ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՆ

26.10-29.10.2012, Իրավունք

Օրերս ՀՀ Ազգային ժողովը լսեց «Հանրային հեռուստատեսության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Երկու կարծիք չի կարող լինել, որ սա ներկայիս կարևորագույն հարցերից է, քանի որ մեր երկիրը արդեն շուրջ 20 տարի ներքաշված է տեղեկատվական պատերազմի մեջ, առավել ևս, որ գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այդ պատերազմը վարում է ոչ միայն թուրք-ազերիական քարոզչական մեքենան, այլև մեր տան մեջ ծվարած, օտարի պատվերները կատարող գրանտակեր լոբիստական համքյարները` բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ իրականացվող իրենց հակահայկական տեղեկատվական ու ապատեղեկատվական հարձակումներով: Երբ փորձում ես խորամուխ լինել այս երևույթի մեջ, իսկույն բացահայտում ես, որ դա խիստ համակարգված է: Ուստի կարծում եմ, որ բնավ էլ չանտեսելով մեր զանգվածային տեղեկատվության միջոցների և, մասնավորապես, Հանրային հեռուստատեսության գործունեության մյուս բոլոր, ոչ պակաս էական և հաճախ շտկման կարոտ կողմերը, հարկավոր է ուշադրությունը բևեռել մի շարք անհետաձգելի հարցերի վրա, որոնց մասին, ի դեպ, մենք առիթ ենք ունեցել ասելու խորհրդարանի ամբիոնից: Երբ մի ընդհանուր հայացք ես նետում մեր Հանրային հեռուստատեսության եթերին, անմիջապես հարցեր են ծագում, թե մենք ի՞նչ կերպ, ի՞նչ որակով ու հետևողականությամբ ենք իրականացնում մեր հակաքարոզչությունը, մասնավորապես, արդյո՞ք համոզիչ հակահարված է տրվում Թուրքիայի վարչապետի կամ Ադրբեջանի նախագահի այն թունոտ հայտարարություններին, թե հանձինս Հայաստանի գործ ունենք աղքատ ու պառակտված երկրի հետ, որից մարդիկ փախչում են, և որ եթե հայերը չեն ուզում կործանվել, պիտի փոխեն իրենց քաղաքականությունը, շնչահեղձ չլինելու համար պետք է Լեռնային Ղարաբաղը կամովի հանձնեն Ադրբեջանին և այլն, և այլն: Սրան և նման վայրահաչություններին Հանրային հեռուստատեսությունը, եթե անդրադառնում էլ է, ապա դեպքից դեպք և առանց անհրաժեշտ խորության:

 

Մեկ այլ հարց. մեզ կարո՞ղ են բավարարել այն հեռուստահաղորդումները, որոնք նվիրվում են մեր զոհված ազատամարտիկներին, արդյո՞ք նրանց ընտանիքների շուրջ ստեղծվում է խորը հարգանքի ու երախտապարտության մթնոլորտ, էլ չենք ասում նրանց կարիքները մշտապես հոգալու մասին` որպես արտառոց իրողություն դիտելով այն դեպքերը, երբ իրենք են հարկադրված բարձր դռներ թակում: Կարո՞ղ ենք վստահորեն պնդել, թե հեռուստաեթերը նպաստում է, որպեսզի արցախյան պատերազմի մարտիկներն ընկալվեն և ընդօրինակվեն իբրև այսօրվա հերոսներ, անձնվեր հայրենասերներ: Եվ առհասարակ. մեր հեռուստատեսությանը հաջողվո՞ւմ է կերտել ժամանակակից հայ մարդու տպավորիչ, ոգևորող կերպարը, որին յուրաքանչյուրս կուզենար նմանվել, այդ օրինակով սերունդներ դաստիարակել: Մինչդեռ այդպիսի կերպարներ մեզանում որքան ուզեք և` ցանկացած բնագավառում` գիտություն, սպորտ, գրականություն և արվեստ, դպրոց, վերջապես` բանակ…:

Կամ` բազմաթիվ հեռուստասերիալներից, այդ թվում նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող, քանի՞սը կարող ենք թվել, որոնք ծառայում են ավանդական հայկական ընտանիքների, նրանց մշակած բարքերի պրոպագանդմանը: Չէ որ Հայաստանը իր բազմադարյան պատմության ընթացքում դիմագրավել է ճակատագրի բոլոր մարտահրավերներին, նաև ամուր ընտանիքներ ստեղծելու, պահպանելու և պաշտպանելու շնորհիվ:

Եվս մեկ հռետորական հարց. արդյոք մեր եթերը կարողանո՞ւմ է հայկական ավանդական կուսակցությունների անցյալ ու ներկա գործունեությունը ներկայացնել ոչ միայն շեշտերը բացասականի վրա դնելով, այլ նաև ընդգծելով նրանց համախմբված աշխատանքի շնորհիվ ձեռք բերվածը` հանրությանը, մասնավորապես քաղաքական դաշտի մերօրյա գործիչներին հուշելով, թե այ՛, տեսե՛ք, երբ գործը միասնաբար է արվել, ծնվել ու ծնվում են դրական արդյուքներ: Նույնիսկ` հաղթանակներ: Հիշենք, թեկուզ, 1978-ի Լիբանանի քաղաքացիական պատերազմը, երբ մեր ավանդական կուսակցությունները համախմբված կարողացան փրկել բազմաթիվ հայ մարդկանց, հաջողությամբ պսակվեցին իրենց Հայապահպանությանն ուղղված ջանքերը, այսօրվա Սիրիան… էլ չենք ասում արցախյան ազատամարտը…

Այս ամենի հետ մեկտեղ, ի վերջո, մենք կարո՞ղ ենք ասել, թե այն, ինչ տեսնում ենք հեռուստաեթերում, նպատակամետ, ամբողջապես համակարգված բնույթ է կրում և որ բոլոր ճիգերը` ուղղակի թե անուղղակի, ուղղված են մեկ գլխավոր խնդրի` հայոց պետականության ամրապնդմանը: Կարո՞ղ ենք ասել, թե բոլոր այն քայլերը, որոնք սասանում են մեր պետականությունը, քննում ու քննարկում ենք առանց չարության, առանց որևէ մեկին վիրավորելու, այլ ընդհակառակը համոզելով, որ շատ ճիշտ և լավ կլիներ թե՛ ինձ, թե քո, թե ամենքի համար, եթե դրսևորվեր հայ մարդուն հարիր անկեղծ, շահագրգիռ վարվելակերպ, պահվածք, որ սերունդների մեջ սերտ կապ ստեղծվեր, որ մերժվեին նրանք, ովքեր սեփական խիզախության դրսևորում են համարում, ասենք, մեր կյանքի վերջին 70 տարվա հախուռն, համատարած պախարակումը:

Հայկական հեռուստաեթերը լուրջ անելիքներ ունի համաշխարհային մշակութային կոթողներին երիտասարդությանը հաղորդակից դարձնելու ազգային ճշմարիտ արժեքները պրոպագանդելու խնդրում. չէ՞ որ դրանցով է դարեր շարունակ կերտվել հայոց քաղաքակրթությունը: Վերջապես մեզ հարկավոր է դաստիարակել նոր ժամանակների հայ մարդու, որն իրեն հավասարապես ազատ ու հպարտ զգա ցանկացած միջավայրում, ցանկացած լսարանում, լինի դա Արևմուտքում, թե Արևելքում:

Շատ կարևոր է հաղորդակցվել Հայաստանի հարևան ժողովուրդների մտավոր ժառանգությանը, խրախուսել հենց նույն Թուրքիայի այն գործիչներին, ովքեր այսօր այդ երկրում թեև  փոքրամասնություն են կազմում, սակայն ընդունում են, որ եղել է հայոց ցեղասպանություն և դատապարտում են եղեռնը, պաստառներով դուրս են գալիս Ստամբուլի փողոցներ` վանկարկելով` «Բոլորս Հրանտ Դինք ենք»: Այդ արդարամիտների շուրջ հարկավոր է հեռուստատեսությամբ համապատասխան կարծիք ձևավորել, որպեսզի միջազգային կառույցների ամբիոններից զանազան լոբբիստներ չասեն, թե հայերը նույնպես ատելություն են սերմանում հանդեպ թուրքերը:

Այս և նման հարցերը, եթե ամփոփենք, ապա կհամոզվենք, որ դրանք որոշակի վերաբերում են պետական անվտանգությանը և պահանջում են տարբեր ոլորտների գիտակ, իրազեկ մասնագետների համագործակցություն` խնդիրները վերլուծելու և դրանց համակարգված լուծումներ տալու նպատակով: Ընդ որում` նախ և առաջ պետք է ճշգրիտ որոշվեն այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առջև: Եվ ապա` անհրաժեշտ է հնարավորինս կանխատեսել  քաղաքակիրթ աշխարհի այսօրվա և վաղվա զարգացումները, դրանց հնարավոր հետևանքները տարածաշրջանի և մեր երկրի համար և ըստ այդմ մշակել նաև Հանրային հեռուստատեսության անելիքները, ուր հստակ տեղ պիտի գրավեն Հայաստանի և իր ռազմաքաղաքական դաշնակիցների, բարեկամ երկրների հետ հարաբերությունների պարզաբանումն ու պրոպագանդումը:

Ի դեպ, թող տպավորություն չստեղծվի, թե մենք միտումնավոր անտեսում ենք այն դրականը, որը վերջին տարիներս առկա է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատանքում: Մասնավորապես, պիտի նշեմ, որ լինելով ընդդիմադիր Ազգային Միաբանություն կուսակցության ղեկավար, տարիներ շարունակ ընդհանրապես մուտք չունեի Հանրային հեռուստաեթեր, մեր միջոցառումների մասին եթերում, հատկապես Հայլուրում, տեսնում էինք լրատվություն, որը միայն զարմանք ու տարակուսանք էր հարուցում, թե ինչպես կարելի էր աղավաղել ամեն նպատակ ու բովանդակություն: Միակ միջոցը, որով կարողանում էինք մեր մտքերը, տեսակետները հեռուստաեթերում ժողովրդին հասցնել և այն էլ առանց մշուշման ու ռետուշի, դա «Խորհրդարանական ժամն» էր և ԱԺ-ում հնչեցվող հայտարարությունները: Հիմա, 2007 թվականից ի վեր, ակնհայտ են զգալի դրական տեղաշարժերը հատկապես ընդդիմության աշխատանքները լուսաբանելու առումով: Հուսանք, որ նման հանդուրժողությունը կլինի տևական ու մշտական: Եվ` ոչ միայն պաշտոնական եթեր- ընդդիմություն փոխհարաբերություններում: Դա խիստ անհրաժեշտ է հենց իրեն` հանրային հեռուստատեսությանը իր իսկ շահերի տեսակետից: Հասարակությունը նրանից շատ սպասելիքներ ունի, ունի նաև պահանջներ թե՛ բովանդակության և թե՛, ոչ պակաս, ասելիքի մատուցման, մարմնավորման տեսակետից: Թող մեր այս անդրադարձը Հանրային Հեռուստատեսության խորհրդի հաղորդման կապակցությամբ լինի ոչ վերջինը և` օգտակար երկուստեք…

 

P.S. Արդեն իսկ ավանդույթ  է դարձել, երբ ես ելույթ եմ ունենում ԱԺ-ում կամ հոդվածներով հանդես եմ գալիս մամուլում, օտարներից սնվող լրատվամիջոցները ընկնում են ցնցումների մեջ` քաջ գիտակցելով, որ մերկացնում եմ իրենց դավաճանական էությունը: Այդպես եղավ և վերջերս, երբ ես բացահայտեցի փողերի լվացման մեջ մեղադրվող, օտարների ձեռքին ժողգործիք դարձած, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս»  հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Օրակարգ» թերթում տպագրված մի տխմար հոդված:

Այսպես, ,Օրակարգե թերթը, որը գործում է ,Սիվիլիթասիե շրջանակում այս տարվա մարտի 1-ին հոդված է տպագրում այսպիսի վերտառությամբ` «Գեղամյանի Եվրասիական միությունը ՀՀԿ-ն էե, որտեղ, մասնավորապես, գրում է. «Եվրասիական միությունը մեր ապագան է», - սա Արտաշես Գեղամյանի գրքի վերնագիրն է: ...Գրքի վերնագիրն արդեն իսկ կեղծ է` Եվրասիական միություն գոյություն չունի: Եթե անգամ գոյություն ունենար, նրա ամբողջ արդյունավետությունըե հենց այն է, որ ապագա չունի, որովհետև դրա կարևորության մասին խոսել է բռնապետ Վլադիմիր Պուտինը, և դրանում ընդգրկվելու համաձայնություն են տվել առավել բռնապետական բարքերով հայտնի Բելառուսն ու Ղազախստանը» (տես “Իրավունք” թերթի  02.10.2012  “Կրքեր և բարքեր” , REGNUM  02.10.2012  “Арташес  Гегамян: Почему  возник  вселенский  шум  вокруг  фигуры  Вардана  Осканяна ”): Սակայն  դա  չխանգարեց  , որպեսզի  “Մարդիկ”  թերթը  հոկտեմբերի 3-ին իր կայքում տեղադրի  «ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը Պուտինին ,բռնապետե է անվանում, իսկ Թուրքիան և Ադրբեջանը հյուրընկալում են մեր ռազմավարական գործընկերոջը» վերնագրով հոդվածը:  Ընթերցողը  կտարակուսի` ինչու եմ դրան անդրադառնում քսաներկու օր անց`  պարզապես արդեն երկու օր է այդ տխմարությունը կրկին հայտնվել է «Մարդիկ»-ի առաջին էջում:  Մեղադրյալ Օսկանյանի հնարքը հասկանալի է`  նա պարզապես  ուզում է  իր  ցայտուն  ռուսատյացությունը վերագրել ինձ, հետագայում էլ դրա  վրա հղումներ կատարել իրենց շահերը պաշտպանող Ռուսաստանի բարձրադիր ատյաններում ներդրված Արևմուտքի գործակալների միջոցով: Ուզում եմ հիասթափեցնել` իրենց հաշվարկները դատապարտված են ձախողման` սա  փող  լվանալ չի`  Վարդան  Սիվիլիթասիչ:  Իսկ  մեղադրյալ  Օսկանյանին  խորհուրդ  կտամ իր լալոշ շնիկների գյամերը քաշել, հակառակ պարագայում , եթե  ես խոսեմ, հավատացնում եմ` Սիվիլիթասիչ  քիչ չի թվա:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական

պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

(www.amiab.am)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր