Այսինքն` այն ժամանակաշրջանը, որի մասին արդարացիորեն խոսում էր Հանրապետության Նախագահը Ծաղկաձորի իր ելույթում և հստակ խնդիրներ էր դրել մեր Կառավարության ֆինանսատնտեսական բլոկի, նաև Կենտրոնական բանկի առջև: Թվում էր` գործնական այդ հարցադրումներից հետո Կառավարությունը Կենտրոնական բանկի հետ պետք է առնվազն ձեռնամուխ լինեին մանրակրկիտ վերլուծելու, թե որոնք են Հայաստանի Հանրապետությունում ամսեամիս աճող գնաճի պատճառները: Քանզի մինչև տնտեսական տվյալ հիվանդության պատճառը չիմանաս, բուժում չես կարող նշանակել, ճի՞շտ է: Սակայն մենք խնդրո առարկայի վերաբերյալ վերլուծություն բացարձակապես չտեսանք: Մինչդեռ գնաճն ունի իր խորքային պատճառները, որոնք պայմանավորված են ոչ միայն և ոչ այնքան դրամավարկային քաղաքականությամբ, որի միջոցով Կենտրոնական բանկն այսօր փորձում է զսպել գնաճը, այլև տնտեսության ընդերքում ընթացող մակրոտնտեսական գործառույթներով:
Պ.Ղ. – Եվ…
Ա.Գ. – Եվ, պարզաբանեմ:
Պ.Ղ. – ԱՎԾ –ի այլ տվյալներով չասիք, որ մեր տնտեսությունը գրեթե 10 % աճ է տվել, էլ չեմ ասում արդյունաբերությունը: Ծիրանն էլ ավելի էժան է, քան անցած տարի, պարոն Գեղամյան, և ավելի շատ է: Կարդալ ավելին...
«ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՈւՐՎԱԳԻԾ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐՈՒՄ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀՅՈՒՐԸ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է
09.03.2005
Պ.Ղ.- Բարի երեկո, ուղիղ եթերում «Ուրվագիծն» է, և ես` Պետրոս Ղազարյանս: Սիրելի՜ հեռուստադիտողներ, հավանաբար, դուք նկատած կլինեք, որ անկախացումից հետո մեր կյանքի տարբեր ոլորտներ ներխուժել է չափանիշներ հասկացությունը: Չափանիշներ ունենք կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, և շատ հաճախ որպես էտալոն ընտրվում են եվրոպական չափանիշները: Դրանք գոյություն ունեն նաև քաղաքականության մեջ. շատ ենք ասում` քաղաքական երկակի ստանդարտներ: Այսօր մենք հենց վերջինիս մասին զրուցելու ենք «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ: Բարի երեկո, պրն Գեղամյան:
Ա.Գ.- Բարև Ձեզ:
Պ.Ղ.- Պրն Գեղամյան, ընդդիմությունը շատ հաճախ է իշխանություններին մեղադրում Հայաստանի, ժողովրդավարության հանդեպ երկակի ստանդարտներ գործածելու մեջ: Այսինքն` խոսքով նրանք բոլորը ժողովրդավար են, հիշում եք, վերջերս էլ, Վարդան Օսկանյանն ընդդիմությանը վախեցրեց, որ ժողովրդավարը մենք ենք:
Ա.Գ.- Մեկն էլ պետք է Վարդան Օսկանյանի վախն ինքը բռնի, նա ո՞նց կարող է ընդդիմությանը վախեցնել:
Պ.Ղ.- Բարի, բայց տեսեք, որպես օրինակ, բերում է Արևմուտքը: Ամերիկայի նախագահի ընտրություններից առաջ Պուտինը հրապարակավ սատարեց Բուշին, դա բոլորը ողջունեցին, իսկ հետո, երբ նա հրապարակավ սատարեց Ուկրաինայում իր նախընտրած թեկնածուին աշխարհը դա գնահատեց, Եվրոպան դա գնահատեց որպես կոպիտ միջամտություն այլ պետության գործերին: Մոլդովայում իշխանության եկան կոմունիստները, և Արևմուտքը միայն նրա համար, որ կոմունիստները Պուտինին դեմ են, իրենց բարոյական, քաղաքական ողջ աջակցությունը ցույց տվեցին կոմունիստներին: Երևի մենք մի տաս տարի առաջ սարսափելի ցայտնոտի մեջ կընկնեինք, եթե պատկերացնեինք, որ Արևմուտքը սատարելու է կոմունիստներին` ընդդեմ ժողովրդավարական ճանապարհ բռնած Ռուսաստանի: Ես կասեմ` ավելի լավ երկակի ստանդարտների օրինակ դժվար է գտնել: Ա, ինչո՞ւ է մեր ընդդիմությունը մեր իշխանություններին քննադատում երկակի ստանդարտներով գործելու մեջ, քանի որ դա նորմալ, ժողովրդավարական եվրոպական երկրներին հատուկ քաղաքականություն է:
Ա.Գ.- Նախ, խորին շնորհակալությունս եմ հայտնում հրավերի համար. փորձեմ պատասխանել Ձեր հարցին, բնականաբար, նախևառաջ աշխարհաքաղաքական տեսակետից, որից հետո կանդրադառնանք մեր ներքին գնահատականներին:
Կարդալ ավելին...