ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տարբերակը, Տիրանա, 5 հոկտեմբերի 2012 թվական

ՊԱՅՔԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ. ԽԻՍՏ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԱՃԻ ԽԹԱՆՄԱՆ

05.10.2012, Իրավունք

Քննարկվող հարցը բացառիկ կարևոր նշանակություն ունի ոչ միայն ԵԱՀԿ անդամ պետությունների, այլև համաշխարհային տնտեսության ապագայի համար։ Սա մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր ելույթ ունեցողի առջև։ Չէ՞ որ մեր ընդունած հանձնարարականները հիմնականում կախված կլինեն այն բանից, թե որքանով բանավեճերի արդյունքում ընդունված ամփոփիչ բանաձևը կարտացոլի համաշխարհային տնտեսությունում և գլոբալ ֆինանսական համակարգում տեղի ունեցող գործընթացները։ Եթե քննարկվող հարցին մոտենանք հենց այս չափանիշների հաշվառմամբ, ապա մեր կոնֆերանսի կարգախոսը սկզբից ևեթ սեղմում է մեր բանավեճի շրջանակը։ Տնտեսական և ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարը աճի խթանման դեմ խիստ խնայողության քաղաքականություն իրականացնելուն հանգեցնելը կնշանակի այն գործընթացների  պարզեցում, խեղաթյուրում, որոնք ընթանում են համաշխարհային ֆինանսական և գլոբալ տնտեսությունում վերջին երեք-չորս տասնամյակների ընթացքում։ Համաշխարհային ֆիանսատնտեսական ճգնաժամի պատճառների մասին քիչ հրապարակումներ և վերլուծություններ չեն արվել, մասնավորապես, տնտեսագետներ Նուրիել Ռուբինի (ԱՄՆ), Միխայիլ Խազինի, Սերգեյ Եղիշյանցի, Անդրեյ Կոբյակովի, Սերգեյ Գլազևի, Միխայիլ Դելյագինի (Ռուսաստան), ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի տնտեսագետների կողմից։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառներն առավել լուրջ վերլուծության է ենթարկել համաշխարհային առաջնորդներից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը (այն ժամանակ նա զբաղեցնում էր ՌԴ կառավարության նախագահի պաշտոնը) Դավոսում, համաշխարհային տնտեսական համաժողովի բացման ժամանակ ունեցած իր ելույթում (Շվեյցարիա, 29 հունվարի 2009 թվական)։ Ռուսաստանի նախագահի նշած հիմնական պատճառներն այդպես էլ չվիճարկվեցին ոչ արդիականության տնտեսական մտքի առաջատարների, ոչ էլ «համաշխարհային կառավարչական դասի» (լինեն միջազգային ֆինանսական կազմակերպությունները հանձինս Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, թե ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարները), ոչ էլ գլոբալ անդրազգային կորպորացիաների ղեկավարների կողմից։

 

Վլադիմիր Պուտինը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից է համարել, մասնավորապես, ստեղծված ֆինանսական համակարգի փլուզումը, որը միաժամանակ առաջ է բերել աշխարհի գոյություն ունեցող տնտեսական մոդելը, իսկ հետագայում ինքն է դարձել այդ նույն համակարգի ծայրահեղ սպառվածության զոհը։ Ընդ որում՝ աշխարհի ներկայիս գործող տնտեսական մոդելի փլուզումը կանխորոշված էր, քանի որ տնտեսական այն համակարգը, որի շրջանակներում գործում էր այդ մոդելը, ինքն էր գործում իրական ապրանքային զանգվածով չամրացված ֆոնդային շուկաների թելադրանքի պայմաններում, որոնց հիմքում եղել են զանազան տեսակի դերիվատիվներ և շինծու արժեթղթեր։ Այսինքն՝ ճգնաժամի պատճառներից մեկը կարելի է համարել վիրտուալ ֆինանսական գործարքների երկար շղթայի գոյացմանը նպաստող այնպիսի պայմանների ստեղծումը ֆինանսական ոլորտում, որոնք էլ ծնել են իրենց վիրտուալ ֆինանսական կապիտալով հսկայական վերոնշյալ դերիվատիվները։ Դրան գումարվեց նաև ապրանքներով և ծառայություններով չապահովված նախնական դոլարային զանգվածը։ Այս գործոնների առկայությունն իրենց ամբողջության մեջ դարձել է համաշխարհային ֆինանսական բուրգի փլուզման պատճառը։ Ընդ որում՝ ֆինանսական բուրգի ընդհանուր մեծությունը գնահատվում էր, առնվազն, 10 անգամ ավելի (600 տրլն դոլար), քան համաշխարհային համախառն ներքին արդյունքի մեծությունը (մոտ 60 տրլն դոլար)։

Ճգնաժամի հիմնական պատճառների թվում նշվել են նաև հսկայական այն անհավասարակշռությունները, որոնք կուտակվել են վերջին տարիներին. դրանք անհավասարակշռություններն են ֆինանսական գործառնությունների և ակտիվների հիմնարար արժեքի, վարկային ռեսուրսների աճած պահանջարկի և դրանց ապահովման աղբյուրների միջև։ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահը հնչեցրեց, թերևս, համաշխարհային ճգնաժամի ամենագլխավոր պատճառը, որն առայսօր ոչ ոքի կողմից չի վիճարկվել։ Խոսքը գլոբալ տնտեսական աճի ստեղծված միաբևեռ համակարգի մասին է, «որում մեկ կենտրոնը գրեթե առանց սահմանափակումների և վերահսկողության փող է տպում և սպառում բարիքներ, իսկ մյուսն արտադրում է ոչ թանկ ապրանքներ և խնայում այլ պետությունների թողարկած փողը»։ Որպես ասվածի ապացույց նշենք, որ ԱՄՆ ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ մոտ 20%-ը, բայց ԱՄՆ-ը սպառում է աշխարհում ապրանքների և ծառայությունների ամենամյա արտադրության 40%-ը։ Ուրեմն, սպառման այդ ավելցուկի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ Իրականում վճարում է այդ ինչ-որ մեկը՝ ողջ մնացյալ աշխարհը, որն ԱՄՆ-ին տալիս է իր ապրանքներն ու ծառայությունները ապրանքներով ու ծառայություններով չապահովված դոլարների փոխարեն։ Դա, իր հերթին, հանգեցնում է հօգուտ ԱՄՆ-ի համաշխարհային ՀՆԱ-ի մասշտաբային վերաբաշխման։

Համաշխարհային նման ֆինանսական համակարգի գործառնության պայմաններում անգամ բարվոք Եվրոպան է մի կողմ մնացել առանցքային գլոբալ տնտեսական և ֆինանսական որոշումների ընդունումից։

Ընդհանրացնելով համաշխարհային ճգնաժամի գլխավոր պատճառների մասին առաջատար փորձագետների և վերլուծաբանների բազմաթիվ վերլուծությունները՝ կարելի է առանձնացնել հետևյալը.

Առաջին. գլոբալ մոնոպոլիաների վրա հիմնված առկա տնտեսական համակարգի սպառվածությունը, մոնոպոլիաներ, որոնք, շահույթի հետևից ընկած, գլոբալ տնտեսությունը հանգեցրին վերարտադրության ճգնաժամի, ինչը, համաշխարհային տնտեսության՝ Ն.Կոնդրատևի ցիկլի նվազող փուլ մտնելուն զուգընթաց, էլ ավելի խորացրեց համաշխարհային ճգնաժամը։

Երկրորդ. համաշխարհային արժութային-ֆինանսական համակարգի սպառվածությունը՝ ընդունված Քինգսթոնում (Յամայկա), ԱՄՀ նիստում, 1976թ. հունվարի 8-ի Յամայկայի համաձայնագրով (ոսկու ստանդարտի և ոսկով կշռվածության, այսինքն՝ արժույթի և ոսկու կապվածության վերացումը; կենտրոնական բանկերին թույլատրվեց ոսկին շուկայական գներով գնել և վաճառել սովորական ապրանքի նման, սահմանել «արժույթների լողացող փոխարժեքներ»)։ Դա իր հետևից բերեց ֆինանսական ոլորտի չվերահսկվող աճ, որը հանգեցրեց ֆինանսական և տնտեսական ոլորտների խզման, ֆինանսական արտադրանքի (ֆյուչերսների, օպցիոնների, դերիվատիվների, վարկային դեֆոլտային սվոփների) վերարտադրության, ինչն էլ  ֆինանսական ոլորտը վերահսկելու անհնարինության հետևանքն էր։

Երրորդ. համաշխարհային ճգնաժամի առաջին և երկրորդ պատճառների փոխկապվածությունն ու փոխպայմանավորվածությունը ամենայն ակնհայտությամբ ցույց տվեցին, որ գլոբալիզացիայի պայմաններում ԱՄՆ-ը, լինելով համաշխարհային արժույթի՝ դոլարի գլխավոր թողարկողը, ի վիճակի չէ համարժեքորեն արձագանքել նոր գլոբալ մարտահրավերներին, որոնց դիմակայելու միակ միջոց ԱՄՆ ֆինանսական իշխանությունները, Դաշնային պահուստային համակարգը դիտարկում են դոլարի թողարկումը, ինչը վերջնարդյունքում անխուսափելիորեն հանգեցնում է պարտքերի վերարտադրության։ Ասվածի վառ հաստատումն է ԱՄՆ ֆինանսական իշխանությունների վերջերս կայացրած որոշումը։ Այսպես,  ս.թ. սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց ԱՄՆ տնտեսության վերականգնման տեմպերի ավելացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման պլանների մասին։ Քաղաքական գործիչները հայտարարեցին քանակական մեղմման (QE, Quantitative easing) այսպես կոչված երրորդ փուլի սկզբի մասին, որը ենթադրում է 40 մլրդ դոլարի հիփոթեկային արժեթղթերի ամենամսյա գնում։ Այս ծրագրի ավարտի ժամկետը մնում է անորոշ, քնաի որ ԴՊՀ-ն իր քաղաքականությունը վերանայելու է՝ կախված տնտեսության առաջիկա ամիսների վիճակից։ ԴՊՀ-ն արդեն սկսել է գնումը և, ինչպես սպասվում է, մինչև տարեվերջ կավելացնի գնվող արժեթղթերի գումարը մինչև 23 մլրդ դոլարով։ Մի խոսքով՝ աշխարհի առաջատար ֆինանսատնտեսական տերությունը ճգնաժամից ելքը տեսնում է այն նույն ֆինանսական գործիքների օգտագործման մեջ, որոնք ընկած էին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գլխավոր պատճառների հիմքում։ Սակայն արդեն ակնհայտ է, որ հիփոթեկային արժեթղթերի գնման համար հատկացվող փողերը չեն բավականացնում անգամ փոքրացող միագումար պահանջարկի փոխհատուցման համար, որը, վերլուծաբանների գնահատականներով, ԱՄՆ-ում տարեկան կտրվածքով կկազմի 500 մլրդ դոլարից ոչ պակաս։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ վերջին երեք տարում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն ավելացել է մոտ 1 տրլն դոլարով, որը հիմնականում ծախսվել է սոցիալական վճարների վրա՝ նպատակ ունենալով գոնե ինչ-որ կերպ աջակցել փոքրացող սպառողական պահանջարկը։ Այսինքն՝ մենք վկան ենք դառնում այն բանի, որ ընդհանուր սպառողական պահանջարկի պահպանման համար գործի է դրվում տպագրական հաստոցը, և թողարկվող փողերը՝ դոլարները, փաստորեն, օդից են վերցվում։ Իսկ թե ինչի է դա հանգեցնում՝ մենք արդեն տեսել ենք (ընդհանուր տնտեսական իրավիճակի վատթարացում, պարարտ հողի ստեղծում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի համար)։

Ընդհանրացնելով ասվածը՝ կարելի է պնդել, որ եթե մեր այսօրվա քննարկումն անցնի նստաշրջանի կարգախոսի շրջանակներում, այն է՝ «Պայքար տնտեսական և ֆինանսական ճգնաժամի դեմ. խիստ խնայողության քաղաքականություն ընդդեմ աճի խթանման», ապա մենք դրանով իսկ մեզ դուրս կդնենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի գլխավոր պատճառների վերլուծությունից։ Արդյունքում՝ մենք չենք կարողանա ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի կանխմանն ուղղված համատեղ, համակարգված միջոցների ընդունման հիմնավորված հանձնարարականներ տալ։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր