Սրտի խոսք Հայաստանի ժողովրդական նկարիչ Սլավա Պարոնյանին
22.11.2012, Ազգային գաղափար
Մարդու, առավել ևս արվեստագետի էությունն արտահայտում է իր ստեղծածը: Ամեն գործ, նվիրական աշխատանքի արգասիք նաև բնութագիրն է հեղինակողի, անհատի: Այդպես էլ, ահա, իմ լավ բարեկամի, ավագ ընկերոջ` Սլավա Պարոնյանի կտավները: Դրանք, թերևս, վկայում են ավելին, քան ինքը` քչախոս ու համեստ վարպետը կասեր իր մասին: Նրա ամեն բնապատկեր, վրձնի ամեն նրբերանգ խոսում են իրեն սնուցող մայր հողի մասին, որից ծնվել և հասակ է առել նորընծա (սակայն և վաղուց) ժողովրդական նկարիչը: Նա երբեք չի բարձրաձայնում ինչ-ինչ «վեհ» գաղափարներ, նրա հայրենասիրության խոստովանությունն իր ստեղծագործություններն են, որոնք արտահայտում են հրճվանք և հիացում, հպարտություն և արմանք ու զարմանք: Ու մեկ էլ` կարոտ, թեև երբեք չի լքել հայրենի եզերքը… Այս ամենն ուղղակի հորդում է նրա գունագեղ երկերից, որ նաև երգե՛ր են. դրանք անհնար է անհաղորդ դիտել ու… լսել, անհնար է չապրել դրանց ջերմությամբ, խորին խոհերով: Առինքնող գեղեցկությա՛մբ: Տարիների ընթացքում վարպետի գունաշխարհը խտացրել է իր մեջ հայրենի հողի կենարար բույրը, հայրենի ջրի կենսատու ուժը, հայոց արևի բարեբեր խանձրույթը` մեկ անգամ ևս հավաստելով, որ նա, ով իր մեջ չի կրում բնությունը, ով չի պաշտում ու հաղորդակցվում դրան, փաստորեն, չի ապրում լիարյուն կյանքով:
Կուտակվող կենսափորձի հետ Պարոնյանի վրձինն սկսել է ավելի ու ավելի համարձակ արտահայտել իր մտածմունքները, ապրումները, ասելիքի, կերպարային լուծումների որոնումները` գնալով դեպի խոր իմաստներ ու ընդհանրացումներ: Ճաքճքած հողը ճեղքած կանաչ շյուղն, ահա, ասես հայի գոյատևման մշտնջենական պայքարի այլաբանությունն է: Անդնդախոր ձորեր, գահավեժ ժայռեր, հորիզոնում նշմարվող ամոթխած կանաչ. սրանք ևս ժողովրդի կենսագրության, մեր դժվարին պատմական քայլքի խորհրդանիշն են: Նկարչի խոսուն վրձինը յուրովի «վերաներկել» է հայրենի բնությունը` հաճախ հողին, քարին, ժայռածերպին, ծառին տալով սեփական գույներ, իմա` սեփական վերաբերմունք, հրեղեն եռք` դեղնակարմրավուն հողին, հպարտ վեհություն` կապտականաչ, ահեղ լեռնաժայռերին, ճերմակ մաքրամաքրություն դեպ եկեղեցի տանող նեղլիկ, քարքարոտ, ձյունածածկ արահետին:
Դիտողի աչքում նույնանում են նկարիչը և իր պատկերած միայնակ ծաղկած ծիրանենին, որն անծայրածիր լուսավոր դաշտում պայքարում է ամեհի քամու դեմ ու ի հեճուկս ամեն ինչի` կանգուն է, ունի իր անսասան ճակատագիրը: Այսպես բացահայտվում է նաև Պարոնյան-ստեղծագործողի, մարդու անհատականությունը: Հեղինակը մեն-մենակ է կյանքի անեզրական տարածքում, թևածում է իր հույզերի ու մտորումների ծիրում` իր կռվին և խոնջանքին նվիրված: Գուցե թե այդ մենությունն է, որ մի պահ արվեստագետին կտրելով շրջապատող ամեն ինչից` սկիզբ է տալիս ավելի քան իրական մի պատմության, որը ճշմարիտի որոնման մի յուրովի բանաձև է: Բանաձև, որ հանգում է միակ ճշմարիտին, այն է` իր հավատքին ու իր հավատին, քանզի որևէ բանական արարած անկարող է ապրել առանց դրանց: Պատահական չէ, որ նկարիչը հաճախ է պատկերել բարձրաբերձ լեռներով շրջապատված Սաղմոսավանքի` հավատքի այդ կենարար աղբյուրի գեղեցկագույն տեսարանները տարվա տարբեր եղանակներին: Եվ տաճարից մշտապես ճառագող լույսն ու ջերմությունը թափանցում են հոգիդ ու այն լուսավորում քրիստոնեական աղոթքով: Կտավներից մեկում սպիտակափառ ձյունն ասես պատահաբար, կիսով չափ ծածկել է խաչքարը, ծածկել, սակայն չի խլացրել նրա ուժը, հաստատ ապավինել է մայր հողին` թիկունքում բարձրաթռիչ, բայց համեստախոս եկեղեցին: Նույն կերպ էլ այդ կտավի հեղինակը երբեք չի շեփորել իր տաղանդը, վստահել է լոկ իր վրձնին ու հավատին և միշտ հայրենիին փարված` նրանից ստացել զորություն ու ներշնչանք: Նրա կտավներից յուրաքանչյուրը արտահայտում է նաև նկարչի լավատեսությունը, առհասարակ` նրա խառնվածքն ու բնավորությունը, որ նույնչափ ամուր են ու հիմնավոր, որչափ և իր արվեստի սկզբունքները:
Հիմա փորձում եմ հասկանալ` արդյո՞ք, եթե անձամբ չճանաչեի մաեստրոյին, կգրվեի՞ն նույն այս տողերը: Վստահաբար կարող եմ ասել` այո՛: Որովհետև արվեստագետն անկեղծ է, իր ստեղծագործությամբ թափանցում է հոգիդ, թույլ է տալիս հաղորդակցվել իր մտքերի և ապրումների հետ: Պարոնյանի ամեն կտավում իր կենսագրությունն է, մի հայ մարդու կյանքի գիրքը, ուր, համոզված եմ, դեռ կան բազում չգրված էջեր, որոնք սպասում են հեղինակի վրձնին, նրա դժվարին ու առինքնող պատումին:
Խոսել տաղանդավոր արվեստագետի, իմ ընկերոջ` Սլավա Պարոնյանի մասին և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև սիրելի է: Եվ դժվար` նույն պատճառով: Վառ անհատականություն ասածը միշտ նշանակում է փորձ` ընդգրկել անընդգրկելին, որսալ անգամ անորսալին, երևութականը: Մանավանդ որ վարպետ Սլավայի մասին և նրա ձեռամբ արդեն իսկ շատ ավելի տպավորիչ խոսում է հենց մե՛ր և ի՛ր բնաշխարհը, խոսում է հուզումնառատ, հոգեհարազատ, բայց և մի տեսակ վերանձնական-խորախորհուրդ` խտացնելով բնության հետ հավերժ դաշինք կնքած հայ մարդու երազանքները, նրա հոգին ու ոգին, նրա անզուգական կերպարը:
Գեղանկարչության մեծերից մեկը դիպուկ նկատել է, թե արվեստագետը նույն ծվատվող Պրոմեթևսն է, միաժամանակ, ինքն իրեն ծվատող արծիվը: Այս հայտնի խոսքը կատարելապես վերաբերում է նաև «Ծիրանի ծառի», «Վարած հողի», «Սաղմոսավանքի» և լայն ճանաչում գտած բազում այլ կտավների հեղինակին: Թող, ուրեմն, էլի՛ ու էլի բազմապատկվեն «ծվատող-ծվատվողի»` նրա ռուսահունչ և հեշտ թարգմանվող անունը երկրորդող փառահեղ ու փառապանծ ստեղծագործությունները:
Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ