Ա.Գ. – Մի րոպե, հերթով գալիս ենք: Եթե մենք փորձենք հարցն անլրջացնել, ապա բազում հեռուստադիտողներ խորը հիասթափություն կապրեն, որովհետև նրանք Կառավարությունից հուսադրող և ոչ մի խոսք չեն լսում, և, թվում է, այսօր նրանց ակնկալիքը պետք է լինի այն, որ երկուսով վեր հանենք առկա խնդիրները, առաջարկենք դրանց լուծման ճանապարհները, բացահայտենք երկրի էկոնոմիկայի ճշմարիտ պատկերը: Իսկ ո՞րն է ճշմարիտ պատկերը և ինչպիսի՞ն պետք է լինեն ձեռնարկվող միջոցառումները: Խնդիրն այն է, որ մակրոէկոնոմիկայում կա Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) ցուցանիշ, ագրեգատ, հավաքական  ցուցանիշ, և  աշխարհի բոլոր տնտեսությունները համադրելու համար կիրառվում է գնողունակության պարիտետ կոչվածը` «Паритет покупательной способности» (Purshasing porder parity, PPP): Այսպես, եթե ՀՀ Նախագահի հանձնարարականին Կառավարությունում ավելի պրոֆեսիոնալ մոտենային, ապա կպարզեին, որ. Համաշխարհային Բանկի տեղեկատվության համաձայն 2003 թ. Հայաստանի Հանրապետության ՀԱԵ-ի գնողունակության պարիտետը  ԱՄՆ-ի էկոնոմիկայում առկա գների մակարդակի ցուցանիշին համապատասխանացնելու համար մեր ՀԱԵ-ն պետք է բազմապատկենք 3.6 – ով, որը գնողունակության պարիտետի գործակիցն է: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մենք 2003 թ. ՀՆԱ-ի ցուցանիշը պետք է բազմապատկենք 3.6 –ի, որպեսզի աշխարհի ցանկացած երկրում համադրելի գներով մեր ՀԱԵ-ի մասին պատկերացում կազմեն: Ավելի մատչելի ներկայացնելու համար հիշեցնեմ, որ 2003 թ.  ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը կազմում էր 578.77 դրամ:  Այլ կերպ ասած` ՀՀ-ում 578.77 դրամով (1 դոլարով) կարող էինք գնել ճիշտ այն ծավալի ապրանքներ, ինչ ԱՄՆ-ում կարելի կլիներ ձեռք բերել 3.6 դոլարով: Արդեն իսկ 2009 թ. արդյունքում, համաձայն Համաշխարհային Բանկի տեղեկատվության, Հայաստանի ՀԱԵ-ի գնողունակության պարիտետի գործակիցը կազմել է 1.75: Չմոռանանք նշել, որ 2009 թ. ԱՄՆ-ի 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 363.28 դրամ: Չնայած դոլարի փոխարժեքի անկումը դրամի նկատմամբ 2009թ. 2003 թ. հետ համեմատած կազմել է 1.59 անգամ, սակայն PPP գործակիցների համադրումը գալիս է ասելու, որ վերը նշված ժամանակաշրջանում մեր կյանքը ԱՄՆ-ի նկատմամբ թանկացել է ավելի քան 2 անգամ (3.6 : 1.75 = 2.05): Կրկնում եմ, դա էլ այն պարագայում, երբ այդ տարիներին մեր ազգային արժույթն արժևորվել էր 1.59 անգամ: Դրա հետ մեկտեղ, գիտենք, որ 2010 թ.սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2 %, 2011 թ. կես տարվա այդ նույն ցուցանիշն էլ`  109.9 %: Այլ խոսքով` անցած յոթ-ութ տարիների կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում կյանքը նվազագույնը թանկացել է 2.3 և ավելի անգամ: Հիմա նայենք, ի՞նչ է փոխվել 2003-2009 թթ. և վերջին երկու տարիների ընթացքում: 2003 թ. Հայաստանի Հանրապետությունում 1 դոլարի փոխարժեքը կազմում էր 578.77 դրամ, 2009 թ.` 363.28: Այսինքն` դոլարը շուրջ 1.6 անգամ արժեզրկվել է, այդ պարագայում կյանքը 2.3 անգամ թանկացել է: Իսկ միայն 2009 թ. սեպտեմբերից 2010 թ. ավարտը 500 մլն դոլարի չափով արտարժութային ինտերվենցիա է կատարվել ՀՀ-ի ֆինանսական շուկայում` խնդիր ունենալով արհեստականորեն բարձր պահել դրամի փոխարժեքը: Կնշանակի` 2003 - ից 2009 թվականը և մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, որի նշանակետը եղել է դրամի արհեստական կուրսի բարձր պահելը, հանգեցրել է մեր կյանքի 2.3 անգամ թանկացմանը: Ո՞վ է սրա մասին խոսում, ո՞վ է պատասխանատվության հրավիրել Կենտրոնական բանկի այն թվերի պատասխանատուներին և գործող ղեկավարությանը:

Պ.Ղ. – Այն թվերի պատասխանատուները, պարոն Գեղամյան, հիմա հայտնի տեղերում են:

Ա.Գ. – Այո, հայտնի տեղերում են: Բայց խնդիրն այս ամենը վերլուծելը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է, ես չեմ ասում` ձախ ոտքից գլխիվայր կախել է պետք:

Պ.Ղ. – Քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը…

Ա.Գ. – Պատասխանատվության ենթարկելը նշանակում է այդ մարդկանց ասել. «Այ ընկերներ, դուք տնտեսական ու դրամավարկային սխալ քաղաքականություն եք վարում և ձեր սխալը կործանարար հետևանք է ունենում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ճնշող մեծամասնության սոցիալական վիճակի վրա»:

Պ.Ղ. – Պարոն Գեղամյան, այսինքն, եթե ամփոփենք…

Ա.Գ. – Մինչև ամփոփելը, Պետրոս ջան, շատ կա: Առաջին հետևությունը. 2003 թվականից…

Պ.Ղ. – Սերժ Սարգսյանի հանձնարարականը չի կատարվել:

Ա.Գ. – Մի րոպե, գալիս ենք դրան, հիմնավոր ասեմ, խնդիրը «այո» կամ «ոչ» ասելու մեջ չէ: Հետևություն առաջին. կրկնում եմ, 2003 թվականից առ այսօր իրականացվող տնտեսական ու  դրամավարկային քաղաքականությունը սխալ է և խիստ բացասական հետևանքներ է թողնում ոչ միայն ազգաբնակչության սոցիալական վիճակի, այլև մեր երկրի էկոնոմիկայի զարգացման վրա: Միաժամանակ նշեմ, որ բացի դրամավարկային սխալ քաղաքականությունից, որը հանգեցրել է կյանքի թանկացման, կան նաև  գնաճը ծնող այլ գործոններ ևս: Բա լավ, մի՞ թե այդքան դժվար էր մանրակրկիտ վերլուծել բարձր գնաճի մյուս պատճառները: Այդյո՞ք մեր սղաճը պայմանավորված չէ արտադրական ծախքերի (производственные издержки), օգտագործվող ռեսուրսների գնաճով: Եթե այո, ապա ի՞նչ չափով: Ասենք, գյուղատնտեսական մթերքների սակավությունը, առաջարկի պակասը որքանո՞վ անդրադարձավ  գնաճի վրա, այն գյուղատնտեսական հումքի վրա, որը ներազդում է սննդարդյունաբերաության արտադրանքի գնաճի վրա: Կամ` արդյո՞ք մենք կարող ենք արձանագրել, որ ապրանքային շուկայում կա առաջարկի պակասով պայմանավորված սղաճ. այլ կերպ ասած, երբ համախառն պահանջարկը գերազանցում է երկրում առկա արտադրական հզորությունները, եթե դրանք գործարկվեն անգամ իսկ 100 % բեռնվածությամբ: Եթե այո, ապա կնշանակի, որ մենք գործ ունենք մակրոէկոնոմիկայում հայտնի «պահանջարկի գնաճ» երևույթի հետ: Բնական է, որ այդ գնաճը չի կարող անվերջ լինել և դա արգելակվում է երկրի էկոնոմիկայում շրջանառվող դրամական զանգվածի ծավալով: Եվ այստեղ է, որ ՀՀ Կենտրոնական  բանկը, սահմանելով վերաֆինանսավորման 8.5 % բարձր տոկոսադրույք, պարտադրում է Առևտրային բանկերին  վարկավորել տնտեսվարողներին էլ ավելի բարձր տոկոսադրույքով: Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ տնտեսական գործունեության արդյունքում պահանջարկի պակասը լրացնող ապրանքներ արտադրող նոր հզորությունների գործարկումը դառնում է շատ ծախսատար: Վերջին հաշվով դա էլ անդրադառնում է դրանց գործունեության արդյունքի ինքնարժեքի բարձրացման վրա:` դա լինի առևտրի և ծառայությունների վարկավորում, նյութական ու գյուղատնտեսական արտադրություններ և այլն:

Կարելի է այս ամենը շարունակել, սակայն ասվածից անհրաժեշտ է անել հետևություն. գնաճի դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե հստակ պարզված են սղաճի գոյացման պատճառները` դրանք լինեն արտադրական ծախքերի աճի հետևանք, առաջարկի շոկի արդյունք (բնական աղետների` երաշտի, կարկտահարության, ջրհեղեղների և այլն): Դա կարող է լինել նաև սպառման շուկաների ոչ կատարյալ լինելու հետևանք (մասնավորապես մենաշնորհների, օլիգոպոլ դիրքեր ունեցող տնտեսվարողների գերիշխանություն): Դա նաև կարող է լինել կապի շոկի արդյունք, երբ երկիրը, ինչպես Հայաստանն է, շրջափակման է ենթարկվում և ճանապարհային ծախսերը զգալիորեն աճում են` բարձրացնելով սպառման ենթական ապրանքների ինքնարժեքը: Սղաճ առաջացնող գործոնների թվին կարելի է դասել նաև ինֆլիացիոն սպասումները, մրցակցությունն արգելակող, շուկայական համակարգի անկատարությունը, աշխատանքային շուկայի ոչ ճկուն լինելու առկայությունը, մենաշնորհային տնտեսությունը: Օրինակ` Հայաստանի Հանրապետությունը շրջափակման ենթարկվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Վրաստանի և Ռուսաստանի երկաթուղային կապի չաշխատելու պայմաններում արտաքին աշխարհ դուրս գալու երկու պատուհան ունի` Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Բաթումի (կամ Փոթիի) միջոցով:

Այս հարցերի մասին կարելի է մի կես ժամ էլ խոսել, բայց խնդիրն այն է` արդյոք դուք գեթ մեկ անգամ ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի պատասխանատուներից լսե՞լ եք մի վերլուծություն, որում սղաճի գործոնները հանրությանը մանրակրկիտ բացատրվեր, մարդիկ իմանային` ինչից հետո ի՞նչ է գալիս, ոչ միայն բացատրվեր, այլև համապարփակ ծրագիր մշակվեր ըստ սղաճը ծնող պատճառների` դրանց առաջն առնելու համար: Եվ եթե դա չի արվել, բնականաբար, Հանրապետության Նախագահի  հանձնարարականը չէր կարող կատարվել: Եվ գիտե՞ք վատը որն է: Դեռ այսօր էլ ասուլիսների ժամանակ կանգնում աչքաչափով ասում են, որ տարվա վերջին մենք կտեղավորվենք սղաճի` բյուջեով նախատեսված թվերի մեջ: Այ ընկերներ ջան, ի՞նչ եք անում, որ տեղավորվեք, բացատրեք, մեր ժողովուրդն էլ հասկանա, հավատա ձեզ, որ մեր մարդիկ սղաճի դեմ պայքարի իրենց համար եզակի դարձած ճանապարհ չընտրեն, այն է` «чемоданы под мышку и в Россию». Էս ա էսօր, ցավոք սրտի:

Պ.Ղ. – Պարոն Գեղամյան, տեսեք, Ձեր խոսքի մեջ Դուք միշտ քննադատում եք Կառավարությանն ու վարչապետին, այսօր էլ, եթե այսպես է, ապա պետք է հետևանքներ լինեն: Կառավարության քաղաքական պատասխանատուն Նախագահն է: Դուք քննադատում եք վարչապետին, Նախագահին միշտ գովում եք: Չի բռնում, որովհետև այս վարչապետի, այս Կառավարության քաղաքական պատասխանատուն Նախագահն է:

Ա.Գ. – Ուրեմն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն այս Կառավարության քաղաքական պատասխանատուն այն մարմինն է, որն Ազգային ժողովում մեծամասնություն ունի: Այ, վաղն էլ Սահմանադրության օրն ենք նշում, այնտեղ սևով սպիտակի վրա շարադրված է Կառավարության ձևավորման ընթացակարգը: Սակայն այլ հարց է, որ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն և ի զորու էր ինքնուրույն ձևավորել Կառավարություն, բայց նպատակահարմար գտավ կոալիցիա կազմելու:

Պ.Ղ. – Ինչո՞ւ չկան հետևանքներ, պարոն Գեղամյան:

Ա.Գ. –  Հետևանքներ լինել, չլինելու հարցը թող որոշեն այն օղակները, որոնք կոչված են և համապատասխան լիզորություններ ունեն: Ես գտնում եմ, որ անկեղծ ու ազնիվ եմ ժողովրդիս հանդեպ, գործընկերներիս հանդեպ, և, ինչու չէ, Հանրապետության Նախագահի հանդեպ, որովհետև ասում եմ այն, ինչ տեսնում եմ: Հարցի մյուս կողմը` գնահատականներս արդյոք հիմնավո՞ր են: Ավա~ղ, տվյալ պարագայում հիմնավոր են, իսկ թե որքանով ասածս քննարկման առարկա կդառնա և, վերջիվերջո, էկոնոմիկայում առկա լուրջ խնդիրների մասին ահազանգը, կընդունվի, թե ոչ, դա այլ հարց է: Փաստը մնում է փաստ, որ Կառավարության ֆինանսատնտեսական բլոկը, ցավոք, չի տիրապետում  իրավիճակին, չունի խորքային վերլուծություն անելու ունակություն: Եվ, ցավն այն է, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները խուսափում են դրա մասին ուղղակիորեն ասել: Այո, Կառավարության այդ ոլորտի պատասխանատուները ուսյալ են, բարեկիրթ, շատ ներողություն, գրպանահատի հոգեբանություն չունեն, քեզ անհարմար չես զգա, որ նրանք արտասահմանում մեր երկիրը ներկայացնեն: Որպես դրական կարելի է ասել այսքանը, պրծ, «все», մասնագիտական առումով այդ մարդիկ չկան: Լավ, ի՞նչ անենք, սպասենք, որ բանը հասնի նրան, որ վերջին փախչողը օդանավակայանում գնա լույսը հանգցնի, որ հասկանալի դառնա` սրանք չե՞ն տիրապետում երկրի էկոնոմիկայում ստեղծված իրավիճակին, հարվածի տակ են դնում Հանրապետության Նախագահին: Հասարակ մի բան ասեմ. անցած երեք ծանր տարիների ընթացքում շատ ու շատ դժվար էր վարել թե՛ ներքին, թե՛ արտաքին այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանում գեթ մեկ մարդու քթից արյուն չթափվի: Խոսքս 2008 թ. մարտի  1-ից հետո շիկացած վիճակի մասին է: Նախագահ Սերժ Սարգսյանը կարողացավ դա անել, եթե հիմա իր իսկ թիմն իրեն «подводить» է անում, հա, թող թիմը փոխի, ո՞վ է դեմ: Բայց չէ՞ որ նա նրանց համար պայմաններ ստեղծեց, այս Կառավարությունն երանելի վիճակում է աշխատում: Երանելի այն կտրվածքով, որ չկա նմուշի համար մի օրենքի նախագիծ, որ մտնի Ազգային ժողով և այդ նախագիծն էլ իրենից կարևորություն ներկայացնի ու հանկարծ օրենքը չընդունվի: Նախորդ Ազգային ժողովում մինչև օրենքներն ընդունվում էին, չնայած ընդդիմությունը մեծամասնություն չուներ, ինչպես ասում են` յոթ քրտինք է մեծամասնությունը թափում (семь потов шло), մարդիկ ամենայն լրջությամբ էին պատրաստվում քննարկումներին, Ազգային ժողովի նիստը սկսվելուց հետո զեկուցող նախարարն իրեն թույլ չէր տալիս մեկ կամ մեկուկես րոպե  ուշացումով ԱԺ-ի դահլիճ մտնել: Հարցեր կան, որ խորքային վերլուծության կարիք ունեն:

Պ.Ղ. – Բարի, պարոն Գեղամյան, Դուք անընդհատ շեշտեցիք արտագաղթը, մեր մտավորականները…

Ա.Գ. – Անընդհատ չէ, մի անգամ շեշտեցի…

Պ.Ղ. – Չէ, երեք անգամ…

Ա.Գ. – Ասացի` «чемоданы под мышку и в Россию».

Պ.Ղ.– Մեր մտավորականները հանկարծ զարթնեցին և հիշեցին, որ արտագաղթ կա երկրում, սկսեցին բարձրաձայնել, դիմել վարչապետին, դիմել Ազգային ժողովի նախագահին: Չնայած մեր միգրացիոն ծառայության ղեկավարն ասում է, որ դա արտագաղթ չի, մարդիկ գնացել են, էսքան ավելի շատ, էսքան ավելի քիչ եկել են, բայց մեկնածները կարող են եկող տարի ետ վերադառնալ: Բայց սա վերլուծության խնդիր է, ինչպես Դուք եք ասում: Ինչո՞վ եք բացատրում մտավորականների այս հանկարծակի արթնացումը 20 տարի հետո, և, երկրորդ, ճիշտ չի՞ լինի խոսել ոչ թե, որ արտագաղթ կա, այլ արտագաղթ ծնող պատճառների մասին: Այդ մասին մեր մտավորականները վախենում են խոսել, կարող է շատ ցավոտ հարցադրումներ անեն իշխանություններին:

Ա.Գ. – Ես ավելի խոհեմ եմ վերաբերում մտավորականների այս, կարծում եմ, ժամանակին բարձրացրած հարցերին: Ինչո՞վ եմ պայմանավորում խոհեմ բառն օգտագործելով…

Պ.Ղ. – Ուշացած չէ՞ արդյոք այդ արձագանքը:

Ա.Գ. – Կարծում եմ, որ ոչ: Երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանում են լրջագույն բանակցություններ, երբ արդեն իսկ տեսնում ենք, որ մայիսի 25-ին Դովիլում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն իրենց` թվով երրորդ հայտարարության մեջ շատ կոշտ երանգներ հաղորդեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին, մասնավորապես, ասվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության գալ-չգալը կորոշի, թե որքանով են նրանք պատրաստ գնալ խաղաղ պայմանագրի կնքմանը, այս պարագայում ներսից երկիրը ցնցել, շեշտադրել այն արատները, որոնք, ավա~ղ, անցած երեք տարիների ընթացքում այդպես էլ դեռ չեն հաղթահարվել, գտնում են սխալ կլիներ:

Պ.Ղ. – Հենց էդ է, որ դա ցնցում չէ, մեր մտավորականներն այնքան են սուս մնացել ու անհասցե եղել, որ նրանց խոսքն ո՞վ է բանի տեղ դնում:

Ա.Գ. – Իսկ ի՞նչ, ասեն, որ Վայոց Ձորի կամ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերը զանգվածաբար դատարկվում են, դա ասեն, դա ասեն, այո՞:

Պ.Ղ. – Հիմա ինչո՞ւ է դա ասվում:

Ա.Գ. –  Հիմա դանակը ոսկորին է հասել: Ասվում է, որ հարգելի Կառավարություն, հարգելի Ազգային ժողով, երկրի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը  Ձեզ համար ապահովել են, բառիս իսկական առումով, բամբակային պայմաններ, փափուկ պայմաններ աշխատելու համար: Եվ այդ պարագայում պետական արտաքին պարտքի տեսակարար կշիռը  ՀՆԱ-ի համեմատ աճել է` 13.6 %-ից հասնելով 36.8 %-ի: ՀՀ քաղաքական իշխանությունները կարողացան իրենց հեղինակության շնորհիվ հայթայթել խոշոր վարկեր, հնարավոր եղավ երկրի տնտեսությունը վարկավորել ավելի քան 1.5 մլրդ դոլարով, դրա շնորհիվ չկրճատվեցին սոցիալական ծախսերը, երկրում ցնցումներ չեղան, ցույցեր չեղան և այլն, և այլն, այսինքն` Կառավարության համար նորմալ աշխատելու  պայմաններ ստեղծվեցին, է, թող աշխատեն: Ինչո՞ւ Ազգային ժողովին հիշատակեցի: Հիշատակեցի, որովհետև երբ պատգամավորները տեսնում են, որ Կառավարության կողմից Ազգային ժողովը հեղեղած օրենքների նախագծերը չեն լուծում այն հարցերը, որոնք ծառացած են երկրի տնտեսության առաջ, պետք է իրենք հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով, փառք Աստծո, այնտեղ  մակրոէկոնոմիկային տիրապետող մարդիկ կան: Հենց նույն «Բարգավաճ Հայաստան»-ից Վարդան Բոստանջյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունից` Արծվիկ Մինասյանը, Նռանյանը, թող ների անունը մոռացել եմ…

Պ.Ղ. – Արա

Ա.Գ. –  Այո, Արա Նռանյանը, Հանրապետական կուսակցությունից` Գագիկ Մինասյանը, գիտակ մարդիկ կան: Ցավ ես ապրում, կարծես, նրանք էլ կաշկանդվել են, հանկարծ չստացվի, որ իրենք Կառավարությանն ասեն` այ ընկերներ, դուք սխալ եք, չի կարելի տասնյակներով օրենքներ ընդունել, չի կարելի պետության արտաքին պետական պարտքը հասցնել ՀՆԱ-ի 36 %-ի, դա էլ հարկերի հավաքագրման 17 %-ի պայմաններում (ՀՆԱ-ի նկատմամբ) և ոչ մի արդյունք չստանալ: Փոխանակ այս հարցերը քննարկեն, վիճաբանում են` կիսամյակում 45 հազար, թե 65 հազար մարդ արտագաղթեց երկրից: Պետք է արմատապես իրավիճակը փոխել, պետք է  բնագավառ առ բնագավառ ախտորոշել էկոնոմիկայի զարգացումը խոչընդոտող երևույթները: Հայաստանը Ռուսաստան չէ և ոչ էլ Միացյալ Նահանգներ, որ այդ ամենը շատ ժամանակ պահանջի, մի բուռ տնտեսություն է, Մոսկվայի ֆեդերալ երկու շրջանի չափ բան է: Բա լավ, մի՞ թե չէր կարելի հատիկ-հատիկ վերլուծել, տեսնել, քննարկել, հետո դիմել նույն Կառավարությանը, նույն Կենտրոնական բանկին` ասել. հարգելի ընկերներ, նման անհեթեթ վիճակ չի կարող լինի, երբ դոլարը 578 դրամից հասնում է 363-ի (այսինքն` դրամը, փաստորեն, պետք է գնողունակությունը, վճարունակությունը բարձրացնի), կյանքն էլ  2.3 անգամ թանկանում է: Ախր, բաներ կան, որ մնում ես զարմացած ու ապշած, անտարբեր կողքից նայես, վաղը, մյուս օրը ինքդ քեզ սրիկա կհամարես, որովհետև գիտես, որ վատ է, բայց դու լռում ես: Լռում ես հարկադրված, որովհետև կես տարին մեկ հազիվ եք կանչում ուղիղ եթեր: Շնորհակալություն այս հրավերի համար, որովհետև վերջին անգամ դեկտեմբերի 22-ին կամ 23-ին էիք հրավիրել, մի օրվա տարբերություն կարող է լինի:

Պ.Ղ. – Պարոն Գեղամյան, քաղաքական, ներքաղաքական կյանքի մասին, Կառավարությանը, ինձ թվում է, այսքանը հերիք է: Մինչև սեպտեմբեր

Ա.Գ. – Սիրտս ցավում է նույն Կառավարության համար, թե չէ, չէի էլ ասի: Հակառակ պարագայում կմտածեի, հա, թող գնան, կործանվեն: Բայց երկիրն էլ հետն են քաշում, Հանրապետության Նախագահին էլ այնտեղ են «подводить» անում ու դա ցավագին են անում:

Պ.Ղ. – Բայց 10 % տնտեսական աճ կա, պարոն Գեղամյան:

Ա.Գ. – Տնտեսական ակտիվությունը տնտեսական աճի հետ մի խառնեք, մեկ…

Պ.Ղ. – Բայց մեկը մյուսի հետևանքն է չէ՞, պարոն Գեղամյան:

Ա.Գ. – Մի րոպե, 2003-2010 թթ. երկնիշ տնտեսական աճ էր և դրա առանցքը կազմում էր շինարարությունը: Արդյունքում մենք ունենք Հյուսիսային պողոտա, որտեղ կառուցված շենքերի միայն 10 %-ում են մարդիկ բնակվում: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց երբ դրսից ստացվող տրանսֆերտները շեշտակի պակասեցին, որովհետև այդ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր դրսից եկած գումարներով,  շենքերը հիմնականում կառուցվում էին այդ փողերով, երբ դրանց ծավալը 25-30 %-ով պակասեց` երկիրը 14.4 % ՀՆԱ-ի անկում ապրեց: Երկրորդ. 2008 և 2009 թթ. պղնձի, պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆերոմետաղների գները համաշխարհային շուկայում երեք անգամ բարձրացել էր և ՀՆԱ-ի մեջ, ներեցեք, հիմա այդ ցուցանիշով չեն հաշվում, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ 65 %-ը, տեսակարար կշիռը, բաժին է ընկնում հանքարդյունաբերության այդ ճյուղերին` այդ նույն պղնձի խտանյութին, ֆերոմետաղներին, մոլիբդենին: Է, ի՞նչ ենք խաբում, սա էլ հեռանկարում կարող է վերածվել շինարարական նույն փուչիկին: Վաղը, մյուս օրն աշխարհը նորից գնում է ֆինանսական ճգնաժամի, և սա չափազանցություն չէ, բավական է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքն արդեն գերազանցել է այն սահմանագիծը, որը Կոնգրեսի կողմից նշված էր` 14.7 տրիլիոն դոլար, այսինքն` պարտքը գերազանցում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ն: Նախագահ Օբաման դիմել է Կոնգրեսին, որ պարտքի վերին շեմը բարձրացնեն ու 16.7 տրիլիոն դոլարի հասցնեն, հանրապետական կոնգրեսականները, որոնք այնտեղ մեծամասնություն են կազմում, չեն համաձայնվում: Վտանգը մեծ է, որ ԱՄՆ-ի  ֆինանսական երկրորդ փուչիկն էլ է պայթելու, ու դա կործանարար հետևանքներ կունենա նաև Հայաստանի տնտեսության համար: Տնտեսություն, որն անվտանգության պաշար բացարձակապես չունի և այսօր ամբողջովին պայմանավորված է երկու  գործոնով: Թիվ մեկ գործոնը` արտասահմանից ստացվող…

Պ.Ղ. – Տրանստերտներ:

Ա.Գ. – Ֆրանսերեն` տրանսֆեր, անգլերեն`տրանստերտ են անվանում: Ըստ որում, հետաքրքրականն այն է, որ դրա 86 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Թիվ երկու գործոնը` հանքարդյունաբերությունն է: Եվ եթե հանկարծ ֆինանսական ճգնաժամի հետևանքով …

Պ.Ղ. – Դրանցից մեկին մի բան է լինում

Ա.Գ. – Դա վերջն է, «все».

Պ.Ղ. – Հայ ազգային կոնգրեսն ասել է, որ Սերժ Սարգսյանը մինչև սեպտեմբեր կամ կկազմի իր պատվիրակությունը և կգա երկխոսության, կամ իշխանությունների հետ բանակցային գործընթացի հնարավորությունը կհամարեն սպառված ու ՀԱԿ-ը կդիմի կոշտ քայլերի: Ձեր մեկնաբանությունը:

Ա.Գ. – Լևոնը կգա, ձեռքերը վեր պարզած` կթափահարի հանրահավաքի մասնակիցներին, ժողովուրդն էլ կախարդված կսպասի, որ լսի, թե նա ի՞նչ է ասում: Ի դեպ, ես խորը հիասթափություն ապրեցի վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից: Եվ դա պայմանավորված էր …

Պ.Ղ. – Դուք իրա բոլոր ելույթներից էլ հիասթափություն եք ապրում:

Ա.Գ. –  Չէ, ելույթներ կան, որ ողջամտության հատիկներ իրենց մեջ պարունակում են: Եվ ուրախանում ես, որ այդ մարդը 1998 թ. հետո ոչ միայն Կիլիկյան թագավորության  մասին է ուսումնասիրություններ կատարել, այլև աշխարհաքաղաքական զարգացումներին է ծանոթացել: Այդպես չէ, որ բոլոր երևույթներից եմ դժգոհ: Մասնավորապես, առանձին ելույթների մեջ հատվածներ կան, որ ինձ շատ գոհացնում են: Դիցուք, այն, որ նա պետական գործչին վայել  հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե, Աստված մի արասցե, Լեռնային Ղարաբաղում ազերիները պատերազմական գործողություններ սկսեն, ապա կոնգրեսականներն առաջինը կգնան ռազմաճակատ: Եթե լավ բան է ասել, ո՞նց ասեմ` վատ բան է ասել:

Բայց ինչո՞ւ եմ հիասթափվել: Երրորդ Հանրապետության առաջին Նախագահը մնում է պատմության մեջ որպես նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Եվ երբ նա հանկարծ հանրահավաքին նախորդած հունիսի 22-ին «Московские новости» թերթին հարցազրույց է տալիս, որում, թող ներվի բառի համար, ստախոսությամբ է զբաղվում, ապատեղեկատվություն տարածում, ապա դա շատ է հիասթափեցնում:

Պ.Ղ. – Ի՞նչի է:

Ա.Գ. – Ասեմ, ինչի է: Ես չեմ զլացել, ուշադիր կարդացել եմ, որ չստացվի` ասածս մերկապարանոց է: Թերթի թղթակիցը նրան հարց է տալիս. «Դուք բեռլինյան պատը ճեղքելու զգացողություն չունեի՞ք, երբ հանկարծ մարդիկ, որոնց հետապնդում ու բանտեր էին նստեցնում, հայտնվեցին խորհրդարանում»:

«Այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում` իշխանությա՞ն գալ, թե՞ չգալ: Դա աշխատանք էր, դա, եթե կուզեք այդպես անվանել, պայքար էր: Կոշտ պայքար էր կենտրոնի հետ: Եղել են նույնիսկ արյունալի իրադարձություններ: Հայաստանում էլ են եղել 1990-ի մայիսին առաջին ու երկրորդ ընտրությունների միջակայքում, երբ այստեղ սադրանք կազմակերպեցին, և 27 մարդ սպանվեց, որ թույլ չտան մեր իշխանության գալը խորհրդարանական մեծամասնության միջոցով: Ընտրությունների առաջին փուլը մայիսի 20-ին էր: Երկրորդը պետք է տեղի ունենար հունիսի 5-ին: Առաջին փուլում մենք դեռ մեծամասնություն չէինք ստացել, սակայն դեռ շատ տեղեր կային, ուր պետք է տեղի ունենար երկրորդ փուլը: Մեզ համար շանս էր ստեղծվել: Դա կանգնեցնելու համար սադրանք կազմակերպեցին կայարանում: Ինչ-որ երիտասարդներ մոտեցել էին սահմանապահներին` իբր նրանցից զենք գնելու համար: Այն ժամանակ սահմանապահները մշտապես ուղեկցում էին մեր գնացքները մինչև Ադրբեջանի հետ սահման: Հենց այդտեղ էլ նրանց միջև իբրև թե վեճ է ծագել: Սահմանապահները գնդակահարեցին այդ երիտասարդներին: Այնուհետև հայտնվեցին այլ մարդիկ` երիտասարդներին պաշտպանելու: Բանակը միջամտեց: Նման հզոր խառնաշփոթը տևեց ամբողջ մի օր: Մեզ հազիվ հաջողվեց  դա հանդարտեցնել: 27 մարդ էր սպանվել: Բայց դա չօգնեց, մենք այն ժամանակ, միևնույնն է, ստացանք մեծամասնություն` չնայած, որ ոչ ոքի մտքով չէր անցնում գալ իշխանության», - այսպես է տրված հարցին պատասխանում Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բա լավ, մի՞թե մեր երկրի առաջին Նախագահն անհարմար չի զգում, էդ պատահական երիտասարդներ չեն եղել, ինքն էլ դա շատ լավ գիտի: Լենինյան շրջանի ՀՀՇ-ի տարածքային կազմակերպության իրա ուղարկած զինված ջոկատն էր` Ֆեոդոր Աբաջևի գլխավորությամբ, մեջներն էր նաև Նազարեթյանը: Յոթ ատրճանակով ու մի ԱԿՄ ինքնաձիգով գնում սահմանապահներին ասում են` զենքերը վայր դրեք: Զինվորականը, եթե զենքը վայր դնի, գիտի, որ կգնա զինվորական տրիբունալ, կդատվի: Եվ հետո 27 մարդ չի սպանվել, 18 մարդ է սպանվել, 16-ը հենց մայիսի 27-ին, 2-ը` 28-ին ու 30-ին, այն էլ մեկը մահացել էր զինվորական հոսպիտալում, մյուսը` Մոսկվայում, Բուրդենկոյի  կլինիկայում, ուր տեղափոխվել էր: Բա դու ինքդ սադրանքը կազմակերպես, հրահրես, խաբես, որ սահմանապահների հետ պայմանավորվել եք, դուք միայն մոտեցեք, նրանք զենքերը վայր կդնեն, ինքդ սպանության դրդապատճառը դառնաս, վերջում ստորաբար ասես, որ տղաները գնացին ու անմեղ սպանվեցին: Այո, իրենց պետք էր, որ սովետական բանակը արյուն թափի: Այո, իրենց պետք էր հայտարարել, որ, իբր, իրենք են պաշտպան կանգնել: Իսկ ո՞վ կանխեց արյունահեղությունը: Կանխեցինք 5 հոգով: Փառք Աստծո, ում անունները հիմա տալու եմ, վկա են և տեսաժապավեններն էլ կան, ցանկացած պահի կարող եմ տալ, որ թերահավատներն  իրենց աչքով տեսնեն, համոզվեն: Դա «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակով ներկայումս պատգամավոր դարձած քաջարի Ռուբեն Գևորգյանն էր, դա Մանվել Քոչարյանն էր, ով այն ժամանակ քաղաքապետի (խոսքը Արտաշես Գեղամյանի մասին է. - խմբ.) վարորդն էր, դա կիլիկիացի Մացիկն էր, դա Վարդանն էր Հակոբյան և ձեր խոնարհ ծառան էր:  Կադրերը կան, որտեղ հստակ երևում է, որ մերոնք չեն թողնում, որ գնանք բանակի ներկայացուցիչների հետ բանակցությունների, որովհետև մենք անզեն պետք է գնայինք, իսկ հրամանը, որ տրված էր զինվորներին` «Огонь на поражение». Եվ տղաները, մասնավորապես, Ազատ Արշակյանը, Լեոնիդ Ազգալդյանն, ասում էին` մի գնացեք, մերոնք կարող է չիմանալով, որ դուք եք խփեն: Բա այս ամենից հետո, Լևոն, երկրի առաջին Նախագահն ես եղել, կանգնում ու բացահայտ սուտ ես ասում, ապատեղեկացնում ռուս ընթերցողին, «Московские новости»-ի թերթին, որը թարգմանվում է անգլերեն և աշխարհով մեկ տարածվում: Այսքանից հետո ես ո՞նց հավատամ նրան, բա դրանից հետո ես ո՞նց մեր ժողովրդին կոչ չանեմ` հերթական անգամ մի խաբվեք, հերթական անգամ մի գնացեք նրա կողմից Ձձզ առաջարկվող ճանապարհով: Խոսքը դրա մասին է:

Պ.Ղ. – Ես ներքաղաքական զարգացումներից էի ձեզ հարցնում:

Ա.Գ. – Կանչեք, խնդրեմ, Ռուբեն Գևորգյանին, կանչեք, խնդրեմ, Մանվել Քոչարյանին, կանչեք, խնդրեմ, կիլիկիացի Մացիկին և Վարդան Հակոբյանին, կասեն ողջ եղածը, տեսաժապավենը տանք, թող նայի, ինքն էլ անհարմար զգա: Բա եթե երկրիս առաջին Նախագահը բացահայտ խաբում է, այն էլ նման լուրջ և ծանր հարցում, ես այդ Նախագահի հետ երեխաներիս ապագան ո՞նց կապեմ, թոռներիս ապագան ո՞նց կապեմ: Ախր, բաներ կան, որ տեղը չի ասելու, որովհետև տպավորություն կստեղծվի` արա,  էս Գեղամյանն ի՞նչ ա ուզում Լևոնից: Ախր, չի կարելի նման բաներ անել, չէ՞, Պետրոս ջան:

Պ.ՂՀիմա իմ հարցին կոնկրետ պատասխանեք, պարոն Գեղամյան, ես սրա մասին չէի հարցրել: Ես ասացի, որ Հայ ազգային կոնգրեսը ըսենց վերջնաժամկետ է տվել, մինչև սեպտեմբեր` կգան կերկխոսեն, եթե չէ` մենք կգնանք սրացման:

Ա.Գ. – Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետությունում Կառավարության, Կենտրոնական բանկի տնտեսական և դրամավարկային ապաշնորհ քաղաքականության հետևանքով, ժողովրդի կենսաապրուստը զգալիորեն իջել է և սոցիալական վիճակը գնալով ծանրանում է: Համատարած դժգոհությունների համար պարարտ հող է ստեղծվել: Հայ մարդը տառապանքի կդիմանա, եթե թունելի վերջում լույսը տեսնի, եթե իր մեջ հույս արթնացնեն, եթե նա հասկանա, թե ինչ է կատարվում, դիցուք, տնտեսության մեջ, այդ պարագայում էլի կդիմանա: Բայց երբ նա օրեցօր տեսնում է, որ իր սառնարանի պարունակությունը գնալով կրճատվում է, տեսնում է, որ ծայրը ծայրին չի կարողանում հասցնել, և երբ հայտարարվում է, որ միջին աշխատավարձի 107 %-ով աճ է արձանագրվել (դրան զուգահեռ գոնե խիղճները չեն կորցրել, գրում են` 109.9 % սպառողական գների ինդեքսի աճ է գրանցվել), այդ մարդը ճարահատյալ փողոց պետք է դուրս գա, օգնություն պետք է խնդրի, եթե նա ի վիճակի չէ, ի զորու չէ գնալ Հայաստանից դուրս աշխատանք որոնելու: Կրկնում եմ, այդ պարագայում դժգոհությունների համար պարատ հող է ստեղծվում, պարարտ հող է ստեղծվում հենց նույն ՀԱԿ –ի համար: Ես չեմ ուզում ընդհանրացնել, ՀԱԿ-ում կան ազնվագույն մարդիկ, այնտեղ կան ըմբոստ, հայրենասեր մարդիկ, ովքեր անելանելիությունից դրդված են ՀԱԿ-ում, որովհետև հույսները չեն կապում Կառավարության հետ, բայց ելք են ուզում տեսնել և ուզում են մնալ  Հայաստանում, ավա~ղ, իրենք էլ փողոց դուրս կգան: Եվ, բնականաբար, հանրահավաքում դժգոհների մի հսկայական զանգված կգոյանա, այդ ժամանակ էլ, Աստված մի արասցե, Ղարաբաղի շուրջ խմորումները եթե գնան ոչ հայանպաստ ուղղությամբ, որը, ցավոք, բացառել չի կարելի (չնայած մինչ օրս գրագետ քաղաքականություն է վարվում), ապա երկրում իրավիճակը խիստ կթեժանա:

Պ.Ղ. – Մի հարց և անցնենք ղարաբաղյան թեմային: Պարոն Գեղամյան, որ ես ձեր վերլուծությունը լսում եմ, տեսեք, Կենտրոնական բանկն է մեղավոր, Ազգային ժողովն էն չի, Կառավարությունը, ընդհանրապես սրիկա է, ընդդիմությունը` էլ հարց չկա, իսկ Նախագահն անսխալական է և

Ա.Գ. – Ես գործող Նախագահի մարդկային տեսակն ընդունում եմ և ձեզ ասեմ, հավատացնում եմ, Կառավարության գործունեության իմ քննադատությունը սովորական քննադատություն չէ, սա շատ ծանր խոսք է, որովհետև սա բարեկամի կողմից արված քննադատություն է: Իսկ եթե ես հիմա սկսեմ նաև Նախագահին քննադատել, ի՞նչ, Լևոնի համար ճանապարհ հարթե՞մ, որ կրկին նորանոր սպանություննե՞ր լինեն, ո°ւմ համար ճանապարհ հարթեմ: Այսօր քաղաքական իրավիճակն արդյո°ք…

Պ.ՂՁեր խնդիրը ճշմարտությունն ասելն է, ոչ թե խմբագրել հանուն

Ա.Գ. – Ճշմարտությունը ես ասացի, և ասացի այնքան դառը, որ էլ ասելու չի:  Եթե դուք հիշեք ու ասեք, որ որևէ մեկը նման փաստարկված, օրինակներով Կառավարության աշխատանքն է վերլուծել, կասեմ` հալալ է ձեզ: Բայց դուք չեք հիշի: Ձեզ ավետիս ասեմ. ես այս հարցազրույցը թղթին եմ տալու, որ չստացվի` ասացիր, լսեցին, քննարկեցին, մոռացան: Ես իմ ասածների տերն եմ,  այսքանը վերլուծելու համար մասնագիտական գրականության հատորներ եմ կարդացել, ոչ թե ձեր հաղորդմանն եմ պատրաստվել, այլ ցանկացել եմ ինքս ինձ համար պարզել, կարո՞ղ ա էս տղերքն իրենցից կախվածն անում են, բայց օբյեկտիվ պատճառներով չի ստացվում: Ոչ, ցավոք, այդպես չէ:

Պ.Ղ. – Բարի, պարոն Գեղամյան: Կազանից հետո թվում էր, որ ղարաբաղյան պրոցեսը որոշակի կսառի, սակայն մենք տեսանք միանգամից շատ մեծ ակտիվություն: Մեդվեդևը, կարծես թե, չի ցանկանում բաց թողնել նախաձեռնողական ոգին, նա արդեն գրավոր ինչ-որ բան ա ուղարկում, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա: Այսինքն` թեժ են պահում կրակը, այսինքն` հույս չունենաք, որ առաջվա նման էլի կգնաք կես տարի մլուլ կտաք, հետո էլի նորից կգաք: Ինչո°վ է սա պայմանավորված:

Ա.Գ. – Սա պայմանավորված է, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներով, որովհետև Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչպես Կենտրոնական Ասիան, ևս դիտարկվում է որպես Մեծ Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մաս: Եվ, այսօրվա դրությամբ, գերտերություններն ունեն մի քանի խնդիր, որ պետք է լուծեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Խնդիրներից կարևորագույնի շարքին են դասվում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ընթացող զարգացումները, երկրորդ` այն գազատարի ճանապարհը, որով թուրքմենական, ադրբեջանական գազն առաջին փուլում պետք է տեղափոխվի կամ Եվրամիության երկրներ Թուրքիայով, կամ Ռուսաստանի Դաշնության վրայով: Որովհետև եթե ՆԱԲՈՒԿՈ գազատարի հարցը սկզբունքորեն լուծվում է, իսկ դա այսօր առկախ վիճակում է, ապա աշխարհաքաղաքական զարգացումներն այլ հունով են ընթանալու: Գաղտնիք չէ, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը, հատկապես, արևելաեվրոպական երկրների գազային պահանջարկի 35-40 %-ն է բավարարում: Եթե ՆԱԲՈՒԿՈ-ն չկայանա, ապա գազի պահանջարկը գնալով աճելու պայմաններում հիմնականում բավարարելու է Ռուսաստանը: Ուստի, եթե գազատարը Ռուսաստանով գնա, իսկ նա արդեն հավակնում է դրան (վարչապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի կողմից հստակ հայտարարվել է, որ կառուցվելու է «Հարավային հոսք» գազատարը), ապա ՌԴ-ի դերակատարությունը և կշիռը Եվրամիության երկրների մոտ զգալիորեն կմեծանա: Նշենք նաև, որ հեռանկարում «Հարավային հոսք»-ով տարեկան կտրվածքով հնարավոր կլինի շուրջ 40 մլրդ խորանարդ մետր ղազախական, թուրքմենական և ադրբեջանական գազը տեղափոխել Ռուսաստանով, Սև ծովի հատակով, Թուրքիայով դեպի Եվրոպա:

Պ.ՂՈ՞նց է կապվում Ռուսաստանի այս ակտիվությունը ղարաբաղյան ակտիվության հետ:

Ա.Գ. Ուրեմն, ղարաբաղյան ակտիվության հետ կապվում է հետևյալ կերպ: Չի բացառվում, որ այդ գազատարին միանա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որովհետև եվրոպացիները պրագմատիկներ են, իրենց մատակարարողները ինչքան շատ լինեն, մրցակցությունը բարձր կլինի, մենաշնորհը «Գազպրոմինը» չի լինի, գների անկում կակնկալվի: Բացի դա, այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը գնալով փորձում է իր դիրքերն ամրապնդել, մասնավորապես, Աֆղանստանում: Սրանից երեք ամիս առաջ կիսասկանդալային հետաքրքիր լուր սփռվեց, որ մեր իրանցի գործընկերները, հարևանները ամսական կտրվածքով պարկերով քյաշ փող են ուղարկում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, որ իր երկրի ներքին հարցերը հոգա: Այսինքն` մեր հարևան Իրանը փորձում է Աֆղանստանն իրենով անել: Միաժամանակ Իրանը հստակ դիրքորոշում է ցուցաբերում Իրաքի հետ կապված, մասնավորապես, բարեկամական կապեր են հաստատվել քրդական  զանգվածի, և, ինչու չէ, այդ երկրի շիական ղեկավարության հետ, որովհետև իրանցիներն էլ են շիիթներ:

Պ.Ղ.  – Հիմա ինչո՞ւ է Մեդվեդևը ըսենց շտապեցնում:

Ա.Գ. – Ասեմ: Բնականաբար, այս պարագայում Արևմուտքի ազդեցությունը Իրանի վրա լիարժեք կլինի միայն այն դեպքում, երբ կարողանա, մասնավորապես, Իրանի հյուսիսային շուրջ 108 կմ երկայնքով սահմանը, որն այսօր վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից, դարձնել միջազգային խաղաղարար ուժերի հսկողության ներքո գտնվող տարածք: Եվ դրանով իսկ նա, այսպես ասած, շրջափակման  մեջ կվերցնի Իրանի Իսլամանական Հանրապետությունը, որովհետև հարավից կլինի Իրաքը, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, արևելքից կլինի Աֆղանստանը, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են, արևմուտքից կլինի Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, հյուսիսից էլ կլինեն խաղարարար ուժերը: Եվ, ըստ այդմ, նրանք կկարողանան քաղաքական համապատասխան տեխնոլոգիաների շնորհիվ ապակայունացնել իրավիճակն Իրանում, առավել ևս այնտեղ էլ կան խնդիրներ` պայմանավորված ոչ միայն հոգևոր բարձր իշխանությունների հետ, այլև` երկրում առկա ադրբեջանական գործոնով: Եվ, ահա, պատահական չէ, որ հուլիսի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտի ղեկավար Ալի Լարիջանին պաշտոնական այցով գտնվելով Ադրբեջանի Հանրապետությունում` հանդիպեց Իլհամ Ալիևի և Ադրբեջանի իր գործընկեր Օկտայ Ասադովի հետ: Այդ հանդիպման ժամանակ նա շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ըստ որի` Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կողմ է եղել Ադրբեջանի  տարածքային ամբողջականությանը, հետո շարունակեց` Ադրբեջանի համար այդ ցավոտ խնդիրը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, պետք է լուծվի ռեգիոնալ, տարածաշրջանային  բանաձևի շրջանակում: Ապա ավելացրեց, որ մեծ տերությունները շահագրգռված չեն խաղաղություն հաստատելու գործում: Իսկ Օկտայ Ասադովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ էլ Լարիջանին քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ասելով, որ տասնամյակներ շարունակ բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չի արձանագրվում:

Պ.ՂԵվ

Ա.Գ. – Եվ, այս պարագայում, բնականաբար, արհեստականորեն հող ստեղծվեց, որ Կազանում չստորագրվի և ոչ մի փաստաթուղթ, ըստ որում` հողը ստեղծեց Ադրբեջանի Հանրապետության նախագահը` հենց քննարկումների ժամանակ առաջարկելով լրացուցիչ 10 նոր հարցադրում: Դրա պատճառն էլ մեկն է. Ի.Ալիևն ուզում է, որ այդ հարցի լուծումը դուրս գա Մինսկի խմբի շրջանակներից և մտնի Միավորված ազգերի կազմակերպություն: Եվ պատահական չէ, որ ճիշտ օրերս ՄԱԿ-ի հերթական վեհաժողովի օրակարգ է մտցվել երկու հարց. մեկը ՎՈՒԱՄ-ի` Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, տարածաշրջանում գոյություն ունեցող կոնֆլիկտների, մյուսը` Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի հարցերն են: Այսինքն` ընդգրկված են ճիշտ այն նույն երկու բանաձևերը, որոնք 2009 թ. դրվել էին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգում  և որոնց դեմ, ի թիվս այլոց, այն ժամանակ դուրս եկան Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Վերջինիս պարագան մեզ համար տարօրինակ էր, որովհետև գիտենք` Բաքու – Թբիլիսի - Ջեյհան նախագծի հետևում հանրահայտ «Բրիթիշ Պետրոլիում» ընկերությունն է, չէ՞:

Պ.Ղ. – Հիմա ինչո՞ւ է Ռուսաստանը շտապում:

Ա.Գ. Հիմա նա տեսնում է, որ եթե վաղը, մյուս օրը, ղարաբաղյան  հարցը չի լուծվում իր հովանու ներքո, ապա չի բացառվում, որ այդ հարցը  կարող է մտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի օրակարգ, այնտեղից էլ` Անվտանգության խորհուրդ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը չկարգավորված կոնֆլիկտների վերաբերյալ քննարկումների ժամանակ միշտ չէ, որ կարող է վետո դնել: Առավել ևս, եթե նա օգտվում է վետոյի իրավունքից, ապա այդ պարագայում Ադրբեջանը շատ հեշտ Արևմուտքի հետ գործարքի կգնա, առ այն, որ 100 %-ով կերաշխավորի իր մասնակցությունը ՆԱԲՈՒԿՈ գազատարը լցնելու գործում: Եվ պատահական չէր, սրանից մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի Պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը` Ռիչարդ Մորնինգսթարը, լինելով Ադրբեջանում, հայտարարել էր, որ Կասպից ծովի հատակով թուրքմենական գազի տեղափոխումը Ադրբեջան միայն ու միայն ինքնիշխան երկու պետությունների, այն է` Թուրքմենստանի և Ադրբեջանի լուծելիք խնդիրն է: Մինչդեռ նա շատ լավ գիտի, որ  մերձկասպյան պետությունները, այն է` Իրանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը, դեռ վերջնական պայմանավորվածություն չունեն Կասպից ծովի ստատուսի, կարգավիճակի վերաբերյալ, քանի որ այդ հարցում տարբեր մոտեցումներ կան` մեկն ասում է ծովի հատակով հինգ հավասար մասի բաժանենք, մյուսն ասում է`  ջրի մակերեսով և այլն, և այլն:

Պ.ՂԿարճ` անցնենք հեռուստադիտողների հարցերին:

Ա.Գ. – Այնտեղ էլի շատ կարևոր հարցեր ունեիք, դրանք տվեք, որից հետո ես կպատասխանեմ ցանկացած հարցի:

Պ.Ղ.  – Չենք հասցնի: Սրանք կարճ ավարտենք, հետո: Պարոն Գեղամյան, 2012 թ. ԱԺ ընտրություններում Ձեր թեկնածությունը դնելո°ւ եք: Արշակյանն է հարցնում: Խնդրում եմ կարճ, պարոն Գեղամյան:

Ա.Գ. Օրը կգա, բարին հետը:

Պ.Ղ. – Եթե վիճակն այդքան վատ է, ինչո՞ւ հանրահավաք չեք անում: Ավետիսյան Արտյոմն է հարցնում:

Ա.Գ. – Ռացիոնալիզմից ելնելով: Հանրահավաքի ժամանակ, այս կիզիչ շոգի պայմաններում եթե լավագույն դեպքում մեզ կլսի 10 հազար մարդ, ապա այս հեռուստահաղորդումն առնվազն 100 հազար մարդ լսեց:

Պ.ՂՊրոֆեսոր Տեր-Գալստյան: Ինչո՞վ եք բացատրում Լինսի հիմնադրամի լուծարումը:

Ա.Գ. – Լինսի հիմնադրամը ոչ թե լուծարվեց, այլ, հավանաբար, մեծապատիվ Քըրք Քըրքորյանը նպատակահարմար է գտնում ավելացած միջոցները, որոնք կան, տնօրինի այլ ոլորտներում և այլ երկրներում: Մասնավորապես, իմ ինֆորմացիայով` հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Պ.Ղ. – Ստեփան, քաղաքագետ: Օրերս Ռուսաստանի Դաշնության որոշ տարածքներ Դաղստանից տրվել են Ադրբեջանին: Տեղյա՞կ եք և, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս սա կազդի ԼՂՀ հակամարտության վրա:

Ա.Գ. – Անշուշտ, տեղյակ եմ: Մասնավորապես, այսօր էլ էլեկտրոնային կայք-էջերում փշալարերի հետևում ադրբեջանական գաղթականների լուսանկար էր զետեղված: Դա, կարծում եմ, շատ կարևոր հարց է և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի իր գործընկերների հետ այդ հարցին կտան օրինավոր լուծում: Այդ հարցը Լեռնային Ղարաբաղի հետ ես չեմ կապում, ուղղակի կապ չեմ տեսնում:

Պ.ՂԴուք ֆեյսբուքում կա՞ք, պարոն Գեղամյան:

Ա.Գ Ոչ, ես ֆեյսբուքում չկամ: Որդիս կա: Ընտանիքից մեկը երևա, կարծում եմ, բավական է: Ողջ ընտանիքով ֆեյսբուքում ի՞նչ ենք կորցրել:

Պ.Ղ. – Արտակ Մովսիսյան: Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի նախարարության հայրենադարձության ծրագիրը:

Ա.Գ. Հայրենադարձության ծրագիրը համապետական խնդիր է բոլորիս համար: Եվ այստեղ պետք է ողջունել Սփյուռքի նախարարին, որ, ասես թե, իրենից կախվածն անում է և թե՛ Կառավարության, թե՛ բոլոր մարմինների ուշադրությունը սևեռում է այդ հարցի կարևորության վրա: Դա համապետական ծրագիր պետք է դառնա: Ավա~ղ, այսօր մենք հակառակի ականատեսն ենք, երբ գնալով ավելի է բազմանում մեր Սփյուռքը:

Պ.ՂՌուբիկ: Դուք տապանաքարեր էիք պատվիրում, հիմա ի՞նչ եղավ: Ըտենց բա՞ն ա եղել, պարոն Գեղամյան:

Ա.Գ. Ռուբիկը, ուրեմն, ուշադիր չի հետևում ելույթներիս, խոսքը քաղաքական առումով է, իսկ այդ տապանաքարերը վաղուց դրել եմ, պալիրովկան էլ արել եմ:

Պ.Ղ. – Մանվել: Ո՞ր Նախագահի օրոք չի եղել սպանություն, խոսում եք, բոլորի մասին խոսեք:

Ա.Գ. Բոլորի մասին էլ խոսում եմ: Պարզապես 1990 թ. մայիսի 27-ի դեպքերի ականատեսն եմ եղել, ուրիշի ասածը չեմ կրկնում, տեսել եմ և այդ օրվա դաժանությունը, այդ օրվա տեսլականները մինչև հիմա աչքիս առաջ են, դրա համար էլ համարձակորեն ասում եմ: Ինչ խոսք, քննադատելի են բոլոր տեսակի բռնությունները, որոնք իրականացվում են ցանկացած հայի, և, ընդհանրապես, ցանկացած մարդու նկատմամբ, անկախ նրանից, թե այդ մարդը վերջին տականքն է, թե չէ: Դրա համար գոյություն ունեն օրենքներ, դրա համար գոյություն ունեն դատարաններ, մեղավորները օրենքով թող խստագույնս պատժվեն:

Պ.ՂԵթե ոչ ՀԱԿ-ի, ապա ո՞ւմ հետևից պետք է գնանք. Ձեր, թե՞ Արթուր Բաղդասարյանի, ասում է Հակոբյան Գևորգը:

Ա.Գ. – Թող իրենք մտածեն, որ դեմք դառնան, որ նախիրի պես չոբանի հետևից չգնան: Թող Գևորգը հանգիստ նստի, վերլուծի, թե ով ի՞նչ է ասել, և ի՞նչ է ասում: Մասնավորապես, ինձ հետ կապված, եթե 1990 թ. մինչ օրս բերեն ասեն, պարոն Գեղամյան, բա էս ո՞նց հասկանանք, էս ըսենց ջերմ-ջերմ խոսում էիր առաջին Նախագահի մասին, հիմա խի՞ ես վատ խոսում, նույնը երկրորդ Նախագահի մասին, այդ դեպքում ես կլռեմ: Երրորդ Նախագահի հետ իրար լավ տնական քննադատեցինք, ուրեմն, նա էլ իմ հասցեին մի բան էր ասաց, էս Լևոնն էլ իր մանկլավիկների հետ դա մատի փաթաթան ա դարձրել, Նախագահին անվերջ ցիտում են: Դրանով ինքը ապացուցում է, որ ինքն է այն, ինչ ինձ է ասում: Հետո Սերժ Սարգսյանի հետ քաղաքական հողի վրա փոխհամաձայնության եկանք, և նա էլ իմ գործունեությանը, որպես քաղաքական գործչի, քաղաքական գնահատական տվեց: Իմ հասցեին արված Նախագահի դրվատանքի խոսքերը չուզողներիս համար գրքումս զետեղել եմ: Առաջին նախադասությունն էլ հետևյալն է. ով չգիտի, որ «Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է»: Էս է եղել իմ հասցեին հնչած քաղաքական գնահատականը:

Պ.Ղ. – Ամիրխանյանն ասում ա. «Ես ձեզ գիտեք ինչո՞ւ չեմ հավատում, որովհետև աղբահանությունը բարձրացավ 400 %-ով, բնակվարձը` 100 %-ով, ի՞նչ արեց Ձեր կուսակցությունը: Այ, ՀԱԿ-ը միտինգներ է անում»:

Ա.Գ. – Պարոն Ամիրխանյանը, երևի, ուշադիր չի եղել, մենք, ավա~ղ, Ազգային ժողովում ներկայացված չենք…

Պ.Ղ. ՀԱԿ-ն էլ ներկայացված չի, բայց տեսեք` ինչեր է անում` միտինգներ, ճնշումներ, պարոն Գեղամյան:

Ա.Գ. – Իսկ ինչե՞ր է անում: Միտինգներից հետո աղբահավաքների համար հավելյալ գործ է ստեղծում: Առայժմ դա է անում, ապականում է օպերայի հրապարակը:

Պ.Ղ. – Իմ վերջին հարցն է: Նախագահն ելույթ ունեցավ Ստրասբուրգում և այնտեղ մի ֆրազ կար, որ եթե, Աստված մի արասցե, հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետև իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի: Եվ մեզ մոտ ասում են, որ սա ճիշտ չի, որովհետև մեր մարտունակությունն այս ելույթից ընկնում է: Պետք է ասեր` մենք կմտնենք, Բաքուն կգրավենք:

Ա.Գ. – Նախ, դա ելույթում չի ասել, այլ ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հարցին  պատասխանելիս  է ասել: Ըստ որում, դա մեր Նախագահի պատասխաններից ամենաուժեղն էր:

Պ.ՂԻնչո°ւ:

Ա.Գ. – Ասեմ` ուժն ինչում էր: Եթե դուք ուշադրություն եք դարձրել, Մինսկի խմբի համանախագահների   լը Ակվիլայի, այսինքն` 2009 թ. հուլիսի, 2010 թ. հունիսի Մուսքոկի, 2011 թ. մայիսի Դովիլի, ինչպես նաև 2010 թ. դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի հայտարարությունների մեջ կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծման գաղափարը: Մեր Նախագահը ելույթ է ունենում Ստրասբուրգում և իրեն տրված հարցին պատասխանելով ասում է` մեզ օկուպանտ, ագրեսոր պիտակը, որ կպցրել են Ադրբեջանը և նրան սատարողները, դա մենք չենք, մենք պաշտպանվող կողմ ենք, մենք խաղաղասեր ազգ ենք: Մենք խաղաղություն ենք քարոզում անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները վերջին տարիներին 16 անգամ բարձրացնում են ռազմական ծախսերը, երբ իրենց ռազմական բյուջեն հասցնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, երբ ռազմական ծախսերն ընդհանուր առմամբ հասցրել են 4.6 մլրդ դոլարի: Այսինքն` Նախագահը հող նախապատրաստեց` կանխազգալով, որ Ալիևը Կազանի պայմանավորվածությունները վիժեցնելու է: Եվ հիմա արդեն Ալիևն է ընկնում Օբամայի, Մեդվեդևի, Սարկոզիի այն  բնութագրման տակ, որ Ադրբեջանի նախագահն  իր ժողովրդին խաղաղության չի պատրաստում:

Ուրիշ բան, որ մենք պետք է հասկանանք, որ դրսի լսարանի առաջ խոսելը լրիվ այլ չափանիշներ է դնում քո առջև, քան ներսի: Ժամանակին ես 21 ելույթ եմ ունեցել միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոններից` Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Ռոտերդամում, Վիեննայում, ելույթներ, որ մեկը կարդա, կասի` էս Գեղամյանի խելքը Ռոբերտ Քոչարյանի համար գնում էր, էնքան եմ գովել ոչ թե նրան, այլ մեր երկիրը: Երկիրը, որ գովում ես, ակամայից գովում ես երկրիդ պրեզիդենտին: Բայց գովել եմ համեմատականի համար, որ Ադրբեջանի հետ համեմատելու և ոչ մի եզր չլինի: Հարցեր կան: Եվ չի կարելի միանգամից հայտարարել, որ Սերժ Սարգսյանի ելույթը պարտվողական էր, էս էր, էն էր: Դե չեղավ էլի, մտածեք էլի, կներեք, դրսում պիտի մի քիչ էլ խորամանկել: Գոնե  հիմա բոլորի համար ակնհայտ եղավ, որ Հայաստանի Հնարապետության Նախագահը Ստրասբուրգի խորհրդարանական բարձր ամբիոնից ասում է` ես գիտակցաբար, իմանալով հանդերձ, որ Ադրբեջանը մինչև ատամները զինվում է, պատրաստվում է ռազմական, զինված գործողությունների, միևնույն է, հավատարիմ եմ Մինսկի խմբի երեք համանախագահների կոչին և ժողովրդիս խաղաղության եմ պատրաստում: Հարցեր կան, չէ՞:

Պ.Ղ. – Պարոն Գեղամյան, եթե Դուք այսպես հիացած եք Սերժ Սարգսյանով, ինչո՞ւ հանրապետական չեք մտնում:

Ա.Գ. Ես հիացած եմ իմ երկրով` ինչքան էլ ծանր օրեր են: Եվ հիացմունքս այսօր դրսևորելու, երկիրս փրկելու միակ ճանապարհը տեսնում եմ Նախագահին պաշտպանելու մեջ, անկախ նրանից` համամիտ եմ, թե ոչ իր Կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետ: Պատկերացրեք, Սերժ Սարգսյանը գնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ի՞նչ է լինելու էսօրվա դրությամբ, ուժերի էս բաշխվածության պայմաններում, էս քաոսի, էս փոխադարձ ատելության մթնոլորտում երկրի ներսում: Մի հատ էդ հարցը տվեք Ձեզ, էլի:

Պ.ՂՇնորհակալություն, պարոն Գեղամյան:

Ա.Գ. – Ես էլ եմ շնորհակալ, հարգարժան Պետրոս:

Պ.Ղ. – Վաղը մեր Սահմանադրության օրն է, պարոն Գեղամյան, Ձեր կարծիքով մեր Սահմանադրությունը մեր երկրում լեգիտիմ է, թե՞ ոչ:

Ա.Գ. – Սահմանադրության մեջ ձևակերպումները, գրածներն այնքան լավն են, որ տա Աստված, կյանքի կոչվեն: Առաջին հոդվածից սկսած` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական հանրապետություն է:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր